Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ա Ռ Ն Ե Տ Ն Ե Ր Ը


Լևոն Մութաֆյան

Ա Ռ Ն Ե Տ Ն Ե Ր Ը

Դրամատիկական պատմություն` մեկ մասով

ԳՈՐԾՈՂ ԱՆՁԵՐ

ՋՈՆ ԼԻՔՈՔ -ջութակահար, մոտ 25 տարեկան

ՆԵՆՍԻ - մանրավաճառ, մոտ 60 տարեկան

ԿԱՏՐԻՆ - - քոլեջի սանուհի, 18 տարեկան

ԼԻՎԻՆՍԿԻ -մանր պաշտոնյա, 58 տարեկան

ԲՐԻՋԵՐՍ - գործազուրկ. մոտ 30 տարեկան

ՀԱՐՐԻ - մոտ 25 տարեկան

ԹՈՄ - 27 տարեկան

ՊԱՍՏՈՐ - մոտ 70 տարեկան

ՏՂԱՄԱՐԴ

ԿԻՆ

ԱՆՏԱՐԲԵՐ ՄԱՐԴ



Ուշ աշնանային երեկո Նյու-Յորքում: Հեռվում երևում են երկնաքերների ստվերները: Լսվում է մեղմ թափվող անձրևի ձայնը: Փողոցի մի հատված, որից քիչ հեռու սրճարանն է, իսկ բեմառաջքում դեպի մետրոյի կանգառ տանող աստիճաններն են: Բարձրահասակ, սպիտակ անձրևանոց հագած մարդը երևում է փողոցի խորքում, արագ քայլերով մոտենում աստիճաններին, փակում ձեռքի հովանոցն ու իջնում մետրոյի կայարան: Քիչ անց երևում է դեպի կայարան շտապող մի կին, ով գրեթե վազքով գալիս և իջնում է աստիճաններով: Սրճարանից դուրս է գալիս ԱՆՏԱՐԲԵՐ ՄԱՐԴԸ; Հիսունին մոտ է, լայնեզր գլխարկով, մոխրագույն անձրևանոցով, ձեռքին ունի մոխրագույն պայուսակ: Նա դանդաղ, կարծես անձրևը և վատ եղանակը չնկատելով, գալիս է բեմառաջք: Կանգ է առնում, գրպանից հանում է սիգարը, կտրում կոթուկը, վառում: Ծխի մի քուլա է արձակում… Նրա կողքով անցնում են ուղևորներ,որոնք շտապում են դեպի մետրոյի կայարան:


ԱՆՏԱՐԲԵՐ ՄԱՐԴ – (պայուսակը դնելով աստիճանների բազրիքին): Աշնանային անձրևները սկսվեցին: Նշանակում է` շուտով ձմեռը կմտնի իր դերի մեջ: Սիրում եմ նյույորքյան աշունը` խոնավ, անվերջ թափվող անձրևներով, անընդհատ շտապող մարդկանցով: Ես երեկոները հաճախ եմ գալիս այ այնտեղ գտնվող սրճարանը: Գարեջուր եմ պատվիրում և երկար նստում ինձ համար սիրելի ու հարազատ դարձած սեղանի մոտ: Նայում եմ հաճախորդներին, որոնց մեջ շատ հետաքրքիր ու զարմանալի մարդիկ կան: Շատ են վտարանդիները, որոնք աշխարհի մեծագույն քաղաքներից մեկն են եկել ամենատարբեր երկրներից` հաջողություն և շատ փող գտնելու: Ես նույնպես զտարյուն ամերիկացի չեմ, սակայն այս երկիրն իմն էլ է դարձել, որովհետև այստեղ ոչ ոք ազգություն ու կրոնական պատկանելություն չի հարցնում, ոչ ոք քեզ չի դատապարտում քաղաքական հայացքներիդ համար… ճիշտ որ ազատ երկիր է Ամերիկան… Ես էլ ամերիկացիների նման ամեն տարեմուտի, երբ բոլորը նշում են Ծննդյան տոները, նստում եմ իմ փոքրիկ ու հարմարավետ բնակարանում, փոքրիկ սեղանի մոտ, բացում շամպայնի շիշն ու երգում` «Աստված պահի Ամերիկան»… (Բարձրացնում է անձրևանոցի օձիքը): Որքան էլ սիրում եմ աշնանային անձրևը, այնուամենայնիվ արդեն ցուրտ է: Պետք է շուտ տուն հասնել, վառել բուխարին, նրա սալիկների վրա տաքացնել դեռ երեկ գնված սենդվիջները, թեյ պատրաստել և ընկղմվելով խորունկ բազկաթոռի մեջ` հեռուստացույց նայել: Ինչքան եմ սիրում մենակությունն ու հեռուստացույցը: Նրա առջև են ծնվում իմ ստեղծագործությունները: Ես հերոսներ եմ ընտրում հեռուստատեսային հաղորդումներից, այն բազմաթիվ սերիալներից, որոնք ստեղծվում են ինձ նման անհոգ մարդկանց համար… Ես մի ժամանակ սիրում էի նաև նյույորքյան մետրոն, որի կայարաններում ժամերով ման էի գալիս` հետևելով մարդկանց, նրանց անցուդարձին… Բայց այն, ինչ տեղի ունեցավ անցած աշուն` ամբողջապես փոխեց իմ վերաբերմունքը մետրոյի նկատմամբ: Հիմա ես սոսկումով եմ անցնում որոշ կայարաններով` փակելով աչքերս, չուզենալով նայել նստարանների երկար շարքերին… Ինձ համար սիրելի նյույորքյան մետրոն հաշվված ժամերի ընթացքում ինձ ատելի դարձավ… (Կարծես ականջների մեջ խուլ ոռնոց ու կրակոցների ձայներ է լսում, երկու ձեռքով ամուր փակում է ականջները): Ես այդ օրը երբեք, երբեք չեմ մոռանա…


Կիսամութի մեջ լուսավորվում են իրար կողքի կանգնած Կատրինն ու Ջոնը: Ջոնի ձեռքին ջութակն է: Նա նայում է անորոշ կետի, ապա ինքնաբերաբար վեր բարձրացնում ջութակը, տեղավորում հարմար ու սկսում նվագել:


ՎԵԲԵՐ - Ես այդպես էլ չիմացա, թե ինչպես էր նվագում Ջոնը, բայց նրա ջութակի արձակած աղեկտուր ճիչն իմ ականջների մեջ է… Միշտ… Ամեն անգամ այն ասես ես լսում եմ, երբ անցնում եմ մետրոյի Հարավային կայարանով…


Անձրևի ձայնն ուժեղանում է: Մաքսը դանդաղ իջնում է աստիճաններով:


ՊԱՍՏՈՐ – (դանդաղ քայլերով գալիս է բեմի խորքից, մոտենում դեպի մետրո տանող աստիճաններին): Շունչս կտրվեց: Արդեն հազիվ եմ քայլում: Շատ երկար ճանապարհ ոտքով անցա: Իջնեմ մետրո ու մի քիչ հանգիստ տամ ոտքերիս: Ժամերգության ժամանակ հազիվ էի դիմանում… Տեր Աստված, ինչքան էլ շատ հավատացյալ կար այսօր: Չէ, գնամ տուն ու պառկեմ: Էլ չեմ դիմանում: Այսքան էլ հոգնած կլինի՞ մարդ, որ ես եմ հոգնել…


Դժվարությամբ իջնում՝է աստիճաններով՝ անընդհատ հևալով: Վազելով ու պայուսակներով ծանրաբեռ՝ գալիս է Նենսին: Տեսնելով մի անկյունում դրված հեռախոսախցիկը, արագմոտենում է, մտնում, դուռն առանց փակելու՝ համար է հավաքում:


ՆԵՆՍԻ – Յոհակիմ, սիրելիս, դու՞ ես… Ես եմ, քո թանկագին Նենսին… Ես արդեն մետրոյի կայարանում եմ… Հա, հա, շուտով կիջնեմ մետրո… Չէ, չէ, ոչինչ չեմ մոռացել, ամեն ինչ գնել եմ: Հա, իհարկե, ինչպես ասել ես: Չէ, սիրելիս, գնացի բանկ ու վճարումներն էլ արեցի… Մի քիչ, շատ քիչ փող մնաց մոտս… Հա, էլի կռվեց ինձ հետ, ասում է, թե շուտ եմ գնում տուն, բայց ես էդ տիրոջը բացատրեցի, որ ես ստրուկ չեմ, որ արհմիության անդամ եմ, որ իրավունքներ ունեմ… Հա, իհարկե, ինչպես սովորեցրել ես… Պատկերացրու, որ ստացվեց… Վախեցավ, ասաց. «Տիկին Նենսի, ես ձեզ այսօր կթողնեմ, որ շուտ հեռանաք, բայց խնդրում եմ, որ սրանից հետո ամեն օր ինձ տեղեկացնենք»: Դե, ի՜նչ մի դժվար բան է հիշեցնելը… Ի՞նչ ես ասում… Հա, հա… Մնացածը տանը կպատմեմ, իհարկե… Հա, մեկ էլ ուզում էի ասել, որ… Ի՞նչ, դե չէ, ես շատ քիչ եմ խոսում, դու ինձ գիտես… Լավ, լավ, կգամ, տանը կշարունակեմ…


Կախում է ընկալուչը, վերցնում պայուսակներն ու վազելով գնում դեպի աստիճանները: Սայթաքում է, մի կերպ պահում է իրեն, որպեսզի ներքև չընկնի: Զգուշությամբ իջնում է մետրո:Խոսելով գալիս են Կինը և Տղամարդը:


ՏՂԱՄԱՐԴ - Ես քեզ ասացի, որ մետրոյով ենք գնում և վերջ:

ԿԻՆ - Ես վախենում եմ, հասկանում ես: Քանի՞ անգամ եմ պատմել, որ կայարաններից մեկում առնետներ եմ տեսել, մեծ, ահռելի պոչերով առնետներ:

ՏՂԱՄԱՐԴ - Ինձ չի հետաքրքրում, թե ինչ ես տեսել՝ առնետ թե շնագայլ: Մետրոն էժան է, մատչելի: Մենք շատ փող չունենք, որ ավտոբուսով կամ տաքսիով գնանք: Ինքդ ես ասում, որ հարկավոր է խնայել, որպեսզի կարողանանք նոր բնակարան տեղափոխվել:

ԿԻՆ - Ասել եմ, այո, բայց վախենում եմ, հասկանու՞մ ես:

ՏՂԱՄԱՐԴ - Ոչ թե վախենում ես, այլ քաղքենական կյանքով ես ուզում ապրել: Այդպես ես ուզում, որովհետև ուսուցիչ հայրդ սովորեցրել է, որ ամուսնուդ պահանջներ ներկայացնես:

ԿԻՆ – հանգիստ թող հորս:

ՏՂԱՄԱՐԴ - Չեմ թողնելու: Մեր դժբախտությունների պատճառը նա է: Նա է այդպես վատ պահում իրեն և մտնում մեր ընտանեկան հարաբերությունների մեջ: Ես գնում եմ, ինքդ որոշիր:

ԿԻՆ – Ի՞նչ որոշեմ:

ՏՂԱՄԱՐԴ - Գալիս ես թե ոչ…

ԿԻՆ - Գալիս եմ…

ՏՂԱՄԱՐԴ - Ուրեմն, իջնում ենք մետրո:


Նրանք աստիճաններով իջնում են ներքև: Բեմում մի պահ տիրում է մթություն, որի միջից լսելի են դառնում ընթացող գնացքի աղմուկը, հաղորդավարի ձայնը. «Հաջորդ կայարանը Հարավայինն է: Մեր գնացքն այնտեղ կհասնի տասնհինգ րոպեից»: Լուսավորվում է: Գնացքի վագոնն է: Նստած են Մաքսը, Ջոնը, Կատրինը, Նենսին, Պաստորը, իր ձեռքի պայուսակին հենված` ննջում է Լիվինսկին: Բրիջերսը մերթ քայլում է, մերթ` նստում` այսպես ցույց տալով իր անհանգիստ վիճակը: Նա մերթ ընդ մերթ մոտենում է դռանը, նայում պատուհանից: Վագոնի խորքում, գրեթե խավարի մեջ, երևում են առկայծող կարմիր ու կանաչ լույսերը: Անտարբեր տղամարդը կանգնած է վագոնի կենտրոնում, նա նայում է նստածներին, ապա նկատում է հեռվում գտնվող մի նստարան, գնում է տեղ զբաղեցնում: Նստում է փնթփնթալով,պայուսակից հանում է թերթերի տրցակ, բացում թերթերից մեկը, նայում, հետո պայուսակից հանում է ջեռակը, բաժակը, կակաո լցնում բաժակի մեջ ու դանդաղ խմում:


ԿԱՏՐԻՆ – Ջոն, ինչ լավ արեցիր, որ առաջարկեցիր մետրոյով գնալ… Մենք իրար հետ խոսելու շատ ժամանակ կունենանք:

ՋՈՆ – Ճիշտ ես ասում: Այգիներում արդեն ցուրտ է, սրճարաններում էլ աղմուկ է տիրում, իսկ այստեղ մեզ խանգարող չի լինի…

ԿԱՏՐԻՆ - Ես քեզ կարոտել էի… Մի քանի օր է` զանգում էի, իսկ դու անընդհատ զբաղված էիր:

ՋՈՆ – Ներիր, Կատրին, ես ախր ունկնդրության եմ պատրաստվում… Մի մյուզիկ հոլլում խոստացել են ինձ նվագախմբի մեջ ընդգրկել, շուտով մրցույթն է… Դու լավ գիտես, որ առանց աշխատանքի ես չեմ կարող:

ԿԱՏՐԻՆ - Ավելի ճիշտ` առանց ջութակի:

ՋՈՆ - Դե իհարկե…Այսօր սանրվածքդ շատ գեղեցիկ է:

ԿԱՏՐԻՆ – Քույրս` Քեթին է սանրել մազերս: Նա այնպես էր ուզում, որ ես քեզ դուր գամ…

ՋՈՆ – Քեթին իմ ամենալավ ընկերն է, նա ամեն ինչ անում է ինձ համար…

ԿԱՏՐԻՆ – Իսկ ես քո ամենալավ ընկերը չե՞մ:

ՋՈՆ - Դու իմ աղջիկն ես, իմ ապագա հարսնացուն… Ես որոշել եմ ունկնդրության ժամանակ քո սիրելի ստեղծագործությունը նվագել, Շուբերտի «Իրիկնային սերենադը»… Երբ տանը նվագում եմ, ինձ թվում է, թե դու նստած ես գահավորակին և ունկնդրում ես ինձ… Ես քեզ համար եմ նվագում:

ԿԱՏՐԻՆ - Ես այնպես եմ ուզում, որ ունկնդրության ժամանակ դու բոլորին դուր գաս… Դու պետք է զարմացնես բոլորին, հաղթես…

ՋՈՆ - Ես արդեն մի քանի օր է գիշերները չեմ քնում, հենց փակում եմ աչքերս` ինձ թվում է, թե կանգնած եմ հանձնաժողովի առջև ու նվագում եմ… Ամեն անգամ հանձնաժողովի անդամներն ինձ նայում են մռայլ հայացքներով, տարուբերում գլուխները:

ԿԱՏՐԻՆ – Ջոն, դու չափազանց լարված ես, իսկ լարվածությունը կվնասի քեզ… Դու ամենալավ երաժիշտն ես, հրաշալի ջութակահար, հավատա, որ քեզ կհավանեն, քեզ կընդունեն… Ես ուզում էի քեզ հանդիպել, Ջոն, ուզում էի այս բոլոր օրերի կարոտն առնել, քեզ այնքան բան ունեի պատմելու…

ՋՈՆ – Իսկ ինչու՞ չես պատմում…

ԿԱՏՐԻՆ - Դու այնքան անհանգիստ ես, այնքան ես խոսում մրցույթից, որ ես չեմ ուզում այլ բաների մասին խոսել:

ՋՈՆ – Չէ, չէ, խոսիր… Ես ուզում եմ այսօր միայն քեզ նայել, քեզ հետ խոսել, քո և իմ մասին խոսել…Ես շատ ուրախացա` իմանալով, որ դու երեկոյան մի քիչ ժամանակ ունես: Մտածեցի, որ սա հենց հրաշալի առիթ է իրար հետ լինելու, գոնե մի քանի ժամ զրուցելու համար…

ԿԱՏՐԻՆ - Ես արդեն մի քանի օր պատրաստվում էի մեր այս հանդիպմանը…

ՊԱՍՏՈՐ - (տեղում անհանգիստ շարժումներ է անում, ինչ-որ բան փնտրում և ինքն իրեն խոսում): Չեմ սիրում ինչ-որ բան կորցնել, չեմ սիրում… Բայց որտե՞ղ դրեցի այդ համրիչը, որտե՞ղ: Տաճարից դուրս գալիս, լավ եմ հիշում, ինձ մոտ էր, այ, այս գրպանումս, ախր որտե՞ղ կարող էի կորցնել…(Քրքրում է գրպանները, նայում ձեռքի գիրքը, թափ տալիս էջերը): Չէ, այստեղ էլ չկա, այստեղ էլ չեմ դրել… Ես սովորություն ունեմ գրքի մեջ դնել… Իսկ գուցե դրել ու մի տեղ գցե՞լ եմ…

ՆԵՆՍԻ - (շրջվում է դեպի Պաստորը): Հայր սուրբ, դուք ինչ-որ բա՞ն եք կորցրել:

ՊԱՍՏՈՐ - Այո, կորցրել եմ, համրիչս եմ կորցրել, այն համրիչը, որի ծայրից խաչ էր ամրացրած Աստվածամոր պատկերով, իսկ հատիկներից մեկն էլ մի տարի առաջ մի փոքր քերծվել էր, երբ Երախտագիտության օրը պատարագ էի մատուցում…

ՆԵՆՍԻ – Իսկ գուցե չե՞ք կորցրել, այլ մի գրպանի անկյունն եք գցել…

ՊԱՍՏՈՐ - Ես բոլոր գրպաններս նայեցի, բայց չգտա… Հիմա ի՞նչ եմ անելու:

ՆԵՆՍԻ - Դե շատ մի տխրեք, հայր սուրբ, այդ համրիչներից ամեն տեղ վաճառում են… Ուզու՞մ եք, հայտնեք ձեր տաճարի տեղը, ես մեր դիմացի կրպակից կգնեմ ու ձեզ կբերեմ…

ՊԱՍՏՈՐ - Դե, ասենք, դու ճիշտ ես ասում, լավ ես ասում, եթե ուզում ես գնել` գնիր, դա նվեր կլինի մեր եկեղեցուն, բայց ես այդ համրիչը շատ էի սիրում, դա մոտ երեսուն տարի առաջ ինձ մի եպիսկոպոս էր նվիրել… Իսկ թա՞նկ արժե ձեր կրպակում համրիչը:

ՆԵՆՍԻ – Չէ, ի՞նչ եք ասում, մի քանի ցենտ:

ՊԱՍՏՈՐ - Դա լավ է, շատ լավ է… Այդ դեպքում լավ կլիներ, որ դու մի քանի հատ գնեիր… Ես արդեն ծերացել եմ, անուշադիր ու թափթփված դարձել… Հնարավոր է, որ շուը-շուտ սկսեմ կորցնել…

ՆԵՆՍԻ – Վաղն աշխատանքս վերջացնելուց հետո կմտնեմ կրպակ ու կգնեմ… Որտե՞ղ է ձեր տաճարը:

ՊԱՍՏՈՐ – Քառասունյոթերորդ փողոցում, բողոքականների դպրոցի դիմաց: Եթե պատահի այնպես, որ ես տաճարում չլինեմ, ուրիշ հոգևորականների չտաս… Կգաս ավելի ուշ:

ՆԵՆՍԻ – Շատ լավ, հայր սուրբ, կվարվեմ ձեր ասածի պես:

ՊԱՍՏՈՐ - Ապրես, շատ ապրես: Որպես շնորհակալություն` ես քեզ համար Սուրբ գրքից կկարդամ մի քանի հատված: (Նայում է իր պայուսակին հենված ու ննջող Լիվինսկուն): Ներեցեք, պարոն, այդպես քնելը հարմա՞ր է:

ԼԻՎԻՆՍԿԻ - Ես քնած չեմ, հայր սուրբ… Հոգնածությունից մի փոքր հանգստանում եմ: Այսպես հարմար է: Ես աշխատավայրում էլ, երբ շատ հոգնած եմ լինում, հենվում եմ սեղանին և մի փոքր փակում աչքերս:

ՊԱՍՏՈՐ - Լավ է… Ես էլ եմ սիրում այդպես հանգստանալ… Հատկապես կիրակի օրերին, երբ շատ այցելուներ ենք ունենում, ես հոգնում եմ… Նստում եմ խոստովանասենյակում, մի քիչ փակում աչքերս ու հանգստանում… Երբեմն անգամ կիսաբաց աչքերով երազներ եմ տեսնում… Ես սիրում եմ երազներ տեսնել… Իսկ դուք սիրու՞մ եք:

ԼԻՎԻՆՍԿԻ – Չգիտեմ, այդ մասին չեմ մտածել:

ՆԵՆՍԻ - Ես երազներ շատ եմ սիրում: Հատկապես կեսգիշերին տեսած երազները: Դրանք մեկ-մեկ այնքան լավն են լինում, որ չեմ ուզում քնից արթնանալ:

ՊԱՍՏՈՐ - (շրջվում է դեպի Կատրինը): Աղջիկս, իսկ դու երազներ սիրու՞մ ես…

ԿԱՏՐԻՆ – Խելքս գնում է երազների համար:

ՊԱՍՏՈՐ - Երազները մեր մտքերի շարունակությունն են, դրանք մեզ հնարավորություն են տալիս բացահայտելու և ճանաչելու ինքներս մեզ: Այնպես չէ՞, պարոն:

ԼԻՎԻՆՍԿԻ - (դժկամությամբ): Այո, հայր սուրբ, դուք միանգամայն իրավացի եք:

ՊԱՍՏՈՐ – Ինչպես կռահեցի, պարոնն այնքան էլ հակված չէ խոսակցություն ծավալել, բայց սա իմ սովորությունն է, ես չեմ կարող լինել մարդկանց մեջ և չխոսել:

ԼԻՎԻՆՍԿԻ - Ես այսօր չափազանց հոգնած եմ և անտրամադիր:

ՊԱՍՏՈՐ – Հասկանում եմ, պարոն, հասկանում եմ: Մեր տեր Աստվածը հոգնությունը տվել է մեզ ինքնահաստատման և հնազանդության, այլ ոչ թե փորձության համար: «Եվ մի տանիր զմեզ ի փորձություն, այլ փրկեա ի չարեն…»,- ասում է: (Դառնալով դեպի Ջոնը): Իսկ դուք, երիտասարդ, ինչու՞ եք լուռ:

ՋՈՆ - Ես ունկնդրում եմ ձեզ, հայր սուրբ:

ՊԱՍՏՈՐ – Կեցցես, երիտասարդ, քո մեջ խոսում է հնազանդության ոգին: Դու նյույորքցի՞ ես:

ՋՈՆ - Այո, հայր սուրբ, նյույորքցի եմ, չնայած ծնողներս այստեղ են եկել Մասաչուսեթից:

ՊԱՍՏՈՐ – Ուրեմն, դու մեր եկեղեցու՞ն չես պատկանում:

ՋՈՆ – Իմ ծնողները հավատացյալ կաթոլիկներ են: Նրանք ամեն կիրակի ժամերգության են գնում, իսկ տանն էլ աղոթում են ճաշից և քնելուց առաջ:

ՆԵՆՍԻ - Ես նույնպես, հայր սուրբ, ես էլ եմ աղոթում և գոհունակությունս հայտնում: Իսկ այ, ամուսինս, այդ անհավատը, ինձ ծաղրում է, անընդհատ փնթփնթում… Հարբեցողի մեկը…

ՊԱՍՏՈՐ – Ժամանակը կգա, ու նա կհասկանա իր մեծագույն սխալները: Երբ կանգնի մեծագույն դատարանի առաջ…

ՆԵՆՍԻ - Էհ, հայր սուրբ, նա արդեն երեք անգամ դատարանի առջև է կանգնել, բայց էլի խելքի չի եկել…Ես նրան ասում եմ. «Մայք, դու անուղղելի ես, քո հոգին դժոխք է գնալու», իսկ նա ծիծաղում է ու ծաղրում ինձ…«Թող ես այստեղ լավ ապրեմ, իսկ թե ինչ կլինի ինձ հետ հետմահու կյանքում` պետքս չի»…(Լիվինսկուն): Դուք հետմահու կյանքին հավատու՞մ եք, պարոն:

ԼԻՎԻՆՍԿԻ – Հիմա ես միայն իմ ժամացույցին եմ հավատում, որն ինձ քառասունհինգ րոպեից կհասցնի իմ կայարանը, դուրս կգամ գնացքից, տասը րոպեում կհասնեմ տուն, կմտնեմ տանտիրուհու մոտ, կվճարեմ ամսեվարձն ու կվազեմ դեպի անկողին…

ՆԵՆՍԻ - Դուք հոգեկան արժեքներով չեք ապրում, պարոն:

ԼԻՎԻՆՍԿԻ – Հոգեկանի համար տրամադրություն չունեմ, տիկին:

ՆԵՆՍԻ - (բարձրանում է նստած տեղից, ներկայանում): Նենսի Ֆիցջերալդ, պարոն, Նենսի, ծնունդով Ալաբամայից: Նյու-Յորք եմ եկել տասնհինգ տարի առաջ:

ԼԻՎԻՆՍԿԻ - (անտարբեր): Հաճելի է, տիկին Ֆիցջերալդ:

ՆԵՆՍԻ – Մեծ մայրս ասում էր, որ մենք սերում ենք հռչակավոր Ֆիցջերալդների տոհմից, այն Ֆիցջերալդների, որոնք մասնակցել են Հյուսիսի և Հարավի միջև ընթացած քաղաքացիական պատերազմին և աչքի ընկել մեծ քաջագործություններով: Իմ պապ Փոլը աչքի լույսի պես էր պահում տոհմական պարգևները…

ՊԱՍՏՈՐ – Կեցցես, տիկին Նենսի: Դու հարգել գիտես քո նախնիների հիշատակը: Սուրբ գիրքն այդ առթիվ ասում է…(հանկարծ նայում է Լիվինսկուն, ով հանել է թերթերն ու կարդում է): Ի՞նչ են գրում թերթերը, միստր:

ԼԻՎԻՆՍԿԻ – Ճգնաժամ, գների թանկացում, գործազրկություն, պատերազմներ… Ահաբեկիչները նորից են սպառնում պայթեցումներ իրականացնել, իսկ Անջելինա Ջոլին նոր պայմանագիր է կնքել, որն արժե ութ միլիոն դոլար…

ՆԵՆՍԻ – Ի՞նչ են ուզում մեզանից այդ ահաբեկիչները, ինչու՞ չեն թողնում խաղաղ ապրենք… Ի՞նչ ենք անելու… Ես հազիվ մի հարմարավետ բնակարան եմ ձեռք բերել…Ի՞նչ է լինելու, հայր սուրբ:

ՊԱՍՏՈՐ – Վատ ժամանակներ են գալիս, շատ վատ ժամանակներ… Մեր եկեղեցու հավատացյալների թիվն էլ պակասել է, մարդիկ իրենց հոգսերի մեջ են, եկեղեցի գալու տրամադրություն չունեն… Ծննդյան տոներին, իհարկե, կգան, բայց մյուս օրերին գրեթե դատարկություն է տիրում…Բայց ցավն այն է, որ եկեղեցին է մոռացության մատնվում, հավատացյալ ու քրիստոնյա Ամերիկան սկսում է այլ հետաքրքրություններով ու անհանգստություններով ապրել…

ԼԻՎԻՆՍԿԻ - Այո… Ծանր ու դժվարին ժամանակներ են, բարդ ժամանակներ: Բանկեր են պայթում, շատ գործատուներ սկսել են մարդկանց խմբերով ազատել աշխատանքից… Գուցե մեզ մոտ էլ սկսվեն կրճատումները…

ՆԵՆՍԻ – Չէ, իմ գործին վտանգ չի սպառնում… Ես մանրավաճառ եմ, մարդկանց միշտ էլ մանր-մունր պետք են գալիս…

ԼԻՎԻՆՍԿԻ – Իսկ ահա մեզ մոտ այնքան էլ լավ չէ վիճակը:

ԱՆՏԱՐԲԵՐ ՄԱՐԴ - (բարձրանում է տեղից, մոտենում մի պատուհանի, դուրս նայում, հանում ծխախոտ, հոտ քաշում ծխախոտից, հետո նորից դնում տուփի մեջ):

ԲՐԵՋԵՐՍ – Մի խոսեք գործազրկությունից, խնդրում եմ…

ՆԵՆՍԻ – Ինչպե՞ս չխոսենք, երիտասարդ, երբ մենք ամուսիններ ունենք, երեխաներ ունենք, որոնք աշխատում են: Ճիշտ է, իմ ամուսինն արդեն երկար ժամանակ է չի աշխատում, որովհետև նրա թոքերը հիվանդ են, երկար տարիներ հանքահորերում է աշխատել, բայց իմ երկու տղան, որ ապրում են Ալյասկայում, կարող են կորցնել իրենց աշխատանքը… Իսկ դուք, միստր, աշխատու՞մ եք:

ԲՐԵՋԵՐՍ – Մինչև անցած շաբաթ աշխատում էի, իսկ երկուշաբթիից այլևս աշխատանք չունեմ:

ՆԵՆՍԻ – Խեղճ միստր, դուք երևի հաց գնելու փո՞ղ էլ չունեք…

ԲՐԵՋԵՐՍ – Ինձ խղճալ պետք չէ, ինձ ոչինչ պետք չէ: Ես հպարտություն ունեմ, ես կարող եմ ինքս լուծել իմ բոլոր հարցերը… Ես կվերադառնամ, անպայման Լիվերպուլ կվերադառնամ… Ինձ պետք չէ այս ավետյաց երկիրը, պետք չէ… Ես այնտեղ ամեն ինչ սկզբից կսկսեմ…

ՆԵՆՍԻ – Մի զայրացեք, միստր… Մենք ախր բոլորս էլ իրար նման ենք… Եթե մետրոյից ենք օգտվում, ուրեմն` բոլորս էլ աղքատ մարդ ենք, կարիքների մեջ… Դուք Լիվերպուլից եք, ուրեմն: Ամուսինս շատ է սիրում լիվերպուլցիների ֆուտբոլը… Ամբողջ օրը մեր մաշված հեռուստացույցի առաջ նստած` միայն ֆուտբոլ էր նայում: Հիմա հեռուստացույց էլ չունենք, այրվեց, ստիպված էին դուրս նետել… Մետրոն ամենաէժանն է այսօր Նյու-Յորքում: Աստված չտա, որ հանկարծ քաղաքի իշխանությունները փորձեն թանկացնել մետրոյի գները…Մեզ նման մարդիկ բառացիորեն կործանման կդատապարտվեն… Չնայած ամուսինս ինձ միշտ խորհուրդ է տալիս հանրակառքով երթևեկել:

ԱՆՏԱՐԲԵՐ ՄԱՐԴ - (Բարձրաձայն փռշտում է, հազում, մեծ թաշկինակով մաքրում քիթն ու բերանը: Մի պահ բոլորը շրջվում ու նրան են նայում):

ՋՈՆ – Հայր սուրբ, դուք օպերա սիրու՞մ եք:

ՊԱՍՏՈՐ - (անակնկալի եկած): Ի՞նչ:

ՋՈՆ - Ասում եմ` դուք օպերա սիրու՞մ եք:

ՊԱՍՏՈՐ – Չէ, չէ, օպերա չեմ սիրում… Օպերան ինձ չէր ձգում, ինչ-որ արհեստական բան էի տեսնում նրա մեջ… Ասենք, ես իմ ողջ կյանքում օպերայում չեմ էլ եղել: Ես սիրում եմ հոգևոր երգեր ու ջազ:

ԿԱՏՐԻՆ - Դուք շատ զարմանալի պաստոր եք:

ՊԱՍՏՈՐ – Իհարկե, իհարկե, աղջիկս… Զարմանալի և համայնքի կողմից շատ սիրելի: Անշուշտ, կներեք ինձ անհամեստության համար… Ջազը աշխարհի ամենալավ երաժշտությունն է: Դա հրաշք է, կիրք է , երանություն է… Լսում ես ջազ և սավառնում երևակայության աշխարհում…Երիտասարդ տարիներիս ես ինքս էլ դաշնամուր էի նվագում ու երգում… Ո~նց էի երգում… Ես մեր քաղաքի լավագույն դաշնակահարներից մեկն էի, ջահել ու գեղեցիկ տղա, որի ելույթներն ուղեկցվում էին բուռն ծափահարություններով:

ՏՂԱՄԱՐԴ - Շուտով կանգառ է լինելու, պատրաստվիր:

ԿԻՆ - Ես քեզ հետ չեմ իջնի: Դու գնա տուն, ես գնում եմ ծնողներիս մոտ:

ՏՂԱՄԱՐԴ - Արդեն հոգնել եմ քո նվնվոցներից, քո ամենօրյա կռիվներից:

ԿԻՆ - Ես էլ չեմ ուզում ապրել էդ աղքատության մեջ: Դու խոստացար, որ նոր բնակարան կվերցնես…

ՏՂԱՄԱՐԴ - Կամաց խոսիր: Քեզ խնդրում եմ, շատ եմ խնդրում, որ այստեղ չխոսես: Տանը, ամեն ինչ տանը…

ԿԻՆ – Տանն էլ նստում ես հեռուստացույցի առջև ու ֆուտբոլ նայում… Էլ ե՞րբ խոսեմ…

ՏՂԱՄԱՐԴ - Ես շուտով փոխառություն կվերցնեմ, նոր բնակարան կտեղափոխվենք:

ԿԻՆ – Ինձ քո փոխառությունը պետք չէ: Ինձ պետք է, որ կարողանամ խաղաղ ու հանգիստ ապրել, դուրս գալ էդ ծակից, որը բնակարան է կոչվում: Չէ, դու մենակ տուն գնա: Ես ծնողներիս մոտ կգիշերեմ:

ՏՂԱՄԱՐԴ - Իսկ երեխանե՞րը:

ԿԻՆ - Երեխաներն ի՞նչ… Նրանք դեռ ոչինչ չեն հասկանում, նրանք կարծում են, թե աշխարհի բոլոր բնակարաններն այնպիսին են, ինչպիսին մերն է… Էլ չեմ կարող, հասկացիր, չեմ կարող…

ՏՂԱՄԱՐԴ - Կգնանք տուն,ամեն ինչի մասին տանը կխոսենք… Փոխառության դիմումներն արդեն վերցրել եմ, կանխավճարի համար էլ շեփիս եմ դիմել, խոստացավ օգնել, մի քիչ փող տալ: Գնանք, խնդրում եմ:

ԿԻՆ - Ամեն անգամ էսպես համոզում ես ինձ, իսկ ես հիմարի նման հավատում եմ քեզ…

ՏՂԱՄԱՐԴ - Ես քեզ իսկապես խոստանում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու: Հավատա, ազնիվ խոսք: Հիմա մենք էստեղ կիջնենք, կմտնենք խանութ, երեխաների համար քաղցրավենիք կառնենք ու կգնանք մեր բնակարանը… Դու թանձր սուրճ կեփես, երեխաներին կլողացնես, դե ես էլ…

ԿԻՆ - Դե դու էլ կնստես հեռուստացույցի առաջ ու քո ֆուտբոլը կնայես:

ՏՂԱՄԱՐԴ - Ֆուտբոլն իմ կյանքն է, հասկացիր: Ես ոչինչ չունեմ ֆուտբոլից բացի… Գնանք մուտքի մոտ, հիմա գնացքը կանգ կառնի…

ԿԻՆ - Գնանք մուտքի մոտ, հիմա գնացքը կանգ կառնի… Ամեն անգամ նույնը, ամեն անգամ կարողանում ես համոզել…Ավելի լավ է գնանք մինչև Լինկոլնի հրապարակի կանգառը, այնտեղ այս ժամին թարմ թխվածքներ են լինում, երեխաները սիրում են դրանք…

ՏՂԱՄԱՐԴ - Լավ, թող քո ասածով լինի, միայն թե չգնաս ծնողներիդ մոտ: Ես չեմ սիրում, երբ հայրդ վերցնում է հեռախոսն ու զանգում, սկսում իր դասախոսությունները… Ընտանիքը պետք է հենվի ամուր հարաբերությունների վրա…

ԿԻՆ – Վերջ տուր, խնդրում եմ, հայրս միայն մեր լավն է ուզում, նա չի ուզում, որ մեր տանն անախորժություններ լինեն…

ՏՂԱՄԱՐԴ - Եկ փոխենք մեր տեղը:

ԿԻՆ – Ինչու՞:

ՏՂԱՄԱՐԴ - Խորքում լավ է, մեզ ոչ ոք չի խանգարի…Այստեղ ուղղակի անտանելի է դառնում…

ԿԻՆ - Դու ինքդ ես արդեն անտանելի դառնում… Սկզբում ինձ հետ չէիր հաշտվում, փողոցում կռվում էիր, հիմա սրանք անտանելի դարձան:

ՏՂԱՄԱՐԴ - Ես Ամերիկայի քաղաքացի եմ, ազատ քաղաքացի, ես իրավունք ունեմ խաղաղ գնալու իմ ճանապարհը, որպեսզի ինձ ոչ ոք չխանգարի:

Լսվում է հաղորդավարի ձայնը. «Հարավային կայարան»: Հաջորդը` «Լինկոլն ավենյու»: Լսվում էկանգ առնող գնացքի ձայնը:

ՊԱՍՏՈՐ _ Ձեզանից ոչ ոք չի՞ դուրս գալիս այստեղ: Դա լավ է, մենք արդեն բարեկամացանք և հաճելի զրույց կվարենք մինչև տեղ հասնելը: Սիրում եմ զրուցել մետրոյի գնացքում, անիվների հանդարտ ընթացքի ուղեկցությամբ: Հա… դուք գնում եք, ափսոս, որ ձեզ հետ չկարողացա զրուցել ու ծանոթություն հաստատել: Երբ ազատ ժամանակ կունենաք, եկեք մեր եկեղեցի, ես ձեզ ցույց կտամ Հայտնության սրբապատկերը…

ՏՂԱՄԱՐԴ - Մեկ ուրիշ անգամ, Հայր սուրբ:

ՊԱՍՏՈՐ - Դե, Աստված ձեզ հետ: Մռայլ մարդ դուրս եկար…

ՏՂԱՄԱՐԴ - Ես մռայլ մարդ չեմ, Հայր սուրբ, ես շատ ուրախ մարդ եմ, բայց ահա դուք չափազանց շատախոս եք, ուղղակի անտանելի:

ԿԻՆ – Ի սեր Աստծո, մի վիճիր, խնդրում եմ:

ՏՂԱՄԱՐԴ - Ես չեմ վիճում: Ես ընդամենը այս Հայր սուրբին ասում եմ, որ նա արդեն սահմաններն անցնում է, դիտողություն անում:

ՆԵՆՍԻ – Ձեզ ի՞նչ պատահեց, հարգելիս:

ՏՂԱՄԱՐԴ - Ես ձեզ համար հարգելի չեմ, ես ձեզ համար ոչինչ չեմ, հասկանում եք: Արդեն տևական ժամանակ է մենք ճանապարհ ենք գնում, իսկ դուք անընդհատ խոսում եք ու խոսում, խոսում եք ու խոսում, ինչքա՞ն կարելի է:

ՆԵՆՍԻ – Պարոն, մենք ոչ ոքի չենք խանգարում, մենք խոսում ենք Հայր սուրբի հետ: Եթե ձեզ համար հաճելի չէ, մի լսեք:

ՏՂԱՄԱՐԴ - Ինձ համար հաճելի չէ, երբ ինձ մռայլ մարդ են ասում, երբ ինձ հարցեր են տալիս: Ես իմ կնոջ հետ գնում եմ տուն, մեզ հանգիստ թողեք:

ԿԻՆ - Եկ իջնենք այս կայարանում, խնդրում եմ:

ՏՂԱՄԱՐԴ - Ոչ, դու ասացիր, որ գնում ենք Լինկոլնի հրապարակ քաղցրավենիք գնելու… Ուրեմն, գնում ենք: Եվ այս պատվարժան հասարակությանը խնդրում եմ քիչ խոսել, չխանգարել մեզ:

ՆԵՆՍԻ - Անտանելի մարդ եք, ինչպե՞ս է այս կինն ապրում ձեզ հետ:

ՏՂԱՄԱՐԴ - Անտանելին դուք եք ձեր չվերջացող խոսակցությամբ: Եկել են տարբեր տեղերից, լցվել են Նյու Յորքում, արդեն շնչելն անհնար է դարձել, քայլելը նույնպես… Գնացեք ձեր երկիրն ու ապրեք այնտեղ: Ի՞նչ եք ուզում մեզանից:

ԿԻՆ - Դու բոլորին վիրավորում ես…

ՏՂԱՄԱՐԴ - Եվ կվիրավորեմ, կասեմ ճշմարտությունը:

ԿԻՆ - Գնանք նստենք այնտե, խնդրում եմ:

ՊԱՍՏՈՐ – Սպասեցեք, պարոն, ձեզ ո՞վ ասաց, որ մենք տարբեր տեղերից ենք եկել Նյու Յորք: Սա մեր քաղաքն է, իմ քաղաքն է: Ես այստեղ եմ ծնվել: Իսկ դուք երևում է, անհավատ ու անդաստիարակ մարդ եք:

ՏՂԱՄԱՐԴ - Վերջ տվեք, Հայր սուրբ, փնթփնթան ու շատախոս ծերուկ, դուք էլ, տիկին նեգրուհի… Սա ձեզ համար շուկա չէ, մետրո է…


Կինը քայլում է նրա հետևից: Նրանք գնում և նստում են անկյունի նստարանին:


ՊԱՍՏՈՐ – Այս ի՜նչ են դարձել մարդիկ, անհաշտ, կռվարար, թողնես իրար կոկորդ կկրծեն: (Դառնում է դեպի Անտարբեր մարդը): Իսկ դուք ինչու՞ չեք խոսում, չեք միջամտում, դիտողություն չեք անում:

ԱՆՏԱՐԲԵՐ ՄԱՐԴ - (բացում է պայուսակը, հանում մի բուտերբրոդ, պայուսակի վրա փռում մի թերթ ու սկսում ագահորեն ուտել):Դուք բոլորդ արդեն հոգնեցրել եք, զզվեցրել: Ինձ հանգիստ թողեք: Ինձ չի հետաքրքրում, թե այստեղ ինչ է կատարվում, թե ինչ եք խոսում, ինչի մասին եք խոսում: Ես թքած ունեմ ամեն ինչի վրա: Ես իմ ճանապարհն եմ գնում:

ՆԵՆՍԻ – Տեր Աստված, աշխարհի վերջն է, Արմակեդրոն է...

