Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ծեծկռտուք թատրոնում և կուլիսներից անդին

12.07.2013

Թատերագետ Տիգրան Մարտիրոսյանի և Երևանի Թատրոնի և կինոյի ինստիտուտի ուսումնական թատրոնի տնօրեն էրիկ Բարսեղյանի միջև տեղի է ունեցել ընդհարում: Այդ մասին հաղորդում է «Արմնյուզ » հեռուստալիքը:

Ըստ լրատվամիջոցի մի քանի օր առաջ Տիգրան Մարտիրոսյանը գնում է ուսումնական թատրոն՝ Նիկոլայ Ծատուրյանի կուրսի շրջանավարտներից Տիգրան Ավետիսյանի «Կարլսոն» ներկայացումը դիտելու և դրա վերաբերյալ կարծիք հայտնելու: Սակայն պարզվում է, որ նրա համար թատրոնում ազատ աթոռ չկա: Այդպես է նրան ասում թատրոնի տնօրեն էրիկ Բարսեղյանը: Ինչպես նշում է լրատվական ծառայությունը «… հենց այստեղ էլ սկսվում է կինոն»:

Ըստ թատրոնի տնօրենի, երբ իմանում են , որ ոլորտի գործիչները գալու են, ապա «…ամենապատվավոր տեղերը» պահում են նրանց համար: Տնօրենը դահլիճում տեղ զբաղեցրած Մարտիրոսյանին զգուշացրել է, որ նա նստել է ուրիշի համար հատկացված տեղում: Ըստ Բարսեղյանի, Մարտիրոսյանն այդ բացատրությունից հետո ազատել է նշված տեղը և դուրս գնացել:

Սակայն Տիգրան Բարսեղյանի վարկածն այդ միջադեպի վերաբերյալ զգալիորեն տարբերվում է թատրոնի տնօրենի ներկայացրածից: Ըստ նրա «Գյադայական բնազդները զարթնել էին », որն ի վերջո վերածվել էր ֆիզիկական ընդհարման: Ընդ որում, ինչպես նշում է «Արմնյուզ » -ը «Տիգրան Մարտիրոսյանի անհավանական պատմվածքը վկաներ ունի»:

Իսկ Նիկոլայ Ծատուրյանը այս միջադեպի մասին ասել է, որ «… նա բանին հրեց, նա էլ խփեց, հետո դուրս եկան…» իրավիճակը պարզաբանելու:

Լրատվության մեջ նշվում է, որ, «Տիգրան Մարտիրոսյանի և էրիկ Բարսեղյանի ծեծկռտուքը այդքանով չի ավարտվել»: Տիգրան Մարտիրոսյանը Բարսեղյանի պահվածքը վերագրել է ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանի ամենաթողությանը: Տիգրան Մարտիրոսյանը հակառակ կողմին անվանել է «մազի վաստակ»: Նա խոստովանել է, որ շատ կոպիտ բառ է ասել, սակայն նաև ավելացրել է, որ «իրենք դա վաստակել են իրենց արդար քրտինքով»: Ըստ լրատվամիջոցի, ինչպես ասել է Տիգրան Մարտիրոսյանը, իր կողմից ռեկտորի անվան հիշատակությունը ավելի է «թեժացրել» իրավիճակը և ինքը հարված է ստացել գլխին՝ «երկաթե ծռմռված շերեփով»:

«Արմնյուզը» հայտնում է, որ Տիգրան Մարտիրոսյանը որոշել է այս միջադեպի մասին բողոքներ ներկայացնել պետական մարմիններին:
    Դիտվել է 698 անգամ