Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Չայկովսկին պարբերաբար անդրադարձել է ծաղիկների թեմային

12.28.2021


Ռուսաստանի Կլին քաղաքի Չայկովսկու տուն֊թաբգարանում բացվել է «Չայկովսկի։ Երաժշտություն։ Ծաղիկներ» վերտառությամբ ցուցահանդես, որտեղ ներկայացված են ինտերիերի բազմազան ծաղկազարդ առարկաներ։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Թեմատիկ առումով ցուցադրանքը խմբավորված է մի քանի բաժիններով, որոնք ունեն իրենց առանձին խորագրերը՝ «Տղամարու աշխատասենյակ», «Կնոջ աշխատասենյակ», «Չայկովսկին և ծաղիկները»։ Բոլոր թեմատիկ ուղղություններում գերակայում են զանազան ծաղկազարդումների մոտիվներ, որոնք որպես տարբեր նախշեր զարդարում են ցուցադրված առարկաները կամ համադրված են հերբարիումների հետ, որոնց ծաղիկները հավաքել և նման գեղարվեստական ձևավորմամբ պահել է կոմպոզիտորը։

Ի դեպ, ցուցահանդեսի թեմաներից մեկը նվիրված է հատուկ ծաղկային լեզվի, որը 18-19֊րդ դարերում Եվրոպա ու Ռուսաստան է ներմուծվել Արևելքից։
«Պյոտր Իլյիչի ստեղծագործությունը բազմաշերտ է և հարազատ բոլոր երկրների ու մասնագիտությունների մարդկանց»,֊ նշել է Չայկովսկու տուն թանգարանի տնօրեն Իգոր Կորնիլովը։ Նա նաև նշել է, որ Չայկովսկին իր գործերում առանձնահատուկ տեղ է հատկացրել ծաղիկներին որպես խորհրդանշաններ։

Նշենք, որ Չայկովսկին պարբերաբար անդրադարձել է ծաղիկների թեմային։ Ծաղիկների կերպարներով են հագեցած նրա «Իոլանտա» օպերան, «Շչելկունշչիկ» բալետը, բազմաթիվ ռոմանսները, դաշնամուրային ստեղծագործությունները։ Մտահղանալով ստեղծել գեղեցկուհու վերածվող կախարդական ծաղկի մասին «Մանդրագորա» օպերան, կոմպոզիտորը նույնիսկ այդտեղ հորինել է «Ծաղիկների և միջատների երգչախումբ»։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 179 անգամ