Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Խորհրդային գրողի խիստ այժմեական, ոչ սոցռեալիստական հարցադրումը

07.14.2020


Ռուսաստանի Վոլոգդա քաղաքի Վասիլի Բելովի տուն֊թանգարանի արխիվային փաստաթղթերում հայտնաբերվել է գրողի մինչև այժմ անհայտ «Մի քնիր արևամուտին» պիեսը, որն, ըստ ամենայնի պատահաբար փրկվել է, երբ նա այրելով փորձել է ոչնչացնել սեփական ձեռագրերի մի զգալի մասը։Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «kommersant.ru»֊ին։

Ռուս հայտնի գյուղագիր, խորհրդային դասական Վասիլի Բելովը այս դրամատուրգիական ստեղծագործության մեջ անդրադարձել է իր համար ոչ այնքան սովորական թեմայի։ Նրա նորահայտ պիեսը անդրադառնում է աստվածայինի էությանը, որը որպես թեմատիկ ուսումնասիրության նյութ բացահայտվում է հենց իր՝ Աստծո, նրա երկու հրեշտակապետերի, Ադամի և Եվայի միջոցով։

Մասնագետների գնահատմամբ այս պիեսը խիստ այժմեական է նաև հիմա՝ գրողի մահից 8 տարի անց։ Սակայն, ինչպես նշում է ռուսական «Օգոնյոկ» հանդեսը, Վասիլի Բելովի այրին՝ Օլգա Սերգևենան, դեմ է նորահայտ ստեղծագործությունը հրապարակելուն կամ բեմադրելուն, քանի որ, ըստ նրա, գրողը կարծել է, որ այդ գործի բոլոր օրինակները ոչնչացրել է․․․

Պիեսի գործողությունները տեղի են ունենում դրախտում։ Այստեղ Աստված ոչ միայն ամենատես, իմաստուն է, այլև շատ մարդկային։ Առաջին մարդիկ՝ Ադամն ու Եվան անհանգիստ են և հետաքրքրասեր, իսկ երկու հրեշտակապետերը կատարում են միջնորդի դեր մարդկանց և աստծո միջև։

Կերպարները հանդիպում են, կրկին հեռանում իրարից, բաժանվում զույգերի և եռյակի; Նրանք խոսում են աստվածայինի և մարդկայինի, Աստծոն ու մարդկանց ծառայելու, կյանքի իմաստի ու սիրո մասին։ Ադամն ու Եվան վիճում են, որից օգտվում է հրեշտակապետերից մեկը։ Նա գայթակղում է Եվային, հայտնվում դժողքում և դրանից հետո ապստամբում Աստծո դեմ։

Որոշ գործողությունների հաջորդականության արդյունքում Ադամը զոհվում է, իսկ Աստված խոստովանում է, որ սխալվել է «արարչագործության պսակի»՝ մարդու ստեղծման հարցում։ Պիեսն ավարտվում է Եվայի խոսքերով․ «Իմ մեջ, կարծես թե, ինչ֊որ բան է շարժվում։ Ահ։ Իմ մեջ ինչ֊որ մեկը կա»։
Իսկ ով է երեխայի հայրը՝ հրեշտակապետը, թե մարդը․․․ Եվ այդ դեպքում ումից են սերվել մարդիկ․․․


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 82 անգամ