Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Պարզվում է, որ կին գրող Կարմեն Մոլիի անվան տակ թաքնվել են երեք տղամարդ

10.18.2021

Իսպանիայում «Պլանետա» խորագրով կայացած գրքի ավանդական մրցույթում հաղթող է ճանաչվել Կարմեն Մոլի անունով բոլորին անծանոթ կին գրողը։ Երբ միլիոն եվրո մրցանակը պիտի հանձնվեր այդ հեղինակին, պարզվել է, որ այդ կինն ու նրա անունը հորինովի են, իսկ մրցանակ նվաճողն էլ ոչ թե մեկ հեղինակ է, այլ երեք տղամարդուց կազմված հեղինակների խումբը։

«ՏԱՍՍ․֊ը տեղեկացնում է, որ կնոջ անունով մի քանի վեպ հրատարակած երեք տղամարդիկ՝ Ագուստին Մարտինեսը, Խորխե Դիասը և Անտոնիո Մերսերոն իրենց ով լինելը բացահայտել են, երբ երեքի համաեղինակությամբ ստեղծված «Գազանը» պատմավեպը արժանացել է այդ խոշոր դրամական մրցանակին։

«Դա մեզ շատ հարմար էր և դուր էր գալիս։ Քննադատները այդքան ուժեղ չեն դիպչում և վեպի հրատարակությունից հետո էլ շարունակում ես ապրել քո անձնական կյանքով»,֊ հայտարարել է Խորխե Դիասը։ Իսկ Անտոնիո Մերսերոն ավելացրել է, որ հեղինակային իրենց եռյակը մշտապես զգացել է, որ այդ գաղտնիքը կարող է բացահայտվել և դա իր դերն է ունեցել, որպեսզի աշխարհին հայտնեն ճշմարտությունը։

Այս երեք տղամարդիկ անմիջական կապ ունեն հեռուստաաշխարհի հետ և որպես իսպանական կինոշուկայում առավել փորձառու սցենարիստներ մասնակցել են «Կենտրոնական հիվանդանոց» սերիալի և այլ ֆիլմերի ստեղծմանը։

Ի դեպ․ նրանք չէին բավարարվել իրենց ստեղծագործույունների համար որպես հեղինակ նշել մտացածին Կարմեն Մոլիի անունը, այլև նրան օժտել են որոշակի սոցիալական հատկանիշներով։ Այսպես, նրանց Կարմեն Մոլիին հայտնի է եղել որպես համալսարանական դասախոս և երեք երեխաների մայր։

«Գազանը» վեպում ներկայացվում է 1834թ․֊ի Մադրիդը, որտեղ մոլեգնում էր խոլերայի համաճարակը։ Այն 500 էջից բաղկացած թրիլլեր է՝ հարուստ դաժան տեսարաններով, որոնցով բնորոշվում են նաև Կարմեն Մոլիի նախորդ երեք վեպերը։

«Պլանետա» մրցանակաբաշխությունը հիմնվել է 1952թ․֊ին և շնորհվում է չհրատարակված և իսպաներեն լեզվով գրված լավագույն վեպին։ Սա այս երկրում նույնքան հեղինակավոր պարգև է, որքան և «Նադալյա» մրցանակը։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 150 անգամ