Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռոուլինգը թեև շփոթում է բեմադրության հեղինակին, բայց փաստը ճշգրիտ է

10.17.2022

Իր նոր հրապարակված «The ink black heart» («Սև թանաքագույն սիրտ») վեպում անգլիացի հայտնի գրող Ջոան Ռոուլինգը հիշատակել է տարիներ առաջ Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքի օպերայի և բալեետի թատրոնում արձանագրված մեծ աղմուկի մասին, որի նախաձեռնողները հիմնականում տեղի ռուս ուղղափառ եկեղեցու հոգևոր առաջնորդներն էին։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «oteatre.info»֊ին։

Խոսքը Վագների «Թանհեյզեր» օպերայի այն բեմադրության մասին է, որի շուրջ առաջացած աղմուկն ավարտվեց ռեժիսոր Տիմոֆեյ Կուլյաբինին և թատրոնի տնօրեն Բորիս Մեզդրիչին աշխատանքից հեռացնելով, իսկ աղմկահարույց բեմադրությունը փակվեց։

Ռոուլինգը, ավելի քան 1000 էջանոց իր վեպի մի դրվագում ներկայացնում է, որ հանելուկային հերոս, մասնավոր խուզարկու Սթրեյքը սրճարանում լսում է, թե ինչպես մի ամրակազմ ռուս իր ծանոթ պարմանուհուն է ներկայացնում «Թանհեյզերի» սյուժեն և նշում․

֊ ․․․ բայց Մեզդրիչը այն մոդեռնացրել է,֊ասաց նա,֊ և այդ բեմադրության մեջ Հիսուսը հայտնվում է ֆիլմում՝՝Վեներայի քարանձավի գինարբուքում։
֊ Հիսու՞սը․․․
֊ Այո, այդ պատճառով եկեղեցին դժգոհ է, և Մեզդրիչը պետք է հեռացվի,֊ մռայլ եզրափակեց ռուսը, շուրթեին մոտեցնելով շամպայնի գավաթը։֊ Նա իրենն է պնդում, սակայն դա իր համար վատ կավարտվի, հիշիր իմ խոսքը։

Այս երկխոսության մեջ Ռոուլինգը շփոթում է բեմադրության հեղինակին Տիմոֆեյ Կուլյաբինին և թատրոնի տնօրեն Բորիս Մեզդրիչին։ Դա գալիս է թերևս այն հանգամանքից, որ տնօրեն և ռեժիսոր բառերը անգլերենում արտահայտվում են միևնույն «director» բառով։

Հիշեցնենք, որ Նովոսիբիրսկում Ռիխարդ Վագների «Թանհեյզեր» օպերան ռեժիսոր Կուլյաբինը հանդիսատեսին առաջին անգամ ներկայացրել է 2014թ․֊ի դեկտեմբերին։ Դրանից հետո բեմադրության շուրջ առաջացավ հսկայական աղմուկ, որը ընդգրկեց գրեթե ռուսական հասարակության բոլոր շերտերը։ Այդ պատմությանը ժամանակին անդրադարձել է նաև «Թագլուրը»։ (հղումը՝ ներքևում)


Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:
Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 67 անգամ