Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Տառապում է ուժեղ հազից և տենդից․․․

04.19.2021


Արտասահմանցի մի խումբ գրողներ, ռեժիսորներ, լրագրողներ և մշակութային գործիչներ (որոնց թվում 5 նոբելյան մրցանակակիրներ) պահանջել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից բժշկական օգնություն ցուցաբերել այդ երկրի ընդդիմադիր քաղաքական գործիչ, բլոգեր Ալեքսեյ Նավալնուն, որը գտնվում է անազատության մեջ և հայտարարել է հացադուլ։ Այդ մասին տեղեկացնում է Նավալնու ֆեյսբուքյան էջը։

Արևմտյան երկրների մշակութային գործիչների բաց նամակը Ռուսաստանի նախագահին տպագրվել է եվրոպական այնպիսի առաջատար թերթերում, ինչպիսիք են Le Monde, The Economist, Der Spiegel, Politiken, La Repubblica պարբերականները։

2021թ․ ապրիլի 16֊ով թվագրված բաց նամակում մասնավորապես գրված է, որ ներկա պահին Ալեքսեյ Նավալնին պահվում է ուղղիչ գաղութում, որը շատ իրավաբաններ և իրավապաշտպաններ համարում են համանման կառույցների մեջ ամենամռայլներից մեկը Ռուսաստանում։

«Ինչպես արդեն հայտնի է ողջ աշխարհին, նրա առողջական վիճակը վատանում է, նա գտնվում է ծայրահեղ վիճակում և շտապ բժշկական օգնության կարիք ունի»,֊ նշել են նամակի հեղինակները։

Նրանք ընդգծել են, որ Նավալնու մոտ ի հայտ են եկել ջղային քայքայման ծանր ախտանշաններ, թիկունքի հատվածում մշտական ցավեր, ոտքերի և ձեռքերի զգայունակության կորուստ։ Բացի այդ, նա տառապում է ուժեղ հազից և տենդից։ Որպես Ռուսաստանի քաղաքացի, նշել են նամակի հեղինակները, Նավալնին օրինական իրավունք ունի անցնել բժշկական հետազոտություն և ստանալ բուժում այն բժշկի մոտ, ում ինքը կընտրի։ Զրկված լինելով այդ իրավունքից, որպես բողոքի նշան ընդդիմադիր գործիչը մարտի 30֊ից հայտարարել է հացադուլ։

«Մենք կոչ ենք անում Ձեզ, պարոն նախագահ, առանց հետաձգելու ապահովել Ալեքսեյ Նավալնու բուժումն ու խնամքը, որի կարիքը նա ունի և որի իրավունքը նա ունի ռուսական օրենսդրության համաձայն։ Իբրև անձ, որը երդվել է պահպանել օրենքը, Դուք պարտավոր եք դա կատարել»,֊ Վլադիմիր Պուտինին հասցեագրված նամակն այդ խոսքերով ամփոփել են 77 արտասահմանցի մշակութային գործիչներ։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 247 անգամ