Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Առցանց պրեմիերան այն մասին է, թե ինչպես է մարդը հանդիպում գաղտնիքին

04.14.2020

Ռուսաստանում ապրող և ստեղծագործող, ազգությամբ հայ կինոռեժիսոր Աննա Մելիքյանի նոր «Փերի» ֆիլմի պրեմիերան ապրիլի 30-ին կկայանա առցանց ռեժիմում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Հայտնի դերասան Կոնստանտին Խաբյենսկու և դերասանուհի Եկատերինա Ագեևայի գլխավոր դերակատարմամբ կինոնկարը հնարավոր կլինի դիտել միայն համացանցի «hd.kinopoisk.ru» հղմամբ:

Նախապես պլանավորված է եղել, որ այս կինոնկարի պրեմիերան կկայանա Ռուսաստանի կինոթատրոններում և համացանցում միաժամանակյա ցուցադրությամբ, սակայն կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով կինոթատրոններն այսօր շարունակում են փակ մնալ և այդ ծրագրի առաջին հատվածը կիրագործվի, թերևս, կարանտինային ռեժիմից հետո:

«Փերի» ֆիլմի հերոսը «Կոլովրատ» խաղի հեղինակ Եվգենի Վոյգինն է: Մի անգամ նա հանդիպում է Տանյա անունով մի աղջկա, որը երազում է դառնալ դերասանուհի: Այս հանդիպումը փոխում է գլխավոր հերոսի կյանքը...

Աննա Մելիքյանը այս ֆիլմով ավարտել է իր եռապատումը, որում ընդգրկված են նաև նրա «Ջրահարսը» և «Աստղը» ֆիլմերը:

Ռեժիսորը նոր ֆիլմը համարում է իր ստեղծագործություններից ամենաանսովորը, որը անցել է ստեղծման երկար ճանապարհ: Աշխատանքի ընթացքում այն պարբերաբար փոխել է իր իմաստը:

«Երբ ես գրում է սցենարը, մտածում էի, որ դա մարդու կյանքի նախախնամության մասին է: Երբ նկարահանում էի, թվում էր, թե սիրո մասին է: Երբ մոնտաժում էի, տեսա, որ այն հարազատ հոգիների հանդիպման մասին է: Հիմա ինձ թվում է, որ սա ֆիլմ է այն մասին, թե ինչպես է մարդը հանդիպում գաղտնիքին, որը հասկանալու կարողությունը չունի»,- նշել է Մելիքյանը:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 135 անգամ