Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հին տունը


Լևոն Մութաֆյան

Հին տունը

Դրամա երկու մասից


ԳՈՐԾՈՂ ԱՆՁԵՐ

ԱՐՏԱԿ ՍԻՄՈՆՅԱՆ – թոշակառու մանկավարժ

ՍԻՐՎԱՐԴ ԱՄԻՐՅԱՆ – նրա կինը, նախկին պարուհի, այժմ թոշակառու

ՎԱՀԻԿ – հարևանի տղան, մոտ 20 տարեկան

ԱՎԵՏ – Արտակի և Սիրվարդի ավագ որդին, մոտ հիսուն տարեկան

ԳՈՒՐԳԵՆ – Արտակի և Սիրվարդի երկրորդ որդին, մոտ քառասունհինգ տարեկան

ՆՈՒՆԵ – Արտակի և Սիրվարդի դուստրը, քառասունին մոտ

ԼՈՒՍԻՆԵ – Արտակի դուստրը, մոտ 20 տարեկան

ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ

ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ ՏՂԱՄԱՐԴ

ՃԱՂԱՏ ՄԱՐԴ

ՀԱՅՐԻԿ – մոտ քսանհինգ տարեկան





ԱՌԱՋԻՆ ՄԱՍ

Հին և իրացման ենթակա երևանյան տուն: Հյուրասենյակն ու խոհանոցը խառնված են իրար: Հյուրասենյակից մի դուռ տանում է դեպի ննջարան, որի վրա սպիտակ վարագույր է կախված՝ գեղեցիկ նախշերով: Սենյակի կենտրոնում հին ու մեծ սեղան է դրված: Շուրջը շարված են վիեննական աթոռներ: Պատերի տակ՝ կապոտած գրքեր, ծածկոցների մեջ առնված անկողիններ: Այն տպավորությունն է, որ տանտերերը պատրաստվում են հեռանալ այստեղից:

Կեսօր է: Սենյակը լուսավորված է դրսից ներս թափանցող արևի լույսով: Ոչ ոք չկա: Լսվում է ջութակի միալար ձայնը՝ ինչ-որ մեկը նվագել է սովորում: Լսվում է փողոցով անցնող բեռնատար մեքենայի դղրդյունը: Մտնում է Արտակը՝ յոթանասունն անց մի մարդ, շատ կիրթ շարժմունքով, ակնոցներով, հագնված մաքուր, բայց ոչ շքեղ:

ԱՐՏԱԿ - (ձայնի մեջ զայրույթ կա): Հանգստություն ու խաղաղություն չկա: Քանդում են, սարքում են… Ավերում են… Չես կարողանում մի քիչ պառկել, հանգստանալ: Անորոշությունն էլ մի կողմից է հոգեհան անում… Չգիտենք, թե հերթը երբ է մեզ հասնելու, երբ ենք հեռանալու այստեղից… Գոնե Սիրվարդը տանը լիներ, մի սուրճ պատրաստեր… Գլուխս ցավում է… Վահիկի ջութակն էլ է սկսել ազդել վրաս: Խեղճ տղան գիշեր-ցերեկ պարապում է, որպեսզի մրցույթի մասնակցի, բայց դեռ ոչինչ չի ստացվում: (Նորից անցնող մեքենայի ձայն:) Այսօր կարծես որոշել են ինձ հավասարակշռությունից հանել… (Վերցնում է մի աթոռ, գնում դեպի ննջարանի դուռը, աթոռը դնում այստեղ ու նստում:) Բազմոցն էլ վաճառեցինք, գոնե լիներ, մի քիչ կպառկեի, վերմակը գլխիս կքաշեի ու չէի լսի այս ձայները: (Հարմարավետ չէ նստած դիրքը, տեղում անհանգիստ շարժումներ է անում, ապա աթոռը վերցնում և գալիս սենյակի կենտրոն, գրեթե սեղանի մոտ, նստում է:) Երևի կա մի տարիք, երբ ամեն ինչ անհարմար է, ամեն ինչ խանգարում է, ամեն ինչ դժգոհություն է ծնում.. Սիրվարդն ուշանում է… Մոտակայքում խանութ կար, դա էլ քանդեցին, հիմա ստիպված է Սիրվարդը գնալ մինչև կենտրոնական պողոտա, այնտեղ գնումներ անել… Հոգնում է, դժվարությամբ է քայլում: Ինչքան ասի, որ թողնի ես գնամ խանութ… Էհ, խղճում է ինձ, խնայում… Գոնե շուտ գար… (Լսվում են պատին տեղացող հարվածներ: Արտակը եռանդով ոտքի է կանգնում:) Ջուրը միացրեցին: Առավոտվանից անջատել էին շինարարական աշխատանքների պատճառով: Գնամ մի քիչ ջուր հավաքեմ, Սիրվարդն ուզում էր լվացք անել… (Ուղղում է աթոռը, քայլերին եռանդ հաղորդելով, դուրս է գալիս սենյակից:)

Ներս է մտնում Սիրվարդը՝ մոտ յոթանասուն տարեկան, բարակիրան, գեղեցիկ ու ճաշակով հագնված: Նա պայքարում է ծերության դեմ, ուստի քայլում է ձգված, թաքցնելով տարիքը: Սիրվարդը վայր է դնում ձեռքի պայուսակները:

ՍԻՐՎԱՐԴ – Սարսափելի շոգ է, դժվար է քայլելը: (Գալիս է դեպի սեղանը, նստում աթոռին:) Արտա՜կ… Արտա՜կ… Երևի դուրս է եկել տանից, գնացել Միհրանի մոտ…

ԱՐՏԱԿ - (մտնում է սենյակ): Արդեն եկա՞ր:

ՍԻՐՎԱՐԴ – Ինչպես տեսնում ես…

ԱՐՏԱԿ – Շատ ուշացար, սկսեցի անհանգստանալ:

ՍԻՐՎԱՐԴ – Անտանելի շոգ էր, խանութում էլ, ինչպես միշտ, եռուզեռ էր:

ԱՐՏԱԿ – Տաքսիով կգայիր:

ՍԻՐՎԱՐԴ – Ուզում էի քայլել… Ամբողջ օրը տանն եմ, այս պատերի մեջ… Քայլելը լավ է:

ԱՐՏԱԿ – Բայց ոչ պայուսակներով: Կզանգեիր, ընդառաջ կգայի քեզ:

ՍԻՐՎԱՐԴ – Մի ուրիշ անգամ՝ անպայման: Ջուր հավաքե՞լ ես:

ԱՐՏԱԿ – Քիչ առաջ: Նոր միացրեցին ջուրը:

ՍԻՐՎԱՐԴ – Դե լավ է: Մի քիչ հանգստանամ, քեզ համար թեյ պատրաստեմ: Թխվածք եմ գնել, քո սիրած գաթան:

ԱՐՏԱԿ – Շատ ուշադիր ես, երբեք չես մոռանում:

ՍԻՐՎԱՐԴ – Վահիկի համար էլ խնձոր եմ գնել: Խեղճ տղան առավոտից երեկո պարապում է, լրիվ հյուծվել է: Նրան միրգ է պետք:

ԱՐՏԱԿ – Ճիշտ ես վարվել: Վահիկը մրգերի կարիք ունի: Ես հիմա թեյնիկը կմիացնեմ:

ՍԻՐՎԱՐԴ – Դու նստիր, հանգստացիր, ես կանեմ:

ԱՐՏԱԿ – Գոնե պայուսակները տանեմ:

ՍԻՐՎԱՐԴ – Լավ, ես հիմա ոտքի կկանգնեմ:

Արտակը վերցնում է Սիրվարդի պայուսակներն ու դուրս տանում: Սիրվարդը կանգնում է, ուղղում զգեստը, մոտենում գրքերի կապուկին:

ՍԻՐՎԱՐԴ – Ե՞րբ է այս ամենը վերջանալու... Ե՞րբ ենք վերջապես տեղափոխվելու... Կարծես փողոցում ապրելիս լինենք... (Մոտենում է պահարանին, բացում դուռը, այնտեղից հանում ափսեներ, բաժակներ, դասավորում սեղանին:) Երեկոյան չմոռանանք երեխաներին զանգել: Արդեն մի քանի օր է, չենք զանգել, չենք հետաքրքրվել:

Մտնում է Արտակը՝ իր հետ բերելով թեյնիկը:

ԱՐՏԱԿ – Թեյը պատրաստ է: Վահիկին էլ կանչեմ:

ՍԻՐՎԱՐԴ – Սպասիր, ես դեռ սեղանին ոչինչ չեմ դրել: (Դուրս է գնում:)

Արտակը մոտենում է պատին ու բախում: Հակառակ կողմից պատասխան բախոցներ են լսվում: Գալիս է Սիրվարդը՝ սկուտեղով, որի վրա թխվածքով և մրգով սկահակներ կան: Արտակն ընդառաջ է գնում:

ԱՐՏԱԿ – Սրանք ծանր են, դու ինչպե՞ս ես բերում:

ՍԻՐՎԱՐԴ – Չէ, ծանր չեն, Վահիկին կանչեցի՞ր արդեն:

ԱՐՏԱԿ - (մեղավոր): Չսպասեցի:

ՍԻՐՎԱՐԴ – Լավ ես արել: Օգնիր սրանք տեղավորենք սեղանին:

Երկուսով միրգն ու թխվածքը դնում են սեղանին:

ՍԻՐՎԱՐԴ – Դե նստիր, հիմա Վահիկը կգա:

ԱՐՏԱԿ – Դու էլ նստիր: (Արտակը նստում է:)

Մտնում է Վահիկը, մոտ քսան տարեկան երիտասարդ է, շատ գեղեցիկ, երկար մազերով, հագած է ջինսե տաբատ, գունավոր վերնաշապիկ:

ՎԱՀԻԿ – Ես եկա:

ՍԻՐՎԱՐԴ – Կեցցես, դե նստիր: (Վահիկը նստում է;) Վահիկ, սկզբում թխվածք կուտես, իսկ հետո այս խնձորը: Սա շատ օգտակար է:

ՎԱՀԻԿ – Դուք իմ նկատմամբ շատ ուշադիր եք, տիկին Սիրվարդ:

ՍԻՐՎԱՐԴ - (թեյ է լցնում բաժակների մեջ): Գիտեմ, որ առավոտյան ոչինչ չես կերել:

ՎԱՀԻԿ – Պարապում եմ, ուզում եմ հասցնել:

ԱՐՏԱԿ – Կհասցնես: Ե՞րբ է մրցույթը:

ՎԱՀԻԿ – Ինչպես ասում են, հինգ րոպեից... Տասն օրից...

ՍԻՐՎԱՐԴ - (նստում է): Դու կհաղթես, չմտածես: Սիրտս վկայում է, որ առաջին տեղն ես գրավելու:

ՎԱՀԻԿ – Իմ պրոֆեսորն էլ նույնն է ասում: Ասում է, որ իմ մեկնաբանությունը շատ հետաքրքիր է: Տեխնիկաս էլ չի զիջում որևէ մեկին:

ԱՐՏԱԿ – Հիմա կարևորն ուտելու տեխնիկան է, որ լավ ուտես, չհյուծվես:

ՎԱՀԻԿ – Դուք ինձ այնքան եք կերակրում, որ շուտով քայլել չեմ կարողանա:

ՍԻՐՎԱՐԴ – Քո տարիքում լավ սնվելն անհրաժեշտ է, մանավանդ որ պարապում ես... Լավ ծամիր, հանգիստ կեր: Դու էլ, Արտակ, մի շտապիր:

Փողոցից անցնող բեռնատարի ձայն է լսվում:

ԱՐՏԱԿ – Էլի... Սրանք հանգիստ չունե՞ն:

ՎԱՀԻԿ – Դե, նոր շենք են կառուցում...

ԱՐՏԱԿ – Հասկանում եմ, որ նոր շենք են կառուցում, նոր քաղաք են ստեղծում՝ հինը դուրս շպրտելով... Բայց գոնե այստեղ ապրողների մասին մտածեն...

ՎԱՀԻԿ – Մտածում են, Արտակ պապիկ... Այնքան են մտածում, որ շուտով մեզ այստեղից կհանեն... Ծնողներս էլ կգան ու ինձ չեն գտնի...

ՍԻՐՎԱՐԴ – Նախնադարում չենք ապրում, կտեղեկացնենք նրանց, թե ուր ենք տեղափոխվում... Արտակ, այսօր չմոռանանք երեխաներին զանգել...

ԱՐՏԱԿ - (փոքր-ինչ բորբոքված): Մենք չմոռանանք զանգել, իսկ իրենք մոռանում են, չեն հիշում:

ՍԻՐՎԱՐԴ – Զբաղված են, աշխատում են, օրնիբուն չարչարվում են… Երեխաների հոգսն էլ մյուս կողմից: Իսկ դու չես ուզում հաշվի նստել այդ ամենի հետ:

ԱՐՏԱԿ – Մենք էլ էինք աշխատում, մենք էլ էինք զբաղված, մենք էլ երեխաներ ունեինք, բայց մեր ծնողներին չէինք մոռանում, ամեն շաբաթ այցելում էինք նրանց, հետաքրքրվում նրանց որպիսությամբ, երեխաներին էինք տանում նրանց մոտ, որպեսզի չկարոտեն…

ՍԻՐՎԱՐԴ – Ներիր, Արտակ, բայց դու չես ուզում հաշվի նստել ժամանակների հետ: Մենք այլ ժամանակներում էինք ապրում, այլ պայմաններում… Մենք օրվա հացի համար կռիվ չէինք տալիս:

ԱՐՏԱԿ – Կողքից լսողը կարող է մտածել, որ մեր զավակներն ապրում են ծանր պայմաններում, որ հացի համար կռիվ են տալիս… Իրենք չեն գալիս, գոնե երեխաներին ուղարկեն…

ՎԱՀԻԿ - (ուզում է վեր կենալ): Ես գնամ…

ԱՐՏԱԿ – Չէ, չէ, Վահիկ, տղաս, նստիր: Դու մեզ համար օտար չես: Մեր մի թոռն էլ դու ես, մեր տղան…

ՍԻՐՎԱՐԴ – Դու այս գաթան շատ ես սիրում, Արտակ, հատուկ գնել եմ քեզ համար…

ԱՐՏԱԿ – Ամեն անգամ, երբ ուզում եմ լրջորեն խոսել մեր զավակների՝ մեր հանդեպ ունեցած վերաբերմունքի մասին, դու ընդհատում ես… Ինչու՞:

ՍԻՐՎԱՐԴ – Որովհետև ես և դու ապրում ենք մոտ հիսուն տարի միասին… Որովհետև մենք իրար ճանաչում ենք մոտ հիսուն տարի…

ՎԱՀԻԿ – Իսկ հիսուն տարին շա՞տ է, թե՞ քիչ:

ՍԻՐՎԱՐԴ – Մեր դեպքում՝ քիչ է, որովհետև ամեն օր հասկանում ենք, որ դեռ հասկանալու, իրար ըմբռնելու շատ բան կա… Մինչև վերջերս ինձ թվում էր, թե այդ հիսուն տարին ապրել ենք միասին, իսկ հիմա սկսում եմ կասկածել, արդյո՞ք չեն եղել երկարատև արձակուրդներ…

ԱՐՏԱԿ – Ոչ մի արձակուրդ էլ չի եղել, ապրել ենք իրար հետ, հասկացել ու գնահատել ենք իրար… Հիմա մեր զավակների պահվածքը բաժանում է մեզ երկու բանակի…

ՍԻՐՎԱՐԴ – Լավ, Արտակ, դժվար չի լինի նրանց զանգելն ու խոսելը…

ՎԱՀԻԿ – Ուզու՞մ եք, ես կզանգեմ, Լուսինեի հետ մենք հաճախ ենք խոսում հեռախոսով:

ԱՐՏԱԿ – Լուսինեն չի՞ մեկնել Փարիզ:

ՎԱՀԻԿ – Վաղուց է վերադարձել, Արտակ պապիկ… Դուք չգիտեի՞ք:

ՍԻՐՎԱՐԴ – Դե, մենք գիտեինք, որ պիտի մեկներ, բայց վերադարձի մասին ոչինչ չգիտենք:

ԱՐՏԱԿ – Խնդրեմ, մեծ թոռնիկդ մեկնում է Փարիզ, վերադառնում, իսկ դու ոչինչ չգիտես…

Դռան բախոց: Վահիկը ոտքի է կանգնում:

ՍԻՐՎԱՐԴ – Վահիկ, սիրելիս, տես ո՞վ է:

ՎԱՀԻԿ – Շատ լավ:

Վահիկը դուրս է գալիս: Սիրվարդը Արտակի բաժակի մեջ ավելացնում է թեյը: Արտակն ուշադիր նայում է Սիրվարդին: Ուզում է ինչ-որ բան ասել, բայց լռում է: Գալիս է Վահիկը, նրա հետ՝ մոտ վաթսուն տարեկան, խայտաբղետ զգեստով, մազերի վառ գույնով գիրուկ մի տիկին:

ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ - (ուրախ, խանդավառ, կարծես վաղուցվա ծանոթներ լինեն): Բարև ձեզ… Բարև ձեզ, ինչպե՞ս եք:

ՍԻՐՎԱՐԴ - (ոտքի է կանգնում և ուշադիր նայում տիկնոջը, կարծես ուզում է մտաբերել նրան): Բարև ձեզ, բայց ես ձեզ չեմ հիշում… (Շրջվում է դեպի Արտակը): Արտակ, դու տիկնոջը հիշու՞մ ես:

ԱՐՏԱԿ - (նույնպես կանգնում է և թոթվում ուսերը): Չեմ կարողանում մտաբերել…

ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ - (գալիս է առաջ, առանց հարցնելու, նստում սեղանի մոտ դրված աթոռին): Դե որտեղի՞ց պիտի ինձ հիշեք: Մենք առաջին անգամ ենք հանդիպում:

ՍԻՐՎԱՐԴ – (փոքր-ինչ մոտենում է Գիրուկ տիկնոջը): Այդ դեպքում, թույլ տվեք հարցնել, դուք ո՞վ եք…

ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ - (ծիծաղելով): Հեքիաթի բարի փերին եմ… Եկել եմ, որ ձեզ ուրախացնեմ…

ԱՐՏԱԿ - (նույնպես մոտենում է): Իսկ ավելի լու՞րջ:

ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ – Իսկ ավելի լուրջ՝ քիչ հետո կխոսենք: Մի քիչ հանգստանամ: Այս շոգին ահագին ճանապարհ եմ եկել, հազիվ գտա ձեր տունը: Շուրջն ավերակներ են, մեքենաներ, նոր կառուցվող շենք:

ՍԻՐՎԱՐԴ – Եթե մենք առաջին անգամ ենք հանդիպում, դուք ինչու՞ էիք փնտրում մեր տունը:

ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ – Սիրելի տիկին… Ներեցեք, ձեր անունը կասեք:

ՍԻՐՎԱՐԴ – Սիրվարդ է անունս, Սիրվարդ Ամիրյան:

ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ – Սիրվարդ Ամիրյա՞ն… Ինչ-որ տեղ լսել եմ այդ անուն-ազգանունը, բայց հիմա չեմ հիշում: Լավ, հետո կհիշեմ: Ես ձեր տունն էի փնտրում, որովհետև ուզում էի հանդիպել ձեզ հետ, մի շատ կարևոր հարց քննարկել: (Նայում է Վահիկին): Ձեր թոռնի՞կն է:

ԱՐՏԱԿ – Այո, մեր թոռնիկն է: Իսկ ինչի՞ մասին պիտի խոսեք մեզ հետ:

ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ – Ինչքա՜ն անհամբեր եք դուք… Ասենք, երբ մարդիկ մեծանում են, միշտ անհամբեր են դառնում: Կխոսենք անպայման: (Ձեռքի մեծ պայուսակից կոնյակի շիշ է հանում, փաթեթներ և դնում սեղանին:) Սրանք ձեզ:

ՍԻՐՎԱՐԴ – Մեզ ոչինչ պետք չէ:

Վահիկի գրպանի հեռախոսի զանգն է հնչում: Վահիկը միացնում է հեռախոսը:

ՎԱՀԻԿ – Ասա, լսում եմ… Կներես, չկարողացա գալ… Լավ, քիչ հետո կգամ… Որտե՞ղ… Թամանյանի արձանի մո՞տ… Իսկ գուցե մեկ ուրիշ տեղ… Դե լավ, ինչպես կասես… Կգամ… (Դառնալով Արտակին): Չե՞ք նեղանա, ևէ, որ ես գնամ:

ԱՐՏԱԿ – Չէ, ի՞նչ ես ասում, դե շուտ կգաս, շատ երկար չմնաս դրսում:

ՎԱՀԻԿ – Իհարկե, իհարկե, շուտ կգամ… Ցտեսություն: (Դուրս է գնում):

ՍԻՐՎԱՐԴ – Կներեք, ես նստեմ: Ձեզ թեյ տա՞մ:

ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ – Ես գերադասում եմ սուրճը, բայց շատ եմ խմել, չեմ ուզում… Իսկ իմ այս փոքրիկ նվերից մի հրաժարվեք, ես անկեղծորեն եմ բերել… Դե,առաջին անգամ ոտք եմ դրել ձեր տուն… Ինչպես ասում են, հանուն քաղաքավարության:

ԱՐՏԱԿ – Իսկ հանուն քաղաքավարության, ի վերջո, կասեք, թե ո՞վ եք, ի՞նչ եք խոսելու մեզ հետ:

ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ – Դուք բավական զայրացկոտ եք երևում, հարգելի… կներեք, ի՞նչ է ձեր անունը:

ԱՐՏԱԿ – Այս շոգին, հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ, եկել եք մեր տուն մեզ հետ զրուցելու ու մեր անունները չգիտեք… Ես Արտակ Սիմոնյանն եմ:

ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ - (զարմացած և ուշադիր նայում է մերթ Արտակին, մերթ Սիրվարդին): Դուք ամուսիններ չե՞ք:

ՍԻՐՎԱՐԴ – Ամուսիններ ենք, արդեն մոտ հիսուն տարի…

ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ – Ձեր ազգանունները տարբեր են…

ԱՐՏԱԿ – Այդպես է պետք եղել… Իսկ ձեր անունն ի՞նչ է:

ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ – Իմ անունը… բավական երկար ու ոչ հայկական անուն է… Լավ, հենց մտերմանանք, կասեմ: Հիմա անգամ դժվար կլինի արտաբերել իմ անունը:

ԱՐՏԱԿ – Այդ դեպքում, գուցե արդեն խոսե՞ք:

ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ – Իսկ մի՞թե այսքան ժամանակ չեմ խոսում… Ես սիրում եմ խոսել, աշխատավայրում ընկերուհիներս հաճախ դուրս են գալիս սենյակից, որ ինձ չլսեն…

ՍԻՐՎԱՐԴ – Հուսանք, որ մենք էլ դուրս գալու կարիքը չենք ունենա:

ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ – Չէ, ի՜նչ եք ասում… Ես շատ կարճ ժամանակով եմ ձեզ մոտ եկել: Երևի մի երեք-չորս ժամ կնստեմ, կզրուցենք, հետո կբաժանվենք: Իսկ ձեր թոռնիկը ձեզ հե՞տ է ապրում…

ԱՐՏԱԿ – Մեր թոռնիկը մեզ հետ է ապրում, հարևան բնակարանում:

ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ – Ինձ ասացին, որ դուք այստեղ երկուսով եք, որ…

ԱՐՏԱԿ – Գիտեք, մենք իրար չենք ճանաչում, ձեզ առաջին անգամ ենք տեսնում, ուրեմն մանրամասնությունների մասին տեղեկացնելու կարիքը չկա: Բացատրեք ձեր այցելության պատճառը:

ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ – Ինձ համար շատ կարևոր է իմանալ, թե ձեր թոռնիկը ձեզ հետ է ապրում, թե ոչ:

ՍԻՐՎԱՐԴ – Եթե ձեզ համար այդքան կարևոր է, ապա ասեմ, որ նա մեր թոռնիկը չէ, մեր հարևանի տղան է, ծնողները Հայաստանում չեն…

ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ - (կարծես թեթևացած): Այ, դա շատ լավ է… Ուրեմն, ինձ սխալ չեն ասել:

ԱՐՏԱԿ – Ի՞նչը ձեզ սխալ չեն ասել:

ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ – Լավ, անցնենք գործնական խոսակցության… Ես գիտեմ, որ դուք շուտով տեղափոխվելու եք այստեղից, ձեր տունը գտնվում է իրացման գոտում:

ԱՐՏԱԿ – Այո, տեղափոխվելու ենք: Գուցե առաջիկա մի քանի օրերի ընթացքում:

ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ – Դա ուղղակի հրաշալի է… գերազանց է… (Ձեռքը տանում է դեպի պայուսակը, ինչ-որ փաթեթ է հանում, սակայն պահում է ձեռքի մեջ): Ես ուզում եմ մի գործարք առաջարկել ձեզ:

ՍԻՐՎԱՐԴ – Ի՞նչ գործարք:

ԱՐՏԱԿ – Մենք գործարքների մեջ չենք մտնում:

ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ – Մի շտապեք, գուցե առաջարկությունս ձեզ դուր գա, մանավանդ որ…

ՍԻՐՎԱՐԴ – Տիկին, եկեք պարզ խոսենք, ձեզ ի՞նչ է պետք մեզանից:

ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ – Ես ուզում եմ… ես ուզում եմ, որպեսզի… դուք այս տունը վաճառեք ինձ:

ՍԻՐՎԱՐԴ – Ինչպե՞ս վաճառենք, երբ տունը հաշվառված է, մեզ արդեն տեղեկացրել են տունը քանդելու մասին… ձեր ինչի՞ն է պետք այն տունը, որը մի քանի օրից քանդելու են:

ԱՐՏԱԿ – Դուք երևի տեսաք, որ շրջակայքում ոչ մի տուն չկա, բոլորը քանդել են, միայն մեր այս հին տունն է մնացել:

ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ – Դե հենց այս տունն էլ ինձ պետք է:

ՍԻՐՎԱՐԴ – Դա անհնար է…

ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ – Ինձ համար անհնար բան չկա… Դուք միայն տվեք ձեր համաձայնությունը:

ՍԻՐՎԱՐԴ – Մեզ կդատեն նման գործարքի համար… Մենք այս տարիքում կխայտառակվենք…

ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ – Ձեզ ոչինչ չի լինի, հավատացեք ինձ… Ես կվճարեմ, որքան պետք է… (խաղացնում է ձեռքի փաթեթը): Ես ձեզ այնքան գումար կտամ, որ կբավականացնի ձեզ մնացած ողջ կյանքում:

ԱՐՏԱԿ – Մեզ ոչինչ պետք չէ, մենք չենք կարող ապօրինությունների գնալ… Մենք ապրել ենք արժանապատիվ կյանքով, ունենք շատ ճանաչված զավակներ… Այնպես, որ մեզ կներեք…

ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ – Ես ձեզ որևէ ապօրինության չեմ մղում… Դուք կվերցնեք այս գումարը, ես ձեզ կբերեմ թղթեր, որոնք կվկայեն, որ ես շատ երկար տարիներ ապրել եմ այստեղ:

ՍԻՐՎԱՐԴ – Բայց դա ձեր ինչի՞ն է պետք:

ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ – Պետք է… Շատ է պետք… Հավատացեք, որ սա ինձ համար կյանքի խնդիր է:

ԱՐՏԱԿ – Չենք կարող… Չենք կարող… Անգամ եթե դուք մեր հարազատը լինեիք, դարձյալ չէինք կարող…

ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ – Մի շտապեք միանգամից նման դիրք բռնել: Ձեզ ոչինչ չի լինի, դուք ընդամենը կստորագրեք այդ թուղթը և վերջ…

ԱՐՏԱԿ – Իսկ հետո մենք ու՞ր ենք գնալու:

ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ – Այնտեղ, ուր որոշել էիք գնալ, երբ ձեզ այստեղից կհանեին:

ՍԻՐՎԱՐԴ – Մենք դեռ ոչինչ չենք որոշել: Մենք սպասում ենք քաղաքապետարանի առաջարկին…

ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ - (ծիծաղում է): Քաղաքապետարանի առաջարկին… Ոչ մի առաջարկություն էլ չի լինի: Դուք քաղաքի կենտրոնում եք ապրում, իսկ ձեզ լավագույն դեպքում կառաջարկեն բնակարան գնել քաղաքի ծայրամասում: Կտան մի չնչին գումար և կասեն՝ ազատեք տունը… Ես ձեզ այնքան գումար եմ տալիս, որ եթե ավելացնեք քաղաքապետարանի տվածին, կկարողանաք կենտրոնում գոնե մեկ սենյականոց բնակարան գնել: Կամ երկու…

ԱՐՏԱԿ – Իսկ մեզ ասել են, որ իրենք ապահովելու են բնակարանով…

ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ – Այդպես բոլորին են ասում, իսկ հետո…

ՍԻՐՎԱՐԴ – Եթե այս տունը քանդելու են, ինչու՞ եք մեզ գումար առաջարկում: Չէ՞ որ եթե մենք հաստատենք, որ դուք այստեղ եք ապրել, ձեզ էլ կտան ճիշտ այնքան գումար, որքան մեզ…

ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ – Իմ խնդիրներն այլ են… Ես իմ հաշվարկներն ունեմ:

Դուռը բախում են: Արտակը քայլ է անում դեպի դուռը:

ՍԻՐՎԱՐԴ – Ո՞վ կարող է լինել:

ԱՐՏԱԿ – Գուցե շինարարներից են, երևի ջուր են ուզում: (Գնում է դուրս):

ՍԻՐՎԱՐԴ – Եվ, այնուամենայնիվ, ես ձեզ և ձեր շահագրգռությունը չեմ հասկանում:

ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ – Եվ շատ բան պետք էլ չէ հասկանալ: Կարևորն այն է, որ ես ձեզ պատրաստ եմ տալ այս գումարը: (Ցույց է տալիս ձեռքի փաթեթը):

ՍԻՐՎԱՐԴ – Ի սեր Աստծո, գումարից մի խոսեք: Մենք վատ չենք ապրում, լավ թոշակ ենք ստանում, մեր երեխաները մեզ օգնում են:

Ներս է մտնում Արտակը՝ նրա հետևից Բարձրահասակ տղամարդը: Մոտ քառասուն տարեկան, նիհարակազմ, խոսելիս շեշտում է ռ տառը: Հագնված է կոստյում, սպիտակ վերնաշապիկ, կապել է սև փողկապ:

ԱՐՏԱԿ – Ներս եկեք: Կարող եք նստել:

ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ ՏՂԱՄԱՐԴ – Ես մի փոքր ձեզ կզբաղեցնեմ և կգնամ:

ՍԻՐՎԱՐԴ – Պարոնը բարեգործական ընկերությունի՞ց է:

ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ ՏՂԱՄԱՐԴ – Ինչու՞ պիտի բարեգործական ընկերությունից լինեմ:

ՍԻՐՎԱՐԴ – Ասացիք, որ մի փոքր մեզ կզբաղեցնեք:

ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ ՏՂԱՄԱՐԴ – Ես նկատի ունեմ, որ ձեր ժամանակից մի փոքր կխլեմ:

ԱՐՏԱԿ - (ցույց տալով Սիրվարդին): Կինս է, Սիրվարդ, իսկ այս տիկնոջ անունն արտասահմանյան է, բավական դժվար ու երկար…

ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ ՏՂԱՄԱՐԴ – Իսկ այդ տիկինը ձեր հարազա՞տն է:

ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ – Շուտով կարող եմ նաև հարազատ կոչվել:

ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ ՏՂԱՄԱՐԴ – Իմ զրույցը շատ անձնական է լինելու: Եթե կարելի է, մեկ այլ սենյակ կտեղափոխվե՞ք:

ԱՐՏԱԿ – Մեկ ուրիշ սենյակ չունենք: Եվ հետո, անհարմար է մեզ համար գրեթե անծանոթ մարդուն այլ սենյակ ուղարկելը:

ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ ՏՂԱՄԱՐԴ – Բայց ես շատ անձնական գործ ունեմ ձեզ հետ:

ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ – Ես կարող եմ մի քիչ զբոսնել փողոցում:

ՍԻՐՎԱՐԴ – Մեր փողոցում զբոսնելն անհնար է, ամենուրեք փոսեր են, քանդված ճանապարհ, երևեկող բեռնատարներ…

ԱՐՏԱԿ – Տիկին, իսկ գուցե դուք գնա՞ք և գաք մեկ ուրիշ անգամ:

ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ – Լավ, ես կգամ մեկ ժամից: (Տիկինը վերցնում է պայուսակը և դուրս գնում:)

ԱՐՏԱԿ – Իսկ հիմա գուցե ասե՞ք, թե ով եք և ինչ անձնական գործխ ունեք մեզ հետ:

ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ ՏՂԱՄԱՐԴ – Ինձ համատիրության նախագահն է ձեզ մոտ ուղարկել… Գիտեք, հարցը շատ նուրբ է, ինչպես ասում են, շատ անձնական և կարևոր… Եթե դուք չհամաձայնեք, մեր համատիրության նախագահը շատ կվշտանա: Նա հրաշալի մարդ է, շատ է սիրում, երբ հարգում են իր խոսքը:

ԱՐՏԱԿ – Բայց մենք համատիրություն չունենք: Երկար ժամանակ թաղային լիազոր ունեինք, իսկ վերջին տարիներին դա էլ չունենք, որովհետև այս փողոցում ընդամենը երեք տուն էր մնացել…

ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ ՏՂԱՄԱՐԴ – Մեր համատիրությունը սպասարկում է կենտրոնի շենքերը և կոչվում է ,,Ապագա,,: Այստեղ կառուցվող շենքն էլ մտնելու այդ համատիրության ենթակայության տակ:

ՍԻՐՎԱՐԴ – Բայց մենք դեռ չգիտենք, թե որտեղ ենք ապրելու…

ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ ՏՂԱՄԱՐԴ – Դա կարևոր չէ: Կարևորն այն է, որ մեր համատիրության նախագահը ձեզ խնդրանքով է դիմել…

ԱՐՏԱԿ – Ի վերջո, կասե՞ք, ի՞նչ խնդրանք…

ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ ՏՂԱՄԱՐԴ – Նա շատ է ուզում, որ դուք հրաժարվեք այն բնակարանից, որը պահանջելու եք ձեր տան իրացման դիմաց:

ԱՐՏԱԿ - (փոքր-ինչ զայրացած): Ինչու՞:

ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ ՏՂԱՄԱՐԴ – Մեր համատիրության նախագահն ուզում է, որ իր նորապսակ տղան և հարսն ապրեն այդ բնակարանում, իսկ ձեզ նա…

ԱՐՏԱԿ - (խիստ զայրացած): Իսկ մեզ նա կուղարկի ծերանոց կամ գերեզմանոց…

ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ ՏՂԱՄԱՐԴ – Ոչ, ոչ, ինչու՞ այդպես դաժան… Նա ձեզ գումար է առաջարկում… (ձեռքը տանում է ծոցագրպանը և հանում մի ծրար): Այստեղ այնքան գումար կա, որ կկարողանաք մի քանի տարի վարձով ապրել որևէ հարմարավետ բնակարանում…

