Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Լև Դոդին․«Կանգ առաեք։ Ես աղաչում եմ»

03.02.2022

Ռուսաստանի զինված ուժերի Ուկրաինա ներխուժելու կապակցությամբ նախագահ Վլադիմիր Պուտինին բաց նամակով դիմել է աշխարհահռչակ ռեժիսոր Լև Դոդինը։ «Թագլուրը» ներկայացնում է այդ նամակի համառոտ բովանդակությունը։

«Ասել «ցնցված եմ», նշանակում է ոչինչ չասել,֊ գրում է Դոդինը։ ֊ Ինձ, Հայրենական Մեծ պատերազմի զավակին, նույնիսկ սարսափելի երազում անհնար էր պատկերացնել ուկրաինական քաղաքների վրա ուղղված, կիևցիներին ռմբապաստարաններ քշող, նրանց երկրից դուրս փախչել ստիպող ռուսական հրթիռներ։

Մանկության շրջանում մենք խաղում էինք Մոսկվայի, Ստալինգրադի, Լենինգրադի, Կիևի պաշտպանություն։ Նույնիսկ հնարավոր չէ երևակայել, որ այսօր Կիևը պաշտպանվում է կամ հանձնվում է ռուսական զինվորներին և սպաներին։ Ուղեղս կպչում է գանգիս և հրաժարվում է տեսնել, լսել, նկարել ինքն իր համար նման պատկերներ»։

Սանկտ֊Պետերբուրգի Փոքե դրամատիկական թատրոն֊ Եվրոպայի թատրոնի գեղարվեստական ղեկավարն իր երկրի նախագահին հիշեցնում է, որ մարդկային կյանքը շատ փխրուն է, որ աշխարհը կարող է մեկ րոպեում փլվել, «երբ կորցնում ենք մեր սիրելի մարդկանց»։

Նա նշում է, որ գթասրտությունը, խիղճը, ցավակցությունը չեն ենթարկվում պետության և քաղաքական գործիչների կամքին, որ անհնար է մարդկանց թելադրել, թե ե՞րբ և ու՞մ համար անհանգստանան, ե՞րբ և ու՞մ ցավակցեն։

Դոդինը կարծում է, որ մշակույթի առաքելությունը միշտ եղել է ու մնում է այն, որ մարդուն սովորեցնի ըմբռնել ուրիշի ցավը այնպես, ինչպես իրենը, հասկանալ, որ ոչ մի գաղափար, ամենից մեծն ու գեղեցիկն անգամ, չարժե մարդկային կյանքին։

«Այժմ կարելի է ասել, որ այդ առաքելությունը մշակույթը և արվեստը կրկին չիրագործեցին»,֊ ցավով նշել ռեժիսորը։

Դոդինը ՌԴ նախագահին հասցեագրված իր բաց նամակում նաև նշել է, որ իր ապրած 77 տարիների ընթացքում շատ սիրելի մարդկանց է կորցրել և «այսօր, երբ մեր գլխավերևում խաղաղության աղավնիների փոխարեն թռչում են ատելության և մահվան հրթիռներ» կարող է միայն մեկ բան ասել․ «Կանգ առեք»։

Նամակի վերջում լեգենդար արվեստագետը նշում է, որ պետք է 21֊րդ դարը դարձնել այնպիսին, ինչպիսին այն պատկերվել է երազանքներում և ոչ այնպիսին, «ինչպիսին այն դարձրել ենք մենք»։

«Կանգ առեք։ Ես աղաչում եմ» այս խոսքերով է ավարտում իր նամակը Լև Դոդինը։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 139 անգամ