Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դոմինիկ Դրոմգուլ. «Մենք գնում ենք թատրոն ավելի խելքով դառնալու համար»

01.15.2014

Հանրահռչակ «Գլոբուս» թատրոնի գեղարվեստական ղեկավար Դոմինիկ Դրոմգուլը, որ համարվում է նոր դրամայի լավագույն մասնագետներից մեկը, 2006թ.-ին անսպասելի շրջադարձ կատարեց դեպի այսպես կոչված «աուտենտիկ» թատրոն և այժմ, ի պատիվ անգլիացի մեծ դրամատուրգի 450-ամյա հոբելյանի, կինոյի ձևաչափով աշխարհին է ներկայացնում իր շեքսպիրյան բեմադրությունները:

- Երբ 1997թ.-ին կրկին բացվեցին վերակառուցված «Գլոբուս» -ի դռները, Դուք դեռ աշխատում էիք բոլորովին այլ տիպի՝ Լոնդոնի Շեփերդ Բուշի «Բուշ» թատրոնում, որտեղ ներկայացվում են ժամանակակից հեղինակների պիեսներ: Իսկ 2006թ.-ին հանկարծ դարձաք «Գլոբուս» -ի գեղարվեստական ղեկավարը: Թե՞ դա հանկարծ չկատարվեց: Ինչպե՞ս այդ ամենը տեղի ունեցավ:
- Երկար պատմություն է: Այն կապված է Շեքսպիրի անվան և մեր վրա, թատրոնի մարդկանց վրա ունեցած նրա հսկայական ազդեցության հետ: Մի խենթ ամերիկացի դերասան և բիզնեսմեն՝ Սեմ Ուենմեյքերը, դեռ 1949թ.-ին, գալով Լոնդոն, ինքն իրեն հարցրեց՝ իսկ որտե՞ղ է, այնուամենայնիվ, գտնվում շեքսպիրյան թատրոնը: Նա այս ու այն կողմ էր գնում այդ գաղափարով, փորձում էր շարժել իր կոլեգաների ու պաշտոնյաների հետաքրքրասիրությունը: Սակայն այդ ժամանակ նրա հետ ոչ մեկը չէր ցանկանում խոսել այդ մասին: Անցյալի թատրոնի մասին զրույցը բոլորին աբսուրդ էր թվում: Նոր էր ավարտվել պատերազմը, Անգլիան «լիզում» էր իր վերքերը, հնագիտությունը նրա «վեջը չէր»: Սակայն այդ մարդը շատ համառն էր: Նա չէր հանձնվում: Բառիս բուն իմաստով՝ «գլխով դռներ էր ջարդում»: Ամերիկացու հետազոտություններ կատարելու գլխավոր փաստարկն այն էր, որ «Գլոբուս»-ը համաքաղաքացիական թատրոն էր, ուր հաճախում էին աներևակայելի մեծ քանակությամբ մարդիկ՝ միաժամանակ մինչև 3 հազար հանդիսական: Նա ցանկանում էր պարզել, թե ո՞րն է այդ թատրոնի հաճախելիության գաղտնիքը՝ գուցեն նրա «սարք ու սու՞րք»-ի մեջ էր գաղտնիքը: Վերակառուցման պլանի իրագործման համար պահանջվեց 47 տարի: Գաղափարի հեղինակը չհասցրեց ապրել ևս երկու տարի մինչև թատրոնի բացումը: Բայց, միևնույնն է, կարելի է ասել, որ նոր-հին թատրոնը դարձավ նրա «ամերիկյան երազանքի» իրագործումը:

Երբ թատրոնը բացվեց, վեճերը չդադարեցին: Իրենց կարծիքն էին արտհայտում և աջերը, և ձախերը: Թերահավատներն ավելի շատ էին, քան հավատացողները: Ես ինքս, ուզում եմ ազնվորեն խոստովանել, նրանց շարքերում էի, ովքեր կասկածում էին… Թատրոնի սյուները այն տեղում չէին կանգնած, սրահի շատ դետալներ կեղծված էին… Դրա հետ միասին կար իրականի, պատմականորեն ազնիվ մոտեցման զգացում՝ ամբողջովին կաղնուց կառուցված փայտե շենք, ոչ մի մեխ, ծղոտե տանիք: Թատրոնի ամբողջ կառուցվածքը ձևավորում էր անսովոր էներգիա: Կարևոր գործոն էր, որ մարդիկ հավաքվում են միասին, կանգնում կողք-կողքի, սպասում ներկայացման սկզբին, լսում տեքստը, ձգում իրենց պարանոցները, որպեսզի ավելի լավ տեսնեն: Հանդիսատեսների այսպիսի համախմբվածությունը և միասնականությունը կարելի է տեսնել, գուցե թե, միայն «ռոք» երաժշտության համերգի ժամանակ: Ակամա սկսում ես հավատալ այսպիսի թատրոնին:

- Սակայն Ձեր խնդիրը որպես «Գլոբուս»-ի ռեժիսորի որակապես բոլորովին այլ է: Ինչպե՞ս եք կարողացել Դուք այդպես վերակազմակերպվել:
- Ես ասացի, որ ես կասկածում էի: «Գլոբուս»-ը վերակառուցելու գաղափարը բոլորովին սրտովս չէր: Եվ ահա, մի անգամ ես ներկա գտնվեցի «Չափը չափի դիմաց» ներկայացմանը: Ճիշտն ասած այդ պիեսի իմաստը ինձ հասկանալի չէր մինչև վերջ, ինչպես և շեքսպիրյան շատ ուրիշ տեքստերի մտքեր, չնայած, որ ամբողջ գիտակցական կյանքում, սկսած դպրոցական նստարանից, զբաղվում եմ Շեքսպիրի ստեղծագործություններով: Հասկանալի է, որ մենք գնում ենք թատրոն ավելի խելքով դառնալու համար, քան մենք կանք իրականում: Դա կատարվում է, որովհետև քո ինտելեկտը բազմապատկվում է՝ վերածվելով կոլեկտիվ բանականության: Միասին դուք կարող եք հասկանալ այն, ինչը չէիք հասկանում միայնության մեջ տեքստը կարդալով: Այն երեկո, երբ ես նայեցի «Չափը չափի դիմաց»-ը, տեքստը հոսում էր ինչպես ջուր: Այն դարձավ թափանցիկ, թեև շեքսպիրյան տեքստի մեջ «թաղվելը» նույնպես նորմալ է, նույնպես հաճելի է: Բայց ես հանկարծ հասկացա, որ զգում եմ այդ պիեսի երակազարկը: Ես ծիծաղում էի, լաց էի լինում, ապշում էի: Ես գլխի ընկա, որ «Գլոբուս»-ի տղերքը անում են նույն բանը, ինչը ես անում եմ «Բուշում»: Նրանք Շեքսպիրի դրամաները բեմադրում են, որպես նոր ներկայացումներ, այսինքն այնպես, կարծես դրանք չեն խաղացվել 400 տարի շարունակ: Սովորաբար մենք տեսնում ենք, թե փորձառու ռեժիսորներն ինչպես են մեկնաբանում Շեքսպիրին՝ ցուցադրելով իրենց գիտելիքները բեմադրություններն իրականացնելու ավանդույթների մասին՝ մի փոքր այստեղից, մի փոքր այնտեղից: Իսկ «Գլոբուս»-ում ես տեսա ամբողջական Շեքսպիրին: Եվ ցանկացա այնտեղ աշխատել:

- Որտեղից են հայտնվում այն ռեժիսորները, ովքեր պատրաստ են աշխատել մի թատրոնում, որտեղ նրանց անունները, ինչպես նախորոք կայացրած որոշում, միշտ էլ «կճմրթվեն» Շեքսպիրի կողմից,
- Ուղիղ գծով «Արքայական կորտ» թատրոնից՝ ժամանակակից բրիտանական դրամատուրգիայի դարբնոցից: Հաջողակ, ուլտրաժամանակակից ռեժիսորներ, ովքեր երբեք չեն բեմադրել Շեքսպիր, «Գլոբուս»-ում կսկսեն մաքուր էջից, բայց լիակատար այնպիսի զգայությամբ, որ իրենք հասունացել են Շեքսպիրի համար: Նրանք կստանան շատ ազատ դերասանների, ում մոտ չկան ինքնարտահայտման ժամանակակից այդ բոլոր միջոցները, այլ կա միայն նրանց ֆիզիկան: Թատրոնում չկա արհեստական լուսավորություն, ձայնափող, ձայնային ուղեկցում, այդ իսկ պատճառով հսկայական դեր է խաղում թիմային աշխատանքը՝ ձևովորողի, կոմպոզիտորի, հագուստների նկարիչի և մյուսների հետ: Հանդիսատեսը կանգնած է բեմին շատ մոտ՝ ամեն ինչ տեսնում է, լսում և հաղորդակցվում բեմական ապրումներին: Մեր ռեժիսորները պետք է հաշվի առնեն, որ հանդիսատեսը ներկայացման մի մասն է: «Հենրիխ 5-րդ »-ի սկզբում կա մի տեսարան, որտեղ քորոսը խնդրանքով դիմում է հանդիսատեսներին, որպեսզի նրանք աշխատեցնեն իրենց երևակայությունը, քանի որ դերասանները չեն կարող նրանց առջև խաղալ իրական ճակատամարտ: Ավանգարդի թատրոնում մի՞թե այդպես չէ: Ես կարծում եմ «Գլոբուս»-ում էլ նույն խնդիրներն են, ինչ-որ ավանգարդային թատրոնում:

- Ստիպված պետք է փնտրե՞ք դերասաններ, թե՞, ընհակառակը, գոյանում են «Գլոբուսում» աշխատել ցանկացող դերասանների հերթեր:
- Դերասանների հետ կապված հիմնախնդիրներ չեն լինում: Մեր մոտ են գալիս շրջանավարտներ երկրի բոլոր թատերական բուհերից:

- Ի՞նչն է նրանց այդպես հրապուրում:
- Երևի այն, որ «Գլոբուսը» «ֆիզիկական» թատրոն է: Այն ամենը ինչ դու անում ես բեմում, անում ես մեկ գործիքի օգնությամբ՝ քո մարմնով: Թատրոնն այնպիսի կառուցվածք ունի, որ դերասանը հանդիսատեսի հետ կիսում է բեմ և հանպատրաստից ձևավորված հանդիսասրահ բնական ձևով թափանցող լույսը: Նա միաժամանակ դիմում է գործընկեր դերասաններին և հանդիսատեսին, ռեպլիկների կեսը այս կողմ, մյուս կեսը՝ այն: Դա թատրոն կազմակերպելու հնագույն միջոց է, ինչպիսին եղել է Հին Հունաստանում և Լոնդոնում 17-րդ դարի սկզբներին: Շատերն են ցանկանում վերապրել այդ փորձը:

Ի դեպ, շուտով մեր մոտ կմեկնարկի մի նոր նախագիծ: Հին «Գլոբուսի» կողքին կառուցվել է «Sam Wanamaker Playhouse»-ը, 300 նստատեղով փոքրիկ թատրոն: Այն կառուցվել է շենքի ներսում թատերասրահի վերաբերյալ առաջին օրինակները ներկայացնող պատմական փաստաթղթերի հիման վրա: Դրանցում լուսավորությունը ամբողջությամբ մոմերով է ապահովվում, մթնոլորտը՝ կամերային:

- Նոր բեմում նույնպես պիտի Շեքսպի՞ր խաղաք:
- Առայժմ ոչ: Թատերաշրջանը կսկսվի 2014թ.-ի հունվարին: Մենք այն նվիրել ենք Շեքսպիրի ժամանակակիցներին: Առաջին երկու պիեսները դրանք Ջոն Ուեբստերի «Հերցոգուհի Մալֆի»-ն է, որը ես պիտի բեմադրեմ և Ֆրենսիս Բոմոնտի «Բոցավառ հավանգակոթի ասպետը»: Դրանից հետո կբեմադրվի ևս մեկ այլ պիես, որտեղ կխաղան «Գլոբուսի» երիտասարդ դերասանները: Այնուհետև մեզ կմիանան թագավորական «Քովենթ-Գարդեն» օպերային թատրոնի մարդիկ, որոնք կներկայացնեն բարրոկոյի շրջանի մի շարք բեմադրություններ: Այդ շարքը կբացվի Քավալլիի «Օրմինդո» օպերայով:

- Դա «Քովենթ-Գարդեն»-ի հետ համատե՞ղ նախագիծ էր:
- Ոչ ամբողջությամբ: Մենք սկսեցինք կառուցել: Նրանք շատ հետաքրքրություն ցուցաբերեցին նոր շինության նկատմամբ: Այն իրոք ցնցող սրահ է երաժշտության համար:

- Այնտեղից հեռահաղորդումներ կարձակվե՞ն:
- Հավանաբար: Համենայնդեպս նախագծի նկատմամբ հետաքրքրությունը չափազանց մեծ է, իսկ հանդիսասրահը շատ փոքր: Թեև դեռ անհասկանալի է, թե ինչպե՞ս պետք է այդ ամենը ի կատար ածվի մոմի լուսավորության պայմաններում:

- Ձեր բեմադրած «Հենրիխ 5-րդի» ավարտական հատվածում բոլոր դերասանները պարում են: Ի՞նչ են նրանք պարում: Այն թողնում է վերածնության դարաշրջանի պարահանդեսի ու ժամանակակից պարի խառնուրդի տպավորություն:
- Դա ջիգա է, շեքսպիրյան թատրոնի մեզ հասած վերապրուկներից մեկը: Ջիգան ինչպես ավելը սրբել է ներկայացումը բեմի վրայից: Հանդիսատեսին մի տեսակ հիշեցում է, որ բեմիում տեղի ունեցողը պատրանք է: Ջիգան հատկապես ներգործուն է, երբ բեմում տեղի են ունեցել սպանության պես ինչ-որ սարսափելի գործողություններ:

- «Գլոբուսի» բոլոր դերասանները ստիպված են լինում նվագել ամենատարբեր երաժշտական գործիքներ: Համենայնդեպս, Ձեր «Հենրիխ 5-րդը» շատ երաժշտական ներկայացում է: Դերասանները դա հատուկ են սովորում:
- Կարելի այդպես ասել: Նրանք պարտավոր չեն լինել պրոֆեսիոնալ երաժիշտներ: Դեռ մի բան էլ լավ է, եթե նրանք նախկինում երբեք չեն զբաղվել երաժշտությամբ և դա ներկայացման մեջ անում են կոպիտ, ոչ արհեստավարժ: Դրա փոխարեն նրանք բոլորը մերձենում են երաժշտությանը, որը եղել է շեքսպիրյան ներկայացման անբաժան մասը:
    Դիտվել է 393 անգամ
    123456789