Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դու մասնակից ես

Ըստ ռուսական լրատվամիջոցների,

Մոսկվայի Մեյերհոլդի կենտրոնում ռեժիսոր Նատալիա Անաստասևան գտել է հանդիսատեսի հետ հաղորդակցման նոր թատերական եղանակ: Հայտնի խոսք է՝ յուրաքանչյուր նոր դա լավ մոռացված հինն է:

Այս ասույթը հարմար է նաև Անաստասևայի այս փորձարարության պարագայում, քանի որ նա, ըստ էության, վերստին բեմահարթակ է վերադարձնում հնագույն հնարքները՝ դրանք միացնելով ժամանակակից տեխնոլոգիաների հետ:

Նոր ներկայացման ձևը, որ ստացել է «Ակուստիկական միստերիա» անվանումը, ռեժիսորը լայնորեն կիրառում է «Աշխարհի արարումը» ներկայացման մեջ: Այստեղ առանձին կերպարների են վերածվել ձայնը, լույսը, տեսագրությունը:

Ներկայացումը նման է արկածի, ծեսի, որը Հին Հունաստանում կատարել են Աթենքից ոչ հեռու գտնվող բնակավայրում Էլևսինում:

Բեմադրության մեջ այն հարմարությունները, որոնցից ձայներ ու երաժշտություն է դուրս գալիս, նման չեն սովորական երաժշտական գործիքների: Դրանք ունեն արթ-առարկաների տեսք: Օրինակ, զանգերը ավելի շատ հիշեցնում են հակատանկային ոզնիներ, որոնց անվանակոչել են «ինքնալիցքավորվող զանգեր»:

Բեմահարթակում անսովոր է նաև դերասանի գոյությունը: Նա ոչ թե պարզապես երգում ու պարում է: Դա յուրահատուկ ոչ պարարվեստային պար է, որը մասնագետներն անվանում են «ֆիզիկական թատրոն»:

«Աշխարհի արարումը» նոր հայացք է տարածության և ձայնի նկատմամբ: Այն ջարդում է թատրոնի բոլոր արմատական սկզբունքները: Այստեղ այլ են ձայնատեսարանային ծավալները: Ներկայացման մեջ հանդիսատեսը դառնում է անմիջական մասնակից և արարող, դերասանները՝ գործողության կարգավորողներ, իսկ սյուժեն ընդամենը շրջանակ է, ինչ-որ մի խաղի առիթ:

Աղմուկ, ճռինչ, շրշյուն, ճռինչ, սոսափյուն, քայլեր, երաժշտական ստեղծագործությունների կտորներ… Այդ քաոսում, ստորգետնյա խոհանոցի անթափանց խավարում դեմուրգները ստեղծում են տիեզերքը: Սրանից հետո հանդիսատեսների, դերասանների, երաժիշտների համար սկսվում է ճանապարհորդությունը դեպի քաոսի պատմություն, տարածության համաչափություն, ձևերի ստեղծում նախնական նյութից և… երկարատև թռիչք՝ դեպի ճագարի որջ:

Հանդիսատեսները անշարժացած չեն իրենց որոշակի տեղերում: Նրանք ողջ ներկայացման ժամանակ շարժվում են դերասանների ու երաժիշտների ետևից, նրանք նույնպես իրենց ազդեցություն են թողնում ներկայացման ձայնային ներկապնակի վրա:

«Աշխարհի արարումը» թատրոն է, որը ընկալվում է ոչ միայ աչքերով: Այնտեղ երաժշտությունը միայն չես լսում, այլև ստեղծում ես ինքդ: Դու մասնակից ես:

Ավելացնենք, որ այս ներկայացման պատրաստմանը մասնակցել են նաև Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայի էլեկտրոնային երաժշտության կենտրոնը և «Աշխարհի փոքր թատրոնը»:

    Դիտվել է 1124 անգամ
    1234