Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կորոնավիրուսը վերախմբագրում է ամերիկյան կինովարձույթի ձևաչափը

12.04.2020


Ամերիկյան «Warner Bros» հանրահայտ կինոստուդիան հայտարարել է այն մասին, որ 2021թ.-ին HBO Max սթրիմինգ սերվիսով կինոթատրոնների հետ համատեղ կթողարկի 17 նոր ֆիլմ:

Ընկերությունը հայտարարել է, որ հրաժարվում է կինոթատրոններին տրամադրվող 90 օրյա ավանդական պատուհանից, որը հնարավորություն էր տալիս բացառիկ կարգով իր ֆիլմերը ցուցադրել կինոթատրոնում: Այսպիսով, վերջնականապես ու անվերադարձ այս կինոարտադրողը փոխում է կինովարձույթի կայացած այն մոդելը, որը մինչև հիմա գործել է տասնյակ տարիներ:

Մասնագետներն ամերիկյան «Warner Bros» ստուդիայի այս նոր քայլը անվանել են «հեղափոխական որոշում»:

Ասենք, որ կինոընկերության նոր ծրագրի համաձայն նրա արտադրած ֆիլմերը HBO Max սթրիմինգ սերվիսով կինոթատրոններին զուգահեռ կցուցադրվեն մեկ ամսվա ընթացքում, որից հետո դրանք կհանվեն համացանցից և սովորական ճանապարհով կինոթատրոններից կտեղափոխվեն iTunes և DVD ձևաչափերի տիրույթ, մինչև կրկին չվերադառնան սթրիմինգ:

Այս որոշումը ներկայացվում է որպես «բացառիկ առաջարկություն», որը կգործի միայն 2021թ.-ի ընթացքում:

Ի դեպ, կինոթատրոններին տրամադրվող 90 օրյա ավանդական պատուհանից հրաժարվելը կինոստուդիայի և կինոթատրոնների վրա կանդրադառնա շահույթի շատ զգալի կորստի ձևով: Կինոարտադրության վերլուծաբանները վստահ են, որ ընկերությունը չի վերականգնի ֆիլմերի արտադրության իր ծախսերը:

Համենայնդեպս «Warner Bros» ստուդիան հայտարարել է, որ, նույնիսկ, եթե կորոնավիրուսային իրավիճակը ինչ-որ ձևով 2021թ.-ին շտկվի, իրենք մտադիր չեն հրաժարվել այս պլաններից:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 409 անգամ