Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Պահպանելով մանկությունից չբաժանվելու ունակությունը

12.04.2013

Դեկտեմբերի 2-ին Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոնում «Տեատրալի աստղ» մրցույթի «Բեմի լեգենդ» անվանակարգում մրցանակ շնորհվեց թատրոնի և կինոյի նշանավոր արտիստուհի Ալիսա Ֆրեյնդլիխին: Այդ առթիվ թարգմանաբար ներկայացվում է «teatral-online.ru»-ի հարցազրույցը դերասանուհու հետ:



- Ալիսա Բորիսովնա, շնորհավորում ենք մրցանակի կապակցությամբ: Հետաքրքիր է, ինչ է զգում մարդը, երբ նրան անվանում են լեգենդ:
- Երբ զանգահարեցին և ասացին, որ ինձ շնորհում են «Բեմի լեգենդ», ես անմիջապես վազեցի և ձեռքս առա Դալի բացատրական բառարանը և կարդացի, որ լեգենդը դա ինչ-որ մի հրաշալի բանի մասին ավանդելն է, բայց այդ հրաշալի բանը շատ վաղուցվա է: Մի կողմից լավ է, որ ինձ հիշում և գնահատում են, բայց մյուս կողմից, պատրաստվելով հերթական պրեմիերային, ես ամեն դեպքում ձգտում էի հերքել, որ իմ ստեղծագործությունն ինչ-որ «վաղուցվա է»: Ահա, հիմա էլ ես պատրաստվում եմ պրեմիերայի, որը պետք է տեղի ունենա դեկտեմբերի 5-ին, և աշխատում եմ անել ամեն ինչ, որպեսզի ինքս ինձ չկրկնեմ: Եվ, ինչպես միշտ, այդպիսի իրադարձությունից առաջ զգում եմ սարսափելի լարվածություն, պահ, որը կոչվում է կենտրոնացում: Դա և ժամանակի, և հոգեկան ուժերի կենտրոնացում է:

- Ի դեպ, նոր ներկայացումը կոչվում է «Ալիսա», բայց, չգիտես ինչու, դրա մասին որևէ տեղեկատվություն չկա: Անունից դատելով բեմադրությունը Ձե՞ր ճակատագրի մասին է:
- Երբ ներկայացումը ճանապարհին է, ապա այն չի կարելի քննարկել մինչև այն պահը, երբ այն դուրս կգա այն դատավարման տարածք, որն է պրեմիերան: Կարող եմ ասել, որ այն այդպես է կոչվում ոչ ի պատիվ ինձ, պարզապես դա համընկել է: Ինչպես ասում է իմ հերոսուհին. «Ես իմ անվան պատանդն եմ»: Եթե ինձ անվանեին մեկ այլ անվամբ, ապա ոչ մեկը զուգահեռներ չէր տանի: Ներկայացման մեկնակետը քերոլյան «Ալիսան հրաշքների երկրում»-ն է: Բայց մենք հեքիաթը չենք վերապատմում, այլ փորձում ենք վերլուծել. ու՞ր են անհայտացել մանկությունը, ուրախությունը, ուրիշին զգալու ունակությունը: Ո՞ւր է կորել մանկականության այն զգացողությունը, որը մարդուն պետք է ուղեկցեր նրա ողջ կյանքում՝ մինչև ամենախոր կնճիռները: Չէ՞ որ մանկությունը կյանքի լուսավոր կողմն է: Եվ վերլուծելով, ես եզրակացրի, որ տաղանդավոր, խոր մարդիկ, նույնիսկ հանճարները միշտ պահել են մանկությունից չբաժանվելու ունակությունը:

- Դուք, կարծես թե, խաղացել եք ողջ դասական խաղացանկը: Եվ յուրաքանչյուր դերակատարումը, անպայման, վերածվել է իրադարձության: Բայց ժամանակը հոսում է: Այսօր հետհայաց նետելով կա՞ այնպիսի բան, որ կխաղայիք այլ կերպ:
- Իհարկե այդպիսի դերեր կան: Քանի որ ժամանակը թելադրում է իր մտքերը, իր զգացմունքները: Եվ որոշ դերեր ես կխաղայի այլ կերպ, որովհետև եկել է մասնագիտական, պրոֆեսիոնալ և, անշուշտ, մարդկային փորձը: Հավանաբար այդ փորձը այլ երանգավորում կտար այն դերին, որը խաղացվել է 25 կամ 30 տարի առաջ, այն կդարձներ ավելի հարուստ: Բայց եղել է այն օրհնյալ ժամանակը, երբ անմիջականությանը փոխարինել է փորձը և իմաստությունը, որոնք գալիս են տարիքի հետ: Իսկ դա, ինչպես միմյանց հաղորդակցվող անօթները՝ որքան շատ փորձը, այնքան քիչ է անմիջականությունը: Եվ, դժբախտաբար, գալիս է ժամանակը, երբ արդեն քո մեջ չես կարող սեղմել այն կոճակը և դառնալ անմիջական, ինչպես երիտասարդության շրջանում:

- Իսկ երբեմն չի՞ առաջանում այնպիսի զգացողություն, որ ամենագլխավոր դերը դեռ առջևում է:
- Դե, ես այնպիսի «պտուղը» չեմ, որ մտածեմ, որ 80-ում, հանած կամ գումարած 1 տարի, դեռ ինչ-որ մի նշանակալից բան կարող է լինել առջևում: Այլ բան է, որ ես չեմ ցանկանում վերջակետ դնել: Եվ եթե պատահի նոր նշանակալից դեր, ապա դա կլինի նվեր: Պետք է միշտ ձգտել ինչ-որ նոր բանի: Մարդը, ով համարում է, որ ինքն արդեն նվաճել է իր բարձունքը, ինձ համար հետաքրքիր չէ: Անձամբ ես այդպես չեմ մտածում: Դա ինձ ապրելու ուժ է տալիս: Մարդու համար պետք է կյանքում լինի մի որևէ հրապուրանք, որպեսզի նա անի էլի ինչ-որ մի բան: Յուրաքանչյուր ավանակի քթի աջև ձողից պետք է կախված տատանվի գազար : Անհայտի հենց այդ սպասումն էլ այն գազարն է, որը մարդուն մղում է առաջ:

- Այս տարի լրանում է «Տեատրալ » հանդեսի 10 տարին: Ի՞նչ եք կարծում, այսօր ընթերցողին անհրաժե՞շտ են թատերական հանդեսները:
- Ես համարում եմ, որ անպայման պետք են, որովհետև «շրջազգեստավոր ռադիոն» նույնպես տեղեկատվության վատ աղբյուր չէ, սակայն այն միշտ բազմապատկված է դեպի փողոցը և սպառողի կարծիքը: Իսկ «Տեատրալ » հանդեսը բարձրաձայնում է և հանդիսատեսի հետաքրքրությունները, և պրոֆեսիոնալ քննադատների կարծիքները: Թատրոնը մարդկային հոգու և մտքի հսկայական ոլորտ է, և դրա համար այն չի կարելի չգնահատել, մատնել անուշադրության: Շատ թերթային հոդվածներ հաճախ լինում են ոչ պրոֆեսիոնալ, և ես ցանկանում եմ, որ «Տեատրալ » հանդեսը միշտ լինի բարձրագույն աստիճանի պրոֆեսիոնալ օրգանիզմ:
    Դիտվել է 1339 անգամ
    12345678910