ԱՆՏԱՐԲԵՐ ՄԱՐԴ - Իսկ դուք բառը ճիշտ արտասանեք:

ՆԵՆՍԻ – Ձեզ ի՞նչ, թե ես ինչպես կարտասանեմ բառը, ինչ կասեմ: Իմ իրավունքն է:

ԱՆՏԱՐԲԵՐ ՄԱՐԴ - Վերջացավ, վերջացավ... Ամեն ինչ վերջացավ... Հիմա բոլորն իրավունքներից են խոսում, հիմա բոլորն իրենց ազատ են զգում... Սա ի՞նչ երկիր դարձավ...


ԿԱՌԱՄԱՏՈՒՅՑՈՒՄ



Գալիս են Հարրին և Թոմը: Երկուսն էլ ահաբեկված տես ունեն: Շփոթված են:


ՀԱՐՐԻ - Եթե հանկարծ բարմենը ոստիկանություն դիմի, մենք կորած ենք:

ԹՈՄ – Նա շատ վճռական էր տրամադրված: Ասաց, եթե երկու ժամից փողը չբերեք, կգնամ շերիֆի մոտ:

ՀԱՐՐԻ – Հիմա ի՞նչ անենք: Ինձ ոչ ոք տանը փող չի տա: Հայրս ասել է, որ եթե մեկ էլ բարերում պարտքեր ունենամ, ինքն իր ձեռքով ինձ ոստիկանություն կհանձնի:

ԹՈՄ – Մեր տանն էլ փող չեն տա: Ծախելու կամ գրավ դնելու էլ ոչինչ չունեմ:

ՀԱՐՐԻ – Վիճակներս շատ բարդ է, Թոմ: Էդ բարմենի հաստավիզ թիկնապահն ինձ էնպես նայեց, որ քիչ էր մնում տակս թրջեի… Դա եթե ինձ խփեր, ինձանից ախր ոչինչ չէր մնա:

ԹՈՄ - Գիտես, որ ես էլ կռվի հետ գլուխ չունեմ… Բայց էս անտերն ինձ մի քիչ ուժ տալիս է:

ՀԱՐՐԻ – Հա, շատ լավ վիսկի է, թանկերից… Ինչքա՜ն ժամանակ է ուզում էի դրանից խմել, բայց փող չէր ընկնում ձեռքս:

ԹՈՄ – Հիմա խմեցինք… Հի…հի…հի… Տղերքին եթե պատմեմ, թե ինչ քաջություն եմ արել, ինչպես եմ բարմենի քթի տակից վերցրել շիշը, չեն հավատա: Կասեն՝ մեր վախկոտ ու փոքրիկ Թոմն ուժեղ տղամարդ է դարձել…

ՀԱՐՐԻ - Բարում ես էլ մի պահ աքլորացա, ինձ թվաց, թե շատ ուժեղ եմ, բայց երբ երևաց աժդահա թիկնապահը, սկսեցի դողալ:

ԹՈՄ – Մեզ նման տղաներին երբեմն պետք է քաջություն ձեռք բերելու համար նման պայմաններում հայտնվել, բայց, Հարրի, այս բոլորը մի կողմ, հիմա ի՞նչ ենք անելու:

ՀԱՐՐԻ - Եթե մեզ չբռնեն, ուրեմն ամեն ինչ լավ կլինի: Բայց համոզված եղիր, էդ շանորդին մեզ կմատնի…

ԹՈՄ - Եկ իջնենք մետրո, ժամանակ կունենանք մի քիչ ուշքի գալու ու մտածելու…

ՀԱՐՐԻ – Մետրո՞… Լավ բան ասացիր, լավ միտք է… Գնանք… Բայց, սպասիր:

ԹՈՄ – Քեզ ի՞նչ պատահեց:

ՀԱՐՐԻ – Ի՞նչ ես կարծում, չփորձե՞նք մեր բախտն էստեղ փողոցում:

ԹՈՄ – Ինչպե՞ս փորձենք:

ՀԱՐՐԻ - Դե մեկնումեկին բռնենք ու քսակը դատարկենք… մեզ հիմա փող է հարկավոր, Թոմ, հասկանում ես… Եթե մենք էդ փողը չգտնենք, մեր հարցերը կլուծեն… Էսքան բաներ էինք արել, էսքան պատմությունների մեջ ընկել, բայց կարծես թե այս մեկը կոկորդումս է մնալու…

ԹՈՄ – Լավ, էլ մի նվնվա… Մի բան կանենք, չմտածես… Տես, տես…

ՀԱՐՐԻ – Ի՞նչ է:

ԹՈՄ – Մի այն կողմ նայիր: Տեսնու՞մ ես, թե ինչ զուգված-զարդարված ծիտիկ է գալիս:

Խորքում երևում է խայտաբղետ հագնված, բարձր կրունկների վրա հազիվ քայլող ու մի քիչ գինովցած Հիլարին: Ձեռքին պահել է չվառած ծխախոտը:

ՀԻԼԱՐԻ - Երիտասարդներն ինձ վառիչով կհյուրասիրե՞ն:

ՀԱՐՐԻ - Ես չեմ ծխում:

ԹՈՄ – Իսկ ես ծխում եմ: Էս որտեղի՞ց էսպես օրոր-շորոր…

ՀԻԼԱՐԻ - «Մրսած կատուներ» բարից… Երկու ժամ նստած էի էնտեղ…

ԹՈՄ – Ու գործ չկպա՞վ:

ՀԻԼԱՐԻ - Երևակայիր, չէ… Քեզ նման սիրունիկը էնտեղ բացակայում էր: Լավ, քիչ խոսիր, կրակայրիչդ էս կողմ բեր:

ԹՈՄ – Իսկ ի՞նչ կտաս, եթե վառեմ ծխախոտդ…

ՀԻԼԱՐԻ – Սովորաբար, ինձ են տալիս… կանաչներով…

ՀԱՐՐԻ – Թոմ…

ՀԻԼԱՐԻ – Թո՞մ… Էսօր ինձանից բոլոր փաժչողների անունները Թոմ էր… Հուսամ, գոնե դու չես փախչի…

ԹՈՄ – Չէ, ի՞նչ ես ասում, քեզ նման անուշիկին թողնեմ, ու՞ր գնամ…

Թոմը վառում է կրակայրիչը: Հիլարին կպցնում է ծխախոտը, մատով խաղում Թոմի մազերի հետ:

ՀԻԼԱՐԻ - Երևում է՝ շատ անուշիկն ես ու շատ փորձված: Իսկ ու՞ր գնանք:

ՀԱՐՐԻ – Մենք խիստ զբաղված ենք, տիկին, յան տուր:

ՀԻԼԱՐԻ – Ի՜նչ անքաղաքավարին ես… Իսկ ընկերդ երևի դեմ չի լինի, որ մի տեղ գնանք:

ՀԱՐՐԻ – Մենք որևէ տեղ չունենք:

ՀԻԼԱՐԻ - Ես թափառաշրջիկների հետ որևէ գործ չեմ բռնում… Ուրեմն, ցտեսություն:

ԹՈՄ – Սպասիր, սպասիր, կատվիկ… ես քեզ հիմա մի լավ տեղ կտանեմ… Այնպիսի տեղ, որ միանգամից կհանվես…

ՀԻԼԱՐԻ – Կանանց գինը գիտես, լավ է… Գնա՞նք:

ԹՈՄ - Գնանք:

ՀԱՐՐԻ – Ու՞ր ես գնում, Թոմ:

ԹՈՄ - Դու կարող ես իջնել մետրո, իսկ ես մեր անուշիկին տանեմ զովացնելու…

ՀԻԼԱՐԻ - Բայց պիտի վճարես… Հիսուն դոլար՝ չհաշված վիսկին ու ծխախոտը…

ԹՈՄ – Հա, իհարկե, ամեն ինչ կանեմ քեզ համար, հիսուն դոլարն ինչ է քեզ նման սիրունիկի համար… Ի՜նչ փափուկ կծքեր ունես…

ՀԻԼԱՐԻ – Քաշիր ձեռքերդ, մինչև չվճարես, մոտ չգաս:

ՀԱՐՐԻ – Թող դրան, Թոմ, դա մեզ պետք չի…

ՀԻԼԱՐԻ - Դա մեզ պետք չի… Հի-հի-հի… Խմբակային սեքսի կողմնակից չեմ…Հապա ձեռքդ տար գրպանդ, համոզվեմ, որ փող ունես:

ԹՈՄ – Մի՞թե կասկածում ես, թանկագինս… Ինձ նման տղամարդն առանց փողի փողոց դուրս չի գա… Կարող եմ բանկային քարտս էլ ցույց տալ:

ՀԻԼԱՐԻ – Ինձ բանկային քարտդ պետք չի, փողը հանիր:

ԹՈՄ – Հիմա… (անսպասելիորեն գրկում է Հիլարիին, ափով փակում բերանը և քարշ տալիս դուրս): Հիմա ես քեզ կվճարեմ, անուշիկս:

ՀԱՐՐԻ – Թող դրան, խնդրում եմ: Մեզ փորձանքի մեջ ես գցելու:

ԹՈՄ - Դու լռիր, ես հիմա կգամ:

Թոմն ուժով դուրս է տանում Հիլարիին: Հարրին վազում է նրա հետևից: Բեմում մի պահ լռություն է: Վազքով մետրոյի կանգառից դուրս է գալիս մի պատանի արագ-արագ հեռանում: Քիչ անց վազելով գալիս են Հարրին և Թոմը:

ԹՈՄ – Պոռնիկի մեկը... Էնպես կծոտեց ձեռքերս: Թուհ, ցավից աչքերս փակվում են:

ՀԱՐՐԻ - Դու նրան կոյուղի՞ն գլորեցիր:

ԹՈՄ – Չէ, չէ, մուտքի աստիճանների տակ... Բռնել էր շալվարիցս ու պոկ չէր գալիս:

ՀԱՐՐԻ - Դրամապանակը հո չգցեցի՞ր:

ԹՈՄ – Չէ, ինչ ես ասում: Գրպանս դրեցի:

ՀԱՐՐԻ – Հանիր տեսնենք ինչքա՞ն փող ունի:

ԹՈՄ – Ճիշտ ես, հիմա:

Թոմը գրպանից արագորեն հանում է դրամապանակը, սկսում նայել դարակները:

ԹՈՄ – Թուհ... ընդամենը երկու դոլար... Մի՞թե էդ պոռնիկն էսօր փող չի աշխատել:

ՀԱՐՐԻ – Չլսեցի՞ր, որ ասաց...

ԹՈՄ - Ես կարծեցի, թե դիտավորյալ է ասում:

ՀԱՐՐԻ – Հիմա ի՞նչ պիտի անենք...

ԹՈՄ – Նոր խնդիր առաջացավ...


Լսվում են սուլոցներ, մեքենաների աղմուկ:


ԹՈՄ - Եկ մտնենք մետրո... Գուցե դա է ոստիկաններին դիմել;

Արագ իջնում են մետրո: Լուսավորվում է վագոնը: Գնացքի վագոն են մտնում Հարրին և Թոմը Նրանք նայում են նստածներին, ապա իրար գրկած` գնում ու նստում խորքում: Լսվում էշչակի ձայնը: Գնացքը շարժվում է:

ՊԱՍՏՈՐ – Ուրեմն, շարունակենք մեր զրույցը: Ես ինչի՞ մասին էի խոսում:

ՆԵՆՍԻ – Ջազի, հայր սուրբ:

ՊԱՍՏՈՐ – Իհարկե, ջազի, տիկին Ֆիցջերալդ… (Նայում է Բրիջերսին): Իսկ դուք, երիտասարդ, նստեք ու լսեք: Ձեր անհանգիստ վիճակն ինձ էլ է փոխանցվում և կտրում մտքերիցս:

ԲՐԻՋԵՐՍ – Կարծում եմ, որ ես այստեղ ոչ ոքի չեմ խանգարում:

ՊԱՍՏՈՐ - Խանգարում եք, երիտասարդ, խանգարում եք… Եվ մի ծխեք այստեղ, ծուխը վնասում է թե ձեզ, թե մեզ…Ի դեպ, դուք նույնպե՞ս նյույորքցի եք:

ԲՐԻՋԵՐՍ - (ջղային): Մի՞թե դա էլ կապ ունի ջազի հետ:

ՊԱՍՏՈՐ - Չէ, իհարկե, կապ չունի, բայց ինձ համար հետաքրքիր է:

ԲՐԻՋԵՐՍ – Իսկ ես ձեզ հարցնու՞մ եմ, թե որտեղացի եք:

ՊԱՍՏՈՐ – Իզուր չեք հարցնում… Եթե հարցնեք, ես ձեզ հաճույքով կպատմեմ այն հրաշք նահանգի մասին, որտեղից իմ արմատներն են… Օ~, երիտասարդ, դա աշխարհի ամենագեղեցիկ վայրերից մեկն է, ուր բարձրահասակ կիպարիսներ կան, ուր ծովն իր ալիքներով կարծես մտնում է քաղաքների ու ագարակների մեջ… Այդ երկրի մասին դեռ Հենրի Լոնգֆելոն է գրել…

ԲՐԻՋԵՐՍ - Դա ինձ չի հետաքրքրում, ինձ հանգիստ թողեք... Անվերջ խոսում եք...

ՋՈՆ - Դուք հնդկացի՞ եք, հայր սուրբ:

ՊԱՍՏՈՐ – Ոչ, տղաս, իմ մեծ հայրն այնտեղ է գնացել որպես միսիոներ…

ՆԵՆՍԻ - Ես շատ եմ սիրում միսիոներներին… Երբեմն կիրակի օրերը կինո եմ գնում, որպեսզի տեսնեմ նրանց մասին ֆիլմերը… Ես առհասարակ կինո գնալ շատ եմ սիրում: Ամուսինս չի գալիս… Մենք այնքան հարուստ չենք, որ երկու տոմս գնենք: Ես նայում եմ ֆիլմը, հետո պատմում ամուսնուս, իսկ ամուսինս էլ պատմում է մեր դիմացի նպարեղենի խանութի վաճառողին…

ՊԱՍՏՈՐ - Երբ ֆիլմերը բարություն են քարոզում, ապա նրանք դառնում են հետաքրքիր:

ՆԵՆՍԻ – Ճիշտ եք ասում, հայր սուրբ, ես չեմ սիրում կռիվներն ու վայրենությունները… Ես վախենում եմ դրանցից: Աստված մեզ փրկի վայրենություններից ու գազանություններից: Ամենուրեք կռիվներ են, տուրուդմբոցներ, խայտառակություններ… Մեր թաղամասում միշտ կռիվներ են լինում, իսկ գիշերները պարզապես անհնար է աչք փակելը…Երեկ գիշեր էլ ես չկարողացա քնել: Բակում կռվում էին երկու խումբ` դանակներով, դատարկ շշերով, երկաթյա ձողերով… Ողջ գիշեր գոռգոռում էին, ինձ թվում էր, թե ուր որ է բարձրանալուն են մեր բնակարաններն ու մեզ…

ՊԱՍՏՈՐ – Քաոսն սկսում է տիրել աշխարհին, ամենուրեք վայրագություններն իրենց գլուխն են բարձրացնում` այսպես ընդվզելով այն մեծ ներդաշնակության դեմ, որը մեր տեր Աստվածն է հաստատել…. Աստված մարդուն ստեղծեց որպես բարության կրող և բարության օրենսդիր, նրան օժտեց բարձրագույն բարոյականությամբ, որպեսզի աշխարհի վրա տիրեն բարությունն ու հավատարմությունը, խաղաղությունն ու հաշտությունը, սակայն մարդը տրվեց գայթակղություններին, դավաճանեց իր տեր Աստծուն և հենց ինքն իրեն… Մարդիկ դարձել են չար, վայրենաբարո… Կարծես աշխարհի վերջը մոտենում է…

ՆԵՆՍԻ – Տերը մեզ փրկի կործանումից… Մի՞թե արդեն Արմակեդոնի գալստյան ժամանակն է… Ես վախենում եմ աշխարհի կործանումից… Ի՞նչ կլինի մեզ հետ… Ախր նոր ենք սկսել մի քիչ կարգին ապրել, հազիվ մի քիչ փող ենք հավաքել ծերության համար… Ամբողջ կյանքում ես չարչարվել եմ, աշխատել ու աշխատել… Իսկ հիմա` աշխարհի վերջը… Խորովվելու ենք կրակների մեջ, կուպրի մեջ այրվելու ենք…

ՏՂԱՄԱՐԴ - (Կնոջը): Այս պաստորն արդեն հոգնեցրեց բոլորին:

ԿԻՆ – Մեր ինչ գործն է: Թող ինքն իր ու այդ նեգրուհու համար խոսի:

ՏՂԱՄԱՐԴ - Մարդ մետրոյում անգամ հանգիստ չունի… Ի՞նչ է դարձել այս երկիրը…

ԿԻՆ – Չխառնվես և չխոսես: Պատկերացրու, որ մենք որևէ մեկին չենք տեսնում այստեղ:

ՀԱՐՐԻ - (գրպանից հանում է վիսկիի կիսադատարկ շիշը, մի քանի ումպ անում, ապա շիշը նետում հատակին): Էյ, դու, ակնոցավոր բարբի, չե՞ս կարող մի քիչ քիչ խոսել: Վերջ տուր կռռոցներիդ…(Վեր է կենում, փորձում է մի քայլ անել, սակայն վերադառնում է իր տեղը:) Ես կնստեմ, բայց դու լռիր:

ՊԱՍՏՈՐ - (ձեռքը դնում է Նենսիի ուսին): Դուք այստեղ անպաշտպան չեք, տիկին Ֆիցջերալդ:

ՆԵՆՍԻ – Շնորհակալություն, հայր սուրբ;

ՊԱՍՏՈՐ - (շրջվելով դեպի Հարրին): Իսկ դուք, երիտասարդ, փորձեք մի քիչ քաղաքավարի լինել:

ՀԱՐՐԻ – Իսկ դու լռիր, քնձռոտ վանական: Չփորձես ինձ քաղաքավարության դասեր տալ:

ԼԻՎԻՆՍԿԻ - Երիտասարդ, մենք մեզ համար հանգիստ երթևեկում ենք և զրուցում: Մենք որևէ մեկին չենք խանգարում:

ՀԱՐՐԻ – Պարզվում է` այստեղ հարազատ-բարեկամների մի ողջ թայֆա է հավաքվել: Սա մետրո է, ձեզ համար զրուցարան չէ:

ԹՈՄ - (կիսապառկած, գարեջրի շիշը ձեռքում ): Ճիշտ է ասում իմ ընկերը, թողեք մի քիչ հանգստանանք:

ԲՐԻՋԵՐՍ - (շրջվում է դեպի Թոմը, նայում նրան, ապա դիմում Պաստորին): Հայր սուրբ, շարունակեք ձեր խոսքը, դուք այնպես լավ եք խոսում…

ԹՈՄ - (Կատրինին, գրեթե շշուկով): Ավելի մոտ նստիր ինձ…

ԿԱՏՐԻՆ - (նույնպես շշուկով): Ես չեմ վախենում:

ԹՈՄ - (Պաստորին): Դու էլ բավական է սարսափ բաներ պատմես… Աշխարհի վերջ, դատաստան… Թքած ունենք այդ բոլորի վրա, այնպես չէ՞, Հարրի:

ՀԱՐՐԻ - Հարգարժան հասարակությանը հայր սուրբի խոսքերը շատ դուր են գալիս… Հարգարժան հասարակությունը վաղուց եկեղեցի չի գնացել, դրա համար էլ պաստորն իր քարոզն այստեղ է կարդում…(Պաստորին): Իսկ դու կարո՞ղ ես քո քարոզի փոխարեն մի լավ ռեփ երգել… Էն ռեփերից, որ ակումբներում են երգում ու պարում…

ՆԵՆՍԻ – Ինչպե՞ս չեք ամաչում… Մի՞թե կարելի է այդպես խոսել սուրբ հոր հետ:

ՀԱՐՐԻ – Ի՞նչ ասացիր…

ՆԵՆՍԻ – (փոքր-ինչ վախեցած և կմկմալով): Ես ասացի, որ… որ չի կարելի այդպես խոսել…

ԹՈՄ - (նստած տեղից): Դե ձայնդ կտրիր, թե չէ որ վեր կացա…

ԼԻՎԻՆՍԿԻ - Երիտասարդներ, հանգստացեք, մենք ձեզ ոչ մի վատ բան չենք ասում… Դուք … մենք ձեզ չենք խանգարում…

ՀԱՐՐԻ - Այդ էր պակաս, որ դեռ մեզ խանգարեիք: (Պաստորին): Դե, տեր հայր, սկսիր ռեփ պարել… Ասում են, որ գիշերները, երբ տաճարում մարդ չի մնում, ձեր եղբայրները հավաքում են ջահել աղջիկներին ու մինչև լույս ռեփ են պարում…

ՊԱՍՏՈՐ - Դու դաստիարակություն չունեցող և անկիրթ տղաներ եք… դուք պղծում եք պատկերացումները եկեղեցու մասին:

ԹՈՄ - Դե, դե, չփորձես մեզ հետ այդպես խոսել, խորանի առնետ… Դու ով ես, որ մեր դաստիարակությունից խոսես…

ՀԱՐՐԻ – Քեզ ասացին` պարիր, դե, դու էլ պարիր, ինչու՞ ես կոտրատվում… Սիրտս պար է ուզում, քահանայի պար… Ուղու՞մ ես` ծափ տամ, որ ռիթմը պահես:

ՆԵՆՍԻ - Դուք ձեզ իսկական փողոցայինի պես եք պահում, վերջ տվեք:

ԹՈՄ - Դու այլևս չխոսես, նեգրի զավակ… Էդ էր մնացել, որ նեգրերն էլ սկսեին խոսել… Փակիր բերանդ, քանի դեռ էս շշով չեմ փակել…

ԿԱՏՐԻՆ - (հպվում է Ջոնին): Ե՞րբ է լինելու հաջորդ կանգառը:

ՋՈՆ - Դու հանգիստ մնա, ես քո յողքին եմ, քեզ ոչ ոք չի նեղացնի:

ՀԱՐՐԻ - (մոտենում է Նենսիին, երկար ու անթարթ նայում, ապա բարձր հռհռում): Մի էստեղ նայեք. նեգր ու խոսում է… (Բռնում է Նենսիի ակնոցները, երկար նայում): Ակնոցներով կապիկ առաջին անգամ եմ տեսնում, շատ զվարճալի է…

ՆԵՆՍԻ - (փորձում է խլել ակնոցները): Տուր այստեղ ակնոցներս, տղա:

ՀԱՐՐԻ - Դե քաշիր ձեռքդ, ինձ չկպնես, քավթառ: Նստիր հանգիստ, երբ քեզ հետ զտարյուն ամերիկացին է խոսում…

ԹՈՄ - (հռհռում է): Ապրես, Հարրի, դու սկսել ես շատ կիրթ բառեր օգտագործել… Թող այդ նեգրին ու եկ այստեղ:

ՀԱՐՐԻ - Ախր ինչպե՞ս թողնեմ: Դու չտեսա՞ր, թե նա ինչպես համարձակ էր բլբլում… Սրանց էլ են լեզու տվել…

ՊԱՍՏՈՐ – Մեղք եք գործում Աստծո առաջ, տղաներ, մեծ մեղք:

ԹՈՄ - Այդ քահանան արդեն սկսում է ինձ զայրացնել: Դրան ասա ձայնը կտրի, Հարրի:

ՀԱՐՐԻ - (պաստորին): Դու լսեցի՞ր, թե ինչ ասաց իմ ընկեր Թոմը, փոքրիկ Թոմը, որին մենք բոլորս սիրում ենք ու հարգում… Կըրիր ձայնդ…

ՆԵՆՍԻ - Անօրեններ, անկարգ տղաներ…

ՀԱՐՐԻ – Ոչ թե տղաներ, այլ` փոքրիկ չարաճճի բալիկներ, որչոնք խաղալ են ուզում…

ՆԵՆՍԻ - Եթե խմել եք, ապա շարունակեք ձեր քեֆը… Մենք ձեզ չենք խանգարում…

ՀԱՐՐԻ – Լսիր, նիգեր, դեռ Ամերիկան չի կործանվել, որ քեզպեսներն սկսեն մտքեր արտահայըել: (Մոտենում է պաստորին): Դե, հայր սուրբ, սկսիր ռեփը, մարմինս քոր է գալիս, ուզում եմ շարժվել, ծափ տալ:

ՏՂԱՄԱՐԴ - (Կնոջը): Վեր կաց այստեղից:

ԿԻՆ – Ինչու՞:

ՏՂԱՄԱՐԴ - (Կնոջը):Չե՞ս տեսնում, թե այստեղ ինչ է կատարվում: Գնանք վագոնի այն անկյունը:

ԿԻՆ - Գնանք: Ես այստեղ սարսափում եմ:

ՊԱՍՏՈՐ – Խիղճ ունեցեք, երիտասարդներ, ես ձեր պապիկի տարիքին եմ, ամաչեցեք:

ՀԱՐՐԻ – Թոմ, դու քո պապիկին հիշու՞մ ես:

ԹՈՄ – Մեկը կար մեր տանը` մի շատախոս ծերուկ, որին մի օր նստեցրի սայլակին ու ծերանոց տարա: Հիմա ինչ-որ մի հետավոր քաղաքի ծերանոցում է… Գուցե էլ էնտեղ էլ չի, այլ տեր Աստծո մոտ…

ՀԱՐՐԻ – Նշանակում է` չես հիշում:

ԹՈՄ – Հա, չեմ հիշում ու հիշելու ցանկություն էլ չունեմ:

ՀԱՐՐԻ - Ես էլ իմ պապիկին չեմ հիշում, էնպես որ հայր սուրբը իզուր է խոսում նրանց մասին… (Ծափ է զարկում): Դե, սկսիր…

ՊԱՍՏՈՐ - (ինքնաբերաբար տարածում է ձեռքերը, հետո էլ սթափվելով` կանգ է առնում): Ես ձեզ համար խաղալիք չեմ:

ԹՈՄ – Հայր սուրբը վիրավորվեց, հայր սուրբի մեջ խոսեց վիրավորված արժանապատվությունը… Դե, եթե պարել չես ուզում, ապա քաշվիր մի անկյուն, հիմա թող նիգերը պարի… Ասում են, որ դուք լավ եք պարում…

ՆԵՆՍԻ - Անամոթներ…

ՀԱՐՐԻ - (ընդհուպ մոտենում է նրան, խաղացնում ակնոցները): Եթե դու չես ուզում, որ հենց հիմա փշրվեն քո այս ակնոցները, սկսիր պարել… Դե, դե, բարձրացրու թաթիկներդ, շարժիր տոտիկներդ, ու՞մ եմ ասում… (Ծափ է զարկում): Ես չեմ սիրում, երբ իմ հրահամգները չեն կատարում:

ՆԵՆՍԻ - (ծնկի է գալիս): Աղաչում եմ քեզ, ինձ հանգիստ թող:

ՀԱՐՐԻ - (քաշում է Նենսիի թևից): Վեր կաց, չեմ սիրում, երբ տեսարաններ են սարքում: Սկսիր պարել:

ՆԵՆՍԻ – Թող ինձ, խնդրում եմ, թող… (Լաց է լինում): Ես չեմ կարող պարել:

ՀԱՐՐԻ - (ուշադիր նայում է Նենսիի ականջօղերին, ապա ձեռքը երկարում): Ի~նչ լավ խաղալիքներ են կախված ականջներիցդ: Ապա թող նայեմ:

ՆԵՆՍԻ – Քաշիր ձեռքերդ, չմոտենաս:

ՀԱՐՐԻ - Դե, դե, հանգստացիր, տիկին սևամորթ, ես փայլփլուն բաներ շատ եմ սիրում: Ինքդ հանիր, թե չէ ականջներից էլ կզրկվես:

ՊԱՍՏՈՐ Հեռու քաշվեք նրանից:

ԼԻՎԻՆՍԿԻ – Պարոն, խնդրում եմ, պետք չէ կոպիտ վարվել…

ԹՈՄ – Հարրի, հասարակությունը հուզվում է և ընդվզում… Գուցե ե՞ս էլ փորձեմ հանգստացնել այս հուզված զանգվածին…

ՀԱՐՐԻ – Ինքս էլ գլուխ կհանեմ… (Նենսինն): Ի՞նչ ես ասում, տիկին, հանելու՞ ես ականջօղերդ: (Ուժգին քաշում է Նենսիի թևից):

ՆԵՆՍԻ – Թողեք ինձ, երիտասարդ: Ես ինքս: (Սկսում է ականջներից հանել ականջօղերը): Սրանք իմ միակ զարդերն են, իմ միակ հարստությունը, ես տասը տարի օրնիբուն աշխատել եմ, սենթ առ սենթ հավաքել ու տնտեսել, որպեսզի գնեմ սրանք:

ԹՈՄ – Ուրեմն, դրանք թանկարժեք խաղալիքներ են: Հարրին սիրում է խաղալիքներ: Այնպես չէ՞, Հարրի:

ՀԱՐՐԻ – Իհարկե, Թոմ, սիրում եմ: Իմ ծանոթ գրավատուի մոտ ես մի ամբողջ հավաքածու ունեմ այս խաղալիքներից: Դրանք քո ինչի՞ն են պետք, պառավ: Հանիր արագ:

ՊԱՍՏՈՐ - Դուք բարբարոսներ եք, իսկական անհավատներ:

ԹՈՄ - (քրքջում է): Հի…հի…հի… Խորանի առնետն իր հերթական ցնդաբանությունը հայտնեց… (Շրջվում է դեպի պաստորը): Եթե անմիջապես չլռես ու անկյուն չքաշվես, ես քեզ վայր կնետեմ գնացքից…

ՆԵՆՍԻ - (Հարրիին է պարզում ականջօղերը. լալագին): Նայեք և վերադարձրեք, երիտասարդ, խնդրում եմ…

ՀԱՐՐԻ – Ոսկեղենի հայտնի սիրահար Հարրին սովոր չէ իրեն տրվածըհետ վերադարձնել, տիկին… Ինչպե՞ս էր անունդ:

ՆԵՆՍԻ - (վախվորած): Նենսի, Նենսի Ֆիցջերալդ…

ՀԱՐՐԻ – Նենսի Ֆիցջերալդ, քեզ նման խոճկորին սազական չեն այս ականջօղերը… Սրանք կմնան ինձ մոտ, իսկ վաղը տեղ կգտնեն ծերուկ Բոբի խանութի մեծ դարակում… Իսկ հիմա պարիր…

ԼԻՎԻՆՍԿԻ - Գուցե պետք չէ՞… Չէ՞ որ դուք ձեր ուզածն արդեն ստացաք…

ԹՈՄ – Հարրի, անջատիր այդ մարդու խոսափողը, նա ավելորդ ռեպլիկներ է տալիս և փչացնում ամեն ինչ…

ՀԱՐՐԻ - (մոտենում է Լիվինսկուն): Քո ձայնն ինձ դուր չի գալիս, շատ խզխզան է, ճիշտ և ճիշտ մեր փչացած վերելակի նման…

ԹՈՄ - (մոտենում է Նենսիին, ուշադիր նայում նրան): Դու էլ ոչինչ չունե՞ս:

ՆԵՆՍԻ - (աղիողորմ լաց լինելով): Չէ, երիտասարդ, այլևս ոչինչ չունեմ:

ԹՈՄ - (կոպտորեն քաշում է Նենսիի պայուսակը): Իսկ սա՞ ինչ է:

ՆԵՆՍԻ – Թող, խնդրում եմ, այդտեղ մի քիչ նպարեղեն կա, ամուսինս առավոտվանից ոչինչ չի կերել, նա ինձ է սպասում…

ԹՈՄ – Սոված նեգրերը կարող են հարձակվել հարևանների վրա և ուտել նրանց… (Քրքջում է և խլում պայուսակը, բացում, թափում միջի պարունակությունը):

ՆԵՆՍԻ - (ծնկաչոք սկսում է հավաքել): Խիղճ չունեք, ձեզ մայր չի ծնել:

ԹՈՄ - (ոտքով հարվածում և մի կողմ է գցում Նենսիին): Չհանդգնես այդպես խոսել… Ես հիմա քո լեզում կկտրեմ…(Գրպանից հանում է դանակը):

ՊԱՍՏՈՐ - (նետվում է դեպի Թոմը, որպեսզի խլի դանակը): Պահիր դանակը, խնդրում եմ, պահիր… Դա միշտ դժբախտություն է բերում:

ՀԱՐՐԻ - (նետվում է դեպի Պաստորն ու ուժգին հարվածում նրան): Դու էիր պակաս, քոսոտ տերտեր, վեր ընկիր մի անկյունում և փակիր ռեխդ, քեզանից մեռելահոտ է գալիս…

ՊԱՍՏՈՐ - (գետին ընկած): Ես նզովում եմ քեզ, դու վիժվածք ես:

ՀԱՐՐԻ - (սկսում է ոտքերով հարվածել Պաստորին): Առ քեզ, կեղտոտ քահանա, առ քեզ, սրիկա… Ո՞վ է վիժվածքը, դու ու՞մ ես վիժվածք անվանում…

ԿԱՏՐԻՆ - (ավելի է մոտենում Ջոնին): Ջոն, ես սարսափում եմ, դու չմոտենաս դրանց, դրանք քեզ էլ վնաս կտան:

ՋՈՆ - (գրկում է Կատրինին): Նրանք մեզ չեն մոտենա, մի վախենա, խնդրում եմ, մի վախենա:

ՊԱՍՏՈՐ – Որտեղի՞ց այդքան դաժանություն քո մեջ, մի՞թե մարդկային ոչինչ չկա քեզանում…

ՀԱՐՐԻ - Ես թքած ունեմ մարդկային ամեն ինչի, քո ասած բաների վրա… Ես ծնվել եմ, որ ապրեմ, որ վայելեմ… Ես ինձ լավ եմ զգում:

ԹՈՄ - (Պաստորին քարշ է տալիս մի անկյուն): Դու դաժանությու՞ն ասացիր: Դա ի՞նչ բառ է, ո՞վ է հորինել… Սա մեր ապրելու ձևն է, մեր հաճույքն է:

ՆԵՆՍԻ - (մղվում է դեպի Պաստորը, սրբում նրա քթից հոսող արյունը): Խեղճ հայր սուրբ, նրանք ձեզ այս ի՞նչ արեցին…

ԹՈՄ – Քեզ ո՞վ թողեց, որ գնաս այդ մեռելահոտ ծերուկի մոտ…

ՀԱՐՐԻ - (դանդաղ մոտենում է Նենսիին և ագահ-ուշադիր նայում նրան): Բայց դու այնքան էլ վատը չես, տիկին Ֆիցջերալդ, դեռ կանացի հրապույրներ կան քո մեջ…

ՆԵՆՍԻ - (սարսափած նայում է): Չմոտենաս, հրեշ…

ՀԱՐՐԻ - (բռնում է Նենսիի կզակից և քաշում դեպի իրեն): Ասում են, թե նեգրուհիները շատ կրքոտ են, սեքսուալ… Դու այնքան էլ վատը չես և այնքան էլ ծեր չես…

ԹՈՄ – Թող դրան, Հարրի, դա ի՞նչ հաճույք կարող է պատճառել:

ՀԱՐՐԻ – Սրա տված հաճույքը յուրահատուկ կլինի, Թոմ, եկ իրար հետ փորձենք…

ԹՈՄ – Չէ, ցանկություն չունեմ…

ՆԵՆՍԻ - (սողում է դեպի նստարանը): Տեր, փրկիր ինձ, աղաչում եմ, օգնիր ինձ… Ես այս խայտառակությանը չեմ դիմանա…

ՀԱՐՐԻ - (չոքում է Նենսիի առաջ): Սա խայտառակություն չէ, տիկին, սա կայֆ է… Ամուսինդ թոքախտով հիվանդ է, արդեն ծեր, իսկ դու դեռ ուզում ես կյանքից վերցնել այն, ինչ քեզ է պետք… և ինձ… (ուժգին քաշում է Նենսիին դեպի իրեն, արձակում տաբատի գոտին): Ես չեմ սիրում, երբ կանայք ընդդիմանում են, չեմուչում անում… Եթե դու քո կամքով չգաս ինձ մոտ, ես քեզ ուժով կտիրեմ… Դու կգոռաս, կաղաղակես, բայց…

ԹՈՄ – Հարրի, ի՞նչ հաճույք պիտի ստանաս այդ կեղտոտ նեգրուհուց, դեն նետիր դրան…

ՀԱՐՐԻ - Ես կամաց-կամաց սկսում եմ ղզղնել…(Ձեռքը տանում է դեպի ամորձիները): Փոքրիկ Հարրիկն ախր այստեղ սկսում է անհանգստության նշաններ ցույց տալ…

ՆԵՆՍԻ - (անսպասելիորեն ուժ է հավաքում ևառաչուն ապտակ իջեցնում Հարրիի դեմքին): Կեղտոտ խոզ, քոնթի շուն, վավաշոտ լակոտ…

ՀԱՐՐԻ – (գազազած): Ի~նչ… դու ինձ վավաշոտ լակո՞տ անվանեցիր…(կատաղած սկսում է հարվածել Նենսիին): Դու քո բաժինն հիմա կստանաս, քնձռոտ նիգեր…

ԼԻՎԻՆՍԿԻ - (վազում է դեպի Հարրին): Թողեք նրան, երիտասարդ, խնդրում եմ: Դուք նրան կսպանեք:

ՀԱՐՐԻ - (ուժգին հարվածում է Լիվինսկուն, Լիվինսկին երերում ու հետ-հետ է գնում): Չհամարձակվեք խանգարել ինձ, երբ ես գործի վրա եմ…Չեմ սիրում, որ ամեն մեկն իր քիթն է խոթում իմ գործերի մեջ… Ով համարձակվեց միջամտել, նրան էլ գրողի ծոցը կուղարկեմ, հասկանալի՞ է… (շարունակում է հարվածել Նենսիին): Դու հիմա կգնաս քո աստվածների մոտ և նրանցից կհայցես քո փրկությունը: Մի սրան տես, այս քավթառին, այս գարշահոտ նիգերին…


Նենսին աղեկտուր ճիչեր է արձակում, սակայն Հարրին շարունակում է խփել նրան: Թոմը պառկել է նստարանին և մեծ հաճույքով խմում է:


ԹՈՄ - Դրա նվնվոցներից ախորժակս փակվում է, Հարրի, դրան դուրս շպրտիր գնացքից, թե չէ կապականի այստեղ ամեն ինչ:

ՀԱՐՐԻ – Կշպրտեմ, բայց մինչ այդ մի լավ տնտղեմ սրան… Տես, ինչ մսալի կրծքեր ունի… Հիշու՞մ ես այն պուերտոռիկացուն, Մեծ կամրջի մոտ… Ճիշտ և ճիշտ նրա կրծքերն են… (Բռնում է Նենսիի մազերից, քաշում): Ի~նչ լավն էր քածը… Նա փախչում էր, իսկ ես վազում էի նրա հետևից…

ԹՈՄ - Բայց հենց հասավ կամրջին, ես կանգնեցի նրա դիմաց: Նա այլևս չկարողացավ դուրս պրծնել իմ ճանկերից… Ես քաշեցի ու պատռեցի վերնաշապիկը, որի տակից դուրս պրծան կրծքերը…

ՀԱՐՐԻ – Հիշու՞մ ես, թե ինչ ձայներ էր հանում, ոնց էր ուզում ազատվել իմ ձեռքերից… Վերջին երկու տարում ես դրա նմանին չէի հանդիպել… Բայց դրան իզուր գցեցինք կամրջից…

ԹՈՄ – Չէ, չէ, ճիշտ վարվեցինք, դա կարող էր մեզ մատնել…Դրա պեսները ոստիկանույան մոտ միշտ էլ խղճահարություն են առաջ բերում…

ՀԱՐՐԻ – (Նենսիին): Դու էլ ինչ թանկարժեք բան ունես քեզ մոտ:

ՆԵՆՍԻ - (լաց լինելով): Ոչ մի բան…

ՀԱՐՐԻ – Ուրեմն, դու ինձ էլ պետք չես… (Քաշում է շրջազգեստը, պատռում, ապա մեկ անգամ էլ հարվածում Նենսիին): Հիմա հարմար պառկիր:

ՆԵՆՍԻ - (պաշտպանվում է): Թող ինձ, թող ինձ…

ՀԱՐՐԻ - (կոպտորեն ընկնում է Նենսիի վրա): Ես ասացի, չէ, որ չհակառակվես ինձ…

Նենսին փորձում է ազատվել նրանից, սակայն դա նրան չի հաջողվում: Կատրինը ճչում է, Ջոնըփակում է նրա բերանը: Հանկարծ Նենսին ոտքով հարվածում է Հարրիին և ուզում վեր կենալ պառկած տեղից:

ՀԱՐՐԻ - (վնգստոց արձակելով): Ես քու մերը, կեղտոտ նիգեր…(Ուժգին հարվածում է Նենսիի դեմքին: Նենսին ճիչ է արձակում և լռում: Հարրին փորը բռնած` ոտքի է կանգնում): Դու հիմա ընդմիշտ կլռես, կեղտոտի մեկը…:

ԹՈՄ - Դու նրան…

ՀԱՐՐԻ – Ոնց որ թե…Կասկածու՞մ ես ընկերոջդ հարվածի ուժին:

ԿԱՏՐԻՆ - (Ջոնին): Սպանե՞ց:

ՋՈՆ - (կամաց): Չգիտեմ: Լռիր, մի խոսիր:

ՊԱՍՏՈՐ - (ընկած տեղից): Դու իրավունք չունես ապրելու այս հողի վրա, տականք: Դու հրեշ ես…

ՀԱՐՐԻ - (մոտենում և հարվածում է Պաստորին): Փակիր բերանդ, թե չէ դու էլ կգնաս նեգրուհուդ մոտ… Ու թե դու, թե մյուսներդ լավ իմացեք, որ այստեղ մենք ենք ամեն ինչի տերը, մենք ենք այստեղ հրամայողն ու կարգադրողը…

ԿԻՆ – Իսկ եթե ինձ էլ մոտենան:

ՏՂԱՄԱՐԴ - Չեն մոտենա:

ԿԻՆ - Գուցե դու սաստե՞ս դրանց:

ՏՂԱՄԱՐԴ - Ին ինչի՞ն է պետք խառնվել այս ամենին: Մենք տուն ենք գնում, մենք ոչինչ չենք տեսնում, մեզ ոչինչ չի հետաքրքրում:

Մթնեցում: Լուսարձակի լույսն ընկնում է Նենսիի վրա: Նենսին լուռ հեկեկում է, հազիվ շնչում:

ՆԵՆՍԻ – Ներիր, ինձ, Մայքլ, ներիր… Ես քեզ չլսեցի… Դու ինձ միշտ ասում էիր, որ մետրոն վտանգավոր է, որ պետք է հանրակառքով երթևեկել, իսկ ես քեզ չէի լսում… Ախր ուզում էի ճանապարհին մի քանի սենթ էլ տնտեսել, որ կարողանանք քեզ համար դեղեր գնել… Հիմար պառավս տնտեսել էր ուզում, քո առողջության մասին հոգ տանել էր ուզում… Վատն է Նյու-յորքը, Մայքլ, շատ վատը… Ես միշտ այստեղ ապրել եմ վախը սրտումս, սարսափի մեջ, միշտ վախեցել եմ ուշ ժամերին… Դու ոստիկանություն չդիմես, Մայք, սրանք կամ էլ սրանց ընկերները կհետևեն քեզ, վրեժխնդիր կլինեն… Ամերիկան սրանցն է, սրանց հայրենիքն է, մեզ ոչ ոք չի պաշտպանի, մեզ ոչ ոք չի փրկի… Ոստիկանություն չդիմես, Մայք, խնդրում եմ, աղաչում եմ… Ինձ Նյու-յորքում չթաղես, Մայք, կտանես իմ հայրենիքը, կամփոփես իմ ծնողների կողքին… Նրանց ինձ կգուրգուրեն, կփայփայեն, նրանք կբուժեն իմ վերքերը… Ես երկնային զանգակների ձայները դեռ չեմ լսում, Մայք, բայց գիտեմ, որ արդեն հեռանում եմ քեզանից, իմ զավակներից` Սեմից և Դեվիդից… Դու նրանց ասա, որ ես միշտ սիրել եմ իրենց, որ սպասել եմ իրենց, որ իրենց ուղարկած նամակները պահել եմ բարձիս տակ… Դու այդ նամակները լավ պահիր, Մայք, դրանք մեր զավակների գրած նամակներն են… Երբ շատ հիվանդ լինես` կարդա դրանք և իսկույն կապաքինվես… Դու քեզ լավ պահիր, Մայք, չմրսես, քեզ մրսել չի կարելի… Ես մի քիչ տնտեսած փող ունեմ, խոհանոցի փոքրիկ պահարանի վերևի դարակում է, շաքարամանի մեջ: Հանիր այդ փողերը և քեզ համար դեղ գնիր… Թոշակդ խնամքով կծախսես, Մայք, խնայողություն կանես… Մեր երեխաներից փող չուզես, նրանք քիչ են վաստակում ր մեծ դժվարությամբ ապրում… Մնաս բարով, Մայք, իմ առաջին ու միակ սեր, ես քեզ միշտ սիրել եմ…

Լուսավորվում է: Հարրին նստած է նստարանին, Թոմի կողքին: Նենսին ընկած է հատակին: Կատրինը փարվել է Ջոնին և դողացնում է:

ՀԱՐՐԻ – (Թոմին): Ի՞նչ եղավ իմ վիսկին:

ԹՈՄ - Այստեղ է, նստարանի վրա:

ՀԱՐՐԻ – Տուր մի կում անեմ, կոկորդս քերվում է:

ԹՈՄ - Դու զուր տըեղը տաքացար, նա չարժեր քո ջղայնությանը:

ՀԱՐՐԻ - Դու գիտես, որ իմ նյարդերը թույլ են, ես շատ զգայուն մարդ եմ…Այդ նեգրը չհասկացավ, որ իմ նյարդերը փխրուն են, որ ինձ չի կարելի զայրացնել, այնպես չէ՞, Թոմ…

ԹՈՄ – Ոչինչ, հանգստացիր: Սրանք շուտով ավելի լավ կիմանան, թե ով ենք մենք: (Նայում է Պաստորին): Այս քահանան դուրս չի գալիս: Մի քիչ շատ է խոսում և իրեն դրության տերը կարծում:

ՀԱՐՐԻ - Դա ինձ էլ է ջղայնացնում: Նետե՞նք դուրս, թող թունելի առնետները կշտանան ու աղոթեն մեզ համար:

ՊԱՍՏՈՐ - (քիչ լսելի): Ձեզ համար սատանան պիտի աղոթի…

ԹՈՄ - Դա ինչ-որ բա՞ն ասաց, թե՞ ինձ թվաց…

ՀԱՐՐԻ – Թող խոսի իր համար, մինչև ես վիսկիս խմեմ:

ԹՈՄ – Չէ, դրա հախից ես եմ գալու: Դու գիտես, չէ, որ ես չեմ սիրում: Մի ամգամ ես գողություն էի անում տաճարից, չէ, ինչ գողություն, պարզապես սեղանին դրված ոսկյա խաչը դուրս եկավ, վերցրեցի ու դուրս եկա, որ տանեմ ծերուկ գրավատուի մոտ, մեկ էլ հետևիցս ոստիկաններնն ընկած` սկսեցին հետապնդել: Տասնութերորդ փողոցի մոտ բռնեցին, մի լավ ծեծեցին, հետո էլ երեք ամսով փակեցին բանտում… Բանտից դուրս գալուց հետո իմացա, որ մի հրեա քահանա է ինձ մատնել… Ես դրանց բոլորի մերը…Դրանց բոլորին պիտի վառել, խորովել… Պատկերացնու՞մ ես, թե ինչ բոց կբարձրանա դրանց վրայից…


Լիվինսկին լսելով հրեա բառը, անհանգիստ սկսում է պայուսակի հետ խաղալ: Բրիջերսը նոր ծխախոտ է վառում և քաշվում դեպի ելքի դուռը:


ՀԱՐՐԻ – Ինձ էլ դպրոցում էր միշտ կրոնի ուսուցիչը, որ Կանադայից եկած հոգևորական էր, միշտ պատժում, պարտադրում ամեն դասի տասն անգամ «Հայր մերն» անգիր ասել… Հիմի էդ անտեր աղթքը լսելիս սիրտս խառնում է, ուզում եմ բոլոր քահանաներին հավաքել ու դրանց բոլորին… այ էսպես…(ցույց է տալիս մի շարժում, իբր հարվածում է):

ԹՈՄ - (մատը երկարելով Պաստորին): Լսիր, մեռելի մանրադրամ, հապա մի եկ այստեղ:

ՊԱՍՏՈՐ - (շուռ է տալիս դեմքը): Ես քեզ հետ խոսելու բան չունեմ:

ԹՈՄ - Դու ո՞վ ես, որ ես քեզ հետ խոսեմ… Բան եմ ասում, լսիր… Մի հատ ոտքի կանգնիր:

ՊԱՍՏՈՐ - Ես կանգնելու ուժ չունեմ:

ԹՈՄ – Ուզում ես` ուժո՞վ կանգնեցնեմ: (Վեր է կենում, քայլ անում դեպի Պաստորը):

ՊԱՍՏՈՐ - (վախեցած կուչ է գալիս): Չխփես ինձ, խնդրում եմ, անաստված:

ԹՈՄ - (հռհռում է): Բան ասիր` անաստված… Մի կուշտ կծիծաղեի ասածիդ վրա, բայց տրամադրություն չունեմ: Ես քեզպեսներին չեմ խփում, այլ այնպես եմ ոչնչացնում, որ այլևս ապրելու ցանկություն չունենան: (Հրամայաբար): Կանգնիր:

ՊԱՍՏՈՐ – Քեզ ասացի` չեմ կարող:

ԹՈՄ – Հիմա կկարողանաս: (Ուժով բարձրացնում է Պաստորին, կանգնեցնում նստարանի վրա և երկար նայում): Օհո, ասես Վաշինգտոնի արձանը լինի, միայն թե ձին տակից փախել է… Ո՞ւր է ձին:

ՊԱՍՏՈՐ - (վախվորած): Ի՞նչ ձիու մասին ես խոսում:

ԹՈՄ - Դե, այն ձիու, որի վրա նստած քո տեր Հիսուս Քրիստոսը Երուսաղեմ եկավ…

ՀԱՐՐԻ – Թոմ, ձիու չէ, այլ էշի…Մի քիչ մտածիր քո գիտելիքների ավելացման մասին…

ԹՈՄ – Հա՞… Ոչինչ, տարբերություն չկա…(Պաստորին): Հապա սկսիր «Հայր մերն» արտասանել:

ՊԱՍՏՈՐ – Քո ինչի՞ն է պետք «Հայր մերը»: Քեզ համար դատավճիռ պետք է արտասանել, էլեկտրական աթոռի դատավճիռ…

ԹՈՄ – Սխալվում ես, հայր սուրբ, ոչ թե էլեկտրական աթոռի դատավճիռ, այլ ինձ ազգային հերոսի կոչում պետք է տալ, որ երկիրը մաքրում եմ ձեզպեսներից: Դուք մեզ խանգարում եք ապրել: Արտասանիր, ասում եմ…(Հարրիին): Հարրի, տուր այստեղ դանակդ:

ՀԱՐՐԻ – Պետք չի, Թոմ, մենք նրան ողջ-ողջ գնացքից դուրս կգցենք:

ԹՈՄ – Հա, դա էլ կանենք, բայց հիմա տուր դանակդ:

ԿԻՆ – Նա դանակ է հանում:

ՏՂԱՄԱՐԴ - Իհարկե, կհանի… Չե՞ս տեսնում, ինչ տիպն է… Դու պայուսակիցդ հանիր գործվածքդ ու գործիր…


Հարրին դանակը տալիս է Թոմին:


ԹՈՄ –(վերցնում է դանակը, դեմ տալիս Պաստորի կոկորդին) : Դե սկսիր: Արտասանիր արտահայտիչ և ներշնչանքով:

ՊԱՍՏՈՐ - (սկսում է կմկմալով): Հայր մեր…Ես քեզ նման ստահակի պահանջով ոչինչ չեմ ասի…

ԹՈՄ – Քեզ ասում եմ` արտասանիր, քանի դեռ կատաղությունս չի բռնել:

ՊԱՍՏՈՐ - Հայր մեր, որ հերկինս ես, սուրբ եղիցի…

ԹՈՄ – (գոռալով): Այդպես լավ չէ, դու ու՞մ ես ձեռք առնում, շան փորոտիք… Ավելի բարձր, այնպես, ինչպես տաճարում ես արտասանում… Հարգո հասարակությունն ուզում է հաղորդակցվել երկնավորի հետ…Հասարակության համար բարձր, ավելի բարձր արտասանիր, տեր հայր, այնպես բարձր, որ ձայնդ երկինք հասնի…

ՊԱՍՏՈՐ - (ավելի բարձր): անուն քո, եկեսցե արքայություն քո, եղիցին կամ քո որպես հերկինս և յերկրի… (Ճչալով): Չեմ ասելու, այլևս չեմ ասելու, թեկուզև սպանեք ինձ, թեկուզ վայր նետեք գնացքից…Չեմ ասելու… Այս բառերը ձեզ համար չեն, դուք դրանց չարժեք…

ԹՈՄ - Դու մի սրա համարձակությանն ու խիզախությանը նայիր… Լսիր, խորանի առնետ, դեռ ոչ ոք չի համարձակվել ինձ դեմ խոսել, դեռ Նյու-Յորքում չի գտնվել մի համարձակը, ով իմ երեսին նման բաներ ասի… Դու չգիտես, թե ով եմ ես, ինչ կարող եմ անել ես… Ես քեզ պես քահանաներին ինձ հետ կարող եմ բաղնիք տանել և անել սրտիս ուզածը, ես մի ողջ թաղամասի ահ ու սարսափն եմ, հասկանու՞մ ես…

ՊԱՍՏՈՐ - Դու վախկոտ փսլնքոտի մեկն ես, ով նման տեղերում հերոսանում է, անպաշտպան մարդկանց վրա հարձակվում` իրեն քաջ ու խիզախ կարծելով: Ես քեզանից չեմ վախենում: Արա` ինչ ուզում ես…

ԹՈՄ – Լսիր, կեղտոտ մռութ, մի ոտքդ գերեզմանում է, քեզանից մեռելահոտ է գալիս, ամբողջ կյանքդ տաճարի մութի մեջ ես եղել, ավետարաններ ես կրծել, կյանքից ոչինչ չես տարել, կյանքից ոչինչ չես հասկացել… Հիմա քո գնացքն իր վերջին կայարանին է մոտենում, ուրեմն այնպես արա, որ քո տանը քո փափուկ մահճակալի մեջ մեռնես` շրջապատված հարազատներով ու հավատացյալներով… Ուրեմն, կատարիր պահանջս… Լսու՞մ ես, կատարիր…

ՀԱՐՐԻ - (ցինիկ հռհռոցով): Լսիր, հայր սուրբ, քեզ տրված է մեծագույն հնարավորությունը և մեծագույն պարգևը` արտասանել Նյու-Յորքի ամենաքաջ ու խիզախ երիտասարդների համար, ովքեր միզած ունեն քո «Հայր մերի» վրա… Հիմա մեզ զվարճանալ է պետք, հասկանում ես, իսկ դու կարգին կոմիկ կարող ես լինել, համարյա Միստր Բինի պես մի բան: Դե, սկսիր ծամածռություններդ, մեր սիրտը կոմիկություն է ուզում…


Հարրին կանգնում է վագոնի մեջտեղում, ձեռքերը բարձրացնում վերև:


ՀԱՐՐԻ - Ես քեզ կձայնակցեմ, Աստծո հրեշտակ… (Ծաղրալից): Հայր մեր, որ նայում ես մեզ երկնքից ու ցանկանում ես մի երկու ասեղ ծակվել կայֆի ու հաճույքի համար, ուղարկիր մեզ համբերություն, որ էս այլանդակ քահանային ոչ թե գնացքից դուրս շպրտենք, այլ ռեխը մի լավ ներկելուց հետո թողնեք, որ գնա տուն ու պառկի իր հաստավոռ կնկա կողքին` հիշելով ջահել ժամանակները…

ՊԱՍՏՈՐ – Վերջ տվեք, վերջ տվեք, ես այլևս չեմ կարող տանել այս ամենը… Դուրս գցեք ինձ գնացքից, սպանեք, այրեք, ինչ ուզում եք` արեք, միայն թե հանգիստ թողեք: Հանգիստ թողեք ինձ…

ԹՈՄ - (դանակը խաղացնելով Պաստորի դեմքի առաջ): Չէ, դու այդպես հեշտությամբ հրաժեշտ չես տա այս մեղավոր աշխարհին… Ես բոլոր քահանաների վրեժը քեզանից եմ առնելու… Դու պատահաբար հրեա չե՞ս…

ՊԱՍՏՈՐ – Ոչ, ոչ… Ես զտարյուն ամերիկացի եմ:

ԹՈՄ – Մի սրան տեսեք, ի~նչ էլ գոռոզ է ասում` զտարյուն ամերիկացի… Սրանք բոլորն էլ զտարյուն ամերիկացի են ձևանում…Գուցե քո պապե՞րն են հայտնագործել Ամերիկան:


Պաստորը լուռ է:


Չե՞ս պատասխանում: Արհամարհու՞մ ես… Հերո՞ս ես ձևանում… Թքա՞ծ ունես մեզ վրա… Քո արժանապատվությունից ցա՞ծր է մեզ հետ շփվելը… (Բռունցքով հարվածում է Պաստորի փորին): Սա քեզ լռության համար: Սա քեզ` արհամարհանքի համար: (Էլի է հարվածում): Հիմա դու հավիտյան կլռես:

Պաստորն ընկնում է նստարանին: Նրա գրպանից սահում և ընկնում է դրամապանակը: Թոմն արագ նետվում է դեպի դրամապանակը, վերցնում այն, արագորեն բացում: Այնտեղից թափվում են մետաղադրամներ: Թոմը քրքրում է դրամապանակը, այնտեղից հանում թղթի կտորներ, դեն նետում, ապա դուրս է բերում մի ճմրթված տասը դոլարանոց:

ԹՈՄ – Ճիշտ որ քնձռոտ քահանա, սրա ունեցածն էս սենթերն են ու մեկ էլ տասը դոլարանոցը: Ես էլ մտածում էի, թե հարուստներից կլինի: Ախր տաճարի գանձանակը սրանք են բացում ու հանում բոլոր հանգանակությունները…


Մթնեցում: Լուսարձակը լուսավորում է Պաստորին:


ՊԱՍՏՈՐ - Ես իմ ողջ կյանքում միայն բարություն և հանդուրժողություն եմ քարոզել… Ես քահանա դարձա, որովհետև չէի կարող տանել սուտը, կեղծիքը, բռնությունը, չարությունը: Իմ մանկության թաղում չար տղաներ կային, որոնք ծեծում էին իրենցից թույլերին, նվաստացնում նրանց: Ես կռվի էի բռնվում նրանց հետ, բացատրում, որ չի կարելի դիմացինին վիրավորել, ստորացնել: Հետո միայն կարդացի և իմացա` «Սիրիր մերձավորիդ»… Ես քահանա դարձա ու իմ բոլոր քարոզների մեջ կրկնեցի` Սիրիր մերձավորիդ, սիրեցեք զմիմյանս… Մարդիկ լսում էին ինձ, հավատում, համոզվում, որ պետք է բարին արարել, պետք է աշխարհը բարությամբ ողողել… Մի անգամ հիվանդացել էր բանտի կապելանը, ես փոխարինեցի նրան և գնացի ծանր հանցագործություններ կատարած մարդկանց մոտ… Նրանք ինձ ընդունեցին հեգնական հայացքներով, մի երկուսն անգամ ծաղրեցին: Ես չվհատվեցի: Ես նրանց պատմեցի մեր տեր Հիսուս Քրիստոսի մասին, նրա արարչագործությունների ու բարության, նրա խաչելության մասին: Ասացի, որ աշխարհին բարությունն է պակասում, փոխըմբռնողությունն է պակասում: Երբ այս ամենը լինի` մարդիկ կապրեն երջանիկ կյանքով, կբացվեն բանտերի դռները, որովհետև այլևս բանտարկյալներ չեն լինի, չեն լինի բախտի խորթ զավակներ… Իսկ որ այդպիսին լինի աշխարհը` պիտի սիրենք մերձավորին, մեր դիմաց կանգնած մարդուն, պիտի օգնենք ու սատարենք, պիտի մեր միջից հանենք չարությունը, ոխակալությունը, սպանելու մոլուցքը, վայրագությունը… Երբ դուրս էի գալիս բանտից, մի բանտարկյալ ամաչելով մոտեցավ ինձ, խոնարհվեց, համբուրեց ձեռքս ու խնդրեց իրեն տամ իմ ձեռքի Աստվածաշունչը… Ես սիրով տվեցի Սուրբ գիրքը, որպեսզի կարդա նա ու մաքրագործվի, որպեսզի հեռու մնա չարության փշերից… Տեր, ես հավատարիմ եմ մնացել քո բոլոր պատգամներին, ես ամեն տեղ քո պատգամներն եմ տարել, բայց, ավաղ, ես ամենազոր չեղա, ես չկարողացա դարձի ճամփան բոլորին հասանելի դարձնել… Ներիր ինձ, տեր, ներիր…

Լուսավորվում է: Հարրին քայլում է վագոնում: Թոմը դեն է նետել դրամապանակն ու պպզելնստարանի վրա: Լիվինսկին կանգնած է դռների մոտ և անհանգիստ ձեռքի ժամացույցին է նայում: Լսվում է գնացքի շչակի ձայնը: Բրեջերսը հեռացել է դռան մոտից և կանգնել հեռավոր անկյունում: Տղամարդը զգուշությամբ քաշում է կնոջ թևից: Նրանք տեղափոխվում են վագոնի խորքը:

ՀԱՐՐԻ – Շատ անհաջող օր էր մեզ համար, Թոմ, ոչ մի նշանավոր բան չեղավ:

ԹՈՄ – Ճիշտ ես ասում, դատարկ օր էր: Անձրևն էլ մի կողմից էր մարդու տրամադրություն փչացնում: Մի քիչ փող լիներ` գնայինք հիսունմեկերորդ փողոցի բարը… Հիմա էնտեղ բոլորը տժժում են… Էն սիրունիկ աղջիկներն էլ եկած կլինեն:

ՀԱՐՐԻ – Չէ, այդ բարն հիմա այնքան էլ հետաքրքիր չէ: Փարավոնները հաճախ են սկսել երևալ:

ԹՈՄ - Այս բոլորն այն երկնագույնի սպանությունից հետո… Ախր խնդրեցինք Ռիչիին, որ դրան ձեռք չտա, տեղով մեկ փորձանք էր: Մեզ չլսեց ապուշը:

ՀԱՐՐԻ – Չէ, այդ տղայի պատճառով չի: Բարում արաբներ են հայտնվել, այդ պատճառով էլ փարավոնները զգուշավոր են դարձել: Փարավոնները հիմա ամեն մեկն կասկածանքով են նայում:

ԹՈՄ - Այ թե փող ունեն էդ կարմրամորթները… Բահերով հավաքես` չի վերջանա… Հնար լիներ` ես դրանց կկանգնեցնեի պատի մոտ, դեմ կտայի թնդանոթս ու կստիպեի մուծվել, դատարկել իրենց գրպաններն ու բանկային հաշիվները… Կվերցնեի դրանց բոլոր փողերը, կնստեի ինքնաթիռ ու կգնայի Մայամի… Մի մեծ ու շքեղ հոթելում սենյակ կվարձեի ու կապրեի փողի ու զվարճությունների մեջ…

ՀԱՐՐԻ - Եթե ես այդ փողերն ունենայի` Լաս Վեգաս կգնայի ու մինչև կյանքիս վերջը խաղատներից դուրս չէի գա… Գիտե՞ս, թե ինչ հարուստ քեռիներ ու հոպարիկներ են գալիս Վեգաս, մի գիշերում ինչքան փող են ծախսում… Ես դրանց մերը…, որտեղի՞ց դրանց էդքան փողերը… Դրանք ծախսելու ձևն էլ չգիտեն… Այ թե էդ փողերն իմը լինեին, ախպերդ առավոտից իրիկուն քեֆեր կաներ, կերգեր ու կպարեր…Ախպերդ աշխարհի ամենաերջանիկ մարդկանցից մեկը կլիներ… (Սկսում է ծափ զարկել և ռիթմիկ շարժումներ անել: Աստիճանաբար խանդավառվում է, տրվում իր շարժումների կրքին: Ոգևորված պարելով մոտենում է Լիվինսկուն և անսպասելիորեն կանգ առնում, երկար ու հեգնական նայում նրան): Այս երևու՞յթն ով է, ինչու՞ մինչև հիմա ես քեզ ուշադրություն չէի դարձրել:

ԼԻՎԻՆՍԿԻ - (փոքր-ինչ վախեցած ու կաշկանդված): Ես Լիվինսկին եմ, պարոն, հարկային մանր պաշտոնյա Լիվինսկին:

ՀԱՐՐԻ – Հարկային մանր պաշտոնյա Լիվինսկի… Ծիծաղելի է հնչում, չէ՞, Թոմ:

ԹՈՄ – Իհարկե… Դրանք բոլորն հիմա մանր պաշտոնյաներ են, մանր կրծողներ, որ առնետների պես լցվել են երկրում ու տանում են, տանում… Ու՞ր եք տանում, տո շանորդիներ: Ինչու՞ եք տանում, տո բոզի տղերք:

ԼԻՎԻՆՍԿԻ – Ի՞նչը, պարոն:

ԹՈՄ – Ո՞նց թե` ինչը: Երկրի ունեցվածքը, մեր փողերը:

ԼԻՎԻՆՍԿԻ - Ես ոչինչ էլ չեմ տանում, ես իմ արդար քրտինքով վաստակած աշխատավարձն եմ ստանում: Ես կողմնակի եկամուտներ անգամ չունեմ:

ՀԱՐՐԻ – Թող հեքիաթներդ` արդար քրտինք, էլի նման դատարկ բաներ: Քո տեսակին ես լավ եմ ճանաչում, ամեն օր տեսնում եմ, ու սիրտս խառնում է: Լսիր, ինչու՞ է ազգանունդ Լիվինսկի:

ԼԻՎԻՆՍԿԻ - Դե, ինչպես ասեմ, իմ մեծ պապը Լիվինսկի էր, Լիվինսկի էին նաև մեծ հայրս ու հայրս…

ՀԱՐՐԻ - Ես այդ չեմ հարցնում, խոզի գլուխ: Ինչու՞ է ազգանունդ Լիվինսկի:

ԼԻՎԻՆՍԿԻ - Ես արդեն բացատրեցի, պարոն:

ՀԱՐՐԻ - Դա ինձ չի բավարարում: Դու հրեա՞ ես:

ԼԻՎԻՆՍԿԻ - (խուսանավելով): Չէ, չէ, ինչ եք ասում: Ես լեհական ծագում ունեմ, իմ նախնիները սերում են հին լեհական գերդաստանից:

ԹՈՄ – Լսիր, էյ, դու` լեհական գերդաստան, կանգնիր վագոնի մեջտեղում:

ԼԻՎԻՆՍԿԻ – Ինչու՞, պարոն, ինչու՞ պիտի ես կանգնեմ վագոնի մեջտեղում: Ես ձեր տիկնիկը չեմ, որ ենթարկվեմ ձեր պահանջներին: Շուտով գնացքը տեղ կհասնի, ես կգնամ տուն…

ՀԱՐՐԻ – Ինձ չի հետաքրքրում, թե դու ուր կգնաս… Ինչպես Թոմն ասաց, կանգնիր մեջտեղում:

ԼԻՎԻՆՍԿԻ – Չեմ կանգնի, չեմ լսի ձեր հրահանգները:

ՀԱՐՐԻ – Ի՞նչ…

ԼԻՎԻՆՍԿԻ - Այո, պարոն, ես ազատ Ամերիկայի քաղաքացի եմ, իմ երկիրը պաշտպանում է մարդու հիմնարար ազատությունները, իմ երկիրն է ստորագրել Կոնվենցիայի տակ… Հիշեք Թոմաս Ջեֆերսոնին, Մարտին Լյութեր Կինգին…Չի կարելի բռնանալ մարդու կամքին, չի կարելի նրան պարտադրել… Ես սիրում եմ Ամերիկան, որովհետև այն ազատ երկիր է, ժողովրդավարական…Ամերիկայում հարգվում են մարդու իրավունքները…

ՀԱՐՐԻ - (որ մոտեցել էր Լիվինսկուն, բռնում է նրա կոկորդից): Վերջ տուր բղավոցներիդ, ապուշ… Դու հո հիստերիկ չես… Ի՞նչ Ջեֆերսոն, ինչ Կինգ… Ի~նչ մարդու իրավունքներ… Այստեղ քո Ջեֆերսոնն էլ, Կինգն էլ մենք ենք` ես ու Թոմը, հասկացա՞ր: Գլխիցդ հանիր այդ դատարկությունները, այդ փուչ բառերը ժողովրդավարության ու մարդու ազատությունների մասին… Կոնգրեսի ընտրությունների չես գնում, որ էդպես սիրուն-սիրուն բառեր ես ասում…Մենք կասենք` կանգնիր վագոնի մեջտեղում, կկանգնես, կասենք մլավիր կատվի նման` կմլավես… Մենք կասենք` դու չորքոտանի ես` ուրեմն չորքոտանի ես…Հասկացա՞ր…

ԹՈՄ - (կտրուկ մոտենում է Լիվինսկուն): Հարրի, դու հրաշալի միտք հայտնեցիր…(Բռնում է Լիվինսկու օձիքից): Հապա սկսիր շան նման հաչել:

ԼԻՎԻՆՍԿԻ - (զարմացած ու սարսափած): Դա՞ ինչի համար է, պարոններ:

ՀԱՐՐԻ - (ցինիկաբար): Կայֆի, ախպերս, կայֆի: Դե, սկսիր հաչալ, ես ուզում եմ դուրս գալ այս ձանձրույթից… Ինչ գնացք ենք մտել, մի գլուխ ձանձրանում ենք… (Բռնում է Լիվինսկու գլուխն ու քաշում դեպի իրեն): Դե, սկսիր, քո աչքերից երևում է, որ դու լավ ես հաչում…

ԼԻՎԻՆՍԿԻ - (ուզում է ազատվել Հարրիի ձեռքից): Թողեք ինձ, թողեք, աղաչում եմ… Դուք արդեն բավական զվարճացաք, դուք արդեն ամեն ինչ արեցիք, դուք ծեծելով սպանեցիք խեղճ նեգրուհուն ու պաստորին… Ինձանից ի՞նչ եք ուզում, թողեք, ես տուն պիտի հասնեմ, ես երեխաներ ունեմ, կին ունեմ, որն ինձ է սպասում, ես պետական ծառայող եմ… Իմ իրավունքներն օրենքով են պաշտպանվում…Ես կբողոքեմ…


Լիվինսկին վազում է դեպի հեռախոսը: Հարրին կտրում է նրա ճանապարհը:


ԹՈՄ – Հարրի, անջատիր այդ ռադիոն և ստիպիր դրան հաչալ:

ՀԱՐՐԻ - Ես հենց դա էլ անում եմ: Լսիր, պետական պաշտոնյա, քոսոտի մեկը, դու չես կարող չկատարել իմ ցանկությունը: Հասկանու՞մ ես` քո օրենքն իմ ցանկությունն է, այստեղ ես եմ քո օրենքի պաշտպանը, այստեղ իմ օրենքներն են գործում… Մետրոն իմն է, իմն է այստեղ ամեն ինչ…Ուզենամ` կստիպեմ բոլորին մերկացած վազել իմ առաջ, ուզենամ` շուռ կտամ վագոնները… Ես ուժեղ եմ, որովհետև իմ օրենքներն են այստեղ գործում… Ես ուժեղ եմ, որովհետև այստեղ ինձանից քաջն ու համարձակը չկա… Մի՞թե դու այսքան ժամանակ դա չհասկացար… Դե, ու՞մ եմ ասում, քնձռոտ պաշտոնյա, լեհական աղվես, ոջիլ, կանգնիր թաթերիդ վրա և սկսիր հաչալ, այլապես կինդ կայրիանա, իսկ երեխաներդ էլ անհայրության նպաստ կստանան, ինչպես իմ մայրն էր ստանում… Դե…

ԼԻՎԻՆՍԿԻ - (խեղճացած, աղիողորմ): Գուցե պետք չէ՞, խնդրում եմ, գթացեք ինձ, բաց թողեք, տղաներ, ես ձեզ փող կտամ… Շատ չէ, իհարկե, բայց ձեզ պատք կգա: (Հանում է դրամապանակը և պարզում Հարրիին):

ՀԱՐՐԻ - (վերցնում է դրամապանակը, նետում Թոմին): Վերցրու, Թոմ, տես, թե այս պետական պաշտոնյան ինչ շռայլություն է անում, նա մեզ փող է տալիս:

ԹՈՄ - (որսում է դրամապանակը, արագ բացում, նայում նրա պարունակությունը): Այստեղ ընդամենը յոթ դոլար է և վաթսուն ցենթ:

ԼԻՎԻՆՍԿԻ - Դա է իմ ամբողջ ունեցածը, էլ չունեմ, խղճացեք ինձ:

ՀԱՐՐԻ – Կխղճանք, երբ կկատարես մեր պահանջը: Իսկ տվածդ փողերն էլ, ոչինչ, կհամարենք քո անդամավճարը մեր ստամոքսի ֆոնդին: (Ստիպողաբար ծնկի է բերում Լիվինսկուն):

ԹՈՄ – Ինչ վատ են ապրում մեր պետական ծառայողները… Ողորմելի ու խղճուկ կյանքով, ու դեռ ազատություններից էլ խոսում են… Քո ժողովրդավարությու՞նն է էս դատարկ դրամապանակը, որի պարունակությունը միայն զուգարանի թուղթ կարող է դառնալ… Հանիր մյուս փողերդ քու ծնողը…

ԼԻՎԻՆՍԿԻ - Ես այլևս փող չունեմ… Մինչև մյուս աշխատավարձը դեռ չորս օր կա… Գթացեք ինձ, թողեք ինձ…

ՀԱՐՐԻ - Դե…Սկսիր, ապուշ, քանի դեռ գանգդ չեմ փշրել… Զվարճացրու ինձ, ասում եմ…

ԼԻՎԻՆՍԿԻ - (կուչ է գալիս Հարրիի առաջ, երկար նայում նրան, ապա սկսում հաչալ): Հաֆ-հաֆ-հաֆ…

ՀԱՐՐԻ – Չէ, լավ չես հաչում… Ապա ավելի լավ, ավելի լավ.. (Էքստազի մեջ` բարձրացնում և իջեցնում է Լիվինսկուն):

ԼԻՎԻՆՍԿԻ – Հաֆ-հաֆ-հաֆ… (Կամաց-կամաց նրա ձայնը վերածվում է լացի): Թողե~ք ինձ…

ՀԱՐՐԻ – Չեմ թողնի, քանի դեռ չես հաչել այնպես, ինչպես ես եմ ուզում: (Նորից բռնում է Լիվինսկու գլուխը): Քեզ եմ ասում` հաչա…


Լիվինսկին անսպասելիորեն կծում է Հարրի ձեռքը: Վերջինս սուր ճիչ է արձակում և գազանաբար նետվում Լիվինսկու վրա, ոտքերով խփում…


ԹՈՄ - Դա կսատկի, մեր վրա մարդ կհաշվեն…

ՀԱՐՐԻ – Թող սատկի, ես դրա մերը… Տեսա՞ր, ոնց իսկական շուն դարձավ ու կծեց ձեռքս: (Փոքր-ինչ հեռանում է Լիվինսկուց, հեռվից նայում նրան): Չեմ սիրում ավելորդ մարդկանց, դրանք միշտ ոտքի տակ են ընկնում, խանգարում… Դրանց նմանների պատճառով է, որ մենք լավ չենք ապրում: (Նորից է մոտենում Լիվինսկուն, ոտքով բարձրացնում նրա գլուխը): Թե հանկարծ մեռնելիս կլինես, չմոռանաս բարևներ ուղարկել քո այդ Ջեֆերսոնին… Սրա պեսներին տեսնելիս` ուզում եմ ոտքի տակ գցել, որ օդը չապականեն… (Թքում է Լիվինսկու վրա և հեռանում):

ԿԻՆ - Ես սկսում եմ վախենալ…

ՏՂԱՄԱՐԴ - Մի վախենա, ես քեզ հետ եմ: Ես քեզ կպաշտպանեմ:

ԿԻՆ – Իսկ ինչու՞ դու այն երկուսին չպաշտպանեցիր:

ՏՂԱՄԱՐԴ - Մեր ի՞նչ գործն է խառնվել այս ամենին: Նրանք իրենց հաճույքն են ստանում, իսկ մենք տուն ենք գնում, ուր մեզ մեր երեխաներն են սպասում…

ԿԻՆ - Դու անհոգի մարդ ես:

ՏՂԱՄԱՐԴ - Ես անհոգի չեմ, ես ամերիկացի եմ, ես այս երկրի քաղաքացին եմ և իրավունք ունեմ վարվել այնպես, ինչպես ինքս եմ ուզում: Ես չեմ կարող միջամտել, ինձ այս ամենը բչի հետաքրքրում: Իսկ երբ քեզ կամ ինձ կմոտենան, նոր միայն կարող եմ ես պաշտպանել ինձ և քեզ…