ՍԻՐՎԱՐԴ – Դուք խելագար եք… Դուք ուզում եք մեզ թողնել փողոցում…

ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ ՏՂԱՄԱՐԴ – Ինչու՞ փողոցում: Ձեզ համար կվարձեք մի շատ լավ բնակարան, այս գումարով էլ ամեն ամիս կվճարեք տան վարձը:

ԱՐՏԱԿ - (պոռթկում է): Ո՞վ է որոշումներ կայացնում մեր փոխարեն:

ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ ՏՂԱՄԱՐԴ – Մի հուզվեք… Ոչ ոք ձեր փոխարեն որոշում չի կայացնում… Մարդիկ մտածում են ձեր մասին, մտահոգվում… Սեփական բնակարանը ձեր ինչի՞ն է պետք, իսկ վարձով բնակարանը կլինի շատ լավը, կապրեք մի քանի տարի… Դուք այսպիսով օգնած կլինեք մի երիտասարդ ընտանիքի, որը չի լքի հայրենիքը, չի արտագաղթի և կմնա իր հայրենիքում՝ նպաստելով բնակչության թվի աճին… Մի՞թե դուք դեմ եք, որ երեխաներ ծնվեն, մանկապարտեզ ու դպրոց հաճախեն, հետո բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվեն…

ԱՐՏԱԿ - (ցասման մեջ): Դու՛րս կորեք այստեղից…

ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ ՏՂԱՄԱՐԴ – Քանի որ հիմա դուք չափազանց հուզական վիճակում եք, ես կգնամ, բայց ձեր սեղանին կթողնեմ այս ծրարը… Այստեղ նաև իմ հեռախոսահամրը կա, ինչպես ասում են, ,,գոլդ,, համար է… Կզանգեք, երբ որոշում կայացնենք:

Ծրարը դնում է սեղանին և քայլերն ուղղում դեպի դուռը: Սիրվարդը կայծակնային արագությամբ սեղանից վերցնում է ծրարը, հասնում նրան և շպրտում դեմքին:

ՍԻՐՎԱՐԴ – Մենք չենք ծախվում, երիտասարդ…

ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ ՏՂԱՄԱՐԴ - (մեծագույն հանգստությամբ, ժպիտով): Ձեզ ոչ ոք չի պատրաստվում գնել: Մենք տալիս ենք, դուք համաձայնում եք: Շատ սովորական քայլ է՝ հենված փոխըմբռնման և փոխհամաձայնության վրա… Ծրարը պահեք ձեզ մոտ, այստեղ բավական մեծ գումար է: Ձեր ստացած թոշակի երևի հազարապատիկը… (Կռանում է, ծրարը վերցնում գետնից, հանգիստ մոտենում սեղանին, ծրարը դնում սեղանին և հեռանում: Արտակն ու Սիրվարդը զայրացած-զարմացած նայում են նրա հետևից: Լռություն:)

ՍԻՐՎԱՐԴ – Զանգիր մեր երեխաներին, թող գան այստեղ…

ԱՐՏԱԿ - (երկար լռությունից հետո): Նրանք չեն գա…

ՍԻՐՎԱՐԴ – Կգան, երբ իմանան, թե մեզ հետ ինչ է կատարվում…

ԱՐՏԱԿ – Դու քեզ վա՞տ ես զգում…

ՍԻՐՎԱՐԴ – Չէ, վատ չեմ զգում… Բայց նստել եմ ուզում…

ԱՐՏԱԿ - (մոտենում է Սիրվարդին, գրկում և ուղեկցում սեղանի մոտ, նստեցնում աթոռին): Գուցե պառկե՞ս:

ՍԻՐՎԱՐԴ – Մի կում թեյ կխմեմ… Բազմոցն ինչու՞ վաճառեցինք…

ԱՐՏԱԿ – Դու ուզում էիր Լուսինեին նվեր անել Փարիզ մեկնելու առթիվ… Իսկ բազմոցը շատ հնաոճ էր… արժեք էր ներկայացնում…

ՍԻՐՎԱՐԴ – Տատիկիս օժիտի բազմոցն էր, Պետերբուրգից էին բերել… Ասում էր, որ պատճենել էին Ռոմանովների կահույքից…

ԱՐՏԱԿ – Մեծ պահարանն էլ վաճառեցինք, որպեսզի կրտսեր Արտակի Օքսֆորդի մեկ տարվա վարձը տանք… Գերմանական շքեղ պահարան էր, առաջին համաշխարհային պատերազմից հետո պապս էր գնել Թբիլիսիում մի հարուստ գործատիրոջից…

ՍԻՐՎԱՐԴ – Ճաշի մեծ սպասքն էլ վաճառեցինք, քսանչորս հոգու համար… Վարշավայի հյուրախաղերի ժամանակ գնեցի… Աղջիկները զգեստներ էին գնել, կոշիկներ, իսկ ես այդ սպասքը գնեցի…

ԱՐՏԱԿ – Նունեի տղայի մեքենայի փողն էր պակասում: Ասացիր, թող պապիկի և տատիկի նվերը լինի…

ՍԻՐՎԱՐԴ – Աշոտը շատ է սիրում այդ մեքենան, մի քանի անգամ առաջարկել է տանել ինձ քաղաքից դուրս, ցույց տալ իրենց նոր ամառանոցը… Անցնեմ խոհանոց, ճաշ պատրաստեմ… Վահիկը կարգին չսնվեց, եկան ու խանգարեցին… Դու էլ գաթան չկերար:

ԱՐՏԱԿ – Եկան ու խցկվեցին մեր կյանքի մեջ… Ինչու՞… Ինչի՞ համար… Մեզ ոչինչ պետք չէ, փող պետք չէ… Մեզ պետք չեն դրանց թղթերը, ծրարները…

ՍԻՐՎԱՐԴ – Ասում էր՝ վարձով կապրեք… Այսինքն, ընդամենը մի քանի տարվա կյանք տվեց մեզ… Եթե ընդամենը մի քանի տարի եք ապրելու, ձեր ինչի՞ն է պետք բնակարանը… Ուզում եմ ամառային դոլմա պատրաստել, դու շատ ես սիրում:

ԱՐՏԱԿ – Համատիրության նախագահի նորապսակ տղան չի արտագաղթի, կմնա հայրենիքում և երեխաներ կունենա… Ցինիկ, անպատկառ… Ամառային դոլման քեզանից շատ ջանք կխլի, ավելի լավ է, մի թեթև բան պատրաստես:

ՍԻՐՎԱՐԴ – Չէ, ի՞նչ ես ասում: Ես արդեն մի շաբաթ է խոստանում եմ քեզ ու չեմ պատրաստում: Վահիկն էլ է շատ սիրում: Դու լիցքավորե՞լ ես հեռախոսդ:

ԱՐՏԱԿ – Անցած ամսվա լիցքավորածն է: Դե, ես ոչ մի տեղ չեմ զանգում… Չեմ էլ հիշում, թե որտեղ եմ դրել:

ՍԻՐՎԱՐԴ – Դու չես զանգում, քեզ չեն զանգում… Կտա՞ս հեռախոսը:

ԱՐՏԱԿ – Փորձեմ գտնել: ՈՒ՞մ ես զանգելու:

ՍԻՐՎԱՐԴ – Նունեին զանգեմ, խնդրեմ աշխատանքից հետո մեզ մոտ գալ:

ԱՐՏԱԿ – Մի զանգիր, պետք չէ: Նա գրեթե ամեն օր կենտրոնում է լինում, գոնե մեկ անգամ կմտածեր մեզ մոտ գալու մասին:

ՍԻՐՎԱՐԴ – Բայց հարկավոր է նրան, Ավետին ու Գուրգենին ասել այս ամենի մասին… Այդ մարդիկ կարող են էլի գալ… Ի դեպ, այն կինն ասաց, որ մի ժամից գալու է:

ԱՐՏԱԿ – Թող գա: Այս անգամ ես նրա հետ ուրիշ կերպ կխոսեմ:

ՍԻՐՎԱՐԴ – Պետք չէ, Արտակ, ուրիշ կերպ խոսել: Պարզապես պետք է բացատրել, որ մենք ապօրինի քայլերի չենք գնա, որ մեր զավակների համար դա անպատվաբեր կլինի:

ԱՐՏԱԿ – Ի սեր Աստծո, թող մեր զավակներին… Մենք չկանք նրանց համար, նրանք մեզ վաղուց են մոռացել:

ՍԻՐՎԱՐԴ – Դաժան ես ու անհոգի… Դու մսաղացը կամրացնե՞ս:

ԱՐՏԱԿ – Եկ գնանք որևէ ռեստորան… Կարծում եմ, մեր ստացած թոշակը կբավականացնի:

ՍԻՐՎԱՐԴ – Ինչու՞ որոշեցիր ռեստորան գնալ:

ԱՐՏԱԿ – Եվ դու չես չարչարվի, և մեզ կվերադարձնենք մեր երիտասարդ օրերը…

ՍԻՐՎԱՐԴ – Դու կիրակի օրերին հավաքում էիր բոլորիս և տանում Սևան տանող ճանապարհին գտնվող ռեստորաններից մեկը… Ի՜նչ ժամանակներ էին…

ԱՐՏԱԿ – Ուրեմն, գնու՞մ ենք:

ՍԻՐՎԱՐԴ – Բայց ես պիտի ինչ-որ բան պատրաստեմ Վահիկի համար:

ԱՐՏԱԿ – Կպատրաստես, մի մտածիր: Հագիր այն սև գույնի զգեստդ:

ՍԻՐՎԱՐԴ – Սև գույնի զգե՞ստս:

ԱՐՏԱԿ – Այո, այն, որ ես քեզ համար Մոսկվայում էի գնել…

ՍԻՐՎԱՐԴ – Ճիշտ որ ծերացել ես… Այդ զգեստը ես շատ վաղուց եմ Նունեին տվել…

ԱՐՏԱԿ – Ստացվում է, որ մենք ամեն ինչ տվել ենք…

ՍԻՐՎԱՐԴ – Մեր երեխաներին ենք տվել, Արտակ…

ԱՐՏԱԿ – Մեր երեխաներին… Լավ, մի ուրիշ զգեստ հագիր: Ինչ-որ բան կունենաս ռեստորան գնալու համար:

ՍԻՐՎԱՐԴ – Իհարկե, ունեմ, բայց ավելի լավ է տանը մնանք… Խնդրում եմ… Երեկոյան կարող ենք դուրս գալ, մի քիչ քայլել հրապարակում…

Դռան բախոց:

ԱՐՏԱԿ – Սա՞ ով է… Էլի՞ մի նոր տուն ուզող:

ՍԻՐՎԱՐԴ – Ես կբացեմ դուռը: Ուզում է գնալ դեպի դուռը:

ԱՐՏԱԿ – Ես կբացեմ:

Կտրուկ գնում է դեպի դուռը: Սիրվարդը սկսում է հավաքել սեղանին դրված ափսեներն ու բաժակները: Քիչ անց վերադառնում է Արտակը՝ Ճաղատ մարդու հետ: Մոտ 50 տարեկան է, թիկնեղ, բայց ոչ բարձրահասակ:

ԱՐՏԱԿ – Եվս մի այցելու: Համեցեք:

ՃԱՂԱՏ ՄԱՐԴ – Բարի օր, հարգարժան քույրիկ:

ՍԻՐՎԱՐԴ – Դու՞ք էլ եք ուզում մեր տանը գրանցվել կամ գնել մեր տունը:

ՃԱՂԱՏ ՄԱՐԴ – Ձեր տու՞նը: Բայց ու՞ր է այստեղ տուն:

ԱՐՏԱԿ – Ինչու՞, շատ լավ տուն է, եթե դուք գնեք մեր տունը և մեզ փող տաք, մենք մի բնակարան կվարձենք, կապրենք մի քանի տարի և կմեռնենք: մեր ինչի՞ն է պետք սեփական տունը:

ՃԱՂԱՏ ՄԱՐԴ – Հարգարժան եղբայր, հանգստացեք, ինձ ձեր տունը պետք չէ, ես չեմ պատրաստվում ձեզ փող տալ: Ընդհակառակը եկել եմ ձեզանից փող վերցնելու:

ՍԻՐՎԱՐԴ – Մեզանի՞ց, ինչի՞ համար:

ՃԱՂԱՏ ՄԱՐԴ – Հարգարժաններս, ես ներկայացնում եմ կրծողների շահերի պաշտպանության հասարակական կազմակերպությունը: Վերջին տարիներին անողոք պայքար է սկսվել կրծողների դեմ, որոնք մնացել են անպաշտպան: Մեր կազմակերպության նպատակն է աջակցել նրանց, պաշտպանել նրանց շահերը, լուծել նրանց կենսական խնդիրները, նպաստել նրանց բազմացմանը... Քաղաքացիական դիրքորոշում է պետք դրսևորել, հայրենասիրություն... Ուրեմն, առաջիկայում մենք կազմակերպում ենք մեծ միջազգային գիտաժողով, մեր գրանտային կազմակերպությունն ուշացրել է դրամաշնորհը, այդ պատճառով էլ մենք դիմում ենք բոլոր քաղաքացիներին, որպեսզի հավաքենք համապատասխան գումարն ու Ծաղկաձորում, բնության գրկում, առաջիկա ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին անցկացնենք մեր գիտաժողովը...

ԱՐՏԱԿ - (մոտենում է Ճաղատ մարդուն և ուղիղ աչքերի մեջ նայելով, խոսում): Հարգարժանս, սա հոգեբուժարան չէ, սա հին տուն է, որը մի քանի օրից չի լինելու... Գնացեք հոգեբուժարան, գնացեք գրողի ծոցը, միայն թե ազատեք մեզ ձեր ներկայությունից...

ՃԱՂԱՏ ՄԱՐԴ – Դուք լավ քաղաքացի և հայրենասեր չեք: Ձեր աչքի առջև ոչնչանում են կրծողները, իսկ դուք չեք ուզում աջակցել նրանց...

ԱՐՏԱԿ – Ես բոլոր կրծողների հերն եմ անիծել: Գնացեք այստեղից:

ՃԱՂԱՏ ՄԱՐԴ - (նայում է շուրջը): Իսկ ձեր իրերն ինչու՞ են կապված, ինչու՞ բազմոց և բազկաթոռ չունեք:

ԱՐՏԱԿ – Որովհետև կրծողներն ամեն ինչ տարել են... Որովհետև պատրաստվում ենք գնալ այստեղից, որպեսզի չտեսնենք կրծողներին...

ՃԱՂԱՏ ՄԱՐԴ – Մեր կրծողները շատ առաքինի և շատ համեստ են:

ՍԻՐՎԱՐԴ – Հարգելի բարեկամ, մենք պատրաստվում ենք տանից դուրս գալ, ահագին գործեր ունենք: Եթե կարելի է, գնացեք և մեկ ուրիշ տեղ խոսեք ձեր կրծողների մասին:

ՃԱՂԱՏ ՄԱՐԴ – Բայց մի՞թե դուք չեք ուզում, որ մեր ակտիվիստները Ծաղկաձորում գիտաժողով անցկացնեն, քննարկեն կրծողների շահերի պաշտպանության հարցերը:

ԱՐՏԱԿ – Եթե դուք չհեռանաք, ես ձեզ ուժով կհեռացնեմ այստեղից:

ՃԱՂԱՏ ՄԱՐԴ – Խնդրում եմ, ինձ մի հեռացրեք, ես կարևոր առաքելություն ունեմ, ես պետք է ապահովեմ համապատասխան գումարը:

ՍԻՐՎԱՐԴ – Ձեզ ինչքա՞ն է պետք:

ՃԱՂԱՏ ՄԱՐԴ – Եթե կարողանաք մի հիսուն հազար դրամ տալ, ես շատ գոհ կլինեմ:

ԱՐՏԱԿ – Դա մեր երկուսի մեկ ամսվա թոշակն է:

ՃԱՂԱՏ ՄԱՐԴ – Հանուն կրծողների՝ կարելի է զոհել կենսաթոշակը...

ՍԻՐՎԱՐԴ – Ուզու՞մ եք, ես ձեզ թեյ և գաթա տամ: Շատ համեղ ու քաղցր գաթա է:

ՃԱՂԱՏ ՄԱՐԴ – Չեմ հրաժարվի: Միայն թեյը թունդ լինի և շատ քաղցր: Ես սիրում եմ քաղցր թեյ խմել:

ՍԻՐՎԱՐԴ – Նստեք:

ՃԱՂԱՏ ՄԱՐԴ - (նստում է, մոտ քաշում բաժակը, ափսեն, վերցնում է գաթա և սկսում ագահորեն ուտել): Շատ համեղ է:

ՍԻՐՎԱՐԴ – Հիմա թեյ էլ կլցնեմ:

ՃԱՂԱՏ ՄԱՐԴ – Իհարկե, լցրեք:

ԱՐՏԱԿ – Միայն ամեն ինչ արագ արեք և գնացեք:

ՃԱՂԱՏ ՄԱՐԴ – Բժիշկները խորհուրդ չեն տալիս արագ ուտել: Դա ազդում է ստամոքսի վրա, խոց է առաջանում... Իսկ դուք կատուներ չունե՞ք:

ԱՐՏԱԿ – Մենք ոչինչ չունենք: Այստեղ արդեն ոչինչ չկա: Շուտով մենք էլ չենք լինի:

ՃԱՂԱՏ ՄԱՐԴ – Իհարկե, մենք բոլորս այս մոլորակի վրա ժամանակավոր հյուրեր ենք, շուտով չենք լինի...

