Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Սիրո խորան



Սիրո խորան

/Դրամատիկական պիես` երկու գործողությամբ: Իրադարձությունները կատարվում են մեր թվարկությունից առաջ և մեր օրերում/


Գործող անձինք

Առաջին գործողության մեջ`

Ձայներ

Սիրո քրմուհի

Պահապան

Կարմիր ժապավենով աղջիկ

Մեծ գող

Երկրորդ գործողության մեջ`

Խաչիկ

Սոնա

Գյուլյար

Ազիզի ձայն


Գործողություն առաջին

/Գործողության դեպքերը տեղի են ունենում Մ.Թ.Ա/


Տեսարան 1-ին


/Բեմը մի փոքր քարքարոտ բացատ է` հեռանկարում `նեղ, իսկ առջևում` լայնացող կամար կապած ժայռեղեն պատերով: Այն նման է խորանի: Խորքում, հանդիսատեսից աջ, ժեռ պատի տակ, փոքրիկ ջրավազան կա, որի մեջ պատի փոքրիկ ելուստից դանդաղ պարբերականությամբ թափվում են ջրի կաթիլներ: Ջրավազանի մոտ տարբեր բարձրության վրա ջահեր են վառվում:

Կաթիլներից առաջացող շրջանաձև ալիքների արտացոլքը փշրվում է պատերին ու առաստաղին: Կենտրոնում մարդու գոտկատեղին հասնող բարձրությամբ, մեծ սեղանանման քարաբեկոր կա, որը ժայռի պատի վրայով ձգված բնական հարթակով հաղորդակցվում է խորանի մուտքի վերին բարձրությանը: Իսկ այդ բարձրության վրա փարթամորեն աճում է մի նռնենի, որի բերքով լի ծանրացած ճյուղերը ստվեր են գցում ժայռի հակադիր պատին:

Լսվում են երիտասարդ կանանց ու տղամարդկանց ծիծաղի ձայներ, ուրախ ձայնարկություններ: Նրանց ստվերները երևում են ծառի մոտ, ձուլվում ծառին և անհետանում, ապա` կրկին երևում: Աղջիկների գլուխներին նռնենու մատղաշ ճյուղերից հույսված պսակներ կան: Տղամարդիկ փորձում են բռնել փախչող աղջիկներին: Երբեմն դա նրանց հաջողվում է և այդ ժամանակ պատերին արտացոլվում են զույգերի ստվերների սիրախաղ և գրկախառնություններ:

Լսվում են ողջույնի բացականչություններ և խոսակցությունների բեկորներ:/


- Մայրամուտը մոտենում է, շուտով կազդարարեն երեկոյան ծեսի սկիզբը:

- Հեյ հեյ այս կողմ եկեք, այստեղից բագինը լավ է երևում:

- Տես, տես ՝ մարտիկ- որսորդը, վերադարձել է հովիտներից:

- Ես նրան դեռ առավոտյան հանդիպեցի, ասում է` եղեգնուտներում վագր է տեսել:

- Ողջույն, բարեկամ:

- Բարի օր, ասում են՝ վագրերը եղեգնուտներում շատացել են:

- Ոչ շատ, քան` երկոտանի բորենիները...

1-ին Տղամարդու ձայն - Նռնենու խորանի քրմուհին... Տեսեք, տեսեք...

1-ին Կնոջ ձայն –Հեյ հեյ… Դա իրոք, նա է` նռնենու կենաց ծառի քրմուհին …:

2-րդ Տղամարդու ձայն –Նա նաև Սիրո բագինի ամենաերկարակյաց սպասուհին է…

1-ին Կնոջ ձայն – Արդեն 20 տարի : Կարծես ծերացած լինի:

2-րդ Կնոջ ձայն – Լռեք, հիմա ծեսը կսկսվի:

3-րդ Տղամարդու ձայն – Նա երբեք չի ծերանում: Եվ նա անբիծ է:

2-րդ Կնոջ ձայն – Մի խոսեք այն մասին, ինչ չգիտեք: 20 տարի առաջ, նախորդ Քրմուհին էլ էր «Անբիծ»: Բայց նա իր տեղը զիջեց իրենից երիտասարդին:

1-ին Կնոջ ձայն – Այո, դա ճշմարտություն է, ծերերը միշտ իրենց տեղը պետք է զիջեն երիտասարդներին:

2-րդ Կնոջ ձայն – Դա պատահեց այն բանից հետո,, երբ նռան գողերի կողմից բռնաբարվելուց հետո, ծերացող քրմուհին մարմնական աղտեղություն ստացավ: Նրա քիթը քայքայվեց ու տեղում երկու անցքով սարսափելի մի խոռոչ բացվեց: Իսկ հետո` կուրացավ:

1-ին Կնոջ ձայն – Այո, դա ճշմարտություն է: Իսկ կուրանալուց հետո, շատ քիչ անց նա մահացավ:

3-րդ Տղամարդու ձայն– Բայց և այնպես նա քրմուհի էր և համարվում էր «Անբիծ կին»:

2-րդ Կնոջ ձայն /ծիծաղում է/– Ի՞նչ է նշանակում անբիծ կին: Ծաղրու՞մ եք:

3-րդ Տղամարդու ձայն –Քրմուհին մեր մայրն ու քույրն է, նա նաև մեր երազանքների տիրուհին է:

1-ին Կնոջ ձայն –Ծեսն սկսվում է: Տեսեք, թմբկահարները և փողհարները շարք են կազմում: Լռություն:

2-րդ Կնոջ ձայն - Միևնույն է, ես հաստատ գիտեմ, քրմուհուն ամեն գիշեր սիրողը խորանի Պահապանն է:

1-ին Տղամարդու ձայն – Այն ներքինի՞ն; Լավագույն դեպքում նա միայն կավատ կլիներ /բարձր ծիծաղում է/:

2-րդ Կնոջ ձայն- Հեյ, իսկ ե՞ս, ի՞նչ անենք, որ քրմուհի չեմ: Բայց կավատուհի էլ չեմ : Դե, ո՞վ, ո՞վ կերիզի ճակատս կարմիր ժապավենով… /բարձրաձայն հեռացող ծիծաղ /

Բոլոր ձայները խառը հերթականությամբ - Ողջույն, Սիրո քրմուհուն, ողջույն սիրո, մաքրության և հավերժության կարմիր ժապավենով ճակատը երիզողին:


Տեսարան 2-րդ


/Հնչում են եղջերափողերը, զարկում են թմբուկները: Պահապանի ուղեկցությամբ թեք հարթակի վրայով գալիս է Սիրո քրմուհին: Նրա գլխին նռնենու ճյուղերից հյուսված պսակ կա: Իսկ երկու ձեռքով կարմիր ժապավեն է տանում: Նա կանգնում է քարե սեղանի` բագինի մոտ/:


Սիրո քրմուհի – /նրա խոսքերը երբեմն ընդհատվում են ամբոխի «այո» բացականչություններով, բղավոցներով ու ծափերով / Ես եկել եմ սիրելու և սիրվելու: Ես եկել եմ նռնենու ներքո տրվելու և տիրելու: Ես եկել եմ մարդկային պտղի առատ ու առողջ սերմով արբենալու, հոգիների աշխարհ գնացածների փոխարեն նորածիններ ունենալու և բազմանալու: Իմ մարմինը ձիգ է ինչպես վաղորդյան արեգակի ճառագայթ, իմ կրծքերը ողորկ են, ինչպես նոր թրծվաց կավե կուլաներ, իմ որովայնը տաք է, ինչպես դարբնոցի հրաշեկ քուրա: Եկել է կենաց ծառի մատղաշ ճյուղերից պատրաստված ներքնակին թավալվելու երեկոն…

Տարբեր կողմերից լսվող կանանց ձայներ - Ես քո հետևորդն եմ Սիրո քրմուհի:

Սիրո քրմուհի – Սիրո մահիճները սիրահարների համար անթեղված խորաններ են: Թող այն այս երեկո բորբոքվի ինչպես հրաշեկ լավա: Ով տանիք չգտնի`թող նրա գլխավերևում բաց երկինքը անամպ, իսկ ներքնակը քարերին փռված նռնենու մատղաշ ճյուղեր լինեն : Ես հարցնում եմ բոլոր սիրահար զույգերին. «Արևածագին իր ճակատը երիզող կարմիր ժապավենը ո՞վ է հանգուցելու կենաց ծառի ճյուղին»:

Տարբեր կողմերից լսվող կանանց ձայներ – Ես կհանգուցեմ:

- Ես, ես..

- Ես կհանգուցեմ իմ ժապավենը:

Սիրո քրմուհի –Սերն ամենուր է: Այն հոգևոր ու նյութական է: Մայրը սիրում է իր զավակներին`: Զավակները սիրում են ծնողներին: Որսորդը սիրում է որսին, իսկ հողի մշակն իր սերմի հատիկին: Դե ասացեք, ո՞վ կհանգուցի իր նվիրվածության կարմիր ժապավենը նռնենու ճյուղին այս արշալույս:

- Մշակները:

- Հովիվները:

- Ես կհանգուցեմ հարգանքի կարմիր ժապավենս, հանուն հիվանդ մայրիկիս առողջության:

- Զինվորները ` հանուն հայրենիքի ու հաղթանակների:

- Երգիչները:

- Սիրահարները:

- Որսորդները:

- Առևտրականները:

Սիրո քրմուհի –Եվ թող նռնենու սրբազան ծառի պտուղը մեզ պարգևի 365 առողջ հատիկ, յուրաքանչյուրը` մաղթանքի, սիրո ու նվիրվածության մեկ երջանիկ օր:

/Հանդիսավոր երաժշտություն: Պահապանը մոտենում է Սիրո քրմուհուն, հանդիսավորությամբ հանում է նրա գլխի պսակը և նետում բագինի վրա: Հետո Սիրո քրմուհին հանդիսավորությամբ բարձրացնում է կարմիր ժապավենը և խոնարհվում աշխարհի չորս ուղղություններով, ապա՝ տալիս է Պահապանին, որն այն կապում է նրա ճակատին/:

Սիրո քրմուհի – Ես խոնարհվում եմ հյուսիսին, ես խոնարհվում եմ արևմուտքին, ես խոնարհվում եմ հարավին, ես խոնարհվում եմ արևելքին: Թող յուրաքանչյուր ծնող իր զավակի ճակատը համբուրի օրհնանքով: /Քրմուհուն է մոտենում մի երեխա և նա համբուրում է փոքրիկի ճակատը / Թող յուրաքանչյուր զավակ խոնարհվի և համբուրի ծնողի ձեռքը զավակի հարգանքով: / Նույն երեխան համբուրում է քրմուհու ձեռքը: Քրմուհին շրջվում է դեպի Պահապանը /: Եվ թող յուրաքանչյուր սիրահար որպես երկնային ընծա, իր համբույրը պարպի սիրելիի շուրթերին /Համբուրվում է Պահապանի հետ/ Սիրո ծեսը թող կենաց սուրբ ծառի օրհնությամբ տարածվի աշխարհի բոլոր ծագերի վրա: Այժմ և հավիտյան: Ամեն:

/Երաժշտություն: Հավաքվածներից շատերը հետևում են Պահապանի և Սիրո քրմուհու օրինակին: Բոլորը նռնենու դալար ճյուղերից գործված պսակներ են նետում բագինին կից թեք հարթակի վրա: Պատի վրա արտացոլվում է, թե ինչպես են պսակների ստվերները վերից ցած սահում և բագինի վրա երևում իրենց բնական տեսքով: Պսակները նետողները իրենց ընկերուհիների ճակատները երիզում են կարմիր ժապավենով /:

/Մարդիկ հեռանում են: Աստիճանաբար իջնում է լռություն: Լսվում է միայն ջրավազանի մեջ դանդաղ ընկնող կաթիլների ձայնը: Քրմուհին բռով ջուր է վերցնում և բարակ շիթով ցած թափում/:

Սիրո քրմուհի – Կենաց-նռնենին իրական է ջրի միջոցով: Կա ջուր, ուրեմն, կլինի նաև կենաց ծառը:

/Քրմուհին այլևս ջրաշիթ չի թափում, բայց թափվող ջրաշիթի ձայնը շարունակվում է: Քրմուհին շրջվում է և տեսնում Պահապանին, ով ջրավազանից բռով ջուրը վերցնում է և գլխի բարձրությունից բարակ շիթով բաց թողնում/:


Տեսարան 3-րդ


/Պահապանին մոտեցած Սիրո քրմուհին իր ձեռքերը պահում է այնպես, որ տղամարդու բաց թողած ջրի շիթը լցվի իր բոան մեջ: Հետո տղամարդն է իր բուռը պահում կնոջ ձեռքերից հոսող ջրի շիթի տակ/:

Սիրո քրմուհի – Ներկայացումն ավարտվեց:

Պահապան –Կենաց-նռնենին իրական է ջրի միջոցով: Կա ջուր, ուրեմն, կլինի նաև կենաց ծառը:

Սիրո քրմուհի –Բոլորը կարծում են, որ դու ներքինի ես:

Պահապան – Անգամ քայքայվող մարմնի մեջ հոգին կարող է մաքրությունը վերագտնել: Բայց ես ներքինի չեմ: Պարզապես ես իմ պարտականությունները կատարում եմ ազնվորեն:

Սիրո քրմուհի –Ես գիտեմ: Ես դա շատ լավ գիտեմ և դրա համար էլ ասում եմ` ահա տես` ազնիվ մարդ, ես այստեղ եմ: Դե, պոկիր ճակատս երիզող կարմիր ժապավենը, որ կապեցիր քո ձեռքով: Դարձիր իմ և իմ գիշերվա տերը:

Պահապան –/Կտրուկ տոնով/ Սթափվիր: Խորանի քո մահիճը աստվածների համար սուրբ բագին է և ընծայարան:

Սիրո քրմուհի –Սիրիր, և ցանկացած կին կարող է Աստծո վերածվել:

Պահապան – Տղաները շատ հյուսածո պսակներ հանեցին աղջիկների գլուխներից ու ընծայեցին աստվածներին: Շատերի ճակատներն այս երեկո երիզվեցին կարմիր ժապավեններով: Եվ արևածագին շատ նորահարս ու կին կարմիր ժապավեններ կհանգուցեն նռնենու ճյուղերին:

Սիրո քրմուհի – Ես քրմուհի եմ ցերեկները: Եվ ես չեմ ուզում ապրել միայն ծիսական համբույրներով: Ես այդպես ապրում եմ արդեն 20 տարի:

Պահապան –/ խոսքը փոխելու ակնհայտ դիտավորությամբ/- Լսու՞մ ես, կաթիլներին` թիկ, թակ, թիկ, թակ… Կարծես հրավիրում են ննջելու:

Սիրո քրմուհի –/ճչում է/-Ես ցանկանում եմ մայրանալ:

Պահապան –Քրմուհիները չեն մայրանում:

Սիրո քրմուհի –Իսկ ինչ են անում քրմուհիները:

Պահապան –Քրմուհիները աստվածներից հաջողություն են խնդրում: Մարդիկ միշտ քաղցած են և ուտել են ցանկանում: Խնդրիր, որ նրանք միշտ ուտելու բան ունենան: Պաղատիր, երկնքում բնակվողներին, որ օգնեն հաղթահարել անխոհեմ ու վայրի օրենքներով ապրելու բնազդները…

Սիրո քրմուհի – /նմանակելով Պահապանին շարունակում է/- Եվ մտածեն իրենց ատամները պահպանելու մասին, որպեսզի առիթի դեպքում հիշեն. «Օ, նա իսկական քրմուհի է»: /Ինքն իր նման/ Խոսքերն ավելորդ են: Տուր ինձ քո հավերժական թուրմը: Ես կխմեմ և ևս մեկ երկար ու ձիգ գիշեր կլինեմ ճիշտ քեզ պես՝ անզգա և սառը:

Պահապան – / Գոտկատեղի ինչ-որ հատվածից մի փոքրիկ սրվակ է դնում սեղանին/ -Նստիր: Սա ամեն ինչ կկարգավորի:

Սիրո քրմուհի –Ճիշտ ինչպես տեղացող կարկուտը ծաղկած նռնենուն :

Պահապան –Կրքերը զսպող խոտերից բացի, այլ համեմունքներ էլ են խառնել... Գուցե, նույնիսկ, հաճույք պատճառի:

Սիրո քրմուհի –/ Սկսում է խոսել շշուկով/ Իսկ մի՞թե այս թուրմը չի աղճատում քրմուհու մաքրությունը:

Պահապան – Իսկ մի՞թե դու կասկածում ես իմ հյուրասիրածի մաքրության վրա: / Կում է անում սրվակից/:

Սիրո քրմուհի –Անպաշտպան կինն իրավունք ունի կասկածամիտ լինելու: Նա նման է քարերով հալածյալ շան քածի:

Պահապան –Մի՞թե հիմա միասին չենք ճաշակում այս ըմպելիքը:

Սիրո քրմուհի – /հեգնանքով/- Իսկ մի՞թե սա ճաշակել է: Երանի դա հավերժական քնաբեր լիներ:

Պահապան –Դու հավերժորեն արթուն ես, դու քրմուհի ես: Խմիր և գիշերը չես տանջվի:

Սիրո քրմուհի –Շատերը կարծում են, որ աստվածները մեր բոլոր շնորհները մեզ են փոխանցում նռնենու պտուղների միջոցով: Բայց այս ըմպելիքը նռնենու հետ ոչ մի կապ չունի: / Կում է անում /:

Պահապան–Քրմուհիների բաժինը սիրո ճանապարհը լուսավորելն է կամ՝ մեռնելը:

Սիրո քրմուհի – Ինչ եմ անում ես հիմա` լուսավորում եմ, թե՞ մեռնում:

Պահապան–Դու ջահակիր ես:

Սիրո քրմուհի- Եվ սա ջահակրի բաժինն է: Սիրո գիշերվա փոխարեն՝ թույն:

Պահապան- Այն ընդամենը բթացնում է զգայարանները:

Սիրո քրմուհի- Դա շատ լավ երևում է քո վրա:

Պահապան-Ես, Սիրո քրմուհու Պահապան եմ: / Վազում է և պատի մոտից վերցնում է իր նետ ու աղեղը և այն արձակելու պատրաստ բռնած և զգուշավոր քայլերով դուրս է գնում խորանից / Ես պատրաստ եմ մեռնել հանուն Սիրո քրմուհու:

Սիրո քրմուհի- Գնաց: Նորի՞ց… փախա՞վ: /բարձր գոռում է Պահապանի ետևից/ Շնորհակալ եմ, որ պատրաստ ես մեռնելու....: Բայց դա չի օգնի, որ արևածագին նռնենու ճյուղերին կարմիր ժապավենների թիվը մեկով ավելանա: /կանգնում նայում է հեռացած տղամարդու ուղղությամբ: / Հեռացա՞վ: /փնտրում է/ Հա էլի... / Հանկարծակի դեմքին տալիս է անհոգ արտահայտություն/ Ես էլ կհաշվեմ 200 կաթիլազարկ: Դա բթացնում է զգայարանները և քուն բերում: Մեկ, երկու, երեք…. / Նա գլխից կոպտորեն հանում է կարմիր ժապավենը և նետում մի կողմ/: Ով է տեսել սիրո քրմուհի, որը կույս է: Շատ տարօրինակ է, երբ պառաված օրիորդ ես և քարոզում ես մի բան, որից ոչինչ չես հասկանում: /Շարունակում է հաշվել: Մթություն/:

Տեսարան 4-րդ

/ Սիրո քրմուհին պառկած է քարե սեղանին: Նա ուղղակի թաղված է պսակների մեջ և գրեթե չի երևում/:

Սիրո քրմուհի – Ինձ համար երազանք է Պահապանիս գրկում նռնենու դալար ճյուղերը մեջքիս տակ զգալը: Բայց ես հիմա այդ նույն ճյուղերով եմ ծածկված և այրվում եմ իմ մոխրացող ցանկությունների պես: Օ, իմ աստվածներ, սերն ունի նռնենու բույր: Եթե անգամ հարյուր տարի առաջ տապալված ծառի պես չոր, սառն ու անհաղորդ ես, և բոլոր տեսակի ցանկություններդ սավառնում են քեզնից հեռու, շատ հեռու, չափազանց հեռու, միևնույնն է, նռնենին գտնում է տերևների նուրբ բույրը ռունգերիդ հասցնելու հնարը և դու զգում ես հասունությունից ճաքած պտղի հյութեղ բոսորը լեզվիդ ծայրին: /Վեր է ցատկում ու կանգնում / Աստվածներ, աստվածներ, մարմնավոր ցանկություններ այլևս չունեմ... Եվ խոր լռություն է սիրո, պտղի և երկունքի սպասումներից անընդհատ հեռացողիս գոյության մեջ: Ես քրմուհի եմ: Այդպես է եղել երեկ, այդպես է հիմա և այդպես կլինի վաղը: Միշտ: Գիշերային միայնության մեջ կծկված կինը մարմնացյալ տխրությունից զատ այլ բան չի կարող ներկայացնել: Ես պարտավոր եմ լինել այդ տխրության հնազանդ գրաստը և խմել ինձ բաժին հասած դառնությունը, ապա քայլել խորանի մի պատից մյուսը, թավալագլոր պառկել բագինի վրա, որպես աստվածների վերացական տռփանքների կամակատար, մի գիշերվա մեջ ապրել մայրացող կանանց տագնապները, մեծացնել զավակներ, ճանապարհ դնել ամուսիններին ու որդիներին, անմեղության կարմիր ժապավեն տալ դուստրերին, բառեր գտնել նռնենիների ճշմարտությունների մասին, բոլորի աչքին երևալ սիրո գործերի մեջ ամենագիտակն ու իմաստունը և, այդ ամենով հանդերձ, պահպանել կուսությունս: Դե, ահա, ես անբիծ եմ, ինչպես սարի գագաթին հավերժի հետ մրցող սպիտակ ձյուն: Ես կույս եմ: Բայց… Հավերժականի սպիտակափառ գոտում ոտնահետքեր չեն մնում, որովհետև տեղացող նոր ձյունն ու քամիները ամեն ինչ բերում են նախնական տեսքի: Իսկ նա, տեսեք, տեսեք վեր կացավ և գնաց: Կուսությունը սրբության պես պահողին ո՞վ է վերադարձնելու երբեմնի աղջկական վառվռունությունը…

/Հեռվից մարդկային ոռնոց ու ճիչ է լսվում: Կռվի աղմուկ: Այն աստիճանաբար ավելի է բարձրանում: Խորանի պատերին շարժվող կրակի ցոլքեր են հայտնվում: Քրմուհին վազում և կանգնում է այն հատվածում, որտեղից կկարողանար տեսնել դրսում առաջացած աղմուկի պատճառը:

Սիրո քրմուհի – Անկոչ հյուրեր: Նռան գողերը: Եկա՞ք… /Դառը ծիծաղում է/ Եկեք, եկեք: Դուք հաջողությամբ եք դաշնակցում մեր շեղումների և գործած սխալների հետ: /Մի նետ է ընկնում բագինի մոտ: Մի քանի նետ էլ թռչում խորանից ներս/ Դուք նետ ու աղե՞ղ ունեք... Եվ ձեր նետերը թիրա՞խ են փնտրում: / թաքնվում է Բագինի ետևում/ Երևի ձեր նետ ու աղեղները անցյալում գողացված կենաց և իմաստության պտղի ճշմարտություններ են: Գողացված և մեզնից լրտեսված ճշմարտություններով թիրախ եք փնտրում մե՞ր մեջ: Հեյ. Իմ Պահապան…Արձագանք չկա: Նրանք դեռ կարգին նշանառուներ չեն, բայց նետեր են արձակում: Իմ Պահապան, այսպե՞ս ես պաշտպանում քրմուհուդ…

/Հակառակ կողմից խորան է ներխուժում տագնապահար Կարմիր ժապավենով աղջիկը /


Տեսարան 5-րդ


Կարմիր ժապավենով աղջիկ – Գրոհում են: Գողերը … նրանք հարձակվում են… Նրանք գողեգող չեն գալիս … Նրանք շատ են և զինված են…/մոլորված կանգնում է/ Հեյ այստեղ որևէ մեկ կա՞…

Սիրո քրմուհի – Աղջիկ, ի՞նչ ես ձայնդ գլուխդ գցել:

Կարմիր ժապավենով աղջիկ- /Մոլորված այս ու այն կողմ է նայում/ – Նրանք քարե կացիններից բացի նետ ու աղեղ էլ ունեն…

Սիրո քրմուհի – Հեյ, այս կողմ, այս կողմ արի: Թռչող նետերի տակ բերանն անիմաստ չեն կախում:

Կարմիր ժապավենով աղջիկ – /Վախից ցնցվում է, հետո հայացքով փնտրում գտնում է քրմուհուն ու ժպտում /Քրմուհի… / նորից մի քանի նետ է թռչում ու ընկնում խորանի հատակին/: Նետերը թափված են հատակին: Քրմուհի… այստեղ աղեղ կա՞...

Սիրո քրմուհի – Նետերը թափվում են երկնքից,բայց դրանք սիրո նետեր չեն : Եկ այս կողմ, եկ, քանի դեռ չես խոցոտվել, ինչպես մարզարանի խրտվիլակ :

Կարմիր ժապավենով աղջիկ - Ես լավ նշանառու եմ: Ես օրիորդաց մարտական վարժանքների եմ մասնակցել, թեև այս գիշերվանից, այլևս, օրիորդ չեմ: / սկսում է նետերը հավաքել ու ժողովել / Ես ընկերոջս հետ էի: Նա զինվոր է: Նետ ու աղեղի իմ հրահանգիչը: Ես քարերին փռված նռնենու մատղաշ ճյուղերի մի քանի խուրձ մեջքով տրորեցի: Մենք սիրում էինք միմյանց ու անվերջ գուրգուրում: Իսկ հետո սպասում էինք նռնենիների հովտի այգաբացին: Ես պիտի կարմիր ժապավենս հանգուցեի…

Սիրո քրմուհի –Ինչի՞դ են պետք այդ նետերը: Այստեղ աղեղ չկա:

Կարմիր ժապավենով աղջիկ - Իսկ սիրո նետերն ինչպե՞ս եք արձակում, չէ որ Սիրո քրմուհին եք:

Սիրո քրմուհի – Այդ ամենն այստեղ երևակայական է:

Կարմիր ժապավենով աղջիկ - Դե նրանք մեր վրա են արձակում: Իսկ ես կհավաքեմ: Այս նետերն իմ մեջ զենք ունենալու պատրանք են առաջացնում:

Սիրո քրմուհի – Պատրանքներով աղեղ չես պատրաստի: Նետերն այստեղ անիմաստ սլաքների են վերածվում:

Կարմիր ժապավենով աղջիկ – Այնքան էլ անիմաստ չեն: Նռան գողերն ավարի են եկել: Նրանք մի քանի ջոկատով են: Քայլում են ոչ թե գողեգող, այլ շարքերով: /Նորից նետեր են թռչում այս ու այն կողմ: Աղջիկը իր հավաքած նետրը արագ դնում է բագինի վրա և միանում է քրմուհուն/: Իրոք, նրանք ոչ թե գողերի այլ զինվորնների պես են փորձում իրենց պահել:

Սիրո քրմուհի – Փորձում են պատերազմի պատրանք առաջացնել, թեև գողերից ի՞նչ զինվոր:

Կարմիր ժապավենով աղջիկ – Նրանք հմուտ նետաձիգներ չեն: Իսկ նռնենիների բացատում դոփում էին ոտքերով` ինչպես իսկական վայրենիններ: Նր անք սպանեցին սարսափից գլուխները կորցրած երկու պահապանի: Քարե կացինով: Այ այսպես: Բարձրացնում էին կացինն ու արագ իջեցնում ցած: Նրանց նետերը ուր ասես թռչում էին, սակայն ոչ մի թիրախի չէին դիպչում: Ես ու իմ երիտասարդը կարողացանք խույս տալ: Փախանք: Հետո իմ սիրելին գնաց, որ միանա իր ընկեր զինվորներին, իսկ ես` եկա այստեղ:

Սիրո քրմուհի – Դու արդեն այստեղ ես:

Կարմիր ժապավենով աղջիկ – Թաքստոց քարի մեջ: Այստեղ կարելի է մնալ մինչև բոլորը խելքի գան ու այս ամենը վերջանա:

Սիրո քրմուհի –Հուսանք, որ ամեն ինչ ավելի շուտ կկարգավորվի:/Ականջ է դնում/ Լսու՞մ ես:

/Կացնի հարվածներ են լսվում/

Կարմիր ժապավենով աղջիկ –Նռնենիների բացատում է: ծառերն են հատում:

Սիրո քրմուհի –Հատում են ծառե՞րը: Նռնենինե՞րը:

Կարմիր ժապավենով աղջիկ - Գողեր են, խելքներին փչել է` անում են: Նրանց մեջ շատ կին կա` մեջքերին եղեգնից հյուսած զամբյուղներով: Տղամարդիկ հատում են նռնենիները, իսկ կանայք քաղում են տապալված ծառի պտուղները և գցում զամբյուղների մեջ:

Սիրո Քրմուհի-Մի՞թե այդ կանայք այնքան ցածրահասակ են, որ պտուղ քաղելու համար ծառն են տապալում ...

Կարմիր ժապավենով աղջիկ - – Չէ, նրանք բարձրահասակ են, բայց անընդհատ գորգռում են. «Թող նրանցը չորանա, մերը` կանաչի, թող նրանցը չորանա, մերը` կանաչի»:

Սիրո Քրմուհի –Սեփականն ունենալու համար, ինչու՞ ուրիշինը ոչնչացնել:

Կարմիր ժապավենով աղջիկ –Նրանք այլ կերպ են մտածում: / Կարմիր ժապավենով աղջիկը չոքում է ու ձեռքը դնում իր որովայնին: Մյուս ձեռքվ բռնում է քրմուհու աջը, համբուրում ու նույնպես դնում իր որովայնին:/Խնդրում եմ տուր քո ուժը իմ մեջ մարմին առնողին: Իսկ ես` հազար նռնենի կաճեցնեմ:

Սիրո Քրմուհի –Դու դա կարող ես անել: /Ականջ է դնում/ Իսկ նետերը, կարծես, այլևս չեն թռչում: Լսու՞մ ես: Ձայներն էլ կտրվեցին /Զգույշ դուրս է գալիս բագինի թաքստոցից: Նայում է դուրս/ Ամեն ինչ այնպես միանգամից ու հանկարծակի ավարտվեց: Ինչ լռություն է, ինչպիսի անդորր… Իսկ երկնքում դեռ աստղեր են փայլում: Բայց շուտով լուսաստղը դուրս կգա: /Մոտենում է աղբյուրին ու մի քանի անգամ ափերով ջուր վերցնում ու բարակ շիթով բաց թողնում/ Կենաց-նռնենին իրական է ջրի միջոցով: Կա ջուր, ուրեմն, կլինի նաև կենաց ծառը:

/Մեծ նռնենու ստվերը հանկարծ երերում ու խոր տնքոցով ու ճռռոցով տապալվում է: Դրա տեղում հայտնվում են Մեծ գողի և գերի ընկած Պահապանի ստվերները:/


