Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վատիկանը թվայնացնում է Առաքելական գրադարանի ֆոնդերը

03.21.2014

Վատիկանը համաձայնության է եկել ճապոնական «NTT DATA » ընկերության հետ Սուրբ աթոռի Առաքելական գրադարանում պահվող 82 հազար ձեռագիր մատյանները թվայնացնելու համար:

«Մենք հաճույքով ընդունեցինք նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ մեր մատյանները թվային կրիչների վրա տեղափոխելու ծրագիրը զարգացնելու «NTT DATA »-ի հետ համագործակցելու հնարավորությունը: Այսպիսով մենք զարգացնում ենք ողջ մարդկության այդ գանձերը պահպանելու մեր առաքելությունը և օժանդակում ենք, որպեսզի այն տարածվի ամբողջ աշխարհում»,- հինգշաբթի օրը հայտարարել է Վատիկանի առաքելական եկեղեցու գրադարանի պատասխանատու, մոնսինյոր Չեզարե Պազինին:

Աշխատանքների առաջին փուլում, որը կտևի 4 տարի, առաջարկվում է էլեկտրոնային տարբերակի վերածել 3 հազար մատյան: Այսպիսով, գրադարանը մտադիր է արդեն թվայնացած ստեղծագործությունների քանակը հասցնել 15 հազարի: Ընդհանուր առմամբ ճապոնացի մասնագետները պետք է արտատպեն 2-րդից 20-րդ դարերի միջև ընկած ժամանակաշրջանին վերագրվող մոտ 41 մլն էջ ձեռագրեր: Պահվող տվյալների ընդհանուր ծավալը կկազմի 43 պետաբայթ (10 բայթի 15-րդ աստիճանը ): Համեմատության համար նշենք, որ Google-ը ամեն օր մշակում է 24 պետաբայթ տվյալներ:

Ենթադրվում է, որ թվայնացված ստեղծագործություններով բարձր մատչելիության բոլոր ֆայլերը հասանելի կլինեն Առաքելական գրադարանի կայքի բոլոր այցելուների համար:
Ավելի վաղ Վատիկանի Առաքելական գրադարանը թվային ձևաչափի էր փոխադրել իր ֆոնդերում պահվող 13 հազար հոլանդական երաժշտական ձեռագիր էջ:
Վատիկանի Առաքելական գրադարանը հանդիսանում է աշխարհի հնագույն գրապահոցներից մեկը: Դրա հիմնադիրն է համարվում Հռոմի Նիկողայոս 5-րդ պապը (1447-1455), իսկ գրադարանի ստեղծման պաշտոնական փաստաթուղթը ստորագրել է Հռոմի պապ Սիքստոս 4-րդը՝ 1475 թ.-ին:

Գրադարանի ֆոնդերում կա 1մլն 600 հազար տպագիր գիրք, որոնցից 8 հազար 700-ը հնատիպ են, այսինքն հրատարակվել են Եվրոպայում՝ սկսած գրատպության մեկնարկի ժամանակաշրջանից մինչև 1501 թ.-ի հունվարը: Գրադարանի ֆոնդերում 280 հազարը՝ ձեռագիր մատյաններ են: Բացի այդ այնտեղ պահվում են ավելի քան 400 հազար մետաղադրամ, 150 հազար լուսանկար, հարյուր հազարավոր ճեպանկարներ և պատճեններ: Գրադարանում պահվում են բազմաթիվ եզակի և արժեքավոր փաստաթղթեր: Այնտեղ է գտնվում Գուտենբերգի լատինատառ Աստվածաշունչը, որը համարվում է տառերի շարվածքով առաջին տպագիր գիրքը Եվրոպայում, Վերգիլիոսի, Հոմերոսի, Սոֆոկլեսի, Պլատոնի և Հիպոկրատի նկարազարդ ստեղծագործությունները, Սանդրո Բոտիչելիի Դանթեի «Աստվածային կատակերգություն» գրքի նկարազարդումները, ինչպես նաև Բոդմերի հռչակավոր պապիրուսը, որտեղ գրված են Ղուկասի և Հովհաննեսի հեղինակած ամենահին աստվածաշնչյան տեքստերը:
    Դիտվել է 586 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210