ՍԻՐՎԱՐԴ – Դուք մեզ ճիշտ չհասկացաք, մենք այս տանն այլևս չենք լինի:

ՃԱՂԱՏ ՄԱՐԴ - (բերանն է խցկել գաթայի մի մեծ կտոր, ծամում է և խոսում): Գիտեմ, իհարկե, գիտեմ…

ԱՐՏԱԿ – Ի՞նչ գիտեք:

ՃԱՂԱՏ ՄԱՐԴ – Գիտեմ, որ այս տանից գնում եք:

ԱՐՏԱԿ և ՍԻՐՎԱՐԴ – Գիտե՞ք:

ՃԱՂԱՏ ՄԱՐԴ - Հենց դա գիտեմ, որ գնում եք, դրա համար էլ ես այստեղ եմ:

ԱՐՏԱԿ – Չհասկացա:

ՃԱՂԱՏ ՄԱՐԴ – Ի՛նչ կա չհասկանալու: Դուք պետք է նոր բնակարանում ապրեք, այս տունը քանդելու են… Ես էլ այստեղ նստած գաթա եմ ուտում:

ԱՐՏԱԿ - (փոքր-ինչ զայրացած): Իսկ ինչու՞ եք ուտում և չեք գնում:

ՃԱՂԱՏ ՄԱՐԴ – Ձեր տկինը հյուրասիրեց, ես էլ ուտում եմ: Ինձ ոչ մի տեղ չեն հյուրասիրում, ընդհակառակը, վռնդում են, իսկ դուք հյուրասիրեցիք: Սա էլ ինձ ուժ և համարձակություն հաղորդեց:

ՍԻՐՎԱՐԴ – Ի՞նչ համարձակություն:

ՃԱՂԱՏ ՄԱՐԴ – Այս գաթան ուտելու ընթացքում, տեսնելով ձեր բարեսրտությունը, մտածեցի: Իսկ ի՞նչ կլինի, եթե խնդրեմ, որ դուք ինձ գրանցեք ձեր տանը, որպեսզի ես էլ բնակարան ստանամ իբրև մեր հասարակական կազմակերպության գրասենյակ…

ԱՐՏԱԿ – Մի անգամ էլ կկրկնե՞ք:

ՃԱՂԱՏ ՄԱՐԴ - Իհարկե, կրկնեմ… Երևի դուք ուզում եք ըմբռնե՞լ ամբողջապես իմ ասածը:

ԱՐՏԱԿ – Ես ուզում եմ համոզվել, որ իմ հետագա գործողությունները սխալ չեն լինելու:

ՃԱՂԱՏ ՄԱՐԴ - Չեմ կարծում, թե սխալ լինեն… Ես, իհարկե, ձեզ չեմ կարողանա դրամական փոխհատուցում տալ, բայց խոստանում եմ, որ եթե ձեր նոր բնակարանում կրծողներ հայտնվեն, ես կգամ և նրանց կտեղափոխեմ մեր կառուցվելիք հանրակացարան:

ՍԻՐՎԱՐԴ – Ի՞նչ հանրակացարան:

ՃԱՂԱՏ ՄԱՐԴ - Կրծողների համրակացարան: Մենք մտադիր ենք անտուն կրծողներին հավաքել հանրակացարանում և զբաղվել նրանց խնամքի հարցերով:

ԱՐՏԱԿ - (հավասարակշռությունից դուրս գալով): Սիրվարդ, ես այս մարդուն կսպանեմ:

ՍԻՐՎԱՐԴ – Արտակ, խնդրում եմ, հանգստացիր: Այս մարդն ինքն էլ չի հասկանում, թե ինչ է խոսում:

ՃԱՂԱՏ ՄԱՐԴ - (շարունակում է ուտել): Ես ամեն ինչ հասկանում եմ, ամեն ինչ կշռադատում:

ԱՐՏԱԿ – Ուրեմն, հասկացող և կշռադատող մարդ, քանի դեռ ձեզ չեմ հոշոտել, դուրս կորեք իմ տանից:

ՃԱՂԱՏ ՄԱՐԴ - Շատ անհյուրընկալ եք, ես վաղուց նման համեղ գաթա չէի կերել: Թույլ տվեք վերջացնեմ:

ԱՐՏԱԿ - Վերցրեք ափսեն ու գնացեք, դրսում վերջացրեք:

ՃԱՂԱՏ ՄԱՐԴ - Իսկ ափսե՞ն:

ԱՐՏԱԿ - (գոռում է): Գնացե՜ք…

ՃԱՂԱՏ ՄԱՐԴ - Լավ, ես կգնամ և դուրս կուտեմ, իսկ երբ վերջացնեմ, ափսեն կհանձնեմ տիկնոջը:

Վերցնում է ափսեն և դուրս գնում: Արտակը կանգնած է սենյակի կենտրոնում, բռնել է սիրտը, Սիրվարդը փաթաթվել է նրան: Արտակն անսպասելիորեն երգում է. ,,Ըն անդեր Մըշու դաշտ

Հինգ հարիր գեղ էր,Մեղրագետու ջուր լը Հիվընդու դեղ էր։ Ալաշկերտ, Մանազկերտ Բարձան ու գացին, Մուշ ու Բուլանուխ Նստան ու լացին,,։ Երգի վերջին տողերին միանում է նաև Սիրվարդը:

ԱՐՏԱԿ – Աչքերիդ արցունքնե՞ր են…

ՍԻՐՎԱՐԴ – Չէ… Սրանք հենց այնպես, ինքս էլ չհասկացա, թե ինչպես աչքերս լցվեցին:

ԱՐՏԱԿ – Ճիշտ չես ասում, Սիրվարդ, այսքան տարիների մեջ առաջին անգամ ճիշտ չես ասում… Գիտեմ, հիշեցիր Ավետին, նրա հարսանիքի օրը… Դու այնքան երջանիկ էիր, այնքան ուրախ, որ մոտեցար նվագողներին, պատվիրեցիր այս երգն ու երգեցիր… Ես էլ էի երջանիկ, աշխարհն իմն էր, ես աշխարհի տերն էի: Առաջնեկ զավակ էի ամուսնացնում… Հետո առաջնեկ թոռ ունեցա՝ Վահրամս, որը հիմա Կալիֆորնիայում չգիտեմ ինչով է զբաղված: Հետո Լուսինես ծնվեց, բամբակի նման փափուկ ու սպիտակ Լուսինես: Ես գրկում էի նրան, իսկ դու խլում էիր ինձանից, ասում էիր՝ կոպիտ կլինես, երեխային կցավեցնես… Հետո Գուրգենի ու Նունեի հարսանիքները եղան, նրանց առաջնեկները լույս աշխարհ եկան: Այս տունը լցվել էր օրորոցներով, մանկական ճիչերով, այս տունը տուն էր՝ անընդհատ բացվող ու փակվող դռներով, աղմուկ, ուրախություններով… Աշխատանքից տուն էի դառնում ծանրաբեռ պայուսակներով, ամեն մի տղայիս ու նրա երեխայի համար գիտեի ինչ գնել, հետո զանգում էինք, Նունեն էր գալիս ամուսնու ու երեխաների հետ… Աշխարհի կենտրոնն իմ տունն էր, լույսն այստեղ շատ էր, առատ էր… Ո՞վ գողացավ իմ տան լույսը, ո՞վ դատապարտեց այս մենակությանն ու լքվածությանը…

ՍԻՐՎԱՐԴ – Երբ ծնվեց Վահրամը, դու պարտադրեցիր, որ ես թողնեմ պարարվեստի ուսումնարանում աշխատանքս, քանի որ տանն արդեն թոռնիկ կար: Ինձ համոզում, խնդրում էին, որ չհեռանամ ուսումնարանից, քանի՜ անգամ տիկին Թերեզան զանգեց, խնդրեց, բայց դու պնդեցիր, որ մնամ տանը, երեխայով զբաղվեմ: Ասացիր՝ ջահել են, երեխա պահել չգիտեն, թող կյանքը վայելեն… Մանկական հինգ մահճակալ կար այս տան մեջ, հինգ ուրախություն… Հետո կամաց-կամաց բոլորը հեռացան, որովհետև կյանքն այլ պահանջներ էր թելադրում, որովհետև մեր երեխաներն ուզում էին ապրել մեծ ու շքեղ բնակարաններում, որովհետև այս տունը նրանց համար մեծ աշխարհից զատված մի անթիակ նավակ էր: Նրանք չէին կարող երկար ժամանակ ապրել օրորվող ալիքների վրա… Ճիշտ ես, Ավետի հարսանիքը հիշեցի: Հիշեցի ու չկարողացա պահել արցունքներս: Այս երգը երգեցի: Տխուր, մելամաղձոտ երգ, որն այդ օրն ինձ համար այլ հնչողություն ձեռք բերեց: տատս էր երգում այս երգը: Չէր երգում, լաց էր լինում, երգի փոխարեն վիշտ էր, տխրություն էր… Արտակ, մի զայրանա ինձ վրա, մի նեղվիր: Ես չեմ կարող չսիրել իմ երեխաներին, ես չեմ կարող վրեժ լուծել նրանցից՝ չզանգելու, չգալու համար: Նրանք մեր երեխաներն են, մեր արյունը, նրանք՝ այդ մենք ենք… Գիշերները երբեմն դուրս եմ գալիս պատշգամբ, նայում բակին ու մտքիս մեջ կանչում եմ՝ Ավե՜տ, Գուրգե՜ն, Նունե՜… տուն եկեք:

Դռների մոտ կանգնած են Ավետը, Գուրգենը, Նունեն: Նրանք միաձայն կանչում են.

ԲՈԼՈՐԸ – Եկել ենք:

Արտակն ու Սիրվարդը շրջվում և նայում են դեպի դուռը:

ՍԻՐՎԱՐԴ – Դու՞ք:

ԱՎԵՏ – Այո: Դու կանչեցիր, մենք էլ եկանք:

Սիրվարդը մոտենում է ամեն մեկին, գրկում ու համբուրում:

ՍԻՐՎԱՐԴ – Շնորհակալ եմ, որ եկաք:

ԳՈՒՐԳԵՆ – Ինչի՞ համար ես շնորհակալ: Մենք պիտի գայինք ու եկանք:

ՆՈՒՆԵ – Մենք պայմանավորվեցինք ու եկանք:

ԱՐՏԱԿ – Իսկ ձեր կարևոր գործե՞րը:

ՍԻՐՎԱՐԴ - (հանդիմանանքով): Արտակ…

ԱՎԵՏ – Ես գիտեմ, որ հայրիկը զայրացած է մեզ վրա: Ոչինչ: Մենք մեղավոր ենք: (Մոտենում է Արտակին, ուզում է գրկել): Կներես, հայրիկ, կներես: (Արտակը ձեռքը բարձրացնում է, ուզում է դնել նրա ուսին, բայց անմիջապես հետ է քաշում):

ԳՈՒՐԳԵՆ - (մոտենում է Արտակին, բռնում նրա թևից): Դու միշտ ասել ես, որ մեծերը փոքրերին պիտի ներեն: Հիմա դու մեզ ներիր:

ՆՈՒՆԵ - (մոտենում է Արտակին, ուսով հենվում): Սագեր, սագեր, տուն եկեք: Ինչի համար: Գայլը սարի հետևն է: Մեզ ի՞նչ կանի: Կկծի: Ի՞նչ գույնի: Սև-սպիտակ, մոխրագույն, դե շուտ վազեք դեպի տուն…

Արտակը մեղմ գրկում է Նունեի գլուխը, նայում դեմքին, ապա շատ նուրբ համբուրում ճակատը:

ՍԻՐՎԱՐԴ – Ինձ համար տեղ չե՞ք բացի:

ԱՎԵՏ - (մոտենում և գրկում է Սիրվարդին): Իհարկե, մայրիկ:

ՍԻՐՎԱՐԴ – Եթե իմանայի, որ կգալու եք, ես պատրաստություն կտեսնեի: Ձեր հայրն էլ չթողեց ամառային դոլման պատրաստեմ:

ԳՈՒՐԳԵՆ – Դու չարչարվելու կարիքը չունես: Մենք ամեն ինչ բերել ենք մեզ հետ: Հիմա վարորդս կգա:

ՆՈՒՆԵ – Ուրեմն, մենք էլ սենյակը կարգի բերենք:

ՍԻՐՎԱՐԴ – Մենք այդքան աթոռ չունենք…

ԱՎԵՏ – Վահիկենց տանից կբերենք:

ՆՈՒՆԵ – Հա, իհարկե: Վահիկը տանը չէ՞:

ՍԻՐՎԱՐԴ – Դուրս է եկել, բայց բանալի կա մեզ մոտ:

ԱՎԵՏ – Ուրեմն, գործի անցնենք:

Ավետը, Գուրգենը դուրս են գալիս: Սիրվարդը պահարանի վրայից վերցնում է Վահիկի տան բանալին և դուրս գալիս: Նունեն ու Արտակը դեռ կանգնած են՝ իրար ամուր հպված:

ՆՈՒՆԵ – Մտքով մի քսան տարի հետ գնացի… Երբ համալսարանից տուն էի դառնում, այսպես գրկում էիր ինձ, հարցուփորձ անում, հետաքրքրվում դասերիս մասին…

ԱՐՏԱԿ – Հայրս տասնմեկ տղա էր ունեցել, ոչ մի աղջիկ: Ամեն անգամ մտածել էր, թե ծնվողը աղջիկ է լինելու… Այդպես էլ մեծացանք՝ քույր չունենալով: Ուստի ես քեզ սիրել եմ և՛ որպես աղջիկս, և՛ որպես քույրս… Դու միշտ ինձ համար մի քիչ ուրիշ ես եղել: Ես սիրել եմ եղբայրներիդ, բայց քեզ առանձնացրել եմ բոլորից: Բայց դու հիմա ոչնչով չառանձնացար նրանցից, այլ կրկնեցիր այն ամենը, ինչը նրանք արել էին արդեն…

ՆՈՒՆԵ – Հասկանում եմ ասածներդ… Բայց, հասկացիր նաև դու, ընտանիք, երեխաներ, հոգսեր… Անընդհատ վազքի մեջ, զվաղվածություն…

ԱՐՏԱԿ – Իմ կյանքում կայիք դուք, ես զբաղված էի ձեզանով, իմ աշխատանքով, բայց երբեք ծնողներիս չէի մոռանում: Գրեթե ամեն օր այցելում էի նրանց, շատ հաճախ գնում էինք բոլորով միասին… Ես հեռակա պապիկ եմ դարձել, հասկացիր: Ես ունեմ թոռներ, որոնց սիրում եմ, սակայն այդ թոռներին չեմ տեսնում, նրանք ինձ չեն տեսնում: Գուցե մի օր փողոցում տեսնեն ու չճանաչեն:

ՆՈՒՆԵ – Ինչե՜ր ես խոսում, մի՞թե այդպես հնարավոր է:

ԱՐՏԱԿ – Այո՛, հնարավոր է: Նրանք օտարացել են, հեռացել: Նրանց համար հիմա այլևս տատիկ ու պապիկ չկան: Մի քիչ դուք կաք, իսկ ավելի շատ՝ իրենց ընկերները, սրճարանները, ակումբները: Նրանք մեզ երևի երբեմն-երբեմն նկարներով են տեսնում:

ՆՈՒՆԵ – Դու անարդար ես, հայրիկ: Քո թոռները քեզ սիրում են, հարգում: Ժամանակ առ ժամանակ զանգում են, որպիսությունդ հարցնում:

ԱՐՏԱԿ – Իմ աշխատանքային նախկին ընկերներն էլ են ժամանակ առ ժամանակ զանգում: Զանգում են նաև նախկին սաներս, որպիսությունս հարցնում, օգնություն առաջարկում: Բայց նրանք իմ թոռները չեն, նրանք իմը չեն… Վահիկն ամեն օր գալիս է մեր տուն, որպիսությունս հարցնում, ապրում է գրեթե մեզ հետ: Ես նրան աշխարհի չափ սիրում եմ, բայց նա իմ թոռը չէ:

ՆՈՒՆԵ – Նա մեր հանգուցյալ հորեղբոր թոռն է՝ ծնված ոչ օրինական կնոջից: Ուրեմն…

ԱՐՏԱԿ – Սուս, չխոսես: Այդ թեման մեր տանը փակված է: Այդ մասին այլևս ոչ ոք չպետք է հիշի: Նա մերն է՝ որպես հարևան, որպես իմ թոռների հետ մեծացած թանկ ու սիրելի Վահիկ, որպես արյունակից, որպես իմ թոռ:

Ուրախ աղմուկով գալիս են Գուրգենն ու Ավետը: Նրանք բերում են աթոռներ ու շարում սեղանի շուրջ: Գալիս է նաև Սիրվարդը՝ իր հետ բերելով սկուտեղ՝ ափսեներով:

ԱՎԵՏ – Գուրգեն, վարորդդ ի՞նչ եղավ:

ԳՈՒՐԳԵՆ – Հիմա կմոտենա: Դու չգիտե՞ս, որ նա սիրում է ամբողջ քաղաքում պտտվել, նոր հասնել նշանակված վայր:

ՆՈՒՆԵ – Ես էլ օգնեմ մայրիկին:

ՍԻՐՎԱՐԴ – Իհարկե, խոհանոցից բեր դանակներն ու պատառաքաղները, բաժակները: Գուրգեն, իսկ ի՞նչ ենք ուտելու:

ԳՈՒՐԳԵՆ – Ամեն ինչ:

Դռների մոտ հայտնվում է կարճահասակ, բայց թիկնեղ մի երիտասարդ՝ մոտ 25 տարեկան: Նա բեռնավորված է պայուսակներով, մի կերպ է դիմանում ծանրությանը: Վարորդն է՝ Հայրիկ անվամբ:

ԳՈՒՐԳԵՆ - (տեսնելով Հայրիկին՝ մոտենում է): Եկա՞ր, Հայրիկ:

ԱՐՏԱԿ – Ե՞ս:

ԳՈՒՐԳԵՆ - (ծիծաղելով): Դե չէ, հայրիկ: Խոսքս Հայրիկի մասին է, այս քաջ երիտասարդի:

ԱՐՏԱԿ – Հասկացա, անունդ Հայրիկ է:

ՀԱՅՐԻԿ – Այո: Հայրիկ Առուստամյան: Պապս Հայրիկ Խրիմյանի մեծ երկրպագուն է եղել, դրա համար էլ անունս Հայրիկ է դրել:

ԱՐՏԱԿ – Որտեղացի՞ ես:

ՀԱՅՐԻԿ – Ծնվել եմ Ստեփանակերտում:

ԱՐՏԱԿ - Բա ինչու՞ ես վարորդ աշխատում:

ՀԱՅՐԻԿ – Համալսարանն ավարտեցի, աշխատանք չգտա: Կիբեռնետիկ եմ:

ԱՐՏԱԿ – Ոչինչ, աշխատանք կունենաս, չմտածես:

ԱՎԵՏ – Լավ, տեսնենք ինչեր ես բերել:

ՀԱՅՐԻԿ – Ինչ-որ պատվիրել է պարոն Սիմոնյանը:

Բոլորով միահամուռ կերպով սկսում են զբաղվել սեղանի ձևավորմամբ: Այս ընթացքում խոսում է միայն Սիրվարդը՝ հուշելով ուտեստները որտեղ տեղավորել: Երբ ամեն ինչ պատրաստ է, Սիրվարդը դիմում է բոլորին:

ՍԻՐՎԱՐԴ – Կեցցեք, հրաշալի սեղան պատրաստեցիք: Դե հիմա նստենք: Երեք-չորս:

Բոլորը տեղեր են զբաղեցնում սեղանի մոտ: Սիրվարդը և Հայրիկը մնում են կանգնած:

ԱՎԵՏ – Դու ինչու՞ չես նստում, մա: Իսկ դու՞, Հայրիկ:

ՀԱՅՐԻԿ – Ես գնամ, դեռ գործեր ունեմ: Հետո կզանգեք, կգամ…

ՍԻՐՎԱՐԴ – Նստիր, տղաս: Գործերը կսպասեն:

Հայրիկը նստում է:

ՍԻՐՎԱՐԴ – Ինձ մի բաժակ գինի տվեք: (Ավետն անմիջապես գինի է լցնում և տալիս Սիրվարդին): Այսօր ձեր հայրը և ես շատ ուրախ ենք ու երջանիկ: Շնորհակալություն, որ եկաք: Չընդհատեք ինձ, խնդրում եմ: Այո՛, շնորհակալություն, որ եկաք: Մենք վաղուց էինք սպասում այս պահին, այս օրվան: Ամեն երեկո նստում էինք սեղանի շուրջ ու նայում դռանը: Մենք ուզում էինք, որ մեր երեկոն լցվեր ձեզանով, ձեր ներկայությամբ, մենք ուզում էինք մի վերջին անգամ մեր սիրելի ու հին տանը հավաքվեինք միասին, նաև հրաժեշտ տաինք այս տանը, ուր դուք ծնվել եք, մեծացել, իսկ հետո հեռացել եք թռչունների նման՝ ամեն մեկդ ձեր բույնը ստեղծելով… Չեք եկել, զբաղված եք եղել… Հիմա եկել եք: Մեկ անգամ ևս շնորհակալություն…

Դռան մոտ հայտնվում է Վահիկը, նա չի նկատել ներկաներին:

ՎԱՀԻԿ - (բարձր): Ես եկա: (Նկատում է ներկաներին): Վայ, բոլորդ այստեղ եք: Կներեք, ես գնամ մեր տուն:

ԱՐՏԱԿ – Սա նաև քո տունն է, Վահիկ: Նստիր:

ՍԻՐՎԱՐԴ – Վահիկն էլ եկավ, ուրեմն ինչ-որ չափով մենք բոլորս այստեղ ենք… Շուտով, շատ շուտով այս տունն էլ չի լինի: Կքանդեն, որպեսզի էլիտար շենք կառուցեն՝ նոր ու հարուստ բնակիչներով, իսկ մենք հավանաբար քաղաքի ինչ-որ ծայրամասում կապրենք, ձեզանից ավելի հեռու:

ԱՎԵՏ – Ես ձեզ համար քաղաքի կենտրոնում բնակարան կգտնեմ, չմտածեք:

ՍԻՐՎԱՐԴ – Չենք մտածում, գիտենք, որ մեզ փողոցում չեք թողնի, կմտածեք մեր մասին: Եկեք այսօր բոլորս ուրախ լինենք ու ուրախությամբ բաժանվենք մեր հին տնից:

ՆՈՒՆԵ – Իմ շատ սիրելի տնից:

ԳՈՒՐԳԵՆ – Ես էլ եմ շատ սիրում այս տունը:

ԱՎԵՏ – Երբեմն երազումս տեսնում եմ մեր բակն ու մեծ թթենին: Բարձրանում եմ ծառի վրա և կախվում ճյուղերից…

ԳՈՒՐԳԵՆ – Զգույշ եղիր, հիմա դու շատ ես մեծացել, ճյուղը կարող է կոտրվել…

Ներս է մտնում Ճաղատ մարդը՝ ափսեն ձեռքին: Լուռ կանգնում է դռան մոտ: Բոլորը նայում են նրան: Ներս է մտնում Բարձրահասակ մարդը և նույնպես կանգնում դռների մոտ: Արտակը ոտքի է կանգնում: Այդ պահին ներս է մտնում Գիրուկ տիկինը և դարձյալ կանգնում դռների մոտ:

ԱՎԵՏ – Դուք ո՞վ եք:

ԵՐԵՔՈՎ – Մենք ենք, եկանք…


ՎԵՐՋ ԱՌԱՋԻՆ ՄԱՍԻ




ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ


Բոլորը նստած են սեղանի շուրջ: Կանգնած է Արտակը:

ԱՎԵՏ – Դուք ո՞վ եք:

ԵՐԵՔՈՎ – Մենք ենք, եկանք…

ԳՈՒՐԳԵՆ – Իսկ դուք ո՞վ եք, որ եկաք:

ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ – Կարծում էի, թե հատկապես դուք ինձ կհիշեիք:

ԳՈՒՐԳԵՆ – Ե՞ս:

ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ – Այո, դուք, չէ՞ որ ես ձեզ մոտ եղել եմ:

ԳՈՒՐԳԵՆ – Կներեք, բայց չեմ հիշում… Դա ե՞րբ է եղել:

ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ – Մի՞թե այս տարիքում մոռացկոտ եք դարձել:

ԱՎԵՏ – Լավ, տիկին, կարևոր չէ, թե երբ եք եղել եղբորս մոտ: Այսօր մեզ մոտ ընտանեկան տոնախմբություն է, ընտանեկան ընթրիք: Խնդրում եմ ձեր ուղեկիցների հետ գնաք և գաք մեկ ուրիշ անգամ: Կամ պայմանավորվեք եղբորս հետ հանդիպել մեկ ուրիշ օր:

ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ ՄԱՐԴ – Կներեք, բայց մենք տիկնոջ ուղեկիցները չենք: Ես անձամբ այս տիկնոջն առաջին անգամ եմ տեսնում:

ՃԱՂԱՏ ՄԱՐԴ – Ես նույնպես նրան առաջին անգամ եմ տեսնում: Իսկ ձեզ մոտ, պարոն Սիմոնյան, արդեն մի սռիթով եղել եմ:

ԱՎԵՏ – Դե, ինձ մոտ տարբեր առիթներով այնքա՜ն մարդ է լինում: Ի վերջո, փոխնախարար եմ, բարձրաստիճան պաշտոնյա: Եթե ինձ հետ հըարցեր ունեք, ես ընդունելություն կնշանակեմ, եկեք:

ՃԱՂԱՏ ՄԱՐԴ – Բայց մենք ոչ թե ձեր, այլ այս հարգարժան տիկնոջ և նրա զայրացկոտ ամուսնու մոտ ենք եկել:

ԱՐՏԱԿ – Դարձյա՞լ դուք խոսեցիք: Չէ՞ որ ես ձեզ պատվիրեցի ափսեի հետ միասին չքվել:

ՃԱՂԱՏ ՄԱՐԴ – Գիտեք, իմ դաստիարակությունը թույլ չի տալիս վերցնել մարդկանց ունեցվածքն ու հեռանալ: Նախ, ուզում եմ վերադարձնել ափսեն:

ԱՐՏԱԿ – (Նունեին): Խնդրում եմ, Նունե, վերցրու այդ մարդու ձեռքին ափսեն, ու թող հեռանա:

Նունեն մոտենում է Ճաղատ մարդուն:

ՍԻՐՎԱՐԴ - (Գիրուկ կնոջը): Մենք ձեզ հետ էլ այլևս խոսակցություն չունենք:

ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ – Ինչպես հասկացա, ներկաները ձեր որդիներն ու դուստրն են: Իսկ ավելի լավ չի՞ լինի, եթե պարզ ու հստակ խոսակցություն ծավալենք այստեղ:

ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ ՄԱՐԴ – Տիկին, գուցե դուք մեկ ուրիշ անգամ գաք այստեղ ձեր խոսակցությունը ծավալելու: Մի մոռացեք, որ ես ավելի կարևոր գործ ունեմ և ներկայացնում եմ ,,Ապագա,, համատիրության նախագահի շահերը:

ՃԱՂԱՏ ՄԱՐԴ – Ես էլ ներկայացնում եմ կրծողների իրավունքների պաշտպանության շահերը:

ՎԱՀԻԿ – Կրծողների իրավունքնե՞ր… Այ քեզ բա՜ն…

ԱՐՏԱԿ – Հեռացեք բոլորդ, թողեք ես վայելեմ իմ զավակների ներկայությունը: Ձեզ ո՞վ է իրավունք տվել մխրճվել իմ կյանք և խանգարել ամեն ինչ: Դուրս կորե՛ք այստեղից:

ՍԻՐՎԱՐԴ - (Արտակին): Խնդրում եմ, հանգստացիր: Այս մարդիկ հիմա կհեռանան, մեզ այլևս չեն խանգարի:

ՀԱՅՐԻԿ – Թե պետք է, նստեցնեմ մեքենաս ու տանեմ՝ ուր հարկն է:

ԳՈՒՐԳԵՆ – Հայրիկ, դու մնա քո տեղում: (Բարձրանում է նստած տեղից և մոտենում եռյակին): Պարոնայք և տիկին: Մենք կիրթ, անգամ քաղաքակիրթ մարդիկ ենք, մեզ բոլորիս սովորեցրել են, որ չի կարելի խանգարել մարդկանց, խախտել համակեցության կանոնները: Եթե դուք հաճելի չեք մեր ծնողներին, ապա հաճելի չեք նաև մեզ: Եթե մեր ծնողները չեն կամենում շփվել ձեզ հետ, ուրեմն նրանց որոշումը վիճարկման ենթակա չէ: Եթե հարցեր ունեք, խնդրեմ, վաղը եկեք իմ գրասենյակ, կխոսենք, կքննարկենք:

ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ ՄԱՐԴ – Բայց ինչու՞ վաղը… Ձեր ծնողները չեն կամենում ընդունել մի շատ հետաքրքիր և մարդասիրական գործարք: Ես հասկանում եմ նրանց, նրանք հին մտածողության, խորհրդային դաստիարակության մարդիկ են: Իսկ քանի որ դուք այստեղ եք, ավելի լավ է, հենց ձեզ հետ էլ քննարկում ծավալենք: Գուցե դուք ավելի լավ կհասկանաք ինձ:

ԱՐՏԱԿ – Ոչ մի քննարկում: Ոչ մի խոսակցություն: Դու՜րս:

ՆՈՒՆԵ – Հայրիկ, քեզ չի կարելի շատ հուզվել: Խնդրում եմ, հանգստացիր: (Մոտենում է Բարձրահասակ մարդուն): Ես կարող եմ ոստիկան կանչել, քանի որ խանգարում եք իմ ծնողների անդորրը:

ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ ՄԱՐԴ – Ես ոչ մի անդորր էլ չեմ խանգարում: Լավ, թող ձեր ուզածով լինի: (Գուրգենին): Դու՞ք եք ավագը:

ԱՎԵՏ – Ավագը ես եմ:

ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ ՄԱՐԴ – Ուրեմն, հենց ձեզ հետ էլ կվարեմ բանակցություններ: Դուք այցեքարտ ունե՞ք:

ԱՎԵՏ - (հանում է դրամապանակը, նրա միջից դուրս բերում այցեքարտը, պարզում Բարձրահասակ մարդուն): Վերցրեք: Վաղը զանգահարեք ինձ:

ՍԻՐՎԱՐԴ – Ոչ վաղը, ոչ մյուս օրը: Պետք չէ, Ավետ: Ես քեզ կբացատրեմ այս մարդու ցանկությունը:

ԱՎԵՏ – Մայրիկ, ավելի լավ է՝ ես խոսեմ նրա հետ և պարզեմ ամեն ինչ:

ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ ՄԱՐԴ - (վերցնում է այցեքարտը): Շնորհակալություն, ես ձեզ անպայման կզանգեմ և կգամ: Խնդիրը շատ կարևոր է, հրատապ և ճակատագրական: (Դառնում է դեպի Գիրուկ տիկինը): Ես կարող եմ ձեզ ուղեկցել, մեքենայով եմ:

ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ – Շնորհակալություն, կարող եք հանգիստ գնալ: Ես էլ եմ մեքենայով:

ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ ՄԱՐԴ – Ուրեմն, բարի գիշեր և նոր հանդիպում:

ԱՐՏԱԿ – Հույս ունեմ, որ այլևս ձեր ոտքն իմ տանը չեմ տեսնի…

ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ ՄԱՐԴ – Հուսանք… (Գնում է:)

ՍԻՐՎԱՐԴ - (Ճաղատ մարդուն): Ես ձեզ սեղանի մոտ չեմ հրավիրում, որովհետև այստեղ իմ ընտանիքն է, իմ երեխաները… Բարի գիշեր ասե՞մ:

ՎԱՀԻԿ – Փողոցում կարող մութ լինել, ես ձեզ կօգնեմ, որ գտնեք ճանապարհը…

ՃԱՂԱՏ ՄԱՐԴ – Բայց ես գնալու որևէ տեղ չունեմ… Ինձ վռնդել են հանրակացարանից, հարևաններս ինձ հետ չեն հաշտվում, չեն բարևում…

ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ – Թուհ… Եվ այս բոմժի հետ ես կանգնած եմ միևնույն հարթակի վրա:

ՆՈՒՆԵ – Ի՞նչ հարթակի:

ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ – Դե նա էլ է հավակնում…

ԱՎԵՏ – Ինչի՞ն է հավակնում:

ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ – Երբ ես հեռացա այստեղից, իրականում՝ չհեռացա: Տեսա այս մարդու գալը, ապա լսեցի, թե նա ինչպես էր մեկի հետ հեռախոսով խոսում և պատմում այս տան հանդեպ իր հավակնությունների և ցանկությունների մասին:

ԳՈՒՐԳԵՆ – Ինչպե՞ս թե այս տան հանդեպ իր հավակնությունների..