Տեսարան 6-րդ


Մեծ գող - /բարձր ու լկտի ծիծաղում է:/- Քրմուհի, Սիրո քրմուհի: Այ քեզ հրաշալի հայտնություն:

Սիրո Քրմուհի – / Կարմիր ժապավենով աղջկան` շշուկով/ - Դուրս չգաս թաքստոցից: Նրանք դեռ այստեղ են: Ես սխալվեցի: /Մեծ գողին` բարձր/ Ո՞վ ես դու, որ ծառեր հատելու համար հասել ես այստեղ:

Մեծ գող – Ես լսել եմ, որ դու միշտ թունոտ երկիմաստություններ ես ասում: Ես ծառերը հատում եմ այնտեղ, որտեղ ցանկանում եմ: Կուզեմ~ միտքս կփոխեմ ու կմտնեմ այդ գեղեցիկ ծածկոցի տակ, որով քողարկել ես մերկությունդ: /Գռեհիկ ծիծաղում է/ Բայց ես քեզ առաջարկում եմ` ընդունիր իմ ուժը և ի տես բոլորի ինձ հետ մտիր ամուսնական մահիճ, ահա այնտեղ` բագինի վրա:

Սիրո Քրմուհի –/հեգնանքով ծիծաղում է/- Ավելի լավ է ինձ սպանիր;

Մեծ գող – Ավելի լա՞վ: Եվ դու հույս ունես ամեն ինչ ավարտել այդպե՞ս, ավելի լավո՞վ: /Ծիծաղում է/ Միակ ավելի լավը բագինի վրա է: /Դիմում է իր մարդկանց/ Նետեք գերուն բագինի վրա: Դե, արագ: /Հարթակի վրայից, թավալագլոր լինելով, բագինի վրա հայտնվում է բզկտված և վիրավոր Պահապանը/: Նայիր քրմուհի, սա խոնարհ լինելուդ իմ առաջարկն է:

Սիրո Քրմուհի –/Բարձրանում է բագինի վրա/- Իմ Պահապանը: /Գրկում է պահապանի գլուխը/ Իմ Պահապան…

Պահապան –Քրմուհի: Ես չկարողացա քեզ պաշտպանել:

Մեծ գող - Դե որոշիր: Արագ: Հիմա ձեր զինվորները վրա կտան: Եվ մենք ստիպված կլինենք նահանջել: Բայց նահանջելուց առաջ ստիպված կլինենք մեզ համար ոչ ցանկալի կոպտություններ թույլ տալ այստեղ գտնվող գեղեցկուհիների նկատմամբ: Դա չի լինի, եթե դու արագ համաձայնվես: Դե, քրմուհի այդ հարցը եկ լուծենք արագ և որակով, մինչև զինվորների գալը: Ասա, համաձա՞յն ես:

Պահապան- Մեծ գողը, ցանկանում է քեզ հետ ամուսնանալ: Նա, ցանկանում է Բարձրագույն քուրմ կոչվել: Քրմուհի, քեզ հետ ամուսնությունը օրինական հիմք կդառնա, որ նա հասնի իր նպատակին… / Քրմուհին Պահապանին հրում ու վայր է գցում բագինի վրայից/: Նա քեզ հետ ամուսնանալով ցանականում է սեփականացնել Բարձրագույն քրմի իրավունքները: Քրմուհի, մի արա, մի արա դա…

/Քրմուհին պառկում է բագինի վրա/:

Սիրո Քրմուհի –Ամուսնություն բագինի վրա, ի տես բոլորի: Շատ հետաքրքիր է և անսովոր:

Պահապան- /Ցնծալից/- Նա կրակ է:

Սիրո Քրմուհի –Որտեղ ասես, որ սեր չեմ վայելել, նռնենու ստվերին ու ճյուղերի վրա, նոր հնձած խոտին պառկած ու չոր ծղոտի տակ: Իսկ հիմա էլ բագինի վրա: Ինչպես աստվածներին մատուցվող ընծա… Օ, աստվածներ, շնորհակալ եմ այս մեծ պարգևի և պատվի համար: Այս ընտրությունն իմ համար միակն է և հավերժականը: Դեռ ոչ ոք ինձ այդպիսի առաջարկ չէր արել: Ահա և ես սիրո բագինի վրա եմ, ինչպես ամուսնական առագաստում:

Պահապան- Մի արա այդ… Քրմուհի…

Մեծ գող - Դու երկնային պարգև, դու կրակ…

Կարմիր ժապավենով աղջիկ – /Շշուկով/Քրմուհի, բագինի վրայի նետերը… Դրանք սրածայր են; Կտրուկ հարված աջից կամ ձախից դեպի կենտրոն և դրանք հեշտությամբ կխրվեն գողի կոկորդում:

Սիրո Քրմուհի – /Բարձրաձայն /-Այո կյանքը հրաշալի է: Եվ կարևոր չէ, թե որտեղ ես սեր վայելում /Ծիծաղում է: Ապա շշուկով` Կարմիր ժապավենով աղջկան/: Իսկ ի՞նչ է քո անունը:

Կարմիր ժապավենով աղջիկ – Իմ անու՞նը: Իմ անունը: Ինչ կապ ունի իմ անունը: Կարմիր ժապավենով աղջիկ է իմ անունը:

Սիրո քրմուհի – Գեղեցիկ անուն է:

Մեծ գող - Իսկ Պահապանին ես կթողնեմ, որ սողունի պես դեռ քարշ տա իր համառությունը մեր ոտքերի տակ, քրմուհի, հենց այդ նույն բագինի մոտ:

Կարմիր ժապավենով աղջիկ –Դու միայն ամուր հարվածիր կոկորդին և նա իսկույն կմահանա, կամ էլ կխեղդվի սեփական արյան մեջ: Դա մեզ սովորեցրել են մարզարանում:

Սիրո քրմուհի – Ես դա գիտեմ: Կոկորդին հարվածելը ինձ մոտ լավ է ստացվում:

Կարմիր ժապավենով աղջիկ –Մեծ գողի մարմինը կթողնես քո վրա ընկած: Բոլորը կկարծեն, որ սիրով եք զբաղվում: Իսկ ես կաղոթեմ, որ զինվորները շուտ հասնեն:

Մեծ գող - Ես գալիս եմ… Քրմուհի…

Սիրո Քրմուհի -/Աննկատ վերցնում է նետը/ Քրմուհիների բաժինը սիրո ճանապարհը լուսավորելն է կամ՝ մեռնելը: /Քրմուհին նետը խրում է սեփական կոկորդը: Բագինի եզրից կախված ձեռքը ցույց է տալիս նրա կարճ հոգևարքը և մահը:/

Մեծ գող –/Ստվերը քարանում է տեղում/- Քրմուհի…

Կարմիր ժապավենով աղջիկ – /ճչում է/ Քրմուհի:

Մեծ գող- Ո՞վ տվեց նետը նրան: Կացնավորներ, ջարդեք բագինը: Դուրս վռնդեք, սպանեք բոլորին, ջարդեք բագինը, փոշի դարձրեք ամեն ինչ:

/Հանկարծ նետերի տարափ է տեղում Մեծ գողի ուղղությամբ:

Ձայներ – Զինվորները, նրանց զինվորները գալիս են:

Մեծ գող – Չհասցրեցինք… Նահանջել… դեպի եղեգնուտներ… Նահանջել: Արագ: Զամբյուղները, ավարը մի թողեք, անշնորհքներ: Վազքով, դեպի անտառ, դեպի մացառուտներ, դեպի եղեգնուտներ…

/Հեռացող աղմուկ/

Կարմիր ժապավենով աղջիկ /Դուրս է գալիս թաքստոցից ու մոտենում քրմուհու մարմնին/ – Քրմուհի…

Պահապան- Քրմուհի: Մեր զինվորները…

Կարմիր ժապավենով աղջիկ –/Գոռում է/ Գողեր, եթե պիտի ճողոպրեիք, ինչու՞ էիք եկել:

Պահապան – Քրմուհի, քրմուհի գողերը փախչում են: /Պահապանը սողեսող մոտենում և կենդանության նշաններ է փնտրում քրմուհու անկենդան կախված ձեռքում/ մեր արեգնափայլ զրահները եկան::

Կարմիր ժապավենով աղջիկ –Նրանք այնպես են փախչում, կարծես այստեղ գալու որոշումն իրենք չէին կայացրել: Քրմուհի…

Պահապան –Շուտով արևը կծագի: Հարկավոր է քրմուհուն հուղարկավորել, ինչպես կարգն է: Թմբուկ զարկեք, եղջրափող հնչեցրեք:

Կարմիր ժապավենով աղջիկ – Իմ սիրո առաջին գիշերը դարձավ նռան նեխած հատիկի պես զզվելի:/լալիս է/:

Ձայներ.

- Մեր նռնենիները տապալված են:

- Իմաստության պտուղները թալանված են:

- Եղեգնուտների գողերը ամեն ինչ ավերել են:

- Քրմուհին, մեր քրմուհին չկա, նա հոգին ավանդել է…

- Ասում են, ինչ-որ ախտավոր գող քրմուհուն անպատվել է, ճիշտ ինչպես նախորդ քրմուհուն…

- Վայ մեզ, վայ մեզ…

- Մեր քրմուհին վախճանվել է բագինի վրա:

- Մահացե՞ լ, ոչ նա ինքնասպան է եղել: Նրա տանջահար մարմինը հոգու պես անպիղծ է:

- Հովտի նռնենիների հետ նա էլ լքեց մեզ:

/Պահապանը դժվարությամբ և թավալագլոր մոտենում է ջրավազանին և ափերով ջուր վերցնում ու բարակ շիթով թափում ցած/:

Պահապան- Քրմուհին ավանդեց հոգին: Վայ մեզ, Սիրո քրմուհին ավանդեց հոգին:


/ Թեք հարթակից մարդիկ ցած են գցում նռնենու ճյուղերից հյուսած նորանոր պսակներ: Կարմիր ժապավենով աղջիկը դրանցով ծածկում է քրմուհուն/:

Ձայներ.

