Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ա ր տ ա վ ա զ ք՝ հ ի ն գ ա ս տ ղ ա ն ի


Սամվել Խալաթյան

Ա ր տ ա վ ա զ ք՝ հ ի ն գ ա ս տ ղ ա ն ի

Ֆարս 2 գործողությամբ


Գործող անձինք

ԱՐՏԱՎԱԶԴ Ա - Հայոց թագավոր

ԱՐՇՈ - «Արտավազդ» հյուրանոցի տերը

ՄԱՐՇՈ - Արշոյի աջ թևը

ՔԻՍՈ - հյուրանոցի հավաքարար

ՍԵԹՈ

ՄԵԹՈ - մրցակից կուսակցականներ

ՉԻՆՈՎՆԻԿ

ԵՂԻՇ

ՄԵՂԻՇ ոստիկաններ

Դրվագային անձինք - Վարսիկ, Մոմիկ, քահանա, Նարա, Վրեժ, Տիգրան

Հոծախումբ

Դեպքը տեղի է ունենում մեր օրերում, Երևանում, հինգ աստղանի «Արտավազդ» հյուրանոցի շքեղ հարկաբաժնում: Ձախում նախասրահն է, աջում՝ հարկաբաժինը: Նախասրահում՝ միջնադարյան ասպետի զրահահանդերձանք: Մեկընդմեջ լուսավորվում է այն մասը, որտեղ գործողություն է կատարվում:


ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

Կիսամութ հարկաբաժնում, բազմոցին փռված քնած է Արտավազդը: Սեղանին թագն է, բազմոցին հենված է սուրը: Ոտնաթաթերի վրա, հուշիկ, նախասրահ է մտնում Քիսոն, ետքից՝ Մարշոն:

ՔԻՍՈ - (մատը շուրթերին հպելով): Սը՜ս … մոտ արի, նայիր: (Վարագույրի ճեղքից ներս են նայում:) Տեսա՞ր … Որ ասում էի՞… Արտավազդ թագավորն է:

ՄԱՐՇՈ - Չէ մի՝ պոզեր…

ՔԻՍՈ - Թագին նայիր… սուրը պատրաստ դրած: Փոշիներն էի սրբում, մեկ էլ՝ դղրդո՜ց, փայլատակո՜ւմ… Հայտնվեց, թուրը աջ ու ձախ թափահարում էր ու գոռում՝ մոտ չգա՜ք, շանսատակ կանեմ:

ՄԱՐՇՈ - Քեզ էր ասո՞ւմ:

ՔԻՍՈ - Չէ, ոչ ոք չկար: Ես էլ թաքնվել էի վարագույրի ետևում, ինձ չնկատեց:

ՄԱՐՇՈ - (գյուտ արած): Բա որ մարդ չկար, ո՞ւմ էր ասում:

ՔԻՍՈ - Մինչև վերջ լսի՛ր: Գոռգոռալով սեղմվեց պատին, անջատիչը չրխկաց ու ջահի լույսը միացավ… Չոքեց ջահի առջև ու գոռում էր՝ «Օ՜, Արամազդ, մի լքիր ինձ»: Պատմեց, որ Մասիսի լանջերին որս անելիս է եղել, չարքերը փախցրել են ու թռչող ափսեով տարել են ուրիշ մի աստղի վրա:

ՄԱՐՇՈ - Աստղի՞… Կարող ա՞ մեր հինգ աստղանի հյուրանոցը նկատի ունի:

ՔԻՍՈ - Չէ՜, ի՞նչ հյուրանոց: Պատմեց, որ չի ենթարկվել չարքերին, պահանջել է իրեն վերադարձնեն հայրենիք:

ՄԱՐՇՈ - Հայրենի՞ք… (Ձեռքը թափ է տալիս:) Պարզ է: Բեյրութցի դերասան է: «Մեկ ազգ, մեկ մշակույթ»: (Ուզում է գնալ:)

ՔԻՍՈ - Սպասի՛ր, բեյրութցիները երկու օրից են գալու: Սա իսկական Արտավազդ թագավորն է: Նրան այլմոլորակայինները տարել ու ետ են բերել, հասկանո՞ւմ ես:

ՄԱՐՇՈ - Ի՞նչ գիտես:

ՔԻՍՈ - Ինքը պատմեց:

ՄԱՐՇՈ - Քեզ պատմե՞ց:

ՔԻՍՈ - Չէ՛, ասում եմ: Ես թաքնվել էի վարագույրի ետևում: Արամազդին էր պատմում:

ՄԱՐՇՈ - Արմոյի՞ն… Դռնապանն ի՞նչ գործ ունի «լյուքս» համարում:

ՔԻՍՈ - Ի՞նչ դռնապան, Արամազդն աստված է, նրան էր պատմում: Ասում էր՝ ես չընկճվեցի, պահանջեցի ինձ վերադարձնել իմ հայրենի օջախը…

ՄԱՐՇՈ - Բա ինչի՞ չի գնացել ռեստորան, որ եկել է մեր հյուրանոցը:

ՔԻՍՈ - Ի՞նչ ռեստորան:

ՄԱՐՇՈ - Դու չասի՞ր՝ «Օջախը»:

ՔԻՍՈ - Օջախ, այսինքն՝ իր տունը, իր հայրենիքը:

ՄԱՐՇՈ - (բութ հայացքով): Ի՛:

ՔԻՍՈ - Բա՞: Ըստ լեգենդի՝ Արտավազդ արքային որսի ժամանակ չարքերը գողացել են: 2000 տարի առաջ ո՞վ պիտի հասկանար, որ չարքեր չեն, այլմոլորակայիններ են:

ՄԱՐՇՈ - 2000 տարի՞… (Հարձակողական:) Բա ո՞նց է էդքան ապրել:

ՔԻՍՈ - Ախր, ա՛յ Մարշո…

ՄԱՐՇՈ - Դե՛-դե՛: Սուբորդինացիա պահպանիր:

ՔԻՍՈ - Ախր, ա՛յ պարոն Մարշո, Այնշտայնի տեսության համաձայն` ժամանակը կանգ է առնում:

ՄԱՐՇՈ - Ո՞նց, ժամացույցը չի աշխատո՞ւմ:

ՔԻՍՈ - Աշխատում է: Բայց տիեզերագնացի համար անցնում է երկու-երեք ամիս, իսկ մեզ համար՝ մի քանի դար:

ՄԱՐՇՈ - Չէ մի՝ պոզեր… Էս դերասա՞նն է էդ հեքիաթը քեզ պատմել:

ՔԻՍՈ - Ի գիտություն՝ քեզ, պարոն Մարշո, ես պատմական գիտությունների թեկնածու եմ:

ՄԱՐՇՈ - Բա… Բա լիչնի լիստոկում գրել ես, թե ութնավա՞րտ ես…

ՔԻՍՈ - (կեղծ լացակումած): Ճիշտը գրեի՝ աշխատանքի չէիք ընդունի:

Մարշոյի բջջային հեռախոսը զանգում է:

ՄԱՐՇՈ - Լսում եմ, շե‎ֆ ջան: Դիվանին պառկած է… Քնած է… Եսի՞մ, Քիսոն ասում է՝ թագավոր է: Հավաքարար Քիսոն է ասում: Շե‎ֆ, Քիսոն մեզ խաբել է, գիտությունների թեկնածու է… Քնածը չէ, թեկնածուն Քիսոն է, քնածը՝ թագավոր է, անունն էլ Արտավազդ: (Կեղծավոր:) Բա եղա՞վ, շե‎ֆ ջան, բա ես չգիտե՞մ, որ դա մեր հյուրանոցի անունն է: Բայց… Բայց էս Քիսոն ասում է` դիվանին պառկածի անունն է… (Ափով փակում է հեռախոսը՝ Քիսոյին:) Արտավազդիչն ասում է` դեզին‎ֆորմացիայի համար աչքերդ կհանեմ, մեռած հորս պատվի հետ ե՞ք խաղում: Լսում եմ, շեֆ ջան… Այլմոլորակայինները տարել են ու ետ են բերել… Քիսոյին չէ, թագավորին են ետ բերել… Չէ, իրենք թռել են, թագավորին թողել մեր վզին… Քիսոն թաքուն լսել է, թագավորը Արմոյին է պատմել… Շե‎ֆ, Քիսոն ասում է` Արմոն աստված է… Այլմո… այլմո… այլ… (Անջատում է հեռախոսը:) Շե‎ֆը հիմա կգա ու եփած ճաշդ կուտես: (Թունոտ:) Թեկնածուի մեկը… Տո, քո գործը մաքրելն է՝ փոշիդ մաքրի, այլմոլորակայի՜ն, չարքե՜ր, աստվա՜ծ… Շե‎ֆի հոր հիշատակը ընչի՞ ես մնդռում: Դիմումդ կգրե՛ս: (Շրջվում է գնալու, բայց շեմքի վրա բախվելով ներս մտնող Արշոյին, ընկրկում է:)

ԱՐՇՈ - (մղվելով հարկաբաժին): Ո՞վ ա էդ թուլեն, որ առանց իմ դաբրոյի «լյուքս» ա մտել:

ՔԻՍՈ - (կախվում է նրա վերնաշապկից): Սպասե՛ք… սպասե՛ք…

ԱՐՇՈ - (տեղի է տալիս): Ասա: Մենակ՝ շուտ ասա:

ՔԻՍՈ - (հուզված վրա է տալիս): Սպասեք, բացատրեմ: Արտավազդ թագավորն է: Իսկակա՛ն: Ե’ս լսեցի: Ջահի լույսը Արամազդ աստծու տեղ դրեց ու խոստովանում, պատմում էր, որ թռչող ափսեով իրեն տարել են, չի ենթարկվել, ետ են բերել…

ԱՐՇՈ - (ատրճանակը հանելով): Որտե՞ղ են:

ՄԱՐՇՈ - Թռել գնացել են, շե‎ֆ ջան:

ԱՐՇՈ - Էդ գիտությունների թեկնածո՞ւն ով է…

ՄԱՐՇՈ - (արտճանակից վախեցած): Հորս արև, ես չեմ…

ՔԻՍՈ - Ես եմ:

ԱՐՇՈ - (զարմացած): Հաստա՞տ:

ՔԻՍՈ - (արժանապատվորեն): Այո՛:

ԱՐՇՈ - Լավ: Էդ մասին հետո կխոսենք: ( Մարշոյին.) Թագավո՞րն ով է:

ՄԱՐՇՈ - Մորս արև, ես չեմ…

ՔԻՍՈ - Կամա՛ց խոսեք: Քնած է: (Հուշիկ մոտենում է վարագույրին, թեթևակի մի կողմ է քաշում:) Մոտեցե՛ք:

ԱՐՇՈ - (մոտենում է, նայում ու ընկրկում): Վա՛յ, հորս արև… (Նայում է Քիսոյին, Մարշոյին և կրկին՝ վարագույրից ներս:) Վա՛յ, մորս արև… (Մարշոյին.) Կարող ա՞, հարկայինից ա, ձևեր ա թափում: (Մարշոն ուսերն է վեր քաշում:) Արթնացրու, պարզենք՝ էդ ումո՞վ ա թռնում, ի՞նչ ռիսկով ա «լյուքս» մտել:

ՄԱՐՇՈ - (աքլորացած): Էնենց արթնացնեմ, որ բայաթի երգի… (Ուղղվում է հարկաբաժին:)

ՔԻՍՈ - (կտրում է ճանապարհը): Կա՛ց… Այդպես չի կարելի:

ՄԱՐՇՈ - Ի՛…

ՔԻՍՈ - Վեր կթռչի ու սուրը ձեռքին…

ՄԱՐՇՈ - (տարակուսած): Ի՛…

ՔԻՍՈ - Մի մոռացեք, որ նախնադարյան մարդ է, մեր իրականությանն անսովոր: Հարկավոր է հին մեթոդներով, նրա իմացածով վարվել, հետո, աստիճանաբար, հասկացնելո՜վ…

ՄԱՐՇՈ - (հիացած): Թեկնածու է, է՜…

ԱՐՇՈ - (մտախոհ): Թեկնածու է, թե ակադեմիկ… ոնց որ ճիշտ է ասում:

ՄԱՐՇՈ - Բա ո՞նց անենք, իրա իմացածո՜վ, աստիճանաբա՜ր…

ԱՐՇՈ - (գյուտ արած): Ծուղրուղու կանչիր:

ՄԱՐՇՈ - Ի՛:

ԱՐՇՈ - Ի՛, ու՝ զահրումա՛ր: Ծուղրուղու կանչիր:

ՄԱՐՇՈ - Շե‎ֆ ջան, թող Քիսոն կանչի, էլի:

ԱՐՇՈ - Տո, դեբիլ, տեսած կա՞ս՝ հավը ծուղրուղու կանչի:

ՄԱՐՇՈ - Բա որ պարզվի, որ թագավոր չի, քաղաքով մեկ խայտառակ կլինեմ:

ԱՐՇՈ - Կգյուլլե՛մ:

ՄԱՐՇՈ - Ո՞ր մեղքիս համար, շե‎ֆ…

ԱՐՇՈ - Քեզ չէ: Նրա՛ն, եթե պարզվի, որ թագավոր չի:

ՄԱՐՇՈ - Արժի՛, դրա մերը…

ԱՐՇՈ - Սկսի՛ր:

ՄԱՐՇՈ - (ատրճանակը գոտկատեղից հանելով): Էնենց գյուլլեմ, որ բայաթի երգի:

ԱՐՇՈ - Այ տղա, դու ծուղրուղու կանչի: Ես կգյուլեմ:

ՄԱՐՇՈ - Հա՜… հասկացա: (Պահում է զենքը, վիզը ձգում, փորձում է կանչել:)

ԱՐՇՈ - Բա՛րձր:

ՄԱՐՇՈ - Բա որ զարթնի:

ԱՐՇՈ - Թյո՛ւ, քեզ մարդ ասողի… Բա չասի՞նք՝ իրա իմացածով: Հո չե՞ս զնգալու, հազար տարի առաջ բուդիլնի՞կ է եղել:

ՄԱՐՇՈ - Եսիմ:

ՔԻՍՈ - 2000 տարի առաջ:

ԱՐՇՈ - Թեկնածուականդ քեզ պահի: (Մարշոյին.) Կանչի՛, խորոզավարի՛, զի՛լ:

ՄԱՐՇՈ - (ծուղրուղու է կանչում, որն ավելի շատ նմանվում է բառաչի):

ՔԻՍՈ - (վարագույրի ճեղքից շուռումուռ եկող Արտավազդին նայելով): Էլի՛, բի՛ս… արդեն արթնանում է:

ՄԱՐՇՈ - (թունոտ՝ Քիսոյին): Իմ բիսը քեզ հետո ցույց կտամ: (Բառաչում է:)

Հարկաբաժնում, բազմոցին պառկած Արտավազդն արթնանում է, ձեռքն անմիջապես գցելով թրին՝ նստում:

Բառաչը կրկնվում է:

ԱՐՏԱՎԱԶԴ - (սթափվելու համար թափահարում է գլուխը: Ընկալում է միջավայրը, համոզվելով, որ վտանգավոր բան չկա՝ հաճույքով հորանջում, ճմլկոտվում, մոտենում է պատուհանին, մի կողմ է քաշում վարագույրը, գոհունակությամբ նայում է): Ազատն Մասի՜սը… Փա՜ռք քեզ, Արամազդ, որ վերադարձրիր ինձ իմ ոստանը: Վերջապես ես իմ տանն եմ:

ՄԱՐՇՈ - (Արշոյին): Ի, փայատեր ա՞:

ԱՐՇՈ - Շը՛շ:

ԱՐՏԱՎԱԶԴ - (վերադառնում, գոհ բազմում է բազկաթոռին, սկուտեղից վերցնելով խնձորը` ախորժակով կծում է, ապա ծափ է զարկում): Հե~յ, ո՞վ կա այդտեղ:

ՔԻՍՈ - (անմիջապես ներս է նետվում: Թեթև խոնարհումով): Հրամայի՛՜ր, արքա:

Արշոն ու Մարշոն վարագույրի ճեղքից հետևում են:

ԱՐՏԱՎԱԶԴ - (զարմանքով, ապա՝ պագշոտությամբ, անթաքույց զննում է կարճափեշ Քիսոյին): Մո՛տ արի: (Քիսոն հեռավորության վրա կանգնում, խոնարհվում է:) Հը՛մ… (Ձեռքով ավելի մոտ է կանչում: Քիսոն առաջանում է:) Լավի՜կն ես, հարճ: (Մոտենում, արթնացող կրքով նայում է աղջկա կրծքաբացվածքին, ոտքերին, զննում ատամները, պտտվում է շուրջը:) Ո՞ւմ նվերն ես, վարձակ: (Ափով խփում է հետույքին:) Լավի՜կն ես…

ՔԻՍՈ - Ներեցե՛ք…

ԱՐՏԱՎԱԶԴ - (խոժոռված շրջվում է): Եթե ուրացող Մարշեն է քեզ ուղարկել՝ չե՛մ ների… Այսօր իսկ ցից պետք է հանել դավաճանին:

ՄԱՐՇՈ - Ի՛, էդ իմ հետ է՞ր…

ԱՐՇՈ - Շը՛շ:

ՔԻՍՈ - Ինձ ոչ ոք չի ուղարկել, արքա, ես ինքս եկա:

ՄԱՐՇՈ - (թեթևացած): Մալադե՛ց:

ԱՐՏԱՎԱԶԴ - (չշրջվելով): Ուրեմն ասա՝ ո՞ւմ հարճն ես եղել և ինչո՞ւ ես փախել քո տիրոջից:

ԱՐՇՈ - (ապշահար): Հաստա՛տ թագավոր է:

ՔԻՍՈ - Ես ոչ մեկի հարճը չեմ, արքա:

ԱՐՏԱՎԱԶԴ - Երդվի՛ր, վարձակ:

ՔԻՍՈ - Մամայիս արև… ըըը… Արամազդը վկա, արքա: Ես կամովին եմ եկել քո մոտ և ոչ մեկի հարճը չեմ:

ԱՐՏԱՎԱԶԴ - (մեղմացած շրջվում է): Ուրեմն անահտականների՞ց ես… (Քննախույզ զննում է:) Հը՜մ… տարօրինակ հագուստներ են կրում Անահիտի նվիրյալները: Լա՛վ, գնա մահիճս և սպասիր տիրոջդ:

ՔԻՍՈ - Ըըը... Ներեցեք, արքա, բայց դուք… բայց ես…

ԱՐՏԱՎԱԶԴ - Կատարի՛ր հրամանս, բղջուհի՛…

ՔԻՍՈ - (վարանոտ համարձակությամբ): Թույլ տուր խոսեմ, արքա, կարևոր լուր ունեմ հայտնելու:

ԱՐՏԱՎԱԶԴ - Լո՞ւր… սուրհանդա՞կ ես:

ՔԻՍՈ - Ոչ:

ԱՐՏԱՎԱԶԴ - Լրտես ես ուրեմն:

ՔԻՍՈ - Ոչ, արքա, լրտես չեմ, թույլ տուր բացատրեմ:

ԱՐՏԱՎԱԶԴ - (շրջվելով, չկամ): Խոսի՛ր:

ՔԻՍՈ - Այն օրից, արքա, երբ քեզ այլմոլորակայինները… այսինքն՝ չարքերը փախցրին, շա՜տ ժամանակ է անցել…

ԱՐՏԱՎԱԶԴ - (մտախոհ երկյուղով): Այդ մասին ինձ ասում էին… Մի՞թե դա ճիշտ է…

ՔԻՍՈ - Այո, արքա, 2000 տարուց ավելի է անցել: Ժամանակները փոխվել են: Դու այժմ Արտաշատում չես:

ԱՐՏԱՎԱԶԴ - (ցասկոտ): Ստո՛ւմ ես, հարճ: Իմ պատուհանից Մասիսները երևացին:

ՔԻՍՈ - Արտաշատը մոտակայքում է, արքա: Հայոց մայրաքաղաքը այժմ Երևանն է:

ԱՐՏԱՎԱԶԴ - Կգլխատե՛մ: Ո՞վ է համարձակվել փոխել իմ նստավայր մայրաքաղաքը:

ՔԻՍՈ - Զինվիր համբերությամբ, արքա…

ՄԱՐՇՈ - (հիացած): գիտնական է, է ՜…

ԱՐՇՈ - (բամփում է): Շը՛շ:

ՔԻՍՈ - Դու Երևան քաղաքում ես: Շատ ժամանակ է անցել… գիտություն… տեխնիկա… Մի խոսքով… Քո իմացած Հայաստանը, Արտաշատը, քո պալատը… արդեն չկան: (Մեղավոր:) Ավերակներ են մնացել:

ԱՐՏԱՎԱԶԴ - Ո՜ւխ… Այդպես էլ գիտեի, որ հայրս ավերակներ կթողնի ինձ: (Կասկածոտ շուրջբոլորն է նայում:) Բայց սա ո՞ւմ պալատն է, հարճ:

ՔԻՍՈ - Սա պալատ չէ, արքա: Հյուրանոց է: «Արտավազդ» հինգ աստղանի հյուրանոցը: (Սիրաշահելով:) Քո անունն է կրում…

ՄԱՐՇՈ - Ի՛… Շե‎ֆ, բա ասում էիր հորդ անունով է՞…

ԱՐՇՈ - Ձե՛նդ:

ՔԻՍՈ - Դու հայտնվել ես հյուրանոցի «լյուքս» համարում:

ԱՐՏԱՎԱԶԴ - Հարցիս պատասխանիր, ո՞վ է այս պալատի… հյուրանոցի… լուծ համարի տերը:

ՔԻՍՈ - Խիտրի Արշոն: (Վախեցած հայացք է գցում նախասրահին:) Այսինքն… այսինքն՝ պարոն Արշակ Արտավազդի Երվանդյանը:

ԱՐՏԱՎԱԶԴ - Իմ բճերի՞ց է…

ՔԻՍՈ - Չէ՜, անունով տղերքից է: Օլիգարխ… Նա քո հրամանին է սպասում, արքա, որ արժանանա տեսությանդ:

ԱՐՏԱՎԱԶԴ - Թող ներս գա: (Բազմում է բազկաթոռին:)

Քիսոն գնում, մի կողմ է քաշում վարագույրը, ձեռքի նազելի շարժումով ներս է հրավիրում Արշոյին:

ԱՐՇՈ - (մտնելով, կողքանց՝ Մարշոյին): Քեզ կոռեկտ կպահես, արա:

ՄԱՐՇՈ - (մտնելուն պես՝ առաջ ընկնելով, կեղծավորաբար՝ Արտավազդին): Բարև, շե‎ֆ ջա՜ն:

ԱՐՏԱՎԱԶԴ - (Արշոյին): Իսկ դու ինչո՞ւ չես ողջունում, ստրո՛ւկ:

ԱՐՇՈ - Թագավորն ապրած կենա… Ես… ես ստրուկ չեմ, հյուրանոցի տերն եմ:

ԱՐՏԱՎԱԶԴ - Հը՛մ: Այս պահից իմ սենեկապետը կլինես:

ԱՐՇՈ - (հարկադրված, շողոքորթությամբ): Ոնց քո աղա քե‎ֆը կտրի, մեռնեմ բոյիդ:

ԱՐՏԱՎԱԶԴ - (ակնարկելով Մարշոյին): Իսկ սա ո՞վ է:

ԱՐՇՈ - Մանկությանս ընկերն է, հյուրանոցի ադմինիստրատորը… Մենեջերի պես մի բան:

ՔԻՍՈ - Գործերի կարգադրիչն է:

ԱՐՏԱՎԱԶԴ - (ցասկոտ): Չլսե՛մ: Գործերը կարող է կարգադրել միայն թագավո՛րը:

ՄԱՐՇՈ - (հոգոցով): Գործից ազատեց… (Շրջվում է գնալու:)

ԱՐՇՈ - (փեշից բռնում է): Սպասի՛ր: (Մարշոն ոտքը կախ է գցում:)

Արտավազդը ոտքի է կանգնում, մտքերով տարված քայլում է սենյակում:

Ներկաները սևեռվում են նրան:

ԱՐՏԱՎԱԶԴ - (բարձրաձայն մտորում է): Ուրեմն ճի՞շտ էին չարքերը… Հիշո՜ւմ եմ, հիշում… Նրանք սաղավարտ ամրացրին իմ գլխին, և ես քնով ընկա: Կարծում էի, վատ երազ եմ տեսնում, մինչդեռ այդ սաղավարտը պատմում էր ամեն բան… Եղբորորդիս՝ Տիգրանը, որին պատանդ էի տվել պարթևաց Միհրդատին, վերադարձավ ու նստեց գահին… Տիգրան մե՜ծ… Հետո՞… (Հառաչում է:) Հետո՜… Խոսրով… Տրդատ… Գրիգոր Լուսավորիչ… Մաշտո՜ց… հռոմեացինե՜ր… պարսիկներ՜… արաբնե՜ր… թաթարնե՜ր… (Գլուխն առնում է ափերի մեջ:) Թուրքե՜ր… ռուսնե՜ր… Հայոց ցեղի ջա՜րդ… (Մղձավանջից դուրս գալու ճիգով ձեռքը գցում է թրին:) Ա՜հ…

ՄԱՐՇՈ - (վախեցած ծնկում է): Հորս արև, ես էդ գործում չկա՜մ…

ԱՐՏԱՎԱԶԴ - (սթափվում է): Օ՜ Արամազդ… (Թուրը մի կողմ է դնում, Քիսոյին.) Դու ո՞վ ես, կին:

ՄԱՐՇՈ - Մեր հավաքարարն է:

ԱՐՏԱՎԱԶԴ - Լ՛ռիր, ստրուկ, երբ քեզ չեն հարցնում: (Մեղմորեն՝ Քիսոյին.) Անունդ ի՞նչ է:

ՔԻՍՈ - Քիսո… Քրիստինե:

ԱՐՏԱՎԱԶԴ - Քիսո-Քրիստինե՜… հելե՞ն ես:

ՔԻՍՈ - Հայուհի եմ, տե՛ր:

ԱՐՏԱՎԱԶԴ - Ահա թե ինչ, Քիսո-Քրիստինե: Քեզ նշանակում եմ ինձ խորհրդատու և… ըմմ… (Երկդիմի ժպտում է:)

ՔԻՍՈ - (սեթևեթ): Ես հասկացա, արքա: Թող քո կամքը լինի:

ԱՐՏԱՎԱԶԴ - (բազմում է): Եթե ազնվական է ծագումդ, ապա առաջին տիկինը կլինես:

ՔԻՍՈ - Շնորհակալ եմ, արքա: Ծագումս ազնվական է: Ազգանունս Տեր-Իշխանյան է: ՄԱՐՇՈ - Թագավոր ջան… Ե՛ս… ես էլ եմ ազնվական: Պապերս իշխաններ են եղել:

ԱՐՏԱՎԱԶԴ - Տո՞հմդ, ազգանո՞ւնդ:

ՄԱՐՇՈ - Չոբանյան: (Արքան, չհասկանալով, կնճռոտվում է:) Հովիվյան:

ԱՐՏԱՎԱԶԴ - Հիշի՛ր, ստրուկ: Հովիվյան ազգանվամբ մարդու պապերը իշխան չէին կարող լինել: (Մեղմորեն՝ Քիսոյին:) Նստիր կողքիս, Քիսո-Քրիստինե:

Քիսոն, թագուհու նազանքով, բազմում է կողքի բազկաթոռին և Արշոյին ու Մարշոյին է մեկնում աջ ձեռքը: Վերջիններս, ապշած, գամված են տեղում:

ԱՐՏԱՎԱԶԴ - Հպատակվե՛ք դշխոյին, համբուրե՛ք ձեռքը:

ՄԱՐՇՈ - Ի՛, Քիսոյի՞… (Արշոն բշտում է նրան:) Ոնց կասեք: (Համբուրում է: Նրան հետևում է Արշոն:)

ԱՐՏԱՎԱԶԴ - (չորս կողմը զննելով): Տեսնում եմ լավ պալատ ունես, իշխան: Իսկ ո՞րն է քո և հպատակներիդ զբաղմունքը:

ԱՐՇՈ - Գործ անող տղերք ենք, թագավորն ապրած կենա:

ԱՐՏԱՎԱԶԴ - Կործանո՞ղ… Վատ չէ՜, վատ չէ՜… Կարո՞ղ ես պարթևաց բերդը կործանել:

ՄԱՐՇՈ - Մի՛ տալում: Պարգևն ո՞վ ա, որ մեր թափին դիմանա:

ԱՐՇՈ - Որ քո դաբրոն ըլնի, ցավդ տանեմ, «Ձորաբերդն» էլ կվերցնենք, «Բելաջիոն» էլ, «Աշտարակի ձորն» էլ…

ՄԱՐՇՈ - Դու մենակ կրիշ կանգնի:

ԱՐՏԱՎԱԶ - (չընկալելով՝ փորձում է պարզել): Իսկ խաղաղ կյանքում ինչո՞վ եք զբաղվում, իշխաններ:

ԱՐՇՈ - Թողնո՞ւմ են խաղաղ կյանքով ապրենք: Մեկ վերստուգիչն է գլխներիս կանգնում, մեկ՝ հարկայինը:

ԱՐՏԱՎԱԶԴ - (մռայլվում է): Եվ ո՞ւմ են հարկատու հայոց իշխանները:

ՄԱՐՇՈ - Պետությանը, էլ ո՞ւմ:

ԱՐՏԱՎԱԶԴ - (ազդված): Ո՞ր պետությանը:

ՄԱՐՇՈ - Մե՛ր, էլ ո՞ւմ:

ԱՐՏԱՎԱԶԴ - (խոժոռվում է): Լսե՛ք արքայական հրամանս, իշխաններ: Դուք պարտավո՛ր եք հայրենի պետությանը հարկ տալ:

ԱՐՇՈ - (հուսախաբ): Ոնց ասես:

ԱՐՏԱՎԱԶԴ - Եթե ըմբոստանաք՝ կգլխատե՛մ:

ԱՐՇՈ - Քո ասածը մեզ համար օրենք ա, թագավոր ջան: (Արտավազդը ինքնագոհ Քիսոյին է նայում:) Մենակ թե… մի հարց կա: Եթե էդ հարցը…

ԱՐՏԱՎԱԶԴ - Խոսի՛ր, ազատ խոսի՛ր:

ԱՐՇՈ - Մի քանի հատ սթից ցեխ ունենք… Մի երկու գիշերային ակումբ, բենզակալոնկա… Ուզում են ձեռքներիցս խլեն…

ԱՐՏԱՎԱԶԴ - Ովքե՞ր են այդ ավազակները:

ԱՐՇՈ - Նախարարները, թագավոր ջան:

ԱՐՏԱՎԱԶԴ - Նախարարնե՞րը… Օրինակա՞ն է նրանց պահանջը:

ՄԱՐՇՈ - Չէ՜, ի՞նչ օրենք, ցավդ տանեմ, ով տերավոր, նա զորավոր:

ԱՐՏԱՎԱԶԴ - Ուրեմն, հանգիստ եղեք: Տեր ու զորավորներ չեն մտնի ձեր տարածքը… (Կասկածոտ՝ Մարշոյին:) Բայց եթե դու հերյուրածո ես, իմացիր, վիրապն է քո բաժինը:

ՄԱՐՇՈ - (ապշած): Խոր Վիրա՞պը…

ԱՐՏԱՎԱԶԴ - Խո՜ր, շա՜տ խոր:

ՄԱՐՇՈ - (ծնկի է փլվում): Մեռնեմ կյանքիդ, թագավոր ջան, քո լավության տակից դուրս կգամ:

ԱՐՏԱՎԱԶԴ - (շոյված): Լա՜վ, լավ: Մինչև այլ գործերի անցնելը հարկավոր է ճաշել: (Ինքն իրեն, զարմացած:) 2000 տարի ոչինչ չեմ կերել: (Քիսոյին.) Ի՞նչ կցանկանա ճաշակել Քիսո-Քրիստինե թագուհին:

ՔԻՍՈ - (կոտրատվելով): Ձկնկիթ… շամպայն… չէ, կոնյակ՝ «Դվին»: Չէ, ավելի լավ է՝ «Վասպուրական»:

ԱՐՏԱՎԱԶԴ - Օ՜, Քիսո-Քրիստինե, Դվինն այսօր իսկ կարող եմ նվիրել, բայց… (Խոժոռվում է:) Վասպուրականում խռովություն է: Սակայն, արքայական խոսք եմ տալիս, վաղն իսկ քեզ կնվիրեմ ապստամբ իշխան Վասպուրի գլուխը, նրա մատներից մանյակ կկախեմ քո վզին, իսկ աղիքներից գոտի կկապեմ մեջքիդ:

ՄԱՐՇՈ - (շողոքորթ): Գարյաչի՞ ինչ կուզես, շե‎ֆ ջա՜ն:

ԱՐՏԱՎԱԶԴ - Ի՞նչ է բարբաջում այս ադմինիստրատոր-մենեջերի պես մի բանը, չեմ հասկանում: Մարդավարի՛ խոսիր: (Քիսոն արքայի ականջին շշնջում է:) Հասկացա… հասկացա: Բերեք եղնիկի լյարդ, արծվի սիրտ, առյուծի կաթ:

ՄԱՐՇՈ - Առյուծի կա՞թ… (Նեղն ընկած:) Թագավոր ջան, «Աշտարակ կաթ» չի՞ լինի:

ԱՐՏԱՎԱԶԴ - (ահեղաձայն): Առյուծի կաթ, ստրո՛ւկ:

ՄԱՐՇՈ - (ճարահատ): Եղավ, ախպեր: (Փրկության աղերսով Արշոյին է նայում:)

ԱՐՇՈ - Թռի գազանանոց…

ՄԱՐՇՈ - Ի՛…

ԱՐՇՈ - (անառարկելի): Թռի՛ գազանանոց:

ՄԱՐՇՈ - Եղավ, շե‎ֆ ջան: (Արագ դուրս է գնում:)

ԱՐՏԱՎԱԶԴ - (Արշոյին): Ազատ ես, իշխան: Կատարի՛ր հրամանս: (Շրջվում, կրքոտ նետվում է Քիսոյի վրա:)

ՔԻՍՈ - Նի տառապիս, ջանա՜…

Մթություն: Թույլ լուսավորվում է նախասրահը:

ԱՐՇՈ - (հարկաբաժնից նախասրահ մտնելով): Մարշո՛: (Չորս կողմն է նայում:) Մարշո, ի՞նչ եղար:

Զրահահանդերձանքը մի քայլ առաջանում է:

ՄԱՐՇՈ - (զրահի մեջից): Էստեղ եմ, շե‎ֆ ջան:

ԱՐՇՈ - (բացում է սաղավարտի դեմքը): Էս ինչի՞ ես ինվենտարի մեջ մտել:

ՄԱՐՇՈ - Բա չասի՞ր՝ գազանանոց գնա… Առյուծի վանդակ ո՞նց մտնեմ:

ԱՐՇՈ - Արա, ա՛յ չուչել, ասի՝ գնա, հո չասի` գնա… Թագավոր մարդ է, ինչ հրամայի՝ չեստ պիտի տանք:

ՄԱՐՇՈ - Հանվե՞մ:

ԱՐՇՈ - Հանվի՛:

ՄԱՐՇՈ - Բա որ առյուծը վրա տա՞…

Արշոն Ռոդենի «Մտածողի» դիրքով նստում, լռում է:

ՄԱՐՇՈ - (զրահից դուրս գալով, աղիողորմ): Հալա երեխին բանակից չեմ ազատել… (Արշոն լուռ է:) Դաչաս էլ կիսատ… (Արշոն լուռ է:) Գոնե բուժվեի. կհերձեն, կիմանան՝ հետմահու խայտառակ կլինեմ…

ԱՐՇՈ - (ծանրախոհ ուղղվում է): Մարշո ջան, հանվի ու թռի էն առյուծների մոտ՝ ում անունը կտամ:

ՄԱՐՇՈ - Շեստոյ բաժի՞ն:

ԱՐՇՈ - Չէ-է՛:

ՄԱՐՇՈ - Դատախազությո՞ւն:

ԱՐՇՈ - Չէ-է՛:

ՄԱՐՇՈ - Ազգային ժողո՞վ:

ԱՐՇՈ - Ասի՝ չէ:

ՄԱՐՇՈ - Օպոզիցիա՞:

ԱՐՇՈ - Չէ… էսօրվանից օպոզիցիան մենք ենք:

ՄԱՐՇՈ - Ի՛:

ԱՐՇՈ - Բա՞: Գնացի՛նք:

Դուրս են գնում: Մթություն: Լուսավորվող հարկաբաժնի սեղանին կերակրի, խմիչքների մնացորդներ են: Այս ու այնտեղ՝ Քիսոյի շպրտված հագուստները: Բազկաթոռին փռված, օձիքբաց Արտավազդը խռմփացնում է: Կաշվե թղթապանակը թևատակին, արագաքայլ, գործնական մտնում է կարճահասակ Սեթոն:

ՍԵԹՈ - (բռունցքված ձեռքը վեր տնկելով): Հանուն «Առա՛ջ Հայաստան» կուսակցության, ողջո՛ւյն: (Նայում է քնած Արտավազդին, կտրուկ դուրս է գնում, անմիջապես էլ վերադառնում է:) Հանուն «Առա՛ջ Հայաստան» կուսակցության, ողջո՛ւյն: (Արտավազդը ճանճ վանելու պես ծռմռում է դեմքը: Սեթոն կեղծ հազում է: Ապարդյուն: Դուրս է գալիս ու հնդկացու գոռում-գոչյունով խուժում է ներս, թռչկոտելով պտտվում է Արտավազդի շուրջը: Արքան արթնանում, զարմացած հետևում է նրան: Սեթոն կանգ է առնում և խրոխտ բարձրացնում է ձեռքը:) Հանուն «Առա՛ջ Հայաստան» կուսակցության, ողջո՛ւյն:

Նույն պահին, թղթապանակով, ներս է խուժում երկարահասակ Մեթոն:

ՄԵԹՈ - (ձեռքը վեր տնկելով): Հանուն «Օն անդր առա՛ջ, Հայաստան» կուսակցության, ողջույն հայոց թագավորին:

ՍԵԹՈ - (քինոտ հայացք գցելով Մեթոյի վրա, բացում է թղթապանակն ու վերամբարձ ընթերցում է): Ամենայն հայոց թագավոր պարոն Արտավազդ Ա-ին: Մեծարգո թագավոր, իմանալով Ձեր ժամանման լուրը, «Առա՛ջ, Հայաստան» կուսակցության քաղխորհուրդը միաձայն և միակամ որոշեց Ձեզ ընդունել մեր կուսակցության շարքերը և միաձայն ու միակամ ընտրեց քաղխորհրդի քաղբյուրոյի քաղվարչության քաղնախագահության անդամ: Խնդրում ենք տալ Ձեր համաձայնությունը: (Հաղթական նայում է Մեթոյին:)

ՄԵԹՈ - (բացում է թղթապանակը): Բազմադարյա՜ն հինավուրց Հայաստանի արքա, վսեմափայլ Արտավազդ առաջին թագավորին: Մեծարգո Արտավազդ Արտաշեսովիչ, Ձեր վերադարձով հպարտ է Հայաստանյան և ի սփյուռս աշխարհի հայ ժողովուրդը և հատկապես նրա մարտական ավանգարդը, մենք՝ «Օն անդր առա՛ջ, Հայաստան» կուսակցության բազմահազար անդամներս: Պատիվ ունենք Ձեզ զեկուցելու, որ Դուք միաձայն, միակամ… (Հաղթական նայում է Սեթոյին:) …համակա՛մ, կամակի՛ց, համամիտ, համաձայն, միախոհ, միախոսք, միախորհուրդ, միաշունչն, միահամուռ, միաձույլ և զուգաշուրթն ընտրված եք մեր հարազատ կուսակցության քաղբյուրոյի գերագույն ատենապետության կազմում՝ զբաղեցնելով գլխավոր դիվանապետական եռյակի չորրորդ աթոռը: Խնդրում ենք Ձեր համաձայնությունը:

Շփելով ճակատը, Արտավազդը ջանում է ըմբռնել արտասանված բառերի հեղեղը:

ՍԵԹՈ - (Մեթոյին՝ ատամների արանքից): Թալանչի՛:

ՄԵԹՈ - Գո՛ղ:

ՍԵԹՈ - Խլե՛զ:

ՄԵԹՈ - Մորե՛խ:

ԱՐՏԱՎԱԶԴ - (կեղծ հազում է: Այցելուները զգաստանում են): Ասացեք ինձ, իշխաններ, ի՞նչ տարբերություն կա «Առա՛ջ, Հայաստան» և… ըմմ… «Օն անդր առաջ, Հայաստան» կուսակցությունների միջև:

ՍԵԹՈ և ՄԵԹՈ - (միաձայն): Մե՜ծ, շա՜տ մեծ տարբերություն: Մեր կուսակցության գաղափարախոսությունը առավել ճշգրիտ, առավել ռազմավարական, կառուցողական, ներկայիս իրադրության խոր, իմաստալից գնահատմամբ, աշխարհաքաղաքական մարտահրավերների գլոբալ վերլուծությամբ և հիմնային արժևորումներով, մարտավարական հստակ ծրագրով և իրատեսորեն, հանրապետության սոցիալ-տնտեսական և բարոյաքաղաքական մթնոլորտի բարելավմամբ, ժողովրդի կուլտուր-մշակութային արժեքների պահպանմամբ, ազգի լինելիության ու բարգավաճման կառուցողական նախատեսումներով պայքարում է հայոց աշխարհում ստեղծելու…

ՍԵԹՈ - … պայծա՛ռ…

ՄԵԹՈ - … լուսավո՛ր…

ՍԵԹՈ և ՄԵԹՈ - (միաձայն): Ապագա՛:

ՍԵԹՈ - (Մեթոյին՝ սպառնալից պարտադրանքով): Պայծա՛ռ ապագա:

ՄԵԹՈ - (անզիջում): Լուսավո՛ր ապագա:

ՍԵԹՈ - (ահ տալով): Ասացի՝ պայծա՛ռ:

ՄԵԹՈ - (խրոխտ): Լուսավո՛ր:

ՍԵԹՈ - Պայծա՛ռ:

ՄԵԹՈ - Լուսավո՛ր:

ՍԵԹՈ - Գոնե մի՛ քիչ, մի ծնկլան հայի պատիվ ունեցի, էլի… Բա Արտավազդ թագավորը էն մարդն է, որ գա ու ձեր քոսոտ կուսակցությունը մտնի՞:

ՄԵԹՈ - Ո՞վ է պատվից խոսում… Արտավազդ Արտաշեսիչ, ո՞վ է պատվից խոսում… Բա թագավոր, աղա մարդը կգա, ձեր կեղտոտ շարքերին կխառնվի՞:

ՍԵԹՈ - (աքացի տալով): Թագավորն ապուշի մեկը չի, որ գա ձեզ միանա:

ՄԵԹՈ - (թղթապանակով բամփում է նրա գլխին): Բա չէ՜, իշի մեկն է, որ գա ձեր նախիրը մտնի:

ՍԵԹՈ - (ապտակում է Մեթոյին): Պայծառ ապագան՝ արքայավայե՜լ ապագա է:

ՄԵԹՈ - (թղթապանակն ավելի ուժգին է իջեցնում նրա գլխին): Լուսավոր ապագան թագավորակա՜ն երազանք է:

ՍԵԹՈ - Անբարոյակա՛ն:

ՄԵԹՈ - Կապո՛ւյտ:

ՍԵԹՈ - Ուխտադրո՛ւժ:

ՄԵԹՈ - Ազգուրա՛ց:

ՍԵԹՈ - Պժգա՛նք:

ՄԵԹՈ - (ապշած): Էդ ի՞նչ նոր բառ էր…

ՍԵԹՈ - Իմաստա՛կ:

ՄԵԹՈ - Էդ գրաբար ես ուշունց տալի՞ս… Անգոսնելի՛:

ՍԵԹՈ - Պոդլեց:

ՄԵԹՈ - Օտար լեզվի անցա՞ր: Մերզավե՛ց:

ՍԵԹՈ - Վիլլա՛ն:

ՄԵԹՈ - Ֆուլի՛շ:

ՍԵԹՈ - Սալո՛:

ՄԵԹՈ - Մե՛ղդ:

ՍԵԹՈ - Աշլո՛խ:

ՄԵԹՈ - Շվա՛յն:

Թափով խոյահարվում են, տապալվում գետնին, գզվռտվում:

ՍԵԹՈ - Պայծա՛ռ, պայծա՛ռ, պայծա՛ռ…

ՄԵԹՈ - Լուսավո՛ր, լուսավո՛ր, լուսավո՛ր…

ԱՐՏԱՎԱԶԴ - (ահեղաձայն): Վե՛րջ տվեք, վարնոցներ: (Կռվողները շորերը թափ տալով ոտքի են կանգնում:) Լսեք, թե ինչ կասեմ ձեզ: (Մտորում է, ապա՝ ծանրախոս և ազդու:) Կար ժամանակ, երբ Հայոց երկրի սահմանները ողողում էին երեք ծով…

ՍԵԹՈ - (հոգոցով): Ուշացանք… դաշնակցական է գրվել:

ԱՐՏԱՎԱԶԴ - …զորքը մշտապես կազմ ու պատրաստ էր դիմագրավելու թշնամուն…

ՄԵԹՈ - (ապշած): Երկրապահ է:

ԱՐՏԱՎԱԶԴ - …ռամիկները շենացնում էին երկիրը…

ՍԵԹՈ - (վշտահար): Ռամկավար է դարձել:

ԱՐՏԱՎԱԶԴ - …հայրենիքը բագավաճում էր…

ՄԵԹՈ - «Բարգավաճ Հայաստանի» բաժին դարձավ:

ԱՐՏԱՎԱԶԴ - …ոչինչ չէր խնայվում հայրենիքի հզորության համար…

ՍԵԹՈ - (տրտում): «Հզոր հայրենիքին» միացավ:

ԱՐՏԱՎԱԶԴ - …օրինաց երկրով…

ՄԵԹՈ - (ողբաձայն): Տարա՜վ… «Օրինաց երկիրը» տարավ:

ԱՐՏԱՎԱԶԴ - …ապագային արժանապատիվ նայելով…

ՍԵԹՈ - «Արժանապատիվ ապագային» անդամագրվե՞ց:

ԱՐՏԱՎԱԶԴ - …ցեղակրոն դավանանքով…

ՄԵԹՈ - ԱԻՄ-ական է:

ԱՐՏԱՎԱԶԴ - …արդարության դաշինքով…

ՍԵԹՈ - Ընդդիմադիր է:

ԱՐՏԱՎԱԶԴ - …պահպանում և շենացնում էինք հայրենիքը՝ պայծա՛ռ հավատով…

ՍԵԹՈ - (հրճվագին): Բերանդ՝ տաճար:

ԱՐՏԱՎԱԶԴ - …լուսավո՛ր երազներով:

ՄԵԹՈ - (ցնծալի): Օղորմի հորդ:

ԱՐՏԱՎԱԶԴ - Իսկ դո՞ւք… Ի՞նչ է ձեր ուզածը: (Սեթոյին.) Քո ուզածն ի՞նչ է, իշխան, կարո՞ղ ես մարդավարի բացատրել:

ՍԵԹՈ - Տեր արքա, խնդրանքս չնչին բան է՝ անդամագրվիր մեր կուսակցությանը: Եթե անդամագրվես՝ ինձ հազար դրամ կտան, իսկ ընտրությունների ժամանակ դու հինգ հազար կստանաս:

ՄԵԹՈ - Ո՜չ: Ո՛չ մի դեպքում… Արտավազդ Արտաշեսովիչ, իմաստո՜ւն մարդ, անդամագրվիր մե՛ր կուսակցությանը: Խղճա ինձ, բազմանդամ ընտանիք ունեմ: Եթե համաձայնվես, ինձ կվարձատրեն 1500 դրամով, իսկ ընտրությունների ժամանակ դու կունենաս վեց հազար դրամ:

ՍԵԹՈ - Մի լսիր նրան, արքա, ձայնդ վերցնում, խաբում, փողդ չեն տալիս: (Պարզում է թղթապանակն ու գրիչը): Ստորագրի՛ր… Ստորագրի՛ր ահա այստեղ…

ՄԵԹՈ - (Սեթոյին մի կողմ հրելով): Ռադդ քաշի՜ր… Մի կիլո լոբի եք տալիս ու ձայներն առնում… (Մեկնում է թղթապանակն ու գրիչը:) Ստորագրիր այստե՛ղ, արքա…

ՍԵԹՈ - (գրոհում է): Բստվիր էստեղից… (Գրիչը խցկում է Արտավազդի մատների մեջ:) Ստորագրիր… ստորագրի՛ր այստեղ…

ՄԵԹՈ - Վայ, ես քո… (Ճանկում է Արտավազդի մյուս ձեռքը, գրիչը խցկում մատների մեջ:) Այստե՛ղ… այստե՛ղ… այստե՛ղ ստորագրիր…

Արտավազդի ձեռքերից կառչած` քաշքշում են նրան:

ԱՐՏԱՎԱԶԴ - (ճգնում է ազատվել): Թողե՜ք… բաց թողեք ինձ… Ես կուսակցական դառնալ չեմ ուզում… Բաց թողեք…

Լոգարանից դուրս եկած Քիսոն քար կտրած նայում է նրանց, ապա ճանկելով լուսամփոփը՝ վրա է քշում:

ՔԻՍՈ - Դո՜ւրս, կորեք պալատից, կռիս շանորդիներ, դո՜ւրս… (Լուսամփոփը շպրտում է նրանց վրա:)

Ճայթյուն: Մթություն: Դադար: Թույլ լուսավորվում է նախասրահը: Թիկնապահի զգոնությամբ մտնում է Մարշոն, քննախույզ չորս կողմն է նայում և զրահահանդերձանքը մարդու տեղ դնելով` հանում է ատրճանակը:

ՄԱՐՇՈ - Չշարժվե՛ս: Ձեռքերդ վե՛ր: (ճարպիկ ոստյունով հայտնվում է զրահի դիմաց ու կարատեի հնարքով՝ ափակողով հարվածում է զրահին:) Ի՜-յա՛հ… (Ցավից կծկվելով:) Վա՛խ քո տիրու… Չուգո՞ւն էր շանորդին: (Մոտենում, զննում է:) Հա, էլի՞, մեր չուգունն է… (Սպառնում է:) Ես Մարշոն չըլնեմ, թե քեզ չհալեմ: (Դրսից Արշոյի ձայնը. «Մարշո, ի՞նչ եղար, ներս մտնե՞մ»:) Հա՛, շե‎ֆ, մտի:

Դիպլոմատ պայուսակը ձեռքին մտնում է Արշոն, շուրջն է նայում:

ԱՐՇՈ - Էդ ո՞ւմ հետ էիր խոսում:

ՄԱՐՇՈ - (ցաված ձեռքը շփելով): Էս չուգունի:

ԱՐՇՈ - (բորբոքվում է): Չուգունը մեզնից առաջ ընկա՞վ, արա… Դու էլ թողի՞ր…

ՄԱՐՇՈ - Մեր Չուգունը չէ, շե‎ֆ, թագավորի չուգունը:

ԱՐՇՈ - Արդեն իրանով արա՞վ թագավորին:

ՄԱՐՇՈ - Տո՝ չէ, է՜… Էս արձանը… Կարծեցի մարդ է, վզակոթին տվի, ձեռքս իրարահան եղավ:

ԱՐՇՈ - Կազյո՛լ: (Վարագույրը մի կողմ քաշելով՝ գլուխը ներս է խցկում: Շողոքորթ): Մեծ ախպեր, կարելի է՞… Ոնց որ մարդ չկա: (Մտնում են ներս: Չորս կողմն է նայում: Մարշոյին.) Գնա տուալետ:

ՄԱՐՇՈ - Պահանջ չունեմ:

ԱՐՇՈ - Արա, պամիշչենին նայի, տես՝ որտե՞ղ է:

ՄԱՐՇՈ - Հա՜… (Ատրճանակը պարզած շտապում է կատարել հրամանը:)

ԱՐՇՈ - Զենքը պահի, թաց գործի չենք եկել:

ՄԱՐՇՈ - Հա՜… (Գնում է:)

ԱՐՇՈ - (բազմում է բազկաթոռին, նկատելով թագը՝ վերցնում, դնում է գլխին, արքայավայել տեսք է ընդունում:) Գյադե՛ք, է՛ս կողմ անցեք… Չէ, գյադեք, հիմի էլ՝ է՛ս կողմ անցեք…

Վերադարձած Մարշոն մտնում է խաղի մեջ:

ՄԱՐՇՈ - Հրամանդ ի կատար, Արշո թագավոր:

ԱՐՇՈ - Չուգուն Ժորային գլխատել: Ճիպիլ Գուգոյից բենզակալոնկեն խլել: Չորնի Աբոյին գյուլլել…

ՄԱՐՇՈ - (խոնարհումով): Հենց էսօր գյուլլեմ:

ԱՐՇՈ - Մարշոյին ծակը կոխել:

ՄԱՐՇՈ - Ի՛: Ի՞նձ…

ԱՐՇՈ - Բա չէ, ինձ: Ի՞նչ ես ծամածռվում, խոսի՛:

ՄԱՐՇՈ - Բաղնիքում է: «Ջակուզիում» պառկած, Քիսոյի հետ կայ‎ֆ է բռնում:

ԱՐՇՈ - Մալադեց, կառո՞լ, կարգին տղա է երևում: Դիպլոմատս դեսը տուր:

ՄԱՐՇՈ - (պայուսակը մեկնելով): Բայց էդ թագը տոչնի գլխովդ է, շե‎ֆ: Շատ է սազում:

ԱՐՇՈ - (պայուսակը բացելով): Է՜, Մարշո ջան, թագը իշի գլխին էլ դնես՝ կսազա: Բայց դրան հասնել է պետք:

ՄԱՐՇՈ - Իշի՞ն:

ԱՐՇՈ - Չէ, այ էշ, թագին: Մոտ արի: (Պայուսակից ոսկե շղթաներ է հանում:) Էս ոսկեղենը տար, կախ տուր նաչնիկից:

ՄԱՐՇՈ - Շե‎ֆ, խանո՞ւթ ենք բացում:

ԱՐՇՈ - Ի՞նչ խանութ, այ տղա, թագավորի համար է: Կգա մեր թագավոր ախպերը, կտեսնի, կվերցնի, կընկնի մեր բուռը:

ՄԱՐՇՈ - (զարդեղենը լուսամփոփից կախ տալով): Բա որ չնկատի:

ԱՐՇՈ - Է, Մարշո ջան, թագավորները ոսկին ու բռլիանտը նյուխով էլ են գտնում: Հոտառությունը սրվում է, տեսողությունն ու լսողությունը՝ կորչում:

ՄԱՐՇՈ - Լո՞ւրջ:

ԱՐՇՈ - Լուրջ: Թե որ թագը գլխիդ եղավ, Մարշո ջան, ոսկին՝ ձեռքիդ, հիշիր՝ տեսողությունդ էլ է կորչում, լսողությունդ էլ: Ոչ ժողովուրդն է աչքիդ երևում, ոչ էլ նրանց ձայնն ես լսում: Հասկացա՞ր:

ՄԱՐՇՈ - Ա՛, լա՜վ, է… Հալա մի րոպե… (Թագը դնում է գլխին, վերցնում է ոսկե շղթաներից մեկը վերցնում է: Չորս կողմն է նայում:) Բայց… բայց երևում է: Տեսնում եմ… Հալա խոսա՝ լսողությունս ստուգեմ:

ԱՐՇՈ - Ախմա՛խ:

ՄԱՐՇՈ - Լսեցի, շե‎ֆ:

ԱՐՇՈ - Դիր, ցեպը տեղը դիր, թագը ետ տուր: Տեսնում-լսում ես, որովհետև ոչ թագն է քոնը, ոչ՝ ոսկին:

ՄԱՐՇՈ - (թագը հարմարեցնում է Արշոյի գլխին): Ա՛յ, խե՜լքը:

ԱՐՇՈ - (պայուսակից փուչիկներ, փայլաթիթեղից գույնզգույն շղթայիկներ է հանում): Էս զարդերը հարմարեցրու, փուչիկները փչի, կախ տուր: Թագավորի պատվին:

ՄԱՐՇՈ - (գործի անցնելով): Բա դու ո՞ր դպրոցն ավարտեցիր, շե‎ֆ:

ԱՐՇՈ - (սկուտեղից խաղողի ողկույզ է վերցնում): Թողի՞ն, որ ավարտեմ: Ութերորդ դասարանից հեռացրին՝ որպես «դժվար դաստիարակվող երեխայի»: Ուղարկեցին հատուկ դպրոց:

ՄԱՐՇՈ - Ո~նց է երևում, որ հատուկ դասեր ես անցել: Մեկ-մեկ խելոք բաներ ես ասում, շշմում եմ:

ԱՐՇՈ - Դու, Մարշո ջան, շատ բան չգիտես: Գիրք պիտի կարդաս, օրենքները սովորես…

ՄԱՐՇՈ - Էդքանը սովորել կըլնի՞, շե‎ֆ:

ԱՐՇՈ - (թագը զննելով): Ըն‎դամենը երկու գողական օրենք: Առաջինը. ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր;

ՄԱՐՇՈ - Պա՛հ: Բա երկրորդը՞:

ԱՐՇՈ - Երկրորդն էլ՝ իջիր ջրի հատակը, մինչև անցնի վտանգը:

ՄԱՐՇՈ - Ա՛յ, խե՜լքը… Շե‎ֆ, թագավորը որ ուզենա, պրեզիդենտին, վարչապետին կփոխի, չէ՞:

ԱՐՇՈ - Մտքին եղավ՝ կանի: Իրա մոտիկներին կնշանակի:

ՄԱՐՇՈ - Շեֆ, որ թագավորը դաբրո տա, հաստատ թաղապետ կդառնաս, չէ՞:

ԱՐՇՈ - (երազկոտ): Բա ո՞նց: Թաղապե՜տ, հետո՝ պատգամավո՜ր… Նախարա՜ր: Ումի՞ց եմ պակաս: Քուչի տղերքն էդ ճամփով չգնացի՞ն:

ՄԱՐՇՈ - (փուչիկը փչելով): Շե‎ֆ, որ դեպուտատ դառնաս, թաղապետի պաշտոնն ինձ կտաս, չէ՞:

ԱՐՇՈ - Հա, բա ո՞նց:

ՄԱՐՇՈ - Հետո. դու` նախարար, ես` դեպուտատ:

ԱՐՇՈ - Հա, բա ո՞նց:

ՄԱՐՇՈ - Դու՝ վարչապետ, ես՝ նախարար:

ԱՐՇՈ - Հա, բա ո՞նց:

ՄԱՐՇՈ - Դու՝ պրեզիդենտ, ես՝ վարչապետ:

ԱՐՇՈ - Հաստա՛տ:

ՄԱՐՇՈ - (սրտի խորքից): Ցավդ տանե՜մ… (Թափով փչում, պայթեցնում է փուչիկը:)

