Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

ԳԵՎՈՐԳ ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ


ՄՈՒՐԱՑԱՆ

ԳԵՎՈՐԳ ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ

պատմական դրամա` երկու մասից

Բեմականացումը` ԼԵՎՈՆ Մութաֆյանի



ԳՈՐԾՈՂ ԱՆՁԵՐ


ԳԵՎՈՐԳ ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ

ՍԱՀԱԿ ՍԵՎԱԴԱ

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԴՐԱՍԽԱՆԱԿԵՐՏՑԻ

ԱՍՊՐԱՄ

ԱԲԱՍ

ՑԼԻԿ ԱՄՐԱՄ

ԱՇՈՏ ԲՌՆԱՎՈՐ

ՇԱՀԱՆԴՈՒԽՏ

ԳՈՌ

ԳՈՀԱՐ

ՍԵԴԱ

ՎԱՀՐԱՄ ՍԵՊՈՒՀ

ՆՍԸՐ ՈՍՏԻԿԱՆ

ԲԵՇԻՐ

ՀԱԳԱՐԱՑԻ ԶՈՐԱՊԵՏ

ԵՊԻՍԿՈՊՈՍ

ՄՈՒՇԵՂ

ՎԱՆԱՀԱՅՐ

ՊԱՀԱԿ

ՆԱԺԻՇՏ

ԾԱՌԱ

ԼՐԱԲԵՐ

ԵԶՆԻԿ

ՊԱՏԳԱՄԱԲԵՐ

ՊԱՀԱԿԱՊԵՏ

ԹԻԿՆԱՊԱՀ

Գործողությունները կատարվում են 10-րդ դարում:


Ա Ռ Ա Ջ Ի Ն Մ Ա Ս

Խավարի մեջ լսվում են եկեղեցու միալար զանգերը, որոնց մեջ են մխրճվում

թմբուկներից արձակվող զարկերը: Կամաց-կամաց նկատելի են դառնում մութի

մեջ շարժվող կերպարանքներ: Լույսի մի շեղբ լուսավորում է աշտանակի մոտ

կանգնած Սեդային: Նա ձեռքի մոմը դանդաղ տեղավորում է աշտանակի վրա,

ապա համրաքայլ գալիս առաջ ու արձանանում բեմի կենտրոնում: Լույսի մեջ է

հայտնվում երկրորդ կերպարանքը` Սահականույշը:Նա նույնպես ձեռքին մոմ ունի,

որը կամացուկ տեղավորում է աշտանակին ու գալիս բեմառաջք, կանգնում Սեդայի

կողքին: Բեմի խորքում թույլ լուսավորվում է Ասպրամը: Նա ևս գալիս է դեպի

աշտանակը, ձեռքի վառվող մոմը տեղավորում և կանգնում երկու կանանցից քիչ

հեռու: Սեդան սկզբում թույլ լսելի, ապա աստիճանաբար բարձր ու բարձր երգում

է: Սա երգ չէ, այլ աղոթք է, մորմոք է ու ցավ, որին կամաց միանում են մյուս կանայք

և ձայնակցելով գալիս բեմառաջք ու կանգնում մի գծի վրա: Աշտանակի մոտ

լուսավորվում է Գոհարը: Նա մի մոմ է վերցնում աշտանակի վրայից և դանդաղ

գնում դեպի կանայք ու կանգնում նրանց մեջտեղում: Բեմի խորքում լուսավորվում է Գևորգ Մարզպետունին: Նա դանդաղաքայլ գալիս է դեպի աշտանակը, ձեռքի մոմը վառում և տեղավորում աշտանակին:


ԳԵՎՈՐԳ - Ի՞նչ եք երգում, հայոց կանայք:

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ – Հի~ն երգ է, որը մայր Սեդան է մեզ սովորեցրել: Սրա մեջ մեր պատմությունն է, մեր կորուստներն ու մեր անցած-գնացած երազներն են...

ԳԵՎՈՐԳ - Ինչու՞ միշտ ապրել անցյալով, կորուստներով, չէ՞ որ կարելի է այսօրվան նայել, նայել նաև վաղվան, մեր գտածին ու գտնելիքին:

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ - Եվ որո՞նք են մեր գտածն ու գտնելիքը, իշխան, ո՞րն է այսօրը, երբ անմիաբան, թշնամացած գնում ենք առաջ... Չէ, չենք գնում, կանգնել ենք տեղում ու շվար-մոլոր դոփում ենք` ինքներս էլ չհասկանալով մեր արածը, չտեսնելով այն ուղին, որը մեզ վերջապես դարձի է բերելու, բացատրելու է այն մեծագույն ճշմարտությունը, որն արդեն քանի~ տարի որոնում ենք` ոչինչ չգտնելով...

ԳԵՎՈՐԳ - Հոգիդ դառնացած է, թագուհի, սիրտդ` վիրավոր, այդ պատճառով էլ չես ուզում ոչինչ տեսնել, շուրջդ նայել... Անձնական ցավը նրա համար է, որպեսզի պահես հոգուդ մեջ, քեզ համար, իսկ կողքիդ կանգնածներին նայես մի այլ հայացքով, հույսով ու հավատով...

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ - Երկրում խառնակությունն է գլուխ բարձրացրել, ամեն ոք փակվել է իր խեցու մեջ` իրարից խռոված, իրար դեմ ելած... Թշնամին ուր որ է այստեղ էլ կհասնի... Սա՞ է անձնական ցավը, սա՞ է անձնական վիշտը...

ԳԵՎՈՐԳ - Խաղաղիր հոգիդ, թագուհի: Դեռ բանականությունը չի լքել մեզ, դեռ չեն սպառվել մեր ուժերն ու չեն այրվել բոլոր կամուրջները: Ուրախ երգ երգիր, մայր Սեդա, մի այնպիսի երգ, որի մեջ ցավ ու կարոտ չլինի...

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ – Մեր բոլոր երգերի մեջ էլ ցավ ու կարոտ կա, իշխան: Մեր ճակատագիրը չէ միայն ծնունդ տվել այդ երգերին, այլ մեր նկարագիրը, պատմության ու ժողովրդի հանդեպ մեր անպատասխանատվությունը: Մեր մեծագույն թշնամիներից մեկը մեր միջի որդն է, որը կրծում է մեր հոգին, որը մեզ տանում է դեպի բաժանարար գծերը... Ինչպե՞ս կռվենք այդ որդի դեմ, որպեսզի այլևս կորուստների ու պարտությունների մասին երգեր չերգենք: Երգիր, մայր Սռդա, երգիր, որպեսզի նայենք մեր հոգու մեջ, որպեսզի ցավատանջ երգերը ստիպեն մեզ այլևս չսխալվել, չգնալ սեփական ձեռքերով կերտված պարտությունների...

ԳԵՎՈՐԳ - Դու ճիշտ ես, թագուհի: մեր միջի որդն է մեզ տանում դեպի ինքնադավաճանություն, դեպի իրարեհաջորդաբար կրկնվող պարտություններ: Հիմա ճակատագրական պահ է մեր երկրի առջև հառնել, ու էլի քո ասած բաժանարար գծերն ենք քաշում, էլի դասեր չենք քաղում պատմությունից ու պարտություններից: Ինչի՞ համար ենք այսպիսին, ինչու՞ ենք հյուծում ինքներս մեզ` փորձության առջև կանգնեցնելով այն ժողովրդին, որն արդեն երեք հազարամյակ պատմության մեջ իր տեղն է փնտրում...

ԱՍՊՐԱՄ – Մի՞թե սիրելը մեղք է, մի՞թե մեր սիրո պատճառով մի ողջ երկիր է հիմնովին կործանվելու...Աստված սերը որպես մեծագույն պարգև է տվել, ու ես սիրել եմ Աշոտ Երկաթին... Լինելով Ցլիկ Ամրամի կինը, նրա կողակիցը, ես ամենուրեք տեսել եմ Աշոտի պատկերը, նրա հետ կիսել իմ զգացմունքները...

Լույսն անհետանում է բոլորի դեմքերից, լուսավորվում են Աշոտ Երկաթն ու Ասպրամը:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ - Ես այլևս չեմ կարող այսպես շարունակել, ես չեմ կարող ապրել երկտակված կյանքով, երկտակված սիրով... Ասպրամ, սիրելիս, հասկացիր, ես ամեն ինչ արեցի, որպեսզի մեր սերը հավետ լիներ, մենք միշտ միասին լինեինք, բայց ես պարտավոր էի ստանձնել երկրի կառավարումն ու անգամ անձնական կյանքս հպատակեցնել երկրի շահերին ու նպատակներին:

ԱՍՊՐԱՄ - Անկեղծ ու մեծ սերը բարձր է երկրի շահերից, Աշոտ, բարձր է ամեն ինչից: Դու ինձ խոստումներ էիր տալիս, հավատացնում, որ միշտ ինձ հետ կլինես, իմ կողքին, որ երբեք չես հեռանա քո սիրելի Ասպրամից... Ինչու՞ այդպես հեշտությամբ թողեցիր ամեն ինչ, ինչու՞ մոռացար այն օրերը, որ ապրել էինք մեր սիրո մեջ...

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ - Ես պարտավոր էի ընտրություն կատարել սիրո և պարտականության, սիրո և պատասխանատվության միջև:

ԱՍՊՐԱՄ – Սերն ու պարտականությունը տարբեր բաներ են, Աշոտ Երկաթ: Կարելի էր նույն այդ պարտականությունից հեռու չմնալով, չդավաճանել սիրած էակին, ապրել նրա հետ, միշտ նրա կողքին լինել:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ - Գիտեմ, հասկանում եմ, բայց ինձ նման մարդիկ իրավունք չունեն ինքնակամ տնօրինելու իրենց բախտը: Ես չէի կարող միշտ քո կողքին ու քեզ հետ լինել, քեզ հետ ամուսնական առագաստ հյուսել, որովհետև գոյություն ուներ երկրի ապագայի խնդիրը:

ԱՍՊՐԱՄ - Եվ այդ խնդիրը դու տեսար Սևադա իշխանի դստեր հետ ամուսնանալու մեջ...

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ -Այո, Ասպրամ, ես հազար անգամ քեզ բացատրել եմ, բայց դու չես ցանկացել հասկանալ, գնահատել:

ԱՍՊՐԱՄ - Դու ոչինչ չզիջեցիր, արքա, ոչինչ: Միայն ու միայն քո ես-ն առաջ տարար, ամեն ինչ քեզ հարմարեցրեցիր, ու ինձ չհարցրեցիր, թե Աշոտ Բագրատունուց լքված ու մոռացված, ես ինչպե՞ս դարձա Ցլիկ Ամրամի կինը: Մի մարդու, որին չեմ սիրել ու չեմ սիրում: Նրան նայելիս ես քեզ եմ տեսնում, նրա հետ խոսելիս` քեզ հետ եմ խոսում... Ու այսպես մեծանում են տառապանքներս: Դու ինձ չխղճացիր, Աշոտ, ամեն ինչ բացատրեցիր պարտականության գոյությամբ: Ո՞վ է հորինել այդ պարտականությունը: Պարտականություն, որ ձեզ փառք ու հանգստավետություն է բերում, իսկ ինձ նմաններին տանում է հոգելլկումների:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ – Պարտականությունը հորինված է ի վերուստ: Ես մեղք չունեմ, որ ծնվել եմ Բագրատունի և պարտավոր եմ իմ տոհմի ընթացքին հավատարիմ մնալ: Ես դեռ չծնված` արդեն արքայական պատմուճանը պատրաստված էր ինձ համար: Բայց սխալվում ես` ասելով, թե այդ պարտականությունը փառք ու հանգստավետություն է բերում: Ահռելի մի Հայոց աշխարհ` իր նահանգներով, իշխանական տներով, մեծ ու փոքր թագավորություններով, սպարապետներով ու զորականներով, իր հոգևոր դասով, որը միշտ չէ, որ միաբանված է, միշտ չէ, որ կանգնած է ժողովրդի ու պետության կողքին, հազար դավ ու դավաճանություն, արտաքին թշնամի... Այս բոլորն էլ տրված է ի վերուստ, ու դու պարտավոր ես պատասխան տալ բոլորի և ամեն ինչի համար... Ես Սահականույշի հետ ամուսնացա, այո, չսիրելով նրան այնպես, ինչպես դու` Ցլիկ Ամրամին: Բայց նա իմ կեսն է, իմ թագուհին է, ու ես նրա առաջ էլ պարտականություններ ունեմ...

ԱՍՊՐԱՄ – Իսկ ի՞մ առաջ...

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ - Դու միշտ իմն ես, Ասպրամ, քուն թե արթուն ես քեզ հետ եմ, քո պատկերի հետ, գիշերները քնիս մեջ երբեմն վեր եմ թռչում, ինձ թվում է, թե Ասպրամ եմ կանչում, թե Ասպրամին եմ գրկում... Քո առջև նույնպես պարտականություններ ունեմ, ու այդ պարտականությունների գոյությունից խենթանում եմ... Ի՞նչ անեմ ես, ինչպե՞ս ապրեմ, ինչպե՞ս կռվեմ այս սրտմաշուկի դեմ... Գառնիում հայոց թագուհին է, իմ Սահականույշը, որի հետ հաշվով ամուսնացա, որովհետև Գարդմանա տերը հզոր է, զորավոր է, նրա հետ բարեկամությունը բխում է երկրիս շահերից: Սահականույշն իմը դարձավ, ես հասկացա, որ իրավունք չունեմ փշրելու նրա հոգին, որ իրավունք չունեմ սև անելու նրա օրը: Նա թագուհի է, բոլոր թագուհիների նման պարտավոր է, իրավունք ունի երջանիկ լինելու... Ես չամուսնացա քեզ հետ, թողեցի, որ դու էլ ամուսնանաս Ցլիկ Ամրամի հետ, որովհետև դու էլ երջանիկ լինելու իրավունքն ունես...

ԱՍՊՐԱՄ - Բայց ամեն մեկս դժբախտացանք յուրովի, որովհետև կիսատ-պռատ, գողունի երջանկություն չի լինում, որովհետև գողացված երջանկությունը չի կարող քաջալերվել աստծո և նրա սահմանած օրենքների կողմից:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ - Դու իրավացի չես, Ասպրամ, ավելի քան իրավացի չես: Մենք թշվառ խաղալիքներ ենք բնության հզոր ձեռքում, իզուր են մարդիկ օրենքներ դնում և կարգեր սահմանում` կառավարելու համար այն, ինչ որ ինքը բնությունը պիտի կառավարի և որի միահեծան տիրապետն է նա: Օրենքները կապանքներ են մեր վրա դրված, մինչդեռ բնությունը տվել է ազատ ու գեղեցիկ սիրո իրավունքը:

ԱՍՊՐԱՄ - Դե փշրիր այդ օրենքները, դուրս եկ նրանց դեմ, հայտարարիր, որ բնությունն է միահեծան տիրապետը: Կարո՞ղ ես, այդքան ուժ ունե՞ս:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ - Դու լավ գիտես, որ դա ես անել չեմ կարող, որովհետև ես այդ օրենքներին շղթաներով կապված եմ, ես այս երկրում այդ օրենքների երաշխավորն եմ: Ես հասարակաց առաջնորդ եմ, Ասպրամ, ինչպե՞ս կարող եմ ելնել: Սակայն տիեզերական մեծ հակասության առեղծվածն ինձ համար մնում է անլուծելի, ի՞նչ է, ուրեմն, մարդկային կամքը, եթե ճշմարիտը նախաստեղծն է, ինչպե՞ս հաշտեցնել բարոյական սկզբունքը բնության օրենքին, եթե բանականությունն անզոր է տիեզերական կամքի հանդեպ...

ԱՍՊՐԱՄ - Բայց դու անձնատուր եղար բարոյական սկզբունքին, լռեցրիր նախաստեղծի ձայնը և գնացիր այն բանականության ճանապարհով, որը մեր մեծ ողբերգության պատճառը դարձավ... Դու թագավոր ես, այո, հասարակաց առաջնորդ, իսկ ես կին եմ, որ ամուսնական առագաստով կապված եմ Ամրամին, ուրեմն, ես իրավունք չունեմ իմ երջանկությունն ունենալու, ես ստրուկի ու հարճի նման պիտի ծառայեմ, պիտի կատարեմ այն, ինչն իմ սրտով չէ, իմ կամքով չէ... Ես սիրում եմ քեզ, Աշոտ Երկաթ, ես էլ քեզ նման գիշերները քնիս մեջ քեզ եմ տեսնում, գգվում եմ քեզ, բայց երբ արթնանում եմ, տեսնում եմ Ամրամի դեմքը, նրա սիրապատար հայացքն եմ տեսնում ու ինձ բռնացնում եմ մեղքի մեջ: Ես չեմ կարող նրա անկողնում միայն քո մասին մտածել, քեզ սիրել... Նա ինձ սիրում է, շատ է սիրում, ու այն գիտակցությունից, որ ես միայն մարմնով եմ իրեն պատկանում` ատում է ինձ ու քեզ... Նա հայրենասեր է, քեզ նվիրված, բայց ատելությունը նրան հանել է քո և իմ դեմ... Ինչու՞ քեզ ու ինձ համար դու այս տառապանքն ընտրեցիր, ինչու՞... Ես անցյալով չեմ ապրում, թագավոր, ես չեմ ուզում անցյալի հուշերի մեջ միայն ջերմացնել հոգիս... Անցյալը լավն էր, անշուշտ, մենք չէինք մտածում պարտականությունների մասին... Դու կարող էիր հրաժարվել թագավորությունից` այն թողնելով քո տոհմի մյուս քաջազուններից մեկին և ինձ հետ հյուսել քո երջանկությունը: Դու այդ չարեցիր...

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ – Չարեցի, և հիմա խղճի խայթը տանջում-հոշոտում է ինձ: Խղճի խայթը կրծում է հոգիս... Ես մեղավոր եմ քո առաջ, Սահականույշի առաջ, երկրիս ու նրա ժողովրդի առաջ... Ես թույլ մարդ եմ, Ասպրամ, թույլ ու անօգնական... Պատմիչները հետո կգրեն, որ Բագրատունյաց Աշոտ Երկաթ թագավորը թույլ ու անվճռական մարդ էր, որ նա երկրի ճակատագիրը փոխեց անձնապաստան զգացումների հետ... Ես մեղանչել եմ, Ասպրամ, մեղանչել եմ նաև պատմության առջև: Կան սահմանված օրենքներ, որոնց առջև արքաներն անգամ անզոր են, կա մի վերին հատուցում, որ գործում է տիեզերական օրենքով և անխտրական է բոլորի հանդեպ: Նա, ով ազատ անձ է, չի կարող պատմության մեջ իր տեղն ունենալ, իսկ ով իրեն պատասխանատու է զգում պատմության առջև, իրավունք չունի ազատ լինելու: Ես մեղանչեցի նաև այս ճշմարտության առջև: Ես պատասխանատվությունն ու ազատությունը ոստայն դարձրեցի ինձ համար և խճճվեցի նրա ցանցերում...Ի՞նչ անեմ հիմա, ինչպե՞ս դուրս գամ այս քաոսից...

ԱՍՊՐԱՄ – (մոտենում և գրկում է Աշոտի ուսերը:) Ես քո դժբախտության պատճառը դարձա... Ներիր ինձ... Ես հիմա մեղադրում եմ քեզ, որովհետև վիրավորված է կանացի ինքնասիրությունս, որովհետև ես էլ սիրո իրավունք ունեմ, բայց խորապես հասկանում եմ քեզ, Աշոտ Երկաթ, հասկանում եմ և կարեկցում... Ես ճար չունեմ, փրկության այլ ճանապարհ չեմ տեսնում, ուստի ասում եմ քեզ... Վերադարձիր Գառնի, քո թագուհու և ժողովրդի մոտ: Հանիր քո սրտից ինձ, մոոացիր և ապրիր երկրի հոգսերով...

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ - Դու վռնդու՞մ ես ինձ:

ԱՍՊՐԱՄ – Չեմ վռնդում, սիրելիս, չեմ վռնդում... Գնա, որպեսզի ես էլ մի քիչ խաղաղվեմ, որպեսզի կարողանամ գտնել իմ ընթացքը...

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ - Բայց դու լաց ես լինում, Ասպրամ...

ԱՍՊՐԱՄ – Մի նայիր արցունքներիս, ես կին եմ, թույլ, արցունքները կնոջ մշտական ուղեկիցներն են, ուշ մի դարձրու նրանց... Վերադարձիր Գառնի, Հայոց թագավոր, դու սպանիր քո մեջ սերը, մոռացիր ինձ և մտածիր օրհասը կանխելու մասին: Քո դեմ են ելել քո իշխանները, քո երբեմնի հավատարիմները, ատելությունը պատել է բոլորին... Հարթիր հարաբերությունները, գտիր բոլորի սրտի բանալիներն ու երկիրը դուրս բեր այս վիճակից...

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ - Ասում ես` վերադարձիր... Հե՞շտ է վերադառնալը, հե՞շտ է ձև անելը, թե ոչինչ չի եղել...

ԱՍՊՐԱՄ - Դու այլ ճանապարհ չունես...

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ – Ուրեմն, վերադառնամ... ուրեմն, վերադառնամ... Մնաս բարով... (Առանց նայելու Ասպրամին, Աշոտը մի քանի քայլ է անում, ապա կտրուկ շրջվում է, գալիս դեպի Ասպրամը, նայում նրա աչքերին, անսպասելի գրկում է նրան, համբուրում և արագ քայլերով գնում:)

ԱՍՊՐԱՄ - (ճչում է Աշոտի հետևից): Աշո~տ... Աշո~տ... Ոչ... ոչ... գնա, հեռացիր... Մի կանգնիր, ետ մի նայիր, գնա, գնա...

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ - (առանց շրջվելու): Ես քեզ չեմ մոռանա, Ասպրամ...(Գնում է:)

ԱՍՊՐԱՄ – Մոռացիր, մոռացիր ինձ, Աշոտ Երկաթ, ես կին եմ, թույլ, անօգնական, բայց իմ մեջ ուժ կգտնեմ, կդիմանամ այս հարվածին էլ... Ես քեզ սիրել եմ թաքուն, վերմակիս տակ խեղդել եմ արցունքներս, ցավս, սպասումս ու կարոտս... Հիմա էլ կխեղդեմ, հիմա էլ կհաշտվեմ այն մտքի հետ, որ աստված ինձ ստեղծել է տառապանքի համար, ստեղծել է այն բանի համար, որպեսզի երազեմ ու չհասնեմ, տենչամ ու չտեսնեմ, ձեռքերս երկարեմ նրան ու չկարողանամ գրկել... Աշո~տ... Աշո~տ... Ի՞նչ արեցիր, անխիղճ, անհոգի, ինչու՞ իմ մեջ սիրո հուրը բորբոքեցիր, ինչու՞ խլեցիր իմ կուսական պարզ ու անմիջական պատկերացումները և նրանց փոխարեն քո պատկերը տվեցիր ինձ... Քո սերը տվեցիր, որն այնքան մաքուր ու խորն էր... Ես չեմ կարողանա ապրել, ես չեմ կարողանա գիշերները հանգիստ անկողին մտնել... Ցլիկ Ամրամը բոլորից մեկուսացած` չարությամբ է նայում ինձ, ես վախենում եմ նրանից, նրա վրեժխնդրությունից... Նա կսպանի ինձ, կսպանի... Երբեմն ես տեսնում եմ մութի մեջ շողարձակող նրա դաշույնը, իմ ննջարանում երբեմն նրա ստվերն է ահարկու հառնում իմ առջև, տեսնում եմ նրա արյունամած աչքերը, սարսափից ուզում եմ ճչալ, բայց մեղքի գիտակցումը պապանձում է լեզուս... Ի՞նչ անեմ հիմա ես... Աշոոո~տ...

Բարձր ու զիլ հնչում են զանգերը, որոնց միախառնվում են շեփորականչերը: Մթնեցում: Լույսն աղոտ որսում է Կաթողիկոսին,ով կիսամութի մեջ նստած գահավորակին` աղոթք է մրմնջում: Նրա առջև կանգնած է Եպիսկոպոսը` գլխահակ, սակայն լարված:

ԵՊԻՍԿՈՊՈՍ – Ժողովուրդն արդեն բամբասում է քեզ, Վեհափառ հայր, թե դու անտեր ես թողել Դվնո կաթողիկոսարանը և քո անձի ապահովության համար ապաստանել Այրիվանքի ամրություններին: Այժմ էլ եթե Գառնի փոխադրվես, կգրգռես քո դեմ նույնիսկ կղերի զայրույթը:

ԿԱԹՈՂԻԿՈՍ - Եթե մի անգամ արդեն հեռու եմ կաթողիկոսարանից, կարող եմ լինել և Գառնիում: Ինչու՞ պիտի այս առթիվ կղերը գրգռվեն:

ԵՊԻՍԿՈՊՈՍ - Այստեղ մնալու համար դու պատրվակ ունես, Վեհափառ տեր, այդ այն է, որ դու հովանավորում ես Այրիվանքի հռչակավոր և բազմամարդ ուխտին: Իսկ Գառնիում ապրում են թագուհին և ազատանի կանայք, նրանք պետք չունեն քո հովանավորությանը:

ԿԱԹՈՂԻԿՈՍ - Ես կփորձեմ լսել քո խորհուրդը, սրբազան հայր, քանի որ քեզ հարգում եմ որպես առաքինի մարդու: Բայց միայն ժողովրդի բամբասանքներն ասելու չես եկել ինձ, այնպես չէ՞: Ձգված ես և անհանգիստ:

ԵՊԻՍԿՈՊՈՍ – Նսըրն եկել է արդեն Դվին` իր հետ կապած բերելով Սյունյաց Սահակ և Բաբգեն մեծ իշխաններին: Նա կալանավորել է նաև Դվինի հագարացի իշխաններին` թվով քառասուն հոգի:

ԿԱԹՈՂԻԿՈՍ – (այլայլված): Կալանվածները հայտնի և նշանավոր իշխաններ են, ինչպե՞ս կարող էր Նսըրը կալանավորել նրանց, մանավանդ Դվինի իշխաններին, որոնցից ոմանք ամիրապետի սիրելիներն են: Սա նշան է, որ Նսըր ոստիկանը հալածանքներ հարուցելու հրահանգներ ունի: Որտե՞ղ և ինչպե՞ս կալանավորեց նա Սյունյաց իշխաններին:

ԵՊԻՍԿՈՊՈՍ – Ոստիկանի Նախիջևանում եղած ժամանակ Բաբգեն իշխանն ընծաներով եկել էր նրա մոտ և բողոքել իր եղբոր` Սահակի դեմ, իբր թե վերջինս իրեն զրկել է ժառանգությունից և խնդրել ոստիկանին` օգնել, վերադարձնել իրեն հայրենի ժառանգությունը: Ոստիկանն ուրախությամբ ընդունել է Բաբգենի խնդիրը և հրավեր ուղարկել Սահակին` իրեն այցելության գալ: Ոստիկանը երկու եղբորն էլ սիրով պահում է Նախիջևանում մի քանի օր, ապա առաջարկում նրանց իր հետ գնալ Դվին, որպեսզի այդտեղ վերջացնի ժառանգության գործը: Բայց հենց որ ելնում են Սյունյաց նահանգից և հասնում Դվին, այդտեղ ոստիկանը, ժառանգության խնդիրը կարգավորելու փոխարեն, երկուսին էլ կալանավորում և բանտարկում է:

ԿԱԹՈՂԻԿՈՍ - Անշուշտ նրանց երկիրը գրավելու նպատակով, այսպես չէ՞, Սահակ սրբազան:

ԵՊԻՍԿՈՊՈՍ - Այդպես է, Վեհափառ տեր, ոստիկանը չէր կարող գրավել Սյունիքը, եթե նրա իշխաններին չկալանավորեր:

ԿԱԹՈՂԻԿՈՍ – Սա մեծ դժբախտություն է մեր երկրի համար... նույնիսկ թագավորի և ինձ համար...

ԵՊԻՍԿՈՊՈՍ - Եվ քեզ համար, Վեհափառ տեր:

ԿԱԹՈՂԻԿՈՍ – Հա, ինձ համար, ի՞նչ...

ԵՊԻՍԿՈՊՈՍ – Քեզ համար էլ ոստիկանը որոգայթներ է լարում:

ԿԱԹՈՂԻԿՈՍ - Այսի՞նքն:

ԵՊԻՍԿՈՊՈՍ – Կամենում է կալանավորել:

ԿԱԹՈՂԻԿՈՍ – Ի՞նձ...

ԵՊԻՍԿՈՊՈՍ - Այո, Վեհափառ տեր:

ԿԱԹՈՂԻԿՈՍ – Ինչպե՞ս իմացար այդ:

ԵՊԻՍԿՈՊՈՍ – Ոստիկանն իր մոտ կանչեց կաթողիկոսարանի վերակացուին և պատվիրեց նրան հրավիրակ ուղարկել այստեղ...

ԿԱԹՈՂԻԿՈՍ – Իմ ետևից, այնպես չէ՞...

ԵՊԻՍԿՈՊՈՍ - Այո, Վեհափառ տեր, քեզ հրավիրելու համար:

ԿԱԹՈՂԻԿՈՍ – Ի՞նչ ունի ինձ հետ ոստիկանը, Սահակ սրբազան:

ԵՊԻՍԿՈՊՈՍ - Աստծուն է միայն հայտնի, տեր: Վերակացուին ասել է, թե կաթողիկոսը իր կաթողիկոսարանում պիտի նստի և ոչ թե լեռներում ամրանա...