- Մեր նռնենիները տապալված են:

- Իմաստության պտուղները թալանված են:

- Եղեգնուտների գողերը ամեն ինչ ավերել են:

- Քրմուհին, մեր քրմուհին չկա, նա հոգին ավանդել է…

- Ասում են, ինչ-որ ախտավոր գող քրմուհուն անպատվել է, ճիշտ ինչպես նախորդ քրմուհուն…

- Վայ մեզ, վայ մեզ…

- Մեր քրմուհին վախճանվել է բագինի վրա:

- Մահացե՞ լ, ոչ նա ինքնասպան է եղել: Նրա տանջահար մարմինը հոգու պես անպիղծ է:

- Հովտի նռնենիների հետ նա էլ լքեց մեզ:

Պահապան – /Վշտով/ Քրմուհին մահացավ: /Խոհական/Բայց կա ջուր, ուրեմն, կլինի նաև կենաց ծառը: /Ուրախ/Մեզ և ձեզ Մեծ ավետիս: /Ցնծալի/ Կեցցե քրմուհին: Կեցցե քրմուհին:

Ձայներ /բոլորը միասին/

-Կեցցե քրմուհին:

/ Կարմիր ժապավենով աղջիկը վերցնում է ջրավազանի մոտի վառվող ջահերից մեկն իրեն սողեսող ու թավալվելով մոտեցրած Պահապանի ձեռքից/:

Կարմիր ժապավենով աղջիկ - Ես խոնարհվում եմ հյուսիսին, ես խոնարհվում եմ արևմուտքին, ես խոնարհվում եմ հարավին, ես խոնարհվում եմ արևելքին: Թող նռնենու ճյուղերի մեջ բոցավառվող մարմնից հոգին տեղափոխվի երկնային բնակավայր: Թող այն դառնա լուսավոր միջնորդ Աստվածների, ժողովրդի, և երկնային լազուրի բնակիչների միջև: Այժմ և հավիտյան: Ամեն:

/ Կարմիր ժապավենով աղջիկը այրում է պսակների կույտը: Ջահը փոխանցում է պահապանին , ապա շրջվում է դեպի հանդիսատեսը և աջ ձեռքը դնում որովայնին/:


Տեսարան 7-րդ


/Արևը դուրս է գալիս հորիզոնի ետևից Պահապանը թավալագլոր, ցավերից առաջացող տնքոցը անհաջող զսպելով, մոտենում է ջրավազանին և կախիչի վրա ամրացնում ջահը:: Նա ափերով ջուրը վերցնում է ու փորձում բարակ շիթով նորից լցնել տեղը: Բայց նրա մոտ դա այնքան էլ լավ չի ստացվում /:

Կարմիր ժապավենով աղջիկ – Արևը դուրս է գալիս հորիզոնի ետևից: Այգաբաց է: Որտե՞ղ հանգուցենք մեր կարմիր ժապավենները: /Բարձրաձայն/ Հովտի նռնենիները, խորանի Մեծ նռնենի կենաց ծառը տապալված են: Որտե՞ղ հանգուցենք մեր կարմիր ժապավենները:

Ձայներ.

- Վատ ու աղետաբեր ժամանակներ են:

- Մեր սիրո ու իղձերի պատվիրան կարմիր ժապավենները աստվածները մերժում են:

- Ո՞վ կարող է, թող իր գլխի ճարը տեսնի:

- Գուցե գնա՞նք ու խնդրե՞նք, որ մեր կարմիր ժապավեններով հանգույց կապենք եղեգների վրա՞:

Պահապան - / Գոռալով անընդհատ մի քանի անգամ կրկնում է / - Կա ջուր, ուրեմն, կլինի նաև կենաց ծառը: Այս բնական խորանը ոչ ոք չի կարող զրկել ուռենու Մեծ խորհրդից, որովհետև Կա ջուր, ուրեմն, կլինի նաև կենաց ծառը: Չկա կանգուն ծառ, ուրեմն մի հանգուցեք կարմիր ժապավենները: Դրանք ի պահ տվեք ժայռի անթիվ ծերպերին:

/ Կարմիր ժապավենով աղջիկ իր ժապավենը դնում է ժայռի ծերպի մեջ: Հետո ջրավազանից ափերով ջուր է վերցնում ու մոտենում բագինին: Նա ափերի մեջից ջուրը բարակ շիթով լցնում է բագինի եզրին/:

Կարմիր ժապավենով աղջիկ- Կա ջուր, ուրեմն, կլինի նաև կենաց ծառը: / Կարմիր ժապավենով աղջիկը կրկին վերադառնում է ջրավազանի մոտ և կրկնում նույն գործողությունն ու խոսքերը: Պահապանը վերցնում է մուրճն ու հատիչը և մոտենալով բագինին նրա դիմահայաց հատվածում սկսում է քանդակել/:

Պահապան - / Քանդակում է գոռալով անընդհատ կրկնում է / - Կա ջուր, ուրեմն, կլինի նաև կենաց ծառը: Թող այս քարերը դառնան մեր սիրո և իղձերի առհավատչյան ու հուսալի պահոցները և թող նրանց անդորր հսկի քարե բագինի վրա դրվագված նռնենին: Թող այն ի տես հավերժի պահպանի քարե Պահապանը: Եվ, ի հիշեցում բոլորի, հեռվում միշտ տեսանելի լինի սիրո և իղձերի կենաց իմաստության ծառի պտուղներին գողեգող տիրանալու փորձ անող ոխերիմը:

/ Կարմիր ժապավենով աղջկա և Պահապանի վերջին արտահայտությունները կրկնվում են մի քանի անգամ և նույնքան անգամ ցերեկն ու և գիշերը հաջորդում են միմյանց: Այդ ընթացքում Ավելի է ընդգծվում Կարմիր ժապավենով աղջկա հղիությունը և բագինի վրա տեսանելի դառնում հոգնած ու տանջահար Պահապանի աշխատանքի արդյունքը` նռնենու ծառի, այն պաշտպանող նետ ու աղեղնավոր զինվորի և հեռվից հարձակվող նույնպիսի տեսքով թշնամու խորաքանդակները: Կարմիր ժապավենով աղջիկը հերթական մի բուռ ջրի շիթը թափելուց հետո կանգնում է բագինի մոտ և աջը դնում արդեն հստակ ընդգծված փորին/

Առաջին գործողության վերջը


Գործողություն երկրորդ

/Գործողության դեպքերը տեղի են ունենում մեր օրերում/


/Նույն խորանի տեսարանը, ինչ-որ առաջին գործողության սկզբում: Կրկին նռնենու ստվեր է երևում դիմացի ժայռի պատին: Բագինի ետևում երկուսի ներկայությունը մատնում են երբեմն -երբեմն երևացող նրանց ստվերներով/:


Տեսարան 1-ին


Խաչիկ /ձայնը/ - Այստեղից թշնամուն ոչ մի ձայն չի հասնում: Մեր դիրքերում նույնպես ոչինչ չի լսվում: Մեզնից առաջ այստեղ ուրիշներն են եղել: Եվ մեր թշնամիներն են ուրիշ եղել: Աստված գիտե, թե քանի՞ հազար տարի…Մինչև ահա եկան սրանք` այս նորերը: Հիմա այս անկյունը բոլորն անվանում են Սուրբ Վալենտինի մահիճ : Առաջ`ասում են, Աղեղնավորների խորան են անվանել :

Սոնա/ձայնը/- Ես նռնենու ճյուղերով պսակ եմ հյուսում : Այստեղ հեթանոս աստվածների ոգիներ կան … և շատ հարմար է, որ մենք … /ծիծաղում է/ Աչքերը խոնարհ հայ կինն ուր, ես` ուր:

Խաչիկ –Իսկական սերը քեզնից է սկսվեում, Սոնա, իմ կին`իմ հեթանոսուհի:

Սոնա/ձայնը/- Իսկ ես կարծում եմ հայ կինը միշտ էլ, ազատ է եղել… /ծիծաղը զսպելով/ – Բոլոր ազատությունների և հավասարությունների մեջ, գոնե այս հարցում, կնոջ կարծիքն առաջնայինն է: Միշտ…, հավերժ…

Խաչիկ/ձայնը/ – Այստեղ գալը քո ցանկությունն էր:

Սոնա/ձայնը/- Եթե չհաշվենք, որ ցանկություններս միշտ կողմնորոշվում են քո ծառայության վայրով: Տուր ինձ, խնդրեմ ահա այն ճյուղը /դադար/: Իշխել առանց շեշտերի: Ենթարկվել ճակատագրիդ: Չէ՞ որ զինվորի հարսնացու ես: Իսկ բոլոր մյուս կետադրական նշանները շաղ տալ ահա այսպես` քարերին փռված նռնենու մատղաշ ճյուղերին, որովհետև չգիտես, թե ինչը` ուր դնես:

Խաչիկ/ձայնը/ –Բառեր, կետադրական նշաններ… որքան էլ հունցես, միևնույնն է, կյանքն ընթանալու է:

Սոնա/ձայնը/ –Ադամն ու Եվան հունցում են կավը: Նրանց սիրած նշանը բացագանչականն է, ա~յ, օ`յ, ա`հ… Բայց միևնույնն է …Հայաստանում անպտղությունը կենսաբանական նորաձևության պես բան է դարձել:

Խաչիկ/ հանդարտվող ձայնով/ – Բժիշկներն ասացին, որ մեր մոտ ամեն ինչ կարգին է: Երևի Աստված մեզ իրարով զբաղվելու ավելի շատ ժամանակ է հատկացրել:

Սոնա/ձայնը/ - Հավատում եմ, որովհետև դու իմ ամենագլխավոր զբաղմունքն ես: /մոտենում է տղամարդուն` համբուրում է/ Դատարկ զորանոց, հարդով լցված բեռնատարի թափք: Հացահատիկի հնձած դաշտն այլ էր: Մինչև առավոտ դեզի խշխշան ծղոտների երգ էինք լսում: Բայց, դա 10 ամիս առաջ էր, օգոստոսին… Որտեղ միայն չենք թաքնվել բոլորից: Խաչիկ, գուցե նա, մեր փոքրիկը, ցանկանում է, որ իրեն արարենք տիեզերքու՞մ, կամ ծովի հատակի՞ն:

Խաչիկ/ձայնը/ -Եթե պետք է, ուրեմն` պետք է: Հեյ, ո՞վ կա այդտեղ, թամբեք իմ տիեզերանավը:

Սոնա/ձայնը/ –Արձակուրդ վերցրու: Կգնանք Սևան…/դադար/ Հիշու՞մ ես, Խաչիկ, դեզի մեջ` լուսաբացին … Ազերիները իրենց բարձունքից տը-տը-տը-տը… սկսեցին այս ու այնտեղ փախչող թիրախներ փնտրել:

Խաչիկ/ձայնը/ –Միջազգային դիտորրդների ստուգայցերի ժամանակ դիրքերում միշտ լռություն է: Գյուղացիները հասցնում են իրենց գործերը սահմանամերձ դաշտերում ավարտել:

Սոնա –Ինչու՞ էին կրակում: Չէ՞ որ դիտորդների հետ բոլորը հեռանում են:

Խաչիկ/ձայնը/- Մենք այնտեղ էինք: Թշնամին ներկայությունդ զգում է միշտ: Նույնիսկ, եթե դու այնտեղ չես: Անցյալ աշնանացանին երկու հոգի զոհվեցին` հայր ու որդի: Ասես մոռացել էին, որ դիմացի բարձունքից թշնամին հսկում է:

Սոնա /ձայնը/ - Իսկ ես միշտ հիշում եմ: Բայց, միևնույնն է, դու ասում ես եկ, և ես վազում եմ: Ես և դու կրակոցներից խույս տվողներ ենք: Ճիշտ ինչպես բաքոսային արբեցումից խումար ընկած լուսնոտները: Մենք կարողանում ենք թռչկոտել, ինչպես ռետինե ծակոտկեն բահիկի հարվածներից խուսափող ճանճերը:

Խաչիկ/ձայնը/ -Այո իմ մեղրաճանճիկ, դու ճիշտ ես:

Սոնա /ձայնը/ – Լուսնոտներն ինչից ասես, որ չեն խուսափի: Իսկ այստեղ, թեև խաղաղ է, բայց նռնենու ճյուղերի վրա թավալվելն անսովոր է: Լավ, եկ, իմ զորավար: Ես կկատարեմ մեր հանդիպումն ավարտելու ծեսը: /համբույրի 3 չմփոց է լսվում/ ահա մեկը այս այտիդ,երկրորդը…

Խաչիկ /ձայնը/ – Շուրթերիս…

Սոնա /ձայնը/ – Լսում ու ենթարկվում եմ: Իսկ երրորդը խնդրում եմ, տուր ինձ ընտրության հնարավորություն:

Խաչիկ /ձայնը հրամայական է հնչում/- Շուրթերիս: Զորավարները հենց հանուն դրա են հաղթանակներ տոնում:

Սոնա/ձայն/- Դե, ահա, հաղթիր ինձ, սիրելիս: /Համբույր/ Բոլոր պայմանագրային զինվորները` թե մերոնք, թե`ազերիները գիտեն` կա դիրքերը հսկելու ժամանակ և կա սիրո ժամանակ: Եվ ես խոնհարաբար ենթարկվում եմ իմ միակ զորավարին: Հաղթիր ինձ:

Խաչիկ /ձայն/ - Մի հայ զինվոր, առաջին անգամ, այստեղ դեմ առ դեմ հանդիպել է մի ազերի զինվորի և նրա ետևից ծածկոցների մեծ կապոց բերող մի ազերուհու:

Սոնա/ձայն/ - Նրանք սիրում են իրենց իրերը տեղից տեղ տանել: Իսկ մենք նախընտրում ենք նռնենու մատղաշ և փափուկ ճյուղեր:

Խաչիկ/ձայն/ - Հայ և ազերի զույգերը դեմ առ դեմ կանգնել, նայել են միմյանց: Պարզապես երկար նայել են միմյանց: Իսկ հետո անխոս շրջվել են ու հեռացել, ինչպես հավասարներ: /Տոնը փոխած/ Դրանից հետո այստեղի լարվածությունը անհայտացավ: Իսկ հիմա` շաբաթվա կենտ օրերին Սուրբ Վալենտինի քարե մահիճն իրենցն է, զույգ օրերին` մերը:

Սոնա /ձայն/ –Մենք սիրեցինք համաձայն այդ գրաֆիկի…

Խաչիկ/ձայն/ – Այսօր ուրբաթ էր:

Սոնա/ձայն/ - Եվ իմ որովայնում ուրբաթը կարող է երեխա ձևավորել: Եթե անշուշտ քնած չէ: /Բարձր/ Հեյ, Ուրբաթ, ինքնազգացողությունդ ինչպե՞ս է: Ես լիովին պատրաստ եմ… Եթե դա լինի, ես պատրաստ եմ նրան անվանակոչել Ուրբաթ: Ռոբիզոն Կրուզոյի պես:

Խաչիկ/ձայն/ -Իսկ ինչու՞ ոչ: Թող լինի Ուրբաթ: Կարևորը, ծաղրողներից ու ծաղրանքներից չվախենալն է:

Սոնա/ձայն/- Չեզոք գոտում չեզոքանում է ամեն ինչ` բացի վախից … Բայց ես կպաշտպանեմ նրան և թույլ չեմ տա, որ ծաղրեն:

Խաչիկ/ձայն/- Ես էլ:

Սոնա/ձայն/- Եթե տղա լինի կանվանակոչենք Ուրբաթ, իսկ եթե աղջիկ` Ուրբաթուհի…

Խաչիկ /ձայնը/ –Ես դեմ չեմ` մեկ տղա և մեկ աղջիկ: Որբաթ և Ուրբաթուհի: /Խաչիկը դուրս է գալիս քարի ետևից: Նա վերին ներքնաշորով է և զինվորական դաշտային անդրավարտիքով/


Տեսարան 2-րդ


Խաչիկ- /Մոտենում է ժայռի ստորոտի գոգավորությանը, բռով ջուր է վերցնում և բարակ շիթով լցնում նռնենու խորաքանդակին/: Ահա, այս մի բուռ ջուրը քո քաջության համար է: Թող նռնենին այն բազմապատկի…

Սոնա/ձայնը/- Սկզբում լիքը բռով: Ինչպես էպոսում: Դա անպայման Ուրբաթի համար է: Մեր անձնական էպոսի հերոսը: Հետո մայրը` էպիկական Ծովինարը, մի քիչ պակաս բռով խմեց` դա էլ փոքր եղբայրը` Բաղդասարն էր: Բայց ես ցանկանում եմ, որ երկրորդը, աղջիկ լինի, որպեսզի անվանակոչենք Ուրբաթուհի:

Խաչիկ - Ազերիները նռնենին ջրելու սովորույթը չեն ընդունում: Նրանք ճանաչում են միայն իրենց Ալլահին, բայց այ, հմայիլների քանակով մեզ գերազանցում են: Գուցե մենք էլ մի հմայիլ գրենք` Որրբաթի և Ուրբաթուհու համար:

Սոնա/ձայն/ - Հրաշալի գաղափար է:

Խաչիկ/ձայնը/- Այս քարի խորշերը լիքն են նրանց թողած հմայիլներով: /Խորաքանդակի անտեսանելի մի խորշից հանում է մի հմայիլ/ Ահա մի հմայիլ: Հայի գրած է: /Կարդում է/ «Ես երազում եմ տուն վերադառնալ առանց փորձանքի` հանուն մայրիկիս»: /Դնում է տեղը և վերցնում է մեկ այլ հմայիլ/ Ահա, ևս մեկը: Դատարկ պարկուճի մեջ է: Զինվորի հմայիլ է: Նրանց լեզվով է գրված: Այս պարկուճի տերը երևի կրակել է մեզնից մեկն ու մեկի վրա: Սոնա, տես թե ինչ է գրում /պարկուճի մեջից մի փոքրիկ թուղթ է հանում/. «Երանի կենդանի մնամ ու Սերժանտ Ազիզը վտանգավոր հանձնարարություն չտա», Հիշու՞մ ես, անցյալ անգամվա երկտողը: Սպասիր, հիմա կգտնեմ: Ահա այդ հմայիլը:

Սոնա/ձայնը/ - Այո, հիշում եմ. «Երանի ոչխարը սար տարած եղբայրս գայլի չհանդիպի»

Խաչիկ –Հետաքրքիր է, ինչու՞ է ազերի պայմանագրային զինվորին գայլն այդքան անհանգստացրել:

Սոնա/ձայն/- Ընդհանրապես գայլերը վտանգավոր գիշատիչներ են:


Տեսարան 3-րդ


Սոնա /քարի ետևից դուրս է գալիս Խաչիկի զինվորական վերնազգեստով, մերկությունը լրիվ չծածկաց, գլխին` նռնենու ճյուղերից գործած պսակ: Նայում է, թե ինչպես է Խաչիկը ջրում քարը/- Ահա, այստեղ էլ ցողիր, այստեղ դեռ չոր է : Ասում են` նուռը 365 հատիկ ունի: Ասում են` դա խորհրդանշում է արևի շուրջ երկիր մոլորակի մեկ լրիվ պտույտը:

Խաչիկ – Սա Կենաց ծառն է: Այն հին է; Շատ հին:

Սոնա –Իսկ այս աղեղնավորները…

Խաչիկ- Թիկունքով ծառին կանգնածը պահակ է: Տես, նա նետի սլաքն ուղղել է ավազակի վրա:

Սոնա – Իսկ գուցե նրա խնդիրը կապ ունի Կենաց ծառի հե՞տ:

Խաչիկ – Գուցե սիրտը նու՞ռ է ցանկանում:

Սոնա – Նուռ քաղելու շատ տարօրինակ ձև է …

Խաչիկ – Նուռը անմահական պտուղն է: Ինչպես հեքիաթներում: Դա կենաց պտուղ է: Այսինքն` ապրելու այբուբեն:

Սոնա - Այբ ու բենով կազմվող վանկ, բառ, ի վերջո` իմաստություն, խելք, գիտելիք, գիտություն…

Խաչիկ – Այս աղեղնավորը զենքի դեմ է զենք հանել: Մյուսը եկվոր է: Մի՞թե այդպես հյուր են գնում: Մոտեցողի ձեռքերը ցույց են տալիս նրա նպատակը: Ափերդ վեր պարզիր և ցույց տուր: Անմիջապես կերևա, թե ինչ կա մտքիդ …

Սոնա- Նա զենքով է եկել: /Ձեռքերը նույն ծիսական կարգով պահում է և Խաչիկը իր բռան ջուրը լցնում է նրա բռի մեջ և զգույշ ուղեկցում խորաքանդակի մոտ/ Կենաց ծառ: Այսինքն` կյանքի ծառ:

Խաչիկ - Դե, ցողիր: Հիմա` մոտեցիր և ջուր վերցրու աղբյուրից:

Սոնա –/Սոնան ծիսական ակնածանքով Խաչիկի հետ ջրում է խորաքանդակը/ Մինչև հաջորդ անգամ… գրաֆիկով սահմանված հաջորդ անգամ…

Խաչիկ/ Ավարտում է իր գործը ու նայում ծեսը դեռ շարունակող Սոնայի շարժումներին: Կարծես հանկարծակի մտաբերում է և չորս կողմ նայում/- Որտեղ է ավտոմատս … Ես ուզում եմ լուսածիր գնդակներ արձակել օդ /Շրջվում է և ցույց տալիս հանդիսասրահի կողմը/ Չէ՞ որ Վալենտինի մահճի մոտից արձակված կրակահերթը բոլորն ընկալում են որպես հրավառություն:/ Փնտրում է և հանկարծ հիշում/ Հա, կարծես թե այնտեղ եմ թողել…