Կիսով չափ ներս է խցկվում Մոմիկ երաժիշտը:

ՄՈՄԻԿ - Կարելի՞ է, տեր արքա:

ՄԱՐՇՈ - Ի՛, էդ ո՞վ է: (Ջութակի կափարիչը գրկած Մոմիկը վարանոտ առաջանում է:) Ասա՛:

ՄՈՄԻԿ - (խոնարհվում է): Բարև ձեզ:

ՄԱՐՇՈ - Էտի՝ հեչ: Ասա՝ ի՞նչ ունես, ինչի՞ ես եկել:

ՄՈՄԻԿ - Ես… ես կարող եմ… (Կափարիչը բացելու շարժում է անում:)

ՄԱՐՇՈ - (ատրճանակը հանելով): Ստո՛պ: Նախ ասա՝ ի՞նչ ունես, աբրազեցը հետո ցույց կտաս:

ՄՈՄԻԿ - «Տրուբադուր»:

ՄԱՐՇՈ - (Արշոյին): Մեզ տրուբա պետք ա՞:

ԱՐՇՈ - (գլուխը բացասաբար շարժում է): Ծը՛:

ՄԱՐՇՈ - Ուրի՞շ:

ՄՈՄԻԿ - Շուբերտ:

ՄԱՐՇՈ - (Արշոյին): Մեզ մեխավոյ պետք ա՞:

ԱՐՇՈ - (խաղող ուտելով): Ծը՛:

ՄՈՄԻԿ - Լիստ:

ՄԱՐՇՈ - Ինչքա՞ն, քանիսո՞վ:

ԱՐՇՈ - (ձեռքով սաստում է, բջջային հեռախոսով համար է հավաքում): Ելցին, դու ե՞ս… Հընգեր, քեզ տրուբա, լիստավոյ պետք չի՞… Չի էթո՞ւմ… (Հեռախոսը գրպանը դնելով՝ Մոմիկին): Պետք չի:

ՄՈՄԻԿ - (տխուր հոգոցով): Ափսոս… Վերջին հույսս դուք էիք: Ինձ ընդամենը հաց էր պետք:

ՄԱՐՇՈ - է, ախպեր, մենք տավարաբմեն չենք անում: Թագավորն էլ զբաղված ա: Հաջող: (Մոմիկը դուրս է գնում: Մարշոն սկսում է հռհռալ): Տեսա՞ր… Որ ասում եմ` թագավորի վիդ ունե՞ս…

ԱՐՇՈ - (մտախոհ): Էսի ապրանք ծախող չէր երևում… Վայթե ռազվետկի էր եկել:

ՄԱՐՇՈ - (լրջանում է): Կգյուլլեմ, ես դրա մերը: (Մղվում է Մոմիկի ետևից և ընդհարվում ներս մտնող Վարսիկին: Շշմած:) Ի՛… Է՞ս ով ա… (Վարսիկը սևեռված Արշոյին է նայում:) Տո, խոսա, մորքուր ջան…

ՎԱՐՍԻԿ - Արշա՜կ…

ՄԱՐՇՈ - Բախտ նայո՞ղ ա…

ՎԱՐՍԻԿ - Արշակ, ինձ չե՞ս հիշում…

ԱՐՇՈ - Արա, վա՞յ, էսի իմ դասատուն ա՜… Ընկեր Վարդանյանը:

ՎԱՐՍԻԿ - Ընկեր Վիրաբյանն եմ:

ԱՐՇՈ - Հա, էլի՞, ընկեր Սիրուշը…

ՎԱՐՍԻԿ - (ներողամտորեն): Վարսիկ Վիրաբյանը:

ԱՐՇՈ - Տո, ճիշտ ա, է՞: Էս ինչքան ես փոխվե՜, նիհարե՜, ոնց որ ընկեր Սիրուշն ըլնես: Տո, առաջ արի, կյանքիդ մեռնեմ, նստի: (Մարշոյին.) Գիտե՞ս, ինչ դասատույա՜… Ցե՛նտր:

ՎԱՐՍԻԿ - (վարանոտ առաջանում, նստում է բազմոցի եզրին): Ինձ ասացին, որ թագավոր է եկել…

ԱՐՇՈ - Տո, սրանք նոր են թագավոր դառնում, ես էն գլխից թագավոր եմ, ընկեր Վարսիկ ջան… (Թագն ուղղելով:) Թագավորի էլածն ի՞նչ ա, որ չըլնեի…

ՎԱՐՍԻԿ - Ողջ քաղաքում թնդում է… Ժողովուրդը հույսեր է կապում:

ՄԱՐՇՈ - Ա՛, լա՜վ, է…

ԱՐՇՈ - (Մարշոյին): Արա, իշի պես մի տնկվի, սեղանից բան-ման տուր… Ա՛ռ, առ էս խնձորը տուր իրան… Ընկեր Վարսիկ ջա՞ն, ոնց ես, ոնց չե՜ս… (Մարշոյին.) Ապե, ընենց դասատույա… շան տղա ըլնեմ, ինչ մոզգ ունի, չես հավատա… Էն որ միշտ ասում եմ… Էն, էլի… Էտի ես իրանից եմ սովորե:

ՎԱՐՍԻԿ - Ո՞ր մեկը, Արշակ:

ԱՐՇՈ - Էն, էլի… Էն, որ Նապալյոնը ամենահին կանյակն ա … 1812 թվից վիպուսկատ են անում ու սկզբից մենակ Կուտուզովն ա խմե էդ կանյակից… Մեկ էլ գիտե՞ս, որը չեմ մոռանում, «Կամպոտ Մանուշակը»: (Մարշոյին.) Ապե, մի սիրած աղջիկ ունեի, անունը Մանուշակ էր, նրա խաթրին էտի սովորեցի: (Երազկոտ:) Կամպոտ Մանուշա՜կ, ընչի՞ ես տխո՜ւր, էտ քու աչքերը ընչի՞ են տխո՜ւր… Ապե, դասատուներին պըտի լավ նայես: Դասատուները մեր ապագան են: Աչքս բացել եմ, ապե, էս շորն ա հագե: 25 տարի էս մի շորով…

ՎԱՐՍԻԿ - (համարձակություն ստանալով): Արշակ, սիրելիս, քո մոտ խնդրանքով եմ եկել:

ԱՐՇՈ - Խնդրի, ցավդ տանեմ: Ո՞ր օրվա թագավորն եմ, որ չխնդրես: Ասա՛:

ՎԱՐՍԻԿ - Արշակ, երևի հիշում ես, ապրում եմ Ձախափնյակում: Տեղս նեղ է, եկել եմ խնդրեմ, որ…

ԱՐՇՈ - Հըլը՝ հոպ: (Մարշոյին.) Ձախափնյակը ո՞րն ա;

ՄԱՐՇՈ - Չեչնիան:

ԱՐՇՈ - Մասխադովին միացրու: (Մարշոն բջջայինով համար է հավաքում, պարզում է հեռախոսը:) Մասխա՞դ: Արշոն ա, ապ: Ի՞նչ կա-չկա… Ապ, իմ դասատուն ձեր յաներն ա ապրում: Ընկեր Վարսիկը: Լսի, իրան նեղացնող կա: Հըլը տես, էդ ի՞նչ հաշիվ ա, մազին կպչող չըլի: Էլա՞վ, հընգեր: Հա, մի բան էլ. ընկեր Վարսիկի պատվին, ապե, թաղի երեխեքին ասա «Կամպոտ Մանուշակը» անգիր սովորեն, բութ չմնան: Էլա՞վ, ապե: Հաջող… (Նկատում է, որ Վարսիկը ոտքի է կանգնում:) Էդ էթում ե՞ս:

ՎԱՐՍԻԿ - Կներես Արշակ, շտապում եմ: Ես գնամ: (Խնձորը բազմոցին դնելով:) Ցտեսություն:

ԱՐՇՈ - Վայ, կյանքիդ մեռնեմ… Գոնե խնձորը ուտեիր…

Վարսիկը թուլանում, փլվում է բազմոցին:

ՄԱՐՇՈ - Ի, էս դասատուները սաղ ընկնավոր ե՞ն… Էն օրն էլ մի գիտության թեկնածու մայթին ընկավ…

ԱՐՇՈ - (թագը կողմ է դնում, շտապում է օգնել): Արա, դե շատ կարդալ պետք չի, էլի՜, ապե, պետք չի…

ՎԱՐՍԻԿ - Գլուխս պտտվեց: Կներեք… Ես գնամ…

ԱՐՇՈ - Կյանքիդ մեռնեմ, գնա: Գնա, տուն հասի… Արի, արի օգնենք: (Մարշոյի հետ Վարսիկի թևերն ընկած դուրս են տանում:)

Նախասրահում սպասող բազմությունն աղմուկ-աղաղակով է դիմավորում նրանց:

- Փա՜ռք, թագավորին…

- Կեցցե մեր փրկիչը՜…

- Ուռռա՜…

- Մենք փրկվա՜ծ ենք…

Արշոյին վերցնում են ուսերի վրա:

- Թա՛-գա՛-վո՛ր… Թա՛-գա՛-վո՛ր… (Ուղղվում են դեպի ելքը:)

ԱՐՇՈ - (Մարշոյին): Թա՜գը… Թագը հասցրո՜ւ… (Նրան դուրս են տանում:)

ՄԱՐՇՈ - Ի’… (Ընկալելով:) Թագը՜… (Մղվում է հարկաբաժին, բայց նկատելով լոգարանից դուրս եկող Արամազդին ու Քիսոյին՝ ընկրկում, անելիքը չիմանալով աջ-ձախ է ընկնում, զրահահանդերձանքից պոկում է սաղավարտն ու գրկած դուրս է վազում:)


ԵՐԿՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

Հնչում են ոստիկանական մեքենաների շչակները, նախազգուշացումներ՝ «Մի կողմ քաշվեք… Աջ քաշի կանգնի…» Մեքենաների արգելակման ճռինչ. բացվող-փակվող դռների շրխկոց: Հանդիսավոր քայլերգ: Բացվում է վարագույրը: Հարկաբաժնում Արտավազդը և Քիսոն բազմած են գահերին: Սև ակնոցներով հաղթանդամ թիկնապահները ներս են բերում չորս թիկնաթոռ, ձեռքերը կրծքներին խաչած, զգոն կանգնում են: Քայլերգի ռիթմով, շարային քայլերով ներս մտած Չինովնիկը պաթետիկ շարժումով սեղմում է ձեռքի մագնիտաոֆոնի կոճակը: Քայլերգն ընդհատվում է:

ՉԻՆՈՎՆԻԿ - Հայոց Արտավազդ արքային ողջույններ են հղում Հայաստանի 3-րդ հանրապետության… (Թիկնաթոռները ցույց տալով:) …նախագահը, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունները: (Սեղմում է մագնիտո‎ֆոնի կոճակը, հնչում է օրհներգը:)

Քիսոն վեր թռչելով՝ քարանում է: Երաժշտական ‎ֆրազը չավարտված՝ Չինովնիկն անջատում է մագնիտոֆոնը: Քիսոն կտրուկ նստում է:

ՉԻՆՈՎՆԻԿ - Մեծարգո թագավոր: Հանրապետության իշխանությունների կողմից լիազորված եմ հաղորդելու: (Գրպանից թուղթ հանելով՝ կարդում է:) «Լիահույս ենք, որ Ձեր այցը մի նոր խթան կհանդիսանա հինավուրց և նոր Հայաստանի տնտեսական, գիտական, կուլտուր-մշակութային մերձեցման գործում, որը կծառայի Հայոց պետականության ամրապնդման և Եվրոինտեգրման գործընթացի արագացմանը: Հուսով ենք, որ Դուք կընդունեք Հայոց Մեծ եղեռնի փաստը, կճանաչեք Լեռնային Ղարաբաղի անկախությունը, կհամոզվեք, որ Հայաստանում ընտրություններն անցնում են արդար և թափանցիկ, պայքար է մղվում կոռուպցիայի դեմ, ակնկալում ենք, որ Ձեր արքայական ավանդը կներդնեք աղքատության վերացման, ձմռան նախապատրաստության, գյուղատնտեսության զարգացման, տարերային աղետների հետևանքների վերացման, գործազուրկների, մոր և մանկան, ծերանոցների և մանկատների, վետերանների և կենսաթոշակային հիմնադրամներին՝ թագավորական գանձարանից նվիրատվություններ կատարելով: Չենք կասկածում, որ մասնակցություն կունենաք Հանրապետության գյուղական շրջանների ճանապարհների վերանորոգման գործին: Միաժամանակ, երաշխավորելով հարկային դաշտի և օրենսդրական ակտերի կատարյալությունը, առաջարկում ենք Ձեզ ներդրումային կարգով իրականացնել Հանրապետությունում հասարակական զուգարանների կառուցման ծրագիրը: Փա՜ռք Հայոց իշխանություններին:

ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐ - Ուռա՜, ուռա՜, ուռա՜…

ԱՐՏԱՎԱԶԴ - (տարակուսած՝ Քիսոյին): Իսկ որտե՞ղ են իրենք՝ իշխանությունները:

ՉԻՆՈՎՆԻԿ - (զարմացած): Իրենց նստավայրերում, էլ որտե՞ղ…

ԱՐՏԱՎԱԶԴ - Նրանք հիմա… կանգնա՞ծ են մնացել:

ՉԻՆՈՎՆԻԿ - Ամենևին ոչ:

ԱՐՏԱՎԱԶԴ - Սրանք իրենց աթոռները չե՞ն:

ՉԻՆՈՎՆԻԿ - Հա՜, աթոռնե՞րը… Սրանք կրկնօրինակներն են, արքա: Իսկական աթոռները պաշտպանվում են:

ԱՐՏԱՎԱԶԴ - Ումի՞ց են պաշտպանվում, իշխան:

ՉԻՆՈՎՆԻԿ - Օպոզիցիայից, արքա:

ԱՐՏԱՎԱԶԴ - Հզո՞ր երկիր է այդ Օպոզիցիան:

ՉԻՆՈՎՆԻԿ - Օպոզիցիան երկիր չէ, արքա: Նրանք իշխանության հակառակորդներն են:

ԱՐՏԱՎԱԶԴ - Բնաջնջե՛լ: Թրատել է պետք բոլորին: Ինձնից օրինակ վերցրեք՝ Մարացյանների տոհմը կոտորեցի, չխնայեցի նույնիսկ հարազատ եղբորս՝ չարախոս Մաժանին: Ինչո՞ւ չեք կոտորում նրանց:

ՉԻՆՈՎՆԻԿ - (համեստորեն): Դե… Դե, մենք էլ մեր մեթոդներն ունենք, արքա:

ԱՐՏԱՎԱԶԴ - Ցի՞ց եք հանում:

ՉԻՆՈՎՆԻԿ - Ոչ…

ԱՐՏԱՎԱԶԴ - Մորթազե՞րծ:

ՉԻՆՈՎՆԻԿ - Ոչ…

ԱՐՏԱՎԱԶԴ - Ձիուց կապած քա՞րշ եք տալիս:

ՉԻՆՈՎՆԻԿ - Ոչ…

ԱՐՏԱՎԱԶԴ - Խարույկի վրա այրո՞ւմ եք:

ՉԻՆՈՎՆԻԿ - Ոչ, արքա, ոչ:

ԱՐՏԱՎԱԶԴ - Կնշանակի՝ ավելի դաժա՞ն ձև է այդ մեթոդը:

ՉԻՆՈՎՆԻԿ - Ըմմ… Կարելի է և այդպես ասել:

ԱՐՏԱՎԱԶԴ - Կեցցե՛ք: (Քիսոյին.) Մեթոդ տեսած կա՞ս:

ՔԻՍՈ - Չէ… Չեմ հիշում…

ԱՐՏԱՎԱԶԴ - (տեղում ուղղվելով): Կամքս է, իշխան. այսօր իսկ մեթոդ ցուցադրեք մեզ համար: (Քիսոյին.) Փոքր ինչ կզվարճանանք:

ՉԻՆՈՎՆԻԿ - Այսօ՞ր… Բայց գրա‎ֆիկով պլանավորված է մեկ շաբաթից…

ԱՐՏԱՎԱԶԴ - Կատարի՛ր կամքս, ստրո՛ւկ: Այսօր, հենց հիմա և այստեղ:

ՉԻՆՈՎՆԻԿ - (տատանվելով զննում է շուրջը): Տեղը կարծես թե փոքր է…

ԱՐՏԱՎԱԶԴ - (սպառնալից): Կը՛-մե՛-թո՛-դե՛մ:

ՉԻՆՈՎՆԻԿ - Հիմա, հիմա… Մի վրդովվեք… (Գրպանից հանում է բջջայինը:) Ալո՞, Գեղամ, ես եմ: Հենց հիմա, առանց ժամանակ կորցնելու, սկսեք… Չէ, Բաղրամյան պողոտայում չէ: «Արտավազդ» հյուրանոց, «լյուքս» համար: Այստեղ եմ: Սպասում եմ: Արա՛գ: (Հանում է պիջակը, հագնում է հակառակ երեսով, որը բոլորովին այլ գույն ու նախշ ունի:)

Նույն պահին աղմուկ-աղաղակով ներս են խուժում ցուցարարները՝ պաստառներով. «Ո՛չ կոռուպցիային», «Իշխանավորները թալանչի են», «Դատի տալ հանցագործներին», «Ընտրությունները կեղծված են» և այլն: Մեդալակիր մեծահասակների մի խումբ, դողդոջ, պահում է Լենինի նկարը: Թիկնապահներն աթոռները բարիկադի պես շարում և գոտկատեղերից ռետինե մահակներ հանելով շարվում են:

- Կաշառակերներին հեռացնել պաշտոնից…

- Վերջ տալ կոռուպցիային…

- Դատի տալ հանցագործներին…

- Հերիք է թալանեք…

- Հե՛-ռա՛-ցո՛ւմ… Հե՛-ռա՛-ցո՛ւմ… Հե՛-ռա՛-ցո՛ւմ…

ՉԻՆՈՎՆԻԿ - (բարձրանում է սեղանի վրա): Հարգելի ժողովուրդ, այսպես շարունակել ալյևս չի՛ կարելի: Սոկրատեսից մինչև Պիկո Դելլա Միրանդոլա, Միրանդոլայից մինչև ես ջատագովել ենք մարդու ներդաշնակ զարգացումը: Այս իշխանությունները փշրում են մեր ներդաշնակությունը:

- Հե՛-ռա՛-ցո՛ւմ… Հե՛-ռա՛-ցո՛ւմ…

ՉԻՆՈՎՆԻԿ - Կեղծում են ընտրությունները, ընտրակաշառքով խաբում, նվաստացնում են ժողովրդին: Հերակլիտն ասում էր՝ ժողովուրդը պետք է պաշտպանի օրենքը, որպես իր պաշտպանիչ պարիսպը: Ես կոչ եմ անում՝ պաշտպան կանգնել մեր ժողովրդավարական օրենքներին, վերջ տալ իշխանավորների կամայականությանը:

- Հե՛-ռա՛-ցո՛ւմ… Հե՛-ռա՛-ցո՛ւմ…

ՉԻՆՈՎՆԻԿ - Վերջ տանք անօրինականություններին, թալանին, կաշառակերությանը: Հոլբախն ասել է՝ արդարությունը բոլոր հասարակական առաքինությունների հիմքն է: Սակայն ի՞նչ է կատարվում մեր երկրում: Իշխանությունները ժողովրդի աչքին թոզ են փչում: Մինչդեռ Մոնտեսքյուն ասել է՝ ամենադաժան բռնակալությունն այն է, որը հանդես է գալիս օրինականության հովանու տակ:

- Հե՛-ռա՛-ցո՛ւմ… Հե՛-ռա՛-ցո՛ւմ…

ՉԻՆՈՎՆԻԿ - Ահա ձեզ վառ օրինակ. պալատներ են կառուցել, «լյուքս» համարներ են սարքել, ո՞ւմ համար, ձեզ եմ հարցնում: Ամեն մեկը մեր գլխին թագավոր է դարձել: Մենք դրա վկան ենք: Պլավտիոսն ասում էր՝ վկաներից ավելի լավն է մեկ ականատեսը, քան՝ տասը լսողը:

- Հե՛-ռա՛-ցո՛ւմ… Հե՛-ռա՛-ցո՛ւմ…

ԱՐՏԱՎԱԶԴ - (ըմբռնելով իրավիճակը, այլայլված ոտքի է կանգնում): Հայե՛ր, ներքին խռովությունը տանում է ստրկության:

- Հե՛-ռա՛-ցո՛ւմ… Հե՛-ռա՛-ցո՛ւմ…

ԱՐՏԱՎԱԶԴ - Հայեր, ազատությունը վեր է ամեն ինչից:

- Հե՛-ռա՛-ցո՛ւմ… Հե՛-ռա՛-ցո՛ւմ…

ՉԻՆՈՎՆԻԿ - Ցիցերոնն ասում էր՝ միայն այն հասարակությունն է իսկական օրրան, որտեղ ժողովուրդն օգտվում է գերագույն իշխանությունից: Ժողովուրդ, իշխանությունը ձերն է: Սրանից հարմար առիթ չկա: Ձերն են այս աթոռները, դրանք պետք է վերադարձնել իսկական տերերին՝ ձեզ: Առա՜ջ…

Ցուցարարները վրա են պրծնում: Թիկնապահները ռետինե մահակներով ետ են վանում նրանց:

- Հե՛-ռա՛-ցո՛ւմ… Հե՛-ռա՛-ցո՛ւմ…

Խառնաշփոթ: Ցուցարարների հորձանքը տապալում է թիկնապահների պատնեշը, իր մեջ է առնում Արտավազդին ու Քիսոյին, աթոռները ճանկած դուրս է մղվում: Դադար: Համոզվելով, որ ոչ ոք չկա, սեղանի տակից դուրս է գալիս Չինովնիկը:

ՉԻՆՈՎՆԻԿ - (շորերը թափ տալով): Ո՜ւ‎ֆ… Քիչ մնաց ոտնատակ տային անաստվածները: Ասա՝ էսքան տանջվում ես, գնահատողն ո՞վ է… (Մտախոհ:) Միայն հիմարներն են կամայականությունն անվանում ազատություն: (Չքմեղանալով՝ հանդիսատեսին:) Հո ե՞ս չեմ ասում… Տակիտոսն է ասել: (Պիջակը շրջում, հագնելով՝ փութկոտ դուրս է գնում:)

Մթություն: Երբ լուսավորվում է՝ հարկաբաժինն առժամանակ դատարկ է: Արտավազդի մեծադիր նկարը ձեռքներին մտնում են Արշոն ու Մարշոն: Նրանց ուղեկցում են քահանան, Մոմիկը, Վարսիկը, զինվորական հնամաշ պիջակ հագած, չսափրված Վրեժը, օպերատորը՝ խցիկով, լրագրող Նարան՝ խոսափողը ձեռքին:

ՆԱՐԱ - Պարոն Երվանդյան, խնդրում եմ, կանգնեք ահա այստեղ՝ կադրն ընտրենք:

Արշոն ու Մարշոն կեցվածք են ընդունում

ՕՊԵՐԱՏՈՐ - (խցիկով նայելով): Ձախակողմինը թող չժպտա:

ՆԱՐԱ - (Մարշոյին): Դուք մի ժպտացեք:

ՄԱՐՇՈ - Ի, կարող ա՞ պանիխիդայա:

ԱՐՇՈ - Մի՛ ժպտա: (Ինքը լանբերան ժպտում է:)

ՆԱՐԱ - Այդպես, լավ է, շարժվեցինք:

Արշոն ու Մարշոն նկարը կախում են պատից, պատվո պահակ են կանգնում: Օպերատորը նկարահանում է, Նարան, խոսափողը ձեռքին՝ խցիկի առջև կանգնած, դիմում է դահլիճին:

ՆԱՐԱ - Հարգելի հեռուստադիտողներ: Մեր նկարահանող խումբը գտնվում է «Արտավազդ» հինգ աստղանի հյուրանոցում, որտեղ ազգային մեծ բարերար պարոն Արշակ Երվանդյանը բերել է իր կողմից հովանավորչորեն արված Արտավազդ արքայի մեծադիր նկարը: Այս հանդիսավոր արարողությանը մասնակցում են հանրապետության ականավոր գիտնականներ, մանկավարժներ, արվեստի, մշակույթի գործիչներ, ազատամարտիկներ, գործարար ոլորտի ներկայացուցիչներ: Ահա նրանցից մեկը: (Մոտենում է Մարշոյին:) Պարոն Մարտիրոս, ի՞նչ եք զգում դուք պատմական այս պահին: (Մոտեցնում է խոսափողը:)

ՄԱՐՇՈ - (լարված): Զգում եմ…

ՆԱՐԱ - Այո, օրեր շարունակ պարոն Մարտիրոսը եղել է մեծ բարերար, բոլորիս կողմից սիրված և հարգված պարոն Երվանդյանի կողքին: Իսկ այժմ իմ զրուցակիցն է նախկին ԽՍՀՄ-ի առաջատար երաժիշտ, ներկայումս միջազգային փառատոների հաղթող, թավջութակահար պարոն…

ՄՈՄԻԿ - Ա՛լտ… ա՛լտ ջութակահար:

ՆԱՐԱ - Պարոն Ալտը: Խնդրեմ: (Մոտեցնում է խոսափողը:)

ՄՈՄԻԿ - (վրա տալով): Ես հպարտ եմ, որ ժամանակակիցն եմ մի մարդու, ինչպիսին է ազգային մեծ բարերար պարոն Երվանդյանը, ով ամեն օր ու ամեն ժամ…

ՆԱՐԱ - Շնորհակալություն: Հարգելի հեռուստադիտողներ, այժմ իմ զրուցակիցն է պարոն Երվանդյանի մարտական ընկերը՝ Վրեժ Զուլումյանը, ում հետ ազգային բարերարը մարտական փառավոր ուղի է անցել: (Խոսափողը մոտեցնում է Վրեժին:)

ՎՐԵԺ - Ես, որպես ազատամարտիկ-վետերան, որտեղ էլ տեսել եմ էս մարդուն, միշտ էլ, տղամարդու պես, ձեռքը ջեբն ա տարել…

ՆԱՐԱ - (խոսափողը ետ է քաշում): Այո, նրանք կիսել են նույնիսկ վերջին փամփուշտը: Այժմ իր սրտի խոսքն է ուզում ասել Արշակ Երվանդյանի ուսուցչուհին, ընկեր Վարսիկ Վիրաբյանը: (Խոսափողը մեկնում է նրան:)

ՎԱՐՍԻԿ - Սիրելի հայրենակիցներ: Դեռևս մանկական տարիքից ճանաչում և սիրում եմ Արշակին: Նա դեռ մանկուց երազում էր օգտակար լինել իր ժողովրդին…

ՆԱՐԱ - Շնորհակալություն, իսկ այժմ, հարգելի հեռուստադիտողներ, հետևենք գործողությունների զարգացմանը: (Քահանային.) Առաջ եկեք, կանգնեք դիմացը և սկսեք…

ՔԱՀԱՆԱ - (խաչը պարզած առաջանում է): Օրհնյա՜, Տեր մեր հոգևոր օրհնությա՜մբ…

ՆԱՐԱ - Սպասեք: (Օպերատորին.) Պատրա՞ստ ես: (Քահանային.) Սկսի՛ր:

ՔԱՀԱՆԱ - (երգաձայն): Օրհնյա, Տեր մեր հոգևոր օրհնությա՜մբ զնկար զթագավոր Արտավազդայ, մի իշխեսցե մերձենալ ի սոսա չար աղանդ դիվաց կամ կախարդաց: (Երգում է:) Օրհնեսցի՜ և սրբեսցի՜ զնկար այս նշանա՜ւ սուրբ Խաչիւս և սուրբ Աւետարանաւս: Յանուն հօր և որդւոյ և հոգւոյն սրբո՜յ, այժմ և միշտ և հավիտեանս. ալելուիա՜, ալելուիա՜…

ՆԱՐԱ - Ստոպ: Լավ է: Վերջացրինք:

ԱՐՇՈ - Բա ես չեմ խոսալո՞ւ:

ՆԱՐԱ - Ձեզ ստուդիայում ենք նկարահանելու: Ձեր ամբողջ կենսագրությունը պիտի ներկայացնեք:

ՄԱՐՇՈ - Ի՛, շե‎ֆիս վրա գործ ե՞ք սարքում: Վաղեմությունն անցած է…

ԱՐՇՈ - (Մարշոյին): Շը՛շ:

ՆԱՐԱ - Չմոռանաք ձեր հետ վերցնել տարբեր տարիների լուսանկարներ, հատկապես նշանավոր մարդկանց հետ: Ունե՞ք այդպիսիք:

ԱՐՇՈ - Հա… դատախազի հետ… ուգռոզիսկի պետի հետ…

ՆԱՐԱ - Իսկ տեսագրություննե՞ր:

ԱՐՇՈ - (անփույթ): Մի երկու անգամ 02-ով են ցույց տվել:

ՆԱՐԱ - Լավ կլիներ պատերազմի դաշտից լուսանկար լիներ: 90-92 թվականներին որտե՞ղ եք եղել:

ԱՐՇՈ - Ռոստովում, Կալուգայում…

ՆԱՐԱ - Ափսոս: Ոչինչ, ստուդիայում զինվորական համազգեստ ունենք, կհագնեք, կլուսանկարենք Շուշիի բերդի ‎ֆոնի վրա: Դե, մենք գնացինք: Շատ գործ ունենք:

ՄԱՐՇՈ - (դժգոհ): Բարի ճանապարհ:

ՆԱՐԱ - (Արշոյին՝ հատուկ շեշտով): Դե՛, մենք գնացինք: Դեռ շատ գործ ունենք՝ մոնտաժ, հնչյունային, տեխնիկական է‎ֆեկտներ… Գնում ենք… Մենք գնա՞նք, պարոն Երվանդյան:

ԱՐՇՈ - (գլխի է ընկնում): Հա՜… Մի վայրկյան: (Փող է տալիս Նարային, օպերատորին:) Էս քեզ, էս էլ՝ քեզ: (Նարան թղթադրամը շուռումուռ է տալիս:) Էս ավանսն է: Մնացածը՝ հետո:

ՆԱՐԱ - (փողը գրպանը դնելով): Պայմանավորվեցինք: (Օպերատորի հետ դուրս է գնում:)

ԱՐՇՈ - (մյուսներին էլ է փող բաժանում): Էս քեզ, մուզիկանտ ջան, էս քեզ, տերտեր ջան, էս ընկեր Վարսիկին, էս… անունդ ի՞նչ էր…

ՎՐԵԺ - Վրեժ:

ԱՐՇՈ - Էս Վերժին, էս էլ քեզ: (Մարշոյին է մեկնում:)

ՄԱՐՇՈ - Մերսի, շե‎ֆ ջան:

ԱՐՇՈ - Ե՛տ տուր, կազյո՛լ:

ՄԱՐՇՈ - Ի՛: (Չկամ վերադարձնում է:)

ԱՐՇՈ - Գնացինք: Դուրս եկեք, արա՛գ:

Դուրս են գնում: Մարշոն հասցնում է քահանային ետ պահել:

ՄԱՐՇՈ - Ուստա ջան, մի րոպե… Մեռնեմ բոյիդ, թագավորի հրամանով Խոր Վիրապն արդեն իմն ա: Ժամի կողքին կլաս ռեստորան եմ սարքելու՝ կազինոյո՜վ, բարո՜վ…

ՔԱՀԱՆԱ - Հասկացա, օրհնյալ: Պատրաստ լինելուն պես՝ լուր տուր, օրհնության և օծման կարգ կկատարեմ:

ՄԱՐՇՈ - Էդ՝ սամասաբոյ: (Կամաց:) Խոր Վիրապի տերտերին չեմ հավանում: Արի էդ ժամը կիսովի աշխատացնենք:

ՔԱՀԱՆԱ - Այսինքն… ինչպե՞ս…

ՄԱՐՇՈ - Մոմի ցեխ կդնենք, կնունք, ծնունդ, հարսանիք… Ժողովրդին կապահովեմ, ամիսը մեկ՝ թիվ-թվաբանությունը կպարզենք, կկիսվենք:

ՔԱՀԱՆԱ - (ետ է քաշվում): Ետիս գնա, սատանա… (Մարշոյին խաչակնքելով:) Տեր, հալածեա ի սմանե զամենայն շունչ չար, որ խօսեցեալ է և որջացեալ ի սիրտ սորա: (Շտապում է դուրս:)

ՄԱՐՇՈ - Ի՛: Հայերեն չէր հասկանո՞ւմ…

Մթություն: Դադար: Հարկաբաժինը թույլ լուսավորվում է: Փոշեկուլը ձեռքին մտնում է Քիսոն:

ՔԻՍՈ - (միացնում է սենյակի լույսն ու նկատում գլուխն ափերի մեջ առած Արտավազդին): Վա՞յ, արդեն ետ եկա՞ր: Տեսա՞ր, ինչ մայրաքաղաք ունենք, Փարիզը գլուխը քարն է տվել: (Գոգնոցը հանում, փոշեկուլի հետ կողմ է դնում:) Սոված չե՞ս, ուտելու ի՞նչ պատվիրեմ:

ԱՐՏԱՎԱԶԴ - (վշտալից): Տխո՜ւր եմ, Քիսո դշխոհ, անպատմելի տխուր…

ՔԻՍՈ - Հանդարտվիր, արքա: Երևի քեզ դպրոցներ են տարել ու ծանոթացրել ուսումնական ծրագրերի՞ն:

ԱՐՏԱՎԱԶԴ - Ո՜չ…

ՔԻՍՈ - Գրողնե՞ր են հանդիպել քեզ, նկարիչնե՞ր, թե՞ դերասաններ…

ԱՐՏԱՎԱԶԴ - (հոգոցով): Ո՜չ…

ՔԻՍՈ - (անհանգստացած): Ի՞նչ է պատահել: Նեղացրե՞լ են, վիրավորե՞լ…

ԱՐՏԱՎԱԶԴ - Վիրավորված եմ… Սրտիցս արյուն է հոսում…

ՔԻՍՈ - Քոռանա՜մ… (Նետվում է հեռախոսին:) Ալո՞, շտապօգնությունի՞ց է… Խնդրում եմ կանչ ձևակերպեք, շտա՛պ: Վիրավոր է, սրտից: Արտավազդ Երվանդյան: Ծննդյան թի՞վ… Մեր թվարկությունից առաջ՝ 160 թվական… Շիզիկը դու ես, ես քեզ լուրջ բան եմ ասում…

ԱՐՏԱՎԱԶԴ - (խոսափողը ձեռքից վերցնում, դնում է լծակին:) Լռի՛ր, կին: Առանց այն էլ աղմուկը շատ է Հայաստանում: (Ինքն իրեն:) Երբ միտքը մթագնում է՝ կոկորդներն էն գլխի տերը դառնում: (Վճռական:) Զորահավաքի փո’ղ հնչեցրեք: Պատերազմ է լինելու… Ես ինքս կառաջնորդեմ զորքը:

ՔԻՍՈ - (փլվում է նրա ոտքերի մոտ): Զսպիր բարկությունդ, արքա… Առանց պետության համաձայնության ոչ ոք իրավունք չունի պատերազմ հայտարարելու:

ԱՐՏԱՎԱԶԴ - Եվ դո՞ւ, Քիսո…

ՔԻՍՈ - (ապշած): Հուլիոս Կեսար…

ԱՐՏԱՎԱԶԴ - Գլխատե՛լ: Պետությո՜ւն… Պետությունը՝ ես եմ:

ՔԻՍՈ - Լյուդովիկոս տասնչորսերորդ…

ԱՐՏԱՎԱԶԴ - Ցից հանել շուն-շանորդուն: Փո՛ղ հնչեցրե՜ք: Պատրաստ լինի այրուձին: Երկաթով և արյունով ազատագրելու ենք հայրենիքը:

ՔԻՍՈ - Բիսմարկ…

ԱՐՏԱՎԱԶԴ - Մորթազե՛րծ անել:

ՔԻՍՈ - Բայց… Բայց հայրենիքը վտանգված չէ, արքա…

ԱՐՏԱՎԱԶԴ - (մոլեգնած): Ստում ես, կին, և քո տերերն են ամեն քայլափոխի ստում: Օ՜, բախտ իմ դշխեմ, ինչո՞ւ ծնվեցա…

ՔԻՍՈ - Շեքսպիր…

ԱՐՏԱՎԱԶԴ - Ոչ մի Շեքսպի՛ր: Այրե՛լ խարույկի վրա: Հասկացիր, կի՛ն, դուք բոլորդ ժամանակի շավիղից դուրս եք սայթաքում: Դուք… դուք արտավազքի մեջ եք…

ՔԻՍՈ - Որտե՞ղ ես եղել, ի՞նչ ես տեսել, արքա:

ԱՐՏԱՎԱԶԴ - (ողբերգորեն): Հայոց մայրաքաղաքում, Երևանում եմ եղել:

ՔԻՍՈ - Չհավանեցի՞ր:

ԱՐՏԱՎԱԶԴ - Օ,՜ Արամազդ, ինչո՞ւ ես այսպես պատժել ազգիս…

ՔԻՍՈ - Խնդրում եմ, հանդարտվիր, արքա: Հիմա լոգարանը կարգի կբերեմ, լոգանք կընդունես, կհանգստանաս: (Վազում է լոգարան:)

ԱՐՏԱՎԱԶԴ - (տենդորեն ետ ու առաջ է քայլում): Չէ՜, սա իմ տեղը չէ, սա իմ երկիրը չէ՜, ես պիտի գնամ…

ԵՂԻՇ - (ատրճանակը ձեռքին դուրս է սահում վարագույրի ետևից): Կանգնի՛ր: Ոչ մի տեղ էլ չես գնա:

ՄԵՂԻՇ - (թաքստոցից դուրս գալով): Չփորձես փախչել, կկրակեմ:

ԱՐՏԱՎԱԶԴ - (դժկամ): Խեղկատակնե՞ր եք… Հեռացեք, ձեր սիրտը չունեմ:

ՄԵՂԻՇ - Հալա ձեռքերդ ցույց տուր:

ԱՐՏԱՎԱԶԴ - Սոսանվեր գուշակնե՞ր եք: (Ակամա մեկնում է ձեռքերը:)

ՄԵՂԻՇ - (վարժ շարժումով ձեռնաշղթա է հագցնում, հրում է աթոռին:) Նստի՛ր, չշարժվե՛ս:

ԵՂԻՇ - (քիպ մոտենալով, ակնդետ): Անո՛ւն, ազգանո՛ւն, հայրանու՛ն:

ԱՐՏԱՎԱԶԴ - Արտավազդ Արտաշեսի Երվանդյան: Չգիտե՞ս, ինչ է…

ԵՂԻՇ - (Մեղիշին): Արձանագրիր: (Արտավազդին.) Ծննդյան թիվ:

ԱՐՏԱՎԱԶԴ - (արհամարհանքով): Ձեր թվարկությունից առաջ՝ երկրորդ դար:

ՄԵՂԻՇ - (տարակուսած): Գրե՞մ:

ԵՂԻՇ - Գրիր, ինչ ասում է՝ գրիր: Վերջում իր դեմ է դուրս գալու: Կրթությունը:

ԱՐՏԱՎԱԶԴ - Արքունական:

ԵՂԻՇ - Մասնագիտությունը:

ԱՐՏԱՎԱԴԶ - Թագավո՛ր:

ՄԵՂԻՇ - Պարոն կապիտան, թագավորը ք-ո՞վ էր, թե՞ կ-ով:

ԵՂԻՇ - Ոնց ասավ՝ էնպես էլ գրի: (Արտավազդին.) Արտասահմանում բարեկամներ ունե՞ս:

ԱՐՏԱՎԱԶԴ - (մռայլվում է): Եղբորս որդին՝ Տիգրանը:

ԵՂԻՇ - Ո՞ր երկրում է:

ԱՐՏԱՎԱԶԴ - Պատանդ է… Պարթևստանում:

ԵՂԻՇ - Ի՞նչ նպատակով ես եկել Երևան:

ԱՐՏԱՎԱԶԴ - Չեմ եկել… Բերել են:

ՄԵՂԻՇ - Ո՞վքեր:

ԱՐՏԱՎԱԶԴ - Չարքերը:

ՄԵՂԻՇ - Գրուպիրովկա՜ է…

ԵՂԻՇ - Ո՞ւր գնացին, որտե՞ղ են:

ԱՐՏԱՎԱԶԴ - Իրենք ասում են՝ երկնքում են… Բայց ես համոզված եմ, որ գետնի տակն են:

ԵՂԻՇ - (Մեղիշին): Արձանագրիր՝ պադպոլնի են: (Արտավազդին.) Ի՞նչ միջոցներով ես նրանց հետ կապ պահպանում:

ԱՐՏԱՎԱԶԴ - Դեռ կապ չեմ պահպանել… Բայց երևի կանչեմ նրանց:

ԵՂԻՇ - (Մեղիշին): Նա վսյակոմ սլուչի՝ պադկլյուչեննի կանչի:

ՄԵՂԻՇ - Լսում եմ: (Հանում է ծառայական ռադիոկապի ընդունիչը:) Երկրորդ՝ վեցերորդին… Միհրդատ Պարթևիչ, «Լյուքս» օպերացիայի համար պադկլյուչեննի ուղարկեք: Կապի վերջը:

ԵՂԻՇ - Քանի՞ հոգի են:

ԱՐՏԱՎԱԶԴ - Ես վեցի հետ եմ խոսել:

ՄԵՂԻՇ - Վեցերորդ բաժինը մեզնից առաջ է ընկե՞լ: (Արտավազդին.) «Վեցը» քեզ քննել է՞:

ԱՐՏԱՎԱԶԴ - Այո:

ԵՂԻՇ - Ինչքա՞ն պահեցին:

ԱՐՏԱՎԱԶԴ - (հոգոցով): 2100 տարի:

ԵՂԻՇ - Մարդավարի բան ասա:

ՄԵՂԻՇ - (խնդմնդում է): Քացու տակ են գցել, շաղվել է:

ԵՂԻՇ - (խիստ): Ուշադիր. դու, կագեբեում եղել ե՞ս:

ԱՐՏԱՎԱԶԴ - Կոգովիտո՞ւմ… այո, եղել եմ:

ԵՂԻՇ - Նո՞ւյն գործով:

ԱՐՏԱՎԱԶԴ - Նույն: Եղջերուի որս եմ արել:

ԵՂԻՇ - (Մեղիշին): Արձանագրիր, խոստովանեց՝ բրականյոր է: Որտե՞ղ ես թաքցրել գողոնը:

ԱՐՏԱՎԱԶԴ - Ինչը՞:

ԵՂԻՇ - «Ջակուզի» վաննայի խցանը:

ԱՐՏԱՎԱԶԴ - (մտմտում է): Ջա… ջակ… ըմմ… Առաջինի մասին տեղեկություն չունեմ, իսկ Վանը… Խծկոնքը իմ տիրույթներն են…

ԵՂԻՇ - Ձեռ ես առնո՞ւմ, արա՜…

ԱՐՏԱՎԱԶԴ - Ես Արան չեմ, Արտավազդն եմ:

ԵՂԻՇ - Լսիր, Արտո, ուշադիր լսիր, քեզպեսներին շատ ենք տեսել: (Ծոցագրպանից թուղթ է հանում:) Տե՛ս, սևով ապիտակի վրա գրված է. «Լյուքս» համարից անհետացել է վաննայի խցանը: Ամեն մեկդ որ գա՜, մի բան թռցնի՜, ո՞ւր կհասնի: Հետո ի՞նչ, որ հյուրանոցի տերը միլիոնչիկ է: Հը՞… (Գյուտ արած:) Միլիոն բեզ պրոբկի՝ նե միլիո՛ն: Հասկացա՞ր:

ԱՐՏԱՎԱԶԴ - Չհասկացա:

ՄԵՂԻՇ - Ոչի՜նչ, կհասկացնենք:

Սկուտեղը ձեռքին մտնում է Քիսոն:

ՔԻՍՈ - Իմ արքան մանգոյի սոկը կխմի՜, կմտնի վաննա՜ն, չոփչոփիկ կանի՜… (Ոստիկաններին տեսնելով:) Էդ ի՞նչ է պատահել… (Նկատում է ձեռնաշղթաները:) Թաղե՜մ ձեր բոյը… (Սկուտեղը կողմ է դնում:) Լավ օր չունենա՜ք…

