Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ցուցահանդես պատերազմի ժամանակ թանգարան տարհանելու մասին

05.07.2021

Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում, Պետական Էրմիտաժում, բացվել է ցուցահանդես նվիրված այս թանգարանի գործունեությանը 1941-1945թթ պատերազմի տարիներին։ Այդ մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ․֊ը։

Ցուցադրանքը պատմում է, թե ինչպես է համաշխարհային համբավ ունեցող այս թանգարանային հսկան տարհանել իր սրահներում ու պահոցներում պահվող մշակութային արժեքները պատերազմի ժամանակ, ինչպես են թանգարանի աշխատակիցները իրենց աշխատանքը կազմակերպել շենքի և հավաքածոների պահպանությունն այդ ծայրահեղ իրավիճակում ապահովելու համար։

Էրմիտաժը հավաքածոների տարհանման հրամանն ստացվել է պատերազմի երկրորդ օրը և այդ պահից բոլոր աշխատակիցները մոբիլիզացվել են ցուցանմուշների փաթեթավորման աշխատանքներում։ 1941թ.-ի հուլիսի 1-ից 2ճ-ը այստեղից տարհանվել է 1,3 մլն արվեստի ստեղծագործություն։

Ցուցադրանքում ներկայացված են այն հանրահայտ արկղերը, որոնցով դուրս են տարել էրմիտաժյան արվեստի անանց արժեքները։ Ի դեպ, այդ արկղերով ցուցանմուշների տարհանում կատարվել է երկու անգամ։ Առաջին անգամ դա տեղի է ունեցել 1917թ․֊ին և երկրորդը՝ 1941թ․֊ին։

Էրմիտաժի այն աշխատակիցները, որոնք բլոկադայի ժամանակ մնացել են քաղաքում, աշխատել են հիմնականում շենքի պահպանության և դուրս չուղարկված ցուցանմուշները ռմբակոծության պայմաններում վնասվելուց զերծ պահելու աշխատանքներում։

Ցուցահանդեսի հետաքրքրաշարժ նմուշներից մեկն էլ էրմիտաժի այն հատակագիծն է, որի վրա նշված են շենքի վրա ընկած արկերի տեղերը։ Կան նաև լուսանկարներ, որոնցում պատկերված են շենքին հասցրած վնասները, այն արկերի բեկորները, որոնք պայթել են մշակութային հաստատության տարբեր հատվածներում։

Ասենք, որ բլոկադային պայմաններում Էրմիտաժում շարունակվել են գիտական տարաբնույթ աշխատանքները, որոնց ընթացքն ու արդյունքները ներկայացվել են պատի թերթերի միջոցով, որոնցից մի օրինակ նույնպես տեղ է գտել այս ցուցահանդեսում։

Ավելացնենք, որ պատերազմական այդ ծանր ժամանակաշրջանում Էրմիտաժը ղեկավարել է հայ մեծանուն գիտնական Հովսեփ Օրբելին, որը հաստատության տնօրենն է եղել 1934-1951թթ․֊երին։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 359 անգամ