ԿԱԹՈՂԻԿՈՍ – Նա ուրեմն գիտի՞, թե որտեղ եմ ես: Եթե ես այստեղից չհեռանամ, նա այսօր կամ վաղը զորք կուղարկի իմ ետևից: Դու այդպես չե՞ս կարծում, սրբազան եղբայր:

ԵՊԻՍԿՈՊՈՍ – Նա զորք կուղարկի և այն ժամանակ, երբ դու հեռացած լինես:

ԿԱԹՈՂԻԿՈՍ - Բայց այդ ժամանակ նա չի կարող կալանավորել ինձ:

ԵՊԻՍԿՈՊՈՍ – Կկալանավորի և Այրիվանից միաբանությունը կկոտորի:

ԿԱԹՈՂԻԿՈՍ - Բայց դու, սրբազան, մի վայրկյան առաջ ասացիր, թե ոստիկանը չէր կարող գրավել Սյունիքը, եթե նրա իշխաններին չկալանավորեր:

ԵՊԻՍԿՈՊՈՍ - Այո, Վեհափառ տեր, ասացի:

ԿԱԹՈՂԻԿՈՍ – Ուրեմն, նա մեր կաթողիկոսարանն էլ կգրավի, եթե ինձ ձերբակալի:

ԵՊԻՍԿՈՊՈՍ - Անշուշտ:

ԿԱԹՈՂԻԿՈՍ - Եվ եթե ես այստեղ մնամ, այդ միևնույն է, թե ինձ մատնեմ Նսըրի դահիճներին: Ոչ, ես կհեռանամ Գառնի: Կհեռանամ հենց այս գիշեր, որովհետև համոզված եմ, որ նվիրակի վերադարձից հետո ոստիկանն անպայման զորք կուղարկի այստեղ ինձ կալանավորելու համար: Իսկ ինձ կալանավորել, կնշանակի ամբողջապես գլխատել երկիրը, որովհետև թագավորն էլ իր տեղում չէ... Գնալ, հեռանալ, բայց չէ՞ որ դա փախուստ է, ես պարտավոր եմ իմ ուխտի հետ լինել և ոչ թե ամրոցաբնակ տիկնանց: Իսկ մոտալուտ վտա՞նգը... Այդ երկյուղը ճնշում է սիրտս... Չէ, չէ, պիտի հեռանալ, հեռանալ...

Մթնեցում: Երբ լուսավորվում է, բեմում պալատական դահլիճի մի հատված է:

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ – Շարունակիր, մայր Սեդա:

ՍԵԴԱ - Չեմ կարող, թագուհի, հուզմունքդ դեռ չի անցել: Հետո կպատմեմ:

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ - Ես կամենում եմ անպատճառ իմանալ:

ՍԵԴԱ - Եթե գիտենամ, որ դա կարող է օգնել գործին... Գևորգ Մարզպետունին, թագուհի...

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ – Մայր Սեդա, Մարզպետունի իշխանն ամեն ինչ գիտեր, պատմիր:

ՍԵԴԱ - Թագուհիս, այն, ինչ պիտի պատմեմ, գուցեև հիշում ես, բայց ես ուզում եմ քրքրել անցյալը... Այն ժամանակ դու դեռատի աղջիկ էիր և ապրում էիր հորդ ապարանքում, թիթեռնիկի նման ուրախ և անհոգ: Գարդմանա իշխանն իր գգվանքները միայն քեզ համար էր պահում: Սահակ Սևադայի ապարանքի միակ զարդը Սահականույշն էր...Ներիր ինձ, թագուհի...

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ – Հիշու՞մ ես, ասում էիր` Սահականույշը շատ երկար է, դու իմ Սահանույշն ես: Հիշու՞մ ես:

ՍԵԴԱ - Ամեն ինչ էլ հիշում եմ: Հորդ ձայնը դեռ ականջումս է, երբ հայտարարեց. իմ Սահանույշը հարս կլինի այն իշխանին, որին նա ինքը կհավանե... Դու չհավանեցիր ոչ մեկին. ոչ Սյունյաց Սմբատ իշխանին, ոչ Գուրգեն Արծրունուն, ոչ քաջ Ատոմ Անձևացուն, ոչ Մոկաց տեր Գրիգորին: Բոլոր փեսացուներին մերժեցիր; Աշոտ դյուցազնն այդ ժամանակ դեռ Ուտիքում էր գտնվում:

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ - Դարձյալ Ուտիքում: Այդ անունը մի տուր, չեմ կարող լսել: Ուտիք, Ուտիք... թունավոր նետի նման ասես այդ անունը մխրճվել է սրտիս մեջ...

ՍԵԴԱ - Ներիր, թագուհիս:

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ – Թող կործանվի Ուտիքը, թող հիմնահատակ լինի և այլևս չլսեմ նրա անունը... Մայր Սեդա, ասում էիր, որ Գևորգ Մարզպետունին...

ՍԵԴԱ - Գևորգ Մարզպետունին այդ ժամանակ բուժվում էր ինձ մոտ: Ես փորձեցի իմանալ նրանից, ճի՞շտ է, արդյոք, որ Գարդմանա օրիորդը արքայի ամուսինը պիտի դառնա: Մարզպետունի իշխանը զարմացավ, բայց ես կարծես շատ բաներ մոռացել եմ...

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ – Շարունակիր, մայր Սեդա, դու ամեն ինչ հիշում ես, մի խնայիր ինձ:

ՍԵԴԱ - Լավ, թագուհիս, կասեմ: Մարզպետունի իշխանը մի օր ինձ հայտնեց, որ արքայորդի Աշոտը չի կարող ամուսնանալ Սևադայի դստեր հետ, որովհետև... որովհետև... ուրիշի է սիրում:

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ – ՈՒ՞մ, մայր Սեդա, ու՞մ: Ցլիկ Ամրամի կնո՞ջը: Դա՞ ասաց Մարզպետունին: Ինչու՞ ես լռում:

ՍԵԴԱ - Դե, դե... ասում եմ...

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ – Ուրեմն, Ցլիկ Ամրամի կնո՞ջը...

ՍԵԴԱ - Ոչ:

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ – Ինչպե՞ս թե` ոչ:

ՍԵԴԱ - Ցլիկ Ամրամն այն ժամանակ դեռ ամուսնացած չէր:

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ - Ամուսնացած չէ՞ր...Այդ դեպքում` ու՞մ:

ՍԵԴԱ - Նահապետ Գևորգ իշխանի դստերը:

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ – Նահապետ Գևորգ իշխանի՞... Բայց մի՞թե իշխանի դուստրը Ցլիկ Ամրամի կինը չէ՞... Ուրեմն, վաղուց է սկսվել իմ դժբախտությունը:

ՍԵԴԱ - Ես ասում էի, չէ, որ անցյալի մեջ են թաքնված ցավերի արմատները:

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ – Հետո... հետո Աշոտը թողեց Ասպրամին և ամուսնացավ դժբախտիս հետ:

ՍԵԴԱ - Թագուհիս, պետական շահերը... Աշոտ Երկաթին պետք էր Սահակ Սևադան իր Գարդմանա քաջերով:

Մտնում են Գոհարն ու Գոռ իշխանիկը: Սահականույշը պարզում է ձեռքը, Գոռը համբուրում է:

ԳՈՀԱՐ – Ներեցեք, թագուհիս, անհանգստացնելու համար:

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ – Լավ է, որ եկաք: (Դառնալով Գոռին:) Գոռ իշխանիկ, ամեն անգամ, երբ քեզ տեսնում եմ, ինձ թվում է` կամ պատերազմ ես գնում, կամ` ճակատամարտից վերադառնում: Ինչու՞ ես միշտ զրահավորված:

ԳՈՌ - Այդպես հայրս է պատվիրել, մայր թագուհի:Ամեն վայրկյան պատրաստ պետք է լինել: Ո՞վ գիտե, գուցե հենց այստեղ, դղյակի անկյուններից մեկում, փակված մի թշվառականի հետ հարկ լինի մենամարտել:

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ - (ծիծաղելով): Վտանգավոր տղա ես, Գոռ իշխանիկ:

ԳՈՌ – Իմ թագավորի և թագուհու թշնամիների համար:

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ – Ուրեմն, գիտե՞ս, սիրելիս, որ այդպիսի մի թշնամի հիմա գտնվում է մեր դղյակում: Որ խուցերից մեկում, անշուշտ, հարմար առիթի է սպասում քեզ հետ մենամարտելու համար:

ԳՈՌ – Ո՞վ է նա:

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ – Օրիորդ Շահանդուխտը: (Բոլորը ծիծաղում են:) Իսկ հիմա ասա, թե որտեղից ես գալիս և արդյոք ուրախ լուր չե՞ս բերել ինձ համար:

ԳՈՌ - Բերել եմ, թագուհի մայր: Պատգամավորը եկավ և հայտնեց, որ կաթողիկոսն այլևս չի գալու մեր ամրոց:

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ – Պատճառը՞:

ԳՈՌ – Պատճառը չհայտնեց:

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ - Բայց ինչու՞ հաստատեցիր, թե ուրախ լուր ես բերել: Մի՞թե վեհափառի գալուստն անհաճո է քեզ:

ԳՈՌ - Այո, թագուհի:

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ - Զարմանում եմ:

ԳՈՌ - Եթե թագուհին կհրամայե ինձ անկեղծորեն խոսել... Նա մեր ամրոցն է գալիս ոչ մայր թագուհուն այցելություն բերելու և ոչ էլ մեզ օրհնելու...

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ – Ուրեմն, ինչու՞:

ԳՈՌ – Կաթողիկոսը գալիս է Գառնիում ամրանալու:

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ – Ինչպե՞ս թե` ամրանալու:

ԳՈՌ - Անշուշտ նա լսել է, որ հարձակում է պատրաստվում մեր լեռների վրա, և ահա ապաստան է ուզում գտնել Գառնիում:

ԳՈՀԱՐ - Եթե նա այդպիսի բան է լսել, ուրեմն խոհեմություն է անում մեր ամրոցը գալով:

ԳՈՌ – Ոչ, մայրիկ, նա չպետք է իր միաբաններին անհույս և անօգնական թողնի և մտածի միայն իր անձի փրկության մասին:

ԳՈՀԱՐ - Բայց գուցե դրանք ենթադրություննե՞ր են:

ԳՈՌ – Ոչ: Վեհափառը մի ոմն Նըսրից վախենալով, անտեր է թողել Դվինի կաթողիկոսարանը և ապաստանել Այրիվանքի ժայռաբեկորներին, իսկ Նըսրը գրավել է Դվինի կաթողիկոսարանը:

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ - Եթե Նըսր ոստիկանը տիրել է մայրաքաղաքին, ապա մեղավորը բացակա թագավորն է, որը չգիտես ինչ է փնտրում Ուտիքում... Զարմանալու ոչինչ չի լինի, եթե գրավվի նաև կաթողիկոսարանը, որի պաշտպանը մի անզեն հոգևորական է: (Անհանգիստ քայլում է:) Թշնամին մեր դռանն է չոքել, օրհասը կախվել է երկրի գլխին, իսկ նա Ուտիքում... Ներեցեք ինձ: (Կտրուկ հեռանում Է:)

ԳՈՌ – Թագուհին նորից վշտերի մեջ ընկավ:

ԳՈՀԱՐ - Ես չէի կամենա, որ նա տառապեր:

ԳՈՌ – Մայրիկ, հրաժեշտի պահին հայրս քեզ և դղյակի մյուս կանանց խնդրեց ուրախ պահել թագուհուն: Ես ծանոթ չեմ թագուհու վշտերին, բայց կուզենայի, որ նա երբեք չտխրեր:

ԳՈՀԱՐ - Դու էիր մեղավոր, տղաս: Դու նրան չպետք է ասեիր, թե կաթողիկոսը փախչում է Այրիվանքից: Թագուհին շատ բան չպետք է իմանա այն ամենի մասին, ինչը կատարվում է հիմա երկրում:

ԳՈՌ – Շուտով մեր լեռների վրա հարձակում կլինի, մայրիկ:

ԳՈՀԱՐ – Ի՞նչ ես ասում, Գոռ, և ո՞վ պիտի հարձակվի:

ԳՈՌ - Բեշիր զորապետը: Դվինը գրավելուց հետո Նըսրը հրամայել է ավերել հայոց գավառները: Եվ այդ արվում է հենց այն ժամանակ, երբ բացակա են և թագավորը, և զորքը:

ԳՈՀԱՐ - Եվ ի՞նչ ենք անելու հիմա:

ԳՈՌ - Դու ամեն ինչ պիտի անես թագուհուց ճշմարտությունը թաքցնելու, նրան չտխրեցնելու համար: Գնանք, մայրիկ:

Դուրս են գնում: Մի պահ դատարկ է բեմում, ապա գալիս է Սեդան, ծունկի իջնում գահավորակի մոտ:

ՍԵԴԱ - Ի՞նչ անեմ ես հիմա, նա ինձ անընդհատ ստիպում է ասել ճշմարտությունը, ասել այն մասին, որ Աշոտ Երկաթը սիրում է Ցլիկ Ամրամի կնոջը և հանուն նրա է երկիրն անթագավոր թողած` հայտնվել Ուտյաց աշխարհում... Ի՞նչ ծանր բեռ է դրված ուսերիս... Ես դեռ շատ վաղուց, երբ Սահանույշս փոքրիկ աղջնակ էր, նրան պատսպարել եմ, գուրգուրել, ամեն ինչ արել, որպեսզի անհոգ մեծանա, վշտերը չկրծեն հոգին, իսկ հիմա... Ես պիտի ասեմ ճշմարտությունը, բայց ու՞մ է պետք այդ դաժան ու հոգեհան ճշմարտությունը...

Դռների մոտ հայտնվում է նաժիշտը: Սեդան վեր է կենում և նայում նրան:

Ի՞նչ կա, աղջիկս, ինչու՞ ես կանգնել այդտեղ:

ՆԱԺԻՇՏ – Ժամանել է Գևորգ Մարզպետունի իշխանը:

ՍԵԴԱ - Շատ լավ, ես կգնամ թագուհու հետևից, իսկ դու դիմավորիր իշխանին:

Երկուսով դուրս են գնում: Արագ մտնում է Սահականույշը: Թագուհին քայլում է, ապա գալիս դեպի աշտանակը:

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ – Մի՞թե Գևորգ Մարզպետունին ինձ է ներկայանալու որպես իր թագուհու, երբ թագավորն արհամարհել ինձ և հեռացել է:

Դռների մոտ հայտնվում է Գևորգը: Թագուհին շրջվում է, տեսնում Գևորգին, ընդառաջ գալիս:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Ողջույն, թագուհի:

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ - Երկար սպասեցինք քեզ, իշխան, անշուշտ, մեզ համար ուրախ լուր ունես:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Ուրախ լու՞ր... Կկամենայի բոթաբեր չլինել, թագուհիս, բայց աստված...

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ – Ի՞նչ պիտի գուժես:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - Աշոտ Երկաթ թագավորը հագարացիներից մեծ քանակությամբ զորք է ստանալու` ապստամբներին ճնշելու համար:

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ – Դա լավ է, բայց դու այդ ասելու համար չես եկել, իշխան:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - Ես եկել եմ նախ և առաջ իմանալու իմ թագուհու որպիսությունը:

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ – Շնորհակալություն, իշխան... թագուհուն չմոռանալու համար... Ուրեմն, թագավորը սպասում է հագարացիներից զորք ստանալու և ապստամբներին ճնշելու... Հիանալի է, իսկ ովքե՞ր են այդ ապստամբները: Ովքե՞ր են... Մի բուռ հայ ժողովուրդ, այնպես չէ՞, իշխան:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - Այդպես է, թագուհի:

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ - Եվ դուք օտարին հրավիրում եք այդ մի բուռ մարդկանց բնաջնջելու՞... Մի լռեք, իշխան, խոսեք: Իսկ ինչու՞ ապստամբեցին հայ նախարարները, ինչու՞ ապստամբեց հայրս` Սահակ Սևադան, Ցլիկ Ամրա՞մն ինչու ապստամբեց: Ինչու՞, իշխան Մարզպետունի:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - Գուցե փառասիրությունի՞ց դրդված:

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ – Ոչ, իշխան, ոչ փառասիրությունից: Դուք խորաթափանց մարդ եք, ամեն ինչ հասկանալ և գնահատել գիտեք: Նայեք իրականության դեմքին ու փորձեք հասկանալ ապստամբներին... Հագարացիները կդավաճանեն Աշոտ Երկաթին, և նա կպարտվի:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Մի՞թե արքայի պարտությունը ուրախություն է պատճառում քեզ, մեծափառ տիկին:

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ - Այո, Մարզպետունի իշխան: Անցան այն ժամանակները, երբ իմ իղձն ու փափագն Աշոտի հաղթանակներն էին: Հիմա այդ փառքն ատելի է դարձել ինձ, որովհետև նրա պատճառով կորցրեցի իմ ամենաթանկ հարստությունը` իմ երջանկությունը:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Մի՞թե դժբախտություն է հասել թագուհուն:

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ - Դժբախտությու՞ն... Ոչ, ես շատ երջանիկ եմ, դու այդ գիտես, գիտե նաև Մարզպետունի իշխանուհին, գիտեն իմ պալատի կանայք, նաժիշտները: Այո, Երջանիկ եմ... Չէ, իշխան, դուք բոլորդ ամեն ինչ գիտեիք, բայց կամենում էիք, որ ես ոչինչ չիմանամ, շարունակեմ անգետ երջանկության մեջ ապրել, այնպես չէ՞, տեր Մարզպետունի:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Թագուհի...Անդորր պահեք ձեր սիրտն ու հոգին...

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ – Ուշ է արդեն, իշխան, իմ սրտի անդորրության մասին այլևս մի մտածիր, ես կարող էի տանել իմ վիշտը, եթե միայն իմանայի, որ այն անհայտ է աշխարհին, բայց քանի որ աշխարհն ինձանից առաջ է անցել, ծածկելն այլևս անօգուտ է: Դու մի զարմանա, որ թագավորի պարտությունն ինձ ուրախություն կբերեր, մի զարմանա, իշխան Մարզպետունի: Այդ ուրախությունը հույսի վերջին ճառագայթն է, որն իմ աչքերում կփայլի գուցե վերջին անգամ:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Հույսի՞... Անհաջողության վրա դու ի՞նչ հույս ունես, թագուհիս:

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ – Ի՞նչ հույս... Մինչև հիմա ես իմ ամուսնու մեջ թագավոր էի տեսնում, նրա հաջողություններով ուրախանում, նրա փառքով պարծենում... Կարծում էի, թե դրանք են միայն, որ ինձ երջանկություն կբերեն... Ինչքա~ն խաբված եմ եղել ես... Հաղթանակների աղմուկը, դափնիների փայլը, արքայական պերճությունները ցամաքեցրել են իմ երջանկության աղբյուրը... Այդ ամենի մեջ ես կորցրել եմ իմ ամուսնուն, ողջ աշխարհում սիրածս միակ տղամարդուն... Եվ այժմ, երբ բախտը երես է թեքել նրանից, երբ հանցավոր սիրո պատճառով աստված նախատինք է տալիս նրան, ես ուրախանում եմ, որովհետև հավատում եմ, թե գուցե պարտված թագավորի, անարգված գահակալի մեջ գտնեմ իմ կորցրած ամուսնուն:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - Երբեք չէի մտածում, մեծափառ տիկին, թե մեր ազգի ընդհանուր դժբախտության պահին դու քո վիշտը կհիշեիր:

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ – Մի զարմացիր, իշխան, անբնական ոչինչ չկա: Ես մի սիրտ ունեի, որը նվիրված էր Աշոտ Երկաթին: Նա այդ սիրտը ջախջախեց` դավաճանելով ինձ: Ես դրանից հետո անզգա դարձա: Մի՞թե կարելի է պահանջել, որ դիակը շնչի կամ զգա: Ես սիրում էի իմ ժողովրդին, իմ հայրենիքը, պատրաստ էի զոհել նրան այն ամենը, ինչ որ ունեի թանկագին և անփոխարինելի: Բայց այդ ժամանակ Աշոտն ինձ հետ չէր, այժմ նա չկա, Աշոտը մեռավ ինձ համար: Մի՞թե ես ավելի բախտավոր չէի լինի, եթե մի հովվի կին լինեի...

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Թագուհի...

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ - Գիտեմ, իշխան, այն ժամանակ էլ իշխանները կծաղրեին Սահակ Սևադային, կասեին, թե` Գարդմանա հզոր տերը իր դստերն է տվել լեռներում ապրող մի հովվի, այնպես չէ՞... Այն ժամանակ ես` հայոց թագուհիս, Աշոտ Երկաթի կինը չէի լինի, իմ հայրն ու եղբայրը աչքերի լույսից չէին զրկվի, և ես գաղտնի հալածանքներով, թաքուն արտասուքներով չէի ողբա մեկի ծերությունը, մյուսի ծաղիկ հասակը...

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Ներիր, թագուհի:

Ներս է մտնում Գոռը:

ԳՈՌ – Ներիր, մայր թագուհի, որ խանգարում եմ ձեր հանգիստը: (Տեսնելով հորը:) Ներեցեք, հայր: (Գրկախառնվում է:)Ես կարևոր բան ունեմ հաղորդելու թագուհուն:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Ի՞նչ պետք է հաղորդեիր թագուհուն, տղաս:

ԳՈՌ - Բագարանից Աշոտ Բռնավորը ծպտված զինվոր է ուղարկել մեր ամրոցը հոտոտելու: Մենք նրան բռնեցինք պարիսպների տակ: Նա ստիպված եղավ ամեն ինչ խոստովանել:

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ - Աշոտ Բռնավո՞րը... Հայոց Հուդա՞ն... Նա դեռ շարունակում է դավեր նյութել եղբոր որդու դեմ... քարշ տվեք դրան նկուղ...

ԳՈՌ – Լսում եմ, մայր թագուհի: (Գնում է:)

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Հուդա~... Ի~նչ լավ ասացիք, թագուհի:

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ – Ոչ, նրան Հուդա անվանել չի կարելի, ուդան խիղճ ուներ, սիրտ ուներ, երբ տեսավ, որ իր վարդապետին երեսուն արծաթի համար մատնել է` գարշեց իր անձից և գնաց կախվելու: Իսկ Աշոտ Բռնավորը, այդ ազգուրացը, Նըսրի միջոցով իրեն թագավոր հռչակեց այն ժամանակ, երբ օրինական թագավոր էր իր եղբոր որդին` Աշոտ Երկաթը: Նա մատնությամբ բազմեց գահին և սկսեց իր չարանենգ դավադրությունները: Եվ այդ հրեշը դեռ ապրում է աշխարհում, ասում են` նույնիսկ եկեղեցի է կառուցում... Ինչի՞ համար...

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - Այդ եկեղեցին չի հարատևի, մատնիչի անունը եկեղեցուց երկար կապրի որպես անեծքի հիշողություն...

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ - Աշոտ Երկաթը, իշխան, խնայեց Բռնավորին, խնայեց իր մեղքերը քողարկելու համար: Բռնավորը նույնպես գիտեր Ուտիքի ճանապարհը...

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Մենք բոլորս մահկանացուներ ենք, թագուհի, և բոլորս էլ մեր թուլություններն ունենք... Անթերի միայն հայրենիքը պիտի լինի... Միաբան հայրենիքը, որին բոլորս պիտի ծառայենք:

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ – Թուլություններ կան, որոնք ենթակա չեն վերանայման: Ես դեռ ոչ ոքի չեմ ասել, բայց քեզ կասեմ... Ես և Աշոտ Երկաթը Ցլիկ Ամրամի կողմից հրավիրված էինք Ուտիք... Ախ, եթե ես այն ժամանակ գիտենայի, դաշույն կցցեի նախ այդ անզգամ Ասպրամի, ապա իմ սիրտը, այն ժամանակ Աշոտ Երկաթի իշխանությանը վտանգ չէր սպառնա, հայրս և եղբայրս չէին կուրանա:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Թագուհիս, հանգստացիր...

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ – Ինչե~ր եմ տարել հոգուս մեջ, իշխան... Մենք հյուր էինք Ցլիկ Ամրամի մոտ, և այդ իշխանը` գինով ոգևորված, մոռացել էր իր կոչումը, հաճոյական զրույցներ էր անում ինձ հետ: Ես հեռացա դահլիճից: Մի տխրություն, անբացատրելի մի թախիծ պաշարել էր ինձ... Հանկարծ ականջիս հասավ թագավորի ձայնը, ես ուրախությամբ գնացի դեպի հանդիպակած դուռը, բայց այնտեղից կանացի ձայն լսեցի... Նողկալի ձայն...Բաց արեցի դուռն, իշխան, և տեսա Ասպրամ իշխանուհուն թագավորի գրկում...

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Մեծափառ տիրուհիս, քո վիշտը վաղուց էր հայտնի ինձ, բայց լսիր քո ծառայի խորհուրդը. անցյալն անդարձ է, դու այդ գիտես, հիմա ապագայի մասին պետք է մտածել... Թագավորն այլևս չի կամենում վերադառնալ Ոստան, նա բացեիբաց հայտարարեց, որ իշխաններն աշխարհի առջև ամոթով թողեցին իրեն, ուրեմն, թող նրանք էլ պատասխան տան երկրի ավերման համար...

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ – Իշխաննե՞րը... Մի՞թե իշխանները...

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Ուրիշ էլ ո՞վ: Եթե նրանք թագավորի հետ միաբան լինեին...

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ – Ի՞նչն էր պատճառը,որ խաթարվեց միաբանությունը: (Մոտենում և կտրուկ նայում է Մարզպետունու աչքերի մեջ:) Չես ուզում պատասխանել: Ես կասեմ. պատճառն այն է, որ թագավորը հեռացել է առաքինության ճանապարհից: Կաքավաքարում նստած` մեղադրական է կարդում իշխանների դեմ: Բայց իզուր, նա իրավունք չունի մեղադրելու ուրիշներին, նա ինքն է թե իր, թե մեր դժբախտությունների մեղավորը:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - Բայց ի՞նչ անենք մենք: Ձեռքներս ծալած նստե՞նք, չէ՞ որ երկիրը վտանգի մեջ է:

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ - Արեք ինչ որ կարող եք:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Քաղաքները, գյուղերն ու ավանները մնացել են անպաշտպան, ժողովուրդը հայտնվել է մերկ սրին հանդիման, պետք է շտապել օգնության հասնելու համար:

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ – Թող աստված օրհնե ձեր ճանապարհը, իշխան:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - Աստված կօրհնե, բայց ամենից առաջ թագուհին պիտի զրկվի իր մի քանի գնդերից:

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ – Ուրիշ ումի՞ց զորք վերցնելու հույս ունես:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Իշխաններից:

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ – Իսկ եթե նրանք մերժե՞ն:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - Եթե առաջինը թագուհին չմերժի...

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ - Դատարկիր թեկուզ ամբողջ Գառնին:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Շնորհակալ եմ, թագուհի, ևս մի խնդրանք:

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ - Ասա, իշխան:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - Այս օրհասական պահին թագուհին պիտի թագավորի կողքին լինի:

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ - Անկարող եմ, իշխան Մարզպետունի:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - Դու կարող ես, թագուհի, դու դա պարտավոր ես անելու հանուն միաբանության:

Ներս է մտնում նաժիշտը:

ՆԱԺԻՇՏ – Կաթողիկոսն է ժամանել, մայր թագուհի:

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ – Ներս հրավիրիր նրան: (Նաժիշտը դուրս է գնում:)

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Վեհափառի այցը խորհրդավոր է և տարօրինակ:

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ - Գոռ իշխանիկն ասաց, որ նա պատրաստվում է գալ:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Կաթողիկոսն իր բարեկազմ, հաղթանդամ և արտաքուստ զորավոր մարմնի մեջ ապրեցնում է մի տկար սիրտ և երկչոտ հոգի: Նա թեպետ սրտագին սիրում է իր հոտը և միշտ աշխատում է նրա բարօրության համար, բայց դրա հետ միասին չափազանց շատ է սիրում իր անձը, հետևաբար նա իրեն վտանգի չէր ենթարկի, եթե հոտի շահն է պահանջում այդ: Նա, թագուհի, հայրենիքի հարազատ որդին է և նրա երջանկության անկեղծ բարեկամը: բայց եթե այդ երջանկությունը ձեռք բերելու համար պետք է լինում զոհել թագավորող անձի կամ զորեղ իշխանի դեպի ինքն ունեցած բարեկամությունը, նա տատանվում է... Նա չունի ոչ զորեղ կամք, ոչ հաստատ բնավորություն... Նա ազգի օգտին բարիքներ է գործում երբեմն միայն փառք վաստակելու համար, իսկ շատ անգամ էլ, որպեսզի իր փառքն անաղարտ պահի, ու դրա համար էլ չի ընդդիմանում չարիքներին:

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ – Ուրեմն, այդ մարդու մեջ ամեն ինչ խառնված է իրար:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - Այո, թագուհի, այդպես է ու դա էլ մեր մեծագույն դժբախտություններից մեկն է, երբ հովվապետն այդպիսին է: Երբ հովվապետն իր անձնական շահը վեր է դասում հոտի շահերից:

Ներս է մտնում Կաթողիկոսը: Սահականույշը և Մարզպետունին ողջունում են նրան աջհամբույրով:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Ինչու՞ եք այսպես հուզված, Վեհափառ:

ԿԱԹՈՂԻԿՈՍ – Իշխան, թող որ թագուհին մեր թշվառությունը տեսնի: Գազան հագարացիները Այրիվանքը քանդել, ավերել, միաբաններին զարհուրելի տանջանքներով ու կտտանքներով նահատակել են:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Ինչու՞ Ուտիքի բերդերը թողած` Այրիվանքի վրա են հարձակվել:

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ – Ի՞նչ է կատարվում երկրում, տեր աստված, ինչու՞ են այս բոլորի մասին թաքցնում ինձանից... Ինչպե՞ս պատահեց այդ բոլորը, Վեհափառ, պատմիր:

ԿԱԹՈՂԻԿՈՍ – Պատմելու ոչինչ չկա, թագուհի: Մենք պաշտպանվելու հնարավորություն չունեինք: Ներս խուժեցին Այրիվանք և բոլորին սրի քաշեցին:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Իսկ մենք` ժողովրդի առաջնորդներս, որոնց ձեռքն Աստված սուր է տվել, կառավարելու և պաշտպանելու իրավունք,- ոչինչ չենք անում: Քաշվել, նստել ենք մեր բերդերում, անմիաբանության վիհն ենք խորացնում... Ժողովրդին թողել ենք անտեր, անպաշտպան և մատնել թշնամու սրին...

