Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռինգոն որոշում է կայացրել

07.08.2020

Լիվերպուլյան լեգենդար քառյակի՝ «Բիթլս» համույթի թմբկահար Ռինգո Սթարը այս օրերին նշում է իր ծննդյան 80-ամյակը։ Իր ամեն մի տարեդարձ երաժիշտն անցկացնում է կազմակերպելով մրցույթներ ու համերգներ։ Այս անգամ նա իր հոբելյանի առիթով կանցկացնի առցանց փառատոն, որին կմասնակցեն Փոլ Մաքարթնին, Բեն Հարփերը, գիթառահար Ջո Ուոլշը, երգչուհի Շերիլ Քրոուն։

Փառատոնի ընթացքում հավաքված միջոցները կնվիրաբերվեն բարեգործական հիմնադրամներին։

Ռինգո Սթարը հաջողակ է ոչ միայն երաժշտության ոլորտում։

Նա նաև բիթլներից ամենից արտիստականն է։ Որպես դերասան ու պրոդյուսեր Սթարը մասնակցել է ավելի քան 30 ֆիլմերի ստեղծմանը։ Նրա առաջին կինոնկարնեից մեկը հենց իրենց հանրահայտ համույթի մասին է։ Խոսքը«Դժվար օրվա երեկոն» վավերագրական կինոնկարի մասին է։

Սթարի առավել սիրելի հոբբին լուսանկարչությունն է։ Նա լուսանկարչական աշխատանքներ է ստեղծում անգամ մանկական հեքիաթների թեմաներով։ Լուսանկարելու երազանքը նա իր մեջ կրել է վաղ մանկությունից։

Ռինգո Սթարը նաև իրեն դրսևորել է որպես հիանալի աճուրդավար։ Առևտրի այդ տիրույթում նրա կատարմամբ աճուրդի հանված լոտերը հանկարծ դառնում են այնքան հրապուրիչ, որ հարուստ գնորդները ուղղակի մոռանում են խնայողության մասին և ապրանքների գինը հասնում է բավականին բարձր թվերի։

Օրինակ, նա աճուրդներից մեկում կարողացավ իր թմբուկների մի համալիր վաճառել ոչ ավելի, ոչ պակաս, քան 2 մլն դոլարով։

Բոլոր դեպքերում, երաժիշտը այս կերպ հավաքած գումարները նույնպես փոխանցում է բարեգործական նպատակների։

Սթարի բարեգործական քայլերի գլխավոր հասցեատերերը, սովորաբար, լինում են ալկոհոլային կախվածություն ունեցող մարդիկ։ Նրանց օգնելու մասին Ռինգոն որոշում է կայացրել այն բանից հետո, երբ ինքն էլ էր պայքարում այդ կախվածությունից սեփական անձը փրկելու համար։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 428 անգամ