Մթնեցում: Լուսարձակը լուսավորում է Լիվինսկուն:


ԼԻՎԻՆՍԿԻ – Չէ, ես գիտեմ, չեմ մեռնի այնպես, ինչպես մեռան Նենսին ու Պաստորը… Ես դեռ տուն պիտի հասնեմ, ես շատ եմ հոգնել աշխատանքից, ես պիտի տուն գնամ ու պառկեմ քնելու, որպեսզի վաղն առավոտյան նորից աշխատանքի գնամ… Ես իմ ողջ կյանքում աշխատում եմ, առավոտից իրիկուն, գլուխս կախած թղթերի վրա… Իմ աշխարհն իմ թղթերն են, իմ հաշիվները… Ես ուրիշ աշխարհ չունեմ, ուրիշ երազներ չունեմ… Ես պիտի մեծացնեմ իմ երեխաներին, իսկ հետո երջանիկ ծերություն վայելեմ` ազատված իմ թղթերից, իմ հաշիվներից… Ես անպայման կհասնեմ երջանիկ ծերության, որովհետև աշխատել եմ, որովհետև իմ ողջ կյանքում վայելքներ չեմ ունեցել, չեմ մսխել, չեմ վատնել… Ես իրավունք չունեմ մեռնելու, որովհետև չեմ ծխել, չեմ խմել, պոռնկատներ չեմ հաճախել… Ես իմ երկրի օրինավոր քաղաքացին եմ, ես միշտ վճարել եմ հարկերը, բարեխղճորեն գնացել ընտրությունների և ձայն տվել այն կուսակցությանը, որն ինձ բարեկեցություն է խոստացել… Ես պիտի տուն հասնեմ, պիտի ուտեմ իմ ամենօրյա ընթրիքն ու պառկեմ քնելու… Կոպերս քոր են գալիս, աչքերս փակվում են, թղթերով լի ձեռքիս պայուսակը անընդհատ ծանրանում է…


Լուսավորվում է: Լսվում է գնացքի անիվների միալար ձայնը:


ԹՈՄ - (նայում է շուրջը): Վագոնը կամաց-կամաց դատարկվում է, իսկ մենք դեռ մի կարգին հաճույք չենք ստացել:

ՀԱՐՐԻ – Ճիշտ որ անհաջող օր է: Հիշու՞մ ես, անցած ուրբաթ ինչ լավ էր: Մենք մի կարգին զվարճացանք ու հաճույք ստացանք:

ԹՈՄ - Ավետարանականներն իրենց հերթական ժամերգությունից էին գալիս, մենք դրանց մայրիկները մի լավ լացացրեցինք ու դեռ շատ փողերով էլ հեռացանք: Իսկ այսօր ամեն ինչ միօրինակ է: Գոնե մի ծիտիկ լիներ, լցված խողովակներս դատարկեի, թե չէ ամորձիներս քոր են գալիս…

ՀԱՐՐԻ - (ուշադիր նայելով շուրջը): Աստված մեզ չի մոռացել, Թոմ, Աստված դեռ մեզ սիրում է:

ԹՈՄ – Ի՞նչ ես ուզում ասել:

ՀԱՐՐԻ - Դե ի՞նչ պիտի ասեմ: Մեր ուզածն այստեղ է, մեր կողքին, իսկ մենք ոչ մի քայլ չենք անում: (Գլխով ցույց է տալիս Կատրինին): Լավիկն է, չէ՞:

ԹՈՄ - (հեռվից զննում է ) Վատը չէ… Ջահել է, անփորձ:

ՀԱՐՐԻ - (հռհռում է): Ուրեմն, մենք նրա բարի ուսուցիչները կդառնանք:

ԹՈՄ - Բայց կողքին նստած լակոտն ինձ դուր չի գալիս:

ՀԱՐՐԻ - Այդ փսլնքոտի հարցերը դժվար չէ լուծել: (Կանչում է): Էյ, դու, տղա, եկ այստեղ:

ԿԱՏՐԻՆ - (ամուր կպնում է Ջոնին): Չգնաս, նրանք քեզ կսպանեն, խնդրում, չգնաս:

ՋՈՆ – Նրանք մեզ ոչինչ չեն անի, ինձ ձեռք չեն տա: Տեսնու՞մ ես, արդեն հանգստացել են, կայարանն էլ հեռու չէ:

ՀԱՐՐԻ – Ի՞նչ ես այդտեղ փնթփնթում, քեզ ասացի` եկ այստեղ:

ՋՈՆ - (անվստահ քայլերով մոտենում է): Ասա:

ՀԱՐՐԻ – (արհամարհանքով նայում է Ջոնին): Դու հիմա կգոլորշիանաս վագոնի անկյունում, իսկ քո էդ ծիտիկին էլ կասես, որ հանգիստ գա այստեղ:

ՋՈՆ - Ես ոչ մի տեղ էլ չեմ գնա: Նրան էլ ձեռք չեք տա:

ԹՈՄ - (արհամարհանքով): Ո՞վ ասաց:

ՋՈՆ - Ես եմ ասում:

ՀԱՐՐԻ - (հռհռում է): Մի սրա խորոզությանը նայեք: Դու ո՞վ ես, որ այստեղ ինչ-որ բան ասես: Այստեղ մենք ենք ասում:

ՋՈՆ - Ես չեմ թողնի, որ Կատրինին մոտենաք: Նա իմ հարսնացուն է:

ԹՈՄ - (ծաղրալից): Քոնն էր` կլինի մերը: Չլսեցի՞ր, թե ինչ ասաց այս լեհը` մենք ազատ ու ժողովրդավարական երկրում ենք ապրում:

ՀԱՐՐԻ - (մոտենում և բռնում է Ջոնի կզակից): Քո բերանից դեռ կաթնահոտ է գալիս, լակոտ, քո տարիքի տղաները վաղուց պառկել են իրենց վերմակների տակ, դուրս գցել իրենց քթերն ու քուն մտել, իսկ դու այստեղ հակաճառում ես Նյու-Յորքի ամենալավ տղաներին… (Կամաց հրում է Ջոնին): Դու գնա և քաշվիր այն անկյունը…

ՋՈՆ – Ինչ էլ անեք` ես ոչ մի տեղ չեմ գնա, ես չեմ թողնի, որ կպնեք նրան…

ՀԱՐՐԻ - (կոպտորեն հրում է): Քաշվիր այստեղից, լակոտ, քանի դեռ մռութդ չեմ հավասարեցրել: Դու չլսեցիր, որ մենք Նյու-Յորքի ամենալավ և ամենաքաջ տղաներն ենք:

ՋՈՆ - Դու՞ք եք ամենաքաջը: Ոչ, դուք ամենաիսկական վախկոտներն եք, դարան մտած գազանի պես հարձակվում եք մարդկանց վրա թիկունքից, խփում ու փախչում: Քաջ եք ու համարձակ` դրսում կռվեք, դրսում հարձակվեք, ոչ թե սողոսկեք մետրո, անպաշտօան մարդկանց մեջ… Դուք քաջ չեք, դուք լավը չեք, մեր թաղում լինեիք` ես ձեր կաշին կհանեի… Իսկ այստեղ իմ ձեռքերը կապված են, բոլորի ձեռքերը կապված են…

ՀԱՐՐԻ – Լսիր, փսլնքոտ երաժիշտ, հիմա ջութակդ բերանդ կկոխեմ…

ՋՈՆ - (վազում է դեպի Կատրինը և գրկում նրան): Չեմ թողնի, չեմ թողնի մոտենաք նրան: Դուք ով եք, որ ձեզ ամեն ինչ թույլ եք տալիս:

ՀԱՐՐԻ – Լսիր, լակոտ, դեռ ոչ ոք իմ ճանփան չի փակել, իսկ քեզ պես տխմարներն` առավել ևս… Ես ուզում եմ տիրանալ քո ծիտիկին, ուրեմն` կտիրանամ: Դա իմ որոշումն է, հասկանու՞մ ես, դա իմ կամքն է: (Ձեռքերը տանում է դեպի ամորձիները): Ես արդեն երկու օր է կնկա երես չեմ տեսել, ես պիտի վայելեմ այս թռչնակին: Երկու օր է սոված շան նման էգ եմ ման գալիս, ուրեմն էս համեղ պատառը ձեռքիցս բաց չեմ թողնի, մանավանդ որ լավիկն է ու անմեղ էլ աչքեր ունի: (Կամաց արձակում է տաբատի գոտին, մոտենում Ջոնին, ապտակում նրան): Դու չարժես էս ղշին, նա քո բաժինը չէ: Դու հիմա ինքդ նրան կբերես ու կպառկեցնես ոտքերիս մոտ, ինքդ կհանես նրա շորերը: Հասկացա՞ր: Թե չէ քեզանից կսկսեմ, չնայած զզվում եմ երկնագույններից:

ԿԻՆ – Նա մոտեցավ այդ պատանունմ:

ՏՂԱՄԱՐԴ - Լռիր: Դա կատաղածի մեկն է, կարող է մեզ նկատել:

ԿԻՆ – Իսկ եթե տղային մի վնաս տա՞:

ՏՂԱՄԱՐԴ - Ի՞նչ կարող եմ անել… Ես այստեղ ոստիկան չեմ, բոլորի նման մի ուղևոր էլ ես եմ… Ես այդ տղաներին չեմ ճանաչում, չեմ ճանաչում նաև այդ պատանուն…

ՋՈՆ - (համարձակ կանգնում է Հարրիի դիմաց): Ինչ էլ անես` ես քեզանից չեմ վախենա:

Թոմը մոտենում է Կատրինին, մեջքի կողմից ուժով գրկում նրան ու տանում դեպի նստարանը:Կատրինը դիմադրում է, ապա բարձր կանչում` Ջոն… Ջոնը կտրուկ շրջվում է, տեսնում Կատրինին, արագ թռչում դեպի Թոմն ու հարվածում նրան:

ԹՈՄ - Դու ու՞մ խփեցիր, լակոտ, դու ո՞նց խփեցիր ինձ… Դե հիմա խփելը տես… (Թոմը կատաղած հարձակվում է Ջոնի վրա, խփում ձեռքերով ու ոտքերով:)

ԿԱՏՐԻՆ - (վազում և կախվում է Թոմի ոտքերից): Թող նրան, անասուն, թող, մարդասպան, հրեշ…

ՀԱՐՐԻ - (ցատկում է տեղից և բռնում Կատրինին): Դու ինձ մոտ եկ, ծիտիկս, հիմա ես քեզ կծանոթացնեմ փոքրիկ Հարրիի հետ, դու նրան շատ կսիրես…

ՋՈՆ – (ընկած տեղից): Բաց թող նրան, բաց թող… ես հիմա քեզ կսպանեմ…

ԹՈՄ – (ոտքը դնում է Ջոնի վրա): Պառկիր տեղումդ, լակոտ, պառկիր, քանի դեռ շունչդ չես փչել: (Նորից է խփում Ջոնին):

ԿԱՏՐԻՆ – Խնդրում եմ, թողեք մեզ, թողեք…

ԹՈՄ - (Կատրինին): Դու էլ այդտեղ ձայնդ կտրիր ու արա ինչ ասում են, որպեսզի հերթն ինձ էլ հասնի:

ՋՈՆ - (փորձում է վեր կենալ տեղից): Ես… քեզ… անասուն…

ԹՈՄ - (ուժգին հարվածում է Ջոնին): Դու ինձ արդեն համբերությունից հանեցիր, լակոտ:

Ջոնը ճչում է և անշարժ ընկնում: Կատրինը պոկվում է Հարրիի գրկից և վազում դեպի Ջոնը,չոքում նրա առաջ և գրկում գլուխը: Մթություն: Լուսարձակի լույսով ողողված` կանգնած են Կատրինն ու Ջոնը:

ԿԱՏՐԻՆ - Դու ինչպե՞ս նվագեցիր, Ջոն:

ՋՈՆ – Հանձնախմբի անդամները հիացած նայում և լսում էին: Մյուզիկ հոլլի տերը մոտեցավ ինձ, ձեռքը դրեց ուսիս և ասաց. «Ես դեռ քեզ նման տաղանդավոր ջութակահարի չէի հանդիպել»… Նա ինձ հետ պայմանագիր կնքելու առաջարկություն արեց…

ԿԱՏՐԻՆ - Դու համաձայնվեցի՞ր, Ջոն:

ՋՈՆ – Իհարկե, սիրելիս, համաձայնեցի: Շաբաթական չորս հարյուր դոլար: Օրական երեք ելույթ, որոնցից մեկն ազատ ծրագրով, իմ ցանկացած ստեղծագործությունները… Ես աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ, Կատրին: Ես հիմա արդեն կկատարեմ իմ խոստումը և քեզ կտանեմ Նիագարան տեսնելու:

ԿԱՏՐԻՆ – Նիագարա՞ն… Այո, իհարկե, դու ինձ խոստացել ես… Ես երբեմն երազիս մեջ անգամ Նիագարան եմ տեսնում` իր թափվող-շառաչող ջրերով… Իսկ մեր ամուսնությունը՞, Ջոն:

ՋՈՆ - Անպայման, Կատրին, անպայման: Հենց աշխատանքի անցա, ինքնուրույն կգնամ և բնակարան կվարձեմ, այն երկնաքերներից մեկում, որը դու միշտ ինձ ցույց ես տալիս… Մեծ ու ընդարձակ բնակարան կվարձեմ, մեծ պատուհաններով, որպեսզի բնակարանում միշտ արև լինի, լույս լինի, մենք կտեղափոխվենք այնտեղ և միասին կապրենք…Դու սիրում ես լուսավոր բնակարանները…

ԿԱՏՐԻՆ – Իհարկե, սիրում եմ: Մենք մի մեծ տան առաջին հարկում ենք ապրում, նկուղին գրեթե կպած բնակարանում: Մեզ մոտ խոնավ է ու ցուրտ, արևի լույսը շատ քիչ է թափանցում: Հայրս արդեն քանի տարի ցանկանում է փոխել բնակարանը, նոր տուն տեղափոխվել, սակայն դա նրան չի հաջողվում, որովհետև լուսավոր բնակարանները թանկ արժեն, դրանք հարուստ թաղամասերում են, իսկ մենք շատ համեստ ենք ապրում: Հայրս բանվոր է ավտոնորոգման արհեստանոցում, իսկ մայրս վերելակավարուհի է, նրանց ստացած փողը հազիվ է բավարարում մեր չորս երեխաներին ուսման տալու և սնելու համար:

ՋՈՆ - Դու գիտես, Կատրին, մենք էլ հարուստ րենք, ես էլ նեղությունների մեջ եմ ապրում, բայց ես քեզ կտամ այն ամենը, ինչը դու չունես, ինչի մասին երազում ես:

ԿԱՏՐԻՆ - Ես կավարտեմ քոլեջը, աշխատանքի կանցնեմ, իսկ հետո երեխաներ կունենանք…

ՋՈՆ - Երբ նվագում էի «Իրիկնային սերենադը», ինձ թվաց, թե պատուհանից ինձ ես նայում, ձեռքով անում… Ես ոգևորվեցի ու չհասկացա, թե ինչպես էր ջութակը պարում ձեռքերիս մեջ…ինչպես էր երաժշտությունն ինքն իրեն ծնվում…

ԿԱՏՐԻՆ - Ես մոտակայքում էի, Ջոն, դիմացի սրճարանում… Մարդիկ էին մտնում ու դուրս գալիս, իսկ ես ասես նրանց չէի նկատում, ասես քեզ հետ էի, այն սենյակում, ուր դու նվագում էիր: Ես կարծես լսում էի քո նվագի ձայնը, չնայած փողոցով մեքենաներ էին անցնում, աղմուկ էր… Դու ինձ համար կնվագե՞ս, Ջոն, ուզում եմ ես էլ վայելել այն հաճույքը, ինչն ունեցան քեզ ունկնդրողները…

ՋՈՆ – Իհարկե, կնվագեմ, չէ՞ որ իմ երաժշտությունը հենց քեզ համար է, աշխարհի այն միակ պեպենոտ ու շիկավարս աղջկա, որին խենթի պես սիրում եմ, որին ոչ մեկի հետ չեմ փոխի…

Ջոնի ձեռքում ջութակ է հայտնվում: Նա լարում է ջութակը, ամրացնում կրծքին ու սկսում նվագել Շուբերտի «Իրիկնային սերենադը»: Կատրինն ուշադիր լսում է նրան, ապա դանդաղ գալիս առաջ:

ԿԱՏՐԻՆ – Կար ու չկար աշխարհում մի բարի ու խելոք արքայազն կար: Նա գեղեցիկ էր, ոչ բարձրահասակ, կապույտ ու թափանցիկ աչքերով, բարի ժպիտով: Նա սիրում էր ծաղիկներ, երգեր, նա ամեն առավոտ ողջունում էր թռչուններին, իրեն հյուր կանչում… Թռչունները նստում էին նրա պալատի պատուհանների քիվերին ու ճռվողում… Արքայազնը հրճվում էր, ուրախանում… Մի անգամ մի մութ փողոցում արքայազնը հանդիպեց քոլեջից տուն դարձող մի աղջկա, մի իսկական Մոխրոտիկի, որն ուզում էր երջանիկ լինել, ուզում էր, որ մարդիկ տեսնեն ու ճանաչեն իրեն, գնահատեն իր գեղեցկությունը… Արքայազնը մոտեցավ Մոխրոտին, բարևեց, զգուշորեն վերցրեց Մոխրոտի պայուսակն ու տարավ… Քայլում էր շեկլիկ աղջիկը շեկլիկ արքայազնի կողքով, գողունի նայում նրան ու հրճվում… Կարծես աշխարհը նրան էին տվել, նրան էին տվել բոլոր ծաղիկները… Հետո արքայազնը մի օր աղջկան ասաց, որ սիրում է նրան, որ առանց նրա ապրել չի կարող… Աղջիկն ամբողջ գիշերը երջանկությունից չքնեց, ամբողջ գիշեր մտովի զրուցեց արքայազնի հետ, սիրուն-սիրուն բառեր շշնջաց նրա ականջին: Արքայազնն էլ սիրուն բառեր շշնջաց` աղջկան տալով աշխարհի բոլոր գեղեցիկ երազները… Հետո մի օր, երբ այնքան մոտ էր երջանկությունը, բորենիները հարձակվեցին արքայազնի վրա և հոշոտեցին նրա մարմինը, հանեցին նրա սիրտը… Աղջիկը գնաց աշխարհի ամենաիմաստուն մարդկանց մոտ, կախարդների դռները բախեց և բերեց ամենաբուժիչ բալասանը, քսեց արքայազնի վերքերին, ապաքինեց… Եվ արքայազնը հարություն առավ, նայեց աղջկան ու ժպտաց…


Լուսավորվում է: Գետին ընկած Ջոնի մոտ կուչ է եկել Կատրինը:


ԿԱՏՐԻՆ - (լաց լինելով): Դու այնպես լավն ես, Ջոն, այնպես գեղեցիկ… Բաց արա աչքերդ, խնդրում եմ… Սրանք քեզ այլևս ձեռք չեն տա, ես կհանեմ նրանց աչքերը…

ՋՈՆ - (հազիվ լսելի): Կատրին, ինձ դիմանալ է պետք, ինձ ապրել է պետք… Շոտով կայարան կհասնենք… Դու քեզ ամուր պահիր…

ԹՈՄ - (որ այս ընթացքում հայտնվել էր Կատրինի թիկունքում, ուժով գրկում է նրան և փորձում համբուրել): Թող դրան, անուշիկս, եկ ինձ մոտ, հիմա մենք քեզ հետ կայֆ կանենք:

ԲՐԻՋԵՐՍ - (անսպասելի և հատու): Թող աղջկան, տականք:

ԹՈՄ - (հանգիստ շրջվում է դեպի Բրիջերսը): Այստեղ էլի՞ մարդ կա:

ԲՐԻՋԵՐՍ - (դանդաղ առաջ գալով): Կա, տականք, կա: դուք այստեղ մենակ չեք:

ՀԱՐՐԻ – Ո՞վ է այս քաջը, որը հանդգնում է կոտրել մեր կայֆը:

ԲՐԻՋԵՐՍ - Ես եմ տղա, Բրիջերսը, լիվերպուլցի Բրիջերսը: Ոչ քաջ եմ, ոչ էլ համարձակ, բայց չեմ թողնի, որ պղծեք այս անմեղությանը:

ԹՈՄ - Դու ի՞նչ է, աղքատների պաշտպան Ռոբին Հու՞դն ես, թե Բեթմենն ես, որ իջել ես մետրոյի թունելը:

ԲՐԻՋԵՐՍ – Մի՞թե քեզ համար միևնույն չէ, թե ով եմ ես: Հանգիստ թող աղջկան:

ԹՈՄ – Չեմ թողնի: Ի՞նչ ես անելու:

ԲՐԻՋԵՐՍ - Ես կսպանեմ քեզ:

ԹՈՄ – Լավ չլսեցի, ի՞նչ կանես:

ԲՐԻՋԵՐՍ - Ասացի` կսպանեմ. մեզ էլ, քո այդ կեղտոտ ընկերոջն էլ, որի վրայից սերմնահյութի գարշելի հոտ է գալիս, իսկ շալվարից ծորում է մեզը:

ՀԱՐՐԻ - (հարձակվում է Բրիջերսի վրա, Բրիջերսն ամուր բռնում է նրա ձեռքը): Դու էդ ու՞մ մասին ես այդպես խոսում, տո գաղթական լակոտ:

ԲՐԻՋԵՐՍ – Քո մասին, տղա: Քո: (Փորձում է ուժով տապալել նրան):

ՀԱՐՐԻ – Չփորձես ինձ հետ կռվի բռնվել: Ես քեզ փոշի կդարձնեմ:

ԲՐԻՋԵՐՍ – Չկարծես, թե քեզ կենթարկվեմ, թե կվախենամ քեզանից:

ՀԱՐՐԻ - Դու հիմա կվախենաս, դու հիմա խեղճացած կուչ կգաս: (Բրիջերսից աննկատ հանում է դանակը):

ԿԱՏՐԻՆ - (Ճչում է): Դանակը:

ԹՈՄ - (ուժով փակում է Կատրինի բերանը): Փակիր բերանդ, քած, թե չէ այդ դանակի մի հարվածն էլ քեզ կգա:

Հարրին դանակը մխրճում է Բրիջերսի կուրծքը: Բրիջերսը ճիչ է արձակում, երերում ու ընկնում:

ՀԱՐՐԻ - (արյունոտ դանակը շողշողացնում է ձեռքին, գազազած): Դե հիմա տեսնենք, թե էլ ով կհամարձակվի խանգարել մեզ:


Անսպասելիորեն Բրիջերսը, վերջին ուժերը հավաքած, նետվում է Հարրիի վրա: Հարրին անակնկալի եկած` չի կարողանում դիմադրել: Բրիջերսը Հարրին տապալում է գետին, պառկում վրան և բռնում կոկորդից:


ԲՐԻՋԵՐՍ - (խեղդելով Հարրիին): Դու հիմա շան նման կսատկես:

ՀԱՐՐԻ - (խռխռացնելով, ոտքերը թափահարելով): Թող ինձ, թող ինձ:


Կատրինն ուզում է ազատվել Թոմի ձեռքից, սակայն նա ամուր բռնել է Կատրինին: Հարրինվերջին փորձերն է անում ազատվելու, սակայն մեռնում է Բրիջերսի ձեռքերի մեջ:


ԲՐԻՋԵՐՍ - (մեռնելով): Վերջացավ… Ամեն ինչ վերջացավ: (Մեռնում է):

Մթնեցում: Լուսարձակի լույսի տակ կանգնած է Բրիջերսը: Նրա ձեռքին մեծ պայուսակ կա:

ԲՐԻՋԵՐՍ – Կներես, մայրիկ, որ ես խոստմանս տեր չեղա և չհասա տուն… Ես քեզ գրել էի, որ անպայման գալու եմ, որ Ամերիկայում այլևս անելիք չունեմ… Ես իսկապես չունեի… Ես գնել էի ինքնաթիռի տոմսը` վաճառելով այն ամեն արժեքավորը, որն ունեի: Ես արդեն թռիչքի ժամերն էի հաշվում… Բայց… Ես կարող էի կանգնած մնալ, լռել դառնալ աննկատ, որպեսզի դրանք ինձ չտեսնեին, որպեսզի կարողանայի հասնել մետրոյի վերջին կայարանը, որից հետո օդնավակայանն էր… Ինձ ընդամենը մի քանի կիլոմետր էր բաժանում օդանավակայանից, մի քանի ժամ` քեզանից… Ներիր, մայրիկ, գիտեմ, որ կարոտել էիր, որ ուզում էիր ինձ տեսնել, քո պատրաստած խոզապուխտով շիլան եփել ինձ համար… Ես էլ էի կարոտել քեզ, մեր տանը, մեր փողոցին, գարեջրավաճառ Ջոնին, որն ամեն առավոտ ինձ կանչում էր իր մոտ և գարեջուր հյուրասիրում… Բայց ես չէի կարող անտարբեր նայել, թե ինչպես էին այդ կեղտոտ շները բռնաբարելու հազիվ տասնութ տարեկան աղջկան, որի աչքի առջև նրա սիրած տղային գետնով խփեցին… Ես օտար էի Ամերիկայում, մայրիկ, ես սովոր չէի այստեղի բարքերին, ես ծնված չէի այս երկրի համար, բայց հենց այստեղ էլ ես մեռա… Եթե քեզ ուղարկեն իմ մահվան տեղեկանքը, շատ չվշտանաս, հավատա, որ ես մի բարի գործ եմ արել, որ մի կեղտ մաքրել եմ աշխարհի երեսից` հասկացնել տալով մյուսներին, որ իրենց հատուցման ժամը ևս կգա… Աղոթիր իմ հոգու փրկության համար, մայրիկ, իմ նկարի մոտ Մատթևոսի Ավետարանից հատվածներ կարդա ու քեզ մխիթարված զգա… «Այն ժամանակ, երբ Հերովդեսը տեսավ, որ մոգերից խաբվեց, սաստիկ բարկացավ և մարդ ուղարկեց ու կոտորեց այն բոլոր մանուկներին, որ Բեթղեհեմում և նրա սահմաններում էին գտնվում և երկու տարեկան ու դրանից ցածր էին` ըստ այն ժամանակի, որն ստուգել էր մոգերից: Այնժամ կատարվեց Երեմիա մարգարեի բերանով ասվածը, թե` Ռամայում մի ձայն գուժեց. ողբ ու լաց ու սաստիկ կոծ. Ռաքելը լալիս էր իր զավակների վրա և չէր ուզում մխիթարվել, քանի որ նրանք այլևս չկային»…


Լուսավորվում է: Թոմն ամուր բռնել է Կատրինին և մի ձեռքով փորձում է պատռել նրա շրջազգեստը:


ԿԱՏՐԻՆ - (ճչում է): Մի՞թե այստեղ չկա մեկը, որն օգնի ինձ, փրկի այս ճիվաղի ձեռքից:

ԹՈՄ – Իզուր ես կանչում, վագոնում միայն դիակներ են: Մեկ էլ ես ու դու:

ԱՆՏԱՐԲԵՐ ՄԱՐԴ - (որ նստած էր լուռ` վագոնի ծայրում, ոտքի է կանգնում և դանդաղ մոտենում Թոմին): Դու սխալվում ես, տղա, դուք մենակ չեք այստեղ: Ես էլ կամ:

ԹՈՄ - Դու որտեղի՞ց բսնեցիր:

ԱՆՏԱՐԲԵՐ ՄԱՐԴ - Ես չբսնեցի: Ես ամբողջ ժամանակ այստեղ էի, այս վագոնում, միայն գազազած ու կատաղած` դուք չէիք ուզում ձեր շուրջը նայել, տեսնել նաև նրանց, ում դեռ չէին հասցրել սպանել ու վիրավորել:

ԹՈՄ – Հեռու քաշվիր իմ ճանապարհից, ես այլևս կորցնելու ոչինչ չունեմ, այստեղ այլևս ուրիշ վկա չկա… Կսպանեմ քեզ, կբռնաբարեմ այս աղջկան ու նրան էլ կսպանեմ… Շուտով կայարան է լինելու…

ԱՆՏԱՐԲԵՐ ՄԱՐԴ - Այո, շուտով կայարան է լինելու, շուտով դուրս կգանք այստեղից ու դու ավելի լավ կտեսնես քո արածի հետքերը:

ԹՈՄ – Վերջ տուր քո այդ դատողություններին: Դու չես կարող խանգարել ինձ, դու չես կարող ինձ հետ պահել իմ մտադրությունից: Ես այս աղջկան պիտի տիրանամ, որովհետև չեմ ուզում կիսատ թողնել կայֆս, հասկանու՞մ ես: Դու գիտե՞ս, թե ինչ է նշանակում կայֆ…

ԱՆՏԱՐԲԵՐ ՄԱՐԴ - Ես գիտեմ մի բան, որ դու հիմա ազատ կարձակես աղջկան, կնստես տեղդ ու կսպասես կայարանին: Այնտեղ քեզ ոստիկանությունը կդիմավորի:

ԹՈՄ - Ես կոտրել եմ ազդանշանը, ուրեմն ոչ մի ոստիկան էլ մեզ չի դիմավորի: Հենց գնացքը տեղ հասնի, ես դուրս կթռչեմ ու կանհետանամ, իսկ այստեղ քո ու այս աղջկա դիակները կմնան… Եթե, իհարկե, ձեզ խելոք պահեք, ապա ես ձեզ կյանք կնվիրեմ…

ԱՆՏԱՐԲԵՐ ՄԱՐԴ - Դու ո՞վ ես, ողորմելի, որ մտածես մեզ կյանք պարգևելու մասին…(Խիստ): Թող աղջկան:

ԹՈՄ – Չեմ թողնելու, քեռի: Նա իմն է, իմ որսն է:

ԱՆՏԱՐԲԵՐ ՄԱՐԴ - Դու ոչ միայն լկտի ես ու վախկոտ, այլև` ապուշ: Իսկական ապուշ:

ԹՈՄ - Ե՞ս եմ վախկոտը: դու մի՞թե չես տեսնում իմ և Հարրիի քաջագործությունների հետևանքները: Վախկոտն այսպիսի բան չէր անի:

ԱՆՏԱՐԲԵՐ ՄԱՐԴ – Ինչ էլ ասես, միևնույն է, դու վախկոտ ես: Իսկական առնետ, որը թաքնվում է ցերեկը աղբակույտերում, իսկ գիշերները դուրս գալիս որսի` գիտենալով, որ մութ է, որ իրեն չեն տեսնի: Ճիշտ ասաց տղան, որ քեզ նմանները վախենում են ցերեկները, որ ցերեկներն ապրում եք ստվերի մեջ, խավարասերի նման, իսկ գիշերները, երբ գրեթե մարդ չկա, հարձակվում եք ձեր զոհերի վրա: Վախն է քեզ ու քեզ նմաններին այդպիսին դարձրել: վախը քեզ ուժ է տվել, բայց դա երևութական, անցողիկ ուժ է;;; Հենց հասնենք կայարան, դուրս գանք փողոց` դու, այո կփախչես ու կանհետանաս, որովհետև տղամարդ չես, որովհետև համարձակ չես…Ես զզվում եմ քեզ նմաններից, զզվում եմ երկոտանի առնետներից…

ԹՈՄ – (ճչում է): Վերջ տուր, կսպանեմ քեզ…

ԱՆՏԱՐԲԵՐ ՄԱՐԴ – Վախեցա՞ր, ճշմարտությու՞նն ասվեց քեզ… Այո, պիտի ասեմ, որպեսզի գոնե մեկ անգամ քո փուչ կյանքի ընթացքում նայես քեզ, տեսնես, թե ինչքան ողորմելի ու կեղտոտ ես, ինչքան փոքրոգի, վախկոտ ու սինլքոր… Դու մարդ չես, այլ ամենաիսկական տականքը, որին պետք է ճզմել ու դեն նետել, որպեսզի հետնորդներ չլինեն, սերունդներ չլինեն… Վախը քեզ համարձակ է դարձնում, բայց իրականում դա այն վախն է, որը բռնություն է ծնում, ամենաիսկական թուլությունն է ծնում… Թող աղջկան, ասացի, տականք, թող ու քաշվիր մի անկյուն…

ԹՈՄ – Չէ, դու արդեն չափն անցնում ես… Ես հիմա քո վերջը կտամ, քոսոտ վարժապետ… (Կռանում է, արագորեն վերցնում Հարրիի մոտ ընկած դանակն ու հարձակվում Մաքսի վրա: Կատրինը ճչում է, փախչում ու բարձրանում նստարանի վրա: Մաքսը պաշտպանվելով` հանկարծ բռնում է Թոմի ձեռքն ու շուռ տալիս): Ի՞նչ արեցիր… ի՞նչ արեցիր…(սահում է գետին):

ԱՆՏԱՐԲԵՐ ՄԱՐԴ – (շփոթված): Ես ընդամենը պաշտպանվում էի… Դու ինքդ… ինքդ քո իսկ դանակով…

ԹՈՄ - (հազիվ շնչելով): Եթե ես չմեռնեմ, ես քու մերը…(Անշնչանում է:)

Կատրինը վախվորած մոտենում է Անտարբեր մարդուն և ամուր փարվում նրան: Մարդը մի ձեռքով գրկում է Կատրինին:

ԿԱՏՐԻՆ – Նա մեռավ, պարոն, չարիքը մեռավ… Ես սարսափում եմ, ես չեմ կարող մնալ այստեղ… Ջոն… Ջոն… ի՞նչ է լինելու նրա հետ… նա կմեռնի՞, պարոն… Ես չեմ ուզում, որ մեռնի, ես չեմ ուզում, եկեք փրկենք նրան, դուրս տանենք այստեղից…

ԱՆՏԱՐԲԵՐ ՄԱՐԴ – Հանգստացիր, աղջիկս, հանգստացիր: Նրանք այլևս չկան: Ամեն ինչ անցավ: Հիմա կարևորն այն է, որ շուտ հասնենք կայարան և կարողանանք օգնել քո տղային: Գուցե մյուսներին էլ կարողանանք օգնել, եթե ողջ մնացած լինեն…Հանգստացիր, աղջիկս, քո արցունքներն այլևս պետք չեն, ուժ հավաքիր և դիմացիր…

ՏՂԱՄԱՐԴ - Ես… մենք ուզում էինք միջամտել, օգնել…

ԿԻՆ – Մենք… մենք…

Պայծառ վառվում են վագոնի լույսերը:


ՀԱՂՈՐԴԱՎԱՐԻ ՁԱՅՆԸ – Հարգելի ուղևորներ, մեր գնացքը մտնում է կայարան: Խնդրում ենք ուշադիր լինել` ոչինչ չմոռանալու համար: Գնացքում թողած ձեր իրերի համար մետրոպոլիտենի տնօրինությունը պատասխանատվություն չի կրում: Հուսով ենք, որ գոհ մնացիք մեր ծառայություններից: Օգտվեցեք Նյու-Յորքի մետրոպոլիտենի ծառայություններից: Մենք ձեզ խոստանում ենք բարձրակարգ սպասարկում և անվտանգություն…


Ուժգին ու ուժգին հնչում է «Իրիկնային սերենադը»:


ՄԹՆԵՑՈՒՄ:


Լուսավորվում է: Ուշ աշնանային երեկո Նյու-Յորքում: Հեռվում երևում են երկնաքերների ստվերները: Լսվում է մեղմ թափվող անձրևի ձայնը: Փողոցի մի հատված, որից քիչ հեռու սրճարանն է, իսկ բեմառաջքում դեպի մետրոյի կանգառ տանող աստիճաններն են: Բարձրահասակ, սպիտակ անձրևանոց հագած մարդը երևում է փողոցի խորքում, արագ քայլերով մոտենում աստիճաններին, փակում ձեռքի հովանոցն ու իջնում մետրոյի կայարան: Քիչ անց երևում է դեպի կայարան շտապող մի կին, ով գրեթե վազքով գալիս և իջնում է աստիճաններով: Սրճարանից դուրս է գալիս ԱՆՏԱՐԲԵՐ ՄԱՐԴ: Հիսունին մոտ է, լայնեզր գլխարկով, մոխրագույն անձրևանոցով, ձեռքին ունի մոխր գույն պայուսակ: Նա դանդաղ, կարծես անձրևը և վատ եղանակը չնկատելով, գալիս է բեմառաջք: Կանգ է առնում, գրպանից հանում է սիգարը, կտրում կոթուկը, վառում: Ծխի մի քուլա է արձակում… Նրա կողքով անցնում են ուղևորներ, որոնք շտապում են դեպի մետրոյի կայարան:


ԱՆՏԱՐԲԵՐ ՄԱՐԴ – Աշնանային անձրևները սկսվեցին: Նշանակում է` շուտով ձմեռը կմտնի իր դերի մեջ: Սիրում եմ նյույորքյան աշունը` խոնավ, անվերջ թափվող անձրևներով, անընդհատ շտապող մարդկանցով: Ես երեկոները հաճախ եմ գալիս այ այնտեղ գտնվող սրճարանը: Գարեջուր եմ պատվիրում և երկար նստում ինձ համար սիրելի ու հարազատ դարձած սեղանի մոտ: Նայում եմ հաճախորդներին, որոնց մեջ շատ հետաքրքիր ու զարմանալի մարդիկ կան: Շաը են վտարանդիները, որոնք աշխարհի մեծագույն քաղաքներից մեկն են եկել ամենատարբեր երկրներից` հաջողություն և շատ փող գտնելու: Ես նույնպես զտարյուն ամերիկացի չեմ, սակայն այս երկիրն իմն էլ է դարձել, որովհետև այստեղ ոչ ոք ազգություն ու կրոնական պատկանելություն չի հարցնում, ոչ ոք քեզ չի դատապարտում քաղաքական հայացքներիդ համար… ճիշտ որ ազատ երկիր է Ամերիկան… Ես էլ ամերիկացիների նման ամեն տարեմուտի, երբ բոլորը նշում են Ծննդյան տոները, նստում եմ իմ փոքրիկ ու հարմարավետ բնակարանում, փոքրիկ սեղանի մոտ, բացում շամպայնի շիշն ու երգում` «Աստված պահի Ամերիկան»… (Բարձրացնում է անձրևանոցի օձիքը): Որքան էլ սիրում եմ աշնանային անձրևտ, այնուամենայնիվ արդեն ցուրտ է: Պետք է շուտ տուն հասնել, վառել բուխարին, նրա սալիկների վրա տաքացնել դեռ երեկ գնված սենդվիջները, թեյ տաքացնել և ընկղմվելով խորունկ բազկաթոռի մեջ` հեռուստացույց նայել: Ինչքան եմ սիրում մենակությունն ու հեռուստացույցը: Նրա առջև են ծնվում իմ ստեղծագործությունները, իմ պատմվածքներն ու վիպակները, որոնք ընթերցողները հավանում են, գնահատում, իսկ քննադատությունն էլ գովում է ինձ: Ես հերոսներ եմ ընտրում հեռուստատեսային հաղորդումներից, այն բազմաթիվ սերիալներից, որոնք ստեղծվում են ինձ նման անհոգ մարդկանց համար… Ես մի ժամանակ սիրում էի նաև նյույորքյան մետրոն, որի կայարաններում ժամերով ման էի գալիս` հետևելով մարդկանց, նրանց անցուդարձին… Բայց այն, ինչ տեղի ունեցավ անցած աշուն` ամբողջապես փոխեց իմ վերաբերմունքը մետրոյի նկատմամբ: Հիմա ես սոսկումով եմ անցնում որոշ կայարաններով` փակելով աչքերս, չուզենալով նայել նստարանների երկար շարքերին… Ինձ համար սիրելի նյույորքյան մետրոն հաշվված ժամերի ընթացքում ինձ ատելի դարձավ… (Կարծես ականջների մեջ խուլ ոռնոց ու կրակոցների ձայներ է լսում, երկու ձեռքով ամուր փակում է ականջները): Ես այդ օրը երբեք, երբեք չեմ մոռանա…

Վ Ե Ր Ջ


1234567891011121314
    Դիտվել է 799 անգամ
    12