Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բենքսին ներկայացրել է մի «Երեխա, որը փոխում է իր սովորական դարձած խաղի բնույթը»

05.07.2020


Բրիտանացի առեղծվածային գրաֆֆիստ Բեկքսին հերթական նկարն է ներկայացրել հանրությանը: Այս անգամ նա պատկերել է գերհերոս բժշկի: Նոր ստեղծագործության լուսանկարը նա տեղադրել է Instagram-ի իր էջում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Նկարն արված է սև մատիտով կամ ածուխով: Պատկերը ներկայացնում է մի երեխայի, որը նստած է հատակին, իսկ ձեռքին պահում է գթության քույր տիկնիկի, որը նման է գերհերոսի: Տղայի կողքին, զամբյուղի մեջ երևում են երկու այլ գերհերոսների՝ Բեթմենի և Մարդ-Սարդի կերպարները:

Այս պատկերը նա անվանել է «Game changer», որը կարելի է ընկալել երկակի իմաստով՝ նախ որպես «Արմատական փոփոխություն» և երկրորդ՝ որպես «Երեխա, որը փոխում է իր սովորական դարձած խաղի բնույթը»:

Այստեղ դժվար չէ նկատել աշխարհին և Բրիտանիային պատուհասած կորոնավիրուսի իրավիճակի արտացոլքը և այն բուժաշխատողների մասին ակնարկը, որոնք պայքարում են համաճարակի դեմ՝ ցուցաբերելով իսկական հերոսություն և անձնազոհություն:

Վատմանի վրա արված այս նկարը Բենքսին նվիրել է Սաութհեմփթոն քաղաքի հիվանդանոցին: Ստեղծագործությանն ուղեկից երկտողում հեղինակը գրել է. «Շնորհակալություն ինչ-որ դուք անում եք: Ես հույս ունեմ, որ այն (նկարը-խմբ.) կդարձնի այս տեղը մի փոքր ավելի լուսավոր, թեև արված է սև-սպիտակ»:

Բենքսիի մատիտանկարը տեղադրվել է շտապ օգնության բաժանմունքում, որտեղ կմնա մինչև աշուն: BBC-ի տեղեկատվության համաձայն, դրանից հետո այն կվաճառվի աճուրդում, իսկ դրա համար վճարված գումարը կփոխանցվի Բրիտանիայի ազգային առողջապահության ծառայությանը:

Բենքսին անցյալ ամիս հրապարակել էր լուսանկարչական ինստալացիաներ՝ կապված իրենց երկրում մարտի 23-ին մտցված կարանտինային ռեժիմի հետ:

Բենքսին, որի աշխատանքներն արտացոլում են հասարակական կյանքի սոցիալական անհավասարության տարբեր դրսևորումներ, մեծ ժողովրդայնություն է վայելում: Նկարիչի անձը դեռ այսօր էլ չի բացահայտված: 2010թ.-ին նա նկարահանել էր մի վավերագրական ֆիլմ՝ «Ելք հուշանվերների տաղավարի միջով», որը ներկայացվել էր «Օսկար» -ի:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:

Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 27 անգամ