Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Օրորոցային երկուսի համար



Լևոն Մութաֆյան

Օրորոցային երկուսի համար

Պիես-էլեգիա


ԳՈՐԾՈՂ ԱՆՁԵՐ

ԱՐԱՄ – մոտ 25 տարեկան

ՎԱՐԴ - 23 տարեկան


Գործողությունները կատարվում են մեր օրերում:

Երևան, ուշ աշուն:

Աշնանային գիշեր: Երևանի հեռավոր թաղամասերից մեկը: Փողոց: Հեռվից երևում են բարձր շենքերից տարածվող լույսերը: Փողոցն ամայի է, շատ հեռվից լսվում են մեքենաների ազդանշաններ: Ինչ-որ տեղից երաժշտության ձայնն է թափանցում ամայի փողոցի լռության մեջ: Էլեկտրասյունն է հպարտ կանգնել խավար փողոցում` հազիվ լուսավորելով մի փոքրիկ հատված, ուր նստարան կա դրված, փոքր-ինչ հեռվում` աղբաման:

Էլեկտրասյան մոտ կանգնած է Վարդը` կարճ ու խայտաբղետ գույներով բաճկոնակ հագած, շատ կարճ շրջազգեստ, որին հպվում են երկարաճիտ կոշիկները: Ուսից պայուսակ է կախված, իսկ մազերը բարձրացված են վերև` մի տարօրինակ սանրվածքով ընդգծելով Վարդի արտաքինը:: Վարդը կիսաձայն հեկեկում է` մերթ ընդ մերթ շուրթերին մոտեցնելով ծխախոտը: Նկատելի է թույլ գինովությունը:

ՎԱՐԴ - Ես քու խուժան հերդ եմ անիծել, այլանդակ… Կարծեցի լուրջ մարդ է, Մերսեդեսով է ման գալիս, ձեռին երկու հազար դոլարանոց հեռախոս ունի… Աղբամանի կռիս… Խուժանի մեկը… Քեզ պեսներին պիտի տանել Սովետաշենի աղբանոց ու վառել… Էնպես վառել, որ ճենճահոտը բռնի աշխարհը… Քեզ տղամարդ ասողի… Կնկա կնիկ, քած… Ոնց էլ էս մեր սրբազան մայր հողը քեզ պեսներին հանդուրժում է, թափթփուկ… Հենց մեքենադ նստեցի, վախեցած պահեցիր դեմդ կախ տված մանդատը: Հազիվ հասցրեցի կարդալ` պատգամավոր… Քեզ պես պատգամավորին ես երկու մատով կխեղդեի, մենակ թե ափսոս, որ չհասցրեցի…Տղամարդու հոտ էլ չէր գալիս վրայիցդ, ղզիկ, էնքան դուխի էիր ցանել, որ սիրտս խառնեց, հազիվ կարողացա ինձ պահել… Վախեցած, արագ-արագ, շալվարն համարյա չիջեցրած… Փողոցի քոնթի շուն… Ո~նց փախավ ստորը… Խաբեց, ասաց` հիմի դրամապանակս հանեմ, ինձ հրեց գցեց մեքենայից ու փախավ… Դեշեվկա, ժլատ, ուրիշի հաշվին ապրող ու լափող պատգամավոր… Ես քու տիրու… Հիմա ի՞նչ անեմ, հիմա էստեղից ու՞ր գնամ… Որտե՞ղ եմ, ո՞ր մասում քաղաքի… Չգիտեմ… Ձեռիս փողն էլ քիչ… Էսօրվա առաջին հաճախորդ էր… Ո՞նց դուրս գամ էս ծակից… Մարդ էլ չկա, կարծես գերեզմանոց եկած լինեմ… Ու՞ր գնամ… (Նայում է շուրջը, նոր միայն նկատում հեռվում երևացող լույսերը:) Ոնց որ թե քաղաքից շատ հեռու չեմ, էնտեղ շենքեր են երևում… Հետաքրքիր է, որտե՞ղ եմ… Կարո՞ղ է օդանավակայանի, Բանգլադեշի, կամ էլ կվարտալի կողմերում եմ… Հիմա ո՞նց իմանամ: Տաքսի կանչեմ` ի՞նչ ասեմ, որտե՞ղ եմ, որ գրողի ծոցում… (Դեն է նետում ծխախոտը, պայուսակից հանում բջջային հեռախոսը): Ես բան չեմ հիշում, թե էդ պատգամավորն ինչ ասաց, թե ուր բերեց… Սկզբում խոստացավ սաունա տանել, ամբողջ գիշերը ինձ հեքիաթ նվիրել, հավերժական հեքիաթ, հետո հեքիաթը փոխարեն էս անտեր վիճակը նվիրեց… Այ, թե ձեռքս կընկներ, ես դրա էն պլպլան փողկապով կխեղդեի… (Հեռախոսի վրա համար է հավաքում, սպասում:) Սյուզի, կյանք, ո՞նց ես… Ես շատ վատ եմ, շատ վատ… Էն իշու տղեն բերեց գցեց չոլերն ու փախավ… Որտե՞ղ… Ի՞նչ իմանամ… Մի անտեր տեղ է, մութ, մենակ մի ճպռոտած լույս է վառվում, ուրիշ բան չկա,,, Չէ, կյանք, ոտքով ո՞նց դուրս գամ էստեղից… Աչքերս բան չեն տեսնում… Դե լավ, գնա, ժամանակ ունեցար` զանգիր, մենակությունից ու անտերությունից գժվում եմ… (Անջատում է հեռախոսը, պայուսակից հանում մի ծխախոտ ու վառում, ծուխը օղակ-օղակ դուրս տալիս): Ոնց որ թե նստելու տեղ էլ կա, հա, ուրեմն` շատ անմարդաբնակ տեղում չեմ: Մի քիչ նստեմ` տեսնեմ ինչ եմ անում: Որ անմարդաբնակ չի, ուրեմն, ավտոից-բանից կարող է պատահել, բայց ինչու մարդ չի գալիս…Անտեր օր եղավ ինձ համար, անբախտ օր… Էս ծխախոտ ասվածն էլ բանի նման չի, չի ծխվում… Թաց է… Մի քիչ էլ ցուրտ է, թե որ ավտո չերևաց, ես էստեղ կսառչեմ, կմնամ: Առավոտը կգան ու կտեսնեն նստարանին մի սիրուն աղջկա սառած դիակ… Հուշարձան անհայտ մարմնավաճառին… Մի քիչ որ վրես ցեմենտ ու ջուր էլ լցնեն, ամենաիսկական արձանը կլինի` Ռոդենի ձեռքով քանդակված… Ես քու անտեր ու ժլատ հերն անիծեմ, պատգամավոր, այ թե ընտրողդ եղած լինեի` էնպես կջնջեի, որ հետքդ էլ չէր մնա… (Նորից է համար հավաքում:) Իզա ջան, պրիվետ, ես եմ` Յանոչկան, ախչի, էդքան շուտ մոռացա՞ր, Ռոսիայի մոտի Յանոչկան, հա, սիրուն ջան, քաշվել եմ, բերել գցել են մի անտեր տեղ… Դու էս դեպքերում ո՞նց էիր կողմնորոշվում: Չէ, չէ, ճամփեն չնայեցի, էն անտերով էի հմայված, պլշած նայում էի ձեռքի ժամացույցին, մի քանի հազարանոց «Ռոլեքս» էր… Չէ, ախչի, ինչ փող, ինչ բան… Գցեց ու փախավ… Հիմի էստեղ Գիքորի նման կուչ եմ եկել… Ի՞նչ անեմ… Հիմի ձեզ մոտ գործ կա՞… Դե լավ է, որ պարապ եք, թե չէ նախանձից սիրտս կպայթեր: Դե լավ, կյանք, բարի գիշեր չեմ ասում, կարող է տեսնվենք… (Անջատում է ընկալուչը): Լավ, ի՞նչ անեմ… Ոտքով որ քայլեմ դեպի երևացող լույսերը` կարող է մի կարգին տեղ դուրս գամ, բայց ո՞նց հասնեմ էդ լույսերին: (Ինքն իրեն երգում է): «Օտար ամայի ճամփեքի վրա…»… Չէ, երգելը չի մխիթարի, հարկավոր է դուրս գալ էստեղից, թե չէ գիշերը կխորանա, հետո ավտո էլ չի լինի: (Ուղղում է զգեստը): Վավաշոտ ու փսլնքոտ պատգամավոր, էնպես էր քաշում շորերիցս, ոնց որ ողջ կյանքում կին տեսած չլիներ, չդիմադրեի` ինձ հում-հում կուտեր… Ձեզ տղամարդ ասողի… Վավաշոտ, կեղտոտ շներ… (Ոտքն առաջ է գցում` ցանկանալով քայլել): Բայց չէ, էս անտերության միջով գնալը վտանգավոր է, շուն-բան կլինի, ես էլ սիրուն ու կազդուրված աղջիկ, վրա կտան… Ի՞նչ անեմ… Հիմա եմ հասկանում Ռոբինզոն Կրուզոյի վիճակը… Գոնե մի Ուրբաթ գար, ընկեր դառնար… (Նայում է նստարանին): Մի քիչ նստեմ, հետո կմտածեմ ինչ անել: Բայց նստելուց էլ ի՞նչ օգուտ…

Մոտեցող մեքենայի ձայն է լսվում: Բեմը ուժգին

լուսավորվում է, Վարդը ցատկում է տեղից: Լույսը

հեռանում է:

ՎԱՐԴ - Չէ, մոտիկ չեկավ, խաբս տվեց… Բայց եթե մեքենա է գալիս, ուրեմն ամեն ինչ կորած չէ, իմ բախտն ինձ չի թողնի էստեղ մնալ: (Ինչ-որ ստվեր է նկատում, ուշադիր նայում է): Կարծես մարդ է գալիս: (Բարձր կանչում է): Հե~յ… Ձայն հանի, էդտեղ մարդ կա՞… Ձեն-ձուն չկա, լռության միջում Ձորագետն է միայն մրափած վշշում… Հեե~յ… ձայն հանեք… Գուցե աչքիս երևաց… Ասում են` անապատում մնացողի աչքին միրաժ է երևում, իմ աչքին էլ մարդկային ստվեր երևաց…Բայց չէ, իսկապես ինչ-որ մեկն երևաց:

Դրսից աղմուկ է լսվում: Մեկն ինչ-որ բանի է բախվում, ընկնում:

ՎԱՐԴ - (բղավում է): Դու ո՞վ ես, ձեն հանի: Չլինի՞ շուն էր, փոսն ընկավ… Բա որ գա ու հարձակվի վրաս… Վա~յ, ի՞նչ պիտի անեմ…

Տղամարդու ձայն է լսվում` օգնեցեք:

ՎԱՐԴ - Չէ, մարդ է, էդ ի՞նչ է եղել: Օգնություն է կանչում: Մեկը չկա` ինձ օգնի, ես քեզ ո՞նց օգնեմ: (Բարձր կանչում է): Ո՞վ ես:

ՁԱՅՆ - (դրսից): Մարդ եմ, հայ մարդ եմ, օգնեցեք:

ՎԱՐԴ - Դու որտե՞ղ ես:

ՁԱՅՆ - Այստեղ եմ, փոսի մեջ:

ՎԱՐԴ - Ի՞նչ փոս է:

ՁԱՅՆ – Չգիտեմ, սովորական փոս է:

ՎԱՐԴ - Խո՞րն է:

ՁԱՅՆ – Չէ, շատ խոր չէ:

ՎԱՐԴ - Դե լավ, դիմացիր, հիմի կգամ: (Պայուսակը դնում է նստարանին ու դուրս գալիս: Քիչ անց վերադառնում է Արամի հետ` գրկախառնված նրան):Նստիր էս նստարանին:

ԱՐԱՄ – Շնորհակալություն, փրկեցիք ինձ:

ՎԱՐԴ - Ի՞նչ արի:

ԱՐԱՄ – Փրկեցիք:

ՎԱՐԴ - Հա՞… Ուրեմն, մի կարգին գործ արի: Բա ինչու՞ ընկար փոսը:

ԱՐԱՄ – Մութ էր, չտեսա: Ակնոցներս կոտրվեցին:

ՎԱՐԴ - Ակնոց դնողներին չեմ սիրում: Թերարժեքություն եմ տեսնում:

ԱՐԱՄ - Ես առաջին դասարանից ակնոց եմ դրել: Գրատախտակը չէի տեսնում:

ՎԱՐԴ - Մենք քաղաքի ո՞ր մասում ենք:

ԱՐԱՄ - (զարմացած): Ի՞նչ:

ՎԱՐԴ - Վա՞տ ես լսում:

ԱՐԱՄ – Վատ չեմ լսում: Տարօրինակ հարց էր:

ՎԱՐԴ - Տարօրինակն այն է, որ փոսն ես ընկնում: Մենք քաղաքի ո՞ր մասում ենք:

ԱՐԱՄ - Եկել ես այստեղ ու չգիտե՞ս, թե քաղաքի որ մասում ենք:

ՎԱՐԴ - Չեմ եկել, բերել են:

ԱՐԱՄ – Ուժո՞վ են բերել:

ՎԱՐԴ - Դա քո գործը չէ: Քեզ հարց են տվել` պատասխանիր:

ԱՐԱՄ – Չարբախի գերեզմանոցի մոտ ենք, այստեղ վերջանում է Երևանը:

ՎԱՐԴ - Ի՞նչ…

ԱՐԱՄ – Պարզվում է` դու ես վատ լսում: Ասում եմ` Չարբախի գերեզմանոցի մոտ ենք:

ՎԱՐԴ - Այ քեզ հաջողություն… Ես քո ստոր հերն եմ անիծել…

ԱՐԱՄ - (զարմացած ու բորբոքված): Ինչու՞ ես ինձ վիրավորում:

ՎԱՐԴ - Քեզ չեմ վիրավորում… Դու լռիր… Անասուն, ժլատ… Մի կարգին տեղ չի գտել` գերեզմանոց է բերել…

ԱՐԱՄ – Ո՞վ:

ՎԱՐԴ - Ասացի` թո գործը չէ: Էստեղից ո՞նց դուրս գամ:

ԱՐԱՄ – Ժամանակ առ ժամանակ պատահական մեքենաներ են լինում… Պիտի սպասես:

ՎԱՐԴ - Իսկ եթե չլինեն… Գիշերվա հազարն է…

ԱՐԱՄ – Չէ, այնքան էլ ուշ չէ… (Ուզում է ժամացույցին նայել` չի տեսնում):

ՎԱՐԴ - (վառում է վառիչն ու մետեցնում:) Նայիր:

ԱՐԱՄ - (դժվարությամբ կարողանում է նայել ժամացույցին): Երկուսի մոտերքն է:

ՎԱՐԴ - Առհասարակ` արդեն շատ ուշ է… Օրս կորավ…Կարո՞ղ եմ գնալ դեպի էն երևացող լույսերը:

ԱՐԱՄ – Չես կարող: Այստեղից մինչև շենքերը հասնելու համար երկու ձորակի միջով պիտի անցնես: Շներ էլ կան` թափառող, անտեր շներ…

ՎԱՐԴ - Ինձ նման…

ԱՐԱՄ – Ի՞նչ:

ՎԱՐԴ - Ոչինչ, հենց էնպես… Եթե տաքսի կանչենք` կգա՞ն:

ԱՐԱՄ - Այս ժամին ոչ մի տաքսի էլ այստեղ չի գա… Ո՞վ կգնա գերեզմանոց: Ի՞նչ կմտածեն:

ՎԱՐԴ - Ինչ ուզում են` թող մտածեն: Ես հիմի կզանգեմ:

ԱՐԱՄ - Արածդ խենթության նման մի բան է: Ոչ մի վարորդ իր կյանքը չի վտանգի:

ՎԱՐԴ - Որ տեսնեն կանչողը կին է` վազելով կգան:

ԱՐԱՄ – Չեն գա: Անտրամաբանական ու կասկածելի տեղ է:

ՎԱՐԴ - Ես քո անտրամաբանական հերն անիծեմ:

ԱՐԱՄ - Էլի՞ ես հայհոյում:

ՎԱՐԴ - Ինչու՞ ես խառնվում իմ զգացմունքներին: Ասացի` քեզ հետ կապ չունի:

ԱՐԱՄ - Դե լավ, հանգստացիր, մի բան կմտածենք:

ՎԱՐԴ - Ի՞նչ պիտի մտածենք:

ԱՐԱՄ - Գուցե մեքենա հայտնվի: Ես եկա, չէ՞:Հոգնա՞ծ ես:

ՎԱՐԴ - Քանի՞ ժամը մեկ է մեքենա հայտնվում:

ԱՐԱՄ – Պատահում է` մինչև առավոտ լռություն է ու անշարժություն… Պատահում էլ է, որ, այնուամենայնիվ ինչ-որ մեկն անցնում է այս կողմերով… Դե, ինքդ գիտես, թե որտեղ ենք… Մոտակայքում մի լքված տնակ կա, ուզու՞մ ես` գնանք այնտեղ ու սպասենք:

ՎԱՐԴ - (արհամարհանքով նայում է Արամին): Ախորժակդ բացվե՞ց:

ԱՐԱՄ – Ի՞նչ ախորժակ:

ՎԱՐԴ - Չհամարձակվես ինձ այդպես նայել… Ինքդ գնա էդ տնակը:

ԱՐԱՄ – Քեզ համար եմ ասում… Գիշերվա երկուսն է, ցուրտ է, զայրացած ես ու հոգնած… Կհանգստանաս…

ՎԱՐԴ - Ես մեքենա եմ ուզում, որ քաղաք հասնեմ:

ԱՐԱՄ – Որտե՞ղ ես ապրում:

ՎԱՐԴ - Քաղաքում:

ԱՐԱՄ – Հասկացա: Իսկ ավելի կոնկրե՞տ:

ՎԱՐԴ - Քո ի՞նչ գործն է: Ապրում եմ… Մի տեղ ապրում եմ…

ԱՐԱՄ - Աշխատու՞մ ես:

ՎԱՐԴ - (ուշադիր և հեգնանքով նայում է Արամին): Հա… Փրկարար եմ… Գիշերները մարդիկ եմ հանում փոսերից…

ԱՐԱՄ - Ծաղրու՞մ ես:

ՎԱՐԴ - Չէ, ներկայանում եմ: (Պայուսակից հանում է հեռախոսը:) Ես կզանգեմ:

ԱՐԱՄ – Փորձիր…

ՎԱՐԴ - Ո՞ր ֆիրման է հարմար:

ԱՐԱՄ – Որն էլ զանգես` մեկ է, չեն գալու…Վարորդները չեն կողմնորոշվի:

ՎԱՐԴ - Որ ստիպենք` կկողմնորոշվեն:

ԱՐԱՄ – Համարձակ ես ու վճռական:

ՎԱՐԴ - (կտրուկ)Լ Հա… Գերեզմանոցի ո՞ր մուտքի մոտ ենք:

ԱՐԱՄ - Այստեղ մի մուտք կա ընդամենը: Առաջին անգա՞մ ես այստեղ լինում:

ՎԱՐԴ - Չէ, մանկությունս ու պատանեկությունս էստեղ եմ անցկացրել: Չարբախի տեղն էլ չգիտեմ:

ԱՐԱՄ - Երևանցի չե՞ս:

ՎԱՐԴ - Քեզ ի՞նչ… (սկսում է համար հավաքել): Հեռախոսը չեն վերցնում…(ծխախոտ է վառում): Էս անտեր երկրում ոչ ոք նորմալ չի աշխատում… Ասենք, որ պատգամավորներն էդ տականքի նման մարդիկ լինեն, ոչ մեկն էլ չի աշխատի:

ԱՐԱՄ – Ինչ-որ պատգամավորի՞ց ես նեղացած:

ՎԱՐԴ - Ում ի՞նչ գործն է, թե ումից եմ նեղացած: Աշխարհից եմ նեղացած, աշխարհից, էս մութ փողոցից ու գերփեզմանոցից, որտեղ եկել ու լռվել եմ:

ԱՐԱՄ – Ինձ հե՞տ ինչու ես այդպես խոսում: Ես չեմ քեզ բերել այստեղ:

ՎԱՐԴ - Մենակ էդ էր մնացել, որ քեզ նման թերարժեքության մեջ լող տվող տղամարդն ինձ այստեղ բերեր:

ԱՐԱՄ – Քեզ ի՞նչ է հայտնի իմ թերարժեքության մասին:

ՎԱՐԴ - Ավտո չունես, ակնոցներ ես դնում` դրանք էլ փոսի մեջ ջարդեցիր, անօգնական ու անճար ես…

ԱՐԱՄ - Անօգնական չեմ, ես քեզ առաջարկում եմ տնակ մտնել, մի քիչ տաքանալ ու սպասել մեքենայի կամ էլ լույսը բացվելուն: Այս անապատում տնակն իսկական փրկություն է:

ՎԱՐԴ - Գերեզմանների կողքին, անորոշության մեջ… Իսկ դու գիտե՞ս, որ ես գերեզմանաքարերից վախենում եմ, ինձ թվում է, թե դրանց տալ մարդիկ կան, որ գիշերները դուրս են գալիս…

ԱՐԱՄ - Գերեզմանոցն աշխարհի ամենախաղաղ տեղն է, քարերն այստեղ լուռ են ու անշարժ, լռության ձայնն այստեղ լսելի է ամեն մեկի…

ՎԱՐԴ - Ի~նչ սիրուն ես խոսում… լռության ձայնը լսելի է ամեն մեկի… Բանաստե՞ղծ ես:

ԱՐԱՄ - Երաժիշտ եմ, կոնտրաբաս եմ նվագում:

ՎԱՐԴ - Էդ կոնտրաբասը ո՞ր մեկն էր… Ես երաժշտական գործիքներից բան չեմ հասկանում:

ԱՐԱՄ – Հրաշալի գործիք է կոնտրաբասը, մեծ, շատ մեծ ջութակ է, որը ռիթմ է հաղորդում նվագախմբին:

ՎԱՐԴ - Բան չհասկացա, բայց լավ ես խոսում: Հիմա եկել ես էստեղ նվագելու՞:

ԱՐԱՄ - (ծիծաղում է): Գիշերվա կեսին ու՞մ է պետք իմ նվագը:

ՎԱՐԴ - Բա ինչու՞ ես եկել:

ԱՐԱՄ - Դե…

ՎԱՐԴ - Լսիր, չլինի՞ էն գունավոր մետաղ թռցնողներից ես:

ԱՐԱՄ – Ի՞նչ ես խոսում, մի՞թե ես նման եմ գողի:

ՎԱՐԴ - Գողի նման չես, բայց դե մտավորական մարդ ես, աշխատավարձի հույսին, գուցե սա էլ քո բիզնեսն է…

ԱՐԱՄ - Ես ազնիվ մարդ եմ, իսկ աշխատավարձս էլ քիչ չէ, ես երկու նվագախմբում եմ աշխատում, իսկ ազատ ժամերին էլ ռեստորանում եմ նվագում:

ՎԱՐԴ - Հա՞… Ուրեմն աղքատ չես: Փող էլ կունենաս:

ԱՐԱՄ – Հիմա՞, թե՞ առհասարակ:

ՎԱՐԴ - Եվ հիմա, և առհասարակ:

ԱՐԱՄ – Քեզ ինչքա՞ն է պետք:

ՎԱՐԴ - Ի՞նձ: Շա~տ… Ես փող շատ եմ սիրում:

ԱՐԱՄ - (ձեռքը գրպանն է տանում, փող հանում, հաշվում): Հազար յոթ հարյուր հիսուն դրամ:

ՎԱՐԴ - (զզվանքով): Բա դա փո՞ղ է:

ԱՐԱՄ – Ինձ կբավականացնի առավոտյան աշխատանքի հասնելու համար:

ՎԱՐԴ - Կարգին էլ երջանիկ ես:

ԱՐԱՄ – Չեմ դժգոհում:

ՎԱՐԴ - Դե, երջանիկ մարդ, դու մնա էստեղ, ես դուրս գամ փողոց, կարող է բախտս բերի ու մի ավտո պատահի:

ԱՐԱՄ – Մենք համարյա թե փողոցի վրա ենք: Գերեզմանոցը մի քանի մետր այն կողմում է: Փողը քո ինչի՞ն էր պետք:

ՎԱՐԴ - Մտածեցի` փող կունենաս, էսքան ժամանակս իզուր չի անցնի…

ԱՐԱՄ - (տարակուսանքով): Չհասկացա:

ՎԱՐԴ - Է, երաժիշտ մարդ, դժվար է քեզ համար հասկանալը: Բայց ես պիտի գնամ:

ԱՐԱՄ – Կարծում եմ` հասկացար, որ գնալդ կապված է պատահականության հետ: Ավելի լավ է տնակ գնաս ու մի քիչ հանգստանաս:

ՎԱՐԴ - Չասացիր, թե էս ուշ ժամին էստեղ ի՞նչ ես անում:

ԱՐԱՄ - Եթե այստեղ եմ, ուրեմն մի շատ կարևոր գործ կունենամ: Ինչպես դու:

ՎԱՐԴ - Իմ գործը, հա, կարևոր էր, բայց փչացավ ամեն ինչ: Փչացավ, որովհետև աշխարհում տականքներ կան, կեղտոտ մարդիկ կան, այլանդակ, փող շատ ունեցող, բայց դեշեվկա պատգամավորներ կան: Ես դրանց բոլորին կհավաքեի ու կվառեի մի տեղ: Էնպես կվառեի, որ էլ հարություն չառնեն:

ԱՐԱՄ – Հեղափոխական տրամադրություններ ունես:

ՎԱՐԴ - Ես էդ հեղափոխություններից բան չեմ հասկանում, դրանք ամեն ինչ ավերեցին:

ԱՐԱՄ – Ի վերջո, կասես, թե ինչու՞ ես այդպես զայրացած:

ՎԱՐԴ - Քեզ համար մեկ չի՞, երաժիշտ եղբայր:

ԱՐԱՄ - Գուցե օգտակար լինեմ…

ՎԱՐԴ - (ծիծաղում է): Օգտակար լինելու երկու հարց կար, երկուսի դեպքում անպետք դուրս եկար:

ԱՐԱՄ – Որո՞նք են այդ երկու հարցերը:

ՎԱՐԴ - Առաջին` ինձ էստեղից դուրս գալ էր պետք, դու չօգնեցիր: Երկրորդ` փող չունես: Ինձ համար կատարելապես անհետաքրքիր մարդ ես:

ԱՐԱՄ - Ես ասացի, որ պետք է սպասել, իսկ փող… Մի՞թե դա քեզ չի բավականացնի:

ՎԱՐԴ - Լսիր, ես մեկ ժամի համար հիսուն դոլար եմ վերցնում` չհաշված ուտելիքը, խմիչքը, սաունան ու հյուրանոցը: Քո հազար ու մի քանի դրամն ի՞նչ անեմ: Էդքանով իմ կրած վնասը փոխհատուցել չի լինի:

ԱՐԱՄ – Չհասկացա…

ՎԱՐԴ - Ասում եմ, չէ, գնա երաժշտությունդ նվագիր:

ԱՐԱՄ - Դու ի՞նչ ես աշխատում:

ՎԱՐԴ - Էն, ինչ ասացի:

ԱՐԱՄ - Բայց դու ոչինչ չասացիր:

ՎԱՐԴ - Երաժշտությունից ու կոնտրաբասից բացի աշխարհում ուրիշ շատ-շատ լավ բաներ կան…

ԱՐԱՄ - Դու սպասարկման բիզնեսու՞մ ես աշխատում:

ՎԱՐԴ - Սպասարկմա՞ն… Հա, ոնց որ թե… Իհարկե, մեր գործն էլ սպասարկման բիզնես է…

ԱՐԱՄ - Ավելի ստու՞յգ:

ՎԱՐԴ - Ես… պուտանկա եմ:

ԱՐԱՄ – Ի՞նչ:

ՎԱՐԴ - Թերթերի ու ոստիկանների լեզվով ասած` մարմնավաճառ: Սիրուն բառ է, չէ՞:

ԱՐԱՄ - (զզվանքով): Դու ցինիկ ես:

ՎԱՐԴ - Տես, որ հանկարծ սիրտդ հետ չտաս… Ցինիկ… Երբ ասում ենք` երաժիշտ, բիզնեսմեն, գազելի վարորդ` ոչ ոք դրա մեջ ցինիզմ չի տեսնում: Բայց հենց ասում ես` մարմնավաճառ` զզվում են, ցինիկ են ասում: Մերն աշխարհի ամենահին մասնագիտությունն է, քո երաժշտությունից էլ առաջ է ստեղծվել ու շատ էլ հարգվել է: Գոնե գիրք-բան կարդա:

ԱՐԱՄ – Ինձ թվում էր, թե պիտի ամաչեիր, ոչինչ չասեիր, բայց դու դեռ շատ էլ հպարտ-հպարտ ես խոսում դրա մասին: Այնպես ես խոսում, կարծես դիպլոմիդ մեջ հենց դա է գրված:

ՎԱՐԴ - Դիպլոմիս մե՞ջ: Դիպլոմիս մեջ ուրիշ բան է գրված: Էնպես սիրուն, խուճուճ բան է գրված, բայց թե էդ խուճուճ գրվածով հեչ մեկը քեզ բարձր վճարվող աշխատանքի չի ընդունի ու կարգին փող չի էլ տա: Սովորեցի, ավարտեցի, խեղճ հերն ու մերս իրենց նեղեցին, տան արյուն-քրտինքով հավաքածից էլ վաճառեցին, որ ուսման վարձ տան, որ ծանոթ-բարեկամի մոտ հպարտ-հպարտ ասեն, որ իրենց աղջիկը բարձրագույն կրթություն է ստանում… Դիպլոմը ձեռքիս` մի տասը դուռ խփեցի, խնդրեցի ու ստորացա, բայց ոչ ոք երեսուն հազարից ավելի աշխատավարձ չխոստացավ: Պուտանկա լինելու համար դիմում պետք չէ, կադրերի բաժին էլ չկա, որ գործերդ ուսումնասիրի, ասի` կրթությանդ համապատասխան աշխատանք չունենք: (Զանգում է բջջային հեռախոսը:) Հա, լսում եմ… Ո՞վ… Չեմ հիշում… Չէ, չէ, հիմա ժամանակ չունեմ էդ մասին խոսելու: Հարմար տեղում չեմ… Չէ, գործի վրա չեմ, քաղաքից դուրս եմ… Կգամ, կզանգեմ, մի մեծ գումար չի, թե պարտք եմ մնացել` կտամ… (Անջատում է հեռախոսը:) Պարտք եմ, ոնց չէ… Տունդ էլ տուն լինի, քավթառ: (Դառնալով Արամին): Ինչի՞ վրա կանգ առանք:

ԱՐԱՄ – Քո յուրատեսակ փիլիսոփայության: Քո հնագույն մասնագիտության և կադրերի բաժնի:

ՎԱՐԴ - Լավ էլ հումորի զգացում ունես, երաժիշտ: Երևում է` դու էլ նրանցից ես, որ ամբողջ կյանքում գեղեցիկ ու վեհ բաներից են խոսել, որ զզվում են իջնել մարմնավաճառի մակարդակին, բայց թե հանկարծ քեզ ինձ մոտ կանչեմ` վազելով կգաս, չես էլ հասցնի շալվարդ հանել:

ԱՐԱՄ – Մի աշխատիր ավելի գռեհիկ երևալ, քան պետք է: Ինձ քո տեսակը չի հետաքրքրում:

ՎԱՐԴ - Լավ էլ հետաքրքրում է, այլապես չէիր կանգնի կողքիս: Անտեր-անտիրական տեղում, մթության մեջ կանգնած մի աղջիկ, որը ծխում է, որի հագուստն արդեն շատ բան է ասում նրա զբաղմունքի մասին, ու դու` միամիտ-միամիտ կանգնում ու խոսում ես, ինչ-որ տնակ ես առաջարկում… Շա~տ միամիտն ես, չէ՞:

ԱՐԱՄ – Մարդուն օգնել, ձգտել օգտակար լինել…

ՎԱՐԴ - Դե լավ, լավ, գեղեցիկ-գեղեցիկ մի խոսիր, պատգամավորության թեկնածու չես… Մի ժամանակ, երբ դեռ ուսանող էի, ես էլ էի այդպես խոսում: Ընկերուհիներս ծաղրում էին, կյանքից հետ մնացած կոչում: Հիմա իրենք ամուսնացել են, ամուսիններից բացի սիրեկաններ էլ են պահում, բարձրաշխարհիկ տիկիններ են ձևանում իրենց իմացած մեկ-երկու սիրուն բառերով, իսկ ես պուտանկա եմ դարձել, էս մութ գիշերին կանգնել եմ Չարբախի անապատի մեջ ու քեզ եմ նայում. հազար ու մի քանի դրամ ունեցող տղամարդուն, որն անգամ հաճախորդի ամենացածր սակագնին էլ չի համապատասխանում…

ԱՐԱՄ – Ոչ ոք մեղավոր չէ, որ դու մարմավաճառ ես դարձել: Մի՞թե բարձրաշխարհիկ տիկիններ ներկայացող քո ընկերուհիներն են ստիպել փողոցներում մարմին վաճառել:

ՎԱՐԴ - Սկսեցիր դատապարտող տոնով խոսել: Լավ է, մի փիլոն էլ հագիր ու կանգնիր եկեղեցու խորանի վրա: Քեզանից լավ քարոզիչ կստացվի, երաժիշտ պարոն: (Ծխախոտ է վառում): Այո, ընկերուհիներս մեղավոր էին, բոլորն էին մեղավոր, հասարակությունն էր մեղավոր…

ԱՐԱՄ - Երևում է` Կուպրին ու Դոստոևսկի կարդացել ես:

ՎԱՐԴ - Կուպրին` չէ, բայց Դոստոևսկի կարդացել եմ, Սոնյա Մարմելադովայի մասին էլ սեմինարի ժամանակ ոգեշնչված խոսել եմ:

ԱՐԱՄ – Ուրեմն, բանասիրական կրթություն ունես:

ՎԱՐԴ - Դա այնքան էլ կարևոր չէ:

ԱՐԱՄ - Ասում ես` ինչո՞վ էին մեղավոր բոլորը, հասարակությունը…

ՎԱՐԴ - Լսիր, երաժիշտ, այս ուշ ժամին, այս անտերության մեջ` ցանկություն չունեմ խոստովանություններ անել, զգացմունքների գիրկն ընկնել… Օրս փչացավ, ժամերս դատարկ անցան… Ինքդ լսեցիր, որ նախկին տանտիրուհիս զանգեց ու տան չվճարված վարձն ուզեց, իսկ ես այսօր մի մեծ զրո դրեցի անցնող օրվաս վրա…

ԱՐԱՄ - Լույսը բացվի, գնանք քաղաք` ես կարող եմ քեզ օգնել վարձը վճարելու հարցում:

ՎԱՐԴ - (բարձրաձայն ծիծաղում է): Չէ, դու շատ տարօրինակ մարդ ես: Մեր օրերում ո՞վ է պուտանկին հենց էնպես փող տալիս… Գուցե ուզում ես…

ԱՐԱՄ – Չէ, ոչ մի բան էլ չեմ ուզում, ես սովոր չեմ առանց սիրո, հենց էնպես, վճարի դիմաց…

ՎԱՐԴ - Տեսնու՞մ ես, մենք հակապատկերներ ենք: Եվ հետո, իմ պարտքերը շատ-շատ են, իսկ դու համեստ երաժիշտ ես, գրպանումդ էլ…

ԱՐԱՄ – Վերջ տուր ցինիզմիդ: Մի ծխախոտ էլ ինձ տուր:

ՎԱՐԴ - Ուրեմն, ծխում ես:

ԱՐԱՄ – Չեմ ծխում:

ՎԱՐԴ - (տալիս է ծխախոտը): Եթե ծխեիր` լավ կանեիր, մի քիչ ուժեղ ու կամային կերևաիր:

ԱՐԱՄ - Եթե ծխախոտն է ուժի ու կամայինության արտահայտությունը…

ՎԱՐԴ - Չէ, իհարկե, բայց դե սիրուն բառեր են` ուժ և կամայինություն…

ԱՐԱՄ – Սիրուն բառերով հրապուրվողն այստեղ չէր գա ու առաջին իսկ պատահած մարդու մոտ չէր ցանկանա գռեհիկ ու զզվելի երևալ:

ՎԱՐԴ - Իսկ գուցե երբեք էլ առաջին պատահած մարդը չես, գուցե մի կանխակալ ուժ է քեզ հանդիպեցրել ինձ…

ԱՐԱՄ - Եթե արդեն չիմանայի, թե ով ես` կմտածեի` թե անկեղծ սեր փնտրողի մեկն ես…

ՎԱՐԴ - Ի՞նչ գիտես, թե չեմ փնտրել, թե ինձ հանդիպած տղամարդկանց մեջ չեմ ուզեցել տեսնել գոնե մեկին, որը ոչ թե միայն մարմինս ուզեր, այլ նաև փորձեր ինձ սիրել…

ԱՐԱՄ – (բարձր ծիծաղում է): Դու շատ զվարճալին ես:

ՎԱՐԴ - Ինչու՞:

ԱՐԱՄ - Եթե լսես քո ասածները, կհասկանաս, թե ինչու ես զվարճալին:

ՎԱՐԴ - Անկեղծ սիրելու ցանկությունս զվարճալի՞ է դարձնում ինձ:

ԱՐԱՄ - (կմկմում է): Չէ, բայց.. ես… դե ոնց ասեմ…

ՎԱՐԴ - Կապ մի ընկիր, խոսիր: Ասա, որ պուտանկան իրավունք չունի սիրելու, որ սիրո մասին նրա խոսակցությունները ծիծաղելի են: Ասա, մի վախեցիր:

ԱՐԱՄ - Ես չեմ վախենում: Ու դա էլ չէի ուզում ասել… Եթե իսկապես ուզում էիր մեկին սիրել, եթե իսկապես փնտրում ես անկեղծ սեր, չպետք է կանգնեիր այդ ճանապարհին:

ՎԱՐԴ - Ես մաքուր բաներ եմ ասում, իսկ դու դասագրքերից ծանոթ խրատներն ես կարդում… չպետք է կանգնեիր այդ ճանապարհին, չպետք է մարմինդ մարմինդ ծախեիր… Պիտի համեստ օրիորդի նման նստեիր տանը ու սպասեիր, թե հեռուներից երբ կգար քո երազների ասպետը… Ես ցինիկ եմ, ճիշտ ես, բայց քեզանից սիրտս խառնում է, երաժիշտ: Հեռու մնա ինձանից, ես չեմ ուզում քեզ հետ խոսել:

ԱՐԱՄ - Երևակայիր, ես էլ ինձ չեմ կոտորում քեզ հետ խոսելու համար: Ես այստեղ չեմ եկել քեզ հետ զրուցելու համար: Ես կարևոր գործեր ունեմ:

ՎԱՐԴ - Դե գնա քո կարևոր գործերն անելու, իսկ ես մեքենայի կսպասեմ:

ԱՐԱՄ – Սպասիր: (Հեռանում է):

ՎԱՐԴ - Ղզիկի մեկը… Գրպանում փող չունի` վարձս փակել է ուզում, բարոյականության քարոզներ է կարդում… Ոնց որ էս կյանքից հետ մնացած, իսկական գեղցի: Սրա պես տղամարդիկ են շատացել, որ մեր բիզնեսն սկսել է կանգ առնել… Իմ ունեցած փողը բավական է աշխատանքի հասնելու համար… Խղճուկ: Գուցե անկախությունից հետո դա սրճարան էլ չի մտել, էլ չեմ ասում ռեստորանների մասին… Չէ, ասաց, որ նվագում է ռեստորաններում… Ասա՞ց, թե՞ ինձ թվաց… Բայց ու՞ր գնաց էս գիշերին, կարծես էս կողմերում էլ չէր ապրում… Ի՞նչ գործ ուներ էս ժամին գերեզմանոցում…(Կանգնում է և կանչում): Երաժիշտ, ու՞ր ես, հո չե՞ս կորել: Հե~յ, երաժիշտ… Իմ ցավն ու անհանգստությունը կարծես քիչ էր, սա էլ ավելացավ… Թե մի բան պատահի` միակ ներկան ու վկան ես եմ… Չէ, չէ, բան չի պատահի, դրա նման մարդիկ զգուշավոր են, շրջահայաց… Երաժիշտ…

Ոչ ոք չի արձագանքում: Վարդն սկսում է

անհանգստանալ: Մի քանի քայլ է անում դեպի

դուրս, բայց կտրուկ հետ դառնում:

ՎԱՐԴ - Չէ, ու՞ր եմ գնում, ես ի՞նչ գործ ունեմ դրա հետ, գուցե ավազակի մեկն է, գող է կամ էլ… Դրա պեսները մեկ-մեկ միամիտ են ձևանաում, հետո թալանում ու բռնաբարում… Բա որ իսկականից էդպիսին լինի… Ո՞ւր փախչեմ, ու՞ր գնամ… Չէ, պարզ ու ազնիվ տղամարդ էր երևում… Տղամարդ չէ` տղա … (Նորից է կանչում): Երաժիշտ, դու մոտերքու՞մ ես: Ո՞ւր գնաց, ինչի՞ գնաց: Գուցե խռովե՞ց ինձնից: Բայց խռովելու առիթ չկար… Երաժի~շտ, ուր ես… Ես մենակ վախենում եմ…

ԱՐԱՄ - (ներս է մտնում` մաքրելով ձեռքերը): Արդեն եկա:

ՎԱՐԴ - (կասկածանքով): Եկա՞ր: Ինչ լավ արեցիր… Ձեռքերդ ինչու՞ են կեղտոտ:

ԱՐԱՄ – Կեղտոտ չեն հողոտ են: Հողին չի կարելի կեղտ ասել:

ՎԱՐԴ - Երևի ընկել ես:

ԱՐԱՄ - (խուսափողաբար): Երևի… Դու վախեցա՞ր:

ՎԱՐԴ - Չէ, մի փոքր անհանգստացա քեզ համար:

ԱՐԱՄ – Ինձ համա՞ր:

ՎԱՐԴ - Հա, ինչ կա որ… մարդ ես, հայ մարդ, ջահել տղա… Մութ է, անապատ է…

Սովոր չե՞ս, որ քեզ համար անհանգստանան:

ԱՐԱՄ - (շփոթված): Շնորհակալություն… Ախր դու… Ինձ ոչինչ չէր պատահի: Ես այստեղ հաճախ եմ գալիս այս ժամերին… Ես քեզ համար, իսկապես, անհանգստացա:

ՎԱՐԴ - Դե ոչինչ…Սա էլ կյանքի դաս է, որ սրանից հետո հասկանամ, թե ում հետ և ուր եմ գնում:

ԱՐԱՄ – Հա, իհարկե: Քո մասնագիտությունը, ինչպես հասկանում եմ, վտանգավոր մասնագիտություն է:

ՎԱՐԴ - (ոգևորված): Լավ է, որ հասկանում ես: Թե չէ շատերն իրականում չեն պատկերացնում, որ մենք ռիսկի ենք դիմում մի քանի դրամ վաստակելու համար: Հաճախ չենք իմանում, թե ում հետ ենք գնում, թե ուր են տանում, թե ինչ կանեն իրենց գործն ավարտելուց հետո… Ժամանակ առաջ մեր աղջիկներից մեկի մարմինը Հրազդանի ձորում գտանք… Ոստիկանությունը հաղորդեց, թե ինքն իրեն կամրջից է գցել… Մենք լավ գիտեինք, որ Մաշան նման բան չէր անի: Մի քանի օր առաջ էր Ստամբուլից եկել, գոհ էր ու երջանիկ…Ցրտեց…

ԱՐԱՄ – Հա, առավոտվա կողմ միշտ ցուրտ է լինում…

ՎԱՐԴ - Բայց դեռ առավոտ չէ:

ԱՐԱՄ – Քեզ մխիթարելու համար ասացի:

ՎԱՐԴ - Ինձ մխիթարել պետք չէ: Ես սովոր չեմ մխիթարական բառերի: Ես սովոր եմ, երբեմն ինձ հետ խոսում են շաքարաջուր խառնած քաղցր-մեղցր բառերով, իսկ հետո սկսում կոպտել ու վիրավորել… Դու ու՞ր էիր գնացել:

ԱՐԱՄ - Դու դա չես հասկանա…Ես գրեթե ամեն գիշեր այստեղ եմ գալիս: Լավ է այստեղ, շատ լավ: Հոգիս թեթևանում է:

ՎԱՐԴ - Չլինի՞ լուսնոտ ես:

ԱՐԱՄ - (ծիծաղում է): Դրա նման մի բան: Քայլում եմ գիշերվա մեջ, զրուցում:

ՎԱՐԴ - Ու՞մ հետ ես զրուցում:

ԱՐԱՄ – Ինքս ինձ հետ, ինձ հետ քայլող իմ ստվերի, նրա, ում… Դե լավ, եկ չխորանանք: Անունդ ի՞նչ է:

ՎԱՐԴ - Անու՞նս… Ասենք` Մարգարիտա:

ԱՐԱՄ - Դու Մարգարիտայի նման չես:

ՎԱՐԴ - Ինչու՞, ինչս է պակաս:

ԱՐԱՄ – Ոչինչ էլ պակաս չէ: Որքան գիտեմ, քեզ նման աղջիկները շատ ավելի կարճ ու զրնգուն անուններ են ունենում:

ՎԱՐԴ - Կարճ ու զրնգուն անուն… Առաջին անգամ եմ այդ արտահայտությունը լսում: ԱՐԱՄ – Իսկ ես այդ մասին կարդացել եմ: Մի ծեր պոռնկուհու հուշերն էին տպագրել, բոլորն առնում էին ու կարդում: Ես էլ կարդացի: Կարծես արկածային վեպ լիներ` քնարակամ զեղումներով:

ՎԱՐԴ - Ծեր պոռնկուհու…

ԱՐԱՄ – Ներիր, ես չուզեցի քեզ վիրավորել:

ՎԱՐԴ - Ի՞նձ… Չէ, ինձ չես վիրավորում: Ես ոչ ծեր եմ, ոչ էլ պոռնկուհի: Հա, հա, զարմացած մի նայիր: Ես ինձ պոռնկուհի չեմ համարում: Գործ է, անում եմ: Հոգնեցի` կհեռանամ: Դեռ պետք է մի քիչ փող աշխատել: Այդ փողին սպասող կա:

ԱՐԱՄ – Ո՞վ:

ՎԱՐԴ - Պետք չէ խոսել այդ մասին: Մենք իրար չենք ճանաչում: Երբ լուսանա` կմոռանանք իրար ու ամեն մեկս մեր ճամփով կգնա: Մենք կենսագրություն չենք պատմում, մեր մասին ոչինչ չենք ասում:

ԱՐԱՄ - Բայց ես քո հաճախորդը չեմ, ինձ կարող ես պատմել:

ՎԱՐԴ - Հաճախորդը չես… Արդեն մեր բառապաշարին սկսում ես տիրապետել: (Անսպասելի): Անունս Վարդ է:

ԱՐԱՄ - Դա հենց այնպե՞ս:

ՎԱՐԴ - Չէ, իրականում: Տատիս անունը Վարդիթեր էր, ինձ շատ էր սիրում: Հենց իր անունն էլ դրել էր վրաս: Վարդիթերը երկար է, ժամանակակից չէ, դրա համար էլ ինքս ինձ Վարդ դարձրեցի: Ինձ այդ անունով ոչ ոք չի ճանաչում: Աղջիկների մոտ ուրիշ անունով եմ ներկայանում, հաճախորդներին ուրիշ անուններ եմ ասում: Նրանց անունները չեն հետաքրքրում: Նրանց մեր մարմինն է պետք ու ծառայությունը:

ԱՐԱՄ – Իսկ ինչու՞ հանկարծ ինձ վստահեցիր իսկական անուրնդ:

ՎԱՐԴ - Գիշեր է, այստեղ քեզանից բացի ոչ ոք չկա: Դու իմ հաճախորդը չես և չես էլ լինի: Գիտեմ, ոչ մի տեղ ինձ չես փնտրելու: Եթե հանկարծ մի տեղ էլ տեսնես ու անունս կանչես` ես հետ չեմ դառնա, չեմ արձագանքի: Ու ոչ ոք էլ չի հավատա, որ անունս Վարդ է: Ես աշխարհի գրեթե բոլոր անուններով արդեն ներկայացել եմ: Վարդն ինձ համար եմ պահել:

ԱՐԱՄ – Ուրեմն, դու հենց նոր ինձ տվեցիր քո ամենանվիրական բա՞նը:

ՎԱՐԴ - Էդքան նուրբ ու բանաստեղծական մի խոսիր: Դրան սովոր չեմ: Վաղուց ինձ մոտ ոչ ոք նման բառեր չի օգտագործել, վաղուց ինձ հետ քնքուշ չեն խոսել… Նվիրական… Կարծես մի ժամանակ ես էդ բառը գիտեի, անգամ օգտագործում էի… Իսկական անունս ասացի, որ ինքս ինձ հետ լինեմ, որ քեզ վստահեմ: Երբ տանը մենակ եմ լինում, նստում եմ հայելու առաջ ու ինքս ինձ հետ խոսում: Անընդհատ անունս եմ կրկնում, որպեսզի ուրիշ մի անուն ու ուրիշ մի աղջիկ չգա ու չմտնի իմ ու անունիս մեջ… Քո անունն ի՞նչ Է:

ԱՐԱՄ - Անունս Արամ է:

ՎԱՐԴ - Ճիշտ և ճիշտ Սարոյանի նման` անունս Արամ է:

ԱՐԱՄ – Սարոյան չեմ կարդացել: Իսկապես անունս Արամ է, ազգանունս էլ…

ՎԱՐԴ - Ես չեմ սիրում անուն-ազգանունով ներկայացող մարդկանց: Համ պաշտոնական է, համ էլ` անհետաքրքիր: Գուցե կասե՞ս, թե այս ժամին, այն էլ շատ հաճախ, ի՞նչ ես անում այստեղ:

ԱՐԱՄ - Դա շատ անձնական է: Մեկ ուրիշ անգամ կասեմ:

ՎԱՐԴ - Մեկ ուրիշ անգա՞մ: Գիշեր է, ցուրտ է, երկուսով հայտնվել ենք այստեղ, ու սա մեր առաջին ու վերջին հանդիպումն է: Ի՞նչ մեկ ուրիշ անգամ:

ԱՐԱՄ – Կյանքը չի ավարտվում այստեղով: Գուցե կհանդիպենք, կխոսենք:

ՎԱՐԴ - Մի երազիր: Երևի նկատեցիր, որ ես մի քիչ լիցքաթափվեցի: Այդքանն էլ բավական է: Եվ հետո` ես չէի ուզենա, որ մենք երբևէ հանդիպեինք: Դու ուրիշ մարդ ես, ուրիշ աշխարհի մարդ, քոնը երաժշտությունն է… Սարոյան էլ չես կարդացել: Գնա ու մնացած ժամանակդ Սարոյանին տրամադրիր: (Դադար:) Ի՞նչ ես կարծում, իսկապե՞ս մինչև լուսանալն այստեղ պիտի մնանք:

ԱՐԱՄ - Երբ գալիս եմ այստեղ` լուսանալուն չեմ սպասում: Ճանապարհը լավ գիտեմ: Քայլում եմ: Ուզու՞մ ես` գնանք:

ՎԱՐԴ - Ես վախենում եմ: Սկզբում ուզում էի շուտ գնալ-հեռանալ այստեղից: Կսպասեմ, մինչև լույսը բացվի կամ էլ մի ավտո երևա: Հո կյանքը կանգ չի առել…

ԱՐԱՄ - Դու ճիշտ ես ասում, կարելի է սպասել: Բայց ոչ այստեղ: Արի գնանք տնակը:

ՎԱՐԴ - Իսկ էդ տնակ չեմ գա: Ինչ ուզում ես ասա… Էստեղ ավելի ապահով է: Ես առհասարակ փակ տեղերից վախենում եմ: Վախը փոքրուց է իմ մեջ մտել ու դուրս չի գալիս: Հիշում եմ, տաս-տասներկու տարեկան էի, թաղի երեխաներով պահմտոցի էինք խաղում: Աղջիկներից մեկն առաջարկեց պահվել մի փլված շինության մեջ: Մըանք, դուռը, որը կրմկի վրա էր, ծածկեցինք մեր հետևից: Հետո ահագին ժամանակ մնացինք այդտեղ: Դուռը չէր բացվում: Երբ մութը խորացավ, աչքիս ուրվականներ սկսեցին երևալ: Կպել էի ընկերուհուցս ու լաց էի լինում: Միայն առավոտյան մեզ հանեցին:

ԱՐԱՄ - Ես վարժվել եմ մթությանն էլ, մենակությանն էլ: Կարող եմ անտառում մենակ մնալ: Երբեմն գիշերները գնում եմ անգլիական այգի, նստում եմ ամենամութ ծառուղում ու հետևում տերևների շրշյունին:

ՎԱՐԴ - Տերևների շրշյուն…Ինչ լավ բառեր կան աշխարհում… «Աշնան մշուշում շշուկ ու շրշյուն«,,, Երևում է` ոչ միայն երաժիշտ ես, այլև` բանաստեղծ:

ԱՐԱՄ - Բանաստեղծություն կարդալ սիրում եմ: Մայրս գրականության ուսուցչուհի էր, նստեցնում էր իր դիմաց և արտահայտիչ ու գեղեցիկ կարդում էր:

ՎԱՐԴ - Հիմա էլ չի՞ կարդում:

ԱՐԱՄ – Հիմա ես եմ կանգնում նրա մոտ ու կարդում իր սիրած բանաստեղծներին: Գիշերներն եմ կարդում, որովհետև ցերեկներն ու երեկոներն աշխատանքով զբաղված եմ լինում:

ՎԱՐԴ - Ուրեմն, այս գիշեր մայրդ առանց բանաստեղծությունների մնաց: Դու էլ ինձ համար կարդա քո բանաստեղծությունները, ես դրանք կլսեմ ու փոխհատուցված կհամարեմ իմ էս գիշերվա հարկադիր պարապուրդը:

ԱՐԱՄ - (շեշտակի ու կոպիտ): Այդպես չխոսես, չծաղրես:

ՎԱՐԴ - Ես չեմ ծաղրում;

ԱՐԱՄ – Ծաղրում ես` առանց հասկանալու: Դե իհարկե, դու սովոր չես այս ամենին, քոնը փողով մարմին ծախելն է, ամեն պատահածի հետ մի անկյուն քաշվելը, մարդկանց միայն գրպանի պարունակությամբ զանազանելը…

ՎԱՐԴ - Որքան էլ ես մարմնավաճառ եմ, ընկածի մեկը, այնուամենայնիվ թույլ չեմ տա ինձ հետ այդպես խոսել: Դու ի՞նչ գիտես, թե իրականում ով եմ ես, ինչու եմ մարմինս ծախում, ինչ է նշանակում մարմնավաճառ: Մի բանաստեղծության համար նեղացար, փսլնքոտ երաժիշտ: Սրտիդ նուրբ լարերին կպա… Ամեն պատահածի հետ անկյուն քաշվել… Մարդկանց գրպանի պարունակությամբ գնահատել… Լավ եմ անում, քո մարմինը չեմ վաճառում, քեզ հետ չեմ անկյուն քաշվում… Քո գրպանի պարունակությամբ էլ քեզ չեմ գնահատում, չնայած եթե գնահատեի, ոչնչություն կլիներ ինձ համար, անպետքի մեկը…Քեզ թվում է, թե ես չեմ ուզում բանաստեղծություն կարդալ, թե բանաստեղծությունից բան չե՞մ հասկանում… Լավ էլ հասկանում եմ ու դեռ բանասիրական էլ կրթություն ունեմ… Իբստիտուտում էլ լավ եմ սովորել, նկարս ուսման առաջավորների ցուցափեղկին էր փակցված, մարդիկ ինձանով հիանում էին, դասախոսներն անունս տալիս` հաճույք էին ստանում: Դու երաժիշտ ես, քո սիրած գործով ես զբաղվում, երաժշտության հետ ես լինում, իսկ ես չկարողացա զբաղվել, չկարողացա բանաստեղծություններ արտասանել դասարանում` աշակերտների առջև, որովհետև չէի կարող մի քանի դրամով հաշմանդամ ծնողներիս պահել, պատերազմում անդամալույծ դարձած եղբորս պահել, նրա համար ծխախոտ գնել… Ես պոռնիկ չեմ ծնվել, իմ արյան մեջ չկա էդ անտերից… Պոռնիկ ու մարմնավաճառ բառերից զզվում եմ, սիրտս խառնում է: Մեկ-մեկ ուզում եմ թողնել ու հեռանալ, երբեմն էլ առավոտվա կողմ, երբ տուն եմ գալիս, ուզում եմ պառկել վաննայի մեջ, ծածկվել ջրով ու ընդմիշտ հեռանալ ամեն ինչից… Լողանալիս մարմինս կոշտ ու կոպիտ սպունգով էմպես եմ քերում, որ մեկի հոտը վրաս չմնա, մարմնի լպրծունությունը չմնա… Հա, Դոստոևսկու ու Կուպրինի հերոսուհիներին եմ նման, հա, ես էլ մեր օրերի ընկած հրեշտակն եմ… Էս եմ, այսպիսին եմ… Նայիր ու տես, քո առաջ մի քիչ աղավաղված հրեշտակն է` լղոզված քիթ ու բերանով, այլանդակ հագուստով, որը մեզ նմանների համար այցեքարտ է… Տղամարդ, երաժիշտ, լավ իմացիր և հիշիր` կնոջ վրա չեն գոռում` ինչպիսին էլ նա լինի… Պուտանկա, մարմնավաճառ, պոռնիկ, հոմանուհի, հետերա, կուրտիզանուհի, հեյշա… Տես, ինչքան հոմանիշներ ունի մեր մասնագիտությունը, իսկ դու ընդամենը երաժիշտ ես… Կնոջ վրա չգոռաս, երաժիշտ: Հասկացա՞ր… Ես մարմինս եմ ծախում, որ փող աշխատեմ, դու էլ ուրիշների առաջ ես ծռմռվում, ռեստորանում հարբածները քեզ մատով կանչում, գրպանդ մի երկու ճմրթված դրամ են դնում, հորթային հրճվանքով գնում ու նվագում ես… Դու էլ ես քեզ վաճառում, հասկացա՞ր… Առանց արժանապատվության մասին մտածելու, մի փողավորի առաջ կուչ գալով: Տեսել եմ ռեստորաններում, թե ոնց եք պուտանկաների նման օրոր-շորոր գալիս ունևոր-հարուստ հաճախորդների առաջ: Երկուսս էլ նույն գործն ենք անում, բայց քո արածը բարձր է հնչում, իմը` ծաղրվում… Տարբերությունն այս է… Ուրիշ ոչինչ…

ԱՐԱՄ - (կարծես ինքն իրեն): Ես ամեն գիշեր այստեղ եմ գալիս, որովհետև մեզանից մի քանի քայլ հեռու գտնվող գերեզմանոցում մայրս է թաղված: Աշխարհում իմ միակ հարազատը… Միակն ու անփոխարինելին… Ես գալիս եմ նրա գերեզմանի մոտ ու կարդում նրա սիրած բանաստեղծությունները: Նոր բան չեմ կարդում… Մայրս հայ գրականություն էր դասավանդում, սիրում էր հայ դասականներին: Ես նրա համար հայ դասականների բանաստեղծություններն եմ արտասանում: Գիտեմ, լսում է ու հոգին փառավորում… Ես ընդամենը չորս ամսական էի, երբ հայրս բաժանվեց: Գնաց ու նոր ընտանիք ստեղծեց` երբեք չհիշելով իմ ու մորս մասին: Իսկ մայրս խելագարի պես սիրում էր նրան: Ողջ կյանքում հավատարիմ մնաց այն տղամարդուն, ով փախավ մի մատուցողուգու հետ: Ասում են` երեխաներ ունի, երկու տղա և մի աղջիկ: Մայրս շատ էր ցանկանում տեսնել նրանց, ինձ ծանոթացնել նրանց հետ, որպեսզի ես էլ եղբայրներ ու քույր ունենայի, բայց հպարտությունը խեղդում էր նրան: Եռանդով լի էր, աշխատում էր դպրոցում, տանն աշակերտների հավաքներ էր կազմակերպում, խոսում հայ գրողների մասին… Մի օր կանչեցին ու ասացին, որ տարիքն առել է, որ հարկավոր է ճանապարհ բացել ջահելների համար: Օպտիմալացում է, ասացին… Չթողեցին վերջին քառորդն ամփոփի: Ամեն առավոտ վեր էր կենում, հագնվում ու տանից դուրս գալիս: Գնում, կանգնում էր դպրոցի մոտ, հետո մինչև ժամը մեկւ քայլում փողոցներում ու տուն դառնում… Ուզում էր բոլորին ցույց տալ, որ ինքն առաջվա պես դասի էր գնում ու դասից վերադառնում… Ինքն իրեն համոզում էր, ինքն իրեն մխիթարում… Բայց մխիթարություն չկար. կառապում էր ու տանջվում… Երբեմն նկատում էի, որ իր գրասեղանին հենված` լաց էր լինում… Ընդամենը մեկ ամիս ապրեց առանց դպրոցի… Մի առավոտ նրան գտա իր գրասեղանի մոտ նստած, գլուխը հակած իր մոտ պահպանցող աշակերտական տետրերին… Թաղմանը աշակերտներն էին եկել, շատ շրջանավարտներ, իսկ ուսուցիչներից եկել էին մի քանի հոգի, նրա ամենամտերիմ մարդիկ, որոնց մեջ նաև իր ճակատագրին արժանացածներ կային… Տնօրենը, որն իր նախկին աշակերտն էր և որի համար ինքն էր պայքարել, ժամանակ չէր գտել. խորհրդակցության էր գնացել, կամ էլի նման մի տեղ… Բարձի տակից հորս մաշված ու խունացած նկարը հանեցի: Ուրեմն, ամբողջ կյանքում սիրել էր նրան: Սիրել էր` ատելով, զայրանալով… Հիմա ամեն գիշեր ես գալիս եմ այստեղ, փխրեցնում գերեզմանի հողը, ջրում ծաղիկները, հետո կանգնում եմ նրա ոտքերի մոտ ու արտասանում… Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին… (Առանց նայելու Վարդին` դուրս է գնում):

