Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ցուցահանդես, որը փոխում է բանաստեղծի ընծայագրերի դիտարկման անկյունը

01.21.2022


Սանկտ֊Պետերբուրգում Իոսիֆ Բրոդսկու «Մեկ ու կես սենյակ» թանգարանում նախապատրաստում են մի ցուցահանդես, որը կպատմի բանաստեղծի և բալետի նշանավոր պարող Միխայիլ Բարիշնիկովի անձնական բարեկամության մասին։ Ցուցադրանքի առանձնահատկությունն այն է, որ այն չի լքում այդ երկու խոշոր արվեստագետների ստեղծագործական տարածությունը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «olta.ru»֊ին։

Ցուցահանդեսի հիմքը կազմում են Իոսիֆ Բրոդսկու ինքնագրերով գրքերը, որոնք թանգարանին է փոխանցել Բարիշնիկովը։

Գրքերի մեծ մասը ժամանակին Բարիշնիկովն ստացել է իր ընկեր Բրոդսկուց՝ ծնդյան օրը՝ հունվարի 27֊ին։ Նվիրատվության ամենամյա կրկնությունը յուրահատուկ քրոնիկոնի նշանակություն է ձեռք բերում, այս երկու արվեստագետների բարեկամությունը բնութագրելու համար։ Ասենք, որ այդ գրքերը դեռ ոչ մի տեղ չեն ցուցադրվել, սակայն դրանց ընծայագրերից շատերը դարձել են մասսայական։ Ստացվում է, որ ցուցադրանքը փոխում է բանաստեղծի ընծայագրերի դիտարկման անկյունը և դրանք տեսանելի ու ընկալելի դարձնում հասարակականից դեպի անհատական մակարդակ։

Բրոդսկին և Բարիշնիկովը հանդիպել են 1974 թ,֊ին Նյու֊Յորքում և դարձել լավ բարեկամներ։

«Նրանց, երկուսի նոր, ոչ խորհրդային կյանքը նոր էր սկսվում։ Բարիշնիկովը նոր էր կատարել Արևմուտքում մնալու իր քայլը։ Բրոդսկու էմիգրանտական փորձառությունը դեռ միայն բոլորել էր երկրորդ տարին»,֊ նշել են ցուցահանդեսի կազմակերպիչները, որոնք իրենց միջոցառմանը տվել են «Be good, Միշ» խորագիրը։

«Be good, Միշ»։ Սա այն արտահայտությունն է, որ Բրոդսկին իր մահից մեկ օր առաջ հեռախոսով վերջին անգամ զրուցելիս ասել է Միխայիլ Բարիշնիկովին։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 244 անգամ