Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Սպիվակովը փառատոնը կեզրափակի Բեթհովենի դաշնամուրային բոլոր կոնցերտների կատարմամբ

12.03.2013


Դեկտեմբերի 8-ին Մոսկվայում կհնչեն «Վլադիմիր Սպիվակովը հրավիրում է…» հերթական՝ 7-րդ փառատոնի վերջին ակորդները, հաղորդում է «vesti.ru»-ն:

Ինչպես փառատոնի անցած բոլոր համերգները, այնպես էլ եզրափակիչ հատվածը կառուցվել և պլանավորվել է բարձր ճաշակի և կատարողական վարպետության այն յուրահատկությամբ, որը հատուկ է, թերևս, միայն Սպիվակով կազմակերպչին և աշխարհի բոլոր երևույթները արվեստագետի բացարձակ ներաշխարհով ընկալող երաժշտին:

Երկու երեկոյի ընթացքում՝ դեկտեմբերի 7-ին և 8-ին Մոսկվայի միջազգային երաժշտության տանը հաջորդաբար կհնչեն Բեթհովենի դաշնամուրի բոլոր 5 կոնցերտները: Դրանց կատարմամբ հանդես կգան Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և նշանավոր բրիտանացի դաշնակահար Ջոն Լիլլը, ով համարվում է գերմանացի կոմպոզիտորի երաժշտության հեղինակավոր մեկնաբաններից մեկը:

Լիլլի կատարողական վարպետության առավել բնորոշ գծերը համարվում են ազնվական տոնայնությունը, խորքայնությունը և իմաստուն հավասարակշռվածությունը: Մենակատարի երկացանկում կա ավելի քան 70 դաշնամուրային կոնցերտ, որոնց մեջ առանձնահատուկ տեղ են գրավում Բեթհովենի ստեղծագործությունները:
    Դիտվել է 694 անգամ