Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հակոբ Ղազանչյան. «Պետությունը պետք է տեր կանգնի թատրոններին»

2013թ.-ի նոյեմբերի 18-ին կայացավ Հայաստանի թատերական գործիչների միության (ՀԹԳՄ)-ի համագումարը: Այն կազմակերպության նախագահ վերընտրեց 2007թ.-ից ՀԹԳՄ-ն ղեկավարող Հակոբ Ղազանչյանին:
«taglur.am» կայքը շնորհավորելով նորընտիր նախագահին ՝ խնդրեց պատասխանել մի քանի հարցերի:


- Արդեն 4-րդ անգամ ընտրվում եք ՀԹԳՄ-ի նախագահ: Մրցակիցներ չունե՞ք, թե՞ միությունում կազմակերպության հոգսերի տակ մտնել ցանկացողներ չկան:
- Ոչ մեկը, ոչ էլ մյուսը: Երկրի թատերական համայնքը գտավ, որ նախորդ ժամանակաշրջանում իմ կողմից կատարված աշխատանքը բավարար է և որոշեց , որ այս փուլում ճիշտ կլինի, եթե ես շարունակեմ ՀԹԳՄ-ի նախագահի իմ գործունեությունը: Ինչ վերաբերում է արժանի այլ թեկնածուներին, ապա պետք է ասեմ, որ, իհարկե, թաթերական գործիչների մեջ արժանի այլ մարդիկ էլ կան:

- Պետական թատրոն և ոչ պետական թատրոն: Արդյոք սա միայն կարգավիճակի տարբերություն է, թե՞ դա ենթադրում է նաև գործունեության ազատությունների ու քաղաքականության տարբերություն: Ի՞նչը կամ ո՞վ է հայկական թատերական կյանքի քաղաքականությունը և ծրագրերը որոշողը:
- Պետական և ոչ պետական թատրոնները նախ և առաջ միմյանցից տարբերվում են կառավարման եղանակով: Պետական թատրոնները կառավարում են պետական կառույցները և համայնքները, իսկ ոչ պետականներն իրենց շուրջ համախոհների խումբ ձևավորած բեմադրիչի ստեղծած թատրոններ են: Կան նաև այլ տիպի թատրոններ: Օրինակ, նախկին ժողթատրոնների շարունակությունը հանդիսացող ինքնագործ կոլեկտիվները, որոնք այսօր էլ գործում են մարզերում և նույնպես ունեն ոչ պետական թատրոնի կարգավիճակ: Ինչ վերաբերում է գործունեության ազատությանը, ապա դա անհատական հատկանիշ է: Եթե մարդը, առավել ևս արվեստագետը ազատ է, ուրեմն՝ ազատ է ամեն տեղ և հակառակը՝ եթե անազատ է, ուրեմն՝ անազատ է ամեն տեղ: Եվ նշանակություն չունի, թե որտեղ է նա աշխատում, պետական, թե ոչ պետական թատրոնում: Եթե նա ցանկանում է ինչ-որ հարց բարձրացնել մի դեպքում նա այդ անում է ազատ, մյուս դեպքում՝ հնարավոր է, որ կա իր մեջ վախի զգացում: Ընդհանրապես, վախեցած կամ վախկոտ մարդը մշակույթի բնագավառում չպետք է աշխատի, նա այնտեղ անելիք չունի: Իսկ թատրոնում, այսօր և միշտ քաղաքականություն որոշողը, կարծում եմ, որ բեմադրիչն է: Քաղաքականություն ասելով ես նկատի ունեմ թատրոնի տեսակը, խաղացանկը, գաղափարախոսությունը, նպատակը, ամեն ներկայացման ընթացքում հանդիսասրահ ուղարկվող հաղորդագրությունը: Ես կարծում եմ, որ դա բեմադրիչի խնդիրն է և, արդեն, մի քանի տասնյակ տարի է, ինչ մշակույթի այս տեսակը կոչվում է ռեժիսորական թատրոն՝ անշուշտ տաղանդավոր դերասանների առկայության դեպքում:

- Խնդրում եմ նշեք ՀԳԹՄ-ի անդամների թիվը: Գործող թատերախմբերը և թատրոնները նույնակա՞ն են, թե ՞ կան թատրոններ, որոնցում մի քանի թատերախմբեր են գործում: Հայաստանում կա ՞ն առանց «սեփական տանիքի» թատրոններ և ինչպե՞ս են կարգավորվում նրանց շենքային խնդիրները:
- ՀԹԳՄ-ն ունի 660 անդամ: Ցավոք ոչ բոլոր թատերական կոլեկտիվներն են, որ ունեն սեփական շենք և գործում են «սեփական տանիքի» տակ: Օրինակ, Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի շենքում գործում է նաև «Գոյ» թատրոն լաբորատորիան: Կամ Պատանի հանդիսատեսի թատրոնում այսօր ժամանակավոր ապաստան է ստացել Մնջախաղի պետական թատրոնը, Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտն իր ուսումնական թատրոնի բեմը «կիսում» է «Համազգային» թատրոնի հետ: Բայց սա ժամանակավոր երևույթ է: Նշեմ, որ բացի «Գոյ» թատրոն լաբորատորիայից, մնացածը, շատ խորհրդանշական գումարներ վճարելու պայմանով, վարձակալի կարգավիճակով են գործում իրենց տարածք տրամադրած մշակույթի օջախներում: Սակայն, թե «Համազգային»-ը և թե Մնջախաղի պետական թատրոնը իրենց շենքային խնդիրները պետք է լուծեն, պետք է պետությունը տեր կանգնի, որպեսզի այդ թատրոններն, ի վերջո, ունենան իրենց «տանիքը»:

- Հայաստանը ժողովրդագրական լուրջ հիմնախնդիրներ ունի կապված երկրից հեռացող մարդկանց մեծաքանակության հետ: Ինչպիսի՞ն է այդ ենթատեքստում վիճակը հայաստանյան թատերական միջավայրում:
- Այդ երևույթները միմյանց հետ կապ չունեն, որովհետև վերջին շրջանում շատ քիչ դեպքեր ես գիտեմ, որ թատրոնի մարդիկ՝ դերասանը կամ բեմադրիչը, Հայաստանից հեռանան: Իսկ վերջին 5 տարում ընդհանրապես այդպիսի տեղեկատվություն չի եղել: Ես նկատի ունեմ թատերական աշխարհի այն ներկայացուցիչներին, ովքեր արդեն ոլորտում ունեն իրենց կայուն տեղերը: Իսկ ընդհանուր առմամբ, այդ երևույթը մտահոգիչ է: Բայց պետք է ասեմ, որ վերջին շրջանում նկատվում է նաև հեռացածների կողմից հայրենիք վերադառնալու որոշակի միտում: Ես հույս ունեմ, որ վերադարձի այդ նշանները ավելի կուժեղանան և մերոնք կրկին կվերադառնան հայրենիք:

- Պետությունը ինչպիսի՞ դերակատարություն պիտի ունենա թատրոնի և թատրոնի մշակների գործունեությունը բնականոն և արդյունավետ դարձնելու հարցում:
- Պետությունը պետք է տեր կանգնի թատրոններին և պարբերաբար ֆինանսավորի նրանց, այնտեղ աշխատող մարդուն ապահովի պատշաճ աշխատավարձով: Նույնիսկ ամենալավ թատրոնները, որտեղ տոմսերը բավականին թանկ են, միևնույնն է, դարձյալ ստանում են պետության աջակցությունը: Թատրոնն առանց պետության սուբսիդավորման չի կարող աշխատել և գոյատևել: Դա ցույց է տալիս արտասահմանյան երկրների օրինակը: Մեզ ծանոթ պետություններից մեկի՝ Ռուսաստանի համաշխարհային հռչակ վայելող «Մեծ» և «Փոքր» թատրոնները կամ «МХАТ»-ը, որոնց տոմսի արժեքը շատ բարձր է, իրենց ֆինանսական խնդիրների հարցերում նույնպես ունեն պետության կայուն և ծրագրված աջակցության կարիքը: Եվ այդպիսի աջակցություն այդ մշակութային օջախները միշտ և պարբերաբար ստանում են: Այնպես որ, մեզանում մերթընդմերթ հնչեցվող խոսակցություններն ինքնաֆինանսավորման մասին, ես լուրջ չեմ համարում:
    Դիտվել է 302 անգամ
    1