Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Լենինի թանգարանը շուտով դուրս կգա վիրտուալ տարածք

04.22.2020


Ռուսաստանի պատմության պետական թանգարանում գործնական քայլեր են իրականացվում համացանցային տիրույթում Լենինի վիրտուալ թանգարանը բացելու ուղղությամբ: Ցուցադրանքը, որտեղ ընդլայնված բացատրություններով կներկայացվեն 200-ից ոչ պակաս իրեր, նախատեսվում է գործարկել 2020թ.-ի նոյեմբերի 7-ին (Հոկտեմբերյան հեղափոխության օրը): Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

ԽՍՀՄ տարիներին գլխավորը համարվող Լենինի թանգարանը փակվել է 1993թ.-ին: Սակայն հաստատությունում պահպանել են խորհրդային տարիների ընթացքում հավաքված բոլոր նյութերը և առարկաները, որոնք այս կամ այն կերպ առնչվում են 1917թ.-ի ռուսական հեղափոխության առաջնորդի անվան հետ: Հիմա այդ թանգարանը ընդգրկվել է Ռուսաստանի պատմության պետական թանգարանի կառուցվածքում:

Ասենք, որ Լենինի թանգարանի ֆոնդերում պահվում է 99 հազար թանգարանային միավոր: Դրանք Լենինի անձնական իրերն են, տարբեր մարդկանց ու կազմակերպություններից նրան արված նվերներ, կան նյութեր, որոնք վերաբերում են նրա ընտանիքին ու Խորհրդային պետությունը նրա հետ ստեղծած տարբեր զինակիցներին: Ֆոնդերում պահպանվում են նաև գեղանկարներ, քանդակներ, լուսանկարներ, նամականիշեր, տարբեր ժամանակների թողարկված դրամներ և այլն:

Թանգարանում կան նաև մինչև այժմ գիտական կամ տեղեկատվական շրջանառությունից դուրս մնացած կամ քիչ ուսումնասիրված նյութեր, որոնք առնչվում են խորհրդային մյուս հայտնի առաջնորդին՝ Ստալինին: Դրանց մեջ կան նաև այնպիսիք, որոնք «անհատի պաշտամունքի» բացահայտումների օրերին համարվել են ոչնչացված, սակայն, իրականում, այսօր պահպանվում են այս թանգարանի ֆոնդերում:

Նշենք, որ թանգարանում բարձր են գնահատում նաև 1910-1980թթ.-երի ընթացքում նկարիչների, քանդակագործների մի քանի սերունդների կողմից վրձնած լենինապատման կտավների հավաքածոն:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 28 անգամ