ԿԱԹՈՂԻԿՈՍ – ՈՒ՞ր է մեր թագավորը, նա պետք է առաջնորդե զորքը:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - (զայրացած): ՈՒ՞ր է թագավորը... Կասեմ, թե ուր է նա: Թագավորն իր իշխաններից հալածված նստած է Կաքավաքարում: Իսկ ու՞ր է կաթողիկոսը, հայոց հայրապետը, մեր հոգևոր զինվորության վեհափառ գլուխը:

ԿԱԹՈՂԻԿՈՍ – Իշխան, տեսնում ես, որ ես այստեղ եմ:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - Այո, տեսնում եմ, Վեհափառ, այստեղ ես, Գառնիում, բայց ինչի՞ համար:

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ -(սաստող): Իշխա~ն...

ԿԱԹՈՂԻԿՈՍ – Իսկ ու՞ր կկամենայիր, որ լինեի:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - Դվինում, մեր կաթողիկոսարանում:

ԿԱԹՈՂԻԿՈՍ – Նըսրը ծարավ է և իմ արյանը: Նա կամենում է ինձ սպանել:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Նա քեզ ձեռք չէր տա, եթե դու նստած լինեիր հայրապետական գահի վրա: Քո երկչոտ փախուստով գրգռել ես նրան և ստիպել, որ բարկության թույնը թափի անմեղ ժողովրդի վրա:

ԿԱԹՈՂԻԿՈՍ - Ես անկարող եմ, իշխան:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Մի՞թե վախկոտ ես, կաթողիկոս, թե երկրի ու ժողովրդի փրկությունն այլևս չի հետաքրքրում հովվապետին... Կարող ես, Վեհափառ տեր, կարող ես: Թող այսօրվանից Գառնին, ուր եկել ես հանգստություն և ապահովություն որոնելու և գնա Երազգավորս, իջիր Բագարան, անցիր Մոկաց երկրները, մտիր Վասպուրական, խոսիր Աբասի հետ, Աշոտ Բռնավորի, Արծրունի եղբայրների, բոլոր իշխանների հետ: Համոզիր, որ վերցնեն իրենց զորքը և գան ու հավաքվեն արքայի դրոշի տակ, կռվեն միասնական ուժով և դուրս քշեն թշնամուն երկրից, փրկեն ժողովրդին վերահաս վտանգից:

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ – Իրավացի է իշխան Մարզպետունին, Վեհափառ:

ԿԱԹՈՂԻԿՈՍ – Ոչ ոք ինձ չի լսի, ոչ մի իշխան իր բերդից զորք չի հանի: Բուերի նման քաշվել են իրենց ամրոցները, ատելությամբ ու մաղձով լցված` ոչինչ չեն ուզում ձեռնարկել:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Կաթողիկոս, դու էլ քիչ բան չես անում այդ թշնամանքն ու ատելությունը խորացնելու համար: Քեզ խաչ ու իշխանություն է տրված, կաթողիկոս, հոգևոր իշխանություն, որն ավելին է, քան այն իշխանությունը, որն ունեն թագավորներն ու իշխանները: Թող Վեհափառը կատարի իր պարտքը, երկրի փրկությունն հիմա իշխանների միաբանությունից է կախված, և այդ միաբանությանը պետք է հասնել` ինչ զոհաբերության գնով էլ լինի: Մի մոռացիր, Վեհափառ, որ Այրիվանքի գմբեթին անձամբ Գրիգոր Լուսավորիչն է խաչ ամրացրել: Ի սեր մեր եկեղեցու, ի սեր նրա անցյալ փառքի, ի սեր նահատակված ու մարտիրոսված մեր հովվապետների, ի սեր մեր ժողովրդի. խնդրում եմ քեզ. վանիր երկչոտությունդ, մի կողմ թող անձնապաստանությունդ ու երկյուղդ...

ԿԱԹՈՂԻԿՈՍ – Եթե ինձ ականջալուր լինեն, ջանքերս չեմ խնայի, իշխան:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - Դե, ես գնամ, թագուհի: Առաջին խնդրանքս կատարեցիր: Գոհ եմ, հավատացած եմ, որ կկատարես նաև երկրորդ խնդրանքը: Չպետք է մենակ թողնել թագավորին:

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ - Բարի ճանապարհ, Մարզպետունի տեր, թող Աստված զորավիգ լինի քեզ:

Մթնեցում: Այգու մի հատված:

ՇԱՀԱՆԴՈՒԽՏ – Ծնկներս արդեն դողում են: Ինչպե՞ս պիտի վերադառնամ: Առաջին անգամ է, որ այսպիսի երկյուղ եմ զգում:

ԳՈՌ - Երկյու՞ղ: Ինչի՞ համար: Մի՞թե մեր հանդիպումը հանցանք է: Մի՞թե հանցանք է սիրելը:

ՇԱՀԱՆԴՈՒԽՏ - Գոռ, դու չգիտես, թե որքան շատ եմ ուզում տեսնել քեզ: Ներիր...

ԳՈՌ – Տխուր ես երևում:

ՇԱՀԱՆԴՈՒԽՏ – Հոգնել եմ քեզ սպասելուց: Հասկանու՞մ ես... Ամեն օր բարձրանում եմ դղյակի աշտարակը և սպասում քո վերադարձին: Դժվար է այս ամենն ինձ համար: Խոսիր, ինչու՞ ես լռում:

ԳՈՌ - Դու խոսիր: Ես ուզում եմ միայն քեզ լսել:

ՇԱՀԱՆԴՈՒԽՏ - Դու չգիտես, Գոռ, թե որքան շատ եմ ուզում քեզ տեսնել: (Ուզում է հեռանալ:)

ԳՈՌ - (բռնում է ձեռքից): Սպասիր, այդ ու՞ր:

ՇԱՀԱՆԴՈՒԽՏ – Թագուհին կարող է գալ:

ԳՈՌ – Ով ուզում է` թող գա: Ես քեզ սիրում եմ, շատ եմ սիրում, շատ, շատ եմ սիրում...

ՇԱՀԱՆԴՈՒԽՏ – Կամաց, թագուհին այս ժամերին այգում հանգստանում է, նա կարող է լսել:

ԳՈՌ – Թագուհի՞ն... Նա մենությունը փարատելու համար շրջում է այգում... Թող լսե, թող բոլորը լսեն:

ՇԱՀԱՆԴՈՒԽՏ – Խենթ... Ե՞րբ ես ավարտելու աշխատություններդ:

ԳՈՌ – Իմ աշխատություններին վերջ չկա, քանի դեռ Շահանդուխտս գտնվում է Գառնո ամրոցում:

ՇԱՀԱՆԴՈՒԽՏ - Այսինք՞ն:

ԳՈՌ - Ես անհանգիստ եմ քեզ համար: Ես բոլոր ամրությունները կառուցում եմ այնպես, որ ոչ մի թշնամի չկարողանա ներխուժել մեր ամրոցը:

ՇԱՀԱՆԴՈՒԽՏ - Բայց ինչու՞ միայն ինձ համար: Դղյակում ապրում են թագուհին, մեր մայրերը, ուրիշ իշխանազուն տիկիններ և օրիորդներ: Եվ վերջապես, չէ՞ որ Գառնին լիքն է ժողովրդով:

ԳՈՌ – Նրանց բոլորի կյանքը թանկ է ինձ համար: Սակայն նրանցից ոչ մեկը իմ հոգում այն հզոր զգացումը չի ներշնչում, որով, կարծում եմ, անպարտելի պիտի մնամ թշնամու առաջ: Ինձ թվում է, որ եթե հագարացիների ողջ բանակն անգամ հարձակվի իմ դեմ քեզ իմ գրկից հանելու, դարձյալ ինձ հաղթելու անզոր է լինելու:

ՇԱՀԱՆԴՈՒԽՏ – Ձայներ եմ լսում, գնանք այստեղից: (Գոռը և Շահանդուխտն արագ հեռանում են:)

Գալիս է Սահականույշը:

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ – Ներիր ինձ, տեր, որ ակամայից մասնակիցը դարձա նրանց խոսակցության: Շնորհակալություն ձեզ, Գոռ և Շահանդուխտ, դուք իմ մեջ արթնացրիք երկիր և ժողովուրդ հասկացությունները: Եթե ես մեռած եմ Աշոտ Երկաթի համար, հայոց թագավորի, ապա շարունակում եմ մնալ իմ հայրենիքի դուստրը և պարտավոր եմ այս օրհասական պահին նրա կողքին լինելու: Կգնամ Աշոտի մոտ, կջերմացնեմ նրա հոգին իմ շնչով, կհիշեցնեմ նրան իր անցյալը, կոգևորեմ իր քաջության ու փառքի նախկին հուշերով: Այո, կհանեմ նրան Կաքավաբերդից ու կվերադարձնեմ Ոստան: Նա նորից կանցնի հայ քաջերի գլուխ, նորից կորոտա ինչպես մրրիկ և կահաբեկի իր թշնամիներին: Օգնիր ինձ, տեր, իմ նպատակներին հասնելու համար... (Ոտնաձայներ է լսվում, լարվում է:) Հեյ, ո՞վ կա այդտեղ պահված:

ՍԵԴԱ - Ես եմ, թագուհիս:

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ – Մայր Սե՞դա, դու ի՞նչ գիտեիր, որ քեզ էի կանչելու:

ՍԵԴԱ - Չգիտեմ, քայլերս իրենք իրենց ինձ այստեղ բերեցին: Ի՞նչ խոսեց Հովհաննես Դրասխանակերտցի կաթողիկոսը:

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ – Մեղադրանքի ու երկչոտության բառեր էր ասում` ամեն ինչում մեղադրելով Աշոտ Երկաթին:

ՍԵԴԱ - Գուցե դրանք քո՞ հոգուց ելնող մեղադրանքներն էին:

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ - (խուսանավելով): Մայր Սեդա, դու գիտեի՞ր, չէ, թե ինչու է թագավորը հաճախում Ուտիք, այնպես չէ՞...

ՍԵԴԱ - Ինչու՞ նորից հին պատմություններն հիշել, իմ թագուհի... այո, գիտեի...

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ - Եվ այդ մասին բոլորը՞ գիտեին:

ՍԵԴԱ - Ոչ... կարծեմ միայն երկու հոգի թագավորի թիկնապահներից...

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ - Ա~խ, Սեդա, էլ ինչու՞ ես ծածկում, երկու հոգին էլ բավական են երկու հարյուրին իմացնելու համար: Իսկ արքունիքի կանանցից ու՞մ էր հայտնի իմ դժբախտությունը:

ՍԵԴԱ - Այն ժամանակ կարծեմ ոչ ոքի: Բայց երբ Աբաս արքաեղբայրը իր աներոջ` ափխազական Գուրգեն իշխանի հետ միանալով` դավադիր եղավ արքային և կամենում էր բռնել նրան կամ սպանել, թագավորը խույս տվեց նրանցից: Դավադիրները փնտրեցին նրան նախ Շիրակում և ապա զորքերով դիմեցին Երազգավորս: Անշուշտ հիշում ես, որ մինչև նրանց գալը թագավորը մեզ բոլորիս վերցրեց և շտապով հասցրեց Ուտիք, Սևորդյաց ձորը: Այդտեղ մենք ամրացանք Տավուշ բերդում, Ցլիկ Ամրամի մոտ: Ահա, այդ ժամանակ մեր տիկիններից երկուսը նկատել էին թագավորի և իշխանուհի Ասպրամի մտերմական հարաբերությունը և բամբասում էին, որ նա այդ տագնապի ժամանակ մեզ իր սիրուհու տանն է պատսպարել և ոչ թե Սյունյաց բերդերից մեկում...

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ – Ովքե՞ր էին այդ տիկինները, Սեդա, ասա, ես կամենում եմ անպատճառ իմանալ:

ՍԵԴԱ - Մեր Շահանդուխտի մայրը և Գոհար իշխանուհին, սակայն ես ամեն ինչ արեցի նրանց կասկածները ցրելու համար:

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ – Իզուր, դու նրանց աչքերը փակել չէիր կարող... Բայց դու, Սեդա, ինչու այդ մասին ինձ չհայտնեցիր: Եթե ես գիտենայի, որ ինձանից զատ ուրիշներն էլ են նկատել այդ բանը, այն ժամանակ ես դաշույն կցցեի նախ այդ անզգամի և ապա իմ սիրտը, այն ժամանակ Աշոտ Երկաթի իշխանությունը չէր վտանգվի... Ախ, Սեդա, իմ լավ ու բարի դայակ, դու պատկերացնու՞մ ես, թե ինչ հարված էր ինձ համար տեսնել Ասպրամին, Ցլիկ Ամրամի կնոջը, Աշոտի գրկում... Դրանից հետո ես հիվանդացա հենց այդ չարագուշակ դեպքի պատճառած ցավից... երկու ամիս շարունակ տանջվեցի իմ այդ ծանր վշտի գաղտնի վերքերից...

ՍԵԴԱ - Լավ, թագուհիս, լավ, հանգստացիր, աստված ողորմած է, դու, որ այդպես հերոսաբար տարել ես այդ ցավերը, անկարելի է, որ նախկին երջանկությունը նորից չճաշակես...

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ – Հիմա ինձ իմ անձնական երջանկությունն ամենից քիչն է հետաքրքրում... Ուրիշ, շատ ավելի կարևոր բաներ են մեզ պարտադրում մի կողմ թողնել երջանկության մասին մտածելու գաղափարը... Պատրաստվիր, մայր Սեդա, մենք պիտի ճանապարհվենք:

ՍԵԴԱ - ՈՒ՞ր, մեծափառ տիկին:

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ – Կաքավաբերդ:

ՍԵԴԱ - Կաքավաբե՞րդ... Թագավորի մո՞տ...

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ - Այո:

ՍԵԴԱ - (կասկածանքով նայելով): Ինչու՞, թագուհի:

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ – Ինչպե՞ս թե` ինչու: Գնում եմ իմ ամուսնու և թագավորի մոտ: Երկիրը կործանման եզրին է, Նսըրն ավվերում է սպանում, ամենուրեք արյուն է ու կոտորած: Ու ես պիտի խոսեմ թագավորի հետ: Մի՞թե տարօրինակ ցանկություն է այս:

ՍԵԴԱ - Աստված թող օրհնե ցանկությունդ ու ճանապարհդ:

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ - Բերդապահից զատ, ամրոցում ուրիշ ոչ ոք չպետք է իմանա մեր հեռանալը:

ՍԵԴԱ - Հասկացա, թագուհի:

Մթնեցում: Սահակ Սևադայի ամրոցի մուտքի մոտ: Կիսախավար է: Լսվում են բախոցի ձայներ:

ՊԱՀԱԿ – Ո՞վ է:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - Արքայի բանբերը:

ՊԱՀԱԿ - Արքայի բանբերը չի կարող մտնել մեր ամրոցը, մեզ համար թագավոր գոյություն չունի: Լսիր, մարդ աստծո, երևի քո թագավորի սպասավորները սիրում են աշտարակներից կախվել... Ուզու՞մ ես, մի նետ ուղղեմ կրծքիդ` իբրև արքայիցդ ստացած պարգև... Ո՞վ ես դու...

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Հիմար, քեզ էի փորձում: Միայն քեզ նման անասունը կարող է թագավորին սպասարկել:

ՊԱՀԱԿ – Ուրեմն, ո՞վ ես դու:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Ցլիկ Ամրամ իշխանի համհարզը; Սևադա իշխանին կարևոր լուր եմ բերել:

ՊԱՀԱԿ – Իսկ եթե սու՞տ լինի:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Ինչի՞ց ես վախենում, մի՞թե մի զորականն էլ կարող է առնել ձեր բերդը:

ՊԱՀԱԿ – Հանձնիր զենքերդ:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - Ահա, վերցրու:

Հայտնվում է Վահրամը, տեսնելով Մարզպետունուն, գրկախառնվում է:

ՎԱՀՐԱՄ - Գևորգ իշխան, այդ դու՞ ես: Ի՞նչ դիպվածով:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Հեռացրու պահակին, հետո կխոսենք:

ՎԱՀՐԱՄ - Դիր այստեղ սուրն ու վահանը և գնա :

ՊԱՀԱԿ - Լսում եմ, տեր: (Հեռանում է:)

ՎԱՀՐԱՄ - Այժմ ասա, որտեղի՞ց և ինչպե՞ս հասար այստեղ: Ինչու՞ ես մենակ: Ի՞նչ լուր ունես արքայից:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Վահրամ, ես տարիքս առած մարդ եմ, ճանապարհի երկարությունն ինձ հոգնեցրել է, թող մի փոքր հանգստանամ:

ՎԱՀՐԱՄ – Ներիր ինձ, իշխան: Քեզ տեսնելով այնպես ուրախացա, որ մինչև իսկ շփոթվեցի, պարտականությունս մոռացա: Շնորհ արա, գնանք մեր տուն, այնտեղ կհանգստանաս:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Ժամանակ չկա, Վահրամ, ես պետք է գնամ Սևադա իշխանի մոտ: Մենք հիմա այնպիսի տագնապի մեջ ենք, որ հյուրասիրվելու ժամանակ չունենք:

ՎԱՀՐԱՄ – Շատ լավ, վարվիր այնպես, ինչպես քեզ հաճելի է:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Վահրամ սեպուհ, առաջվա պես կարելի՞ է քեզ վստահել:

ՎԱՀՐԱՄ – Իշխան, շնորհակալ եմ այդ անկեղծ հարցի համար: Հիմա այնպիսի ժամանակներ ենք ապրում, որ Մարզպետունի իշխանն իրավունք ունի կարծելու, թե նախկին Վահրամ սեպուհը դարձել է մատնիչ: Կարող եմ հավատացնել քեզ, որ տարիներն ու հանգամանքները չեն փոխել ինձ: Արքայի նախկին հավատարիմն այսօր էլ նրա նվիրյալ ծառան է: Իսկ թե ինչու՞ եմ ապստամբների հետ և ոչ թե իմ արքայի, ապա դա արքայի շահն է, որ չկարողացա անտեսել:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Ինչպե՞ս, բացատրիր:

ՎԱՀՐԱՄ - Երբ լուր հասավ, թե Ցլիկ Ամրամը ապստամբության դրոշ է պարզել, Սևադա իշխանը հարմար գտավ օգուտ քաղել այդ դեպքերից: Նա անմիջապես իր մոտ կանչեց Գարդմանա ազնվականներին և ժողովրդի գլխավորներին, որոնց մեջ էի նաև ես: Սևադա իշխանն այնպես խոսեց, որ գարդմանցի հայրենասերները խելագարվեցին:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Ի՞նչ էր ասում:

ՎԱՀՐԱՄ - Երկու ծառաներ դուրս բերեցին Սևադա իշխանին թևերից բռնած, երկու ուրիշ ծառաներ էլ` Գրիգոր իշխանին: Սարսափելի տպավորություն թողեց մեզ վրա կույր հոր և կույր որդու հայտնվելը: «Իշխաններ և ժողովուրդ, - խոսեց Սևադան, ձեր աչքերով ահա տեսնում եք, որ հզոր Սահակ Սևադան, Գարդմանա պարծանքը և թշնամիների սարսափը, ապերախտ փեսա թագավորի կողմից կուրացվել է... Դուք տեսնում եք Գարդմանը, նրա երկինքն ու արևը, լեռներն ու դաշտերը, ես զրկված եմ դրանք տեսնելու հաճույքից, բայց դուք, գարդմանցի քաջեր, ինչպե՞ս եք կարողանում հանդուրժել այն անարգանքը, որ Աշոտ Երկաթը դրոշմեց ձեր ճակատին»... Մի քանի րոպեից հետո ամբողջ ամրոցը խռոված ծովի կերպարանք առավ: Ժողովուրդը զինված դուրս եկավ փողոց:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - Դա արդեն չափազանց է:

ՎԱՀՐԱՄ - Այո, և ես ստիպված հպատակության երդում տվեցի Սևադային: Մի՞թե դու ինձ մեղադրում ես, Մարզպետունի իշխան: Գուցե անկեղծ չե՞ս գտնում իմ պատասխանը:

Մարզպետունին գրկում է Վահրամի ուսերը, երկար նայում նրա աչքերի մեջ:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - Ես հավատում և հասկանում եմ քեզ... Ես եկել եմ, որպեսզի խոհեմության ճանապարհով պառակտումների ճանապարհը փակեմ: Պետության ամբողջականությունը պահելու, իշխանությունը հզորացնելու համար երբեք չպետք է հարազատի արյուն թափենք, եղբայրասպան պատերազմի գնանք... Բայց ապստամբ հարազատին էլ զինաթափ անելու համար անգամ խորամանկության պիտի դիմենք...

ՎԱՀՐԱՄ - Դու զորեղ մարդ ես, Մարզպետունի իշխան, կարծում եմ, քեզ կհաջողվի հալեցնել կույր վրիժառուի սառցակալած սիրտը, չէ՞ որ Գառնիում Սահականույշն է...

Մթնեցում: Մի սրահ Սևադայի ամրոցում: Բազմոցին նստած է Սահակ Սևադան:

ԾԱՌԱ - (ներս մտնելով): Իշխան Գևորգ Մարզպետունին:

ՍԵՎԱԴԱ - Ներս հրավիրիր:

ԾԱՌԱ - Նա այստեղ է, դռների մոտ:

ՍԵՎԱԴԱ - Շատ լավ, դու գնա... (Ծառան հեռանում է:) Ճի՞շտ հաղորդեցին, իշխա՞նն է եկողը:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - Այո, իշխան Սևադա, քո խոնարհ ծառան:

ՍԵՎԱԴԱ - Եկ, մոտեցիր ինձ, ես չեմ կարող քեզ ընդառաջ գալ, աստված զրկել է ինձ այդ ուրախությունից: Եկ և գրկիր ինձ: Կերպարանքդ չեմ տեսնում, իմ ազնիվ բարեկամ, բայց հոգիս զգում է, որ սիրտդ խռոված է Սևադայի դժբախտությամբ: Արհամարհիր ճակատագրի հարվածները, բայց առաքինությունը մի արհամարհիր երբեք: Աշխարհում ոչ մի հանցանք անպատիժ չի մնում: Հավանաբար, Սահակ Սևադան էլ գործել է այս պատժին արժանի մի մեղք:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Չէի սպասում, որ այսքան դառը խոսքերով ինձ կդիմավորես:

ՍԵՎԱԴԱ - Չէ, բարեկամս, դառնություն չի կարող լինել իմ խոսքերի մեջ, քանի որ քո գալուստը իմ սիրտն ուրախությամբ լցրեց: Գևորգ իշխան, դու իմ տանն ես, մենք դարձյալ միասին ենք: Ուրեմն, անչափ ուրախ եմ: Տունդ, ընտանիքդ, որդիդ առո՞ղջ են: Գոռն անշուշտ մեծացել է, սուր և վահան է կրում:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - Այո, տեր, քո բարի օրհնությամբ:

ՍԵՎԱԴԱ - Աստծո օրհնությամբ... Եվ հիմա բոլորը Երազգավորսու՞մ են գտնվում:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Ոչ, Գառնիում թագուհու մոտ:

ՍԵՎԱԴԱ - Թագուհու՞... Իմ Սահականույշի... Իմ Սահականույշն էլ առողջ է, այնպես չէ՞:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - Այո, իշխան:

ՍԵՎԱԴԱ - Շա~տ առողջ... Մենք օտարներ չենք, ասա ինձ, իշխան, ի՞նչ դիպված, ի՞նչ պատահար բերեց քեզ իմ ամրոցը և այն էլ այս տարաժամին: Անշուշտ, մի բարի նպատակ է քեզ առաջնորդել դեպի իմ տուն: Ես գիտեմ Մարզպետունի իշխանին, գիտեմ, որ նրան չեն զբաղեցնում անձնական գործերը: Հայրենիքն ու նրա ցավերն են, որ ուժ կամ հուսահատություն են բերում նրան: Ասա, սիրելի իշխան, ինչու՞ ես շնորհ բերել մեզ մոտ:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Շնորհակալ եմ, տեր իշխան, որ այդքան լավ կարծիք ունես իմ մասին: Դու արդեն գուշակեցիր իմ գալու պատճառը: Այո, անձնական գործի համար չեմ եկել: Երկիրը, իշխան, դարձյալ տագնապի մեջ է: Եկել եմ քո օգնությունը խնդրելու:

ՍԵՎԱԴԱ - Իմ օգնությու՞նը:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - Այո, Սևադա իշխան, քո օգնությունը:

ՍԵՎԱԴԱ - Դու առողջ աչքեր ունես, տեր Մարզպետունի, անկարելի է, որ ճանապարհը մոլորված լինես:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - Ես գուցե շատ անգամ մոլորվել եմ, բայց այս անգամ` ոչ:

ՍԵՎԱԴԱ - Ես խելազուրկ մարդ չեմ, Մարզպետունի իշխան, բայց այլևս հայրենասեր չեմ:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Սահակ Սևադան չի կամենում, որ հայոց գահը կործանվի: Այդ հաստատ գիտեմ:

ՍԵՎԱԴԱ - Սևադան մի չարագործ է հիմա:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Ոչ, նա միայն վրդովված է, նա զայրացած է հարազատի անիրավության դեմ, բայց այդ զայրույթի պատճառով նա չի պատժի հայրենիքը: Ցլիկ Ամրամը` Ուտիքի վերակացուն, ապստամբել է արքայի դեմ, եկա խորհուրդ հարցնելու հինավուրց զորավարից. ի՞նչ անենք, որպեսզի կարողանանք ճնշել այդ ապստամբությունը առանց եղբայրասպան կռվի:

ՍԵՎԱԴԱ - Դու ծաղրու՞մ ես ինձ, իշխան:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Ինչպե՞ս կարող եմ համարձակվել ծաղրել քեզ, Գարդմանա տեր:

ՍԵՎԱԴԱ - Լսիր, տեր Մարզպետունի, ես իրավունք չունեմ քեզ սիպել բացելու քո սիրտն իմ առաջ, դու հայրենիքին նվիրված մարդ ես, քո թագավորի հավատարիմը: Սահակ Սևադան պարտավոր է քեզ հարգել: Ես չեմ նեղանա մինչև անգամ, որ դու կշտամբես ինձ, հարցնես, թե ինչու՞ եմ միացել Ցլիկ Ամրամին: Ես թաքցնելու ոչինչ չունեմ: Գարդմանա տերը չի կարող իր թշնամությունը բարեկամությամբ վերադարձնել: Ես, այո, Ցլիկ Ամրամի հետ եմ:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Ուրեմն, Գարդմանա տերը ապստամբների՞ հետ է:

ՍԵՎԱԴԱ - Ոչ միայն ապստամբների: Այլև նա ինքն է ապստամբությունը վառել, բորբոքել:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - Անկարելի է... Դու ի՞նքդ...

ՍԵՎԱԴԱ - Այո...

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Պատճա՞ռը...

ՍԵՎԱԴԱ - (երկար ժամանակ լռելուց հետո): Որպեսզի վրեժս առնեմ... Ի՞նչ էր մտածում Աշոտ Երկաթը, երբ կուրացնում էր Սևադային: Ի՞նչ էի արել ես նրան, ինչու՞ նա իմ աչքերի լույսը խավարեցրեց, ինչու՞ ինձ դատապարտեց կենդանի մարմնով հավիտյան գերեզմանի մեջ խարխափելու... Ասա, Մարզպետունի տեր, ինչու՞ արեց քո արքան...

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - Դու, իշխան, չէ՞ որ ապստամբեցիր թագավորի դեմ, սպառնացիր պետությունը քայքայել: Մի՞թե թագավորը պարտավոր չէր պաշտպանել երկիրը քո փառասիրական ոտնձգությունից: Ներիր ինձ...

ՍԵՎԱԴԱ - Իշխան, մարդուն վայել չէ կեղծավորության շղարշներով ծածկվել, աշխատիր հեռու մնալ զրպարտությունից:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - Զրպարտությու՞ն... Աստված մի արասցե:

ՍԵՎԱԴԱ - (ուզում է կանգնել, սակայն չի կարողանուն): Այո, դու ինձ զրպարտեցիր այս վայրկյանին:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Ինչպե՞ս: Ասա, ես ներողություն կխնդրեմ:

ՍԵՎԱԴԱ - Ասացիր, որ քո թագավորը պաշտպանում էր երկիրն իմ փառասիրական ոտնձգությունից:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - Այո, ասացի: Դու դրժեցիր հաշտության ժամանակ քո իսկ կնքած համաձայնագիրը, քո տված երդումը և երկրորդ անգամ ապստամբեցիր: Մի՞թե սա փառասիրություն չէր:

ՍԵՎԱԴԱ - Ուրախ եմ, որ կարող եմ այդպես անկողծերոն խոսել: Երկչոտ մարդկանց տանել չեմ կարող, ես չեմ վշտանում, որ հայոց աշխարհը այդ կարծիքն ունի իմ մասին: Բայց վշտանում եմ, տեր Մարզպետունի, որ արքունիքի իմ ամենամոտ անձը, Աշոտ թագավորի մտերիմը, Մարզպետունի իշխանը նույն կարծիքն է պաշտպանում: Ուրեմն, Սևադան ապստամբել է թագավորի դեմ իր փառասիրությունի՞ց ելնելով... (Մի պահ շնչահեղձ է լինում, Մարզպետունին ընդհուպ մոտենում է նրան, Սևադան հեռացնում է նրա ձեռքն իր ձեռքից:) Ես չեմ զարմանա, եթե հայոց ազգի պատմությունը գրող վարդապետները այդ անարգանքի դրոշմը դնեն իմ ճակատին: Ծանր, շատ ծանր զրպարտություն է դա, իշխան...

