Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Խորհրդային զինվորի պարգևը ամրացվել է Լյուդովիկոս 14-րդի բաճկոնին

05.08.2019

Հիտլերյան ֆաշիզմի դեմ խորհրդային ժողովուրդների և նրանց դաշնակից այլ երկրների համատեղ հաղթանակը կերտվել է այն զինվորների ջանքերով, որոնք հետագայում պետք է դառնային նաև նշանավոր դերասաններ... Մայիսյան հաղթանակների նախօրեին այդպիսի մտավարական մարդկանցից մեկի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ինոկենտի Սմոկտունովսկու մասին իր ընթերցողներին հիշեցնում է «Թագլուրը»՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Օրերս արտիստի դուստրը՝ Մարիան պատմել է, որ հայրը բանակ է զորակոչվել 1943թ.-ին՝ 18 տարին լրանալուն պես: Նա մասնակցել է Կուրսկի հայտնի աղեղի կռիվներին, Դնեպրի նշանավոր գետանցմանը և Ուկրաինայի մայրաքաղաքի ազատագրման մարտերին:

Կռիվներից մեկի ժամանակ ապագա արտիստը գերի է ընկնում և անազատության մեջ անցկացնում մեկ ամիս և 4 օր: Նրան հաջողվում է փախչել ճամբարից: Նրան թաքցնում են տեղացի բնակիչները: Երբ կազդուրվում է գերության վերքերից, անդամակցում է պարտիզանական մի ջոկատի, որն ավելի ուշ միանում է կանոնավոր բանակին:

Դերասանը երկու մարտական մեդալի ասպետ էր: Ընդ որում երկրորդը նրան է հանձնվել շատ տարիներ անց: Այդ մասին նրա դուստրը հիշում է հետևյալը. «... 49 տարի անց հայրիկիս զինակից ընկերները հավաքեցին բոլոր փաստաթղթերը այդ պարգևի վերաբերյալ, և «Մոլիեր» ներկայացումից հետո, որտեղ հայրս խաղում էր Արև-թագավոր Լյուդովիկոսին, արիության համար մեդալը ամրացվեց Լյուդովիկոս 14-րդի բաճկոնին: Դա զարմանալի էր: Ես էլ էի ներկա այդ ներկայացմանը»:

Վերջում Մարիա Սմոկտունովսկայան նշել է, որ, ինչպես պատերազմի վետերաններից շատերը, իր հայրը նույնպես պատերազմի մասին հիշել չէր սիրում: Նա հավատում էր, որ պատերազմը կարողացել է վերապրել միայն հանուն ապագա դերերի...


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 625 անգամ