Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Իտալիայում անհանգստացած են երկարաժամկետ ապագայի ապահումանիզացումից

03.16.2022


Իտալիայում շրջանառության մեջ է դրվել մի պահանջագիր, որով կոչ է արվում չհրաժարվել համագործակցելուց ռուսական մշակույթի և գիտության ոլորտի ներկայացուցիչների հետ։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Պահանջագրի հեղինակները նշում են, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում անցկացվող «հատուկ գործողությունից» հետո Իտալիայում աշխատանքից հեռացվել են ռուսական մշակույթի ու գիտության հետ կապված մի շարք աշխատողներ։

«Մեր անհանգստությունը առաջացել է այն պատճառով, որ ժողովրդի նկատմամբ խտրականությունը, հատկապես նրա առավել հայտնի ներկայացուցիչների նկատմամբ, կարող է հանգեցնել անշրջելի հետևանքների՝ երկարաժամկետ հեռանկարում։ Ժողովրդի ապահումանիզացում, գործընթաց, որը պատմության ընթացքում բնութագրել է բացարձակ իշխանության ռեժիմներին և հաճախ հանգեցրել անվերահսկելի բռնության»,֊ նշված է տեքստում։

Այդ գրության հեղինակները դիմել են Իտալիայի կառավարությանը՝ կոչ անելով «թույլ չտալ օստրակիզմի որևէ գործողություն»։

«Մենք հուսով ենք, որ առավել ընդգրկուն ակադեմիական և մշակութային երկխոսությունը կօգնի խուսափել Ռուսաստանի մեկուսացումից»,֊ ընդգծում են պահանջագրի հեղինակները։

Ավելի վաղ նույնպիսի բովանդակության գրությամբ Իտալիայի նախագահին ու մշակույթի նախարարին էին դիմել 200 գրողներ, լրագրողներ, երաժիշտներ, ուսանողներ, մանկավարժներ։

Այսպիսի կոչերի համար առիթ են ծառայել ռուսական մշակույթի և գիտության ոլորտի ներկայացուցիչների նկատմամբ Իտալիայում արձանագրված մի շարք դեպքեր։ Այսպես, Միլանի համալսարանում չեղյալ են համարվել հայտնի սլավոնագետ, գրող և թարգմանիչ Պաոլո Նորիի դասախոսությունները՝ նվիրված Ֆյոդոր Դոստոևսկու ստեղծագործություններին։ Համացանցի սոցիալական տիրույթում հարձակվել են Իտալիայում ապրող և ստեղծագործող ռուս գրող, «Սիբիրյան դաստիարակություն» վեպի հեղինակ Նիկոլայ Լիլինի վրա։ Իսկ «Լա Սկալա» հայտնի թատրոնն էլ դադարեցրել է համագործակցությունը դիրիժոր Վալերի Գերգիևի հետ։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 187 անգամ