Վարդը նստած է նստարանին: Նա դանդաղ

բացում է պայուսակւ և մի ծխախոտ հանում,

սակայն չի վառում: Երկար ժամանակ լուռ է,

ապա սկսում է խոսել:

ՎԱՐԴ - Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին… Դու ինձ ներիր, ես չգիտեի: Իմ սովորության համաձայն` կատակ արեցի: Չար ու անհամ կատակ: Ներիր, ինչ անեմ, քաղաքակրթությունից էլ եմ հեռացել, մարդկային նուրբ վարվեցողությունից… Ներիր, Արամ, խնդրում եմ… Ես չգիտեի, որ դու այդքան նրբազգաց ու լավ տղա ես, ես չգիտեի, որ դու գերեզմանոց` մորդ մոտ ես եկել… Ես քեզ մեծ ցավ պատճառեցի: Չէի ուզում` ստացվեց… Հեշտ չէ միանգամից կերպարանափոխվել, հեշտ չէ միանգամից հրաժեշտ տալ այն ամենին, ինչին հասնելու համար ես մեծ ջանքեր եմ գործադրել, ամեն ինչ արել եմ, որպեսզի ցինիկ լինեմ, սանձարձակ լինեմ, հայհոյեմ, լոպտեմ, ծաղրեմ մարդկանց… Ես այդպիսին պիտի լինեի, որպեսզի մարմնավաճառներն ինձ իրենց ընտանիքն ընդունեին… Նրանք իրենց նմաններին են ընդունում` ծխող, հայհոյող, տղամարդկանց վզերից կպչող: Ես այդպիսին չէի, դրա համար էլ ինձ սկզբում ծաղրում էին, հեռացնում իրենց մոտից: Ես պիտի իրենց նման լինեի, դրա համար էլ սովորում էի, նմանակում… Ես իմ արածի համար երջանիկ չեմ, չեմ հպարտանում ինքս ինձնով…Ներիր, խնդրում եմ, ներիր… Դե լավ, մի լռիր, եկ նստիր կողքիս… Արամ, խնդրում եմ… Ուզու՞մ ես, ես քեզ համար կարտասանեմ հենց այդ բանաստեղծությունը` «Միամիը չեմ, հավատամ քեզ, Տառապանքս փորձ ունի…»: Ես էլ շատ էի սիրում Իսահակյանի այդ բանաստեղծությունը, ինձ էլ այն շատ դուր էր գալիս… Դե լավ, Արամ, մի խռովիր, մոտ եկ… (Բարձրացնում է հլուխը, նոյում շուրջւ): Արա՞մ, Արամ, ու՞ր ես… Ձայն հանիր… (Ելնում է նստած տեղից, քայլում` փնտրելով): Արամ, որտե՞ղ ես… Դու գնացե՞լ ես… Հետ արի, խնդրում եմ: (Նայում է դուրս): Դու գիտես, որ ես մենակությունից վախենում եմ, որ ես ոչ մի քայլ չեմ կարող անել` քեզ փնտրելու համար: Խնդրում եմ, արի, ես հիմարություններ արի, շատ եմ խնդրում…(Լացակումած): Հիմա ես ի՞նչ անեմ, ես ինչպե՞ս նրան հետ բերեմ… (Նորից է նստում, զայրացած չմրթում է ծխախոտը, նորը հանում, փորձում վառել, սակայն մատները դողում են): Ոը՞ր գնաց, ինչու՞ գնաց: Ես պատրաստ եմ հազար անգամ ներողություն խնդրել, հազար անգամ ձեռքերը համբուրել… (Դրսից ավտոմեքենայի ձայն է լսվում, բեմը մի պահ լուսավորվում է: Ուրախացած գնում է դեպի լույսը): Արամն է, ես գիտեի, որ հետ կգա: Ուրեմն, մեքենա է պատահել, ու նա էլ եկել է, որ ինձ տանի: (Լույսն անհետանում է` ձայնի հետ միասին:) Չէ, ինքը չէր: Վերջնականապես է գնացել… Թողել է ինձ ու գնացել… Էդ տնակը որտե՞ղ էր, գոնե կգնայի ու մինչև լուսանալը գլխիս վերևում ծածկ կունենայի… Թե չէ էստեղ, գերեզմանոցի կողքին, անտեր-միայնակ… Ինչ իմանամ, թե ինչ չորքոտանի կարող է գալ էստեղ… Ինքն ու՞ր գնաց` զայրացած, սիրտը լցված… Հանկարծ շներ չհարձակվե՞ն վրան… Փոսը չընկնի՞… Հետո ինչ, որ ճանապարհին ծանոթ է…

Նորից է վեր կենում, անհանգիստ քայլում, մի

պահ ուզում է դուրս գնալ, բայց հաջորդ փոխում

է որոշումը: Գրեթե անաղմուկ, ստվերի նման,

գալիս է Արամը և լուռ կանգնում: Վարդը

շարունակում է քայլել, ապա անսպասելի շուռ

է գալիս, տեսնում Արամին, մի պահ նայում նրան, հետո վազում

և փաթափվում:

ՎԱՐԴ - Քիչ մնաց խելագարվեի առանց քեզ… Ներիր ինձ, խնդրում եմ, ներիր: Ուզու՞մ ես, ծնկի կգամ, ներողություն կխնդրեմ…

ԱՐԱՄ – Ոչինչ պետք չէ… Դու էլ ինձ ներիր, որ քեզ վիրավորեցի… Ներիր…

ՎԱՐԴ - (համբուրում է Արամին): Դու էլ անպաշտպան ու մենակ մարդ ես, համարյա ինձ նման… Ես չգիտեի, որ դու այդքան նուրբ հոգի ունես, այդքան մեծ սիրտ…

ԱՐԱՄ - Ես չէի կարող հեռանալ` քեզ մենակ թողնելով այստեղ: Վախեղա՞ր:

ՎԱՐԴ - Հիմա չգիտեմ` վա՞խ էր դա, թե՞ անհանգստություն… Քիչ առաջ մի մեքենա անցավ այստեղից, կարծեցի, թե դու ես:

ԱՐԱՄ - Ես հեռվից տեսա այդ մեքենան, մտածեցի, թե կարող է մոտեցած և նստած լինես…

ՎԱՐԴ - Չէ, ես չէի կարող հեռանալ` չիմանալով քո մասին: Անգամ փորձ չարեցի վազել ու կանգնեցնել…Ես ուզում էի տեսնել քեզ…

ԱՐԱՄ - Ես անգամ մոռացա հարցնել քեզ, թե` սոված չե՞ս… Իմ պայուսակում ուտելու մի քիչ բան կա, ռեստորանից վերցրեցի… (Նստարանի վրայից վերցնում է պայուսակը, նրա միջից մի փաթեթ հանում և պարզում Վարդին): Վերցրու:

ՎԱՐԴ - (վերցնելով փաթեթը` հոտ է քաշում): Ի~նչ լավ հոտ է գալիս: (Փաթեթը բացում է, այնտեղից հանում բուտերբրոդներ, մեկը մեկնում Արամին): Կեր: Դու էլ սոված ես:

ԱՐԱՄ - (վերցնում է բուըերբրոդը): Ճիշտ որ սոված էի: Այսօր ողջ օրը ոչինչ չեմ կերել:

ՎԱՐԴ - Ոչ թե այսօր, այլ` երեկ: Մի օր անցավ:

ԱՐԱՄ – Ըհը: Մի օրով էլ մեծացանք:

ՎԱՐԴ - Շատ համով է: Վաղուց նման համով բուտերբրոդ չէի կերել:

ԱՐԱՄ - Բնության մեջ ամեն ինչ համով է:

ՎԱՐԴ - Տատս միշտ բրդուճներ էր սարքում ու տալիս մեզ, երբ սարն էինք գնում: Ասում էր` ցամաք հացն անգամ բնության մեջ լավ է ուտվում: Ու իսկապես: Գյուղական պանիրն ու բոքոն հացը մաքուր օդում աշխարհի ամենահամոց ուտելիքներն էին մեզ համար:

ԱՐԱՄ – Ուրեմն` գյուղում ես ապրել:

ՎԱՐԴ - Ըհը: Սա վատ չէ, չէ՞:

ԱՐԱՄ – Չէ, ինչու՞ է վատ: Իմ արմատները, ճիշտ է, քաղաքից են, բայց ես միշտ երազել եմ գյուղում բարեկամներ ունենալ, նրանց հյուր գնալ:

ՎԱՐԴ - Մեր գյուղը Լոռիում է, սարերին կպած, ամեն առավոտ երկնքի հետ համբուրվող… Երկու տարուց ավելի է` գյուղ չեմ գնացել, կարոտել եմ:

ԱՐԱՄ – Իսկ ինչու՞ չես գնացել:

ՎԱՐԴ - Ուզում եմ մի քիչ էլ փող աշխատել, նոր գնալ: Տանն իմ փողի կարիքը զգում են:

ԱՐԱՄ – Իսկ ե՞րբ կաշխատես այնքան, որ կարողանաս գնալ:

ՎԱՐԴ - Դու ինձ քաղաքից վռնդու՞մ ես:

ԱՐԱՄ – Չէ, ինչու՞ պիտի վռնդեմ: Ես քաղաքի տերը չեմ:

ՎԱՐԴ - Մերոնք շատ պարտքեր ունեն, այնքան շատ, որ թիվը կրկնելիս, երբեմն շունչս կտրվում է: Բայց հույս ունեմ, որ մի օր անպայման կաշխատեմ պահանջվածը: Կգնամ գյուղ, մերոնց կտեսնեմ: Ես հիմա մեկ-մեկ գյուղ գնացողների հետ փող եմ ուղարկում, խնդրում եմ համբերել ու սպասել…

ԱՐԱՄ - Եթե ուզում ես շատ փող աշխատել, ապա պիտի մի ուրիշ աշխատանքի մասին մտածել:

ՎԱՐԴ - Արամ, եկ այլևս չվերադառնանք հին խոսակցությանը: Հետո, երբ մենակ լինեմ, անպասյման կմտածեմ քո ասածի մասին: Իսկ հիմա արի վայելենք այս բուտերբրոդն ու սպասենք առավոտվան: Ժամը քանի՞սն է:

ԱՐԱՄ - (վառում է վառիչն ու նայում ժամացույցին):Շուտով չորսը կլինի:

ՎԱՐԴ - Արագ անցավ ժամանակը:

ԱՐԱՄ – Ճիշտ որ: Երբ մենակ չես` ժամանակը հեշտությամբ է անցնում:

ՎԱՐԴ - Արամ, ինձ հետ խոսելիս ինչու՞ անունս չես տալիս:

ԱՐԱՄ – Չգիտեմ… Ավելի ճիշտ, գիտեմ. քեզ նայելիս ուզում եմ մի ուրիշ անուն տալ, ուրիշ կերպ քեզ դիմել: Ասենք` Մարինե, Գայանե…

ՎԱՐԴ - Երևի պատճառ ունես…

ԱՐԱՄ – Չէ, առանձնապես բան չկա, բայց ինձ այդ անուններն ավելի են դուր գալիս: Մեր դասարանում երկու Գայանե կար, երեք Մարինե: Եվ ընդամենը մի Քնարիկ:

ՎԱՐԴ - Իսկ ու՞մ էիր դու սիրահարված:

ԱՐԱՄ – Նրանցից ոչ մեկին: Ես հարևան դասարանից մի աղջկա էի սիրում, բայց նա էլ ուրիշի էր սիրահարված: Նրա անունն էլ Գայանե էր, երկար մազեր ուներ ու մեծ աչքեր: Գիտեր, որ սիրահարված եմ, որ հետևում եմ իրեն, բայց հասկացնել էր տալիս, որ զուր հույսեր չփայփայեմ:

ՎԱՐԴ - Գյուղում սիրահարված լինելն ամոթ բան էր համարվում: Բայց ես մի տղա էի սիրում` Բաբկեն անունով: Անվան պես խիստ էր, ժամանակից շուտ մեծացած: Տան հոգսն իր վրա էր, դպրոց գնալու ու սիրելու ժամանակ չուներ: Մի անգամ նամակ գրեցի ու դրեցի իրենց դռան մոտի մեծ քարի տակ: Կարդացել էր: Մի իրիկուն կանչեց իրենց աղնյուրի մոտ, երկար-բարակ խրատներ կարդաց, ասաց, որ աղջիկն ինքը չպետք է սեր բացատրի, պիտի սպասի, մինչև տղան առաջինը խոստովանություն անի: Նայեց շուրջը, տեսավ մարդ չկա` այտս համբուրեց ու գնաց: Հետո մի օր ինձ տեսավ ակումբի մոտ, ինձ համար կինոյի տոմս գնեց` իրենից մի շարք առաջ: Ամբողջ ժամանակ ինձ էր նայում: Բանակ գնալուց առաջ եկավ մեր տուն, ծնողներիս մնաս բարով ասաց ու գնաց: Դուրս գալիս շատ երկար նայեց ինձ: Դրանից հետո մի անգամ ես տեսել, քաղաքում: Երեկոյան կողմ էր, հեռվից տեսա ու փախա: Ինձ թվաց, թե ամեն ինչ հասկացավ` հագիս շորերն ու հազար գույնի ներկած մազերս տեսնելով: Պատկերացնու՞մ ես, նա իմ առաջին սերն էր` կոշտուկոպիտ, մի քիչ վայրենի, մեծ ձեռքերով, հաստ հոնքերով… Ոտքերը մեծ-մեծ էր դնում, երբեք նոր շորեր չէր հագնում… Չուներ… Երբ քաղաքում տեսա` էլի յին շորերով էր: Եթե տեսքս էսպիսին չլիներ, կվազեի նրա մոտ, ոտքերը կընկնեի, կասեի` դու իմ միակն ու անփոխարինելիս ես, իմ ամեն ինչն ես, տար ինձ էստեղից, կինդ դարձրու, ես քեզ հավատարիմ շան նման կծառայեմ… Նա միշտ տղամարդու իմ իդեալը մնաց` անհասանելի ու կոպիտ…

ԱՐԱՄ – Նշանակում է` ես քեզ դուր չեմ գա երբեք:

ՎԱՐԴ - Ինչու՞:

ԱՐԱՄ - Դե ես կոպիտ չեմ, մի կարգին տեսք էլ չունեմ… Աղջիկներն ասում են, թե տղամարդու իմ տեսակն այլևս մոդայից դուրս է եկել:

ՎԱՐԴ - (քննախույղ և երկար նայում է Արամին): Չէ, դու վատը չես, անգամ գեղեցիկ ես, հմայիչ: Քո տեսակն էլ մոդայից դուրս չի եկել: Անգամ երկար մազերդ մի առանձին հմայք են տալիս քեզ: Դեռ հոլիվուդյան ֆիլմերում քո տեսակը հանդիպում է, չնայած շատ վաղուց կինո չեմ նայել: Բայց…