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Որո՞նք էին, ուրեմն, քո առաջին և երկրորդ ապստամբությունների պատճառները:

ՍԵՎԱԴԱ - Որո՞նք: (Դադար:) Այո, դու պարտավոր ես իմանալ: Բայց ասա ինձ, կկամենայի՞ ես դժբախտացնել իմ հարազատ աղջկան, ով հայոց թագուհին էր և որին սիրում էի ավելի, քան իմ զույգ աչքերի լույսը:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Ոչ:

ՍԵՎԱԴԱ - Կկամենայի՞ խռովել նրա հանգստությունը, նրա արքունիքում անհաշտության շունչ բերել, վտանգի ենթարկել իմ թագավոր փեսայի գահը: Մի՞թե անձնասպանությանը հավասար մի հանցանք չէր լինի դա ինձ համար:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - Անշուշտ...

ՍԵՎԱԴԱ - Ուրիշ ի՞նչ էր ինձ հարկավոր, Գարդմանա տիրոջը. աղջիկս թագուհի, փեսաս թագավոր, ինքս Գարդմանում ազատ, հարուստ և զորեղ իշխան... Մի՞թե այս ամենն ունենալով` պիտի դժգոհեի իմ ճակատագրից:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Իհարկե, ոչ, իշխան:

ՍԵՎԱԴԱ - Եվ վերջապես, մի՞թե Սահակ Սևադան մի շարքային զինվորի չափ էլ հայրենասիրություն չուներ:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - Բայց վերջապես, ո՞րն էր քո ապստամբության պատճառը:

ՍԵՎԱԴԱ - Քո արքային չար ճանապարհից ետ պահելը: Քեզ հայտնի՞ է, որ մի ժամանակ նա սիրում էր Ասպրամին:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - Այո, մի ժամանակ:

ՍԵՎԱԴԱ - Ամուսնությունից առաջ, այնպես չէ՞:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - Այո:

ՍԵՎԱԴԱ - Երբ մարդ ամուսնանում է, պետք է հավատարիմ մնա իր ամուսնական պարտականությանը, Աստծո և աշխարհի առջև տրված երդմանը: Այդպես չէ՞:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - Այդպես է:

ՍԵՎԱԴԱ - Քո թագավորը հավատարիմ չմնաց, նա ամուսնացավ իմ դստեր հետ, բայց Ասպրամին չմոռացավ: Այն օրից, որ նա Ցլիկ Ամրամին նշանակեց Ուտիքի վերակացու, ոտնակոխ արավ Աստծո և աշխարհի առաջ արած իր երդումը: Մի՞թե քեզ հայտնի չեն այս պատմությունները:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Հայտնի են:

ՍԵՎԱԴԱ - Ես մարդ եմ, բարեկամս, սիրող հայր, ես չէի կարող անտարբերությամբ նայել իմ աղջկա դժբախտությանը: Ես երբեք թույլ չէի տա, որ երկրիս ամենազորեղ մարդն անգամ անպատվեր ինձ Ես մի հարվածով կջախջախեի այն ձեռքը, որը կմոտենար իմ տոհմական անարատ անվանը: Ես խոսեցի Աշոտ Երկաթի հետ, հայրաբար ասացի, որ հեռանա անպատվության ճանապարհից, աղաչեցի, պաղատեցի, որ խնայի վերջապես հայոց արքայական գահի պատիվը:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - Գիտեմ, իշխան, նա քեզ խոստացավ խզել Ցլիկ Ամրամի կնոջ հետ ունեցած բոլոր կապերը, հեռանալ Ամրամից...

ՍԵՎԱԴԱ - Բայց մի օր նամակ եմ ստանում իմ աղջկա դայակից` մայր Սեդայից, գնում եմ Տաուշ, տեսնում եմ աղջիկս հոգեկան ծանր տագնապի մեջ, մահամերձ: Ի՞նչ անեի ես, իշխան Մարզպետունի, ի՞նչ անեի...

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - Բանականությունն առավել ուժեղ է, քան` զգացմունքը:

ՍԵՎԱԴԱ - Դրանք միայն բառեր են, իշխան, ծնողական սիրտն ու սերը, նաև` գահի հանդեպ ունեցած հավատը բառերի չեն ենթարկվում: Ես Տաուշի մեջ ամենածանր խոսքերով կշտամբեցի թագավորին և իր երկիրն ավերելու սպառնալիք հնչեցնելով` հեռացա... Ծառա, ծառա...

ԾԱՌԱ - (ներս է մտնում): Լսում եմ, տեր:

ՍԵՎԱԴԱ - Ինձ ջուր բեր... (Ծառան գնում է:) Ես այդ բոլորն անում էի միայն թագավորին ուղղելու նպատակով: Անօրենը չուղղվեց, ինձ նորից խաբեց: Սյունյաց եպիսկոպոսի ներկայությամբ երդվեց թողնել և վերադառնալ իր օրինավոր կնոջ գիրկը... Երդվեց և խաբեց:

ԾԱՌԱ - Ջուրը բերեցի: (Օգնում է, որպեսզի Սևադան խմի:) Էլ ի՞նչ կկամենաք, տեր:

ՍԵՎԱԴԱ - Գնա: Բայց չէ, կաց: Մոտ արի, որ ես քո պատասխանի անկեղծությունն զգամ: Ասա ինձ, տղա, եթե դու երդվեիր, ապա կխաբեի՞ր:

ԾԱՌԱ - Երդումն ամենաթանկ բանն է աշխարհում, տեր իմ:

ՍԵՎԱԴԱ - Գնա: (Ծառան հեռանում է:) Այս ռամիկ տղան անգամ երդման գինը գիտե, իսկ թագավո՞րը... Ես վերցրեցի իմ ութ հազարանոց բանակը և շարժվեցի դեպի Գուգարք, Աշոտ Երկաթին հանդիպելու: Իշխան, ես պակաս հայրենասեր չեմ, քան դու: Երբ ես հանդիպեցի թագավորական զորքին, չուզեցի, որ մենք` հայերս, իրար կոտորենք, այլապես ես իմ հզոր բանակով վերջնականապես կբնաջնջեի Աշոտ Երկաթին... Մի՞թե դրա ապացույցը չէր այն, որ ես փոխանակ իմ զորքն առաջ շարժելու, միայնակ բարձրացա բլուրը թագավորի հետ հանդիպելու: Դուք ինձ շրջապատեցիք, որդիս հասավ ինձ օգնելու, և երկուսիս էլ գերի վերցրիք: Այսպե՞ս է, թե՞ ոչ, իշխան:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - Այդպես է:

ՍԵՎԱԴԱ - Ասա ինձ, իշխան, եթե թագավորը կամենում էր հաշտվել ինձ հետ, եթե նա խուճապահար էր արյունահեղությունից, ի՞նչն, ուրեմն, ստիպեց նրան կուրացնել ինձ ու որդուս: Մարդու՞, թե՞ գազանի սիրտ է դրված նրա կրծքի տակ:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Վախենում էր ապագա ապստամբությունից: Ապագա վրեժխնդրությունից:

ՍԵՎԱԴԱ - Ինչու՞ էր վախենում: Փառք Աստծո, հայոց թագավորը շատ ամրոցներ ուներ, կարող էր մեզ բանտարկել այդ ամրոցներից մեկում: Ինչու՞ համար կուրացնել: Ես դեռ ոչինչ, հասակս առած մարդ եմ, շատ բախտավոր օրեր եմ տեսել և, վերջապես, հանցանքներ եմ գործել, որոնց համար, գուցեև, արժանի էի պատժի, բայց իմ խեղճ զավակը, նորապսակ, ինչու՞ նրան էլ կուրացրեց... Ասում ես, որ վախենում էր ապագա ապստամբությունից: Բայց մի՞թե կույրը չի կարող վրեժխնդիր լինել:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Չէր սպասում:

ՍԵՎԱԴԱ - Չէր սպասում... Դե թող հիմա տեսնի, թե ինչ կարող է անել կույր վրիժառուն: Գնա և ասա թագավորիդ, որ ես հրավիրեցի ինձ մոտ Ցլիկ Ամրամին, հայտնեցի նրան իր կնոջ և թագավորի կապերի մասին, նրա սրտում բորբոքեցի թշնամության ու վրեժխնդրության բոցը, ապստամբեցրի նրան անօրեն թագավորի դեմ, միացա նրան, մեզ կմիանան ուրիշ շատերը, շատերը, շատերը...

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Հանգստացիր, Սևադա իշխան...

ՍԵՎԱԴԱ - Այո, շատերը, Մարզպետունի տեր, և այն ժամանակ քո թագավորը թող պինդ բռնի իր գահը և տեսնի, թե կույր վրիժառուի բազուկները կսասանե՞ն նրան, թե՞ ոչ:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - Դուք այդպես միայն ազգից կլուծեք ձեր վրեժը:

ՍԵՎԱԴԱ - Ո~չ... միայն թագավորից... Ի՞նչ գործ ունի այստեղ ազգը... Ազգերը մեղավոր չեն, որ ունեն վատ թագավորներ... Աշոտ Երկաթը կպարտվի, կհասկանա, ոևր մենակ է, բոլորից լքված, ոչ ոք նրան սատար չի կանգնի...

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Թագավորը չի պարտվի, Գարդմանա տեր, շուտով կգա հագարացիների բանակը...

ՍԵՎԱԴԱ - Հագարացիների բանա՞կը... Հա~, հա~, հա~... Էլի՞ օտարների օգնություն, էլի՞ հայացք դրսին... Մի՞թե դաս չառանք, մի՞թե խելքի չեկանք այսքան ժամանակ... Արդարադատ աստված հաջողություն չի տա նրան: Ես գուշակում եմ... Այ, կտեսնես... Հե~յ, ծառա...

ԾԱՌԱ - (արագ ներս է մտնում): Լսում եմ, տեր իմ:

ՍԵՎԱԴԱ - Ջուր լցրեք Գևորգ իշխանի ձեռքերին և մատուցեք ընթրիքը: Լվացվիր, տեր Մարզպետունի, լվացվիր: (Ծառան դուրս է գնում:) Զարմանում եմ, թագավորը մանկությունից մեծացել է քեզ հետ, բայց օրենքները հարգելու գործում քեզանից ոչինչ չի սովորել:

ԾԱՌԱ - (բերում է մեծ սկուտեղ` լվացվելու պարագաներով): Մոտեցեք, տեր Մարզպետունի:

Ծառան ջուր է լցնում, Մարզպետունին լվացվում է:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - Բայց նա ունի ուրիշ առավելություններ, որոնց գոյությամբ արժե ներել նրա թերությունները:

Ծառան ուտեստներով լի սկուտեղը մոտեցնում է Սևադայի մոտ դրված աթոռակին և հետագա ողջ ընթացքում մնում է բեմում` օգնելով Սևադային սնվել:

ՍԵՎԱԴԱ - Մոտեցիր, իշխան, մոտեցիր սեղանին:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Կարծես ուտելու ցանկություն չունեմ:

ՍԵՎԱԴԱ - Տեսնու՞մ ես, իշխան, հասարակ ժողովուրդը ավելի խելոք է վարվում, որ նա տուն մտնող հյուրի գալու պատճառները չի հարցնում, մինչև որ նրան չկերակրի: Ես համբերություն չունեցա և տեսնում եմ, որ սխալվեցի:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - Այդպես է, իշխան: Լավ չէ, որ մենք չենք հետևում մեր փորձված պապերի խրատներին:

ՍԵՎԱԴԱ - Այո, համաձայն եմ քեզ հետ, այդ խրատները սուրբ են...

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Իսկ ու՞ր է որդիդ, Գրիգոր իշխանը: ներիր հերաքրքրությանս համար:

ՍԵՎԱԴԱ - Գրիգորը նույնպես Ամրամի մոտ է, Դավիթ որդիս առաջնորդում է աղվան գնդերին, իսկ Գրիգորը` գարդմանացիներին: Զարմանու՞մ ես, իշխան: Հասկանում եմ, մտածում ես, թե ինչպես կարող է կույրը առաջնորդել, այնպես չէ՞:Գրիգորի ներկայությունն անհրաժեշտ է բանակում նրա համար, որպեսզի գարդմանացիք ամեն րոպե աչքի առաջ տեսնեն իրենց կույր իշխանին և սրտերի մեջ վառ պահեն վրեժխնդրության կրակը:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Պարզ է: Ես գնամ:

ՍԵՎԱԴԱ - Սպասիր, տեր Մարզպետունի, անիծիր ինձ, եթե կամենում ես, բայց իմացիր, որ երբ բաժակը լցվում է, ուրեմն նաև պիտի թափվի:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - Եթե ես ծունր իջնեի քո առաջ, Սևադա իշխան, համբուրեի քո ոտքերը և աղաչեի, որ խնայես եղբայրներիդ ու որդիներիդ արյունը, արգելես կոտորածը, քանի որ անթիվ ընտանիքներ կկործանվեն, հազարավոր մանուկներ կորբանան... Պետք չէ, իշխան, չարին չարով հատուցել, հայրենիքի գնով հատուցել: Ի՞նչ կանեիր դու, Սևադա իշխան, մի՞թե անտարբեր կմնայիր իմ աղաչանքների և իմ արտասուքների առջև:

ՍԵՎԱԴԱ - Չխոսես այդ մասին, տեր Մարզպետունի... չխոսես... դու չես կարող փշրել ատելությունը, որը լափում է այ այստեղս, հոգուս մեջ... ապստամբած սիրտը չի հնազանդվի ուղեղի հրամանին...

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Սևադա իշխան, մի՞թե քո սիրտը չի հպարտանա այն ժամանակ, երբ մտածես, թե կարող էիր վրեժխնդիր լինել, սակայն ներեցիր: Ես խնդրում եմ քեզ, տեր իշխան, այն մայրերի և կանանց անունից, որոնց որդիներն ու ամուսինները պետք է զոհվեն քո վրեժխնդրության պատճառով:

ՍԵՎԱԴԱ - Լռիր, չխոսես... Դուրս գնա, ծառա, դու այլևս այստեղ անելիք չունես:

ԾԱՌԱ - Լսում եմ, տեր:

Ծառան հեռանում է:

Տեր Մարզպետունի, դու ինձ... դու ինձ զինաթափ ես անում... Ինչու՞ եկար, ինչու՞ խռովեցիր հոգիս, ինչու՞ պարտադրեցիր կռվել խղճիս հետ... Երբ դու հեռանաս, ես կմնամ նորից մենակ և նորից կշարունակվեն իմ թշվառ հարսի տխուր երգերը, կամ կույր ամուսնու սև բախտը լացող նրա ողբը կթրատի սիրտս... Երբ Գրիգորի որդի փոքրիկ Սևադան գա ինձ հարցնելու, թե, պապիկ, դու կուրացար, աստված քեզ կուրացրեց, իսկ իմ հայրը ինչու՞ է կույր, ասա, տեր Մարզպետունի, ի՞նչ անեմ ես այն ժամանակ... Չէ, իշխան, կույր աչքը կների, բայց կույր սիրտը չի ներիլ...

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Ի՞նչ արեց Սմբատ թագավորը, երբ իր աշխարհի ավերումը տեսնելով, իջավ բերդից և իր անձը մատնեց թշնամուն: Նա ասաց, «Տեր, ընդունիր այս զոհը, որը բերում եմ իմ ազգի համար, և փոխարենը փրկիր իմ ժողովուրդը ավերումից»: Եվ իր հոժար կամքով ընդունեց նահատակությունը... Դու էլ, իշխան, փակիր սրտիդ աչքերն ու ընդունիր, թե չարագործ հագարացին է քեզ կուրացրել:

ՍԵՎԱԴԱ - Ի՞նչ է քո պահանջն ինձանից, Գևորգ իշխան:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Հեռացրու Ցլիկ Ամրամից քո զույգ որդիներին, ետ կանչիր քո զորքը:

ՍԵՎԱԴԱ - Տեր Մարզպետունի, ես չեմ կամենում, որ քո հայրենասիրությամբ գերազանցես ինձ: Դժվար է, ծանր է, բայց... բայց թող այդպես լինի: Ես հրաժարվում եմ վրեժխնդրությունից, բայց կա մեկ ուրիշ արգելք:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Ո՞րն է այդ արգելքը:

ՍԵՎԱԴԱ - Ես իմ որդիներին կհամոզեմ, բայց Ցլիկ Ամրամին համոզել չեմ կարող:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - Ես կգնամ Ամրամի մոտ:

ՍԵՎԱԴԱ - Գնա, թող Աստված օրհնե քո ճանապարհը: Դու խաղաղության և հաշտության միջնորդ ես, անկարելի է, որ նախախնամությունը չհաջողի քեզ: Բայց եթե նա կանխավ որոշել է պատժել հանցավորին...

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - Ես կանեմ այն, ինչ որ հրամայում է ինձ իմ պարտքը և հայրենիքը, իսկ աստծո կամքը... մենք միայն կարող ենք օրհնել...

Մարզպետունին մոտենում է Սևադային, գրկում և համբուրում: Մթնեցում: Լուսավորվում է Գևորգ Մարզպետունու դեմքը:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Ի~նչ սոսկալի բան է. արևի լույսը տեսնելուց հետո զրկվել աչքերից, ի~նչ սոսկալի բան է, զգալ, որ հարազատ զավակը նույնպես զրկված է արևի լույսից: Եվ ինչի՞ համար, ու՞մ համար... Ախ~. Աշոտ, Աշոտ, քո այդ մարդկային թուլությունը ինչ անմարդկային վիճակ ստեղծեց երկրում: Սևադան մեղք չունի, ես հասկանում եմ նրա վիշտը, նրա ընդվզումը, բայց փառք երկնավորին, որ ավելի ուժեղ գտնվեց հայրենիքի սերը, քան իր վրեժի զգացումը... Կույր աչքը կներե, բայց կույր սիրտը չի ներիլ... Ճիշտ է ասված, բայց սիրտը հասկացավ, սիրտը զգաց, որ արհավիրքն է կախվել երկրի վրա... Հիմա գնամ Ցլիկ Ամրամի մոտ: Ինչպե՞ս կընդունի նա ինձ, արդյո՞ք զայրույթը չի հաղթի բանականությանը...

Երգի ձայն է լսում: Ուշադիր սկսում է ունկնդրել երգը:

Եզնիկն է երգում... Ի~նչ լավ է երգում: Ասես կաքավն է առավոտվա սաղմոսը կախում աշխարհի վրա: Լուսանում է:

Երգն աստիճանաբար ուժգնանում է:

ՎԱՐԱԳՈՒՅՐ

ՎԵՐՋ ԱՌԱՋԻՆ ՄԱՍԻ



ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ

Խավարի մեջ լսվում են եկեղեցու միալար զանգերը, որոնց մեջ են մխրճվում

թմբուկներից արձակվող զարկերը: Կամաց-կամաց նկատելի են դառնում մութի

մեջ շարժվող կերպարանքներ: Լույսի մի շեղբ լուսավորում է աշտանակի մոտ

կանգնած Սեդային: Նա ձեռքի մոմը դանդաղ տեղավորում է աշտանակի վրա,

ապա համրաքայլ գալիս առաջ ու արձանանում բեմի կենտրոնում: Լույսի մեջ է

հայտնվում երկրորդ կերպարանքը` Սահականույշը:Նա նույնպես ձեռքին մոմ ունի,

որը կամացուկ տեղավորում է աշտանակին ու գալիս բեմառաջք, կանգնում Սեդայի

կողքին: Բեմի խորքում թույլ լուսավորվում է Ասպրամը: Նա ևս գալիս է դեպի

աշտանակը, ձեռքի վառվող մոմը տեղավորում և կանգնում երկու կանանցից քիչ

հեռու: Սեդան սկզբում թույլ լսելի, ապա աստիճանաբար բարձր ու բարձր երգում

է: Սա երգ չէ, այլ աղոթք է, մորմոք է ու ցավ, որին կամաց միանում են մյուս կանայք

և ձայնակցելով գալիս բեմառաջք ու կանգնում մի գծի վրա: Աշտանակի մոտ

լուսավորվում է Գոհարը: Նա մի մոմ է վերցնում աշտանակի վրայից և դանդաղ

գնում դեպի կանայք ու կանգնում նրանց մեջտեղում: Բեմի խորքում լուսավորվում է Գևորգ Մարզպետունին: Նա դանդաղաքայլ գալիս է դեպի աշտանակը, ձեռքի մոմը վառում և տեղավորում աշտանակին:


ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ – Մեր բոլոր երգերի մեջ էլ ցավ ու կարոտ կա, իշխան: Մեր ճակատագիրը չէ միայն ծնունդ տվել այդ երգերին, այլ մեր նկարագիրը, պատմության ու ժողովրդի հանդեպ մեր անպատասխանատվությունը: Մեր մեծագույն թշնամիներից մեկը մեր միջի որդն է, որը կրծում է մեր հոգին, որը մեզ տանում է դեպի բաժանարար գծերը... Ինչպե՞ս կռվենք այդ որդի դեմ, որպեսզի այլևս կորուստների ու պարտությունների մասին երգեր չերգենք: Երգիր, մայր Սեդա, երգիր, որպեսզի նայենք մեր հոգու մեջ, որպեսզի ցավատանջ երգերը ստիպեն մեզ այլևս չսխալվել, չգնալ սեփական ձեռքերով կերտված պարտությունների...

ԳԵՎՈՐԳ - Դու ճիշտ ես, թագուհի: մեր միջի որդն է մեզ տանում դեպի ինքնադավաճանություն, դեպի իրարեհաջորդաբար կրկնվող պարտություններ: Հիմա ճակատագրական պահ է մեր երկրի առջև հառնել, ու էլի քո ասած բաժանարար գծերն ենք քաշում, էլի դասեր չենք քաղում պատմությունից ու պարտություններից: Ինչի՞ համար ենք այսպիսին, ինչու՞ ենք հյուծում ինքներս մեզ` փորձության առջև կանգնեցնելով այն ժողովրդին, որն արդեն երեք հազարամյակ պատմության մեջ իր տեղն է փնտրում...

Մթնեցում: Երբ լուսավորվում է, Ցլիկ Ամրամի վրանն է: Դեմ հանդիման կանգնած են Ամրամը և Մարզպետունին:

ԱՄՐԱՄ - Ամեն մարդու կսպասեի տեսնել իմ վրանում, բայց Մարզպետունյաց իշխանին, թագավորի հավատարիմին և զինակցին` երբեք: Բարով ես եկել, իշխան:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - Բարեբախտաբար ես միշտ այնտեղ եմ, ուր ինձ չեն սպասում:

ԱՄՐԱՄ - Բարեբախտաբա՞ր: Ի՞նչ է նշանակում դա, իշխան:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - Դա նշանակում է, որ ես երբեք չար գործի համար չեմ այցելում մեր բարեկամներին:

ԱՄՐԱՄ - Բարեկամների՞ն... Բայց դու թշնամու վրանում ես:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Ոչ, սխալվում ես, Ցլիկ Ամրամ, Գևորգ Մարզպետունին թշնամիներ չունի:

ԱՄՐԱՄ – Իսկ մի՞թե թագավորի թշնամիները քո թշնամիները չեն:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - Ամրամ սեպուհ, դու մի ժամանակ թագավորի հավատարիմն ու բարեկամն էիր և դարձյալ բարեկամ կլինես:

ԱՄՐԱՄ - Բարեկա՞մ... դժոխքը թող տանի նրան... իմ սատանային հաշտության ձեռք կպարզեմ, բայց նրան` երբեք:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - եթե գիտենայի, թե պիտի վրդովեմ քեզ... այսքան երկար ճանապարհ չէի կտրի...

ԱՄՐԱՄ - Եթե դու, Մարզպետունի իշխան, մեզ հաշտեցնելու համար ես եկել, ցավում եմ, որ ապարդյուն աշխատանք ես հանձն առել:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Ոստանում ոչ ոք չէր հավատում, որ Ամրամ սեպուհը կարող է ապստամբել իր թագավորի դեմ:

ԱՄՐԱՄ - Ես չեմ ապստամբել թագավորի դեմ: Հիշու՞մ ես, թե ես ինչպես էի ծառայում նրան: Քանի~-քանի~ անգամ ապստամբների դեմ պատերազմեցի, քանի~-քանի~ կռիվների մեջ իր անձը պաշտպանեցի: Ի~նչ հերոսությամբ Շամշուլտեի վրա իր դրոշակը պարզեցի, ո՞ր մեկը հիշեմ...

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - Եվ նա քեզ պարտապան չմնաց. իշխան կարգեց ամբողջ Ուտիքի և Սևորդյաց աշխարհի վրա: Հյուսիսային զորքի հրամանատարությունը հանձնեց քեզ... Դու չպետք է օգուտ քաղեիր քո ձեռքում ունեցած իշխանությունից ու պատրաստի զորքերից, և ապստամբության դրոշակ պարզելով` սուրդ ուղղեիր քո բարերարի և թագավորի դեմ:

ԱՄՐԱՄ - Երբեք մի ասա` իմ թագավորի... իմ անձնական թշնամու ասա...

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - Անձնական թշնամի՞... Մի՞թե թագավորը կարող է անձնական թշնամի լինել իր պաշտոնակալին...

ԱՄՐԱՄ – Իշխան, եթե դու ոչինչ չգիտես այն ամենից, ինչ որ իմ մեջ թշնամություն է գրգռել դեպի թագավորը, ապա բավարարվիր այնքանով, ինչ ես քեզ ասաի, ավելին ասել չեմ կարող:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - Եվ չեմ կամենում, որ շատ բաներ պամես ինձ: Գիտեմ, թե առհասարակ ինչ պատճառներ են դրդում մեր իշխաններին թշնամանալ թագավորին կամ ապստամբել նրա դեմ...

ԱՄՐԱՄ - Գիտես, այնպես չէ՞... փառամոլություն, շահասիրություն, ընչաքաղցություն. ի՞նչ ես կարծում, դրանցից մեկը չէ՞, որ դրդել է ինձ թշնամանալ իմ թագավորին...

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Չգիտեմ և ասացի, որ չեմ էլ կամենում իմանալ, բայց կամենում եմ, որ դու ապստամբության դրոշակն ամփոփես և թագավորիդ դեմ հանած սուրն իր պատյանը դնես:

ԱՄՐԱՄ - Դա սպառնալի՞ք է քո կողմից, իշխան:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Ոչ, խնդրանք է, աղաչանք...

ԱՄՐԱՄ - Զարմանում եմ. Մարզպետունյաց տերը խնդրում, աղաչում է սեպուհ Ամրամին... Այդպիսի խոնարհություն չեն ունեցել, կարծեմ, Մարզպետունի նախարարները... Արդյո՞ք մի խորհրդավոր գաղտնիք չկա այդ խնդրարկության մեջ:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Լսիր, Ամրամ սեպուհ. Մարզպետունի նախարարները հպարտ էին ավելի, քան քո նախահայրերը, բայց նրանց ժառանգը գերադասում է հայրենասիրությունը: Մի՞թե արատ է դա:

ԱՄՐԱՄ - Բնավ: Երանի նրան, ով կարող է անձնվիրաբար ծառայել հայրենիքին:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - Եվ ահա այդ հայրենիքի շահն է, որ իմ հպարտ ճակատը խոնարհեցնում է քո առաջ: Կարո՞ղ ես արհամարհել այս խոնարհումները... Լսիր ինձ, փափկացրու սրտիդ կարծրությունը և արգելիր այն կոտորածը, որը տեղի պիտի ունենա մեկ կամ երկու օրից:

ԱՄՐԱՄ – Չեմ կարող:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Հայոց հազարավոր մայրերը որդիներ են ծնել, մեծացրել են նրանց տանջանքներով, որ դուք` իշխաններդ, մեկ օրվա ընթացքում զոհե՞ք այդ բոլորին ձեր անձնական կրքերին:

ԱՄՐԱՄ – Իսկ երբ նրանց տանում եք հագարացիների դեմ, երբ նրանց մաշում է մահմեդականի սուրը, ինչու՞ այն ժամանակ չեք հիշում հայ մայրերին:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Հայրենիքի թշնամու դեմ կռվելը, նրա ազատության համար մեռնելը սրբազան պարտք է, այդ պարտքից ոչ ոք չպետք է փախչի: Բայց եղբայրասպանությունը մի ոճիր է, աստծուց և մարդկանցից անիծված:

ԱՄՐԱՄ – Տեր Մարզպետունի, այդպես խոսելն ավելի հեշտ է, քան գործելը: Ես չէի ցանկանա չարագործի անուն վաստակել, բայց հանգամանքներն ինձ չարագործ դարձրեցին: Այսուհետև ես չպետք է մտածեմ, թե ինչ է աշխարհն ասում իմ մասին: Ես միայն մի մարդու պիտի հաշիվ տամ, դա իմ ներքին մարդն է, իմ խիղճը...( Դրսից աղմուկ է լսվում: Ամրամը մոտենում է վրանի դռանը և դուրս խոսում:) Ի՞նչ է պատահել այդտեղ, ի՞նչ աղմուկ է:

Վրանի մուտքի մոտ հայտնվում է Լրաբերը:

ԼՐԱԲԵՐ – Թույլ տվեք ներս գալ, Ամրամ սեպուհ:

ԱՄՐԱՄ – Ներս մտիր:

ԼՐԱԲԵՐ – (մի քանի այլ է անում և առաջանում:) Տեր իմ, թշնամու բանակից լուրեր եմ բերել:

ԱՄՐԱՄ – Խոսիր:

ԼՐԱԲԵՐ – Հագարացոց բանակը, տեր սեպուհ, Աշոտ Երկաթի տրամադրության տակ է արդեն և պատրաստվում է առաջ շարժվելու:

ԱՄՐԱՄ – Քանա՞կը:

ԼՐԱԲԵՐ – Քանակը պարզ չէ, բայց մեծ բանակ է:

ԼՐԱԲԵՐ - Ազատ ես, կարող ես գնալ:

ԼՐԱԲԵՐ – Լավ, տեր իմ: (Դուրս է գնում:)

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Թշնամու բանակից...

