Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Պատրաստել ներկայացում մի ողջ սերնդի մասին․․․

07.07.2021

Ռուսաստանի Օմսկ քաղաքում գործող «Հինգերորդ թատրոնում» մշակել են նախագիծ, որի համաձայն երիտասարդ հանդիսատեսների, թատերախմբի և, նույնիսկ, այլ քաղաքների թատրոնների ներկայացուցիչների մասնակցությամբ կպատրաստեն վավերագրական բեմադրություն՝ «Z» սերնդի մասին։ Ներկայացման պրեմիերայի ժամկետը եկող՝ 2022 թվականն է։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

«Զումերներ» անունով բեմադրությունը նվիրված է «Z» սերնդին։ Դրանք այն մարդիկ են, որոնք ծնվել են 1997-2012 թվականների միջակայքում։ Նրանց ներկայացուցիչները կհավաքվեն թատրոնում, որտեղ կընթանան զրույցների շարք և ստեղծագործական հանդիպումներ։ Նախագծի համակարգողների, ռեժիսորների և դերասանների հետ կբարձրացվեն տարբեր կենցաղային ու փիլիսոփայական հարցադրումներ ու թեմաներ։ Այդ զրույցները կձայնագրվեն, կուսումնասիրվեն և կվերածվեն ներկայացման դրամատուրգիական հիմքի։

Հատկանշական է, որ ապագա բեմադրության գրական նյութի հավաքման այդ փուլին առցանց կմասնակցեն նաև Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց֊ստուդիայի ուսանողները։

Նախագծի հեղինակները խոստանում են այս եղանակով պատրաստել ներկայացում մի ողջ սերնդի մասին։

Օմսկի «Հինգերորդ թատրոնը» Ռուսաստանցի մեծահարուստ Միխայիլ Պրոխորովի « Նոր թատրոն» հիմնադրամի դրամաշնորհային մրցույթի հաղթողներից է։ Ասենք, որ այդ հիմնադրամը ֆինանսավորում և օժանդակում է թատերական նոր նախագծերը։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 258 անգամ