Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ամերիկան Ռուսաստանից չի ստանա ակնկալվող հազվադեպ և եզակի կինոնյութերը

03.22.2014

Ռուսաստանի պետական կինոֆոնդերից ԱՄՆ –ին հազվադեպ կինոնյութերի փոխանցման գործընթացը պատժամիջոցների պատճառով դադարեցվել է: Այդ մասին հաղորդում է «РИА Новости»-ն՝ հղում անելով ՌԴ նախագահի գործերով կառավարիչ Վլադիմիր Կոժինին:

Նախօրեին ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում հրապարակվել էր պատժի ենթակա անձանց ընդլայնված ցուցակ, որում ընդգրկվել էին ևս 20 ռուս պաշտոնյաներ, բիզնեսմեններ, խորհրդարանականներ, ինչպես նաև ՌԴ նախագահի գործերով կառավարիչը; Այդ ցուցակում ընդգրկվելը ենթադրում է արտասահմանում գտնվող ակտիվների սառեցում և սեփականության արգելափակում: Բացի այդ ցուցակում նշված անձանց մուտքը ԱՄՆ արգելվում է:

«Ակնհայտ է, որ պատժամիջոցները կորուստներ կպատճառեն երկու կողմերին էլ: Այս դեպքում՝ միայն ամերիկյան կողմին: Այսպես, ես ղեկավարում եմ ռուս-ամերիկյան համատեղ աշխատախումբը գրադարանային համագործակցության ոլորտում: Այդ համագործակցությունը Ելցինի անվան նախագահական և ԱՄՆ Կոնգրեսի գրադարանների միջև արդյունավետ է և փոխշահավետ»,- նշել է Կոժինը:

Նա նաև ասել է, որ մի քանի տարի առաջ ռուսական կողմը ամերիկացիներին է փոխանցել խիստ հազվադեպ կինոնյութերի թվային պատճեններ: Այդ ֆիլմերը ունեն հսկայական մշակութային, գեղարվեստական և պատմական արժեք, որոնք ԱՄՆ-ն կորցրել էր ընդհանրապես: Ամերիկյան կողմը այդ նյութերն ստանալու կապակցությամբ շատ գոհ էր և հույս ուներ ստանալու ինքնատիպ նոր կինոփաստաթղթեր նույնպես: Սակայն գործը այժմ դադարեցվել է:

Երկուշաբթի օրը ԱՄՆ-ն որոշել էր պատժամիջոցներ մտցնել ռուս բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ: Իսկ Եվրամիության նախարարները համաձայնության էին եկել պատժամիջոցներ կիրառել ռուս և ուկրաինացի այն պաշտոնատար անձանց նկատմամբ, ում համարում են մեղավոր Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը խախտելու մեջ:
    Դիտվել է 663 անգամ