ԱՄՐԱՄ - Այո, տեր Մարզպետունի, թշնամու բանակից:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Չափավորեցեք ձեզ, սեպուհ:

ԱՄՐԱՄ – Ի՞նչ ասացի, որպեսզի չափավորեմ ինձ: Այո, կրկնում եմ, ես չէի ցանկանում չարագործի անուն վաստակել...Ու պատասխանատու եմ միայն իմ խղճի առաջ:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - Այդ խիղճը թույլ չի տա քեզ, որ եղբայրներիդ կյանքը վտանգես:

ԱՄՐԱՄ – Մի ընդհատիր ինձ, Մարզպետունի իշխան, իմ խիղճն ավելի մոտ է, ես նրա ձայնը լսում եմ ականջներիս մեջ, բայց եթե ես անգամ իմ խիղճը սպանեմ, դարձյալ չեմ կարողանա քո խնդրանքը կատարել, որովհետև միայն ես չեմ թագավորի դեմ կանգնած: Ինձ հետ են նաև Գարդմանա և Ափխազիո իշխանները: Անշուշտ, այս հովտում դու տեսար զարկված բազմաթիվ վրաններ, այստեղ խմբված են այն իշխանները, որոնք հին հաշիվներ ունեն թագավորի հետ: Եթե ես ծալեմ ուտյաց դրոշը, միևնույն է, ինձ չեն հետևի ոչ սևորդները,որ գարդմանացիք, ոչ աղվանները, ոչ տայոց իշխանը, ոչ ափխազացիների արքայորդին:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - (ցնցվում է, կտրուկ մոտենում վրանի ելքին, դուրս նայում:) Բեր իշխանը... Նա՞ էլ այստեղ է... Հայոց թագավորի տոհմական թշնամին, որի հետ միացել ես դու: Անիրավ լինեք...

ԱՄՐԱՄ - Այո, և երդվել եմ կռվել դաշնակիցների հետ մինչև վերջին շունչս:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Իսկ եթե հաշտվե՞ս:

ԱՄՐԱՄ – Ի՞նչ ես ասում, իշխան Մարզպետունի, հաշտվելու դեպքում ես բոլորի սուրն իմ դեմ կուղղեմ:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – (լուռ է, վրանի ելքից դուրս է նայում, ապա գալիս և նստում է այն եռոտանուն, որը դրված է ոտքերի մոտ:) Եկ հանգիստ խոսենք, Ամրամ սեպուհ: Այդ բոլորի մեջ միայն Բեր իշխանը դժգոհ կմնա, որովհետև նա այստեղ է եկել ավերելու և կոտորելու համար: Քո թշնամանքն Աշոտ Երկաթի դեմ Բեր իշխանի համար հրաշալի առիթ է իր նպատակներն իրագործելու համար: Մյուս իշխանները, կարծում եմ, դեմ չեն լինի, եթե դու հաշտվես թագավորի հետ և արգելես կոտորածը:

ԱՄՐԱՄ – Իսկ Սևադա իշխա՞նը, նրա երկու որդիները՞, կատաղած գարդմանացիները՞, որոնք ելել են իրենց կուրացած իշխանների վրեժը լուծելու:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Սևադա իշխանը ներեց թգավորին:

ԱՄՐԱՄ – (ծառս է լինում տեղից:)Ի~նչ... ի՞նչ ասացիր... Սևադան ներե՞ց...

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - Այո, նա ներեց և շուտով հետ կկանչի իր զորքերին, նա հարգեց իմ խնդրանքը, նա ապացուցեց, որ սիրում է հայրենիքը... ու եթե դու էլ վեհանձնաբար վայր դնես զենքերդ...

ԱՄՐԱՄ – Ներեց... ներեց... Այդ Սևադան... այդ հպարտ գարդմանցին... ներեց դավաճանին... ներե՞ց...ի՞նչ բարիքների հույսով է նա ներում...

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Հանգստացիր, Ամրամ իշխան, հանգստացիր: Այո, ներեց: Ոչ իր անձի համար, նա խնայեց իր հարազատների և եղբայրների արյունը:

ԱՄՐԱՄ – Իսկ նա ասա՞ց, թե ինչու՞ եմ ես սուր վերցրել... Պատմեց, հավանաբար, և դու ամեն բան գիտես... Սևադան ներել է նրան... ինչու՞... ինչու՞, ուրեմն, այդ ծերուկը դժոխք վառեց իմ սրտում, ինչու՞ վրդովեց իմ հոգու խաղաղությունը, ինչու՞ իմ կյանքը թունավորեց... (Վրանից դուրս է նայում:) Հե~յ, ո՞վ կա այդտեղ, կարգադրեք, որ ուժգին խփեն թմբուկները, մենք վաղը հարձակվելու ենք, ամբողջ բանակը թող ուրախանա... Գինի բաժանեք զինվորներին...(Դառնալով Մարզպետունուն:) Սևադան թող ների, նրա որդիները թող ներեն, ամբողջ աշխարհը թող ների: Ամրամ սեպուհը, Մարզպետունի իշխան, երբեք չի ների: Հաշտություն Աշոտ Երկաթի հե՞տ... Երբեք... երբեք... Եթե կարողանամ, նույնիսկ դժոխքի հետ կմիանամ այդ անարժան թագավորին գահավեժ կործանելու համար... Եթե դու կարողանայիր մտնել իմ հոգեկան աշխարհը և տեսնել, թե ինչ հրդեհ է վառվում այնտեղ` կսարսափեիր...

Դրսից թմբուկների և զինվորների ուրախ կանչերի ձայներ են լսվում, Մարզպետունին մոտենում է վրանի մուտքին և խոսում բարձր` ձայները խլացնելով:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - Եվ ահա, հենց այն ժամանակն է, որ հերոսը և մեծ հայրենասերը կարողանում է ապացուցել, որ իր մայրը հասարակ ծնունդ չի պարզել աշխարհին:

ԱՄՐԱՄ - Ամենից հասարակն ու ամենից սինլքորը կարող է հանդուրժել այս անպատվությունը, մեծ հոգին, ընդհակառակը, չի կարող տանել այս ամենը:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Սևադան փոքր մարդ չէ, Աշոտ Երկաթը կուրացրել է նրա երկու աչքը, կուրացրել է և նրա որդուն, սակայն այսօր նա մոռանում է այդ զրկանքը և և ներում է անխիղճ փեսային` միայն հայրենիքի սիրո համար:

ԱՄՐԱՄ - Աշոտը նրա աչքերն է կուրացրել, իմ` սիրտը: Կույր աչքը կարող է ներել, կույր սիրտը` երբեք:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Ինչքա~ն իրար նման եք խոսում դու և Սևադան... Բայց Սևադա իշխանն ապացուցեց, որ սիրտը կույր լինել չի կարող, նա ամեն ինչ տեսնում և ներում է:

ԱՄՐԱՄ – Տեր Մարզպետունի, այն մարդը, ով գիտի, թե ինչ անարգանք է հասցրել թագավորը իմ անվանը և սակայն խորհուրդ է տալիս հաշտվել նրա հետ` նա իմ թշնամին է: Եթե դու իմ վրանում չլինեիր, ես կմենամարտեի քեզ հետ:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Ուրեմն, ես իմ գործը վերջացրի: (Ուղղվում է դեպի վրանի ելքը:)

ԱՄՐԱՄ - (կանչում է բարձր): Տեր Մարզպետունի:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - (շրջվում է:) Դու ինձ ուրիշ ասելիք ունե՞ս:

ԱՄՐԱՄ - Ես դեռ ոչինչ չեմ ասել քեզ...Նստիր այստեղ մի վայրկյան... (Մարզպետունին նստում է:) Տեր Մարզպետունի, եթե դու եկել ես ինձ մոտ իբրև պատգամավոր, ապա ուրեմն պետք է լրիվ պատասխան տանես նրան, ով որ ուղարկել է քեզ:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Ոչ ոք ինձ չի ուղարկել, Ամրամ սեպուհ: Թագավորը, ինչպես գիտես, նոր է վերադարձել եգերացոց աշխարհից, իսկ Ուտիքում եղած ժամանակ ես նրան չեմ տեսել:

ԱՄՐԱՄ - Ես կարծում էի, թե գուցե թագուհին...

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Ոչ թագուհին և ոչ էլ կաթողիկոսը... Ես ինքս տեսա, թե ինչ ավեր է սպառնում մեր աշխարհին: Ամեն կողմ անցա, ամեն ինչ դիտեցի և որոշեցի գալ ու խնրել ձեզերկուսիդ` քեզ և Սևադա իշխանին` խնայել ու խղճալ ձեր բազմաչարչար հայրենիքը... Սևադա իշխանը, շնորհակալ եմ, լսեց ինձ, մոռացավ իր վիշտը, իր վրեժխնդրությունը... Դու էլ, ես հավատացած եմ...

ԱՄՐԱՄ – Ոչ, տեր Մարզպետունի, մի հավատար, մի հավատար, թե ես կարող եմ քեզ լսել, թե քո խոսքերը կարող են իմ սիրտը շարժել` թե Ամրամ սեպուհը կարո է հայրենիքի համար մտածել...(դուրս է նայում վրանից): Ավելի ուժգին փչեք ուրախության փողերը, զարկեք թմբուկները, թող գինին առատ լինի... վաղը մարտի ենք գնում...

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Ինչու՞, ուրեմն, ետ դարձրիր ինձ: Ես քո այդ համոզմունքն արդեն լսել եմ:

ԱՄՐԱՄ - Ետ դարձրի, որպեսզի իմ սիրտը բացեմ քո առաջ, որպեսզի թագավորիդ պատմես, թե Ցլիկ Ամրամն ինչու կործանման սուրը մերկացրեց:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - Դա քեզ չի արդարացնի:

ԱՄՐԱՄ - Ես ուզում եմ, որ նա իմանա:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Նա կիմանա, նա անշուշտ կիմանա, բայց դու էլ իմացիր, որ որ այդպիսի անխիղճ գործերի համար աշխարհը քեզ կանիծի: Ամրամ սեպուհ, ի՞նչ անուն կտայիր դու այն մարդուն, որ մի քանի վայրկյան տաքանալու համար վառեր իր տունը:

ԱՄՐԱՄ - Ես նրան խելագար կկոչեի:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - Ես կարծում եմ, որ մեզանից ամեն մեկի իսկական տունը ապահով հայրենիքն է: Եթե մենք մեր անձնականը վտանգում ենք նրա խաղաղությանը, ապա նմանվում ենք այն մարդուն, ով իր մարմինը տաքացնելու համար վառում է իր տունը...

ԱՄՐԱՄ - Այդպես է...բայց կա այնպիսի սառնամանիք,որ երբ պաշարում է մարդուն, այն ժամանակ սեփական տունը հրդեհելը անհրաժեշտ է դառնում: Մենք ամեն բանից առաջ մարդ ենք, մսից և արյունից կազմված: Բեր խրեմ այս սուրը կողերիդ մեջ, և տես, թե մահվան տագնապն արդյոք կպաշարի՞ քեզ...

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - Եթե դու սիրտ և զգացում ունես, եթե քո երակներում ազնվականի արյուն է հոսում, անկարելի է, որ քո հոգին չխոցոտվի այն ժամանակ, երբ տեսնես, թե քո ձեռքերով վնաս է հասել հայրենիքին, եղբայրներիդ արյունն է թափվել, պետական գահն է վտանգի տակ և քո բաց արած ճանապարհով մտել է թշնամին, ավերում է երկիրը... ես չէի կամենա մի կնոջ պատճառով հայրենիքի դավաճանի անունը վաստակել...()

ԱՄՐԱՄ – Մի կնոջ պատճառո՞վ... Ինչպե~ս կուզենայի, որ մենք ծանոթներ չլինեինք... Հավատա ինձ, Մարզպետունի իշխան, որքան էլ դու հզոր լինեիր, ես, այնուամենայնիվ, իմ սրով կպատռեի քո կուրծքը... Դու ասում ես` կին... Նա սովորական կին չէ, նա իմ տան թագուհին է, իմ սրտի աստվածուհին...

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Ներիր, ներիր ինձ... Մոռացիր, խնդրում եմ, քեզ հասած նախատինքը ի սեր հայրենիքի...

ԱՄՐԱՄ – Ինձ համար այլևս ուրախություն չկա, տեր Մարզպետունի, իմ ուրախությունը դառնացավ, իմ շուրջն այժմ դժոխքն է թագավորում... Երբեք, երբեք, տեր Մարզպետունի, չէի ցանկանա, որ նույնիսկ իմ թշնամին տանջվեր այն ցավերով, որով այժմ Ամրամ սեպուհն է տանջվում... Դա ցավերից ամենաանտանելին է, դա հավիտենականի պատիժն է... Ամենքն ինձ Ցլիկ Ամրամ են կոչում, բայց ոչ իմ անգթության կամ չարության, այլ` իմ ուժի և քաջության համար: Դու եղել ես ինձ հետ պատերազմներում, գիտես, թե որքան աներկյուղ էի, որքան ահարկու իմ թշնամիների համար: Բայց իմ եղբայրակիցների հանդեպ ո՞վ է եղել ավելի հեզ, ավելի բարի, ավելի սիրող ու անձնվեր, քան Ցլիկ Ամրամը: Ռեսե՞լ ես իմ մեջ մի ամենափոքր չարություն դեպի իմ ազգակիցը, դեպի ամեն մեկը, ով հայ անունն է կրում...Բայց այժմ ես դարձել եմ մի վայրագ գազան, սրտիս մեջ վառվում է չարության դժոխքը... Իմ աչքերն անընդհատ փնտրում են մի մարդու, ում անունը Աշոտ Երկաթ է, հոգիս ձգտում է միայն մի գործի. դա վրեժխնդրությունն է, անողոք, մահաշունչ վրեժխնդրությունը... Եվ դու այժմ ինձ հաշտությու՞ն ես առաջարկում, դու ինձ խնդրում ես ներե՞լ նրան... Ներել այնպես, ինչպես որ ներեց Սևադան... Ինչպես հասկացնեմ քեզ, որ իմ վիշտը տարբեր է Սևադայի վշտից... Հանեցեք և իմ զույգ աչքերը, առեք ինձանից իմ իշխանությունը, իմ հարստությունը, բայց վերադարձրեք ինձ այն, ինչ որ Աշոտն ինձանից խլեց... Վերադարձրեք ինձ իմ պատիվը, իմ Ասպրամին... Կարո՞ղ եք դա անել...

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Ես չեմ կարող այլևս այստեղ մնալ, տեր սեպուհ, չեմ կարող քեզ համոզել... Մնաս բարով, բարեկամ, երևի հաճելի չէր աստծուն` խնայել այս անգամ մեր ժողովրդին, այդ պատճառով նա քո սիրտը կարծրացրեց: Բայց դեպի քեզ ունեցած իմ պարտքը ես կատարեցի, իմ խիղճն այլևս չի տանջի ինձ: Մնում է այժմ կատարել դեպի ազգն ու թագավորն ունեցած իմ պարտքը և ես կգնամ այն կատարելու...

ԱՄՐԱՄ - Երթաս բարով: Այս վայրկյանից մենք հակառակորդներ ենք: Ես չեմ նեղանա, որ ու պաշտպանես քո թագավորին, այլ կհարգեմ քեզ մինչև անգամ այն վայրկյանին, երբ դու նրան պաշտպանելու համար քո սուրը կմխես իմ կրծքի մեջ... Բայց կցանկանայի, որ Մարզպետունյաց ազնվարյուն ժառանգը պաշտպան լիներ ավելի ազնվասիրտ թագավորի:

ԱՄՐԱՄ – Ի՞նչ արած, Ցլիկ Ամրամ, Աշոտ Երկաթն է այժմ գահի վրա, իսկ ես գահի ու իմ երկրի խոնարհ ծառան եմ... Սա հավատարիմ եմ մնում իմ երդումին, Մարզպետունյաց տան պատգամներին... Մնաս բարով..

Մարզպետունին դուրս է գնում: Ամրամը երկար ժամանակ լուռ է, ապա կտրուկ մոտենում է վրանի ելքին, կանչում ուժգին:

Լսեցեք, զինվորներ իմ քաջ, ձեր սեպուհը հաշտության չի գնա, ձեր սեպուհը չի կանգնի Աշոտ Երկաթի կողքին... Գինի լցրեք ինձ, ես ձեզ հետ պիտի խմեմ հաղթության համար, այն բանի համար, որ չարանենգ արքան պարտվի... Հրապարակ բացեք, պիտի պարենք և ուրախանանք, պիտի թնդացնենք սար ու ձոր... Գինի լցրեք...

Մթնեցում: Լսվում են ռազմի փողերի ձայներ, ձիերի սմբակների և քայլող զինվորների ոտքերի դոփյուններ: Լուսանում է: Աշոտ Երկաթի վրանն է: Աշոտ Երկաթը մենակ է վրանում:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ - Ամոթ, հազար ամոթ... Ես եգերացիներին պիտի տանեմ իմ ազգակիցներին բնաջնջելու... Այն եգերացիներին, որոնք մեր ազգի դարավոր թշնամիներն են... Վայ ձեզ, հայ իշխաններ... Վայ ձեզ... Դուք ձեր տմարդի պահվածքով ստիպում եք ինձ ամոթանք տալ սեփական անձիս, ելնել ձեր դեմ... Ինչ անեմ, աստված իմ... Ոչ ոք չկա իմ կողքին, ես մենակ եմ, բոլորովին մենակ... անիծվի քո գահը, Աշոտ... Անիծվի...

Համրաքայլ ներս է մտնում Վանահայրը և կանգնում վրանի ելքի մոտ: Աշոտը նկատում է նրան:

Ինչու՞ ես եկել, վանահայր, ի՞նչ ես ուզում ինձանից... Եկել ես ինձ ամոթա՞նք տալու...

ՎԱՆԱՀԱՅՐ - Ես նման առաքելություն չունեմ, տեր արքա: Եկել եմ ասելու, որ մենակ չես, որ քո կողքին շատերը կան, իսկ Գևորգ Մարզպետունի իշխանը վայրկյան առ վայրկյան սպասվում է այստեղ, նրա ուղեկից Եզնիկն հաղորդեց, որ տեր Մարզպետունին ճամփա է ընկել դեպի քո վրանը...

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ - Ես մենակ չե՞մ, իմ կողքին շատե՞րը կան կանգնած...

ՎԱՆԱՀԱՅՐ - Այո, տեր թագավոր, շատերը: Կաքավաբերդն այսօր հայոց ազգահավաքի հանգրվանն է դարձել:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ - Ասում ես` հայոց ազգահավաքի՞... Չէ, վանահայր, դու շողոքորթում ու խաբում ես ինձ, դու ճիշտը չես ասում... Եթե ազգահավաքի հանգրվանն է, ապա ու՞ր է Հովհաննես կաթողիկոսը, հայոց հովվապետը, ինչու՞ նա այստեղ չէ...

ՎԱՆԱՀԱՅՐ – Հավատա, տեր թագավոր, նա էլ կգա, շատերը կգան: Մեր ազգին վայել չէ անմիաբան լինելը:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ – Ուզում եմ հավատալ ասածներիդ, ուզում եմ հավատալ... Բայց ես էլ եմ մեր մատյանները կարդացել, վանահայր, ես էլ եմ ծանոթացել մեր պատմությանը... Ցավոք, անմիաբանության մասին քիչ չեն գրել մեր պատմիչները, որոնց մատյանները դու օրնիբուն արտագրում ես:

ՎԱՆԱՀԱՅՐ - Այո, տեր թագավոր, մեր երեքհազարմյա պատմությունը միայն փառքերով չի պսակվել, եղել են, այո, անմիաբան իշխաններ ու նախարարներ, բայց հիմա բոլորին համախմբող ու բոլորին դեպի ազգահավաք տանող անհատականություն կա քո ու ժողովրդի կողքին:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ - Գևորգ Մարզպետունին, այն անհանգիստ մարդը, ով իմ միակ հավատարիմն է մնացել բոլորի մեջ:

ՎԱՆԱՀԱՅՐ – Հավատարմությունը երկկողմանի սրի է նման, տեր թագավոր...

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ – Հասկանում եմ ակնարկդ, վանահայր, վանք ու աղոթատեղի կորցրած վանահայր... Ակնարկելու փոխարեն կարողանայիր պահել վանքդ, կարողանայիր հովվապետիդ հասկացնել, որ մի կողմ թոնի երկյուղը, վեր կանգնի ամեն ինչից...

ՎԱՆԱՀԱՅՐ - Բոլոր մարդիկ էլ մահկանացու են, բոլորն էլ իրենց թուլություններն ունեն և պետք է ներողամիտ լինել նրանց նկատմամբ:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ – Իսկ ինչու՞ չեն ներվում իմ թուլությունները, չէ՞ որ ես աստված չեմ, ամենակարող չեմ, ես թագավոր եմ, սովորական թագավոր, որը մարդ է, միս ու արյունից, որը նույնպես կարող է իր թուլություններն ունենալ...

ՎԱՆԱՀԱՅՐ - Ազգի համար թագավորն ամենակարող է, ամենաանբիծն ու ամենակատարյալն է, աստծո պատվիրակն է երկրի վրա, ում տնօրինությանն է հանձնված ազգի ճակատագիրը: Ահա ինչու թագավորն իրավունք չունի անկումներ և թուլություններ ունենալ, իրավունք չունի կանխակալ լինել: Նա պետք է բոլորին նայի հավասար աչքով, որովհետև բոլորի հայր թագավորն է...Նա պետք է խոհեմությամբ ու առանց զգացմունքների կառավարի երկիրը, որպեսզի ոչ ոք նրանից երես չդարձնի, ոչ ոք իր հավատը փորձության չտանի...

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ – Ծանր խաչ է, վանահայր, ծանր...Անվանք վանահայր... Դու երազներ տեսնու՞մ ես, վանահայր:

ՎԱՆԱՀԱՅՐ – Տեսնում եմ, տեր թագավոր... Երբեմն մղձավանջներով լի երազներ, իսկ երբեմն էլ հովվերգությամբ ներծծուն պատկերներ, որոնք փառավորություն են բերում հոգուս... Վերջերս իմ ավերակված վանքի պատկերն եմ տեսնում... Օգնություն է կանչում, խնդրում է ժողովել հավատացյալներին և գնալ սուրբ խորանի մոտ, օվսաննաներ երգել, երկրպագել աստծուն ու մարդուն... Աղաչում է ժողովել իր ցիրուցան եղած քարերը, պատերը բարձրացնել, որպեսզի զանգակատունը երբեք չլռի...

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ – Իմ երազների մեջ օձերն են վխտում, որոնք բռնում են կոկորդիցս ու ցանկանում են խեղդել ինձ... Ես էլ եմ ավերակներ տեսնում, վանահայր, ավերակված Հայոց աշխարհն եմ տեսնում, որն օգնության կանչեր է հնչեցնում... Խաղաղվի երկիրը, խաղաղվեն իշխանները` կգամ ու իմ ձեռքերով կբարձրացնեմ քո ավերված վանքի պատերը... Անպայման կգամ...(Վրանի մուտքի մոտ հայտնվում է Մարզպետունի իշխանը: Նրան տեսնելով` Աշոտն ուրախացած մղվում է դեպի նա:) Փառք քեզ աստված, Գևորգն ինձ մոտ է:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - Բարի ողջույն, տեր արքա, խոնարհումս քեզ` սրբազան հայր:

ՎԱՆԱՀԱՅՐ – Ողջույն, իշխան Մարզպետունի:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ – Ոչ ոքի կյանքում երբեք այսպես չէի ցանկանա տեսնել, ինչպես քեզ, իշխան: Որտեղի՞ց և ինչպե՞ս հասար այստեղ: Մենա՞կ ես, թե՞ զորք ունես քեզ հետ: Ի՞նչ են անում ապստամբները, ի՞նչ դրության մեջ են մեր գավառները:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - Այստեղ եմ եկել մենակ, մեծափառ տեր, վերջին հույսս դու ես: Դու պետք է ինձ լսես:

ՎԱՆԱՀԱՅՐ – Ձեր թույլտվությամբ ես հեռանամ: Շուտով աղոթքի ժամ է:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ - Գնա, վանահայր և հիշիր, որ քո վանքի պատերը ես եմ շարելու:

ՎԱՆԱՀԱՅՐ – Մնացեք խաղաղությամբ: (Վանահայը դուրս է գնում:)

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ - Դու ասացիր` ես՞ եմ քո վերջին հույսը:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Վերջին հույսը, տեր իմ: Ես տեսա հայոց աշխարհը, զգացի օրհասական վտանգը, շրջեցի մեր բոլոր գավառները, իմ վերջին հույսը դու ես, Աշոտ թագավոր:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ – Ի՞նչ կա, խոսիր:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - Ես հավատում էի, որ կմեղմացնեմ ապստամբների սրտերը, ետ կպահեմ նրանց ազգադավ կոտորածից, ես հավատում էի, տեր իմ...

ԱՇՈՏ – Հետո՞:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - Ես գնացի թագուհու մոտ, թագուհին հասկացավ ինձ, ընդառաջ եղավ:

ԱՇՈՏ – Հետո՞, իշխան:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Հետո ուղևորվեցի Սևադայի ամրոցը:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ – Սահակ Սևադայի մո՞տ:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - Այո, տեր իմ, խոսեի նրա հետ, աղաչեցի և պաղատեցի նրան, նա ինձ հասկացավ: Սևադան մեծ հայրենասեր է, նա ինձ ճիշտ հասկացավ:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ – Սահակ Սևադան հայրենասե՞ր: Ի՞նչ ես ասում, իշխան:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Ներիր ինձ, տեր իմ, այո, Սևադան մեծ հայրենասեր է, նա լսեց ինձ, համաձայնեց ետ կանգնել իր բռնած ճանապարհից:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ – Հետո՞:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Հետո ուղևորվեցի Ցլիկ Ամրամի բանակը:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹԻ – Ցլիկ Ամրամի՞:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Ցլիկ Ամրամի, տեր իմ, չէ՞ որ դու միշտ կրկնում էիր, որ մեր հզորությունը մեր միաբանության և հավաքական ուժի մեջ է:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ – Հետո՞, ի՞նչ ասաց Ցլիկ Ամրամը:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Նա մերժեց իմ աղաչանքը և պաղատանքը: Գուցեև իրավացի էր, տեր իմ:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ - Գուցեև իրավացի... Ես կանեմ այն, ինչ որոշել եմ, Մարզպետունի իշխան: Վաղը կշարժվենք դեպի Ցլիկ Ամրամի բանակը:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - Բայց դարձյալ պետք է մտածել... Ու՞մ դեմ ենք գնում կռվելու մենք...

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ – Ցլիկ Ամրամի, Սահակ Սևադայի:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Ոչ, իմ սիրելի Աշոտ, բնաջնջելու ենք ինքներս մեզ: Կոտորելու ենք մի բուռ մեր հայ ժողովրդին, և այն էլ մեր թշնամու ձեռքով:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ – (զայրացած): Ի՞նչ ես առաջարկում, տեր սպարապետ:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - Ելք գտնել, տեր իմ, արյուն չթափել:

Վազելով և հևիհև մտնում է Եզնիկը:

ԵԶՆԻԿ – Թույլ տուր, տեր արքա, թույլ տուր ասել:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Ի՞նչ է պատահել, Եզնիկ:

ԵԶՆԻԿ – Ցլիկ Ամրամի բանակը շրջապատել է մեզ...

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ – Շրջապատե՞լ է:

ԵԶՆԻԿ - Այո, նրա գնդերը կիրճի մուտքը փակեցին:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Նրանք ինչպե՞ս հասան այստեղ:

ԵԶՆԻԿ – Մենք չտեսանք, տեր իմ:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Ինչպե՞ս թե` չտեսաք: Ուրեմն, երկնքի՞ց իջան:

ԵԶՆԻԿ – Ճիշտ որ երկնքից:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ – Ուրեմն, ի զեն:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Շտապելն իզուր է, տեր արքա:

Շնչակտուր ներս է մտնում Վանահայրը:

ՎԱՆԱՀԱՅՐ– Տեր արքա, Ցլիկ Ամրամը...

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ - Գիտեմ, վանահայր, արդեն գիտեմ: Ահա քո հոտը, վանահայր, ահա հնազանդության և միաբանության մասին քո կարդացած քարոզների հետևանքները...

ՎԱՆԱՀԱՅՐ - Բանականությամբ զինվիր, թագավոր տեր, ցասումը լավ խորհրդատու չէ:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Խնդրում եմ, մեծափառ տեր, մի շտապիր վճիռ կայացնել:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ - Դատարկ խոսքեր են, իշխան, հայտնեք բանակին, որ պատրաստվեն հարձակման:

ԵԶՆԻԿ – Լսում եմ, տեր արքա:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ - Զորապետերին հավաքի կանչեք:

ԵԶՆԻԿ – Կկանչենք, տեր իմ: (Դուրս է գնում:)

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Մինչև նրանց հավաքելը, գուցե մի քիչ մտորե՞նք, հայոց թագավոր:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ – Հայոց թագավոր... Ի՞նչ ես ուզում ինձանից, տեր Մարզպետունի, վի՞զ ծռեմ, որ Ցլիկ Ամրամը կտրի՞:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - Ես այդ չեմ ուզում:

ՀԱԳԱՐԱՑԻ ԶՈՐԱՊԵՏ – (ներս է մտնում վրան:)Եկա, տեր արքա:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ - Ես քեզ և մյուսներին կանչել եմ հաղորդելու, որ թշնամին շրջապատել է մեզ: Հարձակումն անհրաժեշտ է հենց հիմա: Չպետք է հանգստանալ և ժամանակ տալ թշնամուն: Եթե սպասենք մինչև վաղը, ապստամբները լեռան բարձրությունը կգրավեն և մեզ երկու կողմից կպաշարեն: Այն ժամանակ կռվելն անիմաստ է:

ԶՈՐԱՊԵՏ – Մենք անծանոթ ենք տեղանքին: Գիշերով թշնամու դեմ շարժվել չենք կարող: Թողեք լույսը բացվի, արքա:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Մենք փակված ենք ամեն կողմից, տեր արքա: Հեծելազորն անցնել չի կարող: Միակ ելքը կիրճից անցնելն է, որ փակել է թշնամին: Մեզ մնում է նետաձիգների գունդը հանել շրջապատումից դուրս գալու համար:Բայց դրա համար էլ օրեր են հարկավոր:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ – Մենք նետերի մեծ պաշար ունենք:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - Այո, տեր իմ, նետերի պաշար ունենք, բայց ջուր չունենք:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ – Ինչպե՞ս թե` ջուր չունենք:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Որքան ես գիտեմ, այս կողմերում չկա ոչ առու, ոչ աղբյուր:

ՎԱՆԱՀԱՅՐ - Այո, տեր արքա, միակ վտակը, որից զորքը կարող է օգտվել, թշնամին արդեն փակած կլինի:

ԶՈՐԱՊԵՏ - Անկարելի է, որ այս կողմերում ջուր չլինի:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - Ես քաջ ծանոթ եմ տեղանքին, տեր արքա, ջուր չկա:

ԶՈՐԱՊԵՏ – Մենք կորած ենք... Ի/նչ պետք է անենք, տեր արքա...