ՍԻՐՎԱՐԴ – Այո, Գուրգեն, այս մարդը եկել և խնդրում էր, որպեսզի իրեն գրանցենք մեր տանը, որ մեզ հետ բնակարան ստանա և այնտեղ բացի իր կրծողների հանրակացարանը:

ԱՎԵՏ - (փռթկացնում է): Հիմա հիշեցի այս մարդուն… Ախր, այս մարդը հոգեբուժարանում է ապրում, նրան անընդհատ բժիշկները փնտրում են, տանում հոգեբուժարան, իսկ նա նորից փախչում է:

ԱՐՏԱԿ – Հայրիկ, այս մարդուն կտանե՞ս հոգեբուժարան:

ՃԱՂԱՏ ՄԱՐԴ – Ոչ, ոչ, պետք չէ, խնդրում եմ, ինձ ոչ մի տեղ մի տարեք: Թողեք մնամ ձեզ մոտ այս գիշեր:

ԳՈՒՐԳԵՆ – Այստեղ նեղվածք է, քնելու տեղ չկա: Ես ձեզ հիմա մեր տուն կուղարկեմ, այնտեղ կքնեք, լա՞վ:

ՃԱՂԱՏ ՄԱՐԴ – Միայն մի պայմանով, որ առավոտյան ինձ նորից այստեղ բերեք, որպեսզի շարունակեմ բանակցությունները:

ԳՈՒՐԳԵՆ – Իհարկե, անպայման:

Մոտ է կանչում Հայրիկին, ականջին ինչ-որ բան փսփսում, գրպանից փող է հանում և տալիս նրան:

ՀԱՅՐԻԿ – Գնանք, կրծողների իրավապաշտպան:

ՃԱՂԱՏ ՄԱՐԴ – Ես ձեզ հրաժեշտ չեմ տալիս: Մինչ վաղը: (Հայրիկի հետ դուրս է գալիս):

ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ – Ես հիմա կարո՞ղ եմ ազատ խոսել:

ԱՎԵՏ – Դու՞ք էլ մեր տան նկատմամբ հավակնություններ ունեք:

ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ – Ոչ թե հավակնություններ, այլ շահավետ գործարք եմ առաջարկում ձեր ծնողներին:

ՆՈՒՆԵ – Տիկին, շատ եմ խնդրում ձեզ, դուք էլ գնացեք: Թողեք մենք մեր ընտանիքով լինենք: Թողեք ձեր հեռախոսահամարը, եթե պետք եղավ, կզանգենք ձեզ:

ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ – Ինչու՞ հետո զանգեք, եթե հիմա կարելի է հանգիստ զրուցել ու քննարկել:

ԱՎԵՏ – Շատ կարճ ասեք ձեր խնդիրը:

ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ – Շատ կարճ գուցե չստացվի, բայց փորձեմ: Ես հասկանում եմ, որ դուք ընտանիքով հավաքվել եք… Սա ամենաերջանիկ պահն է ցանկացած ընտանիքում: Մի ժամանակ մենք էլ էինք հավաքվում, սակայն հետո ամեն մեկս մի տեղ գնաց, ու ընտանիքը քանդվեց…

ԱՎԵՏ – Ես ձեզ խնդրեցի՝ կարճ:

ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ – Դե ես կարճ եմ խոսում: Ես ձեր ծնողներին առաջարկում եմ այս տունը վաճառել ինձ:

ՆՈՒՆԵ – Վաճառե՞լ, ինչպե՞ս: Չէ որ այս տունը մի քանի օր հետո քանդելու են:

ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ – Ամեն ինչ անում եմ ես, ձեր ծնողներն ընդամենը տալիս են իրենց համաձայնությունը, ես նրանց որոշակի գումար եմ տալիս և վերջ:

ԱՐՏԱԿ – Ես ձեզ ասացի, որ նման ապօրինության երբեք չեմ գնա:

ԱՎԵՏ – Հայրիկ, սպասիր, տեսնենք, թե այս տիկինն էլ ի՞նչ է ասելու:

ԱՐՏԱԿ – Նա ոչինչ էլ չի ասում: Եթե ես լսեմ նրան, ապա առնվազն բանտում կհայտնվեմ:

ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ – Դուք չափազանցնում եք: Ես ամեն ինչ վերցնում եմ ինձ վրա, դուք վաճառում եք այս տունն ինձ: Ես ամեն ինչ ձևակերպել եմ տալիս հետին թվով... Ասենք, վաճառել եք երեք տարի առաջ... Ես դա կարող եմ անել, հավատացեք:

ԳՈՒՐԳԵՆ – Ասենք, հավատացինք: Այդ դեպքում, ու՞ր են գնալու իմ ծնողները: ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ – Ես նրանց գումար եմ առաջարկում: Կարծում եմ, որ այս տան իրացումից հետո էլ նրանց գումար կտան, քանի որ հիմա բնակարան չեն տալիս: Քաղաքապետարանի տված գումարով ձեր ծնողներն անգամ ծայրամասում մի սենյականոց բնակարան չեն կարողանա գնել, իսկ գումարները միավորելով՝ կարող են կենտրոնում շատ լավ բնակարան ունենալ...

ԱՎԵՏ – Կներեք, իսկ ո՞վ է կանգնած ձեր թիկունքին: Այսինքն, ձեր տանիքն ո՞վ է:

ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ – Իմ տանիքն իմ փողերն են: Ես ում էլ տամ այնքան, ինչքան պետք է, իմ բոլոր գործերը կանեն:

ՆՈՒՆԵ – Իմ ծնողները շատ ազնիվ մարդիկ են, նրանք ողջ կյանքում որևէ ապօրինի բան չեն արել...

ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ – Ես դա նկատեցի:

ԱՎԵՏ – Իսկ ինչքա՞ն գումար եք առաջարկում ծնողներիս:

ՍԻՐՎԱՐԴ - (սաստող): Ավե՛տ:

ԱՎԵՏ – Ի՞նչ Ավետ: Գուցե տիկինը շատ շահավետ գործարք է առաջարկում:

ՎԱՀԻԿ - (ոտքի է կանգնում): Ես գնամ տուն:

ԱՐՏԱԿ – Նստիր, դու տանն ես: Կարող է այս խոսակցությունը քեզ համար էլ հետաքրքիր լինել: Ի՞նչ շահավետություն ես ուզում իմանալ, Ավետ:

ԱՎԵՏ – Հայրիկ, հանգիստ լսիր: Տիկնոջ ասածի մեջ ինչ-որ ճշմարիտ բան կա: Ձեզ մի այնպիսի չնչին գումար կտան, որով ծայրամասում էլ դժվար կլինի մի սենյականոց բնակարան ձեռք բերել:

ԳՈՒՐԳԵՆ – Կարծես ինձ համար էլ է գայթակղիչ դառնում այս խոսակցությունը:

ԱՐՏԱԿ – Մենք ծայրամասում էլ կապրենք, մեր ինչի՞ն է պետք կենտրոնը: Մեզ կարճ կյանք է մնացել: Միևնույն չէ, թե որտեղ կապրենք:

ԱՎԵՏ – Բայց մեզ համար միևնույն չէ: Ի՞նչ կասեն իմ ընկերները, շրջապատը, եթե իմանան, որ ծնողներս ծայրամասում են ապրում:

ԱՐՏԱԿ – Իսկ ի՞նչ են ասում քո ընկերներն ու շրջապատը, որ ամիսներով չես զանգում, հյուր չես գալիս:

ՍԻՐՎԱՐԴ – Արտակ, այստեղ կողմնակի մարդ կա…

ԱՐՏԱԿ – Լավ: Իսկ բնակարանի խնդիրը եկեք փակենք ու տիկնոջն էլ ճանապարհ դնենք:

ՆՈՒՆԵ – Երևի այնքան էլ կարևոր չէ, թե մեր ծնողները որտեղ կապրեն: Անհրաժեշտ եղավ, մենք ամեն ինչով կօգնենք:

ԱՎԵՏ – Բայց ինչու՞ հրաժարվել հետաքրքիր գաղափարից: Չէ՞ որ այս տիկինը լուծում է բոլոր խնդիրները: Ինչու՞ չօգտվել: Ի վերջո, հետո այդ բնակարանը պապիկն ու տատիկն իրենց թոռներից մեկին կնվիրեն: Վա՞տ կլինի, որ թոռներից մեկն ապրի կենտրոնում…

ԱՐՏԱԿ – Ուրեմն, դու ոչ թե մեր, այլ թոռների մասին ես մտածում… Իսկ ի՞նչ կասեն մարդիկ, երբ իմանան, որ ես գործարքի մեջ եմ մտել: Իսկ եթե այս ամենի մասին իմանան դատախազությունում, ոստիկանությունում…

ԱՎԵՏ – Հայրիկ, հերիք է ապրես այդ պատկերացումներով: Այսօր քո ասած դատախազությունները, ոստիկանությունը, պետական կառույցները թաղված են ստի ու կեղծիքի, խարդախությունների մեջ: Շուրջդ նայիր: Դու մնացել ես քո ազնիվ ու ռոմանտիկ ժամանակներում:

ՍԻՐՎԱՐԴ – Ավետ, վերջ տուր, խնդրում եմ:

ԱՐՏԱԿ – Թող խոսի, թող ասի այն ամենը, ինչ մտածում է: Ես խնդիր չեմ տեսնում: Ես իմ ազնվությամբ ու ռոմանտիզմով եմ դաստիարակել բոլորիդ: Դրա համար էլ ձեր մասին չեն ասում, որ գող եք ու թալանչի, որ կաշառքներով եք հասել ձեր ներկա վիճակին: Գուրգենը փոխնախարար է դարձել ոչ անազնիվ ճանապարհով: Ու հետևում և լսում եմ, որ նրա մասին չեն գրում, չեն քննադատում: Սա է իմ ազնվության ու ռոմանտիզմի հետևանքը:

ԱՎԵՏ – Շատ հին ու հնացած խոսակցություն, գրեթե բոլորի տներում հնչող, արդեն միալար դարձող: Լավ, հայրիկ, իսկապես թողնենք այս ամենը: Եթե դու դեմ ես, մենք քեզ չենք պարտադրում, չենք ստիպում: Չնայած, որևէ վատ բան չկա տիկնոջ առաջարկության մեջ: Նա է կրում պատասխանատվությունը: Իսկ արդյոնքում շահում ես դու, շահում է մայրիկը: Դու ասում ես, որ կենտրոնը կարևոր չէ: Բայց ողջ կյանքում դու այստեղ ես ապրել, ամեն ինչին մոտ, երեկոները գոնե մայրիկի հետ հրապարակ եք գնում, նստում շատրվանների մոտ, թատրոններ եք գնում: Իսկ ծայրամասում պիտի փակվեք ձեր բնակարանում, ապրեք պարփակված կյանքով:

ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ – Ես էլ եմ դա ասում: Ինձ համար փողն արժեք չունի: Ես ամեն ինչի պատրաստ եմ, միայն թե հնարավոր լինի գրանցվել: Ես էլ ունեմ հարցեր, որոնք ուզում եմ լուծել:

ՆՈՒՆԵ - (Գիրուկ տիկնոջը): Մենք եկել էինք մեր ծնողների հետ ուրախանալու, իսկ դուք ահա եկաք ու ամեն ինչ խառնեցիք իրար:

ՍԻՐՎԱՐԴ – Լավ, ոչինչ: Տիկինը սխալվեց, նա հիմա կգնա, ու մենք կկարողանանք շարունակել մեր ուրախությունը:

ԳՈՒՐԳԵՆ – Տիկին, ձեր առաջարկությունը որևէ վատ բան չի պարունակում իր մեջ մարդկային առումով: Դուք էլ կամենում եք բնակարան ստանալ, ինչ-որ հարցեր լուծել: Բայց եթե ձեզ համար փողը խնդիր չէ, ինչու՞ եք հատկապես ուզում քանդվող տան դիմաց բնակարան ստանալ: Ձեր փողերով գնեք բնակարան Հյուսիսային պողոտայում կամ էլ մեկ ուրիշ էլիտար թաղամասում:

ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ – Իմ խնդիրը… Իմ խնդիրը… այս տարածքը գնողի հետ է:

ԱՎԵՏ – Չհասկացա:

ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ – Շատ խճճված ու բարդ հարց է: Եթե ես սկսեմ պատմել, ձեր ամբողջ երեկոն կխլեմ ձեզանից:

ԳՈՒՐԳԵՆ – Երևի ուզում եք ինչ-որ բանի համար վրեժխնդիր լինել…

ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ – Եկեք չխորանանք: Ես ասացի այն, ինչ պիտի ասեի: Իսկ հիմա իսկապես գնամ: Մտածեք: Եվ փորձեք որոշում կայացնել իմ առաջարկության օգտին: Եթե խնդրեմ, երիտասարդն ինձ չի՞ ուղեկցի:

ՎԱՀԻԿ - (կանգնում է): Ե՞ս:

ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ – Այո:

ՎԱՀԻԿ – Շատ լավ, իհարկե, կուղեկցեմ:

ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ – Դե, մնացեք խաղաղությամբ:

Վահիկն ու Գիրուկ տիկինը դուրս են գալիս: Տիրում է լռություն:

ՆՈՒՆԵ – Գոնե մեր դաշնամուրը լիներ… Նվագեի մայրիկի սիրած Պոլոնեզը:

ՍԻՐՎԱՐԴ – Մենք ոչինչ չենք ուտում, մենք չենք ուրախանում:

ՆՈՒՆԵ – Եղբայրիկներս անցան հաշվարկների գիրկը… Տղաներ, մոռացեք այդ կնոջն էլ, իր խոստացած փողերն էլ: Եկեք ուրախանանք: Իսկ նրա ասածների մասին հետո կմտածեք:

ԳՈՒՐԳԵՆ – Իհարկե, ուրախանանք: Չէ՞ որ վաղուց մեր ծնողների մոտ չենք եղել: Հիշում եմ, իններորդ դասարանում մեզ շարադրություն էին հանձնարարել գրել՝ ,,Ես հյուր եմ գնում ծնողներիս,, թեմայով: Չէի կարողանում գրել, որովհետև չէի պատկերացնում, թե ինչպես կարելի է ծնողներին հյուր գնալ: Բնությունը ստեղծել է ծնողներին ու զավակներին, որպեսզի միասին ապրեն ու ընտանիք լինեն: Հենց այդպես էլ գրեցի: Հիմա հասկացա, որ կարելի է ծնողներին հյուր գնալ… Երևի որևէ վատ բան չկա դրա մեջ…

ՍԻՐՎԱՐԴ – Դու միշտ չէիր սիրում տանից դուրս գալ, Ավետը միշտ բակում խաղում էր, իսկ դու գալիս ու նստում էիր կողքիս: Մի անգամ հարցրեցի, թե ինչու՞ դուրս չես գալիս, ասացիր. ,,Վախենում եմ դուրս գամ, դուք գնաք տանից,,…

ԱՎԵՏ – Ստացվում է, որ ես միշտ բացասական կերպար եմ եղել, իսկ Գուրգենը եղել է շատ դրական…

ՆՈՒՆԵ – Բացասական չես եղել, բայց շատ չար էիր, սիրում էիր քո խոսքն առաջ տանել:

ԱՎԵՏ – Ուրեմն, մանկուց սկզբունքային եմ եղել…

ԱՐՏԱԿ – Քո սկզբունքներին հիմա էլ չդավաճանեցիր:

ԱՎԵՏ – Ինչու՞:

ԱՐՏԱԿ – Սկսեցիր համաձայնել, հաշվարկներ անել:

ԱՎԵՏ – Չեմ կարծում, թե դատապարտելի էր մոտեցումս: Կարծում եմ, որ դու էլ պիտի այդպես վարվես: Գտնվել է մեկը, որը ահռելի գումար է տալիս այս ավերակին: Դու պիտի միայն ուրախ լինես: Այդ գումարը պետք է քեզ, հայրիկ, մայրիկին է պետք: Կգնաք ծայրամաս, դժվար կլինի գալ ձեզ մոտ, իսկ դուք այն տարիքում եք, որ ամեն րոպե կարող է հիվանդանաք:

ԱՐՏԱԿ – Իսկ մի՞թե այսքան ժամանակ եկել ես: Քեզ համար մեկ չէ, թե մենք որտե՞ղ կապրենք:

ԱՎԵՏ – Ոչ, մեկ չէ: Այո՛, չենք եկել, բայց իմացել ենք, որ մեզանից հեռու չեք, որ ցանկացած պահի կհասնենք ձեզ:

ՍԻՐՎԱՐԴ – իսկ եթե այդ կինը չհայտնվեր ու գումար չառաջարկեր, դուք կմտածեի՞ք, որ մենք ծայրամասում ենք ապրելու:

ԱՎԵՏ – Ի՜նչ արած, եթե այլ ելք չկար, կհամակերպվեինք:

ՍԻՐՎԱՐԴ – Դե հիմա էլ համակերպվեք:

ԱՐՏԱԿ – Իսկ ինչու՞ դու չես առաջարկում քո միջոցներից ինչ-որ գումար մեզ տրամադրելու և կենտրոնում բնակարան գնելու մասին:

ԱՎԵՏ – Դե... գիտեք... Ես, այո, իմ գրասենյակն ունեմ, իմ բիզնեսը, բայց դա չի նշանակում, թե ես շատ լավ եմ ապրում, թե ունեմ այն փողերը, որ կարող եմ նոր բնակարան գնել... Ընտանիք, երեխաներ...

ՆՈՒՆԵ – Իսկ Աղվերանում քո գնած ամառանո՞ցը:

ԱՎԵՏ – Ի՞նչ ամառանոցը... Մի՞թե իրավունք չունեմ մի փոքրիկ ամառանոց ունենալ, երբ շատերն արտասահմաններում վիլլաներ ունեն... Կարծեմ, դուք ալ վատ չեք ապրում, քո ամուսինն էլ սկսել է շատ լավ վաստակել:

ՆՈՒՆԵ – Ի՞նչ ես կարծում, ես պիտի ամուսնուցս փող խնդրեմ, որ ծնողներիս համար բնակարա՞ն գնեմ:

ԳՈՒՐԳԵՆ – Ինչ կա որ... Չէ՞ որ մայրիկն իր ամբողջ ոսկեղենը, հուշանվերները, անգամ պարգևները վաճառեց, որպեսզի օգնի քեզ ու ամուսնուդ:

ԱՐՏԱԿ - (զարմացած): Իսկ ես կարծում էի, թե միայն ադամանդյա մատանին է վաճառել: Սիրվարդ, ու դու ինձ ոչինչ չես ասել:

ԱՎԵՏ – Ոչ միայն դրանք: Նաև ոսկյա ժամացույցը, որպեսզի հեռավոր գյուղից եկած մեկը կարողանա ինտեգրվել մայրաքաղաքի կյանքին, իր ներկայությունը հաստատի մայրաքաղաքի կյանքում...

ՆՈՒՆԵ – Ես քեզ իրավունք չեմ տվել այդպես խոսել Գարեգինի մասին:

ԱՎԵՏ – Պահ... Պաշտպան կանգնեց: Ամբողջ կյանքում ծնողներիս հաշվին, քո չարչարանքի հաշվին կարողացավ ինքնահաստատվել: Հիմա էլ թող մի փոքրիկ ներդրում անի: Գյուղում տուն ունի, հողատարածքներ ունի, Աջափնյակում կարողացել է խանութ գնել...

ԳՈՒՐԳԵՆ – Էլ չեմ խոսում մեքենաների վաճառքի մասին... Բայց միշտ աղքատ Ղազարոսի մաղախն ուսին, միշտ խեղճացած, իբր անօգնական...

