Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մոնտե֊Կառլոյի նշանավոր փառատոնի այլընտրանքը՝ Սանկտ֊Պետերբուրգում

08.02.2022


Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք Սանկտ֊Պետերբուրգում նախատեսել են անցկացնել «Կրկես առանց սահմանների» վերտառությամբ միջազգային փառատոն, որի գաղափարը ծագել է այն բանից հետո, երբ Մոնտե֊Կառլոյի հայտնի կրկեսային փառատոնը (45-րդը) հրաժարվել է հրավիրել ռուսաստանցի արտիստներին։ Ռուսաստանի Մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովայի ասելով իրենց փառատոնի «Կրկես առանց սահմանների» անունը պատահական չի ընտրվել, քանի որ իրենց միջոցառմանը մասնակցել ցանկացողների համար «սահմաններ չեն լինելու»։ Նա նշել է, որ «հրավիրում են բոլորին»։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «iz.ru»֊ին։

Ռուսաստանում առաջիկայում մեկնարկող փառատոնի համար կենտրոնական հարթակ է ծառայելու Պետերբուրգի Մեծ կրկեսը, որը շուտով նշելու է իր 145֊ամյակը։

Ըստ ռուսական լրատվամիջոցի, փառատոնին մասնակցելու հայտ են ներկայացրել արդեն 21 երկրների կրկեսներ, որոնց թվում նաև Գերմանիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իսպանիան, Մոլդովան, ԱՄՆ֊ն և, նույնիսկ, Ուկրաինան։

Հաղորդվում է նաև, որ համապատասխան ենթակառուցվածքներն ու պետական ծառայություններն արդեն պատրաստ են ընդունելու Պետերբուրգ ժամանող կրկեսային փղերին, կապիկներին, վագրերին և այլն։

Փառատոնի մասնակիցներից լավագույնների համար կազմակերպիչները նախատեսել են երեքական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալների հավաքածոներ, հոնորար բոլոր արտիստների համար։Բացի այդ փառատոնին մասնակցող կրկեսների ճանապարային և Պետերբուրգում ապրելու հետ կապված ծախսերը նույնպես իր վրա է վերցրել կազմակերպող կողմը։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 42 անգամ