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ - Այն, ինչ որ պարտավոր եք:

ԶՈՐԱՊԵՏ - Բայց ի՞նչ ենք պարտավոր:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ – Հայերը նման դեպքերում կռվում են, եգերացիները` չգիտեմ...

ԶՈՐԱՊԵՏ – Ոչ մի ազգի հեծելազոր չի կռվում ձորերի մեջ:

ՎԱՆԱՀԱՅՐ – Ո՞րն է մեր փրկությունը:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ – Տեր Մարզպետունի, հրամայեցեք բոլոր վանանդացիներին և հայոց հեծյալներին, որ թագավորն անցնում է հարձակման:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Լսում եմ, թագավոր տեր:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ – Իսկ ձեզ, եգերացի զորապետ, կասեմ. ձեր թագավորն ինձ ուղեկցելիս հայտնեց, որ հագարացիների ամենաքաջ գնդերն է հանձնել ինձ: Ես չեմ պահանջում, որ դուք օգնեք ինձ այս ծանր վայրկյանին: Կյանքը թանկ է, դուք չեք կարող այն վտանգի ենթարկել: Բայց ձեզանից մի պահանջ ունեմ. հայտնեք ձեր թագավորին, որ իր զորապետերը ապստամբների դեմ կռվել չկարողացան: Հեռացեք:

ԶՈՐԱՊԵՏ - Ախր մենք, տեր արքա...

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Տեր արքա, վանանդացիները և տայոց հեծյալները պատրաստ սպասում են քո հրամանին, բայց ես կարծում եմ...

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ – Ի՞նչ ես կարծում, իշխան:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Տեր արքա, ես պատրաստ եմ քո հրամանը կատարելու իմ կյանքի գնով, բայց այս դեպքում բախումն ավելորդ է, հագարացիները չեն կռվելու, իսկ մեր սակավաթիվ գնդերը ոչինչ չեն կարող անել Ցլիկ Ամրամի ահռելի բանակի դեմ: Խուսափեք արյունահեղությունից:

ՀԱԳԱՐԱՑԻ - Զորքի մեջ, տեր արքա, սկսվել է տրտունջ:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ – Ի՞նչ է զորքի պահանջը:

ՀԱԳԱՐԱՑԻ - Ամենահասարակ, ամենաբնական պահանջ...

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ - Այսի՞նքն...

ՀԱԳԱՐԱՑԻ – Ջուր են խնդրում, տեր արքա, և կամ...

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ - Եվ կամ ի՞նչ...

ՀԱԳԱՐԱՑԻ - Եվ կամ հրաման, որ զենքերը հանձնեն թշնամուն և դուրս գան ակս բանտից:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ - Զորքի պահանջն անբնական է և անարդար:

ՀԱԳԱՐԱՑԻ – Ինչպե՞ս, տեր արքա, մի՞թե մարդիկ իրավունք չունեն ջուր խմելու:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ – Ոչ, գուցե ձեզ զարմացնում է իմ պատասխանը, բայց ես զարմանալի ոչինչ չասացի: Ով որ անջրդի տեղ ջուր է պահանջում, անբնական պահանջ է: Ով որ զինաթափության գնով ազատություն է որոնում, նվաստագույն գործ է կատարում:

ՎԱՆԱՀԱՅՐ – Ջուրն անհրաժեշտ է, որ զորքը կարողանա ոտքի վրա մնալ:

ՀԱԳԱՐԱՑԻ – Ի՞նչ անենք, ուրեմն, կոտորվե՞նք: Լավ չէ՞ նվաստանալ, քան մեռնել:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ – Ոչ, ավելի լավ է մեռնել, քան նվաստանալ:

ՀԱԳԱՐԱՑԻ – Մենք մեռնել, իհարկե, չենք կամենում, մեզ մնում է զինաթափ լինել և փրկել մեր անձը:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ – Փրկվել անպատվության գնո՞վ:

ՀԱԳԱՐԱՑԻ - Դա մեզ համար անպատվություն չէ: Մենք հյուր ենք ձեր երկրում, հետևապես ոչ հաջողության փառքը, ոչ պարտության ամոթը մեզ չի վերաբերում:

ԱՇՈՏ - Դուք եկել եք այստեղ ձեր թագավորի հրամանով և ձեր դրոշակով: Կատարելով ձեր պարտքը` պետք է ապացուցեք, որ գիտեք ձեզ հարգել, փախուստ տալով պիտի անպատվեք ձեր թագավորին և արատավորեք ձեր դրոշակը: Ես կարող եմ սուրը ձեռքիս մեռնել, բայց նվաստանալ և սուրը հանձնել թշնամուն` երբեք: Դուք պաշարման ժամանակ մտածում եք ձեր կյանքն ազատելու, իսկ ես` իմ պատիվը փրկելու մասին: Մենք տարբեր մարդիկ ենք:

ՀԱԳԱՐԱՑԻ – Տեր արքա, դու նախատում ես քո զինակիցներին:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ - Դուք որ անձնատուր լինելու մասին եք մտածում, ինձ զինակից լինել չեք կարող:

ՀԱԳԱՐԱՑԻ – Ուրեմն և չենք լինի: (Դուրս է գնում:)

ՎԱՆԱՀԱՅՐ – Թագավոր տեր...

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ - Դե, Մարզպետունի իշխան, հանձնվե՞նք Ցլիկ Ամրամին:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Ոչ, տեր արքա, մի ելք եմ առաջարկում. փոքրաթիվ խմբերով անսպասելի ճեղքել Ցլիկ Ամրամի բանակը, առանց կոտորածի և դուրս գալ շրջապատումից:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ – Փախու՞ստ:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - Դա փախուստ չէ, տեր իմ:

ՎԱՀՐԱՄ – (ներս է մտնում:) Կարո՞ղ եմ մտնել:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ – Ուրախ եմ քեզ տեսնելու, իմ քաջ Վահրամ սեպուհ, այս օրհասական պահին դու ինձ չես մոռացել:

ՎԱՀՐԱՄ – Չեմ էլ մոռանալու, արքա: Եկել եմ քեզ հետ լինելու ընդմիշտ: Տեր Մարզպետունի, վատ բան լսեցի հագարացիների դավաճանության մասին:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Ի՞նչ դավաճանություն:

ՎԱՀՐԱՄ – Պայման են կապել Ցլիկ Ամրամի հետ, որ թագավորին բռնեն և նրան հանձնեն: Իսկ Ամրամը դրա փոխարեն խոստացել է բաց թողնել հագարացիներին առանց զինաթափ անելու:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ - Այդ թշվառականն, ուրեմն, իմ արյանն է ծարավ, ես վաղուց եմ ճանաչում Ցլիկ Ամրամին: Նրան, անշուշտ, իմ անձն է հարկավոր: Լավ, հիմա ես պետք է հեռանամ այստեղից:

ՎԱՆԱՀԱՅՐ - Դու՞, մենա՞կ:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ - Այո, մենակ:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Ի՞նչ ճանապարհով:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ – Թշնամու բանակի միջով: Պետք է հասկացնեմ բոլորին, որ Աշոտ Երկաթին բռնել ու Ցլիկ Ամրամին հանձնելն իրենց ուժից վեր է: Գո՞հ ես, տեր Մարզպետունի:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Ճիշտ որոշում է, տեր արքա:

ՎԱՆԱՀԱՅՐ – Թող օրհնյալ և անփորձանք լինի ճանապարհդ:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ - Ես շնորհակալ եմ քեզանից, իմ ազնիվ զինվոր, իմ քաջ Մարզպետունի: Դու իրավացի ես, պետք չէ արյունահեղություն: Թող հնչեցնեն շեփորները և գրավեն Ցլիկ Ամրամի ուշադրությունը, իսկ ես կճեղքեմ շրջապատումը և դուրս կգամ:

Լսվում են ռազմի շեփորներ: Աշոտ Երկաթը և Մարզպետունին դուրս են գնում: Նրանց հետևում է Վահրամ սեպուհը: Բեմը մթնում է: Լույսի մի շեղբ լուսավորում է Վանահորը:

ՎԱՆԱՀԱՅՐ – Տեր արքա, դու խոստացար ավերված վանքիս պատերը շարել... Իսկ ո՞վ է ավերված երկրի պատերը շարելու, ո՞վ է վերջ դնելու այս խառնակություններին և եղբայրասպան պատերազմին...Ի՞նչ ահավոր որդ է, որ մեր էությունն է կրծում...

Մթնեցում: Լսվում են ձիերի սմբակների դոփյուն և մարդկային ձայներ: Լուսավորվում է:

ՎԱՀՐԱՄ – խոր մտքերի մեջ ես, տեր Մարզպետունի:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Ո՞վ է տեր կանգնելու այս խեղճ ժողովրդին... Ավերել են Այրիվանքը, ավերել են Բյուրականը: Ասա, Վահրամ, ի՞նչ է լինելու սրա վերջը:

ՎԱՀՐԱՄ – Չգիտեմ, տեր իմ: Եթե զորք ունենայինք, եթե իշխաններից գոնե մեկ-երկուսը միանային...

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - Զորք չունենք, իշխանները չեն միանում, այդ արդեն գիտենք: Ուրիշ ի՞նչ կասես:

ՎԱՀՐԱՄ - Էլ ուրիշ ի՞նչ ասեմ: Մենք մենակ ենք, մի ձեռքը ծափ չի տա, մի ծաղկով գարուն չի գա:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Ուրիշ ոչի՞նչ:

ՎԱՀՐԱՄ – Ոչինչ:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Իսկ ես կասեմ, որ մի ձեռքը ծափ կտա,մի ծաղկով գարուն կգա:

ՎԱՀՐԱՄ - Անկարելի է, տեր Մարզպետունի:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - Անկարելի ոչինչ չկա:

ՎԱՀՐԱՄ – Մենք ամեն ինչ արեցինք, հանդիպեցինք շատ շատերին, բայց ոչինչ չշահեցինք:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - Այո, ամեն ինչ արեցինք, բայց ես, Մարզպետունի իշխանս, դեռ ուրիշ պարտք ունեմ կատարելու:

ՎԱՀՐԱՄ – Ի/նչ պարտք, տեր իշխան:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - Այդ մասին կհայտնեմ Գառնո ամրոցում, երբ տեղ կհասնենք:

Հայտնվում է Եզնիկը:

ԵԶՆԻԿ – Տխուր լուր եմ բերել տեր իշխան:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Տարօրինակ կլիներ, եթե ուրախ լուր բերեիր, ասա:

ԵԶՆԻԿ – Թագավորը հեռանալով` գնացել-նստել է Սևանում:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Սևանու՞մ:

ԵԶՆԻԿ - Այո, Սևանում, որոշել է դուրս չգալ այնտեղից:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Իսկ թագուհի՞ն:

ԵԶՆԻԿ – Թագավորի հետ է:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Փախուստի ծանր ապրումները նրան Սևան տարան: Վերջ: Ավերումն անխուսափելի է...

Մթնեցում: Գառնիի ամրոցը: Լուսավորվում է Մարզպետունու դեմքը:


ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Սիրելի զինակիցներ և ժողովուրդ, ահա մի քանի ամիս է, ինչ թագավորը բացակայում է Ոստանից, ապստամբ իշխաններին ճնշելու համար նա հեռացավ, բայց քանի որ անհաջողության հանդիպեց, քաշվեց Սևան և սպասում է իշխանների օգնությանը: Ոչ ոք այս ընթացքում իր թագավորին չհիշեց: Եվ ահա ես, ազնիվ սեպուհ Վահրամի հետ, երկար ճանապարհորդեցինք Շիրակում, Մոկաց աշխարհում և Վասպուրականում: Բոլոր իշխաններին այցելեցինք, բոլորին խնդրեցինք, որ միանան, թիկունք լինեն արքային, հայրենիքին ու գահին, բայց մեզ չլսեցին, մեր խնդրանքը չկատարեցին: Ազգը մնացել է անպաշտպան, գահը մնացել է թափուր, նույնիսկ կաթողիկոսն իր փրկության համար մի ամրոցից մյուսն է փախչում: Եվ այս ամենի հետևանքով Բեշիրն հարձակվեց մեզ վրա, ավերեց Այրիվանքը, գրավեց Բյուրականը... Ամոթ մեզ, հայեր, ամոթ, զինակիցներ...

ՎԱՀՐԱՄ – Ի՞նչ կարող ենք անել:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Ի՞նչ կարող եք անել... Ահա թե ինչ: Ես առաջարկում եմ բոլոր զինվորներին վաղվանից միանալ ինձ ևպատերազմի դաշտ իջնել: եշիրը խմբեր է պատրաստում արքայական գավառները ավերելու: Ես պասում եմ ձեր պատասխանին: Լռում եք... Չէի կարծում, թե այստեղ, Գառնիում էլ, այսքան երկչոտների կհանդիպեմ, ուրեմն, չկա՞ ձեր մեջ գեթ հարյուր հոգի, որոնք ապացուցեն, որ քաջերի զավակներ են: Ով որ ուժ ունի կռվելու և սակայն թաքնվում է` նա դավաճան է: Ես միայնակ գնում եմ հագարացոց դեմ: Ո՞վ է այն քաջը, որը կմիանա ինձ... թող առաջ գա...

ԳՈՌ – (Լուսավորվում է դեմքը:)Ես, հայր իմ:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Իմ քաջ որդի:

ՎԱՀՐԱՄ –(Լուսավորվում է դեմքը:) Եվ ես, տեր Մարզպետունի:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - Ազնիվ սեպուհ, դու մի գունդ արժես ինձ համար:

ԵԶՆԻԿ - (Լուսավորվում է դեմքը:) Եվ ես:

ՁԱՅՆԵՐ - Ես, ես, ես, ես...

ՄՈՒՇԵՂ – Սպասում էի, տեր իշխան, որ ինձանից ավելի արժանավորները առաջ կանցնեն: Տեսնում եմ, որ քաջերի թիվը լրացավ:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Իմ սիրելի և հավատարիմ Մուշեղ, տուր ինձ քո ձեռքը, քո օգնությունը թանկ է ինձ համար:

ՎԱՀՐԱՄ - Գնանք եկեղեցի՞, իշխան:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Ոչ, այս անգամ երդումը կհնչի ոչ եկեղեցում: Կերդվենք այստեղ, այս սրի վրա, թող հնչեցնեն զանգերը: (Լսվում է զանգերի ղողանջ:) Զինակիցներ, մեզ պիտի օրհներ հայոց հայրապետը, եթե իր անձի ապահովության համար հեռացած չլիներ այստեղից... Երդվեք լինել նահատակ հայրենիքի փրկության համար:

ԲՈԼՈՐԸ - Երդվում ենք:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Իսկ հիմա լսեք իմ երդումը: Երդվում եմ ձեր առջև, երդվում եմ իմ հայրենիքի արևով և այս սուրբ սրով, որ ես չեմ վերադառնա այլևս իմ ընտանիքի գիրկը, չեմ մտնի իմ հարկի ակ, մինչև վերջին հագարացին դուրս չքշեմ հայրենիքի սահմաններից: Թող կործանի ինձ աստված, թող հայ քրիստոնյան ինձ Հուդա անվանի, եթե ես դրժեմ իմ ուխտն ու երդումը: Հայի աստվածը մեզ օգնական, հայի խաչը մեզ պահապան:

ԲՈԼՈՐԸ - Երդվում ենք:

ՇԱՀԱՆԴՈՒԽՏ – Տեր իշխան, ներիր իմ համարձակությունը: Ինձ ներշնչեց քո երդումն ու հրավերը: Կանանց հրամայված է չխառնվել տղամարդկանց գործերին և ոչ էլ մասնակցել պատերազմներին, բայց ոչ ոք չի կարող արգելել կնոջը իր հայրենիքի համար մեռնել: Ընդունիր և ինձ, աղաչում եմ քեզ, քո մարտիկների խմբում: Եթե ես պիտանի չլինեմ իբրև զինվոր, պիտանի կլինեմ իբրև գթության քույր:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Իմ սիրասուն Շահանդուխտ, եթե հայոց աշխարհը քեզ նման ծաղիկներ ունի, ապա այս քաջերը թույլ չեն տա, որ թշնամին ձեր հանգիստը խանգարի: Քեզ, աղջիկս, հանձնում եմ բերդակալի պաշտոնը` որպես Սյունյաց քաջազուն օրիորդի, իսկ բերդակալ Մուշեղն ինձ հետ կլինի ռազմի դաշտում: Շահանդուխտը իմ Գոռի հարսնացուն է, հետևապես և իմ տան ժառանգորդը:

ԳՈՌ – Հայր իմ, հանդիսավոր կերպով հայտարարեցիր, որ Շահանդուխտը իմ հարսնացուն է, այժմ իրավունք տուր ինձ, հայր, որ ես էլ իմ կողմից իմ նվերը տամ նրան իբրև սիրո նշան:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Տուր, զավակս, նվիրիր քո հարսնացուին ինչ-որ հաճելի է քեզ:

ԳՈՌ – Ընդունիր այս սուրը, սիրելի Շահանդուխտ, որ այն պաշտպանի իմ հարսնացուին թշնամիներից:

ՇԱՀԱՆԴՈՒԽՏ – Կանայք սուր չեն կրում, Գոռ իշխանիկ, բայց ես այս նվերը կկրեմ իբրև քո սիրո հիշատակ և կվերադարձնեմ քեզ այն ժամանակ, երբ դու արշավանքից վերադառնաս հաղթական փառքով:

ՎԱՀՐԱՄ - Եթե հայրենիքն անգամ ինձ չոգևորե, ձեզ երջանիկ տեսնելու ցանկությունն արդեն բավական է, որ անպարտելի հարված դառնա մեր թշնամու համար: Ես չեմ մեռնի, մինչև սուրբ պսակի խաչը ձեր գլխին չբռնեմ:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Թող ավելի բարձր հնչեն զանգերը: Իմ քաջեր, մեզ մնում է մի վերջին պարտք կատարելու. գնանք թագավորի մոտ` նրա հրամանն ու օրհնությունն ստանալու:

Հնչում է մարտական քայլերգ: Բեմը մթնում է: Լուսավորվում են միայն Մարզպետունին և Գոհարը:


ԳՈՀԱՐ - Գևորգ, լավ նայիր մեր որդուն, դողա նրա կյանքի համար:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Հանգիստ եղիր, Մարզպետունյաց տիկին, Գոհարս, ես ամեն ինչ կանեմ, որպեսզի նա ապահով լինի, բայց չեմ էլ կարող նրան ռազմի դաշտ չտանել: Իմ որդին էլ մեկն է հայրենիքի քաջերից, բոլոր այն պատանիներից, ովքեր այս պահին զենք են վերցրել, ովքեր կռվի են ելել ընդդեմ թշնամու... ուրեմն, բոլորի հետ հավասար պիտի կռվի թշնամու դեմ:

ԳՈՀԱՐ – Նա չափազանց երիտասարդ է ու անփորձ, միայն զգացմունքներով է առաջնորդվում:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Չէ, Գոհարս, միայն զգացմունքներով չէ, որ նա մղվում է առաջ: Տես, արդեն առնական տղամարդ է դարձել, ինքնուրույն ու համարձակ:

ԳՈՀԱՐ - Բայց նա դեռ երեխա է, Գևորգ, դու բեղ-մորուսին ու դատողություններին մի նայիր: Լավ ուսուցիչներ է ունեցել, քո խրատներով է մեծացել... Նա դեռ խոսելիս կարմրում է ու ամաչում... Այսօր առաջին անգամ նա համարձակվեց Շահանդուխտին հարսնացու կոչել և այն էլ քեզանից համարձակություն առնելով:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - Բոլոր զավակներն էլ իրենց ծնողների համար երեխաներ են, Գոհարս, փոքր, անպաշտպան, կարմրող ու ամաչող, բայց նրանք իրականում արդեն մեծ են, հասուն... Պարզապես ծնողները չեն նկատում, չեն ուզում նկատել...

ԳՈՀԱՐ – Ճիշտ ես, չեն ուզում նկատել... Այդ ե՞րբ մեծացավ, հասակ առավ... Չնկատեցինք:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Չնկատեցինք, որովհետև մենք էլ մեծացանք` մեր մեծանալը չնկատելով...

ԳՈՀԱՐ – Մորուքդ ու գլխիդ մազերն արդեն սպիտակում են, աչքերիդ տակ փոսիկներ են առաջացել, իսկ դեմքիդ էլ արդեն կնճիռներ են նկարվել... Չնայած տարիքիդ, անվերջ ու անհանգիստ Հայոց աշխարհւ սահմաններն ես չափչփում, ռազմի դաշտ ես մեկնում, ճակատամարտ ես կազմակերպում... Հանգստանալու ժամանակը չէ՞:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - Ես արդեն ասել եմ, որ կհանգստանամ միայն այն ժամանակ, երբ ամենավերջին հագարացուն դուրս կվռնդեմ Հայաստանի սահմաններից, իսկ սահմաններ չափչփելով` հոգնություն չեմ զգում: Երկիրը մերն է, պիտի պահենք ու փայփայենք մեր և ուրիշների զավակների համար, իմ և քո ապագա թոռների` Գոռի և ահանդուխտի երեխաների համար:

ԳՈՀԱՐ - Անընդհատ երկրի և ուրիշների մասին մտածելով, դու քո, մեր մասին չես մտածում: Կյանքն անցավ, Գևորգ, սիրո և երջանկության ժամանակ չմնաց: Իսկ մենք սիրելու և երջանիկ լինելու իրավունքն ունեինք: Երբ հանդիպեցինո ու խորանի առաջ հավատարմության երդում տվեցինք, նաև վճռեցինք երջանիկ լինել...

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Ուշադիր նայիր ինձ, իշխանուհի, մի՞թե երջանիկ չես եղել մեր համատեղ կյանքում:

ԳՈՀԱՐ - Եղել եմ, եղել եմ, բայց ամեն ինչ եղել է կիսատ, ամեն ինչի մեջ մխրճվել են պատերազմներն ու քո աշխատությունները... Ե՞րբ է խաղաղվելու ամեն ինչ, որպեսզի մենք էլ մեր երջանկության մեջ ապրենք:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - Երբ ծնվեց Գոռը, մենք մեզ աշխարհի ամենաերջանիկ մարդիկ համարեցինք ու երջանկության մեր բաժինը տվեցինք մեր որդուն: Նրան տրված սիրո մեջ է մեր սերը, Գոհարս... Մի տխրիր, մի տրտնջա, ամեն ինչ կվերջանա, երկիրը խաղաղության մեջ կլինի, և այն ժամանակ մենք ժամանակ կունենանք միշտ իրար հետ լինելու, իրար հետ...

ԳՈՀԱՐ - Ես իմ բախտից չեմ տրտնջում, իշխան Մարզպետունի: Նայում եմ շուրջս գտնվող կանանց և հասկանում, որ նրանց մեջ ամենաերջանիկը ես եմ, որովհետև դու իմ կողքին ես, բայց այնքա~ն կուզենայի, որ պատերազմներում սպառվող ժամանակի փոխարեն մեր երջանկության ժամանակը երկարեր...

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Մի քիչ էլ համբերիր, Գոհարս, մի քիչ էլ... Շուտով կավարտվի այս թոհուբոհը, տուն կգանք պատերազմից ու Գոռին կամուսնացնենք...Այրիվանքը կվերականգնենք ու նրա զանգակատնից հնչող առաջին զանգերը մեր որդու հարսանիքի ուրախությունը կավետեն... Նորից աշխարհի ամենաերջանիկ մարդիկ կլինենք... Սիրո համար էլ ժամանակ կլինի... Կհիշենք մեր անցած օրերը, մեր առաջին հանդիպումը, մեր առաջին ուրախությունները...Դե լավ, մնաս բարով, արդեն գնալու ժամանակն է, զորքն ինձ է սպասում. լաց չլինես, զինվորին արցունքներով չեն ճանապարհում, այլ` խնդությամբ:

ԳՈՀԱՐ – Չէ, լաց չեմ լինի, աչցունքներ չեմ թափի: Կփորձեմ ուրախ լինել, որովհետւ ամուսինս ու որդիս ռազմի դաշտ են գնում... Գուրգուրիր մեր որդուն, Գևորգ, մեր մենիկ որդուն, մեր տան ճրագին... Գնաս բարով... Գնաք բարով... Հայ բոլոր կանանց օրհնանքն եմ սփռում ձեր ճանապարհին... Քեզ լավ նայիր, սպարապետս, ամուսինս, Գևորգս... Հիշիր, որ ես ձեզ հետ եմ ռազմի դաշտում, հիշիր, որ տունդարձին Գոռի հարսանիքն ենք անելու, ուրախանալու ենք և խնդալու, պարելու ենք և երգելու...

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - Դու էլ այստեղ քեզ հանգիստ պահիր, ուժ հավաքիր, որպեսզի օգնես մեր բերդակալ հարսիկին, այստեղ մնացած բոլոր կանանց: Հիշիր, սպարապետի կինն էլ սպարապետ է...

Մթնեցում: Սևանի ափն է: Երեկոյանում է:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ - Այդ դու՞ ես, թագուհի:

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ - Այո, իմ թագավոր:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ - Այստե՞ղ, միայնա՞կ, այս ժամի՞ն:

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ – Մի՞թե միայնակ եմ ես: Չէ՞ որ ինձ հետ է Աշոտ թագավորը:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ – ՈՒ՞ր են քո նաժիշտները:

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ - Ես ինքս ցանկացա մենակ մնալ: Կամենում էի անպատճառ քեզ տեսնել: Մտա քո ննջարանը, ինձ ասացին, որ դու ամեն գիշեր զբոսնում ես այստեղ:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ - Բայց ինչու՞ էիր կամենում ինձ տեսնել: Ի՞նչ ունես հաղորդելու: Ինչու՞ կամեցար գիշերային հանգիստդ խանգարել:

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ – Հանգի՞ստ: Մի՞թե հանգիստ ունեմ ես: Մի՞թե կարող եմ հանգիստ ունենալ:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ – Թագուհի...

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ – Ինձ համար հանգիստը վաղուց է կորել:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ – Մեր երկրում ոչ ոք հանգստություն չունի:

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ - Այո, ոչ ոք: Բայց երբ թշնամին հեռանա, բոլորը դարձյալ կվայելեն իրենց հանգստությունը:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ – Նրանց հետ` նաև ես, դու...

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ - Ե՞ս... ՈՒ՞ր էր, թե այդպես լիներ:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ – Մի՞թե վախենում ես ապագա հարձակումներից: Նույնիսկ այսօր ոչ մի վտանգ չի սպառնում քեզ: Սևանն անառիկ է և անմատչելի:

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ – Իմ բերդն ու ամրությունները վաղուց կործանել է թշնամին: Իմ հանգիստն ու խաղաղությունը կորել է հավիտյան:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ - Դու դարձյալ հին ցավերն ես ակնարկում:

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ – Թույլ տուր, որ գոնե այս անգամ խոսեմ քեզ հետ:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ – Թագուհի, դու հուզված ես, դու պետք է հանգստանաս:

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ – Թող, աղաչում եմ քեզ:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ - Բայց ի՞նչ է պատահել: Մի՞թե որևէ մեկը նոր վիրավորանք է հասցրել քեզ:

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ – Նոր վիրավորա՞նք: Ոչ: Հին վերքն է, որ շարունակ մաշում է իմ սիրտը:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ – Թագուհի, դու արտասվու՞մ ես: Եկ, առաջնորդեմ քեզ քո կացարանը:

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ - Ես կամենում եմ խոսել քեզ հետ: Մի մերժիր իմ խնդրանքը:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ – Սիրելի Սահականույշ...

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ – Սիրելի Սահականու՞յշ... Աստված իմ, և դու ինձ այդ ասացի՞ր: Արդյո՞ք իմ ականջները սխալ չլսեցին, սիրելի ասացիր, այնպես չէ՞: Խղճու՞մ ես ինձ, այո՞:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ – Սիրելի թագուհի, գնանք այստեղից:

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ – Ոչ, ես այստեղից չեմ գնա, չեմ հեռանա իմ սիրելի Աշոտից: Ես այլևս չեմ հուզվում, կարող եմ խոսել:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ – Խոսիր, բայց անցյալից ինձ ոչինչ մի հիշեցրու:

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ – Լավ: Գառնիում ես հաշտվել էի արդեն իմ վիճակի հետ և հանուն երկրի փրկության` որոշեցի քո կողքին լինել, սփոփել և ստիպել, որ վերադառնաս Ոստան, դեպի քո գահն ու ապարանքը, իսկ դու կարծեցիր` ես եկել եմ ծաղրելու քո պարտությունը Ցլիկ Ամրամից: Ես ստիպված էի այս ժամին գալ քեզ մոտ, խոսել քեզ հետ, քանի որ վտանգը մեր դռանն է չոքել: Ուշացնել այլևս անկարելի է:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ – Ի՞նչ ես ուզում դու ինձանից:

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ - Այն, որ վերադառնաս Ոստան, բազմես քո գահին, շուրջդ հավաքես ավագանին, զորքն ու բանակը կարգավորես, թշնամու առաջն առնես և երկիրը փրկես կործանումից:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ - Դու կամենում ես, որ Աշոտ Երկաթը թագավորի՞ նորից: Այո՞:

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ - Այո, և թագավորի այնպես, ինչպես թագավորում էր առաջ:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ - Բարի է քո ցանկությունը, բայց այն կատարել անկարող եմ:

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ – Ինչու՞:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ – Պատճառները բազմաթիվ են:

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ – Մի՞թե այդ պատճառներն ավելի զորավոր են, քան Աշոտ Երկաթի կամքը:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ - Աշոտ Երկաթի կա՞մքը:

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ - Այո, չէ՞ որ դու զորավոր էիր մի օր, ինչպես անապատի առյուծ...