ՍԻՐՎԱՐԴ – Ամոթ է, վերջ տվեք: Պառավ կանանց նման անցել եք բամբասանքի:

ԱՎԵՏ – Բամբասանքի չենք անցել, փաստն ենք արձանագրում:

ԱՐՏԱԿ – Մեզ ոչինչ պետք չէ ձեզանից: Մենք կգնանք այնտեղ, որտեղ հնարավոր կլինի բնակարան գնել: Կապրենք մեզ համար: Եթե շատ վատ զգանք, կզանգենք ձեզ: Եթե զբաղված լինեք, ոչինչ, հույս ունենք, որ մեր ամենասիրելի թոռնիկը՝ Լուսինեն կգա ու մեզ կօգնի: Վահիկն էլ կգա մեզ մոտ ու մեզ կօգնի: Մի մտածեք:

ԳՈՒՐԳԵՆ – Դու Վահիկին քո հարազատ թոռներից շատ ես սիրում...

ԱՐՏԱԿ – Ես սիրում եմ նրան այնքան, որքան նա արժե... Նա է իմ կողքին, նա է ինձ ու մորդ օգնում, նա է երեկոները վազում դեղատուն, երբ մեզ դեղ է պետք լինում: Դու երևի չգիտես էլ, որ մորդ արյան ճնշումը շատ բարձր է, որ երբեմն ստիպված ենք լինում շտապ օգնություն կանչել:

ՆՈՒՆԵ – Իսկ ես այդ մասին չգիտեի:

ԱՐՏԱԿ – Ինչու՞ պիտի իմանաս: Մայրդ չի թողնում ձեզ անհանգստացնել: Վահիկին կարելի է քնից հանել, ուղարկել դեղատան, դիմավորելու շտապ օգնության մեքենան, իսկ ձեզ չի կարելի: Դուք պետք է քնից ելնեք, մեքենայի համար բենզին ծախսեք... Վահիկն անծախս օգնական է, մեր կողքին է...

ԳՈՒՐԳԵՆ – Հայրիկ, շատ անարդար ես մեր հարցում: Մի՞թե եթե զանգեք, մենք չենք գա:

ԱՐՏԱԿ – Չեք գա, Գուրգեն, չեք գա... Ես երեք անգամ զանգեցի քեզ, այն էլ՝ ցերեկով... Մայրդ չէր կարողանում ուշքի գալ... Ինձ թվում էր, թե ուր որ է հոգին կավանդի: Դու ասացիր, որ խորհրդակցություն ունես շատ կարևոր: Ավետի քարտուղարուհին ասաց, որ պայմանագիր կնքողներ են եկել, իսկ Նունեն էլ անհասանելի էր... Խորհրդակցությունդ չավարտվե՞ց, մի անգամ չհիշեցի՞ր, որ հայրդ է զանգել...

ԳՈՒՐԳԵՆ – Գործերով տարվեցի ու մոռացա:

ԱՐՏԱԿ - Իսկ Վահիկը չմոռացավ: Համալսարանում դասերը թողեց ու վազեց տուն: Մի ամբողջ գիշեր այդ տղան չքնեց, կողքիս նստած՝ հետևում էր ձեր մոր առողջությանը... Նստեք, սեղանի մոտ նստեք... Եթե խոսենք, ապա անվերջորեն պիտի հիշատակենք այն ամենը, ինչը տեղի է ունեցել... Ավետ, լցրու բաժակները...

ԱՎԵՏ – Նունե, նստիր: Գիտեմ, խռովեցիր, բայց երևի պատք է երբեմն-երբեմն ասել ճշմարտությունը:

ՆՈՒՆԵ – Իսկ քեզ այդ ճշմարտություններն ասող չկա՞:

ՍԻՐՎԱՐԴ – Լռեք բոլորդ էլ...

Բացվում է դուռը, ներս է մտնում Լուսինեն: Ձեռքին փոքրիկ պայուսակ կա, հագնված է շատ ճաշակով՝ ջինսե կապույտ տաբատ, կապույտ վերնաշապիկ...

ԱՐՏԱԿ – Լուսինե՞...

ԼՈՒՍԻՆԵ - (վազում ու գրկում է Արտակին): Եկա քեզ ու տատիկին հրաժեշտ տամ...

ԱՐՏԱԿ – Ինչպե՞ս թե հրաժեշտ տաս:

ԱՎԵՏ - (ելնում է տեղից): Ի՞նչ հրաժեշտի մասին ես խոսում:

ԼՈՒՍԻՆԵ – Ես գնում եմ...

ԳՈՒՐԳԵՆ – Ու՞ր ես գնում, Լուսինե: Չէ՞ որ նոր ես վերադարձել:

ԼՈՒՍԻՆԵ – Նորից Փարիզ եմ գնում: Երեկ նոր հրավեր ստացա: Այս անգամ՝ հավանաբար առմիշտ, սիրելի հորեղբայրս:

ԱՎԵՏ – Իսկ մեզ հետ խորհրդակցել չկա՞:

ԼՈՒՍԻՆԵ – Ես երեկ ամբողջ օրը ուզում էի քեզ հետ խոսել, բայց դու զբաղված էիր, գիշերն էլ շատ ուշ տուն եկար: Ես քնած էի: Կարծում էի, որ մայրիկը քեզ ասած կլինի:

ԱՎԵՏ – Ես առավոտ շուտ դուրս եմ եկել տանից, մորդ չեմ տեսել...

ՍԻՐՎԱՐԴ – Ու դու ծնող ես, Ավետ... Եկ, համբուրեմ քեզ, անուշ Լուսինես:

ԼՈՒՍԻՆԵ - (գրկում է Սիրվարդին): Ձեզ ամուր ու պինդ կպահեք, չհիվանդանաք: Հենց տեղավորվեմ, կզանգեմ ձեզ...

ՍԻՐՎԱՐԴ – Որտե՞ղ ես զանգելու... Մենք դեռ չգիտենք, թե որտե՞ղ ենք ապրելու...

ԼՈՒՍԻՆԵ – պապիկի բջջայինին կզանգեմ... (Պայուսակից արագ հանում է մի հեռախոս ու տալիս Սիրվարդին): Սա քեզ մոտ կպահես, տատիկ: Ես քեզ այս համարով կզանգեմ:

ԱՐՏԱԿ – Հիմա՞ ես գնում:

ԼՈՒՍՒՆԵ – Մի քանի ժամ հետո... Ինքնաթիռն առավոտյան ժամը հինգին է թռչում:

ՆՈՒՆԵ – Իսկ գուցե ճիշտ չես որոշոլ... Մեծ քաղաք, անծանոթ մարդիկ... Դու Երևանում էլ կարող ես քեզ համար կարիերա ստեղծել:

ԼՈՒՍԻՆԵ - (մոտենում է Նունեին ու գրկում նրան): Հորաքույրս... Տարիներն անցնում են, իսկ ես մնում եմ տեղում... Առաջ նայել է պետք, առաջ գնալ է պետք...

ԱՎԵՏ – Գուցե հետաձգես մեկնումդ, նստենք մի քիչ, քննարկենք, զրուցենք...

ԼՈՒՍԻՆԵ – Իմաստ չունի, հայրիկ: Էլի զբաղված կլինես, էլի ժամանակ չես ունենա... Ավելի լավ է հիմա գնամ, քանի դեռ ինձ հրավիրողներն իրենց որոշումը չեն փոխել: Վահիկն ու՞ր է:

ՍԻՐՎԱՐԴ – Քիչ հետո կգա:

ԼՈՒՍԻՆԵ – Լավ է, որ տանը չէ: Ես նրան մի ծրար կթողնեմ, թող հետո կարդա:

ՆՈՒՆԵ – Ի՞նչ ես գրել Վահիկին:

ԼՈՒՍՒՆԵ - (ծիծաղելով): Սիրո խոստովանություն է...

ԱՐՏԱԿ – Դե թող կատակներդ:

ԼՈՒՍԻՆԵ – Ամենալուրջ բաների մասին կատակով պիտի խոսել...

ՍԻՐՎԱՐԴ – Հիմա դու կատակու՞մ ես, թե լուրջ ես ասում:

ԼՈՒՍԻՆԵ – Հիմա արդեն միևնույն է, տատիկ...

Ներս է մտնում Վահիկը: Այլայլված է ու շփոթված: Կանգնում է դռների մոտ, չի շարժվում:

ՆՈՒՆԵ – Վահի՞կ, քեզ ինչ է պատահել:

ՎԱՀԻԿ – Ոչինչ... ոչինչ...

ԼՈՒՍԻՆԵ - (մոտենում է Վահիկին, պարզում ձեռքը): Բարև:

ՎԱՀԻԿ - (ինքնաբերաբար սեղմում է Լուսինեի ձեռքը): Բարև...

ԼՈՒՍԻՆԵ – Ինչու՞ ես կարկամել, ի՞նչ է պատահել:

ՎԱՀԻԿ - (Արտակին): Դուք այդ կնոջը չէի՞ք ճանաչում:

ԱՐՏԱԿ – Առաջին անգամ էի տեսնում:

ՎԱՀԻԿ – Իսկ նա, պարզվում է, այս տանը շատ է եղել...

ՍԻՐՎԱՐԴ – Ես երբեք նրան չեմ տեսել:

ՎԱՀԻԿ – Նա այս տուն երբեք ոտք չի դրել... Եկել ու կանգնել է հեռվում, հետևել է մեզ ու գնացել:

ԱՎԵՏ – Ինչու՞ է հետևել: Ի՞նչ ծառայությունում է աշխատում:

ՎԱՀԻԿ – Ոչ մի ծառայությունում էլ չի աշխատում... Նա եկել է, որովհետև այստեղ փնտրել է...

ՆՈՒՆԵ – Ի՞նչ է փնտրել, ու՞մ է փնտրել...

ՎԱՀԻԿ – Դուք երևի շատ լավ կիմանաք, տիկին Նունե, թե ում է փնտրել...

ՆՈՒՆԵ – Ե՞ս...

ՍԻՐՎԱՐԴ - (արագորեն): Վահիկ ջան, մոտեցիր սեղանին, դու այսօր գրեթե ոչինչ չես կերել:

ԳՈՒՐԳԵՆ – Բայց Վահիկն ինչ-որ կարևոր բան էր ուզում ասել:

ՍԻՐՎԱՐԴ – Իհարկե, ուզում է ասել: Բայց թող սնվի... Ժամանակ շատ ունենք, կհասցնի ասել:

ՆՈՒՆԵ - (նույնպես այլայլված): Ես գնամ, տանը չգիտեն, որ այստեղ եմ եկել: Ես հետո էլի կգամ:

ԱՎԵՏ – Մի շտապիր, զանգիր և ասա, որ այստեղ ես: Գուցե ամուսինդ որոշի գալ քո հետևից:

ՆՈՒՆԵ - (ջղային): Հանգիստ թող ինձ և ամուսնուս:

ԱՐՏԱԿ – Ես ասացի, որ լցնես բաժակները, Ավետ: Ես ուզում եմ, որպեսզի մեր ընտանեկան տոնը շարունակվի: Ուզում եմ, որ մի վերջին անգամ իրար հետ սեղան նստենք, իրար ժպտանք: Լուսինե, դու էլ նստիր, դեռ ինքնաթիռիդ շատ ժամանակ կա:

ՎԱՀԻԿ – Ի՞նչ ինքնաթիռ…

ԼՈՒՍԻՆԵ – Ես գնում եմ, Վահիկ… Փարիզ… Ընդմիշտ…

ՎԱՀԻԿ – Բայց…. Դու… ես…

ԼՈՒՍԻՆԵ – Ես քեզ ամեն ինչ գրել եմ, բացատրել… Կկարդաս: Եթե ինձ հետ համաձայն լինես, կգաս դու էլ Փարիզ…

ԳՈՒՐԳԵՆ – Ահա, թե ով է զարկ տալիս արտագաղթին:

ԼՈՒՍԻՆԵ – Արտագաղթին զարկ տվողները շատ են: Երկիրը, իշխանությունները, ծնողները, իրականությունը…

ԱՎԵՏ – Ի՞նչ են արել ծնողները:

ԼՈՒՍԻՆԵ – Ոչինչ չեն արել, հենց դրա համար էլ զարկ են տվել արտագաղթին…

ԱՎԵՏ – Ուզում եմ, որ պարզ խոսես, բացատրես:

ԼՈՒՍԻՆԵ – Ու՞մ է պետք պարզ խոսելը, բացատրելը… Մենք կողք կողքի ապրում ենք, հայրիկ, բայց շատ վաղուց օտար ենք: Դու ինձ չես նկատում, չես տեսնում: Դու գեղեցիկ զգեստների համար փող ես տալիս, ավտոմեքենա ես առել ինձ համար: Շնորհակալություն: Իսկ երբևէ հարցրե՞լ ես, թե արդյոք ես երջանիկ եմ, թե արդյո՞ք այդ ամենն ինձ համար ավելի թանկ են, քան քեզ հետ գոնե մեկ անգամ զրուցելը: Անկեղծ, անմիջական…

ԱՎԵՏ – Հայրեր-որդիներ հավերժական կոնֆլիկտն է… Ի՜նչ կարող ես անել: Հայրս ու մայրս մեզանից են բողոքում, դու բողոքում ես մեզանից… Ստացվում է, որ ոչ մեկս իրար չենք հասկանում… Ստացվում է, որ մենք սխալ ենք ապրում:

ԳՈՒՐԳԵՆ – Նույն պատմությունն էլ մեր տանն է: Ամեն օր, ամեն ժամ: Նույն խնդիրներն են ծագում, նույն հարցադրումներն են հնչում: Մենք օրնիբուն վազում ենք, չարչարվում, ուզում ենք մեր երեխաների համար լավ բան անել, բայց նրանք դա չեմ գնահատում, չեն արժևորում: Մենք մեր ծնողներից ոչինչ չենք պահանջել: Ապրել ենք բոլորի նման, հասկացել ենք, որ մեր հայրը մանկավարժ է, մայրը՝ պարուհի: Նրանք շատ բարձր աշխատավարձ չեն ստացել: Բավարարվել ենք մեր ունեցածով: Իսկ հիմա մենք մեր երեխաների համար ոչինչ չենք խնայում, մեզ պատերին ենք խփում, բայց… Ի՜նչ ստացվում…

ՍԻՐՎԱՐԴ - (խուլ ձայնով): Ուրեմն, այս աշխարհում ամեն ինչ սխալ է, ամեն ինչ դուրս է եկել ներդաշնակության սահմաններից… Հազար, տասը հազար տարի այս ամենի մասին խոսվում է, այս ամենի դեմ կռիվ են տալիս մարդիկ… Գիտնականները տեսություններ են հորինում, բայց… ոչինչ չի փոխվում… Երբ դուք ծնվեցիք, մենք ձեր հոր հետ ստեղծեցինք մեր ներդաշնակությունը: Հպարտանում էինք այդ ներդաշնակությամբ: Դուք երբեմն իրար հետ կռվում էիք, վիճում, բայց հետո ամեն ինչ հարթվում էր: Ես մտածում էի, որ գտել ենք ներդաշնակության բանալին, որ այս հին տունն օգնում է մեզ ապրել այլ կյանքով, այլ հարաբերություններով… հետո կամաց-կամաց հեռացաք, որովհետև այս տունը փոքր էր, որովհետև ամեն մեկդ ուզում էր իր երջանկությունն ունենալ, իր ներդաշնակությունը… Մենք չառարկեցինք, չնայած կարող էինք այս տանն էլ բոլորոս միասին ապրել: Մի օր պիտի քանդեին այս տունը, ու այդ ժամանակ բոլորս միասին կգնայինք, դարձյալ իրար հետ կապրեինք: Բայց երևի ընդունված է, որ երեխաներն ապրեն ծնողներից անջատ, քանի որ արդեն, իրենց պատկերացումներով, երեխաներ չեն… Հիմա, ձեր ստեղծած ներդաշնակության մեջ, գոնե ձեր երեխաների կողքին եղեք, գոնե լսեք նրանց, գոնե վստահեք ու օգնեք… Մենք արդեն մեծացել ենք, զառամյալ ծերունիներ չենք, բայց արդեն այս կյանքից սպասելիքներ չունենք: Անգամ նոր ու կենտրոնում գտնվող տան մասին էլ չենք մտածում… Կարող եք մեզ չհիշել, մոռանալ անգամ, բայց ձեր երեխաների կողքին եղեք, նրանց մի մոռացեք… Վահիկ, տղաս, գիտեմ, որ շատ կարևոր բան պիտի ասեիր… Ես արդեն կռահեցի, թե ինչ պիտի ասեիր… Քո կենսագրությունն ի սկզբանե ձևավորվեց խախտված ներդաշնակությամբ, բայց մայրդ իսկական մայր եղավ քեզ համար, ամեն ինչ արեց քեզ համար… Կարդա Լուսինեի գրած նամակը, եթե պետք է, լսիր նրան ու դու էլ մեկնիր Փարիզ: Այստեղ արդեն շատ բան է աղավաղված, այս տունը հին է, պիտի քանդվի… Հին տան մեջ այլևս չի կարելի ապրել… (Սիրվարդն ուշաթափվում է:)

ՆՈՒՆԵ - (ճչալով): Մայրի՜կ… (Վազում է դեպի Սիրվարդը):

Բոլորն արագորեն բարձրանում են տեղերից և մոտենում Սիրվարդին: Լուսինեն գալիս ու ծնկում է Սիրվարդի մոտ:

ԱՎԵՏ – Շտապ օգնություն է պետք կանչել:

ԳՈՒՐԳԵՆ – Ես հիմա կզանգեմ:

ԱՐՏԱԿ – Արագ, փրկեք ձեր մորը, խնդրում եմ…

ՎԱՀԻԿ – Ես կգնամ շտապ օգնությանն ընդառաջ, դուք զանգեք…


ՄԹՆԵՑՈՒՄ:

Նույն սենյակն է: Ավելի է դատարկվել: Ամայություն է փչում: Սենյակի կենտրոնում պայուսակներ են շարված: Պայուսակների վրա նստած են Արտակը, Սիրվարդը, Նունեն, Գիրուկ տիկինը: Սեղանի մոտ նստած է Ճաղատ մարդը և ագահորեն ուտում է:

ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ – Ես չէի ուզում, որ ամեն ինչ այսպես ստացվեր, ինձ կներեք: Ես Վահիկին ոչինչ չէի ուզում ասել, բայց նա սկսեց կռվել ինձ հետ, պահանջել, որ ես բացատրեմ, թե ինչն է ստիպել ինձ գալ այս տուն, առաջարկել վաճառել այն…

ԱՐՏԱԿ – Դուք երևի իրավացի էիք, մի օր պիտի բացահայտվեր այս ամենը:

ՍԻՐՎԱՐԴ – Մենք Վահիկից տարիներ շարունակ խնամքով թաքցրել ենք ամեն ինչ: Նրա մայրն այս տուն եկավ, երբ նա ընդամենը երեք ամսական էր: Այդ կինն ամեն ինչ արեց Վահիկի համար, նվիրեց իր կյանքը: Խնդրում եմ, Նունեին էլ ներեք: Նունեն երբեք չի կամեցել ձեզ ցավ պատճառել, նա ձեզ չի էլ ճանաչել:

ՆՈՒՆԵ – Երբ համալսարանում ասացին, որ հորեղբորս տղան ծանոթացել է մի աղջկա հետ, իսկ այդ աղջիկը շուտով երեխա է ունենալու, ես շատ հուզվեցի: Եկա ու պատմեցի հորեղբորս ու նրա կնոջը… Նրանք շատ ճանաչված մարդիկ էին, հորեղբայրս բարձր պաշտոն էր զբաղեցնում: Կարող էր խայտառակվել…

ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ – Ու ձեր հորեղբայրն էլ ծննդատնից խլեց Վահիկին ինձանից ու տարավ: Նա ինձ շատ փող տվեց, կարգադրեց, որ երբեք չհիշեմ Վահիկի մասին, մոռանամ նրան… Ես մի տարի ապրեցի Երևանում, ամեն օր գալիս էի այստեղ, հեռվից նայում… Տեսնում էի, թե ինչպես են Վահիկին դուրս բերում բակ, ինչպես են գուրգուրում ու փայփայում նրան… Երբեմն ուզում էի հարձակվել այդ կնոջ վրա ու խլել տղայիս…

ՆՈՒՆԵ – Շատ տարիներ առաջ մի անգամ ես տեսա ձեզ այստեղ, բայց մտքովս չանցավ, որ դուք Վահիկի մայրն եք: Կներեք, ես դժվարությամբ եմ ասում մայր բառը, որովհետև մենք սովորել ենք, որ Արևիկն է Վահիկի մայրը…

ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ – Ես շնորհակալ եմ այդ Արևիկին: Նա իսկապես շատ լավ մայր է եղել Վահիկի համար: Բայց ինչու՞ խլեցիք ինձանից նրան: Ես երբեք չէի գա այստեղ և չէի պահանջի ճանաչել հայրությունը, ես չէի խանգարի ձեր ընտանիքին: Պարոն Արտակ, ձեր եղբայրը շատ դաժան վարվեց ինձ հետ: Ես նրան ասացի, որ որևէ պահանջ չունեմ, իսկ նա…

ՍԻՐՎԱՐԴ – Ամուսնուս եղբայրը խիստ ու պատվախնդիր մարդ էր: Նա չէր կարող թույլ տալ, որ իր թոռան ճակատագիրն անորոշության մատնվեր… Գուցե ձեզ հետ դաժան է վարվել, բայց նա էլ իր ըմբռնումներն ուներ, որոնք ես չեմ բաժանում… Նունեն էլ ցանկացավ, որպեսզի հորեղբայրն ամեն ինչ իմանա… Ահա ամբողջը:

ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ – Նունեն իր ընտանիքն ունի, իր երեխաները, իսկ ես զրկվեցի իմ տղայից:

ԱՐՏԱԿ – Բայց մի՞թե այսքան ժամանակ դուք չեք ամուսնացել:

ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ – Ամուսնացել եմ, ունեմ երկու տղա, նրանք երկուսն ել սովորում են դպրոցում: Մեկն այս տարի կավարտի դպրոցը: Ուզում է իրավաբան դառնալ: Ես նրանց աշխարհի չափ սիրում եմ…

ՆՈՒՆԵ – Դուք Վահիկին ուզում եք խլե՞լ մեզանից…

ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ – Ինչու՞ խլել… Ես չեմ վարվի այնպես դաժան, ինչպես ինձ հետ վարվեցին: Թող անգամ Վահիկի հայրն ու մայրը չիմանան, որ ես եկել եմ…

ԱՐՏԱԿ – Իսկ ձեր ինչի՞ն էր պետք գնել այս տունը, չէ՞ որ դուք առանց այս տունը գնելու էլ կարող էիք հանդիպել Վահիկին:

ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ – Ես չէի ուզում, որ նա իմանար իմ գոյության մասին, քանի որ նա իր ծնողներին շատ է սիրում, շատ է սիրում Արևիկին… իր մորը: Ես ուզում էի այստեղ հաշվառման իրավունք ստանալ, որպեսզի հետո արդարացվեր իմ քայլը:

ՆՈՒՆԵ – Իսկ ո՞րն էր ձեր քայլը:

ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ – Գնել նոր բնակարան, թողնել Վահիկի տրամադրության տակ՝ պատրվակով, թե ես գնում եմ այլ քաղաք, թող ինքը ժամանակավորապես ապրի այդ բնակարանում:

ԱՐՏԱԿ – Գուցե ճիշտ եք, գուցե այդպես ավելի խելամիտ կլիներ: Բայց Վահիկը չէր համաձայնի ձեզանից վերցնել բնակարանը: Նա ազնվագույն տղա է… Իսկ մեզ ինչու՞ էիք փող առաջարկում, չէ՞ որ կարելի էր գալ մեզ մոտ և ամեն ինչ բացատրել:

ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ – Ես չէի ուզում, որ դուք էլ իմանայիք ճշմարտությունը: Փող էի առաջարկում, որպեսզի կարողանայիք բնակարան գնել այնտեղ, որտեղ ես պատրաստվում եմ Վահիկի համար գնել:

ՍԻՐՎԱՐԴ – Բարդ քայլեր եք մտածել, ինչպես շախմատում:

ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ – Իմ կյանքն էլ շախմատի վերածվեց… Իսկ ես բոլորովին այլ ծրագրեր ունեի:

ԱՐՏԱԿ – Հիմա դուք Հունաստանու՞մ եք ապրում:

ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ – Ոչ, Եթովպիայում: Ամուսինս քրիստոնյա արաբ է, շատ լավ մարդ է: Հանքեր ունի, ճանաչված բիզնեսմեն է:

ՆՈՒՆԵ – Իսկ Վահիկի մասին գիտի՞:

ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ – Իհարկե, գիտի: Նա էլ ինձ խորհուրդ տվեց գալ Հայաստան, գտնել Վահիկին ու նրա համար մեծ բնակարան գնել: Նա ցանկանում էր, որ Վահիկն ինձ հետ Եթովպիա մեկներ, բայց հետո ասաց, որ չի կարելի նրան իր ծնողներից կտրել, դա մեծ հարված կլինի Վահիկի համար: Տղաներս էլ գիտեն Վահիկի մասին: Նրանք շատ քիչ հայերեն են խոսում: Ես ուզում եմ, որ հեռախոսով խոսեն Վահիկի հետ, ծանոթանան… Իսկ դուք հավանեցի՞ք ձեր նոր բնակարանը:

ՍԻՐՎԱՐԴ – Լավ բնակարան է, մեծ, լուսավոր: Բայց մեզ համար իսկապես շատ մեծ է… Ի՞նչ ենք անում այդ ճոխությունը: Սակայն կարևորն այն է, որ Վահիկի հետ դարձյալ կողք-կողքի ենք ապրելու: Հուսանք, որ Լուսինեն չի մնա Փարիզում և կվերադառնա ու…

ՆՈՒՆԵ – Պարզվեց, որ Լուսինեն ու Վահիկը լավ ընկերներ են, լավ բարեկամներ: Ես սոսկումով էի մտածում, թե հանկարծ նրանք սիրահարված չլինեն:

ԱՐՏԱԿ – Ես Լուսինեի ընկերոջ հետ ծանոթացել եմ, դրա համար էլ հանգիստ էի:

Դրսից մեքենայի կանգնելու ձայն է լսվում:

ՍԻՐՎԱՐԴ – Հայրիկը եկավ:

ԱՐՏԱԿ – Ուրեմն, ժամանակն է գնալու… յոթանասուն տարի ապրել այս տանն ու հեռանալ… դժվար է:

Դարձյալ մեքենայի ձայն է լսվում:

ՍԻՐՎԱՐԴ – Սա էլ երևի բեռնատարն է: Բայց մենք այդքան իրեր չունենք, որ Գուրգենը բեռնատար էլ է ուղարկել:

ՃԱՂԱՏ ՄԱՐԴ – Ես դեռ ուտելս չեմ վերջացրել: Կարելի՞ է մնամ այստեղ ու այս գաթան էլ ուտեմ:

ԱՐՏԱԿ – Դուք հանգիստ կերեք: (Նայում է ձեռքի ժամացույցին): Տունը երկու ժամից են քանդելու: Այնպես որ կհասցնենք դեռ մի հինգ գաթա էլ ուտել:

ՃԱՂԱՏ ՄԱՐԴ – Բայց այստեղ ընդամենը երկու հատ է:

ԱՐՏԱԿ – Հայրիկին խնդրել եմ, որ քեզ համար էլի գաթա բերի:

ՃԱՂԱՏ ՄԱՐԴ – Դուք որ գնաք այստեղից, ես ի՞նչ եմ անելու: Այդպես էլ իմ կրծողների հանրակացարանի հարցը չլուծվեց:

ՆՈՒՆԵ – Կլուծվի, մի անհանգստացեք: Ամեն ինչ լավ կլինի:

Ներս են մտնում Գուրգենը, Արտակը, Հայրիկը: Հայրիկի ձեռքին մի տոպրակ կա:

ԳՈՒՐԳԵՆ – Եկանք: Բարև ձեզ:

Բոլորը ոտքի են կանգնում, բացի Սիրվարդից:

ԱՐՏԱԿ – Բարով եկաք: Մենք արդեն պատրաստ ենք:

ԱՎԵՏ – Բնակարանում ամեն ինչ կարգի բերեցինք: Մերոնք այնտեղ են: Գուրգենի ընտանիքն էլ քիչ հետո այնտեղ կլինի: Զանգեցինք նաև Նունեի ամուսնուն: Նա էլ կգա երեխաների հետ: Միայն Լուսինեն չկա, բայց հուսանք, որ մի քանի օրից նա էլ կգա, եթե իմանա, որ նոր բնակարան եք գնել:

ՍԻՐՎԱՐԴ – Ախր, մեր ինչի՞ն էր պետք այդ բնակարանը: Այդքան մեծ, ընդարձակ: Ես ինչպե՞ս եմ մաքրելու, կարգի բերելու:

ԳՈՒՐԳԵՆ – Ես տնային աշխատողի հետ արդեն պայմանավորվել եմ: Նա շաբաթական երկու անգամ կգա ու կօգնի քեզ: Դե մենք էլ ձեզ մենակ չենք թողնի:

ՀԱՅՐԻԿ - (մոտենում է Ճաղատ մարդուն և տալիս ձեռքի տոպրակը): Սա էլ քեզ համար գաթա է: Վերցրու: Կտանես քո տուն և այնտեղ կուտես:

ՃԱՂԱՏ ՄԱՐԴ – Ես տուն չունեմ:

ՀԱՅՐԻԿ – Ունես: Լավ տուն ունես: Բժիշկները խոստացան, որ քեզ շուտով տուն կուղարկեն: Դու լավ տղաներ ունես:

ՃԱՂԱՏ ՄԱՐԴ – Նրանք բոլորը Ռուսաստան են գնացել:

ԱՐՏԱԿ – Դե, մեր տուն կգաս ժամանակ առ ժամանակ: Քեզ հետ հաճելի կլինի:

ՃԱՂԱՏ ՄԱՐԴ – Իսկ հիմա ես ի՞նչ անեմ:

ՀԱՅՐԻԿ – Ի՞նչ պիտի անես, տաքսին դրսում քեզ է սպասում: Նստիր ու գնա աղի հանք: Վաղը կգամ քեզ քո տուն կտանեմ:

ՃԱՂԱՏ ՄԱՐԴ – Շատ լավ, շատ շնորհակալ եմ: Դուք շատ լավ մարդիկ եք, ես ձեզ շատ սիրեցի: Ուրեմն, գնամ: Ցտեսություն:

ԱՐՏԱԿ – Ցտեսություն, լավ մարդ: Մեզ չմոռանաք:

Ճաղատ մարդը դուրս է գնում:

ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ – Ես էլ գնամ: Վահիկի հետ պայմանավորվել եմ, պիտի օպերայի մոտ հանդիպենք: Իսկ երեկոյան կտեսնվենք: Արդեն ձեր տանը:

ԳՈՒՐԳԵՆ – Իհարկե, կտեսնվենք:

ՆՈՒՆԵ – Կարծում եմ, որ երեկոյան ավելի շատ կզրուցենք:

ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ – Անպայման: Գնամ: Ցտեսություն:

ՍԻՐՎԱՐԴ – Ցտեսություն: (Գիրուկ տիկինը գնում է):

ԱՎԵՏ – Դե, մենք էլ գնանք… (Մոտենում և գրկում է Սիրվարդին): Կներես, մամ, ամեն ինչի համար կներես մեզ… Ինձ, Նունեին, Գուրգենին, մեր երեխաներին…

ՍԻՐՎԱՐԴ – Ինչի՞ համար, տղաս:

ԱՎԵՏ – Որ այսքան ժամանակ քեզ ու հայրիկին մենակ էինք թողել…

ԳՈՒՐԳԵՆ – Դու ճիշտ ես, մամ, առանց ընտանիքի ամբողջության՝ չկա ներդաշնակություն: Այս հին տունն այդ ներդաշնակությունն էր: Բայց գալիս է ժամանակ, որ պիտի հրաժեշտ տաս հին տանը…

ՆՈՒՆԵ – Մի քանի ժամից այս տունն այլևս չի լինի… Լացս գալիս է… Վաղուց այստեղ չեմ ապրում, բայց միշտ միտքս այս տան հետ էր:

ԳՈՒՐԳԵՆ – Ես էլ եմ հուզվում… Մեր մանկությունն ու պատանեկությունը մի քանի ժամից էլ չի լինի… Ուրեմն, վերջապես մեծացանք:

ԱՎԵՏ – Մեծացանք… Իսկ ինձ թվում էր, թե վաղուց ենք մեծացել, ինքնուրույն դարձել…

ՍԻՐՎԱՐԴ - (գրպանից քառածալ թուղթ է հանում): Այսօր, երբ վերջին իրերն էի դասավորում, Արտակ, սա քո գրպանից ընկավ: Բացեցի ու կարդացի: Կներես… Հիշեցի, գրել էիր այն ժամանակ, երբ եկար օպերային թատրոն և ներկայացումից հետո առաջարկեցիր միասին գնալ ,,Արագիլ,, ռեստորան: Աշխատավարձ էիր ստացել: Ճոխ սեղան պատվիրեցիր: Հետո գինու բաժակը վերցրեցիր ձեռքդ ու սկսեցիր բարձր արտասանել… (Թուղթը տալիս է Արտակին):

ԱՐՏԱԿ - (վերցնում է թուղթը, բացում, երկար նայում է, ապա շատ կամաց սկսում կարդալ՝ աստիճանաբար բարձրացնելով ձայնը).

Ձիթապտղի նման փայլուն աչքերով աղջիկ,

Նռան հատիկներով ներկված այտերով աղջիկ,

ես խնձոր գցեմ քեզ, դու բռնես, աղջիկ,

հետո խնձորը մի ողջ գիշեր բարձիդ տակ պահես

ու երազիդ մեջ տեսնես կանաչ-կարմիր նարոտ կապած

ձիավորին...

Երազահանի էջերը թերթես ու գտնես

ձիավորի հետքերը կանաչ,

բարձիդ վրա թողած արցունքներիդ հետքերը գտնես...

Վազես, վազես կանաչ-կարմիր հագած

դաշտի միջով, աղջիկ,ու մի հոգնած քարի

տաքուկ այտին դնես ծամերդ դեղին...

Դաշտը քեզ սեր խոստանա, հասկերն օրոր երգեն,

իսկ ձիավորը, որ կանաչ-կարմիր նարոտ էր կապել՝

սլանա հեռու՝ ամեն գիշեր բարձդ թողնելով

արցունքներով հեղված...

Ձիթապտղի նման փայլուն աչքերով աղջիկ,

Նռան հատիկներով ներկված այտերով աղջիկ,

ես խնձոր գցեմ քեզ, դու բռնես, աղջիկ,

ու կանգնես արտի միջով ձգվող ճամփի եզերքին

ու ձեռքերդ պարզես իմ ձեռքերին կանչող,

իմ ձեռքերին այրող...

Ձիավորին մոռացիր, աղջիկ,

ես խնձոր գցեմ, դու բռնես, աղջիկ...

Բարձդ թող չոր մնա...


Մեղմ երաժշտություն է հնչում: Բեմը մթնում է: Լուսավորվում են Արտակի, Սիրվարդի, Գուրգենի, Ավետի, Նունեի դեմքերը: Լսվում են քանդվող պատերի աղմուկն ու աստիճանաբար բարձրացող երաժշտությունը…

ՎԵՐՋ

123456789101112131415
    Դիտվել է 943 անգամ
    12