Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ամերիկյան կոմիկսներում հայտնվում են մահմեդական գերհերոսներ

11.12.2013


Ամերիկյան «Marvel Comics» հրատարակչությունը ներկայացրել է իր կոմիկսների նոր հերոսուհուն: Հղում անելով բրիտանական «The Independent» թերթին՝ «runyweb.com»-ը հաղորդում է, որ նոր Միսիս Մարվել է դարձել պակիստանցի մահմեդական 16-ամյա աղջիկը:

Քամալա Խան անունով կերպարը կհայտնվի «Marvel» սերիայի կոմիկսներում 2014թ.-ի փետրվարից: Նրա գերմարդկային ունակությունների թվում կլինեն ուրիշ մարդկանց արտաքին տեսք ստանալը և, անհրաժեշտության դեպքում, սեփական վերջույթները երկարեցնելը:

Կոմիկսի հեղինակների մտահղացմամբ, Խանը պետք է ապրի Նյու-Ջերսիում, պակիստանցի էմիգրանտների ընտանիքում: Սովորական պարմանուհուն բնորոշ խնդիրներից բացի նա ստիպված կլինի պայքարել իր օժտվածությունների հետևանքով առաջացող շեղումների և հարազատների պահպանողական հայացքների դեմ, որոնք հակամետ են հայրենի երկիրը մոռանալու և սովորական ամերիկուհի դառնալու նրա ձգտումներին:

Կոմիկսում առանձին ուշադրություն կդարձվի հերոսուհու կրոնական հայացքներին: Չնայած, որ այս կերպարն ստեղծողները մահմեդականներ են, բայց և այնպես ճիշտ են համարում ցույց տալ Խանի ներքին պայքարը կրոնից բխող սահմանափակումների դեմ:

Խանը Միսիս Մարվելի դերում կփոխարինի ամերիկուհի Քերոլ Դենվերսին, ով այլևս կոմիկսներում հանդես չի գա: Ըստ սյուժեի պակիստանցի աղջիկը Դենվերսի մեծ երկրպագուներից է և իր կեղծանունը ընտրել է ի պատիվ նրա: Կոմիկսի հեղինակները կպարզաբանեն, որ Դենվերսը հանդիսանում է ամերիկյան ոգու մարմնացումը՝ ըստ Խանի պատկերացումների:

Թերթը նշում է, որ Խանին միանգամից առանձին կոմիկսով ներկայացնելը ցույց է տալիս այդպիսի հերոսի նկատմամբ պահանջարկ լինելու վերաբերյալ հեղինակների վստահությունը: Սովորաբար «Marvel»-ը սկզբում նոր կերպարներին իր կոմիկսներում ասպարեզ է բերում երկրորդական դերակատարումներով, սակայն հետագայում դրանց նկատմամբ ցուցաբերվող հետաքրքրության աստիճանին համապատասխան այդ հերոսները կամ դուրս են բերվում, կամ էլ դառնում են առանձին սերիայի հերոսներ:

2012թ.-ին արդեն մահմեդական մի հերոսուհի հայտնվել է «Marvel»-ի մրցակից «DC Comics»-ի մոտ: Նրանց «Կանաչ լուսարձակ» կոչվող կոմիկսների սերիայում հայտնվել է Սայմոն Բազ անունով մի կերպար: Նա արաբական ծագումով ամերիկացի է, ում սխալմամբ կասկածում են ահաբեկություն նախապատրաստելու մեջ:
    Դիտվել է 739 անգամ