ԱՐԱՄ – Ի՞նչ բայց…

ՎԱՐԴ - Ես երևի չկարողանամ քեզ սիրել, որովհետև միշտ մեկին եմ փնտրել, բոլորի մեջ ցանկացել մեկին տեսնել… Նրան, ում մասին քեզ ասացի…

ԱՐԱՄ – Քո… ինչպես ասեմ… տղամարդկանց մե՞ջ էլ ես նրան փնտրում:

ՎԱՐԴ - Երբեմն, այո, փնտրում եմ: Ուզում եմ նմանեցնել, ու երբ գտնում եմ նմանության նշաններ` մերժում եմ այդ տղամարդկանց…

ԱՐԱՄ – Տարօրինակ է…

ՎԱՐԴ - Տարօրինակ բան չկա… Եթե կին լինեիր ու սիրահարված` կհասկանայիր ինձ: Հիմա չես հասկանա:

ԱՐԱՄ - Ես կին չեմ, բայց սիրահարված եմ: Կոնկրետ մեկը չկա, մի աներևույթ ու աբստրակտ աղջիկ է, որին ինքս եմ հորինել, սիրահարվել… Նրա նման մեկւ կար սիմֆոնիկում, ուր աշխատում էի: Նույնպես ջութակահար էր, մոխրագույն մազերով, նույն շարքում էինք նստում: Երբ շարվում էինք մեր տեղերում, ես միշտ նրան էկ նայում: Մի անգամ համերգից հետո տուն ուղեկցեցի: Իմ ընկերակցությունը նրան դուր եկավ: Հետո էլի մի քանի անգամ ուղեկցեցի ու մի օր էլ իր համար անսպասելի` ամուսնության առաջարկություն արեցի: Ծուռ ժպտաց, հետո առանց մի բան ասելու` հեռացավ: Հաջորդ օրը եկավ փորձի, բոլորի ներկայությամբ շատ ջերմ բարևեց ինձ, պայուսակից հանեց մի քանի նկար ու ասաց. «Իմ տղան ու աղջիկն են, նրանք երկվորյակներ են, մանկապարտեզ են գնում… Տես, ինչ լավ բալիկներ ունեմ…»: Ինձ թվաց, թե ստում է, ծաղրում ինձ, բայց մի քանի օր անց մոտեցավ և հրավիրեց իրենց տուն` երեխաների ծննդյան օրվան… Չգնացի, ինձ համար շատ ծանր կլիներ…

ՎԱՐԴ - Ինձ մոտիկ նստիր, Արամ:

ԱՐԱՄ – Ինչու՞:

ՎԱՐԴ - Ուզում եմ մոտիկից աչքերիդ նայել:

ԱՐԱՄ – Սովորական աչքեր ունեմ: Մայրս ասում էր, որ հորս աչքերին են նման:

ՎԱՐԴ - Ինձ թվում է, որ քո աչքերը կապույտ պիտի լինեն:

ԱՐԱՄ – Կապույտին մոտ են, կանաչավուն երանգ ունեն:

ՎԱՐԴ - Ես այդպես էլ զգում էի:

ԱՐԱՄ – Ինչու՞:

ՎԱՐԴ - Միայն քո աչքերի գույնն ունեցող մարդը կարող էր այսքան նուրբ լինել:

ԱՐԱՄ - Աչքերը կարող են և խաբել:

ՎԱՐԴ - Այդպես մի ասա, մենք հոգեբանությունից ենք անցել, որ աչքերը մեծագույն մատնիչներն են, նրանք միշտ ճիշտն են ասում:

ԱՐԱՄ – Հիմա ի՞նչ են ասում իմ աչքերը:

ՎԱՐԴ - Նրանց մեջ զարմանալի անմեղություն ու վախվորածություն կա: Նրանցում սիրահարվածության նշաններ կան:

ԱՐԱՄ - Այդքան բան միանգամի՞ց:

ՎԱՐԴ - Այդպես էլ է պատահում… (Անսպասելիորեն գրկում ու համբուրում է Արամին):

ԱՐԱՄ - (զարմացած): Դու այս ի՞նչ արեցիր:

ՎԱՐԴ - Քեզ համբուրեցի:

ԱՐԱՄ – Ինչու՞:

ՎԱՐԴ - Չգիտեմ…

ԱՐԱՄ - (գրկում է Վարդին, համբուրում): Ես էլ չգիտեմ…

ՎԱՐԴ - Թող ինձ, խնդրում եմ… Թող…

ԱՐԱՄ – Չեմ թողնելու… Դու լավն ես, դու ամենալավն ես աշխարհում…

ՎԱՐԴ - Ի՞նչ…

ԱՐԱՄ - Դու աշխարհի ամենալավ աղջիկն ես, դու նման ես այն ջութակահար աղջկան, որին ես սիրեցի ու երբեք չմոռացա:

ՎԱՐԴ - Բայց դու նման չես այն տղամարդուն, ում ես փնտրում եմ, ով իմ իդեալն է…

ԱՐԱՄ – Իդեալ մի փնտրիր… Ես էլ չեմ փնտրում…Իդեալ փնտրում են հիասթափված ու հուսահատված մարդիկ, ովքեր ուզում են մխիթարվել, արդարացնել իրենց մենակությունը:

ՎԱՐԴ - Բայց ես սկսում եմ գտնել…

ԱՐԱՄ - Ես էլ…

Նրանք գրկախառնվում են ու համբուրվում:

Արամը շոյում է Վարդի մազերը, Վարդը

նրբորեմ մատները սահեցնում է Արամի

դեմքի վրայով, ապա խաղում մազերի հետ:

ՎԱՐԴ - Գուցե չհավատաս ու չհասկանաս, բայց մի բան ստիպում է ինձ մղվել դեպի քեզ, քեզ մոտ լինել… Հրապուրա՞նք, սե՞ր է` չգիտեմ…

ԱՐԱՄ – Պետք չէ բառեր փնտրել` զգացմունքները բացատրելու համար… (Նորից է գրկում ու համբուրում Վարդին): Դու այս գիշերվա իմ հայտնությունն ես… Հայտնություն ողջ կյանքի համար:

ՎԱՐԴ - Այդպես մի խոսիր, դու դեռ ոչինչ չես հասկանում, անբացատրելի մի բան քեզ առել է իր ցանցի մեջ, խլել բանականությունդ…

ԱՐԱՄ - Ես ամեն ինչ հասկանում ու կշռադատում եմ… Իմ բանականությունն ինձ հետ է:

ՎԱՐԴ - Ճիշտ չէ, մենակությունը, կնոջ կարոտն են քեզ ստիպում հիմա այդպես խոսել… Երբ գիշերն անցնի` կգնահատես ամեն ինչ, կհասկանաս, որ սա ընդամենը վայրկենական բռնկում էր…

ԱՐԱՄ - Ես այլևս այն տարիքում չեմ, որ հավատամ վայրկենական բռնկումներին, որ չհասկանամ ասածս ու արածս…Դու իսկապես իմ հայտնությունն ես, որից ես երբեք չեն ուզենա բաժանվել:

ՎԱՐԴ - Բայց ես մարմնավաճառ եմ, այն կանանցից, ում չեն սիրում, ում հետ չեն ամուսնանում:

ԱՐԱՄ – Մի խոսիր այդ մասին, մի փորձիր ինձ հեը կանգնեցնել, իմ մեջ ստեղծել քո բացասական կերպարը: Դու լավն ես, դու բոլորից լավն ես… (Գրկում է, համբուրում): Մի՞թե քո մեջ որևէ զգացմունք չի ծնվում, մի՞թե չես ուզում ինքդ էլ սիրել: Դու, ի վերջո, ամեն ինչ անկեղծորեն ասել ես, չես խաբել: Դու հո չգիտեիր, որ այստեղ երկար ես մնալու, որ ստիպելու ես մեկին սիրահարվել քեզ:

ՎԱՐԴ - Սիրահարվե՞լ:

ԱՐԱՄ - Այ, սիրահարվել: Պարզվում է, կարճ ժամանակն էլ բավական է սիրելու ու սիրահարվելու համար:

ՎԱՐԴ - Սպասիր, Արամ, սպասիր: Մի շտապիր այդպես արագ գնահատել զգացմունքներդ: Դու, այո, փոքր չես, բայց չես կարողանում հրապուրանքը, գուցեև մենակությունը լցնելու ձգտումը տարբերել սիրուց… Մի շտապիր… Ես մարմնավաճառ եմ, ինձ արդեն շատ տղամարդիկ են վայելել, ես շատերինն եմ եղել: Ես փողով սեր եմ խաղացել… Դա ամենազզվելի բանն է աշխարհում…Դրա մեջ անասնական բան կա… Դա չես հասկանում, որ սեր բացատրելով մարմնավաճառ կնոջը` մեկընդմիշտ պարան ես գցում վզիդ, դատապարտում ես քեզ… Ես, այո, մեծ փորձ չունեմ մարմնավաճառության մեջ, ընդամենը նորեկ եմ, բայց ես էլ շատերի նման, ովքեր այս զբաղմունքն ընտրել են ոչ բուռն ցանկությամբ, ցանկանում եմ ընտանիք ունենալ, երեխաներ ունենալ, աօահովություն ունենալ: Ուրեմն, կարող եմ յեշտությամբ համաձայնել ու կպնել քեզաքնից: Ի՞նչ ես անելու, ինչպե՞ս ես ապրելու:

ԱՐԱՄ - Ապրելու եմ այնպես, ինչպես ժատերը, բոլորը:

ՎԱՐԴ - Դու իսկական երեխա ես, շատ բան չհասկացող երեխա: Նորից եմ կրկնում, հիշիր, թե ով եմ ես:

ԱՐԱՄ - Ես հիշում եմ… Լավ եմ հիշում… Եթե քեզ համար հաճելի չէր մարմնավաճառությունը, եթե զզվում էիր, եթե ուզում էիր ընտանիք ու բարեկեցություն ունենալ` ինչու՞գնացիր փողոց, ասա, ինչու՞ գնացիր:

ՎԱՐԴ - (տևական լռությունից հետ): Ես քեզ չխաբեցի` ասելով, որ ընտանիքս մեծ պարտքերի մեջ էր: Եղբայրս պատերազմի մասնակից է, տուն է վերադարձել հաշմանդամ դարձած, աշխատանքի անընդունակ: Չնչին թոշակ է ստանում, որն անգամ ծխախոտի չի բավականացնում, իսկ նա շատ է ծխում, ծխում է` այրող ցավը մոռանալու համար: Բարձրագույն կրթություն ստանալուց հետո` ես գյուղ վերադարձա: Հավատա, գունավոր երազներ ունեի, հրաշալի ծրագրեր, ուզում էի լավ ուսուցչուհի լինել, մեր մայրենիի ուսուցչուհու նման, որին մեկ-մեկ երազիս նեջ եմ տեսնում: Դատարկվող ու ամայացող գյուղում ընդամենը երեսունհինգ աշակերտ կա, երեսունհիգ աշակերը` ըասը դասարանում: Պատկերացնու՞մ ես, իններորդ և տասներորդ դասարանում մեկական աշակերտ: Աշխատավարձ են տալիս աշակերտների քանակով: Ես երեք-չորս դասարանում միանգամից էի պարապում, մի դասի ընթացքում մի թեմայից մյուսը թռչում: Ուրեմն, ոչ աշխատանքն էր հաճույք պատճառում, ոչ էլ աշխատավարձն էր բանի նման: Որոշեցի քաղաք գալ և այստեղ աշխատել, ընտանիքիս օգնել: Շամպայն գործարանի մոտ բոշաների տանը սենյակ վարձեցի, մի ծերացած կնոջ մոտ: Ամեն երեկո նրա տանը տղամարդիկ ու կանայք էին հավաքվում, խմում ու ծխում, հռհռում, մինչև լույս մնում այդտեղ: Ինձ չէր հաջողվում որևէ դպրոցում տեղավորվել: Մի երկու խանութ գնացի, բայց մի քանի օր աշխատելուց հետո` հեռացա, որովհետև կիլոգրամներից բան չէի հասկանում, ամեն աշխատանքային օրվա վերջում նկատում էի, որ իմ սպասարկած բաժնից ինչ-որ բան պակասում էր… Լաց էի լինում, հուզվում… Մի օր տանտիրուհիս, որին արդեն երկու ամսվա վարձ էի պարտք, իր սենյակ կանչեց, որտեղ տղամարդիկ ու կանայք էին հավաքվել: Առաջարկեց սեղանի մոտ նստել: Սոված էի, երեք օր ոչինչ չէի կերել, մի երկու բաժակ օղի խմեցի, ստամոքսս տաքացավ, հետո չհասկացա, թե ինչպես բաժակների թիվն ավելացավ, իսկ գլուխս սկսեց պտտվել… Արթնացա սուր ցավերից, գլխապտույտից… Ամեն ինչ հասկացա… Հարձակվեցի տանտիրուհու վրա, գոռգոռացի… Նա անտարբեր լսեց իմ գոռգոռոցները, հետո գրպանից հանեց թղթադրամներ, ցույց տվեց ինձ ու ասաց. «Մեկ ամսվադ վարձն արդեն փակված է, սա էլ վերցրու` ուտելու բան կառնես»… Ես ուզում էի պատռել փողերը, նրա երեսին շպրտել… Կատաղած էի… Բայց գնալու տեղ չունեի, անձնագիրս էլ այդ քավթառ կավատի մոտ էր. մինչև վարձը չփակեի` անձնագիրս չէր տալու… Մի երկու օր հետո նորից կանչեց իր տուն, նորից այստեղ կանայք ու տղամարդիկ էին հավաքվել: Մի բարձրահասակ ու երեսունին մոտ տղամարդ նայում էր ինձ ու խորամանկ ժպտում, հետո նստեց կողքիս, ձեռքը տարավ դեպի ուսս ու կամաց շշնջաց.«Ազիզ, էն օրվա համար կներես»… Ազիզ բառից սիրտս խառնեց, ուժով ձեռքը հեռացրեցի ուսիցս, կատաղությունս թաքցնելու համար` մի վաժակ օղի խմեցի… Ինքս էլ չհասկացա, թե ինչպես նրա հետ սենյակս գնացի… Առավոտյան տանտիրուհին ասաց, թե տղամարդու տված փողը հերիք չէ մի ամսվա վարձի համար, բայց ինձ էլի մի քիչ փող տվեց` ուտելիք գնելու համար: Մի քանի օրից վարձս փակվեց: Ես վերցրեցի հագուստներս, դուրս եկա տանից: Ամբողջ օրը ման եկա Երևանում` հարմար գնով բնակարան չգտա: Իրիկունը նորից եկա պառավի մոտ… Հետո հարմար բնակարան գտա ու տեղափոխվեցի: Ունեցածս փողը նորից վերջացավ, մանավանդ արդեն հասցրել էի գյուղ փող ուղարկել: Երեկոյան եկա ցիրկի մոտ ու կանգնեցի: Բախտս բերեց, ուշ ժամ էր, ես մենակ էի, ոչ մի մարմնավաճառ չկար: Ես չգիտեի, որ տարածքները բաժանված են, որ ամեն մեկն իր նայողն ունի` այն էլ ոստիկանության աշխատող, որ ամեն մի տեղում մի թագուհի կա… Մի մեքենա կանգնեց կողքիս… Ես գնացի այդ մարդու հետ: Լավ վճարեց, հարգանքով էր վարվում ինձ հետ, հասկացավ, որ նորեկ եմ, որ կրթված եմ: Հիմա մեկ-մեկ նրա հետ եմ հանդիպում, բայց զբաղված մարդ է, չի կարող հաճախ գալ, իսկ ինձ փող է պետք… Չեմ արդարանում, չեմ ուզում քո մեջ խղճահարություն առաջացնել, բայց ես պատասխանեցի քո հարցին… Հիմա թող, որ ես գնամ: Ես էլ չեմ կարող այստեղ մնալ, քեզ նայել: Ես պիտի գնամ: Ճանապարհը մի կերպ կգտնեմ:

ԱՐԱՄ - Դու առանց ինձ ոչ մի տեղ չես գնա: Հիմա կգնանք մորս գերեզմանի մոտ, ես նրան կասեմ, որ վերջապես գտել եմ նրան, ում փնտրել եմ երկար ժամանակ: Մայրս կօրհնի մեզ, բարի բախտ կցանկանա, հետո կգնանք իմ տուն: Ես մեծ ու լուսավոր բնակարան ունեմ, շատ լուսավոր, երեք սենյակ, պատուհանների դիմաց Մասիսն է, ներքևում Հրազդանի ձորն է: Քեզ դուր կգա իմ բնակարանը: Դու կտեղավորվես մորս սենյակում, այնտեղ ամեն ինչ այնպես է, ինչպես մորս կենդանության օրոք: Մայրս պատից կախված իր լուսանկարից կնայի քեզ ու կժպտա:

ՎԱՐԴ - Դու հեքիաթի հերոս ես, Արամ, դու այս իրականությունից չես, ու ինձ թվում է, թե այս ամենը սուտ է, թե իմ երևակայության արդյունքն է:

ԱՐԱՄ - Ես հեքիաթի հերոս չեմ, Վարդ, Վարդիկ, ես սովորական մարդ եմ, այս իրականության մեջ ապրող. շնչող մարդ: Ոչինչ սուտ չէ, պատրանք չէ, ամեն ինչ ճիշտ է, իրական: Գնանք, գնանք մորս գերեզմանի մոտ, Վարդ:

ՎԱՐԴ - Դու առաջին անգամ իմ անունը տվեցիր, Վարդիկ ասացիր: Մեր տանեցիներն ինձ այդպես են դիմում:

ԱՐԱՄ - Ես էլ քո տանեցին եմ, դու և ես արդեն մի տուն ենք: Գնանք մորս մոտ: (Քաշում է թևից): Գնանք:

ՎԱՐԴ - Սպասիր, սպասիր, խնդրում եմ: Ես չեմ կարող կանգնել մորդ գերեզմանի մոտ, չեմ կարող անմեղ ձևանալ: Մեղք գործել է նշանակում հանգուցյալների մոտ ստելը, ձևանալը:

ԱՐԱՄ – Ձևանալ պետք չէ: Դու լուռ կկանգնես, մայրս ամեն ինչ կհասկանա, նա կին է, քո հոգին կկարդա ու կների:

ՎԱՐԴ - Բայց դու ինձ հարցրե՞լ ես, թե ես ուզու՞մ եմ քո կինը դառնալ:

ԱՐԱՄ - Ես քեզ չեմ հարցնում, որովհետև ես քեզ սիրեցի: Սիրեցի, հասկանու՞մ ես: Ես քեզ համար լավ ամուսին կլինեմ, շատ լավ ամուսին: Ես սիրում եմ մարդկանց հաճույք պատճառել, սիրում եմ օգտակար լինել նարդկանց: Քեզ համար ամեն ինչ հաճույքով կանեմ: Դու քանի՞ երեխա ես ուզում ունենալ:

Վարդը զարմացած նայում է:

ԱՐԱՄ - Դե ասա: Ես մենակ եմ մեծացել, քույր և եղբայր չեմ ունեցել: Նայել եմ իմ ընկերներին ու նախանձել: Հիմա ուզում եմ շատ երեխաներ ունենալ: Դու քանի՞ տարեկան ես:

ՎԱՐԴ - Մոտ քսաներեք:

ԱՐԱՄ - Դա լավ է: Ես էլ քսանհինգ տարեկան եմ, ամեն ինչ առջևում է: Մինչև երեսունհինգ տարեկանը մենք տասը երեխա կունենանք, աշխարհի ամենաերիտասարդ բազմազավակ ծնողները կլինենք: Նրանք կմեծանան, կկանգնեն մեր կողքին: Ես համոզված եմ, դու շատ լավ մայր կլինես: Իմ նյութական վիճակի մասին չմտածես, ես մի քանի տեղ կաշխատեմ, լավ կապրենք: Հիմա լավ երաժիշտներին բարձր են վճարում, իսկ ես առաջնակարգ երաժիշտ եմ, անգամ արտասահմանյան հրավերներ ունեմ: Մի քանի տարի հետո ես իսկապես շատ հարուստ կլինեմ: Այ, ընկերս, որն ապրում է Շվեդիայում, հրավիրել է ինձ: Նա էլ է երաժիշտ, մի քանի տարի առաջ գնաց այստեղից, հիմա սեփական ստուդիա ունի, շատ համերգներ է տալիս, մեծ թվով աշակերտներ ունի… Ես կզանգեմ նրան, կխնդրեմ, որ մեր երկուսի անունով հրավեր ուղարկի, կմեկնենք, մի քիչ կաշխատենք ու կվերադառնանք: Ամեն ինչ լավ կլինի, շատ լավ… Դե, գնանք, մի ուշացնի: Գնանք մորս մոտ:

ՎԱՐԴ - Իսկ ե՞րբ կհասցնենք երեխաներ ունենալ:

ԱՐԱՄ - Այստեղ, Շվեդիայում, ժամանակը մերն է, մենք էլ կորոշոնք: Վարդ, Վարդիկս, մի ուշացնի: Շուտով լույսը կբացվի: Ես ուզում եմ, որ դու առավոտը քո նոր տան մեջ դիմավորես:

ՎԱՐԴ - (փարվում է Արամին): Դու լավն ես, Արամ, շատ լավը: Ես դեռ իմ կյանքում քեզ նման մեկին չեմ հանդիպել: Իսկապես երաժշտի հոգի ունես` նուրբ ու քնարական: Դու մեծ երեխա ես, երազած խաղալիքը գտած երեխա, բայց պետք է իրատես լինել, պետք է շուրջը նայել: Ոչ ոք չի հասկանա քո ընտրությունը, մարդիկ քեզանից երես կթեքեն, քեզ չեն հարգի` իմանալով, որ փողոցի աղջիկ ես տուն տարել, մարմնավաճառուհու հետ ես ամուսնացել: Ես, այո, ուզում եմ ամուսնանալ քեզ հետ, շատ-շատ երեխաներ ունենալ, որովհետև ես երեխաներ շատ եմ սիրում: Ես նրանց համար լավ մայր կլինեմ, ամեն ինչ կանեմ նրանց համար, բայց… Այս ամենն ինձ համար երազանք կմնա… Եթե անգամ ես գամ քեզ հետ` դու երկար չես ապրի իմ կողքին, մի օր կհիշես իմ ով լինելը: Գթասրտությունն ու բարությունը հավերժ չեն, Արամ:

ԱՐԱՄ – Լռիր, այլևս չխոսես, այլևս չպղտորես հոգիս… Երբ քեզ տեսա այստեղ` առաջին զգացումս զզվանքն էր, որովհետև ես չեմ ընդունում մարմնավաճառությունը: Երբ երեկոյան փողոցում մարմնավաճառուհիներ եմ տեսնում` փոխում եմ ճանապարհս… Հետո, երբ դու սկսեցիր մի այլ լեզվով խոսել, ես հասկացա, որ դու այն չես, ինչ ձևացնում ու խաղում ես: Դու բոլորովին ուրիշ մեկն ես… Ես կամաց-կամաց սիրեցի քեզ, ու հիմա ինձ թվում է, թե քեզ հազար տարի ճանաչել եմ, ջրհեղեղից էլ առաջ… Ես հիմա արդեն քեզ այլ հայացքով եմ նայում, քո մեջ տեսնում եմ մի մեծ ու մաքուր հոգի: Կարևորը հոգին է, որովհետև քիչ չեն արտաքուստ առաքինի ներկայացողները, ովքեր չար ու այլանդակ հոգի ունեն, ովքեր իրենց հոգով ու էությամբ են մարմնավաճառ… Քո հոգին լավն է, ես սիրեցի քո հոգին, քո անկեղծությունը: Դու պատմեցիր քո առաջին սիրո մասին, այն մասին, որ փողոցում տեսել ու փախել ես… Այդպես միայն ազնիվ մարդիկ կվարվեին, հոգով չկեղտոտված մարդիկ: Դու լա՞ց ես լինում:

ՎԱՐԴ - Չէ, հենց այնպես… Մի նայիր արցունքներիս… Ես հիմա դրանք կմաքրեմ…

ԱՐԱՄ – Թող, ես ինքս: (Հանում է թաշկինակն ու սրբում արցունքները): Դե հիմա ժպտա; Տես, ես էլ եմ ժպտում:

ՎԱՐԴ - (ճիգ է գործադրում ժպտալու համար): Չի ստացվում:

ԱՐԱՄ – Կստացվի: Դու ժպտա ու մոռացիր ամեն ինչ: Դու օրորոցային երգել գիտե՞ս:

ՎԱՐԴ - Օրորոցայի՞ն: Քո ինչի՞ն է պետք օրորոցայինը:

ԱՐԱՄ – Ինձ համար չեմ ասում: Երեխաների համար: Մայրս ինձ համար օրորոցային է երգել: Ես շատ օրորոցայիններ եմ լսել, ինքս էլ մի քանիսը կատարել եմ, բայց մորս երգածի նմանը ոչ մի տեղ չեմ լսել:

ՎԱՐԴ - Տատս մի հին երգ էր երգում, որն ահնքան նման էր օրորոցայինի: Հիմա բառերը չեմ հիշում, բայց մեղեդին հիշողությանս մեջ է: Հետո կհիշեմ: Այդ երգը թախիծ էր ծնում և հանգստություն: Մի անգամ հարցրի տատիս, թե ինչ է դա: Նա երկար լռելուց հետո` ասաց. «Ալաշկերտցի մամիկների երգն է»: Ես անպայման կհիշեմ բառերը, անպայման: Ես կերգեմ այդ օրորոցայինն իմ երեխաների համար, իսկ հիմա, Արամ, եկ գնանք այստեղից:

ԱՐԱՄ – Չէ, չենք գնա: Երգիր ինձ համար այդ օրորոցայինը:

ՎԱՐԴ - Բառերը չեմ հիշում:

ԱՐԱՄ - Բառերը կարևոր չեն, դու միայն մեղեդին երգիր:

ՎԱՐԴ - Մի ուրիշ անգամ, խնդրում եմ:

ԱՐԱՄ – Մի ուրիշ անգամ արդեն բառերով կերգես, իսկ հիմա խնդրում եմ միայն մեղեդին: Երբ օրորոցային եմ լսում, մի տեսակ մանկանում եմ, մաքրագործվում:

ՎԱՐԴ - Քեզ մանկանալ պետք չէ, դու հիմա էլ երեխայի ես նման, մեծ երեխայի:

ԱՐԱՄ - Դե եթե երեխայի եմ նման, մի մերժիր խնդրանքս:

ՎԱՐԴ - Դե լավ, միայն թե չծիծաղես վրաս:

ԱՐԱՄ – Ինչու՞ պիտի ծիծաղեմ:

ՎԱՐԴ - Ես այնքան վատ եմ երգում, իսկ հիմա էլ փորձություն կլինի երաժշտի մոտ երգելը:

Մեղմ, ինքն իր համար, սկսում է երգել

մեղեդին: Արամն ուշադիր լսում է նրան,

ապա մոտենում ու գրկում:

ԱՐԱՄ - Դու իսկապեսատ լավ մայր կլինես: Երբ երգում ես, աչքերդ վառվում են, փոխվում: Զարմանալի գորովանք է երևում աչքերիդ մեջ: Ի~նչ լավ է, որ դու այսօր այստեղ եկար:

ՎԱՐԴ - Ոչ թե այսօր, այլ` երեկ: Օր անցավ:

ԱՐԱՄ – Հա, ճիշտ ես, օր անցավ, ու սկսվեց նոր օր: Արդեն իմ և քո օրը: (Սկսում է համբուրել Վարդին): Դու իմ ամենամեծ հայտնագործությունն ես: Դու իմ հարստությունն ես: Դու իմ նոր օրն ես: Դե, ասա, գնու՞մ ենք մորս մոտ:

ՎԱՐԴ - Կգնանք, բայց ոչ այսօր: Ես դեռ պատրաստ չեմ, հասկացիր: Պետք է, որ հոգով պատրաստվեմ, որպեսզի կարողանամ հանգիստ կանգնել նրա մոտ: Ինձ ժամանակ է պետք: (Գրկում և համբուրում է Արամին): Դու պետք է հասկանաս ինձ, դու պետք է ներողամիտ լինես, որովհետև ինձ համար աշխարհի ամենամեծ ու ամենաբարդ քննությունն է կանգնել մորդ դիմաց, ստանալ նրա օրհնությունը: Ես համաձայն եմ քո կինը դառնալ, Արամ, ես պատրաստ եմ ողջ կյանքս քեզ նվիրել և այն երեխաներին, որոնք պիտի լույս աշխարհ գան: Դու ճիշտ ես, պետք է շատ երեխաներ ունենալ: Ես նրանց կսիրեմ, ամեն ինչ կտամ նրանց… Կրկնվում եմ, նույն բանն եմ ասում, ինչ քիչ առաջ արդեն ասել եմ, բայց երեխաներն իմ թուլությունն են: Եթե դու երեխաների մասին չխոսեիր, գուցե ես չկարողանայի փոխվել, վճիռ կայացնել: Հիմա կայացրել եմ այդ վճիռը: Միայն թե պիտի հիմա կարողանամ մոռանալ այն ամենը, ինչ եղել է, ինչի միջով ես անցել եմ: Հեշտ չի լինելու ինձ համար, որովհետև ամեն րոպե պիտի ապրեմ վախով, տագնապով, հանկարծ մեկը չճանաչի ինձ, փողոցում կամ մեկ այլ տեղ հանկարծ չասի, որ սա պուտանկա է եղել… Քեզ համար էլ է դժվար լինելու, դու էլ պիտի տանջվես…Դու էլ պիտի ապրես այն անհանգստությամբ, որ մեկն ու մեկը հանկարծ քեզ չհիշեցնի իմ ով լինելը… Պիտի խույս տաս ինձանից, ինձ հետ փողոց դուրս գալու մտքից…

ԱՐԱՄ – Չէ, չէ, այդպես մի խոսիր: Դու իմն ես լինելու ընդմիշտ: Ես ոչ մեկից չեմ վախենում, ոչնչից չեմ վախենում: Ինձ չեն հետաքրքրի հայացքները, փսփսոցները: Ես հպարտ կլինեմ այն գիտակցությամբ, որ դու իմն ես: Ես ուրիշների կարծիքներից չեմ վախենում: Հավատա, ես իմ մեջ ուժ կգտնեմ ամեն ինչի դիմանալու համար… Սպասիր, ես հիմա մի բան կհանեմ պայուսակիցս:

ՎԱՐԴ - Ի՞նչ ես հանելու:

ԱՐԱՄ – Հանկարծ հիշեցի, որ ինձ մոտ մի քիչ կոնյակ ու բաժակներ կան:

ՎԱՐԴ - Դու հարբեցո՞ղ ես:

ԱՐԱՄ – Ի՞նչ ես ասում: Ռեստորանից դուրս գալիս վերցրեցի հետս: Այստեղ մի ծերուկ է երբեմն պահակություն անում, նրա հետ մի-մի բաժակ խմում ենք: Լավ ծերուկ է, իմաստուն ու չարչարված: Այսօր չէր եկել, երևի էլի հիվանդ է:

Պայուսակից հանում է կոնյակի շիշը, երկու բաժակ, մի

սալիկ շոկոլադ, լցնում բաժակները, մեկը տալիս

Վարդին:

ԱՐԱՄ – Վերցրու:

ՎԱՐԴ - (վերցնելով բաժակը): Ռոմանտիկ տեսարան է: Լուսաբացին մոտ, գերեզմանոցում, երկու խենթ ու ջահել մարդիկ կոնյակ են խմում: Հիշու՞մ ես. «Լուսաբացին նա բարձրացավ կախաղան, Արևածագ, օ, արշալույս արյունոտ»… Լավ, շատ հոռետեսական էր: Ավելի լավատեսական բան կարելի էր հիշել:

ԱՐԱՄ – Նախ, ոչ թե գերեզմանոցում, այլ` նրա մոտ, երկրորդ. մեր արածի մեջ դատապարտելի ոչինչ չկա:

ՎԱՐԴ - Ի՞նչ կենաց ենք խմելու:

ԱՐԱՄ – Քո և իմ կենացը, մեր ապագա երեխաների ու մեր ջանկության կենացը: Խմիր:

ՎԱՐԴ - Ըհը: Իմ և քո կենացը, մեր ապագա երեխաների ու մեր երջանկության կենացը: (Խմում է): Լավ կոնյակ է:

ԱՐԱՄ – Մեր բարմենը միշտ ինձ լավ կոնյակ է տալիս, գիտի, թե ում համար եմ բերում: ՎԱՐԴ - Մի քիչ էլ լցրու:

ԱՐԱՄ – Կհարբես:

ՎԱՐԴ - Ի՞նչ ես ասում, մի կում կոնյակից ոչ ոք չի հարբում, այն էլ` այսքան լավ կոնյակից:

ԱՐԱՄ - (Մի քիչ կոնյակ է լցնում ու տալիս Վարդին): Արի այս մեկն էլ խմենք լուսաբացի ու նոր օրվա համար:

ՎԱՐԴ - Խմենք: «Լուսաբացին նա բարձրացավ…»; Որտեղի՞ց եկավ այս բանաստեղծությունը, ինչու՞ եկավ:

ԱՐԱՄ - Դե, աշուն է, Տերյանի եղանակը:

ՎԱՐԴ - (մտացրիվ): Հա, ճիշտ ես ասում: (Խմում է):

ԱՐԱՄ – Քեզ հետ ինչ որ բա՞ն կատարվեց:

ՎԱՐԴ - Ոչ մի բան: Պարզապես այս բանաստեղծությունն հանկարծակի պոկվեց հիշողությունիցս ու սկսեց բարձրաձայնել… Ես Վահան Տերյան շատ եմ սիրում, բայց ինչ Երևանում եմ, երբեք չեմ հիշել: Ինչու՞ հիմա հիշեցի:

ԱՐԱՄ - Այդպես պատահում է: Երբեմն ես էլ հիշում եմ ինչ-որ մեղեդի ու ամբողջ օրը մտքիս մեջ երգում եմ:

ՎԱՐԴ - Հա, իհարկե, այդպես պատահում է… (Մոտենում է Արամին և ամուր գրկում նրան): Դու ինձ երբեք մենակ չես թողնի, չէ՞:

ԱՐԱՄ - Ես միշտ քեզ հետ կլինեմ, քո կողքին: (Նույնպես գրկում է Վարդին և սկսում համբուրել): Մազերիցդ ինչ լավ հոտ է գալիս… Ես այս հոտը միշտ կհիշեմ:

ՎԱՐԴ - Ինձ ավելի ամուր գրկիր, Արամ:

ԱՐԱՄ - Այո, Վարդս, կգրկեմ, ամուր գրկեմ: Երևի սկսեցիր մրսել: Լուսաբացին մոտ միշտ ցրտում է:

ՎԱՐԴ - Երևի մրսում եմ: Տաքացրու ինձ:

ԱՐԱՄ - (Ամուր գրկում է և շոյում նրա ուսերը): Ինչքան նուրբ են ուսերդ, ասես մոմից սարքված լինեն: (Համբուրում է այտերը, աչքերը, շուրթերը): Դու լավն ես, Վարդ, դու աշխարհի ամենագեղեցիկ աղջիկն ես:

ՎԱՐԴ - Դու էլ ես լավը, Արամ, դու էլ աշխարհի ամենաբարի ու ամենազգայուն տղան ես: (Դանդաղ հանում է վերնազգեստը):

ԱՐԱՄ – Կմրսես, Վարդ, մի հանիր:

ՎԱՐԴ - Ուզում եմ, որ սիրես ինձ, գրկես, ամուր-ամուր…

ԱՐԱՄ - (հանում է իր պիջակը, գցում մի կողմ, Վարդին բարձրացնում է նստարանի վրա, ինքն էլ բարձրանում և ամուր գրկում` շոյելով մազերը, կուրծքը, համբուրելով շուրթերը): Ես կարծես իմ ողջ կյանքում այս պահն եմ երազել, քեզ եմ երազել… Ինձ թվում է, թե միշը իմ կողքին ես եղել, ինձ հետ:

ՎԱՐԴ - Ես չեմ ուզում քեզանից բաժանվել, ուզում եմ միշտ այսպես քեզ մոտ լինել, քեզ հետ…

ԱՐԱՄ - (ափով փակում է Վարդի բերանը): Մի խոսիր, լռիր… Ես ուզում եմ լսել ու վայելել քո լռությունը…

Հանկարծ բեմը լուսավորվում է ծակող լույսերով,

լսվում են մեքենաների ազդանշաններ, տղամարդկային

ձայներ, գոռգոռոցներ: Վարդն ու Արամն սկզբում անտարբեր,

հետո լարված և ուշադիր ականջ են դնում:

ՎԱՐԴ - Ի՞նչ ձայներ են, ովքե՞ր են…

ԱՐԱՄ - Երևի քաղաքից եկել են ինչ-որ հաշիվներ մաքրելու: Երբեմն պատահում է:

ՎԱՐԴ - Գերեզմանոցի մոտ հաշի՞վներ են մաքրում:

ԱՐԱՄ – Նրանց համար միևնույն է, թե որտեղ կլինի:

ՎԱՐԴ - Բայց նրանք խանգարում են հանգուցյալների քունը, նրանք պղծում են այս սուրբ տեղը:

ԱՐԱՄ – Նրանց համար սրբություն չկա…

ՎԱՐԴ - Ես վախենում եմ, Արամ:

ԱՐԱՄ – Մի վախենա, նրանք մեզ ձեռք չեն տա: Նրանք այս կյանքի տերերն են, բայց անմեղ մարդկանց չեն մոտենում:

ՎԱՐԴ - Նրանք գերեզմանոցի մոտ են, մեզ շատ մոտիկ, նրանք կարող են անարգել գերեզմանները, քո մոր գերեզմանը…

ԱՐԱՄ – Չէ, գերեզմաններին մոտիկ չեն գնա:

ՎԱՐԴ - Եկ ոստիկանություն զանգենք:

ԱՐԱՄ - Դրանք ոչ մեկից չեն վախենում…

ՎԱՐԴ - Ես հիմա կգնամ նրանց մոտ ու կպահանջեմ հեռանալ գերեզմանոցից: Թող մեկ ուրիշ տեղում մաքրեն իրենց հաշիվները:

ԱՐԱՄ – Հանգստացիր, Վարդիկս, ես քո կողքին եմ, քեզ հետ, մի վախենա: Եթե փորձ անեն գերեզմաններին մոտենալ, ես իմ տեղում չեմ մնա:

Աղմուկը շարունակվում է: Լսվում են

հայհոյանքներ, սուր ճիչ, հետո կրակոցի ձայն:

ՎԱՐԴ - Նրանք կրակում են, Արամ, գուցե ինչ-որ մեկին սպանեցին:

ԱՐԱՄ – Չէ, չէ, նման բաների մասին մի մտածիր: Կգոռգոռան, կհայհոյեն ու կհեռանան:

ՎԱՐԴ - Բայց ես կրակոցի ձայն լսեցի: Թող ես գնամ նրանց մոտ:

ԱՐԱՄ – Հո չե՞ս խելագարվել:

ՎԱՐԴ - Հա, պիտի գնամ ու պահանջեմ, որ հեռանան այստեղից, որ գերեզմանոցում չկրակեն:

ԱՐԱՄ – Կանգնիր, չշարժվես տեղիցդ: Գրկիր ինձ:

ՎԱՐԴ - (գոռում է): Ես չեմ կարող այսպես կանգնած մնալ, ես չեմ կարող տեսնել, թե էդ անասուններն ինչ են անում այստեղ, ես պիտի գնամ:

ԱՐԱՄ - Դու նրանց դեմ ոչինչ չես կարող անել: Դա նրանց ապրելու ձևն է: Խնդրում եմ, հանգստացիր:

ՎԱՐԴ - Ինչպե՞ս հանգստանամ, երբ դրանք կրակում են, երբ դրանք իրենց վայրենի կրքերն են շաղ տալիս… Այստեղ ննջեցյալներ են, Արամ, այստեղ խաղաղություն է, իսկ նրանք կրակում են, պղծում գերեզմանները… Ես կին եմ, նրանք ինձ կտեսնեն ու վերջ կտան կրակոցներին: Ես վախենում եմ այդ կրակոցներից, դրանք սիրտս թրատում են…Ես արդեն մի անգամ լսել եմ այդ կրակոցները, երբ ընկել էին մեր աղջիկներից մեկի հետևից… Հիմա կարծես նույն այդ կրակոցներն են ու Իզայի ճիչը… Նրանք կրակում էին, իսկ մենք վազում էինք, նրանք կրակում էին, իսկ մենք փախչում էինք… Կրակահերթը եկավ ու դիպավ Իզային… Նա ընկավ, արյունը դուրս վազեց սրտից… Իզան ընկած էր արյան ու կանաչների մեջ… Թող ինձ, ես պիտի խնդրեմ դրանց` չկրակել… Ես պիտի պահանջեմ չկրակել… (Ուժով թևը քաշում է Արամի ձեռքից ու դուրս վազում):

ԱՐԱՄ - (բղավում է): Վարդ, կանգնիր, մի գնա, խնդրում եմ…

Արամն անհանգիստ շարժումներ է անում, ապա

վազում դուրս:

ԱՐԱՄ – Վարդ, սպասիր, գալիս եմ:

Բեմը մի պահ դատարկ է, ապա կրակոցներ են լսվում,

բարձր ու աղեկտուր լսվում է Արամի ձայնը` Վարդ: Նորից

լուսավորվում է բեմը, լսվում են հեռացող մեքենաների

ու տղամարդկանց ձայներ. «Արա, շուտ փախնենք էստեղից»: Քիչ

անց Վարդին գրկած` բեմ է գալիս Արամը, մեծագույն

զգուշությամբ նստում է նստարանին` Վարդին պահած

իր ձեռքերի վրա: Վարդի զգեստն արյունոտված է:

ԱՐԱՄ - Բաց աչքերդ, Վարդ, խոսիր, մի բան ասա:

ՎԱՐԴ - (հազիվ շնչելով): Գնդակը կրծքիս տակ է, Արամ… Ծակում է… Ուժերս սպառվում են, ես մարմինս չեմ զգում…

ԱՐԱՄ - Ես խնդրեցի քեզ չգնալ… Դրանք աստված չունեն, դրանք ոչ մի բանի առաջ կանգ չեն առնում…Դրանք անասուն են, անմարդկային հրեշներ, դրանք հաշվի չեն առնում, որ իրենց առջև կին է, անպաշտպան… Դրանք արյան հոտից հաճույք են ստանում…

ՎԱՐԴ - Նրանք ինձ չէին նկատել, քարերի մոտ նստեցրել էին մեկին ու նշան բռնել: Երբ գոռացի` ատրճանակը ձեռքին մարդը շուռ եկավ ու գուցե վախից կամ անսպասելիությունից` քաշեց ձգանը…Նա չէր ուզում ինձ վրա կրակել, հավատա, նա ինձ չէր տեսել…

ԱՐԱՄ – Չէ, անսպասելիությունից չէ: Նա հենց քեզ էլ նշան է բռնել, որ հետքերը թաքցնի, որ լռեցնի քեզ… Տես, վախկոտի պես փախան, հեռացան…Եթե տղամարդ էին, եթե արժանապատվություն ունեին, ապա թող քեզ օգնություն ցույց տային… Ես ձեր վախկոտ հերն եմ անիծել, անասուններ…

ՎԱՐԴ - Ուժերս վերջանում են, Արամ…

ԱՐԱՄ - Դիմացիր, ես հիմա մեքենա կկանչեմ, կբացատրեմ մեր տեղը…

ՎԱՐԴ - Պետք չէ, ես արդեն մեռնում եմ, Արամ, պետք չէ…

ԱՐԱՄ - Դու չես մեռնում, դու իրավունք չունես մեռնելու, Վարդ, սիրելիս, հարազատս, ես չեմ թողնի, որ մեռնես… (գրպանից դժվարությամբ հանում է բջջային հեռախոսը): Դիմացիր, խնդրում եմ, ես տաքսի կկանչեմ:

ՎԱՐԴ - Սիրտս կարծես կանգ է առնում… Լուսաբացին նա բարձրացավ կախաղան… ԱՐԱՄ – Մոռացիր այդ անիծյալ բանաստեղծությունը, մոռացիր: Ինչու՞ հանկարծ հիշեցիր… Մոռացիր… Դու լավ բաների մասին մտածիր:

ՎԱՐԴ - Դու իմ երգած օրորոցայինը հիշու՞մ ես:

ԱՐԱՄ - (համար հավաքելով): Հիշում եմ, ամեն ինչ հիշում եմ: Միայն թե դու քեզ ամուր պահի… Դու չես մեռնի… (հեռախոսի մեջ): Խնդրում եմ տաքսի ուղարկեք Չարբախ, գերեզմանոցի մուտքի մոտ… Հա, հա, գերեզմանոցի մուտքի մոտ… Դե էլ որ մուտքի` միակ…Այստեղ վիրավոր կա, օգնեցեք…. Խնդրում եմ արագ, խնդրում եմ… Կդիմավորենք, հա, անպայման… Պատվիրո՞ղը… Գրեք` Արամ, 25 տարեկան… (Վարդին): Մի քանի րոպեից մեքենան այստեղ կլինի, դիմացիր, սիրելիս…դիմացիր, խնդրում եմ… (համբուրում է):

ՎԱՐԴ - Ինձ համար օրորոցային երգիր, Արամ, այն օրորոցայինը, որը ես քեզ համար երգեցի…Խնդրում եմ…

ԱՐԱՄ – Կերգեմ, կերգեմ, միայն թե դու դիմացիր, դու իրավունք չունես մեռնելու, դու իմ երջանկությունն ես, իմ միակը, իմ ապագա երեխաների մայրը, դու աշխարհի ամենաչքնաղ աղջիկն ես, դիմացիր…

Արամը խեղդելով կոկորդում ուռճացող փղձուկը`

երգում է օրորոցայինը…

ՎԱՐԴ - Լուսաբացին նա բարձրացավ…

Արամը շարունակում է երգել: Արցունքները խեղդում են նրան,

ձայնը դողում է, բայց նա երգում է: Հանկարծ նկատում է Վարդի

կախ ընկած ձեռքը, սառած հայացքը: Դադարում է երգել, ուշադիր

ու տագնապով նայում է Վարդին, շարժում նրան, ապա ողջ ձայնով

գոռում` Վ~արդ…

Վ Ե Ր Ջ




1234567891011
    Դիտվել է 885 անգամ
    12