/Մեկ քայլ է անում դեպի հանդիսատեսն ու քարանում: Նրան ընդառաջ է գալիս Գյուլյարը` ավտոմատը երկու ձեռքով, բայց ոչ մարտական դիրքով, բռնած:/


Տեսարան 4-րդ


Գյուլյար–Սա՞ ես փնտրում:

Խաչիկ – /Առանց վախի, բայց ետ-ետ է քայլում/-Դու ո՞վ ես:

Գյուլյար– Առաջ կասեի, մայրդ կամ քույրդ: Բայց հիմա, տես, ավտոմատ եմ բռնել:

Սոնա–Սա չեզոք գոտի է: Չեզոք գոտում, եթե սիրած կին, մայր կամ քույր չես, միևնույնն է, թշնամի էլ չես:

Գյուլյար– Սիրած կին, մայր կամ քույր… Չեզոք գոտում ավտոմատն ինչ գործ ունի:

Խաչիկ –Չունի, բայց…

Գյուլյար– Որ չունի, էլ ի՞նչ բայց: /Շրջվում է դեպի Սոնան/ - Ի՞նչ է, ավտոմատով կնիկ չես տեսել:

Սոնա- Ես այստեղ իմ փեսացուի հետ եմ:

Գյուլյար–Փեսացուներին չեզոք գոտում չեն հանդիպում:

Սոնա – Սիրո համար ի՞նչ չեզոք գոտի:

Գյուլյարը զարմացած մոտենում է Սոնային; ՈՒսումնասիրում է նրան:

Գյուլյար- Շագանակագույն վարսեր; Աչքերդ խորն են: Երիտասարդություն… Ազատություն: Տղամարդու շուրթեր տեսած պարանոց: Քարին ջուր ես ցողում: Դու հայ ես: Իսկ մենք քարին ջուր չենք ցողում: Եվ մեր տղամարդիկ միշտ առջևից են քայլում: Ձերոնք ձեզ ճանապարհ են զիջում: Իսկ մենք զիջում ենք տղամարդուն, որովհետև իսկական տղամարդը դատարկաձեռն չի վերադառնում տուն: Իսկ մենք թաքցնում ենք աչքերս, որպեսզի նա չտեսնի, թե որքան ենք իրեն կարոտել:

Սոնա – Երևի քո տղամարդն այնքան էլ լիքը ձեռքերով չի վերադառնում, որ միայնակ հասել ես այստեղ:

Գյուլյար –/Բարկացած/ Ձայնդ: /Անսպասելի մեղմ/ Ես հմայիլ եմ բերել: /Հանկարծակի, պոռթկումով ավտոմատը մի կողմ է նետում ու բարձրաձայն փղձկում:/: Ես Հեյդարիս եմ փնտրում: Նա զորանոցից դուրս է եկել և, ասում են, հանձնվել է ձերոնց: Իմ որդին, գեղեցիկ որդին, իմ երգիչ որդին, իմ բանաստեղծ որդին… Նա հայերին է հանձնվել...

Խաչիկ –Հայերին հանձնվելը վիճակագրության պես բան է:

Սոնա- Դա հայտնի բան է, երբ ազերի զինվորները հոգնում են, հանձնվում են հայերին:

Գյուլյար/Խաչիկին/ – Դու ինչ որ բան գիտե՞ս: Դու տեսե՞լ ես իմ Հեյդարին;

Խաչիկ – Չէ, ես, մենք… ընդհանրապես…

Գյուլյար –Ընդհանրապես… Ես տղայիս եմ փնտրում: Եթե նրան հանգիստ թողնեին…

Սոնա – Եվ չզարմանային խորաքանդակին ջուր ցողելու վրա:

Գյուլյար – Ես չեմ զարմանում: Քյոր Օղլու փողոցին նայող մեր պատշգամբում ծաղիկներ եմ աճեցնում: Վարդեր: Արդեն երեք օր է ծաղիկներս չեմ ջրել:

Սոնա /Խաչիկին` մեկուսի/- Նա ավտոմատը գցել է:

Խաչիկ – /շշնջալով, մեկուսի /- Մի խառնվիր:

Գյուլյար – Հեյդարս վարդեր շատ է սիրում …

Խաչիկ - /շշնջալով, թաքուն/- Եթե որևէ մեկը զենքը վայր է դնում, ուրեմն`սպանվել է, կամ էլ պատրաստվում է հանձնվել:

Գյուլյարը մոտենում է Խաչիկին ու քննախույզ նայում նրա աչքերին: Խաչիկը հասկացողի հայացքով է արձագանքում Գյուլյարին:

Գյուլյար /Խաչիկին/- Դու ինչ որ բան գիտես, Հեյդարիս մասին…

Խաչիկ - Չէ, չեմ լսել: Բայց նման դեպքեր հաճախ են լինում:

Գյուլյար – Նրան սերժանտ Ազիզը ծեծեց: Ծառայության առաջին առավոտյան տղաս զորանոցից դուրս էր եկելարևածագը տեսնելու… Մենք ապրում ենք քաղաքում: Շենքերի ու բակերի մեջ իրական արևածագ չես տեսնի: Ես նրան ասել էի, որ զինվորները սովորաբար լեռներում կամ դաշտերում են իրենց ծառայությունն անց կացնում: Այնտեղից է արևն սկսում իր օրվա ճանապարհը: Իսկ սերժանտ Ազիզը ասել էր, որ արևածագը զինվորի համար չէ: Զինվորը պետք է մութը սիրի: Ու բռունցքով հարվածել էր տղայիս: Դուք գիտե±ք փորին հարվածելիս, բռունցքը հետք կամ կապտուց չի առաջացնում: Երեխայիս փորոտիկը տակն ու վրա էր եղել: Հոսպիտալից հետո կրկին տարան սերժանտ Ազիզի զորամաս: Եվ ահա, ես որդուցս այլևս լուր չունեմ… Ասում են փախել է հայերի մոտ:

Սոնա – Երբ վատ են զգում փախչում են հայերի մոտ: Իսկ, երբ լավ են զգում, կրակում են հայերի վրա: Ի±նչ տարօրինակ մարդիկ եք: /Սոնան աննկատ վերցնում է մի կողմ ընկած ավտոմատը/:

Խաչիկ -Ի՞նչ է անունդ:

Գյուլյար – Գյուլյար:

Սոնան փակաղակը բացում ու վարժ շարժումով լիցքավորում է ձեռքի զենքը: Խաչիկն ու Գյուլյարը հանկարծակիի եկած շրջվում են դեպի Սոնան:


Տեսարան 5-րդ


Սոնա – Տիկին, մենք թշնամիներ ենք:

Գյուլյար – Իմ անունը Գյուլյար է:

Սոնա – Գյուլյար…Մենք թշնամիներ ենք, իսկ դու փնտրում ես որդուդ, որը հանձնվել է մեզ:

Գյուլյար – Այո…

Սոնա – Ուզում ես ասել, որ դու սիրո՞ղ մայր ես:

Խաչիկ – Սոնա, Սոնա ի՞նչ ես անում:

Սոնա – Զրուցում եմ թշնամուս հետ:

Խաչիկ – Եվ ո՞րն է նպատակդ:

Սոնա – Ես ուզում եմ պարզել…թե ինչու± են նրանք մեզ այդպես ատում:

Գյուլյար – Ես չեմ ատում :

Սոնա –Սուտ է: Պատասխանիր` ինչու՞:

Գյուլյար – Ես այդպես չեմ մտածում: Թող ամեն մեկն ինքն իր համար պատասխան տա: Ես այստեղ եմ որդուս գտնելու և հմայիլ դնելու համար:

Սոնա – Հմայիլ… Քո ինչի՞ն է պետք հմայիլը, երբ ունես տղա և գիտես թե որտեղ է այս պահին: Ապահով, հանգիստ: Նրանք, ձեր այդ տղաները լավ գիտեն, որ հայերը գերիներին չեն ծեծում: Գնա, գտիր և ձեռքը բռնած տար տուն: Եվ եթե որևէ մեկը ճանապարհդ կփակի, ասա, մենք գնում ենք տուն, մեր տունը ահա այնտեղ է, որտեղ ես վարդեր եմ աճեցնում:

Գյուլյար – Ես վստահ չեմ, որ ինձ լսող կլինի, բայց կփորձեմ: Իսկ հիմա ասա, դու գիտե՞ս, թե որտե՞ղ է իմ Հեյդարը:

Սոնա - Դու ես փնտրողը, դու էլ գտիր: Ես չգիտեմ, թե որտեղ է քո Հեյդարը:

Գյուլյար – Այո: /Գյուլյարը հանում է վզից կախված փայտե կիսալուսինը, որի թելից կախված է նաև մի թղթի փոքրիկ կտոր/ Ահա իմ հմայիլը:

Սոնա – Ես ձեր լեզուն չգիտեմ:

Խաչիկ –Տվեք ինձ: /Խաչիկը վերցնում է և անշտապ կարդում/ - «Որդու ճակատագիրը թող որոշի միայն մայրը»:

Սոնա –/ ավտոմատը դանդաղ իջեցնում է, վարժ շարժումով փակում ապահովիչը և գցում գետին/ - Ինչու՞ չեզոք գոտի չդարձնել ողջ աշխարհը…

Խաչիկ – Ինչպե՞ս…

Գյուլյար – Ես ձեռքիս զենք ունեի և այն նետեցի:

Սոնա - Ես ձեռքիս զենք ունեի և այն ահա ընկնում է ցած: /ավտոմատը գցում է/ Ահա, խաչը: Եկ, այն քո կիսալուսնի հետ կապենք նույն թելով: Ես համաձայն եմ նաև քո երկտողին: Համաձայն ես, որ դա նաև իմ երկտողը լինի…


/Դրսից հանկարծակի լսվում է սերժանտ Ազիզի բարձր գոռոցը: Ամբողջ պատկերում երևում է միայն Ազիզի ստվերը ` սև և ահարկու մեծ:/


Տեսարան 6-րդ


Ազիզ/Խոսում է բարձրախոսով/ –Քաղաքացի Գյուլյար խանում: Այսօր Վալենտինի մահճի մեր հերթը չէ: Դու այդտեղ գործ չունես: Վերջ տուր սեռական սանձարձակություններիդ: Դուրս արի, քաղաքացի Գյուլյար խանում:

Գյուլյար/ավելի շատ անհանգիստ, քան` վախեցած/ - Սերժանտ Ազիզն է: Նա հետապնդում է ինձ: /փախուստի փորձ է անում, բայց ոտքը ոլորվում ու ընկնում է/:

Սոնան թաքնվում է քարի ետևում: Խաչիկը վերցնում է գետնին ընկած ավտոմատն ու ուզում է հետևել Սոնային: Բայց կանգ է առնում` տեսնելով Գյուլյարի գետնին փռվելը:

Գյուլյար – Ոտքս, Ոտքս…

Խաչիկ- Սոնա, Սոնա:

Սոնա –/ Գլուխը հանում է քարի ետևից ու զարմացած նայում Գյուլյարին/ Ի±նչ եղավ նրան: Նա չի կարողանում բարձրանալ: /գոռում է դեպի դուրս/ Հեյ, կինն իրեն վատ է զգում:

Գյուլյար – Ոտքս, ոտքս ոլորվեց …

Ազիզ /դրսից` գոռալով/ -Ռադ եղեք, ձեր ճանապարհով: Հայեր, ձեր հետ խոսում է սերժանտ Ազիզը: Լսու՞մ եք: Ձեր Վալենտինի օրը վերջացավ …

Գյուլյար –Գնդի հրամանատարն ասում էր, որ չեզոք գոտում չեն կռվում:

Սոնա/ գոռալով / -Ճիշտ է, սա չեզոք գոտի է:

Ազիզ / գոռալով /– Հայ զինվոր, դու ի՞նչ զինվոր ես, որ քո մոտ կին արարածը չեզոք գոտի է հոլովում: Սիրել ես` վերջ: Ճանապարհը ցույց տուր, թող գնա իր կնիկության գործին: Դու էլ նրա ետևից` գնա…

Խաչիկ – Պայմանը մի խախտիր:

Գյուլյար – Գնդապետն էր ասում:

Ազիզ –Գնդապետի ասածը կաբինետային է: Դաշտում ո՞վ է տեսնում, ո՞վ է վկա; Բայց Վալենտինի մահճի օրենքը ինձ էլ է պետք գալիս:

Սոնա – Սուտ է:

Ազիզ –Էդ քու լեզուն կծեմ, կտրեմ, թքեմ … Ես էլ եմ այստեղ աղջիկ բերել: Քեզնից հազար անգամ լավին: Ոչ թե մեկ կամ երկու հոգու, այլ շատ… Այստեղ հայն ու ազերին միաժամանակ իրավունք չունեն մնալու: Դուք կարող եք հեռանալ, բայց շարքային Հեյդարի մայրը, քաղաքացի Գյուլյար խանումը պետք է ինձ հետ գա:

Գյուլյար – Ես իմ տղային եմ փնտրում:

Ազիզ – Քո տղան այստեղ չէ:

Գյուլյար – Նա հայերին է հանձնվել:

Ազիզ – Ուրեմն, առավել ևս, դու` դավաճանի մայր ես, հանձնվիր:

Գյուլյար –Դու ես դավաճանը, որ Հեյդարիս այդ օրը գցեցիր: Նրա հայրն էլ էր անշառ: Քեզ նման մեկը սպանեց` «Մերսեդեսի» ղեկին` խմած, օրը ցերեկով: ՈՒ չգտնվեց գոնե մի ականատես, որովհետև այդ հարբեցողը բոլորի բերանը վախեցնելով փակեց:

Ազիզ- Ճիշտ մարդ է եղել: Զինվորի պես… հաշվենակատ:

Խաչիկ –Հեյ, սերժանտ Ազիզ, այստեղ չեզոք գոտի է: Հաշվենկատությունդ շատ ջուր կպղտորի: Ձեր պայմանագրայիններն իմանան` կաշիդ կքերթեն:

Ազիզ –Դու քո դարդը քաշիր, այ հայ: Ես իմ անելիքը գիտեմ … Տվեք մեր քաղաքացուն և վերջացնենք:

Գյուլյար – Այդ դու պիտի վերադարձնես: Այստեղ քեզ վերադարձնելու բան չկա:

Ազիզ- Ձայնդ, կին… Քեզ զինվորական տրիբունալին եմ հանձնելու: Հայեր, ռադ եղեք ու էդ դավաճանի դավաճան մորը հանձնեք ինձ:

Խաչիկ – Սուտ ես ասում, քաղաքացիական անձին զինվորական տրիբունալը չի դատում: Ասենք ձեր մոտ ամեն ինչ էլ հնարավոր է:/մոտենում է ցավից տնքացող Գյուլյարին/-Ոսկորը չի վնասվել: Ես դա այսպես էլ եմ տեսնում:

Ազիզ- Այ, հայ, էդ հո բոյով մեկ ման ես գալիս… Հնարավոր է, ես չէ, ձեռքս ձգանը սեղմի…

Խաչիկ – Սողունը սողում է, ամբողջ հասակով ման եկողն էլ` ման է գալիս:

Ազիզ – Սատանան ասում է շան սատակ արա, հա…

Սոնա –Խաչիկ զգույշ: Նա վտանգավոր է: Նա անկառավարելի է…

Գյուլյար – Նա վախկոտ է: Նա միայն անմեղներին է հետապնդում /Խաչիկին/ Ոլորվել է /Խաչիկը փորձում է բռնել Գյուլլարի ցավող ոտնաթաթը/: Ինձ չդիպչես… Թող… Թեև ջահել ես, բայց օտար տղամարդ ես…

Ազիզ – Վայ, վայ, վայ: Այդ ի՞նչ խոսքեր են: Ինձ չդիպչես… Պատերազմի դաշտում, եթե ինձ մի կնիկ ասեր` մի դիպչիր, ուրեմն արդեն ճանկերիս մեջ է: Այ, հայ, իրեն թող ու գնա:

Խաչիկ - /Գյուլնարին/ Ես առանց ձեռքերի Ձեզ չեմ կարող օգնել…

Ազիզ - Վաղն այստեղ գալու հերթը մերոնցն է: Ցուցակով` Ալեքպերի հերթն է: Ի±նչ կնիկ է բերելու… Հայրը նավթ ունի: Ծախս է անում: Ուղղաթիռով Բաքվից մարմնավաճառ է ուղարկում: Վաղն էլի մեկին կուղարկի…

Գյուլյար- Սուտ ես ասում: Նավթ ունեցողի տղան չի ծառայում: Նա կաշառք է տալիս ու ազատվում բանակից: /Ակնարկելով Սոնային/ Թող նա օգնի: Դու օտար տղամարդ ես; /Դժվարությամբ գոռալով/- Ազիզ, Ալլահի պատիժ, որտե±ղ է տղաս: Իմ Հեյդարին տվեք ինձ ու գնացեք գրողի ծոցը` ձեր բոլոր մարմնավաճառներով, պատերազմներով, ջրով,քարով, երկնքով, ամպերով, քանդակներով, վարդերով, գետերով…

Ազիզ/հեգնանքով/- Գրողի ծոցը: Գրողի ծոցը…

Այդ ընթացքում Սոնան և Խաչիկը օգնում են բառեր թվարկող Գյուլյարին, որ ոտքի ելնի ու հենվի քարին:

Գյուլյար - Հեռացիր այստեղից, Բեմուրազ…Ուղղահավատ կինը, եթե գլխաշորը գցեց, ուրեմն, տղամարդը այդ սահմանը չպետք անցնի: Ահա նետում եմ: Հետևիր ադաթին: Գնա այստեղից: Հեռացիր:

Ազիզ - Քո նմանների համար գլխաշոր, թե փափաղ` մի հաշիվ է: Դու ու քո գլխաշորը՝ պատիվը վաղուց եք ցեխին հավասարացրել:

Գյուլյար/ հանում է գլխաշորը/ - Ես նետում եմ… /Բոլորն սպասում են: Դադարից հետո/ Հետո ընկերներիդ կպատմես, թե ոնց ես գլխաշոր տրորել: /բարձր ծիծաղում է/ Լսու՞մ ես: Սա քո վերջին սահմանն է:

Ազիզ – /հեգնանքով/ -Սահմանը գլխաշորով չեն գծում, հարցրու հայերին: Նրանք այդ դասը լավ են սերտել:

Գյուլյար-Իմ Հեյդարը քեզնից Է փախել և իմ գծած սահմանը քո և որդուս միջև է:

Ազիզ –Նա, նա… կարգապահական տույժ է ստացել: Նա խոհանոցում կարտոֆիլ է կլպում, զուգարաններն է մաքրում, նա … Ամեն վայրկյան պատերազմը կարող է սկսվել: Մեզ զինվորներ են պետք: Մեզ տանկեր են պետք… Դու պատկերացնու՞մ ես, մեր չեզոք գոտիները կդառնան եվրոպական 5 աստղանի հյուրանոցները: 5 աստղանի: Փարիզ, Նյու Յորք…

Սոնա - Նյու Յորքն Ամերիկայում է:

Ազիզ-Ձայնդ: Ամերիկայում էլ հյուրանոցները 5 աստղանի են…/Ծիծաղում է/Լսիր,քաղաքացի Գյուլյար, խանում, քո տղան ուշ թե շուտ իսկական զինվոր կդառնա: Նա կհասկանա, որ արևածագը նշանակություն չունի և, որ գիշեր ու զոր պիտի նայել նույն ուղղությամբ: Ինչպես տափաստանը ոտնակոխ անող ձիերի երամակ, ինչպես գայլերի ոհմակ` միայն նույն ուղղությամբ, նույն թիրախին:

Գյուլյարը –Ես չեմ ուզում նույն ուղղությամբ: Ես ուզում եմ ահա այսպես` պառկել, ոտքիս ցավը բուժել ու շարունակել ճանապարհս: Ես որդուս եմ փնտրում: Սերժանտ Ազիզ, եթե իմ գլխաշորը արգելափակոց չէ, ապա հաջորդ սահմանագիծը ես եմ: Այնտեղ իմ որդին է և ես ցանկանում եմ նրան ետ վերադարձնել … /Սողալով մի կերպ բարձրանում և պառկում է սեղանին/ Դե, ոտնատակ տուր քո ձիերով… Դե, տեսնեմ, քո գայլերը կհամարձակվե՞ն…


/Սոնան մոտենում է քարին պառկած Գյուլյարին, ձեռքը դնում է փորին /ասես պաշտպանում է այնտեղ հասունացող իր երեխային/: Խաչիկը, ասես չկամությամբ, վերցնում է ավտոմատը ու նույնպես մոտենում է քարե սեղանին…/


Վարագույր

123456789
    Դիտվել է 867 անգամ
    1