Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Գ. Զասլավսկի. «Գուցե երբևէ մենք կվարվենք այնպես, ինչպես արել է Լև Դոդինը»

Մոսկվայի «Ժամանակակից պիեսի թատրոնը» և Թատերական արվեստի ինստիտուտը (ГИТИС) համատեղ սկսել են «Կաֆեդրա» («Ամբիոն») նախագիծը, որի համաձայն թատրոնը իր խաղացանկում կընդգրկի բեմադրություններ, որոնք իրականացվել են գործընկեր ուսումնական հաստատության ռեժիսուրայի ամբիոնի ուսանողները: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «/iz.ru»-ին:

Նման «փորձադաշտ» ստեղծելու գաղափարը առաջացել է վերջերս, երբ ռեժիսոր Ալեքսանդր Գալիբինի արվեստանոցի երկրորդ կուրսի ուսանողները պատրաստեցին ներկայացում՝ ըստ Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» վեպի, որը անմիջապես մեծ համբավ ստացավ:

Չնայած «Ժամանակակից պիեսի թատրոն» անվանմանը, ուսքանողները այս նոր ստեղծված հարթակում կներկայացնեն միայն համաշխարհային դասական դրամատուրգիայի և գրականության ստեղծագործություններ:

«Ժամանակակից պիեսի թատրոնի» գեղարվեստական ղեկավար Իոսիֆ Ռայխելգաուզի կարծիքով սա տրամաբանական լուծում է, քանի որ «բարդ տեքստերի վրա ապագա դերասանները կթափանցեն մասնագիտության գաղտնիքների մեջ»: Նա հետաքրքիր պատկեր է տեսնում թատրոն-կրթօջախ համագործակցության այս ձևաչափում: «Թատրոնում ժամանակակից դրամատուրգիա կխաղան փորձված դերասանները՝ այն դարձնելով առավել խորը և իմաստավորված, իսկ բոլորին հայտնի դասական ստեղծագործությունները ձեռք կբերեն նոր հնչողություն՝ նոր սերնդի շուրթերին»,- նշել է Ռայխելգաուզը:

«Ժամանակակից պիեսի թատրոնում» նախատեսվում է «Կաֆեդրա» նախագծին տրամադրել 100 տեղանոց դահլիճ:

Իսկ Թատերական արվեստի ինստիտուտի ռեկտոր Գրիգորի Զասլավսկին այն կարծիքին է, որ, ընդհանրապես, «թատրոնն այսօր ապրում է նոր պայմաններում և կրթության գործընթացին մոտեցումը փոխվում է»:

Նա նշել է, որ եթե նախկինում ուսանողներին աշխատելու և մինչև ուսումնառության ավարտը նկարահանվելու հնարավորություն չէին տալիս, ապա հիմա այդպիսի արգելքներ նրանց առջև առաջ չեն բարձրացնում, որովհետև ոլորտում աշխատելը նույնպես կրթական հիանալի գործընթաց կարող է համարվել: Ըստ նրա գլխավորն այն է, որ ուսանողները շարունակեն հաճախել տեսական պարապմունքներին, ծանոթանան թատրոնի և համաշխարհային գրականության պատմությանը: «Գուցե երբևէ մենք կվարվենք այնպես, ինչպես արել է Լև Դոդինը: Նա իր կուրսի հետ համաշխարհային թատերական շրջագայության էր հրավիրել նաև բոլոր մանկավարժներին»,- ասել է Զասլավսկին:

Պրոֆեսիոնալ բեմում իրենց աշխատանքի համար ուսանողները պետք է աշխատավարձ ստանան: Այս փորձը, ավելի վաղ, արդեն կիրառվում է Մոսկվայի «Պրակտիկա» թատրոնում:

Ավելացնենք, որ «Ժամանակակից պիեսի թատրոնի» խաղացանկում արդեն ի հայտ են եկել ուսանողական առաջին 4 բեմադրությունները՝ «Դոն Ժուան», «Ֆրեյդ», «Ամրոց» և «Դժվար երեխաներ»:
    Դիտվել է 703 անգամ
    123456789