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ - Եվ սակայն առյուծն էլ տկարանում է ու մեռնում: Լսու՞մ ես, ինչպես ալեկոծվեց ծովը:

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ - Դու չե՞ս կամենում խոսել:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ – Մենք, իմ սիրելի թագուհի, թշվառ խաղալիքներ ենք բնության ձեռքում... Դու ինձ սիրում ես, այնպես չէ՞:

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ – Սիրում եմ, այո, անսահման սիրով:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ – Ի՞նչ կարող է անել սիրո դեմ մարդու կողմից սահմանված օրենքը: Կարո՞ղ է հրամայել, որ սիրելուց դադարես:

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ – Օրենքը, ընդհակառակը, սրբագործում է իմ սերը, որովհետև սիրում եմ իմ օրինավոր ամուսնուն:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ – Իսկ եթե հանկարծ սիրեիր մեկ ուրիշի՞:

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ – Քրիստոնեական առաքինությունը, որին հետևել եմ միշտ, թույլ չէր տա ինձ մտածել ապօրինի սիրո մասին:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ – Ի՞նչ անի այն սիրտը, որին բնությունը հրամայել է սիրել նրան, ով օրենքով իրեն չի պատկանում:

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ - Այդ միևնույն է, եթե ասես, թե ինչ անեն գողերն ու ավազակները, որոնց սիրտը ցանկացել է հափշտակել ուրիշի ունեցվածքը: Մի՞թե կարող ես արդարացնել այդ ավազակներին:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ – Ինչպես ծովը սկսեց ավելի ալեկոծվել:

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ – Ուրիշ ասելիք չունե՞ս:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ – Ուրիշ ասելի՞ք: Ունեմ: Ավազակին պետք է պատժե՞լ, թե՞ ներել:

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ – Իհարկե, պատժել:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ – Ինչու՞ ուրեմն դու կամենում ես ներել նրան, երբ անաչառ դատավորը հրամայել է պատժել:

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ – Ո՞վ է ավազակը, ո՞վ է դատավորը:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ - Ես եմ ավազակը: Եվ ինքս էլ ահա որպես անաչառ դատավոր` պատժել եմ ինձ, հեռանալով արքայական գահից: Ինչու՞ ես կամենում ինձ նորից ոստան առաջնորդել:

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ – Սիրելի թագավոր...

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ – Մի անվանիր ինձ ոչ սիրելի, ոչ թագավոր: Ես մի չարագործ եմ, աստծուց և մարդկանցից անիծված: Դու ինչու՞ ես ինձ սիրում:

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ – Հավիտյան պիտի սիրեմ:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ – Լռիր, ես չեմ կարող այդ նախատինքը տանել:

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ – Նախատի՞նք:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ - Այո, նախատինք: Որ իմ անհավատարմությունը դու այդքան անսահման սիրով ես փոխարինում: Ատիր ինձ քո հոգու ողջ զորությամբ:

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ - Ես չեմ կարող քեզ ատել:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ - Ատիր, որովհետև ես չեմ սիրում քեզ:

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ – Մի ասա:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ – Չեմ կարող ստել, ես չեմ սիրում քեզ:

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ - Անգութ:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ – Միակ սիրածս կինը աշխարհում...

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ – Մի ասա...

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ - Այո, միակ սիրածս կինը Ասպրամ իշխանուհին է:

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ - Անսիրտ:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ – Կամենում եմ սիրտդ խոցոտելով դժոխային ատելություն ծնել նրա մեջ: Դա կարող է մեղմել իմ վիշտը:

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ - Ես չեմ կարող ատել քեզ: Ամենքը սխալական են աշխարհում:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ - Եվ բոլորին կարելի է ներել:

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ – Հետևապես և քեզ:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ – Ո՞վ կարող է ինձ ներել և ինչ՞ համար: Կարո՞ղ եմ, միթե, մոռանալ, որ քո հոր` Սահակ Սևադայի տունն ավերեցի` իրեն ու որդուն կուրացնելով... Կարո՞ղ եմ մոռանալ, որ ես Ցլիկ Ամրամի` իմ հավատարիմ զինակցի, ընտանիքը կործանեցի, կարո՞ղ եմ մոռանալ, որ ես քո կյանքը թունավորեցի, միաբանությունը խախտեցի, երկիրը թուլացրի, հագարացիների բռնապետություն ը հաստատեցի, և այս բոլորը կատարվեց մի հանցավոր սիրո պատճառով: Ոչ, ես արժանի չեմ ներման:

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ – Ուրեմն, ետ դարձիր, ձեռքդ վերցրու իշխանությունը և փրկիր ժողովրդիդ սպառնացող վտանգից:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ - Անկարելի է: Այդ անելու համար նախ պետք սիրտս խլեմ իմ կրծքից և գանգս դատարկեմ ուղեղից: Այս սրտով և ուղեղով ես գահ բարձրանալ չեմ կարող: Ծովը սկսեց հանդարտվել: Գնանք, թագուհի:

ՊԱՀԱԿԱՊԵՏ – (ներս է մտնում:) Տեր արքա, ցամաքից ինչ-որ լաստ է մոտենում կղզուն` մի խումբ զինվորներով:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ – Պարզեք, եթե թշնամի է` անմիջապես խորտակեք լաստը:

ՊԱՀԱԿԱՊԵՏ – Լսում եմ, տեր իմ:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ – Ո՞վ կարող է լինել:

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ – Կարծում եմ` ոչ թշնամի: Մի լաստով թշնամին չի մտնի կղզի:

ՊԱՀԱԿԱՊԵՏ –(ներս է մտնում:)Տեր արքա, Գևորգ Մարզպետունին է իր խմբով: Ցանկանում է ձեզ տեսնել:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ - Անմիջապես ուղեկցիր ինձ մոտ:

ՊԱՀԱԿԱՊԵՏ - Լսում եմ տեր արքա: (Գնում է:)

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ - Գևորգ Մարզպետունի՞ն: Ի՞նչ հոգս է նրան բերել այս կողմերը:

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ – Թագավորի հանդեպ ունեցած սերը:

Ներս է մտնում Մարզպետունին:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Ողջույն, տեր արքա, հարգանքներս, մայր թագուհի:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ - Դու՞ էլ եկար քո թագավորի հետ ճգնելու, իշխան Մարզպետունի:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Ոչ, տեր թագավոր, այժմ պետք է սպանել, ոչ թե ապաշխարել:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ – Սպանե՞լ:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - Այո, տեր արքա: Տասը պատվիրաններից մեկը մի սպանաներն է: Հիմա այդ պատվիրանն իրագործելու ժամանակն է եկել:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ – Հույս ունեմ, ինձ քո հանցանքներին մասնակից անելու համար չես եկել:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - Եթե իմ զորքին թագավորն առաջնորդեր...

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ – Քո զորքի՞ն... Մի՞թե զորք ունես...

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - Այո, մեծափառ տեր:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ – Որտե՞ղ է զորքդ:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - Այստեղ, Սևանում:

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ – Սևանու՞մ:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - Այո, մայր թագուհի, Սևանում:

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ – Մեզ հայտնեցին, որ մի լաստ է մոտենում` մի խումբ մարդկանցով:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Իմ բանակը մի խումբ զինվորներ են: Ավելին ձեռք բերել չկարողացա: Ինչու՞ ես այդպես նայում, տեր արքա: Գուցե կարծում ես, թե ես խելագա՞ր եմ:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ - Ասում ես, մի խումբ զինվորներ են: Եվ միևնույն ծամանակ փափագում ես, որ թագավորն առաջնորդե նրանց: Ծաղր է, իշխան:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Քավ լիցի: Եթե համարձակվեմ այդչափ լրբանալ քո առաջ, տեր արքա, իրավունք ունես ինձ խելագար անվանելու: Այս ընդհանուր տագնապի մեջ, երբ իշխաններն իրենց հազարավոր զորքերով փակված են ամրոցում, խելագարություն է, իհարկե, մի խումբ մարդկանցով բաց դաշտ իջնելը, բայց ես այդ անում եմ, որպեսզի կարողանամ ամոթի կնիք դրոշմել նրանց ճակատին:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ - Դա կլինի, եթե հաղթես:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - Եթե մեծ բանակի դեմ կռվել չկարողանանք, գոնե նրանց ուժերը ջլատել կկարողանանք:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ - Դա շատ փոքր օգնություն է հայրենիքին:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - Ամեն գործ սկսվում է փոքրով:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ – Ուրեմն, հույս ունես ի վերջո հաղթե՞լ:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - Երկուսից մեկը. կամ հաղթեմ, կամ էլ խմբով իսպառ ջնջվեմ: Ես չեմ կարող իմ բերդում նստել և կյանք խնայել այնպիսի ժամանակ, երբ թագավորը գահը թողած` ճգնում է Սևանում:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ - Ասա ինձ, Գևորգ, ինչու՞ ես եկել Սևան:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Իմ արշավանքը սկսելուց առաջ արքայի հրամանն ու օրհնությունը ստանալու:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ – Իմ քաջ և հավատարիմ իշխան, դու, ուրեմն, փառքն անգամ չես կամենում առանց քո արքայի հրամանի վայելել... Դու արժանավոր զինակից հանդիսացար ինձ, բայց ես, ավաղ, քեզ անարժան թագավոր եմ... ՈՒ՞ր են քո քաջերը:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - Էհե~եյ, իմ քաջեր, մոտ եկեք:

Ներս են մտնում խմբի անդամներն ու շարք կանգնում: Միասին գոչում են. Կեցցե մեր թագավորը:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ - Ապրեք, իմ քաջեր: Դու՞ էլ այստեղ ես, իմ սիրելի Գոռ, դու՞ էլ ես քաջերի խմբում: (Համբուրում է Գոռին:) ՈՒ՞մ պաշտպանությանն հանձնեցիր Շահանդուխտին:

ԳՈՌ – Իր իսկ պաշտպանությանը:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ - Բերեք արքայական դրոշը, Վանահայր, թող հնչեցնեն զանգերը: Իմ իշխանները թողեցին ինձ միայնակ և ամոթահար, այդ պատճառով ես մտա Սևան իբրև կամավոր գերի: Եթե կարողանաք դուք սրբել այն արատը, որ դրին մեր դրոշի վրա տիրադավ իշխանները, այն ժամանակ ես դուրս կգամ իմ բանտից և կպսակեմ հաջողությունը իմ արշավանքով: Այսօրվանից ահա իմ դրոշը հանձնում եմ ձեզ, թող նա ոգևորի ձեզ և հիշեցնե, որ թագավորը կալանավոր է Սևանում: Տեր Մարզպետունի, այս դրոշի հետ միասին տալիս եմ քեզ իրավունք գործելու ամեն տեղ իմ կողմից և իմ անունից. այս դրոշն իմ փոխարեն կլինի քո խմբի և առաջնորդ, և զինակից:

Զանգահարություն: Բոլորը լուռ կանգնած են: Վանահայրը մեղմ շշնջում է. «Հայր մեր, որ ...»: Բոլորը կրկնում են նրա հետ աղոթքի բառերը Սահականույշը հերթով մոտենում է բոլորին և համբուրում նրանց ճակատները: Մթնեցում: Ոռնացող բքի ձայն: Կրակի շուրջ կծկված նստած է Ցլիկ Ամրամը: Մտնում է լրաբերը:

ԼՐԱԲԵՐ - Ամրամ իշխան, Գևորգ Մարզպետունին ցանկանում է քեզ...

ԱՄՐԱՄ – Ներս հրավիրի... Ինչու՞ է նա այստեղ գալիս այս ձմեռվա բուքին: Հիմա՞ ինչ դիտավորություն ունի...

Մտնում է Մարզպետունին:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - Բարի ողջուն, Ամրամ սեպուհ:

ԱՄՐԱՄ - Դու այստե՞ղ:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Ինչպես տեսնում ես, տեր սեպուհ, ես այստեղ եմ: Եկա քո դղյակը հյուր, բայց դու երևի հենց դրա համար էլ պատրաստվում ես հեռանալ այստեղից, դատարկել ես ամրոցդ...

ԱՄՐԱՄ - Աստված դատարկեց: Նա խլեց իմ դղյակից թանկագին զարդը... Նստիր, տաքացիր, ցուրտ է անշուշտ, Տաուշի ձորն առատ է բուքով...

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Ինչու՞ ես հեռանում քո երկրից:

ԱՄՐԱՄ - Ես իմ երկիրը հանձնեցի Ափխազա թագավորին:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Ինչու՞:

ԱՄՐԱՄ - Այստեղ մնալը մահ է ինձ համար: Այս դղյակի սենյակներում ապրում են դժոխային ոգիներ, որոնք օր ու գիշեր տանջում են ինձ, ես նրանցից եմ փախչում, հեռանում:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - Դժոխային ոգինե՞ր...

ԱՄՐԱՄ - Այո, ոգիներ... Դու տեսե՞լ ես նրանց...

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - Ե՞ս... ե՞ս...

ԱՄՐԱՄ - Բախտավոր մարդ ես, ում որ ոգիները չեն չարչարում, նա անպայման բախտավոր է: Այո, ես էլ մի օր այդպիսին էի, բայց իմ բախտը քո թագավորը կործանեց...

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Տեր սեպուհ...

ԱՄՐԱՄ – Հա, ի՞նչ է անում այդ թշվառականը: Ապրում է, այնպես չէ՞: հանդեսներ է կատարում և չի հիշում իր չարագործությունը: Ներիր ինձ, տեր Մարզպետունի, հիվանդ եմ, սիրտս ու հոգիս ծածկված են վերքերով:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Լուր ստացա, թե դու միացել ես Գուգարաց և Տայոց իշխանների հետ և պայման ես դրել հանձնել Ափխազաց թագավորին Տայք, Գուգարք և Ուտիք նահանգները: Այդ լուրն ինձ ուղղակի սարսափեցրեց: Ես եկել եմ խանգարելու այդ ազգավաճառ գործը:

ԱՄՐԱՄ – Ուշացել ես:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Ինչպե՞ս թե ուշացել եմ:

ԱՄՐԱՄ - Այնպես, մենք արդեն մեր գործն ավարտեցինք: Հիշածդ նահանգները հաստատուն դաշնագրերով հանձնեցինք Բեր թագավորին, իսկ դրանց փոխարեն ստացանք նրանից զանազան կալվածքներ Ափխազիայում:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Ի՞նչ իրավունքով դուք այդ բանն արեցիք:

ԱՄՐԱՄ - Այն իրավունքով, որ մեզ տրված էր հայոց թագավորից:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Նա ձեզ սոսկ վերակացուներ էր կարգել այս նահանգների վրա:

ԱՄՐԱՄ - Բայց հետո մենք ապստամբեցինք և տիրեցինք այդ նահանգները:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - Այնուանենայնիվ, դուք այդ նահանգները հեշտությամբ հափշտակեցիք:

ԱՄՐԱՄ - Այո, ես չեմ ուրանում, հափշտակեցի: Չլիներ Ցլիկ Ամրամը, Գուգարքն ու Տայքը չէին բաժանվի հայոց թագավորությունից: Ես ինքս ստեղծեցի այդ բաժանումը: Պատմությունը հայտնի է ձեզ:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - Այո, հայտնի է, բայց չէ՞ որ դու արդեն քո վրեժը լուծեցիր, զրկեցիր թագավորին իր տուրքից, ստիպեցիր նրան քո երեսից փախուստ տալ, ճգնել Սևանում... Էլ ուրիշ ի՞նչ ես պահանջում նրանից: Ի՞նչ հանցանք ունի այդ նահանգների հայ ժողովուրդը, ինչու՞ ես նրան մատնում օտար գազանի:

ԱՄՐԱՄ – Տեր Մարզպետունի, երբ դու խոսում ես, ինձ թվում է, թե հանցավոր եմ: Բայց երբ սկսում եմ անցյալը մտաբերել... Այո, Աշոտ թագավորը ինձ անփոխարինելի զրկանք պատճառեց, անդառնալի կորուստ: Նա հափշտակեց իմ անզուգական գանձը, իմ աննման հարստությունը... Ինձ թվում էր, թե վրեժս չի հագենա, եթե Արարատի ահավոր ժայռերը նրա գլխին չթափեմ...

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Չեմ հասկանում քեզ, տեր սեպուհ:

ԱՄՐԱՄ – Չես հասկանում... Ասպրամի զարհուրելի գաղտնիքն իմանալուց հետո հրամայեցի շղթաներ զարկել իմ թշվառ Ասպրամի ոտքերին և ձգել բանտ, այո, փակել տվի նրան զնդանի մեջ, հրամայեցի չայցելել նրան, ոչ մի լուր չհաղորդել, միայն տալ օրվա պարենը, որպեսզի ապրի խավարի մեջ և տանջվի իր հանցանքի համար... Տեր Մարզպետունի, այնուհետև ես հեռացա Տաուշից, ինչը քեզ հատնի է: Երբ վերադարձա, հրամայեցի հանել զնդանից, և նա շղթայակապ եկավ և կանգնեց իմ առաջ: Ինչու՞ կանգնեց իմ առաջ, ինչու՞ այդ ժամանակ իմ աչքերը չկուրացան... Նրա զվարթ դեմքը դալկացել և վառվռուն աչքերը մարել էին... Տեր աստված, ի~նչ ցնցող տեսարան էր, սիրտ էր պետք դիմանալու համար...Նա կամեցավ խոսել, իկ ես արգելեցի...Ինչու՞ արգելեցի, ինչու՞ աստծո ձեռքն այդ պահին չհարվածեց ինձ... Գուցե նա կամենում էր արդարանա՞լ իմ առաջ, ապացույցներ բերել իր անմեղության մասին... բայց ես, անգութս, ամեն ինչ մերժեցի և նայելով նրա աչքերին, ցինիկ ժպիտով, հայտնեցի իր սիրահար թագավորի ամոթահար փալխուստի մասին... Ասա ինձ, տեր Մարզպետունի, ինչպե՞ս կվարվեիր, եթե իմ վիճակում լինեիր... Ես կարոտել էի նրան, գիտե՞ս, շատ էի կարոտել, որոշեցի գաղտագողի գնալ և տեսնել նրան...բայց... ի~նչ տեսա...Իմ կինը, իմ սիրած Ասպրամը կախված առաստաղից...

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Կախվա՞ծ...

ԱՄՐԱՄ - Այո, կախված... Մի պահ տեսա զարհուրելի պատկերը, մռնչացի ինչպես անապատի առյուծը, որ գոռում է հսկայի հարվածն առնելուց, իմ ձայնը որոտաց դղյակի կամարների տակ, մարդիկ իրար անցան, իսկ ես հափշտակեցի նրան, սեղմեցի կրծքիս և խելագարի նման դուրս փախա աշտարակից... ինձ այնպես թվաց, թե նա կենդանի է, թե շուտով պիտի խոսի իմ ականջին, ավաղ, այդ միայն ցնորք էր... Ես Աշոտ Երկաթի դժոխքն եմ պատրաստելու, տեր Մարզպետունի, թող նա դեռ չմեռնի, մինչև ես իմ ծրագիրն ի կատար ածեմ:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Տեր սեպուհ, դու գրգռված էիր, դրա՞ համար մեր հայրենի նահանգները հանձնեցիր ափխազներին:

ԱՄՐԱՄ - Այո, տեր Մարզպետունի, այո... ես այլևս չեմ կարող ապրել Տաուշում, այս դղյակն ինձ համար գերեզման ու դժոխք է դարձել: Սրա սրահներում ոգիներ են ապրում, սրա ամեն մի անկյունն ինձ Ասպրամին է հիշեցնում... Հիմա էլ կարծես նա այ, այն անկյունից նայում է ինձ մեղավոր աչքերով, նայում է ու կշտամբում...

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Տեր Ամրամ, դու կարող էիր հեռանալ Տաուշից, մեկ այլ տեղ բնակվել, ինչու՞, ինչու՞ հանձնեցիր ափխազներին:

ԱՄՐԱՄ – Որպեսզի ինձանից հետո Աշոտ Երկաթը չտիրեր այս տարածքներին, որպեսզի չչարախնդար իմ դժբախտության վրա... Դժբախտություն, որն իր պատճառով ծնվեց

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - Եվ մի՞թե կարծում ես, թե Ափխազիայի թագավոր Բերը կկարողանա ժառանգել այս երկիրը:

ԱՄՐԱՄ - Եթե չկարողանա էլ ժառանգել, կպատերազմի Աշոտ Երկաթի դեմ, կխանգարի նրա հանգստությունը...

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Հանուն վրեժի զոհել հայրենիքը... Սա վայե՞լ էր քեզ նման քաջ ու հայրենասեր մարդուն...

ԱՄՐԱՄ - Այո, տեր Մարզպետունի, դու Ամրամ սեպուհին երբեք չէիր կարող անարի ու դավաճան կոչել, բայց վրեժն ինձ տարավ այդ քայլն... Արդյո՞ք ճիշտ եմ վարվել... Այս վայրկյանին չեմ կարող պատասխանել... Ասպրամի ուրվականը հառնում է իմ առաջ, մեղավոր հայացքով նայում ու հարցնում` ինչու՞... Ես վրեժիս ծարավը փոխանակեցի հայրենիքիս հետ... Հանուն իմ Ասպրամի, հանուն իմ մեծ սիրո... Ինչու՞ էր նա սիրում Աշոտին, ինչու՞ նույն խելագար սիրով ինձ չէր սիրում...

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Սրտին չես հրամայի, տեր սեպուհ, սիրտն ինքն է իր ընտրությունը կատարում:

ԱՄՐԱՄ – Ուրեմն, ես էլ իմ ընտրությունն եմ կատարել, ես լուծել եմ վրեժս... ես լուծել եմ վրեժս...

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Հայրենի հողերն օտարին տալով վրեժ չեն լուծում, տեր սեպուհ... Այդպես դավաճանում են երկրին ու նրա ժողովրդին, այդպես օտար առիթ են տալիս իրեն վերագրելու մեր պատմությունը, մեր հողերը...

ԱՄՐԱՄ – Թող այս խրատներդ, տեր Մարզպետունի, դու միշտ ճիշտ ես, դու միշտ ասում ես այն, ինչը ճշմարիտ է, աստվածահաճո է, դու ինքդ առաքինությունն ու բարությունն ես, բայց ինքդ ասացիր, որ սրտին չեն հրամայի... Սիրտս այդպես ուզեց, սիրտս այդպես կարգադրեց ինձ... Թող եկող սերունդները մեղադրեն ինձ, թող դավաճան կոչեն, բայց մի օր նրանք էլ կհասկանան, որ վիրավորված մարդը գազանի է նման, նա իրեն հաշիվ չի տալիս...

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - Դարձի եկ, Ցլիկ Ամրամ, դարձի եկ ու չեղյալ համարիր համաձայնագիրդ, քանի դեռ ուշ չէ, քանի դեռ հավիտենական անեծքը չի դարձել քեզ ուղեկից, մի ծվատիր այն երկիրը, որն հատկապես հիմա ծվատվել է արտաքին ու ներքին ցնցումներից, դարձի եկ...

ԱՄՐԱՄ – Իմ վիճակում դարձի չեն գալիս, տեր Մարզպետունի... Իմ վիճակում քահանա են կանչում` թողություն խնդրելու համար...

Վազում է դեպի դուռը:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Կաց, Ամրամ սեպուհ, դրսում բուք է:

ԱՄՐԱՄ - Ավելի լավ, ավելի լավ... Այստեղ ոգիներ են, այստեղ Ասպրամի ուրվականն է, ես կխենթանամ, տեր Մարզպետունի... Դրսում լավ է, այնտեղ ոգիներ չկան, այնտեղ միայն բուքն է ոռնում, նա ինձ կհասկանա, բուքն ինձ կհասկանա…

Դուրս է վազում: Մթնեցում: Աշոտ Երկաթի գահանիստ սրահը:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ – Ի՞նչ բարի հրաման, պատգամաբեր Բեշիրի:

ՊԱՏԳԱՄԱԲԵՐ -Բեշիր զորականը բարեհաճեց իր ողջույնն ուղարկել հայոց թագավորին և հայտնեց, որ ամիրապետի հրամանով և դրոշով եկել է Սևան կղզին առնելու և թագավորին գերելու: Բայց քանի որ ինքը` Բեշիրը բարեկամ է արքային,ուստի առաջարկում է ձեզ գալ իր վրանը, խաղաղության ու բարեկամության դաշն կնքելու, իսկ Սևանն առաց կռվի հանձնելու` իբրև ամիրապետի իշխանությանը պատկանող կալվածք, հակառակ դեպքում Բեշիր զորապետը չպետք է խնայի ոչ քո անձը և ոչ էլ Սևանի բնակիչներին: Քո իշխաններից մեկը, ոմն Մարզպետունի իշխան, խռովք է պատճառել մեծ զորապետին, նա համարձակվել է գիշերով խանգարել նրա հանգիստը: Զորապետը շատ խիստ զայրացած է: Եթե դուք, Հայոց թագավոր, չընդունեք մեծ զորապետի առաջարկությունները, ապա նա ձեզ գերի կվերցնի և կտանի հայոց բոլոր գավառները, որպեսզի տեսնեն իրենց թագավորի անզորությունը: Միայն այդ կհանգստացնի մեծ զորապետի զայրույթը:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ – Հայտնեք մեծ զորապետին, որ դրա կարիքը չկա: Հայոց երկիրը ամիրապետինն է, ոչ ոք չի կարող այդ ուրանալ, ուրեմն հարկ չկա կռիվ մղելու այս կղզու համար, քանի որ նրա մուտքը բաց է ձեր առաջ: Ինչ վերաբերում է ինձ, հայտնեցեք Բեշիր զորապետին, որ շատ զգացված եմ նրա ողջույնի և ինձ առաջարկած բարեկամության համար: Ասացեք, որ հենց այսօր կգամ նրան ողջունելու:

ՊԱՏԳԱՄԱԲԵՐ – Մնացեք խաղաղությամբ, տեր թագավոր:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ - Գնացեք խաղաղությամբ: (Պատգամաբերը դուրս է գնում:) Այս անգամ մենք թշնամու հետ կխոսենք իր իսկ լեզվով, նենգությամբ: Հայերը պատմության դասերը չեն մոռանում, նրանք հիշում են Արշակ Երկրորդին և Անհուշ բերդը:

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ - Այս կղզու մեջ մենք կարող ենք բարեհաջող պաշտպանվել: Մեր ունեցած զորքը և դրա հետ էլ վանքի միաբանները կարող են հաջողությամբ ետ մղել թշնամու լաստերը, դրա համար կղզին ունի ամեն հարմարություն: Իսկ կղզուց դուրս քեզ համար չկա հենարան, թշնամին իր նետերի տարափով կոչնչացնի քո հարյուր զինվորներին, այնուհետև հագարացիները հեշտ ու հանգիստ կավերեն կղզին:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ – Հանգստացիր, թագուհի... Հանգստացիր... Մի խռովիր հոգիս... Ես քեզ կասեմ, ամեն ինչ կասեմ: Երկու զորավոր պատճառ ստիպում են ինձ այդ քայլն անել:

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ – Ի՞նչ պատճառներ:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ - Գոռոզ հագարացին համարձակվեց պատգամաբեր ուղարկել ինձ մոտ և Սևանը պահանջել` համարելով այն ամիրապետի կալվածք, բացի այդ, թագուհի, նա ինձ հրավիրեց իր բանակը ոչ թե բարեկամության դաշն կնքելու, այլ` շղթայելու: Այդ թշվառականը, որ ջարդ է կերել Մարզպետունու փոքրաթիվ խմբի կողմից, հայոց թագավորին անզոր է համարում: Որքան էլ իմ զինվորներկի թիվը նվազ լինի, ես պետք է հարձակվեմ... Ամոթ է, որ առիթը ներկայացել է, և Աշոտ Երկաթը Գևորգ իշխանի չափ հայրենասիրություն և քաջություն չի ցուցաբերում:

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ - Երկրո՞րդ պատճառը:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ - Երկրորդ պատճառը... ի՞նչ ասեմ, թագուհի...