ԵՂԻՇ - Դե-դե’: Ծառայական պարտականություն կատարելիս ոստիկանին անիծելն արգելվում է:

ՔԻՍՈ - Գետինը մտնե՜ք… Արձակե՛ք, շո՛ւտ:

ԵՂԻՇ - (տարակուսած, Մեղիշին): Էս ո՞վ ա, արա…

ՔԻՍՈ - Սև գրողդ եմ, չե՞ս տեսնում, որ թագուհի եմ:

ՄԵՂԻՇ - Ո՞ր երկրի:

ՔԻՍՈ - Էս հյուրանոցի:

ՄԵՂԻՇ - Պա՜հ…

ՔԻՍՈ - (վրա է քշում): Պահ ու՝ զահրումար, արձակի՛ր կապերը:

ԵՂԻՇ - Սպակոյնո~… (Պարզում է թուղթը): Էս ձեր ուղարկած բողոքը չի՞:

ՔԻՍՈ - (նայում է թղթին): Ի՜, չունենամ ձեր պես ոստիկանը… Վաննայի պրոբկեն մի ամիս առաջ «Լյուքս» համարում ապրած Արաբիայի շեյխն է տարել: Որպես սուվինիր վերցրել էր հետը: Գործը փակված է: Իսկ դուք իսկական հայոց թագավորի եք նեղացնում: Հայ եք, է՞…

ՄԵՂԻՇ - (զարմացած): Տես, է՞…

ՔԻՍՈ - Էդ դու տես: (Մատնացույց է անում նկարը:) Ա՞յ:

Եղիշն ու Մեղիշը մեկ նկարին են նայում, մեկ՝ Արտավազդին:

ՄԵՂԻՇ - Պա՛-հո՜…

ԵՂԻՇ - (շտապում է հանել ձեռնաշղթան): Ներող եղեք… Մեզնից մի նեղացի, պարոն թագավոր, մենք մեր ծառայական պարտականությունն ենք կատարում: Համ էլ ախպերական մի բան ասեմ, չնեղանաս… (Իբր՝ գաղտնիքով:) Մեզ թագավորներ պետք չեն: Հասկացա՞ր… Մեզ քո նկարն է պետք:

ԱՐՏԱՎԱԶԴ - (զայրույթով): Չը՛ք-վե՜ք…

ՄԵՂԻՇ - (քինոտ): Թե թագավոր չէիր լինի…

ԱՐՏԱՎԱԶԴ - Դո՜ւրս…

Մթություն: Դադար: Հաղթական քայլերգ: Բազմությունը ուսերի վրա ներս է բերում սաղավարտը գլխին դրած Արշոյին: Նա բազմում է գահին: Բազմության մեջ են Մարշոն, Սեթոն, Մեթոն, Չինովնիկը, Վարսիկը, Մոմիկը, քահանան, լրագրողը, օպերատորը:

- Փա՜ռք հայոց արքային…

- Կեցցե՜ թագավորը…

- Մի՛-ա՛-ցո՛ւմ… Մի՛-ա՛-ցո՛ւմ…

ՄԱՐՇՈ - (կանգնում է մյուս բազկաթոռին): Ազգի փրկչին՝ ուռա՜:

- Ուռա՜…

ՄԱՐՇՈ - Հիմի՝ հո՛պ: Հոպ, արա՜, հո՛պ, ձեններդ կտրե՛ք: (Փոքր-ինչ խաղաղվում են:) Թագավոր մարդ ա, թողեք խոսի: (Արշոյին.) Ասա, թագավոր ախպեր:

ԱՐՇՈ - Ժողովուրդ ջան, առանց ձեզ ես կյանք չունեմ: (Համաձայնության արձագանքներ:)

ՄԱՐՇՈ - Ձեննե՛րդ:

ԱՐՇՈ - Այ մարդ, դե թողեք, խոսեմ, էլի՞: Որ չլսեք, չիմանաք, ո՞նց եք ապրելու: (Հանդիսավոր:) Հայտարարում եմ ժողովրդիս լսելու ժամ: (Սեթոյին.) Դո՛ւ: Առաջ արի: Բան էիր ուզում ասել: Ասա՛:

ՍԵԹՈ - (առաջ գալով, խրոխտ): Հանուն «Առաջ, Հայաստան» կուսակցության, ողջո՛ւյն:

ՄԱՐՇՈ - Էտի՝ հեչ: Կարճ ասա՝ ի՞նչ ունես:

ՍԵԹՈ - Ասեմ: (Վրա տալով:) Միաձայն և միակամ առաջարկում ենք ընդունվել մեր կուսակցության շարքերը: Խնդրում ենք տալ ձեր համաձայնությունը:

ԱՐՇՈ - Հաշվի էլած: Էն ընկե՞րդ ինչ էր կպել՝ պոկ չէր գ‎ալի: (Հայացքով գտնում է Մեթոյին:) Առաջ արի:

ՄԵԹՈ - (առաջանում, արհամարհական նայում է Սեթոյին, բացում է թղթապանակը): Բազմադարյան հինավուրց Հայաստանի նորագույն արքա, վսեմափայլ Արշակ ամենաառաջին թագավորին…

ՄԱՐՇՈ - Հո՛պ: Վերջից սկսի: (Արշոն հավանությամբ գլխով է անում:)

ՄԵԹՈ - Դուք միաձույլ և զուգաշուրթն ընտրված եք «Օ՛ն անդր առաջ, Հայաստան» կուսակցության գերագույն ատենապետության կազմում՝ զբաղեցնելով գլխավոր դիվանապետական եռյակի չորրորդ աթոռը:

ՄԱՐՇՈ - Չեղա՜վ: Էտի ըլնող բան չի: Ո՞նց թե՝ չորրորդ:

ՍԵԹՈ - (շփոթվում է): Գիտեք… անձամբ ես…

ՄԱՐՇՈ - Քու անձը քեզ պահի: Էս տեսակ անձի մոտ ուրիշ անձ-մանձ չկա:

ՄԵԹՈ - (խեղճացած տատանվում է): Դե… եթե այդպես է… առաջին աթոռը:

ՄԱՐՇՈ - Մալադե՛ց: Բայց տես, հա՜, ուրիշ խաղ չըլի:

ՄԵԹՈ - Ճիշտ այդպես:

ԱՐՇՈ - Համաձայն եմ:

ՍԵԹՈ - Ես բողոքո՜ւմ եմ… Թագավորն արդեն տվել էր իր համաձայնությունը մե’ր կուսակցությանն անդամագրվելու:

ՄԵԹՈ - Էլի սկսեցի՞ր, խառնակչի՛:

ՍԵԹՈ - Դավաճա՛ն:

ՄԱՐՇՈ - Հո՛պ, արա՜, հո՛պ: Քուչի կռիվ մի սարքեք: Կարգ կա՜, օրենք կա՜… Թագավորն ինքը կուսակցություն ա: (Բազմության մեջ գտնում է Տիգրանին:) Արի, հընգեր: Առաջ արի: Վայ թե դու էլ ասելիք ունեիր:

ՏԻԳՐԱՆ - (ճամպրուկները ձեռքին առաջանում, ցած է դնում): Շնորհակալություն: Բարև ձեզի:

ՄԱՐՇՈ - Էտի՝ հեչ: Ցույց տուր՝ ի՞նչ ունես:

ՏԻԳՐԱՆ - Խնդրեմ՝ մեկ վայրկյան… (Բացում է ճամպրուկը, արքայական թիկնոց ու թագ հանելով՝ հագնում է:) Ժողովո՜ւրդ հայոց…

ՄԱՐՇՈ - Ի՛:

ՏԻԳՐԱՆ - Ես՝ արքայից-արքա Տիգրան Մեծս, իմ հզոր բանակով նվաճեցի և միավորեցի Ծոփաց աշխարհը: (Արտավազդի և Քիսոյի մուտքը չեն նկատում:) Ետ խլեցի յոթանասուն հովիտները, հնազանդեցրի Մարաստանը, Սելևկիան, Փյունիկիան և Կոմմագենը…

ՍԵԹՈ - (փռվում է նրա առջև): Տե՜ր արքա, ո՜վ Մեծդ Տիգրան, «Առաջ Հայաստան» կուսակցությունը ողջունում է ձեզ և միաձայն ու միակամ, ձեզ ընտրում է քաղնախագահության անդամ…

ՄԵԹՈ - (փռվում է Սեթոյի կողքին): Մի՛ լսի նրան, արքա, «Օն անդր առաջ, Հայաստան» կուսակցությանն անդամագրվիր…

ՄԱՐՇՈ - Ի՛:

Բազմությունն աղմկում է:

ՏԻԳՐԱՆ - Սիրո՜վ կհամաձայնվեի ձեզի հետ, հայրենակիցներ, սակայն, առաքելությունս քաղաքական չէ: (Պաթետիկ:) «Մեկ ա՛զգ, մե՛կ մշակույթ» Բեյրութի թատերախմբին մեջ կզբաղվիմ և վաղը «Տիգրան Մեծ» պիտի ցուցադրենք: (Արշոյին.) Հասկցա, որ դուք ալ «Արշա՞կը» պիտի ցուցադրեք: (Արտավազդին.) Դուք ալ երևի… Արտաշե՞սն եք, թե՞ Արտավազդը… Ուրախ եմ, անչափ ուրախ եմ:

ԱՐՏԱՎԱԶԴ - (առաջանալով, ահեղաձայն): Ի՞նչ է կատարվում այստե՛ղ:

- Արտավա՜զդը…

- Թագավո՜րը…

- Արքա՜ն…

ՄԱՐՇՈ - (աթոռից ցած թռչելով Արշոյին): Շե‎ֆ, սըկի… Իջիր ջրի հատակը, մինչև անցնի վտանգը: (Խառնվում է բազմությանը, որը ետ-ետ է քաշվում Արտավազդից:)

ԱՐՏԱՎԱԶԴ - (տիրաբար աչք հածելով): Դուք… Դուք չե՞ք հասկանում, թե ինչ եք անում: Դուք չգիտեք, ո՞վ եք դուք և որտե՞ղ եք դուք: Ես չհասկացա, թե ի՞նչ աշխարհ է սա… Շրջեցի ձեր հայոց մայրաքաղաք Երևանում և անհասկանալի աշխարհներ տեսա՝ «Ձկների աշխարհ», «Մարմարի աշխարհ», «Կոշիկի աշխարհ», «Ներկերի աշխարհ», «Կահույքի աշխարհ»… Ես հարցրի՝ որտե՞ղ է հայոց աշխարհը… Եվ ի՞նչ իմացա, օ՜ Արամազդ, ի՜նչ իմացա… Պարզվեց, որ ամբողջ Հայոց աշխարհը տեղավորել եք մեկ քաղաքի մեջ՝ Զեյթունը, Արեշը, Կիլիկիան, Մարաշը, Արաբկիրը… Ինչպիսի՜ դժբախտություն: Մի՞թե ես այսպիսի երկիր եմ թողել ձեզ… Այդ վայրերը հասնելու համար օրերով պիտի գնայիք, բայց… բայց տեղ եք հասնում կես ժամում, «Մարշրուտկա» կոչվող տուփի մեջ կռացած… Բայց ո՞ւր էր, թե միայն դա՜ լիներ: Ձեզ համար Գեղարդը երշիկ է, Գառնին՝ լավաշ, Անին, Դվինը, Արարատը, Վասպուրականը՝ կոնյակ, Արենին, Հրազդանը, Իջևանը՝ գինի, Աշտարակը կաթ է, Լոռին՝ պանիր, Ապարանը թան է, Գյումրին՝ գարեջուր, Կարսը՝ խորոված: Դուք ամեն օր ուտո՜ւմ եք Հայաստանը… (Սթափվում է:) Վե՜րջ… Վե՛րջ: Ես ետ եմ գնում: Գնում եմ, սակայն գալու եմ, իմացեք: Էլի ետ եմ գալու և եթե, Արամա՜զդը չարասցե, Հայոց երկիրը նույն վաճառատուն-շոփը մնաց՝ վա՜յ ձեզ… Վա՜յ ձեզ: (Դադար: Գլխահակ:) Օ՜ չարքեր, ետ տարեք ինձ… (Սուրը ցած դնելով ծնկում է:) Դուք հաղթեցիք:

Նույն պահին որոտ, մշուշ, որի մեջ անհետանում է Արտավազդը:

ՔԻՍՈ - (ողբաձայն ծղրտոցով): Էս ի՞նչ արիր, Արտո ջա՜ն… (Թևատարած մղվում է կախ տված նկարին:) Էս ի՞նչ արիր… (Ապշած ետ է քաշվում:) Սա… սա ո՞ւմ նկարն է… Փոխել են… Արտավազդ թագավորի նկարը չի… (Պահանջկոտ՝ բոլորին:) Թագավորի նկարը չի՛…

ԱՐՇՈ - (տիրաբար մոտենում, նստում է գահին, իրեն մատնացույց անելով): Թագավորի՛նն է… Նման չի՞: (Ձեռքը մեկնում է սեղանից վերցնելու սաղավարտը, բայց Սեթոն ճանկում է այն ու գլխին դնելով նստում է մյուս գահին:)

ՍԵԹՈ - (տիրաբար): Փոխե՛լ նկարը: Այդտեղ իմ նկարը պիտի լինի:

ՄԵԹՈ - Վա՛յ, ես քու… (Հարձակվում է Սեթոյի վրա:) Թագը դեսը տուր, գո՛ղ…

ՍԵԹՈ - (պինդ բռնելով գլխի սաղավարտը): Խլե՛զ…

ՉԻՆՈՎՆԻԿ - (վազքով գալիս է բեմառաջ, փլվում ծնկներին, տարածում է ձեռքերը): Ժողովո՜ւրդ, պաշտպանեք ձեր թագավորի՜ն, ետ տվեք իմ թա՜գը: (Վեր թռչելով մղվում է խլելու սաղավարտը:)

ՄԱՐՇՈ - (արմունկներով աջ-ձախ հրելով՝ մղվում է առաջ): Էտի իմ գլխարկն ա՜…

ԱՐՇՈ - Էդ ո՞ւմ ինվենտարի վրա եք բազար անում, արա՜…

Գզվռտոց: Աղմուկ: Մի կողմ քաշված, թևաթափ կանգնած քահանայի ու Վարսիկի կողքին Մոմիկը ներշնչանքով նվագում է «Մեր հայրենիքը»: Խցիկի առջև, խոսափող բռնած Նարան դիմում է դահլիճին. «Հարգելի բարեկամներ, այս պահին ընտրական տեղամասում ընտրություններն անցնում են արդար և թափանցիկ՝ մրցակցային մթնոլորտում: (Կրակոցներ:) Արտակարգ միջադեպեր չեն արձագրվել»: Պայթյուն՝ ծուխ, մշուշ: Գզվռտոցն ու աղմուկը շարունակվում են, շարունակվում են նաև նվագն ու լրագրողի խոսքը:

ՎԱՐԱԳՈՒՅՐ

123456789101112131415
    Դիտվել է 773 անգամ
    1