Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Աշխարհահռչակ ռեժիսորը պահանջել է իր անունը հանել Մոսկովյան ազդագրերից

03.02.2022


Լատիշ ռեժիսոր Ալվիս Հերմանիսը Մոսկվայի Ազգությունների թատրոնից պահանջել է ջնջել իր անունը այստեղ բեմադրված «Շուկշինի պատմվածքները» ներկայացման ազդագրերից։ Հերմանիսն իր պահանջը տեղադրել է ֆեյսբուքի անձնական էջում։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

«Ես չեմ ցանկանում, որպեսզի այս օրերին, երբ ձեր երկիրն Ուկրաինայում սպանում է մարդկանց, խաղան իմ բեմադրությունը, իսկ դուք էլ ձևացնեք, որ ամեն ինչ նորմալ է։ Իհարկե, իմ ուժերից վեր է չեղյալ հայտարարել այդ ներկայացումը, սակայն ես պահանջում եմ, որպեսզի ազդագրերից հանեք իմ անունը»,֊ գրել է նա։

Հերմանիսը նաև դիմել է ռուսաստանի թատրոնների աշխատակիցներին, որում մասնավորապես նշել է․ « Եթե դուք ցանկանում եք, որպեսզի ձեզ հարգի մնացած թատերական աշխարհը, ես խորհուրդ եմ տալիս ձեզ սկսել համընդհանուր անհնազանդություն և դադարել ներկայացումներ խաղալ, զվարճացնել հանդիսատեսին՝ մինչև այն պահը, քանի դեռ ձեր երկիրը չի դադարեցրել ագրեսիան Ուկրաինայում»։

«Շուկշինի պատմվածքները» Ալվիս Հերմանիսի դեբյուտն է ռուսական բեմում։

Ալվիս Հերմանիսը Նոր Ռիգայի թատրոնի գեղարվեստական ղեկավարն է։ Նրա գլխավորությամբ այս մշակութային հաստատությունը դարձել է Եվրոպայի և աշխարհի նշանավոր թատրոններից մեկը։ Հերմանիսին համաշխարհային փառք է բերել Նիլոլայ Գոգոլի 2002թ․֊ին բեմադրված «Ռևիզորը»։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 106 անգամ