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ - Ասա, աղաչում եմ:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ – Կյանքը կորցրել է իր արժեքը իմ աչքում:

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ – Լռիր, աղաչում եմ, լռիր:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ – Իմ մահով, թերևս, կարողանամ քավել իմ մեղքերը, որ բազում չարիքների պատճառ դարձան:

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ - Առաջին պատճառը և հարգելի է, և իրավացի: Երկրորդը` անիրավ, եթե կյանքը բեռ է դարձել քեզ համար և դու կամենում ես նրանից ազատվել, դա քո իրավունքն է: Բայց քեզ հետ միասին մահվան հանդիման տանել ուրիշ հարյուր հոգի` անիրավացի է:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ – Հանգստացիր, թագուհի, այս հարձակումը գուցե մի զոհ ունենա:

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ – Տարօրինակ գուշակություն է դա:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ – Տարօրինա՞կ, ասում ես... գուցեև տարօրինակ... Արևամուտին Բեշիրը անհոգ նստած կլինի իր վրանում, զարդարված ոսկեղեններով: Նա կսպասի իմ անձնատուր լինելուն և մեր կղզու գանձերին: Ես էլ զարդարված կներկայանամ նրան, բայց իմ կողքին թաքնված կլինեն իմ զինվորները: Մենք կսկսենք նետերի տարափ տեղալ, նրանք ժամանակ չեն ունենա զենք վերցնելու: Ես հավատում եմ իմ հաղթանակին, թագուհի... Իմ երջանկության օրերում անգամ ես թույլ չեմ տվել երբեք, որ անձնասիրությունը գերակշռի իմ մեջ հայրենասիրությանը և պատվասիրությանը:

ՎԱՆԱՀԱՅՐ – (մտնելով ներս): Տեր արքա, կազմ ու պատրաստ սպասում ենք ձեր հրամանին:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ - Դե, սիրելի Սահականույշ, ես գնում եմ մարտի... Տացե Աստված, որ մենք հաջողությամբ ավարտենք մեր այս դժվարին մարտը:

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ - Աստված քեզ օգնական:

Լսվում են ռազմի փողերի ձայներ: Մթնեցում: Աշոտ Երկաթի ննջարանը: Աշոտը պառկած է, ներս են մտնում Աբասը, Գևորգ Մարզպետունին:

ԱԲԱՍ – Սիրելի թագավոր...

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ - (Գրկախառնվում են:) Սիրելի եղբայր... Վաղուց կամենում էի հաշտության ձեռք պարզել քեզ` իբրև իմ եղբոր ու ժառանգի: Որովհետև տեսնում էի, թե որքան տուժեց երկիրը մեր գժտության պատճառով: Ես անհամբեր սպասում էի, որ դու կայցելես ինձ, ձեռք կմեկնես, սակայն դու չմոտեցար ինձ, և ես խոր վիշտ զգացի այդքան անողոք սիրտ ունենալուդ համար: Շնորհակալ եմ, որ դու իմ վերջին խնդիրը հարգեցիր, բերիր ինձ հարազատ եղբոր համբույրը, որը երջանկություն է բերելու մեր երկրին: Այսօրվանից տալիս եմ քեզ իմ թագն ու գահը, տալիս եմ քեզ այն, իբրև իմ և թագուհու միակ ժառանգի, վայելիր այն աստծո, ազգի և մեր օգնությամբ:

ԱԲԱՍ – Ինչի՞ համար են այս տխուր զրույցները: Մի՞թե արքայական գահը կարող է ավելի սիրելի լինել ինձ, քան իմ պարտավորությունը: Իմ սիրտը լի է սիրով դեպի քեզ և ցանկանում է տեսնել իմ թագավորին նորից իր բարձրության վրա: Աստված թող քեզ երկար կյանք տա, իսկ ես կլինեմ քո գահի ծառան:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ – Հավատում եմ քո սրտի անկեղծությանը և վշտացած եմ, որ այսքան ուշ սկսեցի վայելել քո սիրո քաղցրությունը: Բայց իմ ժամերը հաշվված են, սիրելի Աբաս, Աստված թող օրհնի և պահպանի քեզ, որպեսզի մխիթարես քո ժողովուրդը, որն այնքան շատ վշտացավ իմ թագավորության օրոք:

ԱԲԱՍ – Քո թագավորության օրոք էլ նա կմխիթարվի: Կգնանք քո աթոռանիստը, դու կբազմես նորից քո գահի վրա, և մենք կաշխատենք փառքով շրջապատել այդ գահը:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ – Փառքո՞վ: Վաղուց եմ ես այդ փառքի աղբյուրները ցամաքեցրել:

ԱԲԱՍ – Ոչ, տեր արքա, այդ աղբյուրները չեն ցամաքել, այլ` նվազել են, և այն էլ ոչ թե քո, այլ իմ հանցանքով: Ես խախտեցի միաբանությունը, ես պետք է քավեմ այդ հանցանքը:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ - Դու միայն մի պարտք ունես կատարելու. մո արժանավոր թագավորությամբ մոռացնել տաս հայ ժողովրդին Աշոտ Երկաթի անունը:

ԱԲԱՍ - Այդ անունն այսուհետև ավելի պիտի փառավորվի:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ – Սիրելի Աբաս, Մարզպետունի իշխան, բարձրացրեք ինձ...

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Տեր իմ, քեզ հանգիստ է պետք:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ – Խնդրում եմ, բարձրացրեք... Լսեք իմ պատգամը, քանի որ այսքան զորք ունեք և իշխանների միաբանություն: Պատրաստվեք հարձակվել Դվինի վրա և վերցնել մայրաքաղաքը:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - Դա իմ փափագն է, տեր արքա:

ԱԲԱՍ - Եվ իմ, արքա, ես պատրաստ եմ իմ զորքով:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ - Երդվեցեք:

Աբասը և Մարզպետունին ծնկի են գալիս:

ԱԲԱՍ և ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - Երդվում ենք:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ – Միակ ցանկությունս էր նաև վերջին անգամ տեսնել քեզ, Մարզպետունի իշխան... Այնքան շատ եմ պարտական քեզ, որ կուզենայի ապրել միայն քո արածների փոխարենը հատուցելու համար:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - Տեր արքա, ապրիր քո գահի և հայրենիքի համար: Մարզպետունի իշխանը քո նվաստ ծառան է, նա իր պարտքից ավելի դեռ ոչինչ չի արել:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ – Մոտեցիր ինձ, սուրբ Գևորգ, և ասա, որ ներում ես ինձ:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Ո՞ր հանցանքիդ համար, տեր:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ – Հանցանքներս շատ են, թվել չեմ կարող... Հայրենիքի ծովն իմ պատճառով է ալեկոծվում: Մարզպետունու ջանքերը չեն կարող խաղաղեցնել նրան, քանի դեռ հանցավորը գտնվում է փրկության նավի վրա... Ձգեցեք ինձ ծովը, և նավը վտանգից կազատվի: Ահա ես հեռանում եմ... Ձեզ է մնում կյանքը իր հրապույրներով և չարիքներով,,, աշխատեցեք վայելել այն... Թողնում եմ իմ գահը, թողնում եմ հայրենիքը ցավերով ծանրաբեռնված... Ժառանգիր առաջինը և բուժիր վերջինը... Իմ սիրելի թագուհի, թողնում եմ քեզ միայն վիշտ և դառը հիշատակներ... Կցանկանայի, որ մոռանայիր ինձ... Չհիշեիր իմ անունն ու գործերը... բայց, ավաղ, այդ անհնար է քեզ... Բարձրացրեք ինձ ավելի բարձր, ուզում եմ տեսնել հայոց աշխարհի արևածագը...

Մեռնում է: Մթնեցում: Նստած է Գևորգ Մարզպետունին:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Մանկությունից մինչև այսօր ապրեցի և գործեցի քեզ հետ, Աշոտ Երկաթ... Պատերազմեցինք միասին, հաղթեցինք և հաղթվեցինք...Ուրախացանք ու տխրեցինք... Հիմա մենակ եմ մնացել...

Մտնում են Գոռն ու Վահրամը:

ԳՈՌ – Չխանգարեցի՞նք, հայր:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Ի՞նչ կա, տղաս, առավոտ կանուխ ի՞նչ է պատահել: Վահրամ Սեպուհ, ի՞նչ է եղել:

ԳՈՌ – Կասկածներ ունեմ, հայր...

ՎԱՀՐԱՄ – Հիմնավոր կասկածներ, տեր իշխան:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Չեմ հասկանում, պարզ խոսեք:

ԳՈՌ – Թագավորի թաղման կապակցությամբ մենք հյուր էինք Աշոտ Բռնավորի ամրոցում, այնպես չէ՞:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - Այդպես է:

ԳՈՌ – Նրա գործողությունները մաքուր չեն, հայր: Ես կանխազգում եմ:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - Գիտեմ, գահը տիրելու մոլուցքը նրան հանգիստ չի տալիս:

ՎԱՀՐԱՄ - Աշոտ Բռնավորը օգտվելով առիթից, որ թագավորի թաղման կապակցությամբ բոլոր կողմերից զորք ու ժողովուրդ էր հավաքվել, սկսել էր կաշառել բոլորին, իր, այսպես ասած, առատաձեռնությամբ: Շշուկներ են գնում ժողովրդի և զինվորների մեջ, որ հայոց գահին արժանավոր փոխարինողը Աշոտ Բռնավորն է:

ԳՈՌ – Հայր, հանգամանքները շատ նպաստավոր են, զորքը հեռու է աթոռանիստ քաղաքից, իսկ թագաժառանգն ու իշխանները գտնվում են այստեղ, ինքը` Բագարանում: Առանց դժվարության Աշոտ Բռնավորը կարող է արքունիքն ու նրա գանձերը գրավել և Աբասին ու նրա իշխաններին ձերբակալել:

Ներս է մտնում լրաբերը:

ԼՐԱԲԵՐ – Կարելի է, տեր իշխան:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - Ասա, ի՞նչ լուր ես բերել:

ԼՐԱԲԵՐ – Տեր իշխան, Սմբատ իշխանը լուր ուղարկեց, թե Բագարանում հանդիպել է Աշոտ Բռնավորի մի քանի վաշտերի, որոնք Երասխաձորից գալիս են դեպի Երազգավորս, իշխանը հայտնում է, որ ինքը վտանգավոր մի նպատակ է տեսնում զինվորների այդ շարժման մեջ և խորհուրդ է տալիս Մարզպետունի իշխանին զգուշության միջոցներ ձեռնարկել գալիս վտանգի առաջն առնելու համար:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - Բոլոր նշաններից երևում է, որ Աշոտ Բռնավորը պատրաստվում է իր հին խաղը խաղալ: Ես չէի կարծում, թե նա այնքան ստոր կլինի, որ կօգտվի անգամ սգո օրերից: Հիմա ես կգնամ Աբասի մոտ, կհամոզեմ նրան և թագուհուն իսկույն հեռանալ Բագարանից, թող նրանք իրենց սուգը պահեն Արքունիքում, իսկ դուք` Վահրամ, Գոռ, ուշադրությամբ հսկեք թե մեր զորքերին, թե քաղաքի ելումուտին: Ես էլ եմ կարծում, որ անախորժ դեպքերի պետք է հանդիպենք: Դե, գնացեք:

ԳՈՌ – Հանգիստ եղիր, հայր, կանենք ամեն ինչ քո ասածի պես: (Գնում են:)

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Փառամոլություն ը փակել է նրա հոգու աչքերը, օտարի նենգամտությունը հիմարացրել է նրան և մահմեդական մի ոստիկանի տված դատարկ թագը մեռցրել է նրա սրտում զգացմունքներից ազնվագույնը` սեր առ հայրենին...

ԹԻԿՆԱՊԱՀ - (ներս մտնելով:) Տեր իշխան, Աբաս թագաժառանգը և Աշոտ Սպարապետը:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Ներս հրավիրիր:(Թիկնապահը դուրս է գնում: Մարզպետունին մտածկոտ է: Ներս են մտնում Աբասը և Աշոտ Բռնավորը:) Ինչո՞վ կարող եմ այս անսպասելի այցելությամբ երախտապարտ լինել, մեծափառ տեր:

ԱԲԱՍ – Հորեղբայրս, Աշոտ Սպարապետը, կամենում է իմ թախիծը փարատել: Նա առաջարկում է ինձ բարձրանալ միջնաբերդ` իր նորակառույց դղյակը դիտելու: Ես էլ առաջարկեցի քեզ նույնպես վերցնել մեզ հետ:

ԲՌՆԱՎՈՐ - Եթե կամենում ես, իշխան, ընկերակցիր մեզ, շատ կուրախանամ, եթե Մարզպետունի իշխանը հավանի իմ ճարտարապետական ճաշակը:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - Դու մոռացե՞լ ես, տեր, որ ես տեսել եմ դղյակը:

ԲՌՆԱՎՈՐ – Հոգ չէ, ընկերակցիր մեզ, եղանակը ջերմ է և հաճելի:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Տեր սպարապետ, քո դղյակը գեղեցիկ է և ամուր, իշխանաց իշխան Աբասը անշուշտ կհավանի այն, բայց ցանկալի է, որ մենք դժգոհություն չպատճառենք թագուհուն:

ԱԲԱՍ – Ի՞նչ դժգոհություն:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Մենք դեռ սգո մեջ ենք և մեր թախիծը մոռանալու վրա չպետք է մտածենք:

ԲՌՆԱՎՈՐ – Կենդանի մնացածները մեռածների հետ չեն թաղվում, իշխան:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - Այդ ճիշտ է, բայց մեռածներին էլ այդքան շուտ չեն մոռանում:

ԲՌՆԱՎՈՐ – Տեր Մարզպետունի, քեզ իրավունք չի վերապահվում հրահանգներ տալ քո իշխանապետին, նա քո թագավորն է այժմ:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - Այո, իմ թագավորն է, կեցցե հայոց Աբաս թագավորը:

ԱԲԱՍ – Ի՞նչ է նշանակում այս ամենը:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Տեր, դու ցանկություն հայտնեցիր դղյակը բարձրանալու:

ԱԲԱՍ – Ոչ, հորեղբայրս առաջարկեց, և ես շնորհակալ եմ նրա հոգատարության համար:

ԲՌՆԱՎՈՐ – Ես առաջարկեցի, այո: Իսկ դու, Մարզպետունի իշխան, ինչու՞ ավելորդ բացականչություններ ես անում իմ արքայական մեծության առաջ:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – (դառնալով Աբասին:) Տեր Աբաս թագավոր, քո ծառան աղաչում է, ըր դղյակ բարձրանալու փոխարեն` բարեհաճես իջնել բանակը: Եթե կարիք ես զգում թախիծդ փարատելու, Ախուրյանի ափերն ավելի հաճելի են, և արևն այնտեղ ավելի է ջերմացնում:

ԲՌՆԱՎՈՐ – Ինչու՞ իմ հարցին չես պատասխանում, Մարզպետունի իշխան:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Քո հարցին պատասխանելուց առաջ ինքս եմ ուզում հարց տալ քեզ. ինչու՞ է Երասխաձորի քո զորագունդը շարժվում է դեպի Երազգավորս:

ԲՌՆԱՎՈՐ – Իմ զորագու՞նդը:

ԱԲԱՍ - Այդ ի՞նչ է նշանակում:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Մինչ մենք ապահով նստած ենք այստեղ, մեր հյուրընկալը մտածում է մեզ անակնկալի բերելու մասին:

ԲՌՆԱՎՈՐ – ու ստում ես:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Ստում է քո արքայական մեծությունը, Աշոտ Բռնավոր:

ԲՌՆԱՎՈՐ – Դու հանդգնում ես մինչև այդտե՞ղ... Էհե~յ, զինվորներ... Ներս եկեք և կալանավորեք իսկույն թշվառականին:

Ներս են մտնում զինվորները:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Մի՞թե ստեղծվել է այն մարդը, որ պիտի համարձակվի Մարզպետունուն կալանավորել: Դե, ուրեմն, փորձեք ձեր ուժերը:

ԱԲԱՍ - Այս ի՞նչ է նշանակում, մեծափառ տեր, մի՞թե Բագրատունյաց պայաԶատը կարող է այս աստիճան նվաստանալ:

ԲՌՆԱՎՈՐ – Ի՞նչ է, նվաստանալ ասացիր, և այն էլ իմ պահակների առա՞ջ:

ԱԲԱՍ - Դու ոտնակոխ ես անում հյուրասիրության սրբազան օրենքը, դու անարգում ես հանգուցյալ թագավորի հիշատակը... Ուրիշ ի՞նչ անուն տալ կարող եմ քո վարմունքին:

ԲՌՆԱՎՈՐ - Դու, ուրեմն, կրկնու՞մ ես քո հայհոյանքը:

ԱԲԱՍ - Ավելին կարող եմ ասել. դու մի դավաճան ես, իշխան Մարզպետունի, խնդրիր թագուհուն` պատրաստվել իսկույն, մենք պետք է հեռանանք այստեղից:

ԲՌՆԱՎՈՐ – Ոչ ոք այստեղից չի կարող հեռանալ:

ԱԲԱՍ – Հեռանալը մեր կամքից է կախված:

ԲՌՆԱՎՈՐ – Իսկ թողնելը` իմ կամքից:

ԱԲԱՍ – Ի՞նչ, դու, ուրեմն, կալանավորու՞մ ես մեզ:

ԲՌՆԱՎՈՐ –(ծաղրալից:) Ոչ, ես կամենում եմ ավելի երկար հյուրասիրել ձեզ:

ԱԲԱՍ - Այդ նպատակո՞վ էիր, ուրեմն, ինձ քո դղյակն առաջնորդում: Այնտեղ էիր կամենում ինձ բանտարկել:

ԲՌՆԱՎՈՐ - Այո’, եթե հաճելի է քեզ հավատալ քո կասկածին:

ԱԲԱՍ - Այդ ոչ թե կասկած, այլ ճշմարտություն է: Մարզպետունի իշխանն ավելի շուտ գուշակեց քո դիտավորությունը:

ԲՌՆԱՎՈՐ - Ոչ ոք այլևս իրավունք չունի դուրս գալու ամրոցից: Պահակապետ, կատարիր քո պարտքը:

Ուզում է գնալ:

ԱԲԱՍ – (սուրը մերկացնելով:) ՈՒ՞ր ես գնում, կանգնիր... կրկնիր հրամանդ... Բագրատունյաց գահի պայազատին իրավունք չունես անարգելու: Ասա ինձ, ո՞վ ես դու...

ԲՌՆԱՎՈՐ - Ես հայոց թագավորն եմ, իսկ դու իմ հպատակը, ինչու՞ եք կանգնել, թշվառականներ, կալանավորեք:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - Եվ իրավ, ինչու՞ եք կանգնել:

ԱԲԱՍ – Կատարենք մեր պարտքը, իշխան Մարզպետունի:

Սկսում են մենամարտել:Դրսից լսվում է գալարափողի ձայնը:

ԳՈՌ – (ներխուժելով:) Դժոխքի որդիներ, այդ ի՞նչ եք անում:

ԱԲԱՍ - Զինվորներ, շրջապատել բոլորին:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – ՈՒ՞ր է սատանան: Անհայտացավ: Բռնեցեք Բռնավորին, նրան իր ամրոցում պետք է պատժել:

Մտնում է Սահականույշը:

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ –Աբաս, եղբայր իմ, հեռանանք այստեղից, հեռանանք շուտով, ես չեմ կամենում ապագա չարիքների պատճառով անիծել այն քաղաքը, որին ավանդ եմ տվել իմ սիրելի թագավոր ամուսնուն:

ԱԲԱՍ – Կհեռանանք հենց այսօր, միայն թե ժամանակ տուր ինձ ձերբակալելու դավաճանին:

ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ – Թող նրան, աստված ինքը կպատժի, եթե արժանի է պատժի:

ԳՈՌ – Չքացել է ազգադավը, չկա ոչ մի տեղ:

ԱԲԱՍ – Պատրաստվեք այստեղից հեռանալու:

Բոլորը դուրս են գնում: Մնում են Աբասն ու Մարզպետունին:

ԱԲԱՍ – Շնորհակալ եմ քո հեռատեսության համար, իշխան:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ - Ես ծառայում եմ իմ ազգին և նրա գահին... Թույլ տուր ինձ, տեր, իրագործելու Աշոտ թագավորի պատգամը, ազատագրել Դվինը:

ԱԲԱՍ – Հեռանանք այստեղից և պատրաստվենք հարձակվելու Դվինի վրա: Այսօրվանից դու ես հայոց սպարապետը, Գևորգ իշխան, տնօրինիր ռազմական հարցերը:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Շնորհակալ եմ, տեր իմ:

Մթնեցում: Նսըր Ոստիկանի առանձնատունը: Նսըր և Բեշիր:

ՆՍԸՐ - Ավելի երկար պաշարման մենք չենք դիմանա, ինչ անել... Այո, հայերի վերականգնված միաբանությունն ուղղված է իմ դեմ, թագավորն ուզում է քշել ինձ այստեղից: Նա չի գոհացել իմ զորքերի ջարդով և աշխատում է ամիրապետի իշխանությունը վերացնել այս երկրից: Զորապետ, այս հայերն, ըստ երևույթին, մեզ պաշարեն այնպիսի զորությամբ, որին դիմադրել չպետք է կարողանանք: Եթե նրանք հաճախ հարձակվեն մեզ վրա, մեր ուժերը վերջնականապես կջլատվեն: ՈՒ՞ր մնացին իմ հեծելախմբերը: Ի՞նչ կարող եմ անել ես:

ԲԵՇԻՐ - Աշոտ Բռնավորի զորքը մեզ կօգնի:

ՆՍԸՐ - Զորապետ Բեշիր, հեռատեսություն չունես, Աշոտ Բռնավորի զորքը հայերից է կազմված, հասկացիր, հայեր են նրանք, ու հույսդ նրանց վրա մի դիր: Ես կարծում եմ, մի ելք կա. ստիպել Աբասին թողնելու Դվինի պաշարումը:

ԲԵՇԻՐ – Ո՞րն է այդ ելքը:

ՆՍԸՐ – Հայտնենք հայոց թագավորին, թե կկախենք աշտարակից բոլոր պատանդներին, եթե նա մեր առաջարկած հաշտությունը չընդունի և զորքը չհեռացնի Դվինից:

ԲԵՇԻՐ - Աբասը եթե հաշտվել ցանկանար, քո դեսպաններին չէր վռնդի:

ՆՍԸՐ – Ուրեմն...

ԲԵՇԻՐ – Կմերժի քո առաջարկությունը:

ՆՍԸՐ - Այն ժամանակ էլ ես կկախեմ բոլորին:

ԲԵՇԻՐ – Իսկ եթե Դվինը առնե՞ն:

ՆՍԸՐ – Թող առնեն, եթե կարող են:

ԲԵՇԻՐ - Բայց, տեր իմ, այդ որոշումը վտանգավոր է: Հայերը բնավ խստասիրտ չեն, նրանք երբ գրավում են մի քաղաք, մեզ նման չեն կոտորում բնակիչներին: Եթե Դվինը գրավեն, վնաս չեն տա մեր անձին և նույնիսկ մեր զորքին, բայց եթե դու աշտարակից կախես բոլոր պատանդներին, այն ժամանակ մենք բոլորս անխնա կկոտորվենք: Դու լավ չգիտես այդ ազգի հատկանիշները: Ես ծանոթ եմ նրանց կատաղությանը:

ՆՍԸՐ – Ի՞նչ անենք, ուրեմն:

ԲԵՇԻՐ – Պետք է պաշտպանվենք` որքան կարող ենք: ՆՍԸՐ – Ինչպե՞ս կլինի, եթե մենք ինքներս հաշտություն առաջարկենք նրանց և թագավորի բարեկամությունը խնդրենք:

ԲԵՇԻՐ – Մեր կրոնը իրավունք տալիս է խոնարհվել և կեղծել անհավատին. եթե բռնությամբ չես կարող հաղթել նրան, միայն պետք է գիտենաս, որ մի անգամ խոնարհվելու փոխարեն, տասն անգամ պիտի խոնարհեցնես երբ հանգամանքները նպաստավոր լինեն...

ՆՍԸՐ - Այո, ինձ միայն մի անգամ է անհրաժեշտ խոնարհվել այդ թագավորին, որպեսզի նրա շուրջը հավաքված զորքը հեռացնենք, իսկ այնուհետև գիտեմ, նոր պառակտություն կծագի, իշխանները կրկին դուրս կգան իրար դեմ, երկու հայի գլուխը մի կաթսայում չի եփվի. հին առած է: Եվ ահա այդ օրը առածը կճշտվի, այն ժամանակ մենք նորից սուրը կհանենք:

ՊԱՏԳԱՄԱԲԵՐ – (ներս մտնելով): Թույլ տվեք կարդալ հայոց Աբաս թագավորի ուղերձը:

ՆՍԸՐ – Կարդա:

ՊԱՏԳԱՄԱԲԵՐ - (կարդում է): Դվինը հայոց աշխարհի մայրաքաղաքն է, այդ մայրաքաղաքը հիմնել են հայոց թագավորները, ամիրապետի ոստիկանները իրավունք չունեն Դվինը գրավելու և երկրի ազատության վրա բռնանալու: Երկրի տերը հայոց թագավորն է, իսկ ժողովրդի ազատության տերը` ինքը` ժողովուրդը: Յուսուֆը և նրա նախորդները հաճախ են գրավել Դվինը և հափշտակել այն: Այդ եղել է այն ժամանակ, երբ հայոց իշխանները դավաճանել են իրենց թագավորին: Հիմա հայ իշխանները միաբան են ինձ հետ և զորքն է հավատարիմ ինձ: Ուստի ես զորավոր եմ, և այդ պատճառով թույլ չեմ տա, որ Յուսուֆի հաջորդը գնա նրա հետքերով և բռնանա իմ ժողովրդի վրա: Չկամենալով արյունահեղության պատճառ դառնալ, ես առաջարկում եմ խաղաղությամբ հանձնել ինձ իմ քաղաքը և ես կթույլատրեմ ձեզ ազատ ապրել ձեր ապարանքում: Հակառակ դեպքում, եթե ես Դվինը գրավեցի ուժով, առաջին օրն իսկ կբնաջնջեմ ձեզ բոլորիդ, չեմ խնայի ոչ մեկի:

ՆՍԸՐ – Քո այդ նոր թագավորն ավելի հանդուգն է,քան իր նախորդը: Ասա նրան, որ որ ես չեմ ընդունում հաշտության ոչ մի պայման, որ ես իրավունքով եմ տիրում այս քաղաքին, որը երկու հարյուր տարի առաջ գրավվել է արաբական սրով: Թող իր զորքի ուժով գրավի այս քաղաքը, եթե կարող է:

ՊԱՏԳԱՄԱԲԵՐ - Այդպես էլ կհայտնեմ հայոց թագավորին: (Ուզում է գնալ:)

ՆՍԸՐ – Կաց, սպասիր դրսում, ես կկանչեմ: (Բեշիրին:) Լսեցի՞, եթե ես Դվինը բռնությամբ գրավեմ, բոլորին սրի քաշել կտամ: Միջնաբերդում պաշտպանվել մենք չենք կարող, փախուստի ոչ մի ճանապարհ չունենք: Հայերը կամ ի վերջո բերդը կգրավեն, կամ երկար պաշարելով սովամահ կանեն: Մեր դիմադրությամբ մենք առավել կգրգռենք թշնամու զայրույթը, իսկ նա բերդը գրավելուց հետո չի խնայի ոչ մեկիս:

ԲԵՇԻՐ – Ի՞նչ անենք, ուրեմն, տեր իմ, սպասելու ժամանակ չկա:

ՆՍԸՐ - Գիտե՞ս ինչ:

ԲԵՇԻՐ – Հրամայիր:

ՆՍԸՐ – Քաղաքը մեր կամքով պետք է հանձնենք հայերին:

ԲԵՇԻՐ – Ինչպե՞ս:

ՆՍԸՐ - Այսպես, զորապետ: Դվինը նրանց մայրաքաղաքն է, մերը չէ...

ԲԵՇԻՐ – Իսկ մեր այսքան կոտորա՞ծն ու կորուստները՞:

ՆՍԸՐ – Ով որ խնայում է մնացածը, որքան էլ այն աննշան լինի, իմաստուն է, եթե մենք համառենք, լրիվ կկորցնենք:

ԲԵՇԻՐ – Ուրեմն...

ՆՍԸՐ – Ուրեմն, պետք է հանձնենք թագավորին իր մայրաքաղաքը` մեր զորքն ու անձը փրկելու համար: Պատգամաբեր:

ՊԱՏԳԱՄԱԲԵՐ – Լսում եմ, տեր իմ:

ՆՍԸՐ - Գնա և հայտնիր հայոց թագավորին, որ մեկ ժամից հետո քաղաքի մեծ դռան աշտարակի վրա կախված կլինի մեր կանաչ դրոշը:

Մթնեցում: Լուսավորվում է Մարզպետունու դեմքը:

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ – Փառք Աստծո, խաղաղվեց հայոց աշխարհը, ազատվեց թշնամիներից: Հիմա կարող ենք ազատ տեղափոխվել Դվին: Իսկ իմ ժամը հասավ, հոգիս խաղաղ է: Ձեզանից ամեն մեկը կարող է ինձ գերազանցել, եթե միայն անկեղծությամբ ու նվիրումով սիրի իր հայրենիքը: Երբ ես դժբախտության օրերում ասպարեզ իջա միայնակ գործելու, ինձ հետ ունեի միայն քսան զինվոր, շատերն ինձ խելագար անվանեցին, իսկ շատերն էլ իմ հանդգնությունը ծաղրեցին: Դրանց թվում էին այն իշխանները, որոնք հազարավոր զինվորներով փակվել էին սեփական բերդերում, բայց ես հույսս դրի աստծո և իմ կամքի վրա: Հաղթեցինք... Ցույց տվեցի աշխարհին, թե ինչ կարող է մարդը, երբ նրան ոգևորում է զգացմունքներից ազնվագույնը` հայրենիքի սերը. սիրեցեք միությունը, միաբանությունը, դա այն ուժն է, որը լեռներ է պատռում, ամբարտակներ կործանում... Իսկ երբ աչքերս փակեմ, ամփոփեք ինձ միջնաբերդի առաջ, ժայռերի բարձրության վրա, որտեղից կարողանամ հսկել սիրելի հայրենիքի խաղաղությունը... (Լսվում է Եզնիկի երգի ձայնը:) Եզնիկն է երգում: Ասես կաքավն առավոտվա սաղմոսաերգն է տարածում աշխարհի, իմ հայոց աշխարհի վրա... Լուսաբացն է ծավալվում Բագարանի, հայոց մյուս շեների վրա... Երգիր, Եզնիկ, երգիր, թող առավոտը ծավալվի...


Վ Ե Ր Ջ

2 0 1 2 թ.



123456789101112131415161718192021222324
    Դիտվել է 963 անգամ
    12