Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

7 դոլարով ձեռք բերված նկարը հույս ուներ վաճառել 1 մլն-ով

02.04.2014



ԱՄՆ – ի Ալեքսանդրիա քաղաքի դատարանը որոշել է Ռենուար– ի «Բնապատկեր Սենայի ափին» գողացված կտավը վերադարձնել թանգարան:

Խոսքը այն նկարի մասին է, որն իբր թե 7 դոլլարով վերնիսաժից գնել է Վիրջինիայի բնակիչ Մարթա Ֆուկուան:

Անցյալ տարվա սկզբին նկարի վրա կալանք դրվեց այն բանի համար, որ ինչպես պարզվեց, դեռ 1951թ. գողացվել էր Բալթիմորի կերպարվեստի թանգարանից: Ֆուկուան փորձեց արդարադատության միջոցով ապացուցել իր իրավունքը կտավի նկատմամբ և իրեն վերադարձնել բռնագրավված գույքը:
Դատարանը որոշեց, որ սեփականության իրավունքը չի կարող փոխանցվել որևէ մեկին, եթե այդ սեփականությունը հանդիսանում է գողացված: Բալթիմորի թանգարանը ներկայացրել էր համոզիչ փաստաթղթային ապացույցներ, որ նկարը գողացված էր:

2012թ. ամռանը մի շարք ԶԼՄ – ների կողմից հայտնվեցին հաղորդագրություններ Վիրջինիայի բնակչի մասին, ով երկու տարի առաջ վերնիսաժից գնել էր ֆրանսիացի իմպրեսիոնիստի աշխատանքը: Ինչպես գրում էին թերթերը, ամերիկուհուն դուր էր եկել շրջանակը, իսկ կտավին նա նույնիսկ ուշադրություն չէր էլ դարձրել: Շրջանակին Ռենուարի անվամբ ամրացված էր ոչ մեծ ցուցանակ, իսկ նկարի հետևի կողմում ֆրանսերեն գրված էր «Բնապատկեր Սենայի ափին»:

Երբ որոշ ժամանակ անց կինը դիմել էր փորձագետների, նրանք որևէ կասկած չունեին, որ իրենց առջև հայտնի նկարչի կտավն էր, նկարված 1879 թվականին: Ավելի մանրակրկիտ փորձաքննությունը և համեմատումը Պիեռ Օգյուստ Ռենուարի աշխատանքների ցուցակի հետ դա հաստատեց: Ըստ որոշ վկայությունների, Ռենուարը իր սիրուհու համար նկարել է վուշե թաշկինակի վրա, երբ նրանք նստած էին Սենայի ափին մոտ գտնվող մի ռեստորանում:

«Potomack» աճուրդի տունն արդեն հայտարարել է «Բնապատկեր Սենայի ափին» կտավի վաճառքի մասին: Այն գնահատվում է մոտ 75-100 հազար դոլլար, սակայն վերջին պահին աճուրդը չեղյալ է հայտարարվել: Լրագրողները, որոնք ստացել էին թույլտվություն օգտվելու Բալթիմորի կերպարվեստի թանգարանի գրադարանի փաստաթղթերից, պարզել են, որ նկարը, որը ժամանակին պատկանել է կոլեկցիոներ Սեյդի Մեյին և փոխանցվել է թանգարանին ժամանակավոր ցուցադրության նպատակով, այնտեղից գողացել են 1951թ. նոյեմբերի 17–ին: Այս մասին տեղեկացրել են Հետաքննությունների դաշնային բյուրոյին (ՀԴԲ), որն անմիջապես սկսել է հետաքննություն:

Արդյունքում ի հայտ են եկել մանրամասնություններ, որոնք կասկածի տակ էին դնում վերնիսաժի շուկայի մասին պատմությունը: Ինչպես պարզվել է, մինչև «Potomack» աճուրդի տանը հայտնվելը Ֆուկուան այցելել է նմանատիպ «Quinns Auction Gallery» հաստատություն:

Գնահատողի խոսքերով, որին ավելի ուշ հարցաքննել են ՀԴԲ-ի գործակալները, կինը 100% - ով համոզված է եղել, որ բերել է Ռենուարի կտավը և ակնկալում էր ստանալ նրա համար ոչ պակաս 1 մլն. դոլար: «Ես անմիջապես հարցրեցի, թե որտեղի՞ց ձեզ այս պատկերը. Ֆուկուան պատասխանեց, որ ստացել է անշարժ գույքի հետ միասին», -պարզաբանել է գնահատողը: Դա անմիջապես անհանգստացրել է մասնագետին, քանի որ ռիելթորները սովորաբար լավ տեղեկացված են այն մասին, թե արդյոք կա՞ն արվեստի արժեքավոր գործեր վաճառքի տներում:

Նկարի սեփականատերը հրաժարվել է թողնել կտավը աճուրդի տան մասնագետի մոտ, ավելին, չի համաձայնել նաև մանրազնին փորձաքննություն անցկացնելու գաղափարի հետ և չափազանց հիասթափված է եղել այն գումարից, որով նախապես գնահատվել է ստեղծագործությունը՝ 20-ից մինչեւ 40 հազար դոլլար:

Դրանից հետո նրան այլևս այնտեղ չեն տեսել ։

Պաշտպանելով իր իրավունքները դատարանում, Ֆուկուան հայտարարել էր, որ վատ է կարողանում գլուխ հանել գեղանկարչությունից և պատկերացում անգամ չունի, թե վերնիսաժից պատահաբար գնված այդ նկարն ինչու՞ է հետաքրքրել ՀԴԲ – ին:
    Դիտվել է 750 անգամ