Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Գնացքի երկու տոմս


Սամվել Խալաթյան

Գնացքի երկու տոմս

(Աբսուրդ պատմություն` մեկ գործողությամբ)


Գործող անձինք

ՏՂԱՄԱՐԴ

ԿԻՆ

ԳՆՈՐԴ, ՈՒՂԵԿՑՈՂ, ՈՍՏԻԿԱՆ` նույն դերակատարով


Գործողության տարածքը փոքր է և, երբեմն, ընկալվում է որպես գնացքի կու¬պե:

Դիմացում սենյակի պատ` վարագուրված լուսամուտով:

Պատուհանի առջև` սեղանիկ, վրան` ծաղկաման, որից ձգվում է մի քանի տերևներ ունե¬ցող, երկար ցողունով ծաղիկը:

Սեղանի աջ և ձախ կողմերում, հնամաշ աթոռների վրա, նստած են Տղամարդն ուԿինը (Տղամարդը` ձախում), ձեռքները ծնկներին դրած, դեմքով` հանդիսատեսը:

Նրանց հարևանությամբ մեկական ճամպրուկ կա:

Նրանք ակնդետ դահլիճին են նայում:

Կին.- (ոչ ոքի չդիմելով): Մենք հաղթեցինք:

Տղամարդ.- (չի շտապում պատասխանել: Ոչ ոքի չդիմելով): Երբ մարդն ինքն իր դեմ է կռվում` հաղթող չի լինում:

Կին.- Մենք հաղթեցինք:

Տղամարդ.- Երբ մարդն ինքն իր դեմ է կռվում` հաղթող չի լինում:

Կին.- (աղերսանքով): Մենք հաղթեցինք…

Տղամարդ.- Երբ մարդն ինքն իր դեմ է կռվում` հաղթող չի լինում:

Կին.- (հեծկլտոցը զսպելով, ուսերը ցնցելով խուլ արտասվում է): Մենք հաղ-թե-ցի՜նք…

Տղամարդ.- Մենք պարտված ենք:

Պատից, մինչև գոտկատեղը, հայտնվում է ուղեկցողը` համա¬պա-տաս խան համազգեստով:

Ուղեկցող.- Ուշադրություն: Գնացք համար իքս-իգրեկը մեկնում է երկրորդ գծից:

Կր¬¬կնե՞մ:

Տղամարդ.-(անտարբեր): Պետք չէ:

Ուղեկցող.- Կրկնում եմ. գնացք համար իքս-իգրեկը մեկնում է երկրորդ գծից: (Ետ է քաշվում):

Տղամարդ.- (աղոթելու պես, ինքն` իրեն): Անունդ չմոռանաս:

Կին.- (աղոթելու պես, ինքն` իրեն): Չմոռանաս անունդ:

Տղամարդն ու Կինը շրջվում, նստում են դեմքով դեմ-դիմաց, ձեռքերի ափերը դնելով սեղանին` ինչպես եգիպտական սֆինքսը` խոր ու անթա¬¬փանց հայացքով:

Տղամարդ.-(Կնոջը): Անունդ չմոռանաս:

Կին.- (Տղամարդուն): Չմոռանաս անունդ:

Տղամարդ.-(աղոթելու պես, ինքն իրեն): Անունդ չմոռանաս:

Կին.- (աղոթելու պես, ինքն իրեն): Չմոռանաս անունդ:

Կին.- (փոքր դադարից հետո): Մենք հաղթեցինք:

Տղամարդ.- Ինքդ քո դեմ տարած հաղթանակը` քո պարտությունն է:

Կին.- Մենք մեկնում ենք:

Տղամարդ.- Մենք նահանջում ենք:

Դադար:

Լռությունը խզում է Կինը` ափով դանդաղ ռիթմով խփելով սեղանին: Մի քանի հարվածներից հետո ամուսինը վարվում է նույն կերպ` սեղանին խփելով կնոջ հարվածների միջնադադարի ժամանակ: Նրանք երկու ձեռքով սկսում են թմբկահարել` նմանեցնելով արագություն վերցնող գնացքի անիվների թրխկոցի:

Գնացքի սուլոց:

Միանգամից` դադար. մնում են սֆինքսի քարացածությամբ:

Կին.- (տխրամած): Մենք մեկնո՞ւմ ենք:

Տղամարդ.- Լուսամուտից դուրս նայիր, եթե ծառերն ու սյուները դեպի քեզ են գալիս, ուրեմն մեկնում ենք:

Կին.- (ծերպում է վարագույրը): Ծառերն ու սյուները դեպի ինձ են գալիս: Մենք մեկնում ենք:

Տղամարդ.- (ծերպում է վարագույրը): Ծառերն ու սյուներն ինձնից հեռանում են: Մենք վերադառնում ենք:

Դռան թակոց:

Թակոցը կրկնվում է և դրսից լսվում է Գնորդի ձայնը` ,Հեյ, մարդ չկա՞ այստեղե:

Ավելի ուժգին է թակում:

Պատից հայտնվում է Գնորդը: (Նրա ձեռքին ռետինե փոքր գնդակ կա, որը նա մատների մեջ անընդհատ խաղացնում է, ձեռնածուի պես ափից-ափ գցում կամ խփելով հատակին` որսում է ):

Գնորդ.- Հե՜յ, մարդ չկա՞ այս տանը…(Նկատում պատուհանի մոտ նստածներին:) Օ՜, ներեցեք… Ես սեղմեցի զանգի կոճակը, բայց կոճակը չէր աշխատում… Ես թակեցի դուռը, պատասխանող չեղավ ու ես ստիպված…

Տղամարդ.- (նրան չնայելով): Կոճակն աշխատում է:

Գնորդ.- Ես սեղմեցի զանգի կոճակը, կոճակն աշխատում է, բայց զանգն անսարք է, ես թակեցի դուռը, պատասխանող չեղավ ու ես ստիպված…

Տղամարդ.- Զանգը սարքին է:

Գնորդ.- Կոճակն աշխատում է, զանգը սարքին է, ես կոճակը սեղմեցի, բայց զանգը չհնչեց, ես թակեցի դուռը, պատասխանող չեղավ ու ես ստիպված…

Կին.- (առանց շրջվելու): Էլեկտրականություն չկա:

Գնորդ.-Ես սեղմեցի զանգի կոճակը, կոճակն աշխատում է, զանգը սարքին է, բայց էլեկտրականություն չկա և զանգը չհնչեց, ես թակեցի դուռը, պատասխանող չեղավ ու ես ստիպված ներս մտա… Բարև ձեզ: Դո՞ւք եք հայտարարություն տվել բնակարանը վաճառելու համար:

Տղամարդ.- (արդեն նրան նայելով, զուսպ քաղաքավարությամբ): Օ՜, բարև ձեզ, պարոն: Այո, մենք հայտարարություն ենք փակցրել քաղաքի 2013 էլեկտրասյուների վրա:

Գնորդ.- Ձեր հայտարարությունը ես կարդացել եմ 1915 կամ, գուցե, 1920-րդ սյան վրա` կենտրոնական խաչմերուկում, ձախից` երկրորդ սյունը:

Տղամարդ.- Դա 1992-րդն է:

Գնորդ.- (չորս կողմը զննելով): Սա՞ է վաճառվող բնակարանը:

Տղամարդ.- Այո, պարոն: Բայց դուք ներս համեցեք:

Գնորդ.- Ես արդեն տուն եմ մտել:

Տղամարդ.- Եթե մտել եք, ուրեմն` նստեք խնդրեմ:

Գնորդ.- Ես ցանկանում եմ զննել բնակարանը, իսկ նստած հարմար չէ:

Տղամարդ.- Այս ճամպրուկների վրա նստելը շատ հարմար է, բազկաթոռից հարմար:

Գնորդ.- Ես ցանկանում եմ զննել բնակարանը, իսկ նստած հարմար չէ: : (Սկսում է զննել շուրջբոլորը, հրել պատը, ամրությունը ստուգելու համար հրվում է հատակին և այլն): Երբ նստում ես` թիկունքիդ կողմը չի երևում: Դու տեսնում ես բնակարանի կեսը, բայց հետո ստիպված ես վճարել ամբողջ բնակարանի համար:

Տղամարդ.- Դուք կարող եք նստել ու հետո փոխել ձեր դիրքը:

Գնորդ.- Տրամաբանական է: Բայց դա ժամանակ կպահանջի, իսկ ես շտապում եմ Սպիվակովի համերգին, որը նշանակված է վաղը` լուսադեմին, բայց հետաձգվել է երեկ չէ` նախորդ օրը` կեսգիշերին:

Կին.- (նրան չնայելով, անկիրք): Իսկ դուք կարողացա՞ք տոմս ձեռք բերել:

Գնորդ.- Իհարկե: Նույնիսկ` երկու տոմս: Դրանք ես գնեցի մսավաճառից: Նրա մոտ ապրանքը միշտ թարմ է լինում: Ես միշտ երկու տոմս եմ գնում համերգի համար, իսկ թատրոն գնալիս` անպայման վերցնում եմ երեք տոմս: Հաճելի է, երբ դահլիճում մենակ ես:

Տղամարդ.- Անշուշտ, անշուշտ:

Կին.- Երևի դուք մեծահարու՞ստ եք:

Գնորդ.- Օ՜ ոչ: Ընդամենը մի քանի ագարակ ունեմ, նույնքան ոսկու հանք և երկու այդքան գործարան: Եթե մեծահարուստ լինեի, մի՞թե ընդամենը երեք տոմս կգնեի,մանավանդ` Շեքսպիրի ողբերգության համար…

Կին.- Շեքսպիրի՞… Նրան ողբերգությո՞ւն է պատահել…

Գնորդ.- Օ՜, ներեցեք, ներեցեք… Ես անունը շփոթեցի, պետք է ասեի` Մոլիեր : Դե իհարկե` Մոլիեր: Ախր շատ են այդ դրամատուրգները: Երկո՜ւ դրամատուրգ` մեկ հանդիսատեսի համար: Համաձայնվեք, որ շատ-շատ են:

Տղամարդ.- Համաձայնվեցի: Իսկապես շատ են նրանք: Մինչդեռ կարելի էր դրամա-տուրգի փոխարեն կոշկակար ունենալ:

Գնորդ.- Դուք միանգամայն ճիշտ եք: Մեր օրերում, երբ ոչ ոք կոշիկ չի հագնում, կոշկակարի կարիք շատ է զգացվում…

Կին.- Ես ձեզ սուրճ կամ թեյ եմ առաջարկում, բայց քանի որ էլեկտրականություն և գազ չկա, չեմ կարող տաքացնել:

Գնորդ.- Մի անհանգստացեք:

Տղամարդ.- Սուրճ էլ չունենք:

Գնորդ.- Մի անհանգստացեք:

Տղամարդ.-Շաքարն էլ է վերջացել:

Գնորդ.- Մի անհանգստացեք:

Տղամարդ.- Եվ ջուր էլ չկա:

Գնորդ.- Հրաշալի՜է:Ես չեմ ուզում խմել սուրճ կամ թեյ և իմ ցանկությունը կատարվեց:

Կին.- (վերջապես շրջվում է դեպի գնորդը): Իսկ դուք գիտե՞ք, թե ինչ արժի մեր բնակարանը:

Գնորդ.- Մի՞թե դա կարևոր է:

Կին.- Կարևոր չէ: Ուղղակի սովորություն է, ավանդույթ… Իսկ մենք ավանդապաշտ ընտանիք ենք:

Գնորդ.- Այդ դեպքում ես հաճույքով կուզեի տեղեկանալ , թե ի՞նչ արժի բնակարանը: (Դարձյալ զննում է շուրջբոլորը):

Կին.- Նկատի ունեցեք, որ բնակարանի հետ կա նաև պտղատու այգի:

Գնորդ.- Իսկապե՞ս… Հայտարարության մեջ այդ մասին նշված չէր:

Կին.- Մենք դա չենք նշել, որովհետև ցանկանում ենք անակնկալ մատուցել ապագա տանտիրոջը:

Տղամարդ.- (անկիրք): Մանավանդ ձեր նման ազնվաբարո մարդուն:

Գնորդ.- Զգացված եմ, պարոն: (Կնոջը:) Եվ ի՞նչ պտղատու ծառեր կան ձեր այգում:

Տղամարդ.- (կարծես` մեկուսի): Դա արդեն չափից դուրս է:

Գնորդ.- Ներեցեք… Ես անհամե՞ստ եղա:

Կին.- Օ՜, ոչ, ոչ: Մի անհանգստացեք: Ամուսինս նկատի ունի, որ այգում չափից դուրս շատ մրգատու ծառատեսակներ կան և միայն դրանց թվարկումը կարող է մի քանի օր տևել:

Գնորդ.- Ուրեմն կարիք չկա բոլորը թվարկել, մանավանդ, որ ես համերգից ուշանում եմ:

Տղամարդ.- (Կնոջը): Այնուամենայնիվ նրան ասել է պետք:

Կին.- Իհարկե, կթվարկեմ մի քանիսը` խնձոր, տանձ, կեռաս, նուռ…

Գնորդ.- Օ՜…

Կին.-…բանան, նարինջ, արքայախնձոր…

Գնորդ.- Օ օ՜…

Կին.- … անանաս, կոկոս, կիտրոն…

Գնորդ .- Օ օ օ՜…

Կին.- … սալոր, սերկևիլ, թութ, ադամաթուզ…

Գնորդ.- Ադամաթո՞ւզ…

Կին.- Այո, ի՞նչ կա զարմանալու:

Գնորդ.- Ես չզարմացա, տիկին, պարզապես առաջին անգամ եմ լսում այդ պտղի անունը: Կցանկանայի տեսնել այդ ծառը:

Տղամարդ.- Այդ ծառն անհնար է տեսնել:

Գնորդ.- Կտրել ե՞ք…

Կին.- (վրա տալով): Ո’չ, ո՜չ… ո՞ւմ ձեռքը կգնա` կտրել ադամաթզենին… Ամուսինս ուզում էր ասել, որ այգում այնքա՜ն շատ ծառ կա, որ դրանց խիտ շարքերում անհնար է տեսնել միայն մեկը: Դուք ստիպված եք բազմաթիվ ծառեր տեսնել և, իհարկե, դրանց թվում` ադամաթզենին: Ներեցեք, պարոն, բայց ամենամեծ հրճվանքն ապրելու համար անգամ, չարժե այդ ծառն առանձնացնել մյուսներից, քանզի այգին գեղեցիկ է իր համայնապատկերով: Դուք համաձա՞յն եք ինձ հետ:

Գնորդ.- Լիովին համաձայն եմ: Ես պատրաստ եմ տեսնել խիտ շարքերով շատ ու շատ պտղատու ծառեր, դրանց թվում, իհարկե, ադամաթզենին… Դե, ի՞նչ, գնա՞նք այգի:

Տղամարդ.- Ծառերը տեսնելու համար պարտադիր չէ այգի գնալ:

Գնորդ.- Տրամաբանական է: Պատրաստ եմ ընդառաջել ձեր առաջարկին:

Տղամարդը և Կինը ոտքի ելնելով մոտենում են գնորդին, կանգնում նրա աջ ու ահյակ կողմերում:


Տղամարդ.- (հանդիսավոր): Համեցեք, պարոն, մոտեցեք պատուհանին, ետ քաշեք վարագույրը և հիացեք պտղատու այգով: Ձախից՝ 5-րդ շարքի 14-րդը ադամաթզենին է:

Գնորդ.- Դուք շատ բարի եք: (Մոտենում, ետ է քաշում վարագույրը` ի հայտ բերելով, որ պատուհանը քարապատված է:) Իսկապես, լավ այգի է; Միայն պատն է շատ և` ամուր քարերով:

Տղամարդ.- Այո, այդ պատը մեր հպարտությունն է, քանզի դա շարել է, մեր քաղաքի հանրահա՜յտ, բոլորի կողմից խորապես հարգված նշանավոր պարոնը, ով զավթեց մեր այգին ու պարսպապատեց այն:

Գնորդ.- (ակնածանքով): Օ՜, մի՞թե հենց նա:

Տղամարդ.- Այո պարոն: Դա մեծ պատիվ է մեզ համար, այդ մասին նույնիսկ թերթերում գրեցին:

Գնորդ.- Պարսպապատելո՞ւ մասին:

Տղամարդ.- Ոչ, իհարկե, մեզ տրված մեծ պատվի մասին:

Գնորդ.- Տրամաբանական է:

Տղամարդ.- (Կնոջը): Սիրելիս, փակիր պատուհանը, այգուց սառը օդ է փչում: (Կինը շտապում է վարագուրել պատուհանը: Գնորդին:) Քանի դեռ տիկինը ոտքի վրա է, խնդրեմ` նստեք նրա աթոռին: Մենք մեր ողջ կահ-կարասին վաճառեցինք և, ինչպես տեսնում եք, երրորդ աթոռը պահելու կարիք բոլորովին չկար: (Նստում է իր տեղում` ձեռքով ցույց տալով դիմացի աթոռը:) Համեցեք, համեցեք նստեք:

Գնորդ.- (տատանվում է): Սակայն, տիկինը կցանկանա՞ նստել ճամպրուկին…

Տղամարդ.- Մի անհանգստացեք: Եթե նա ցանկանա նստել աթոռին ` ես կզիջեմ իմ տեղը:

Գնորդ.- Սակայն, դուք կցանկանա՞ք նստել ճամպրուկին…

Տղամարդ.- Մի անհանգստացեք, եթե ես ցանկանամ նստել, դուք կզիջեք ինձ ձեր տեղը… Մեր երկրում կարևորը սոցիալական արդարությունը պահպանելն է, այնպես չէ՞:

Գնորդ.- Տրամաբանական է: (Նստում է:)

Կին.- Իսկ բնակարանը ձեզ դո՞ւր եկավ:

Գնորդ.- Խոստովանեմ, սա իսկ և իսկ իմ երազածն է:

Տղամարդ.- (տխրամած): Ես այս տանն եմ ծնվել:

Գնորդ.- Օ՜:

Կին.- Մեր հայրերն էլ են այս տանը ծնվել ու պապերն էլ:

Գնորդ.- Օ օ՜…

Տղամարդ.- Եվ նրանց պապն ու նրանց պապը և պապի պապը և նրանց պապը…

Կին.- Եվ նույնիսկ մեր շունը` Ալֆան, և նրա մայրը, նրա մոր մայրը և նրա մոր մայրը…

Տղամարդ.- (ինքն իրեն, ինքնաբերաբար շարունակում է)… և պապի պապը և պապի

պապը…

Գնորդ.- Եվ դուք ուզում եք վաճառե՞լ այս պատմական բնակարանը:

Կին.- Մենք այդ մասին երկար ենք մտածել… մաքառել ենք, ինքներս մեր դեմ կռիվ տվել… Եվ, ի վերջո, մենք հաղթեցինք…

Տղամարդ.- Մենք պարտվեցինք:

Կին.- Վճռված է` մենք մեկնում ենք:

Տղամարդ.- Մենք նահանջում ենք:

Կին.- Մենք վաճառել ենք ողջ կահ-կարասին, մնացել է միայն բնակարանը, որը թեև շատ թանկ է մեզ համար…

Գնորդ.- Թա՞նկ է… Այնուամենայնիվ, գուցե գնի հարցում մենք փոխզիջմա՞ն գանք… Մանավանդ, որ այս տունը, որքան հասկացա, շատ հին է, գուցե` հնադարյան:

Տղամարդ.- Անպատմելի հին: Այստեղ գիշերել է Հաննիբալը:

Գնորդ.- Հուսով եմ, որ այն չեք վաճառում որպես պատմական հուշարձան:

Կին.-(ինքն իրեն):Այս տունն արդեն պատմություն չունի:Միայն հիշողություններ են:

Գնորդ.- Այնուամենայնիվ, կուզեի գինն իմանալ:

Տղամարդ.- (կարճ դադարից հետո): Ոչինչ:

Գնորդ.- (չընկալելով): Ներեցե՞ք…

Տղամարդ.- Տունը ոչինչ չարժի: Մենք այն նվիրում ենք:

Գնորդ.- Ինչպե՜ս…այսքան հին պատմություն ունեցող, բոլոր հարմարություններով, կենտրոնում և… նվիրո՞ւմ եք:

Կին.- (անհարմար զգալով): Բանն այն է, պարոն…ըմմ… բանն այն է, որ… Ինչպե՞ս ասեմ, որ հասկանալի լինի: Մենք, իրապես, տունն անվճար կտանք նրան, ով կգնի…

Գնորդ.- Ես ցանկանում եմ գնել… Բայց ինչպե՞ս գնեմ, երբ դա տրվում է անվճար…

Կին.- Բանն այն է պարոն…ըմմ… Բանն այն է, որ…Ինչպե՞ս ասեմ, որ ավելի հասկանալի լինի…Նա, ով կդառնա այս տան տերը…ըմմ…Նա, ով կհամաձայնի…

Տղամարդ.- (կնոջն օգնության հասնելով): Մենք կուտակված պարտքեր ունենք, պարոն… ջրի վարձ, գազի, էլեկտրականության…

Կին.- Հեռախոսի վարձ… Խանութից ապառիկ մթերք ենք վերցրել…

Տղամարդ.- …Աղբաթափման վարձ, գույքահարկ… Մի խոսքով այդ բոլորը գրանցվում է նոր տանտիրոջ հաշվին, քանի որ դրանք արձանագրված են այս տան հասցեով… Իսկ տունը… Տունը, բնականաբար, նվիրաբերվում է … Կարծում եմ բարոյական չի լինի, որ այդքանից հետո տան համար փող պահանջենք…

Գնորդ.- (թաշկինակով սրբում է քրտնած ճակատը): Գրողը տանի, դուք վախեցրիք ինձ… Ախր, ո՞վ հիմա կոմունալ վարձերի պարտք կամ ապառիկ չունի… Դա վաղուց նորմալ երևույթ է և տրամաբանական է, որ դրանք արձանագրվում են տան հասցեով: Այնուամենայնիվ, պարոն, ես կցանկանայի վերջնականապես ճշտել` տան համար ես ոչինչ չպե՞տք է վճարեմ…

Կին.- Տան համար` ոչինչ: Արդեն ասացինք` մենք նվիրում ենք տունը: Դուք պետք է գնեք մեր պարտքերը…

Տղամարդ.- Եվ , անպայմանորեն` բոլոր հիշողությունները, որոնք կապված տան հետ, քանի որ դրանք նույնպես արձանագրված են այս տան հասցեով:

Կին.- Նաև` Ալֆայի հուշը:

Տղամարդ.- Եվ մեր ապուպապերի …

Կին.- Չմոռանամ ասել, որ Ալֆան սովից մեռավ… Մենք ի վիճակի չէինք նրան կերակրել…

Տղամարդ.- Չմոռանամ ասել, որ իմ ապուպապերի երազանքն էր մրգատու ծառերով այգի ունենալ և ամուր տուն: Նրանք այգի են հիմնել ու կառուցել են այս տունը:

Կին.- Նրանք սերնդե-սերունդ կառուցել են այս տունը և սերնդե-սերունդ խնամել են այգին…

Տղամարդ.- Նրանք սերնդե-սերունդ անընդհատ կառուցել են այս տունը և սերնդե-սերունդ անընդհատ խնամել են այգու շիվերը:

Կին.- Տան կառուցումն ավարտելու և այգու առաջին բերքը վայելելու երջան¬կութ-յունը մենք ունեցանք:

Տղամարդ.- Բացի արգելված պտղից:

Գնորդ.- (իբր թե՝զարմացած): Այգում արգելված պտու՞ղ կա:

Տղամարդ.- Այո: Իմ ապուպապը պատգամել էր, որ դրանից չուտենք:

Գնորդ.- Թերևս դուք չեք դիմացել գայթակղությանը և կերել եք արգելված պտուղը:

Տղամարդ.- Ոչ, չենք կերել:

Կին.- Ոչ, չենք կերել:

Գնորդ.- Ես խոստանում եմ, որ ինքս էլ չեմ ուտի դրանից:

Տղամարդ.- Այդպես խոստացավ նաև հանրահայտ Նշանավորը, ով հյուր էր եկել մեզ և ցանկություն հայտնեց զբոսնել այգում:

Կին.- Մենք նրան ուղեկցեցինք այգի:

Տղամարդ.- Մենք նրան ուղեկցեցինք այգի ու ցույց տվեցինք արգելված պտղի ծառը:

Կին.- Մենք զգուշացրեցինք նրան, որ արգելված պտղից չուտի:

Տղամարդ.- Բայց նա, օգտվելով, որ իր կողմը չենք նայում, ծածուկ քաղեց արգելված պտուղն ու կերավ:

Գնորդ.- Նա թունավորվե՞ց:

Կին.- Ավելի վատ բան տեղի ունեցավ:

Գնորդ.- Կուրացա՞վ:

Կին.- Ավելի վատ բան տեղի ունեցավ:

Գնորդ.- Խելագարվե՞ց:

Կին.- Ավելի վատ բան տեղի ունեցավ:

Գնորդ.- Մահացա՞վ:

Կին.- Ավելի վատ բան տեղի ունեցավ: Նա ձեռք բերեց անբուժելի հիվանդություն` Բուլիմիա, Դժոխորովայն…

Տղամարդ.- Դա ագահ, շատակեր- անկշտության ախտ է, հոգեկան հիվանդություն:

Գնորդ.- Ես չեմ լսել այդ մասին, բայց կարծում եմ, որ դա սարսափելի է:

Տղամարդ.- Այո, մանավանդ՝ շրջապատի համար: Բուլիմիաով տառապողները ամայացնում են շրջապատը:

Դադար, որի ընթացքում Գնորդը, ամուսինների սևեռուն հայացքի տակ, թաշկինակով սրբում է քրտնած ճակատը, պարանոցը, ապա վճռականորեն թափահարելով գլուխը, գրպանից հանում է հաշվիչը, սկսում է հաշվարկներ անել:


Կին.- Նա թվեր է գրում:

Տղամարդ.- Նա բազմապատկում է:

Կին.- Նա կշռում է:

Տղամարդ.- Նա չափում է:

Գնորդ.- (հաշվիչը գրպանը դնելով): Վճռված է: Ես գնում եմ այս տան վրա արձանագրված բոլոր պարտքերը և բոլոր հիշողությունները: (Գրպանից հանում է դրամապանակը:) Ինչքա՞ն պիտի վճարեմ:

Կին.- Մեզ վճարել պետք չէ… Ըմմ… ինչպես ասեմ, որ հասկանալի լինի… Դուք պարտքերի և տան հետ կապված հիշողությունների դիմաց մեզ պետք է տաք… երկու տոմս…

Գնորդ.- (ոտքի է ցատկում): Օ՜, ոչ, ես անպայման պետք է լսեմ Սպիվակովին… Դա արժանապատվության խնդիր է… Ես պարտավոր եմ բարձրաշխարհիկ երևալ…

Տղամարդ.- Դուք սխալ հասկացաք… (Գլխահակ, դժվարությամբ:) Գնացքի երկու տոմս…

Գնորդ.- (փլվում է աթոռին, թաշկինակով սրբում է ճակատը): Աստված իմ, դուք արդեն չորրորդ անգամ վախեցրիք ինձ:

Տղամարդ.- (անկիրք): Հինգերորդ:

Կին.- Իմ կարծիքով, դուք երկուսդ էլ սխալվում եք: (Գնորդին:) Երբ ամուսինս թվարկում էր մեր պարտքերը, դուք ամեն մեկի մասին լսելով ցնցվում և վախենում էիք:ՈՒստի դուք վախեցել եք քսաներկու անգամ:

Գնորդ.- Ամենևին:

Կին.- Քսա՞ն:

Գնորդ.- Ամենևին:

Կին.- Գուցե՝ ավելի՞ քիչ…

Գնորդ.- Ամենևին:

Կին.- Ամուր նյարդեր ունեք:

Գնորդ.- (տղամարդուն): Թող լինի ձեր ասածը, համաձայն եմ` ինձ վախեցրիք երրորդ անգամ: Սակայն, կցանկանայի ճշտել, թե ո՞ւր եք մեկնելու, որպեսզի տոմս պատվիրեմ:

Կին.- Երկու տոմս:

Գնորդ.- Սակայն, կցանկանայի ճշտել, թե ո՞ւր եք մեկնելու, որպեսզի երկու տոմս պատվիրեմ:

Տղամարդ.- (գլխահակ, հոգոցով): Աստված գիտե:

Գնորդ.- Այդքան մո՞տ: (Տղամարդը գլխով է անում):

Բարձրախոսից լսվում է Ուղեկցողի ձայնը. ,Ուշադրություն: Գնացք համար իքս-իգրեկը մեկնում է երկրորդ գծից: Ճանապարհողներին խնդրվում է հրաժեշտ տալ ուղևորներին և դուրս գալ վագոններից: Ուշադրություն: Երկրորդ անգամ չեմ կրկնումե:

Գնորդ.- (ոտքի է կանգնում): Ժամանակն է, գնամ: Կարող եք չանհանգստանալ, այսօր իսկ կպատվիրեմ ձեր տոմսերը:

Կին.- Դուք անչափ բարի եք, պարոն:

Գնորդ.- Ցտեսություն ձեզ: (Դուրս է գնում՝ ձուլվելով պատին):

Դադար, որի ընթացքում կինը զբաղեցնում է իր տեղը:

Կին.- Նրա դեմքն ինձ ծանոթ թվաց:

Տղամարդ.- Նրանք բոլորն էլ նույն դեմքն ունեն:

Կին.- Ովքե՞ր:

Տղամարդ.- Նրանք:

Դադար:

Լռությունը խզում է Կինը` ափով դանդաղ ռիթմով խփելով սեղանին: Մի

քանի հարվածներից հետո ամուսինը վարվում է նույն կերպ` սեղանին

խփելով կնոջ հարվածների միջնադադարի ժամանակ: Նրանք երկու

ձեռքով սկսում են թմբկահարել` նմանեցնելով արագություն վերցնող

գնացքի անիվների թրխկոցի:

Աստիճանաբար ավելի ուժգին են խփում , էլ ավելի ուժգին, առավել

ուժգին, արագ ու նյարդային` ստեղծելով ծայր աստիճան աղմուկ , որն

ուղեկցվում է գնացքի երկար ու զիլ սուլոցով:

Միանգամից` դադար: Մնում են սֆինքսի քարացածությամբ:

Տղամարդ.-(խնդրանքով): Անունդ չմոռանաս:

Կին.- (խնդրանքով): Չմոռանաս անունդ:

Տղամարդ.-(ինքն իրեն): Անունդ չմոռանաս:

Կին.- (ինքն իրեն): Չմոռանաս անունդ:

Հեռվից, շատ հեռվից լսվում է ուղեկցողի բարձրախոսով արված հայտա¬¬րա¬րությունը` ,Գնացք համար իքս-իգրեկը մեկնում է երկրորդ գծիցե:

Պատից հայտնվում է ուղեկցողը:

Ուղեկցող.- Բարև ձեզ տիկին, բարև ձեզ պարոն: Հուսով եմ հարմար եք տեղավորվել:

Տղամարդ.- Ձեր հույսն արդարացված է:

Ուղեկցող.- (նրանց առջև թղթեր դնելով): Մինչև սահմանն անցնելը դուք պարտավոր եք լրացնել այս թերթիկները, պատասխանել հարցերին անկեղծորեն, առանց որևէ բան թաքցնելու:

Տղամարդ.- (նայելով առջևը դրված թղթին): Բայց…պատասխաններն արդեն գրված են…

Ուղեկցող.-Այո, պարոն, դա արվում է ձեր ժամանակը խնայելու համար: Դուք միայն ստուգեք` անկե՞ղծ է լրացված, որևէ փաստ չե՞ք թաքցրել: Եթե այդպես է, ձեզ մնում է միայն ստորագրել:

Կին.-(նայելով առջևը դրված թղթին): Բայց… արդեն ստորագրված է…

Ուղեկցող.-Այո, տիկին, դա արվում է ձեզ նեղություն չպատճառելու համար:

Տղամարդ.-(նայելով առջևը դրված թղթին): Իմ անունը փոխված է…

Կին.-(նայելով առջևը դրված թղթին): Իմ անունը` նույնպես…

Ուղեկցող.-Դա արվում է ձեր հարմարավետության համար, որպեսզի օտար երկրում խորթություն չզգաք:

Տղամարդ.- Այս թերթիկը պարտադի՞ր է…

Ուղեկցող.-Դա արվում է ձեր ապահովության համար (անմիջապես վերցնում է թղթերը): Իսկ այժմ, խնդրում եմ ներկայացնել ձեր տոմսերը: (Կինը ձախ թևքից հանում, նրան է մեկնում խնամքով ծալված թաշկինակը: Ուղեկցողը բացելով դրա ծալքերը` ուշադիր զննում է): Օ՜, որքան թաց է…

Կին.- Մեկնելիս մենք արտասվեցինք:

Ուղեկցող.- (շարունակում է զննել): Հասկանում եմ… (Ասես` կարդում է թաշկինակը:) Դուք վաճառել եք ձեր տունը…

Կին.- Այո:

Ուղեկցող.-… տան հետ կապված բոլոր հուշերն ու պատմությունը…

Տղամարդ.- Այո:

Ուղեկցող.-…նաև` ձեր պարտքերը…

Տղամարդ.- Այո:

Ուղեկցող.-…գործազուրկ եք…

Տղամարդ.- (ամոթով, գլխահակ): Այո:

Ուղեկցող.- (ծալելով թաշկինակը ետ է վերադարձնում): Ամեն ինչ կարգին է: Թե՞յ, սո՞ւրճ:

Տղամարդ.- Անշուշտ:

Կին.- Ջրո՞վ:

Ուղեկցող.- Նաև` կաթով:

Կին.- Շաքարո՞վ:

Ուղեկցող.- Նաև` մեղրով:

Տղամարդ.- Ի՞նչ արժե երկու բաժակ թեյը:

Ուղեկցող.- Անվճար է, պարոն:

Կին.- (ցավակցող): Դուք կոմունալ վարձերի պա՞րտք ունեք…

Ուղեկցող.- Ամենևին, տիկին:

Կին.- Սննդամթերքի խանութում ապառի՞կ…

Ուղեկցող.- Ամենևին, տիկին:

Տղամարդ.- Գործազու՞րկ եք…

Ուղեկցող.- Ոչ պարոն: Ես աշխատում եմ 21-րդ դարում և գոհ եմ իմ վաստակից: Թե՞յ, սո՞ւրճ:

Տղամարդ.- Սակայն, ինչո՞ւ է անվճար:

Ուղեկցող.- Հյուրասիրության գինը մտնում է տոմսի արժեքի մեջ:

Տղամարդ.- Դուք վստա՞հ եք, որ 21-րդ դարում եք աշխատում:

Ուղեկցող.- Անկասկած:

Տղամարդ.- Այդ դեպքում` թեյ:

Կին.- Հնդկական:

Ուղեկցող.- Խնդրեմ, տիկին:

Կին.- Շաքարով:

Ուղեկցող.- Խնդրեմ, տիկին:

Կին.- Տաք:

Ուղեկցող.- Խնդրեմ, տիկին: (Խոնարհվելով դուրս է գնում՝ ձուլվելով պատին):

Կարճ դադար:

Կին.-Նրա դեմքն ինձ ծանոթ թվաց:

Տղամարդ.- Նրանք բոլորը նույն դեմքն ունեն:

Կին.- Ովքե՞ր:

Տղամարդ.- Նրանք:

Կին.- (ոչ ոքի չդիմելով): Չմոռանաս անունդ:

Տղամարդ.- (ոչ ոքի չդիմելով): Անունդ չմոռանաս:

Կարճ դադար:

Տղամարդն ու Կինը ոչ բարձր, բայց նյարդային թմբկահարում են

սեղանը՝ գնացքի անիվների ռիթմով:

Թմբկահարելու ավարտն ու պատից Ոստիկանի հայտնվելը

միաժամանակ է կատարվում:

Ոստիկան.- (պատվի առնելով): Ձեր փաստաթղթերը, խնդրեմ:

Կին.- Մենք արդեն սահմանի վրա ե՞նք:

Ոստիկան.- Դուք արդեն սահմանն անցնելու վրա եք: Ձեր փաստաթղթերը, խնդրեմ:

Կին.- (թևքից հանում է թաշկինակը): Խնդրեմ` իմ մահվան վկայականը:

Ուղեկցող.- (բացելով դրա ծալքերը` զննում է): Օ՜, մահկանացուն կնքել 4504 տարեկանում… Փառավոր տարիք է: (Ծալելով թաշկինակը վերադարձնում է Կնոջը: Տղամարդուն:) Ձեր վկայականը, պարոն:

Տղամարդ.- Բարի եղեք, այդ վկայականը համարեք նաև իմը:

Ոստիկան.- Ինչպես կկամենաք: (Պատվի է առնում:) Բարի ճանապարհ: (Դուրս է գնում՝ ձուլվելով պատին):

Կարճ դադար:

Կին.- Նրա դեմքն ինձ ծանոթ թվաց:

Տղամարդ.- Նրանք բոլորը նույն դեմքն ունեն:

Կին.- Ովքե՞ր:

Տղամարդ.- Նրանք:

Կարճ դադար:

Տղամարդն ու Կինը թմբկահարում են սեղանը սլացող գնացքի անիվների

ռիթմով:

Թմբկահարելու ավարտն ու պատից Ուղեկցողի հայտնվելը

միաժա¬¬¬մանակ է կատարվում:

Ուղեկցող.- (թեյի բաժակներով սկուտեղը դնում է սեղանին): Վայելեցեք, խնդրեմ:

Կին.- Շնորհակալություն:

Տղամարդ.- Մենք շո՞ւտ կհասնենք:

Ուղեկցող.- Նայած ո՞ւր եք մեկնում՝ հարա՞վ, հյուսիս, թե՞ արևմուտք:

Տղամարդ.- Արևմուտք:

Ուղեկցող.- Եթե խցանումներ չլինեն` երկար կգնաք:

Կին.- Իսկ խցանումներ հաճա՞խ են լինում:

Ուղեկցող.- Նայած թե ինչ պատճառով եք մեկնում. քաղաքակա՞ն շարժառիթով, թե՞ քրեական, գործազրկությա՞ն, թե՞ բիզնեսի, պատերազմի՞, թե՞ խաղաղության, առաջընթացի՞, թե՞ հետմնացության…

Տղամարդ.- (ընդհատում է): Շնորհակալություն տեղեկության համար:

Ուղեկցող.- Խնդրեմ: Դա իմ պարտականությունն է: Թեյը հավանեցի՞ք:

Կին.- Հաճելի բուրմունք ուներ:

Տղամարդ.- Եվ քաղցր էր:

Կին.- Եվ չափավոր տաք:

Ուղեկցող.- Եթե դուք ինձ այլ հարցեր չունեք, թույլ տվեք գնալ: Ճապոնիա մեկնող ուղևորների համար խորոված եմ տանելու:

Կին.- Նրանք ճապոնացի՞ են:

Ուղեկցող.- Զտարյո՛ւն:

Տղամարդ.- (կնոջը): Դու այլ հարցեր չունե՞ս:

Կին.-Ոչ: Իսկ դո՞ւ:

Տղամարդ.- Ես էլ չունեմ:

Ուղեկցող.- Այդ դեպքում` ցտեսություն: (Չխմված թեյի բաժակները սկուտեղով վերցնում, դուրս է գնում՝ ձուլվելով պատին):

Կինն ու տղամարդը, դարձյալ, դեմ-դիմաց նստում, միմյանց են հառում անթափանց հայացքները:

Կարճ դադար:

Կին.- Զարմանալի է, չէ՞, որ ճապոնացիները Ճապոնիա են մեկնում: (Տղամարդը չի պատասխանում:) Զարմանալի է, չէ՞, որ ճապոնացիները Ճապոնիա են մեկնում: (Տղամարդը չի պատասխանում:) Զարմանալի է, չէ՞, որ ճապոնացիները Ճապոնիա են մեկնում:

Դադար:

Կին.- Զարմանալի է, չէ՞, որ Ճապոնիայում ճապոնացիներ են ապրում:

Դադար:

Տղամարդ.- (ինքն` իրեն): Հուդան համբուրեց Հիսուսին:

Կին.- (ինքն` իրեն): Ամբոխը ընտրեց Բարաբբային:

Տղամարդ.- (ինքն` իրեն): Բրուտոսը սպանեց Կեսարին:

Կին.- (ինքն` իրեն): Սոդոմը և Գոմորը կործանվեցին:

Տղամարդ.- (ինքն` իրեն): Կայենը սպանեց Աբելին:

Կին.- (ինքն` իրեն): Պիղատոսը լվաց ձեռքերը:

Տղամարդ.- (ինքն` իրեն): Պոմպեյի ավերակների մեջ պեղեցին երեք կմախք: Երկուսը` շղթայակապ ստրուկներ էին, մեկը` նրանց տերն էր:

Կին.- (ինքն` իրեն): Բաբելոնի աշտարակը կիսակառույց մնաց:

Տղամարդ.- (ինքն` իրեն): Մեր այգին պարսպապատվեց:

Որոտի պես ուժգին ու անսպասելի հնչում է սլացող գնացքի աղմուկն ու հանկարծակի դադարում է:

Դադար:

Լսվում է ուղեկցողի բարձրախոսով արված հայտարարությունը. ,ՈՒշադրություն, գնացքը մոտենում է երկրի սահմանին: Նախապատրաստվեք լռության րոպեինե, և անմիջապես հայտնվում է Ուղեկցողը:

Ուղեկցող.- Դուք նախապատրաստվե՞լ եք լռության րոպեին:

Տղամարդ.- Մենք կարող ենք լռել:

Կին.- Մենք կարողանում ենք լռել:

Ուղեկցող.- Կարևորն այն չէ, որ դուք կարողանում եք լռել, այլ այն, որ լռե’ք, երբ դա պահանջվում է:

Տղամարդ.- Դա պարտադի՞ր է:

Ուղեկցող.- Դա պարտք է:

Կին.- Բայց մենք լռելյայն մարել ենք մեր բոլոր պարտքերը:

Ուղեկցող.- Այո, տիկին, դուք ամեն ինչ եք մարել: Դեպարտամենտին դա հայտնի է ձեր կողմից լրացված և ստորագրված հարցաթերթիկներից: Սակայն մինչև սահմանն անցնելը դուք պարտավոր եք լռելու ձեր պարտքը տալ:

Կին.-(Տղամարդուն): Դու լռելու պա՞րտք ես ունեցել:

Տղամարդ.- Ոչ: Իսկ դու՞…

Ուղեկցող.-Դա բարոյական պարտք է: Մինչև սահմանն անցնելը դուք բարոյական պարտք ունեք` հուշարձանի մոտ մեկ րոպե լռությամբ հարգել այն հերոսների հիշատակը, ովքեր զոհվել են հարևան երկրի հետ պատերազմում:

Տղամարդ.- (հնազանդորեն): Մենք հուշարձանի մոտ մեկ րոպե լռությամբ կհարգենք այն հերոսների հիշատակը, ովքեր զոհվել են հարևան երկրի հետ պատերազմում:

Ուղեկցող.-Չմոռանաք ոտքի կանգնել:

Տղամարդ.- Մենք հուշարձանի մոտ, հոտնկայս, մեկ րոպե լռությամբ կհարգենք այն հերոսների հիշատակը, ովքեր զոհվել են հարևան երկրի հետ պատերազմում:

Ուղեկցող.- Աջ ձեռքը ձախ կրծքին հպած:

Տղամարդ.- Մենք հուշարձանի մոտ, հոտնկայս, մեկ րոպե լռությամբ, աջ ձեռքը ձախ կրծքին հպած կհարգենք այն հերոսների հիշատակը, ովքեր զոհվել են հարևան երկրի հետ պատերազմում:

Ողեկցողը կտրուկ շրջվում, դուրս է գնում` ձուլվելով պատին:

Դադար:

Կին.- Դու այդ ու՞մ հետ էիր խոսում:

Տղամարդ.- (չի շտապում պատասխանել): Մի՞թե ես խոսել եմ:

Կին.- Ինձ թվաց, թե դու խոսում ես ինչ-որ լռության րոպեի մասին:

Տղամարդ.- Քեզ թվացել է:

Կին.-(ոչ ոքի չդիմելով): Ի՞նչ բան է լռությունը:

Տղամարդ.-(ոչ ոքի չպատասխանելով): Լռությունն այն է, որի մասին խոսում են:

Կին.-(ոչ ոքի չդիմելով): Ի՞նչ բան է մեկ րոպե լռությունը:

Տղամարդ.-(ոչ ոքի չպատասխանելով): Մեկ րոպե լռությունն այն է, որի մասին խոսում են դարերով :

Լսվում է Ուղեկցողի ձայնը բարձրախոսից`,Ուշադրություն, հայտա¬րարվում է լռության րոպեե:

Տղամարդը և Կինը, դիմահայաց նստած, չեն շարժվում:

Բարձրախոսից` պահանջկոտ. ,Ուշադրություն, հայտարարվում է լռության րոպեե:

Տղամարդը և Կինը չեն շարժվում:

Բարձրախոսից` սպառնալից. ,Ուշադրություն, հայտարարվում է լռության րոպեե :

Տղամարդը և Կինը ոտքի են կանգնում, աջ ձեռքը հպում ձախ կրծքին, և նույն վայրկյանին չարագույժ հնչում է շչակը`տագնապի ազդանշանով:

Շչակի լռելուն պես` բարձրախոսից, հանդիսավորապես, հայտա¬րարվում է. ,Լռության րոպեի ավարտըե:

Տղամարդը և Կինը նստում են:

Պատից հայտնվում է Գնորդը:

Գնորդ.- Բարև ձեզ: Քանի որ կոճակն աշխատում է, զանգը սարքին է, էլեկտրա¬- կանություն չկա և հետևաբար ես պետք է թակեի դուռը, դուք չպետք է պատասխանեիք ու ես ստիպված ներս պետք է մտնեի, ես չընկա ձևականությունների ետևից և ներս մտա:

Տղամարդ.- (անկիրք, նրան չնայելով): Բարև ձեզ, պարոն, խնդրեմ, նստեք:

Գնորդ.- Օ՜ ոչ: Կարևոր գործեր ունեմ, շտապում եմ հանդիպել Սպիվակովի համերգի ունկնդիրներին, ովքեր երկու օր առաջ չէին կարողացել համերգի տոմս ձեռք բերել, որովհետև համերգը չեղյալ էր հայտարարվել:

Կին.- Ափսոս, ինչից են զրկվել:

Գնորդ.- Այո, մանավանդ, որ մեծ երաժիշտը հանդես է եկել բոլորովին դատարկ դահլիճում: (Նկատելով ծաղկամանը` վերցնում, զննում է): Չմոռանամ հիշեցնել, որ դուք ինձ չեք նախազգուշացրել, թե քանի՞ օրը մեկ պետք է ջրել այս ծաղիկը:

Տղամարդ.- Նեղություն մի քաշեք, այդ ծաղկամանը մենք վերցնում ենք մեր հետ:

Գնորդ.- Ձեր հե՞տ: Մի՞թե սա տան հետ չի վաճառվում:

Կին.- Բայց տունը մենք չենք վաճառել, նվիրել ենք:

Տղամարդ.- Դուք գնել եք միայն մեր պարտքերը:

Գնորդ.- :(ծաղկամանը տեղը դնելով): Ինչ արած…ափսոս…

Տղամարդ.- Դուք փոշմանե՞լ եք…

Կին.- Դուք զղջացե՞լ եք…

Գնորդ.- Ամենևին: Ես ծաղիկն եմ ափսոսում: Չե՞ք վաճառի:

Կին.- Ոչ, պարոն, այն չի վաճառվում:

Գնորդ.- Ես պատրաստ եմ մեծ գումար վճարել:

Տղամարդ.- Մեզ փող պետք չէ, մեզ միայն երկու տոմս է անհրաժեշտ:

Կին.- Գնացքի:

Գնորդ.- Ես կարող եմ գնացքի ևս երկու տոմս առաջարկել:

Կին.- Ծաղիկը չի վաճառվում:

Գնորդ.-Ի”նչ արած: (Աչքը ծաղկամանից չկտրելով` սեղանին է դնում տոմսերը): Ահա, խնդրեմ, ձեր երկու տոմսը` պատվիրված ուղղությամբ: Խնդրում եմ հաշվել: Տոմսը հաշվել է սիրում:

Տղամարդ.- Այո, անշուշտ:

Գնորդ.- Կարո՞ղ եմ բարձրաձայն ասել, որ այս տունն արդեն իմն է:

Տղամարդ.- Խնդրում եմ, մեր մեկնելուց հետո:

Գնորդ.- Ձեր մեկնելուց հետո կարո՞ղ եմ բարձրաձայն ասել, որ այս տունն արդեն իմն է:

Կին.- Բայց լավ կլինի, որ այդ մասին մենք նախօրոք չիմանանք:

Գնորդ.- Տրամաբանական է: Իսկ հիմա քաղաքավարությունը պահանջում է, որ ձեզ բարի ճանապարհ մաղթեմ:

Տղամարդ.- Մաղթեք:

Գնորդ.- Բարի ճանապարհ:

Կին.- Չմոռանաք Ալֆային կերակրել:

Գնորդ.- Իհարկե, իհարկե, ես չեմ մոռացել, որ նա սովից սատկել է երկու տարի առաջ: Երկրորդ անգամ դա թույլ չեմ տա:(Թեթև խոնարհումով:) Պատիվ ունեմ: (Արագ դուրս է գնում՝ ձուլվելով պատին):

Դադար:

Կին.- (ինքն` իրեն): Ե՞րբ են պարում մարդիկ:

Տղամարդ.- (ինքն` իրեն): Մարդիկ չեն պարում:

Կին.- (ինքն` իրեն): Ես հիշում եմ, թե ինչպես էինք մենք պարում: (Տեղից ելնելով դանդաղ գալիս է սեղանի դիմաց):

Տղամարդ.-(ինքն` իրեն): Մի՞թե մենք երբևէ պարել ենք: (Դանդաղ մոտենում է կնոջը, կանգնում նրա դիմաց):

Մեղմ հնչում է տանգոն:

Կին.- Դու գրկեցիր իմ իրանը: (Տղամարդը գրկում է նրա իրանը:) Ես աջ ձեռքս դրեցի քո ձախ ափի մեջ: (Տանգոյի դիրք են ընդունում:) Մենք պարեցինք երկա՜ր- երկար…

Երաժշտության ձայնը բարձրանում է:Նրանք, տանգոյի դիրքով, անշարժ կանգնած են:

Մթություն:

Լուսավորվում է. նրանք նույն դիրքով կանգնած են ձախ կողմում:

Մթություն:

Լուսավորվում է. նրանք նույն դիրքով կանգնած են աջ կողմում:

Մթություն:

Լուսավորվում է. նրանք նույն դիրքով կանգնած են սկզբնական տեղում:

Մթություն:

Լուսավորվում է. նրանք սեղանի մոտ նստած են դեմ-դիմաց:

Կարճ դադար:

Կին.- Գնորդի դեմքն ինձ ծանոթ թվաց:

Տղամարդ.- Նրանք բոլորն էլ նույն դեմքն ունեն:

Կին.- Ուղեկցողի դեմքն ինձ ծանոթ թվաց:

Տղամարդ.- Նրանք բոլորն էլ նույն դեմքն ունեն:

Կին.- Ոստիկանի դեմքն ինձ ծանոթ թվաց:

Տղամարդ.- Նրանք բոլորն էլ նույն դեմքն ունեն:

Կին.-(ինքն` իրեն): Անունդ չմոռանաս…

Տղամարդ.- (ինքն` իրեն): Չմոռանաս անունդ…

Տղամարդն ու Կինը, միասին, անընդհատ կրկնում են այդ խոսքերը`

աստիճանաբար ձայնը ցածրացնելով, շշուկի հասցնելով:

Լսվում է Ուղեկցողի բարձրախոսով արված հայտարարությունը. ,ՈՒշադրություն, նախապատրաստվեք լռության րոպեիե, և անմիջապես հայտնվում է Ուղեկցողը:

Ուղեկցող.- Հուսով եմ, որ դուք նախապատրաստվել եք լռության րոպեին:

Տղամարդ և Կին.- (միաձայն, անհույզ): Մենք արդեն լռել ենք:

Տղամարդ.- Մենք արդեն լռել ենք` հոտնկայս, աջ ձեռքը ձախ կրծքին հպած:

Ուղեկցող.- Դուք, հոտնկայս, աջ ձեռքը ձախ կրծքին հպած, մեկ րոպե լռությամբ հարգել եք նախորդ երկրի հերոսների հիշատակը: Սահմանն անցել ենք, և դուք պարտավոր եք հարգել նաև հարևան երկրի հերոսների հիշատակը, ովքեր զոհվեցին պատերազմում:

Կին.- Նու՞յն պատերազմում:

Ուղեկցող.- Նույն պատերազմում:

Կին.- Նրանք սպանել են միմյա՞նց…

Ուղեկցող.- Նրանք մարդասպաններ չեն: Նրանք իրենց հայրենիքների պաշտպան-ներն են և հերոս նահատակներ:

Կին.-Նրանք ինչու՞ կռվեցին:

Ուղեկցող.- Հանուն հայրենյայց: Հուշարձանին այդ մասին գրված է:

Տղամարդ.- Հնարավոր չէ՞ր, արդյոք, սահմանի վրա մեկ հուշարձան կանգնեցնել ի պատիվ հանուն հայրենյայց զոհված երկու երկրների հերոսների և հարգել ընդհանուր հիշատակը մեկ րոպե լռությամբ:

Ուղեկցող.- Այդ դեպքում յուրաքանչյուր երկրի հերոսներին կընկներ լռության կես րոպե, մինչդեռ ընդունված է, որ հերոսների հիշատակը պետք է հարգել ամբողջական րոպեով:

Տղամարդ.- Մենք կարող էինք լռել երկու րոպե, յուրաքանչյուր երկրի հերոսների հիշատակի համար` մեկական:

Ուղեկցող.- Հնարավոր է, սակայն երկրի օրենքները նպատակաուղղված են մարդու բարօրության և հարմարավետության համար: Երկու րոպեի լռություն պահանջել քաղաքացուց և մեկը զիջել օտար երկրին, խոստովանենք` անարդար կլինի: Դուք անարդարությու՞ն եք ուզում:

Կին.- (երկյուղած): Մենք անարդարություն չենք ուզում:

Տղամարդ.- (հաստատում է): Մենք անարդարություն չենք ուզում:

Ուղեկցող.- Դեպարտամենտը դա հաշվի կառնի, մնում է գործով ապացուցեք:

Կին.- Ինչպե՞ս:

Տղամարդ.- Ինչպե՞ս:

Ուղեկցող.- Հուշարձանի մոտ մեկ րոպե լռությամբ հարգելով այն հերոսների հիշատակը, ովքեր զոհվել են հարևան երկրի հետ պատերազմում:

Տղամարդ.- Մենք հուշարձանի մոտ մեկ րոպե լռությամբ կհարգենք այն հերոսների հիշատակը, ովքեր զոհվել են հարևան երկրի հետ պատերազմում:

Ուղեկցող.- Չմոռանաք ոտքի կանգնել:

Տղամարդ.- Մենք հուշարձանի մոտ, հոտնկայս, մեկ րոպե լռությամբ կհարգենք այն հերոսների հիշատակը, ովքեր զոհվել են հարևան երկրի հետ պատերազմում:

Ուղեկցող.- Ձախ ձեռքը աջ կրծքին հպած:

Կին.- Ձախ ձեռքը աջ կրծքին հպա՞ծ:

Ուղեկցող.- Այո, ձախ ձեռքը աջ կրծքին հպած:

Կին.- (երկյուղած): Տեր Աստված… մենք սխալ ենք գործել… Քիչ առաջ, նախորդ հուշարձանի մոտով անցանք աջ ձեռքը ձախ կրծքին հպած…

Տղամարդ.- (Ուղեկցողին): Մենք սխա՞լ ենք գործել… Քիչ առաջ, նախորդ հուշարձանի մոտով անցանք աջ ձեռքը ձախ կրծքին հպած:

Ուղեկցող.- Մի անհանգստացեք, պարոն, մի անհանգստացեք, տիկին: Հարևան երկրի օրենքով, հանուն հայրենյայց զոհված հերոսների հիշատակը պետք է հարգել հոտնկայս, մեկ րոպե լռությամբ, աջ ձեռքը ձախ կրծքին հպած: Իսկ այս երկրում, հանուն հայրենյայց զոհված հերոսների հիշատակը պետք է հարգել հոտնկայս, մեկ րոպե լռությամբ, ձախ ձեռքը աջ կրծքին հպած: Օրենքների հսկայական տարբերություն կա, այնպես չէ՞:

Տղամարդ.- Այդպես է, օրենքների հսկայական տարբերություն կա:

Ուղեկցող.- Պատիվ ունեմ:(Կտրուկ շրջվում, դուրս է գնում` ձուլվելով պատին):

Կարճ դադար:

Կին.-Ի՞նչ է օրենքը…(Տղամարդը չի պատասխանում): Ի՞նչ է օրենքը…Ի՞նչ են օրենքները…

Տղամարդ.-(ոչ մեկի չդիմելով): Օրենքները…բարոյական սահմանումներ են` անբարոյության մասին:

Կին.-(ինքն` իրեն): Եթե սահմաններ չլինեին` պատերազմ չէր լինի:

Տղամարդ.- (ինքն` իրեն): Եթե պատերազմ չլիներ` սահմաններ չէին լինի:

Կարճ դադար:

Կին.-(ինքն` իրեն): Ի՞նչ բան է ժամանակը:

Տղամարդ.- (ինքն` իրեն): Ժամանակը հիշողության մայրն է:

Կին.-(ինքն` իրեն): Անունդ չմոռանաս…Անունդ չմոռանաս… Անունդ չմոռանաս…

Տղամարդ.- (ինքն`իրեն): Չմոռանաս անունդ… Չմոռանաս անունդ…Չմոռանաս անունդ…

Անընդհատ կրկնելով այս խոսքերը Տղամարդն ու Կինը սկզբում մեղմ, իսկ հետո ավելի ու ավելի ուժգին թմբկահարում են սեղանը սլացող գնացքի անիվների ռիթմով` խլացնելով իրենց իսկ ձայնը:

Թմբկահարելու ավարտն ու պատից Ոստիկանի հայտնվելը միաժամանակ է կատարվում:

Ոստիկան.- (պատվի առնելով): Հարգարժան տիկին, հարգարժան պարոն, հենց նոր Ուղեկցողից իմացա, որ դուք ձեզ հետ ծաղկաման եք տանում:

Տղամարդ.- Այո, պարոն Ոստիկան, այս ծաղկամանը մերն է:

Ոստիկան.- Ծաղկամանի մեջ հող կա՞:

Կին.- Այո: Մեր այգու հողից եմ լցրել:

Ոստիկան.- Դատելով ձեր պատասխաններից, ծաղկամանը ձերն է:

Տղամարդ.- Այո, պարոն:

Ոստիկան.- Դատելով ձեր պատասխաններից, ծաղկամանի մեջ հող կա և այն այգուց եք վերցրել:

Կին.- Այո, պարոն:

Ոստիկան.- Դատելով ձեր պատասխաններից, հողով լցված ծաղկամանը դուք վերցրել եք ձեր հետ:

Տղամարդ.- Այո, պարոն:

Ոստիկան.-Ես ստիպված եմ բռնագրավել ծաղկամանը: Դուք խախտել եք սեփականության իրավունքի մասին օրենքը:

Կին.- Այդ ինչպե՞ս:

Ոստիկան.-Մեր տեղեկություններով այգին պատկանում է հանրահայտ , նշանավոր մի պարոնի, հետևաբար դուք վերցրել եք ուրիշի հողը: Ես բոլոր հիմքերն ունեմ կասկածելու, որ սա հենց այն գողացված հողն է, որի համար միջազգային հետախուզում է հայտարարված:

Տղամարդ.- Միջազգային հետախուզո՞ւմ:

Ոստիկան.- Այո, պարոն: Դեռ լավ է, որ դուք և այգու տերը պետություններ չեք, այլապես ուրիշի հողը զավթելու համար պատերազմ կսկսվեր:

Կին.- Աստված մի արասցե:

Ոստիկան.- Դատելով ձեր պատասխանից, դուք դեմ եք պատերազմին:

Կին.- Այո:

Ոստիկան.- Իսկ ձեր ամուսի՞նը:

Կին.- (ամուսնուն): Սիրելիս, դու դե՞մ ես պատերազմին:

Տղամարդ.- Այո:

Ոստիկան.- Այդ դեպքում ձեր հանցանքը որակվում է այլ հոդվածով` օկուպացիա: Ուստի ես ստիպված եմ բռնագրավել հողը և վերադարձնել օրինական տիրոջը: (Վերցնում է ծաղկամանը):

Կին.- Իսկ ծաղկամանը՞… ծաղիկը՞…

Ոստիկան.- Բոլոր հանգամանքները պարզելուց հետո դրանք ձեզ կվերադարձվեն: (Պատվի է առնում:) Պատիվ ունեմ: (Դուրս է գնում՝ ձուլվելով պատին):

Կարճ դադար:

Տղամարդն ու Կինը նստած են դեմ-դիմաց, ձեռքի ափերը սեղանին, միմյանց հառված սֆինքսի հայացքով:

Կին.- Այնուամենայնիվ, նրա դեմքն ինձ ծանոթ է:

Տղամարդ.- (չի շտապում պատասխանել): Այդ նա է, որ զավթել է մեր այգին:

Կին.- ՈՒղեկցողի դեմքն էլ Է ծանոթ ...

Տղամարդ.- (չի շտապում պատասխանել): Այդ նա է, որ զավթել է մեր այգին, տիրացել է մեր տանը:

Կին.- Գնորդի դեմքն էլ է ծանոթ …

Տղամարդ.- (չի շտապում պատասխանել): Այդ նա է, որ զավթել է մեր այգին, տիրացել է մեր տանը, գնել է մեր տան պատմությունն ու հուշերը` գնացքի երկու տոմսով:

Կին.- Մենք մեկնո՞ւմ ենք:

Տղամարդ.- Մենք նահանջում ենք:

Կարճ դադար:

Կին.- Ինձ անընդհատ թվում է, թե մենք ինչ որ մի կարևոր բան ենք թողել մեր տանը:

Տղամարդ.- Քեզ չի թվում: Դա այդպես է:

Կին.- Նամակ գրենք Գնորդին, թող նա ուղարկի մեզ:

Տղամարդ.- Անհնար է:

Կին.- Նա կուղարկի, եթե մենք խնդրենք:

Տղամարդ.- Անհնար է: Մենք հասցե չունենք:

Կին.- Նա կուղարկի ցպահանջ:

Տղամարդ.- Անհնար է:

Կին.- Ես կարդացել եմ, եթե քո ինքնությունն ապացուցում ես` կարող ես ստանալ ցպահանջ ուղարկածը:

Տղամարդ.- Անհնար է առանց հոգու ինքնություն ունենալ:

Կին.- Իսկ ինչո՞ւ առանց հոգու:

Տղամարդ.- Որովհետև մենք տանն ենք թողել մեր հոգին, որի մեջ մեր տունն էր ու այգին, մեր պատմությունն էր ու մեր հուշերը, մեր ինքնությու՜նը…(Ոտքի կանգնելով, հայացքը հեռուներում քայլում է դեպի բեմառաջ` աստիճանաբար բորբոքվելով:) Այդ բոլորի դիմաց` գնացքի երկու տոմս…Գնացքի երկու տոմս…Գնացքի երկու տոմս… (ավելի արագ ու նյարդային` գնացքի անիվների ռիթմով:) Գնացքի երկու տոմս - գնացքի երկու տոմս - գնացքի երկու տոմս -գնացքի երկու տոմս - գնացքի երկու տոմս - գնացքի երկու տոմս գնացքի երկու տոմս - գնացքի երկու տոմս …(Նույն` արագ ռիթմով լսվում է գնացքի անիվների աղմուկը. երկուստեք ավելի ու ավելի բարձր, միաժամանակ` մթնում է, ասես գնացքը թունել է մտել, որի լամպերի լույսը, ստեպ-ստեպ, ձախից` աջ, լուսավորում են նրա դեմքը:)… Գնացքի երկու տոմս - գնացքի երկու տոմս- գնացքի երկու տոմս - գնացքի երկու տոմս - գնացքի երկու տոմս - գնացքի երկու տոմս - գնացքի երկու տոմս - գնացքի երկու տոմս … (խելացնոր գոռում է, որը համընկնում է գնացքի երկար ու զիլ սուլոցին)… Գնացքի երկու տոոոոո՜մս…

Միանգամից` մթություն, լռություն :

Երբ լուսավորվում է, Տղամարդն ու Կինը կանգնած են բացարձակ դատարկ բեմում` դեմքով դեպի հանդիսատեսը, ճամպրուկները նրանց կողքին են, Կնոջ ձեռքում ծաղկի ցողունն է` բաց արմատներով:

Կարճ դադար:

Կին.- (ոչ ոքի չդիմելով): Մենք տեղ հասանք:

Տղամարդ.- Մենք ոչ մի տեղ չէինք մեկնել:

Կին.- Վերջապես մենք տեղ հասանք:

Տղամարդ.- Մենք ոչ մի տեղ չէինք մեկնել:

Կին.- Մենք վերջապես տեղ հասանք:

Տղամարդ.- Մենք ոչ մի տեղ չէինք մեկնել:

Կին.- Բայց ես հիշում եմ գնացքը…

Տղամարդ.- Մենք ոչ մի տեղ չէինք մեկնել:

Կին.- Բայց ես հիշում եմ գնացքը, Գնորդին…

Տղամարդ.- Մենք ոչ մի տեղ չէինք մեկնել:

Կին.- Բայց ես հիշում եմ գնացքը, Գնորդին, Ուղեկցողին…

Տղամարդ.- Մենք ոչ մի տեղ չէինք մեկնել:

Կին.- Բայց ես հիշում եմ գնացքը, Գնորդին, Ուղեկցողին, Ոստիկանին…

Տղամարդ.- (կարճ դադարից հետո): Մեզ դուրս էին նետել ժամանակից:

Կին.- (սթափվելով չորս կողմն է նայում): Բայց… Բայց որտե՞ղ է մեր տունը, այգին… Այս ի՞նչ ամայություն է…

Տղամարդ.- (կարճ դադարից հետո): Մենք դուրս ենք նետվել ժամանակից:

Կին.- Բայց… Բայց որտե՞ղ է մեր տունը, այգին… Այս ի՞նչ ամայություն է…

Տղամարդ.- Սա մեր մեղքերի հատուցումն է:

Կին.- Մենք մե՞ղք ենք գործել…

Տղամարդ.- Մենք չպահպանեցինք արգելված պտուղը:

Կին.- (ասես` ցրտից սառսռալով): Սարսափելի ամայություն է` մեր տան, մեր այգու տեղում…

Տղամարդ.- Ծաղիկը տնկիր հողում:

Կին.- Ես վախենում եմ ամայությունից…

Տղամարդ.- (շրջվում է դեպի կինը, գրկում է նրա ուսերը:) Ծաղիկը տնկիր հողում: Մենք այգի ենք հիմնելու:

Կինը, ինքնաբերաբար, ծնկում է, սկսում է տնկել ծաղիկը:


Վ Ա Ր Ա Գ Ո Ւ Յ Ր

123456789101112
    Դիտվել է 789 անգամ
    1