Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Անիմաստ, որքան անցյալ դարերում կառուցված բոլոր հաղթական կամարները

08.15.2018

Փարիզի ժամանակակից արվեստի «Fondation Cartier» կենտրոնում բացվել է ճապոնացի երիտասարդ արվեստագետ Ձյունյա Իսիգամիի «Ճարտարապետության ազատագրումը» ցուցահանդեսը: Ցուցադրանքը ներկայացնում է, թե ինչպես է բնությունը փոխում ճարտարապետությունը և հակառակը՝ ճարտարապետությունը փոխում բնությունը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «kommersant.ru»-ին:

Ձյունյա Իսիգամին Վենետիկի 2010թ.-ին կայացած ճարտարապեական միջազգային բիենալեի «Ոսկե առյուծ» մրցանակի դափնեկիր է: Այն ժամանակ նա 36 տարեկան էր: Սակայն հիմա էլ, երբ արդեն լրացել է 44-ամյակը, նա ճարտարապետության ոլորտում համարվում է երիտասարդ:

Նրա ստեղծագործություններ թեև աչքի են ընկնում մեծ ծավալներով և ամբիցիոզ են, սակայն նաև աննկատ են և կարծես տարալուծվում են բնության մեջ՝ դառնալով դրա զարդն ու շրջապատի շարունակությունը: Իսիգաման չի մտնում վիճաբանության մեջ իրեն շրջապատող միջավայրի հետ: Նա այն ավելի է ընդգծում, հիանում է նրանով:

Օրինակ, երբ նրան խնդրել են պատրաստել տաղավար հոլանդական մի կալվածք-թանգարանի մուտքի համար, նա այնտեղ տեղավորել է թափանցիկ տաղավար-ճեմուղիներ հենց այն հատվածներում, որտեղ, առանց այդ էլ արդեն կային ճեմուղիներ:

Պարզապես նա իր թափանցիկ տաղավար-ճեմուղիներից մի քանիսը տեղավորել էր հողի մակերևույթից մի փոքր ավելի բարձր մակարդակում, մյուսներն էլ , ընդհակառակը՝ ավելի խորը՝ հասցնելով մարդու աչքերի բարձրության, որպեսզի ակամա տեսնեին և հիանային հավասար հնձած սիզամարգերի գեղեցկությունը:

Կամ, նրան Կոպենհագենում պատվիրեցին թանգարանի շենք: Նա նախագծեց House of Peace -ը (Խաղաղության տուն). Սպիտակ ճկուն ծածկ անմիջապես ջրի վրա, ինչպես սառցե լաբիրինթոս այսբերգի մեջ, կամ ինչպես ծովի վրա իջած ամպ:

Չինական Շանդունում նա մշակութային կենտրոնը ձգեց երկու ջրամբարների միջև՝ ավազե արհեստական բեկվածքի վրայով: Այս լուծումն էլ ջուրը հասցնում էր հետիոտնին ընդառաջ...

Ճիշտ այդպես էլ նա մոտենում է քաղաքային միջավայրի բնությանը:

Դրա լավագույն օրինակը Cloud Arch (Ամպե կամար) Սիդնեյի խաչմերուկներից մեկը զարդարող մետաղե փայլեցրած 60 մետրանոց կամարն է, որը նույնքան անիմաստ է, որքան անցյալ դարերում կառուցված բոլոր հաղթական կամարները:
    Դիտվել է 232 անգամ