Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Սոկուրովի անձնագիրը վերադարձրել են, երբ ինքնաթիռին հասնելն անհնար է եղել

06.23.2022

Ռուսաստանցի մեծանուն ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովին ռուս սահմանապահները արգելել են հատել Ֆիլանդիայի սահմանը և մի քանի ժամ սպասեցնելուց հետո սահմանապահ ծառայության պետը հայտնել է, որ նրան արգելված է դուրս գալ երկրից։ Ռեժիսորը վերադարձել է Սանկտ֊Պետերբուրգ և նամակ գրել ՌԴ նախագահին կից Մարդու իրավունքների պաշտպանության խորհրդին։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «oteatre.info»֊ին։

Ալեքսանդր Սոկուրովը պետք է հասներ Հելսինկի և այնտեղ նստեր Իտալիայի Միլան քաղաք թռչող ինքնաթիռ։ Սակայն ռուսական սահմանի մոտ ռեժիսորի և նրա ուղեկիցների անձնագրերը վերցրել են և վերադարձրել մի քանի ժամ հետո, երբ ինքնաթիռին հասնելն արդեն անհնար է եղել։ Սոկուրովին երկրից դուրս չեն թողել։

Ռուսաստանցի լրագրող Քսենյա Լարինան սոցիալական ցանցի իր էջում հաղորդելով այդ մասին, միաժամանակ, մեջբերում է կատարել ՌԴ նախագահի մարդու իրավունքների պաշտպանության խորհրդին հասցեագրված Սոկուրովի նամակից, որի անդամ է նաև հենց ինքը՝ ռեժիսորը։

Նամակում մասնավորապես նշված է․ «Նա, հերթափոխի պետը, չնայելով աչքերիս, փորձում էր մեզ պատմել, որ իմ մեկնելու վերաբերյալ կա ընկեր Միշուստինի հրահանգը, որը այնպիսիներին, ինչպիսին ես եմ, արգելել է հատել սահմանը։ Ես երբեք Միշուստինին կենդանի չեմ տեսել, ես նրան երբեք չեմ հանդիպել, որտեղի՞ց Միշուստինի մոտ այդպիսի նախապաշարվածություն և ատելություն իմ նկատմամբ, չեմ կարողանում հասկանալ»։

Այնուհետև ռեժիսորը նշել է, որ այդպես էլ չի ստացել բացատրություն իրեն «այդ տարօրինակ սահմանային ուղեկալի մոտ» ասֆալտի վրա երկար սպասեցնելու պատճառի մասին։

Ի վերջո, հոգնածությանը չդիմանալով, 71֊ամյա Սոկուրովը բղավել է, որպեսզի «անհապաղ իրեն վերադարձնեն Ռուսաստան», քանի որ ձեռնափայտին հենվելով կանգնած սպասելու իր ուժերը սպառվել են։

Լարինան ռեժիսորի նամակից արված մեջբերումներին ավելացրել է նաև այսպիսի տողեր․ «Ցավոք սրտի, հարյուրամյակներ շարունակ ռուսական ավանդույթում մարդը իրեն տեսել է պետությունից ցածր և հնազանդորեն իր ճակատագիրն ու հենց կյանքը տվել է ի տնօրինություն Պետության։ Պետությունը և հայրենիքը իրավունք են ստացել ամեն ինչ որոշել մարդու փոխարեն, այդ թվում օգտվել նրա Կյանքից՝ որպես սեփականություն։ Ռուսական պետությունը իշխանությունը և հենց մարդկային արժանապատվությունից օգտվելու իրավունքը վերցրել է իրեն՝ իր նպատակների համար»։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 

Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 100 անգամ