Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Պ ա դ վ ա լ ի Վ ա ղ ո ն


Լևոն Մութաֆյան

Պ ա դ վ ա լ ի Վ ա ղ ո ն

Հերոսական դրամա` երկու մասից

Ըստ Հայկազ Հակոբջանյանի «Պադվալի Վաղոն» վիպակի

ԳՈՐԾՈՂ ԱՆՁԵՐ

ՊԱԴՎԱԼԻ ՎԱՂՈ հայդուկ

ՀԱԿՈԲ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ ՀՅԴ Կենտրոնական մարմնի անդամ

ԲԻՁԱ հայդուկ

ԱՆԴՐԵՅ ՍՎԻՐԻԴՈՎ պահակազորի հրամանատար

ՄՇԵՑԻ ՍԱՐՈ

ԱՐԱՄԱՅԻՍ

ԳՐԻՇ

ԲԱՇԳԵՂՑԻ ՍԱՔՈ պահակ

ՀԱՅՐ

ՄԱՅՐ

ՄԱՆՈՒՇ Վաղոյի սիրած աղջիկը

ՍԱԼԴԱԹ ԱՂԱՍԻ

ՆԱԼԸՆ ԿԱՐՈ

ԻԶԲԻԹՈՎ ԱՐՇԱԼՈՒՅՍ

ՁԻԳ-ՁԻԳ ԿԱՐՈ

ԱԳԵՆՏ ՎԱՂԱՐՇԱԿ

ՍԵԼԱՎԻ ԱԿՈ

ՂՈՒԹՈՒՂ ԱՐԱՄ

ՍԱԹԵՆԻԿ հարևանուհի

Գործողությունները կատարվում են 20-րդ դարի սկզբին, Ալեքսանդրապոլում:


Ա Ռ Ա Ջ Ի Ն Մ Ա Ս

Ն Ա Խ Ա Դ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

Կիսախավար է: Լռություն է չորս դին: Շատ հեռվում լուսավորվում են իրար դեմ հանդիման նստած Հայրն ու Մայրը: Հանկարծակիորեն լսվում են խրորտ քայլեր, դրանք փոխարկվում են քայլերգի, իսկ քայլերգն աստիճանաբար դառնում է «Որսկան ախպեր»: Երկուսն էլ համակ ուշադրությամբ լսում են երգը: Մայրը թեթևակի ձայնակցում է` մերթընդմերթ ձեռքի փայտով խառնելով դիմացի կրակը: Երգը կամաց-կամաց մարում է: Դարձյալ լռություն է տիրում: Մայրը բարձրանում է նստած տեղից ու դանդաղ մոտենում Հորը: Ձեռքը դնում է նրա ուսին:

ՄԱՅՐ – Հալիվոր, ինչի՞ ձեն չես հանե: Պապանձվել, քար ես դառել:

ՀԱՅՐ - Կրակը ուժեղ խառնե, կնիկ: Թող բոցն ուժեղանա:

ՄԱՅՐ - Քու սրտիդ բոցն է մարել, մարդ: Էս բոցը քեզի չի տաքցնե:

ՀԱՅՐ - Հա, ինձի ուրիշ բոց է պետք: Սիրտս սառել, սառույց է դառել: Ձուն եկել, նստել է սրտիս ու ճամփուս վրա: Կրակն ուժեղ խառնե, կնիկ:

ՄԱՅՐ - Շատ երկար կխառնեմ, հըմը ձեռքերս ուժ չեն տա: Ճաշ լցնե՞մ, հալիվոր:

ՀԱՅՐ - Ճաշ չեմ ուզե: Խմելու թունդ բան կուզեմ, որ քիչըմ տաքնամ, քիչըմ հանգիստ մնամ:

ՄԱՅՐ - Երկու օր է` կրակի քովը նստած, վայրի մարդու կնմանիս: Քուն չես եղնի, կողինք չես մտնի: Դուն էլ ինձի հետ իստեղ ես, մարդ: Գոնե դու հանգիստ մնա, գոնե դու քեզի աշե: Իմըս հեչ, ես մեր եմ` աչքս քիչըմ թաց, սիրտս միշտ անհանգիստ: Գոնե դու քեզի աշե, մարդ, որ ես հանգիստ մնամ:

ՀԱՅՐ - Երեկ նստած տեղս աչքերս կտորըմ փակեցի: Երազ տեսա: Չէ, երազ չէր, տեսիլքի պես բանըմ էր, որ եկավ ու անցավ: Վանա ծովից քամի կուգար, քամի կուգար ու Մշո դաշտի մեջ պար կբռներ: Խելառ քամի էր, կրակ ու բոց կհաներ: Հետո քամին ֆռռալով կուգար ու Ղարսի բերդին կթառեր: Չէ, Գյումրի չէր հասնի: Գյումրին ամպերի մեջ էր, Աստվածածնա գլխին ճերմակ ամպ էր նստել: Կնիկ, էս տեսիլքն ի՞նչ կնշանակե:

ՄԱՅՐ – Ի՞նչ իմանամ, հալիվոր: Մեռնիմ սուրբ Աստվածածնա զորությանը, մեռնիմ իրա զանգերի ձենին: Մարդ, մեր տղուն Ղարսա մեջ չտեսա՞ր:

ՀԱՅՐ – Չտեսա, կնիկ, չտեսա: Հեչ մարդ չկար Ղարս: Փողոցներն իստակ դարտակ էին: Մեր Վաղոն ինտեղ չէր:

ՄԱՅՐ – Յարաբ ուրտե՞ղ է մեր տղեն, մարդ: Քանի օր է քաղքի լոթիքը կուգան պադվալ, ծուռ-ծուռ կաշեն Վաղոյիս դարտակ տեղին ու կերթան: Էրեկ Օխտն ախպրանց տղեքն էին եկել: Շատ սպասեցին, հետո գինիմ խմեցին ու գնացին: Արութիկը կսեր` չվախենաս, Վաղոն ֆիդայի է, ինոր գյուլլա չի դիպնի: Բայց ի՞նչ էնեմ, սիրտս չի հանգստանա: Բիթունը կան, մենակ Վաղոս չկա:

ՀԱՅՐ – Իդպես չխոսիս, կնիկ: Վաղոս կորողներից չէ: Դուշմանի հազար գյուլլա գա ու էրթա` Վաղոյիս չի դիպնի: Ինիկ հրեղեն է: Վաղոս Աստվածածնա խաչ ունի ճակտին: Կնիկ, իդպես չխոսաս: Կհիշե՞ս, տեր Մարուքեն կըսեր, որ Վաղոն Աստծո պահածն է:

ՄԱՅՐ – Կրակը վառ պահե, հալիվոր: Մեկ էլ տեսար` Վաղոս եկավ, ձեռ ու ոտ սառած ու մրսած, բուշլատը թաց: Մեկ էլ տեսար` Վաղոս տաք ճաշ կամ տաք չայ ուզեց: Կրակը վառ պահե, մարդ:

ՀԱՅՐ – (անսպասելի): Ազիզ մերիկ, քեզի թողի,

Դարդ ունեի, դուրս եկա,

Սուրբ վաթանիս ժողովրդի

Ձենը կանչեց, դուրս ընկա:


Դուման սարեր, դարդլու սարեր,

Դարդ ու դուման, մեր վաթան,

Ախ, գլուխս քու աղուրին,

Ախ, մեր անուշ, մեր վաթան:

ՄԱՅՐ - (ներշնչված շարունակում է):

Էյ, Սիս-Մասիս, ձեզի մեռնիմ,

Իմ Սիս-Մասիս, ջան տղերք,

Դուք տասի չափ, հազարի չափ,

Ձեզի մեռնիմ, ջան տղերք:

Առյուծի պես առուն կուգա,

Բաշը տված քարերին,

Առյուծի պես հայ ախպրտինք,

Վուհ, վրա տանք դուշմընին:

ՀԱՅՐ - Ղազարապատցի Ավոն է գրել, Վաղոյիս զենքի ու հավատի ընկերը: Էնիկ, որ Վաղոյիս կողքն է, Վաղոյիս հետն է, ինոր բան չի էղնի, կնիկ: Ավոն որ կուգա, կնստի Վաղոյիս դեմն ու սուսուփուս ինոր կաշե` ես կհասկընամ, որ կարևոր գործ ունին, որ Ավոն Վաղոյիս լավը կուզե:

ՄԱՅՐ - Գիտեմ, մարդ, գիտեմ: Բայց մի նեղենա, մոր սիրտ է, խելառ սիրտ է, ամեն քամու առաջ կդողա, կսվսվա: Ի՞նչ էնեմ, իսոր բան չեմ կրնա հասկըցնե: Սիրտ է, լեզու չունի, աչք չունի, մենակ ականջ ունի: Կլսե, կլսե ու ձեն չի հանե, խելառի պես սարեսար կընկնի: Ի՞նչ էնեմ, բան չեմ կրնա հասկըցնե: Կրակը վառ պահե, հալիվոր… (Մեղմ ու հանգիստ, հազիվ լսելի): Մեկ սիրտ դառնանք, բյուր սուր դառնանք…

ՀԱՅՐ - Երկինքն ամպել է, անձրև պիտի գա:

ՄԱՅՐ – Հա, սելավի հոտ կուգա: Իմ Վաղոս գար, անձրևի տակ չընկներ: Հանեի սապոգները, դոշիս սեղմեի, իրան պառկըցնեի ճերմակ-ճերմակ բմբուլ կողինքի մեջ, ղարանֆիլով չայ բերեի…

ՀԱՅՐ – Կրակն ուժեղ խառնե` չմարի, կնիկ:

ՄԹՆԵՑՈՒՄ

Ա Ռ Ա Ջ Ի Ն Դ Ր Վ Ա Գ

Վաղոյի գինետունն է: Կիսանկուղ, ոչ մեծ սրահ, ուր կանոնավոր դասավորված են սեղան-աթոռները: Սրահի կենտրոնում կամար կա, որը սրահը բաժանում է երկու մասի: Երկրորդ մասում մեն մի խեղան է` վրան իջած երկար նավթավառով: Իրիկուն է: Սրահը լիքն է մարդկանցով: Հնչում են նվագ ու երգ: Սրահի կենտրոնում կանգնած է ՍԱԼԴԱԹ ԱՂԱՍԻՆ` ձեռքերը վեր պարզած, պարը կիսատ թողած:

ԱՂԱՍԻ – Ծո, կայնեք, ես որ կխոսիմ, բիթթունդ պիտի լսեք: Ես իսի բաժակով կուզեմ խմեմ մեր ազիզ ընկերոջ, մեր քեֆերի ծաղիկ, իսկական շափխով գյումրեցի Պոլոզ Մուկուչի կենացը: Էնիկ իստեղ չէ, Բորժով է գնացե, հըմը միտքն ու ուշքը մեզի հետ է…

ՂՈՒԹՈՒՂ - Աղաս ջան ախպորը ղուրբան, Բորժով չէ, Բորժոմ է:

ԱՂԱՍԻ – Թող էղնի Բորժոմ, յարան ջան: Ուրեմս իսպես, ինիկ իստեղ չէ, բայց իրա ազիզ հոգին մեղի հետ է թողե, որ ամեն խմելուն իրան էլ հիշենք, չմոռնանք: Պոլոզ ջան, երկեն բոյիդ ղուրբան էղնին Սալդաթ Աղասին, Նալըն Կարոն, Ղութուղ Արամը…

ԱՐՇԱԼՈՒՅՍ – Ըսա` Արշալույսն էլ, չմոռնաս:

ԱՂԱՍԻ – Հա, Արշալույսն ու Ձիգ-ձիգ Կարոն էլ: Կենացդ, անկաջդ թող իդտեղ զիլ կանչե, որ լաբ ֆռռացնես իդտեղի սիրուն ղուշերին:

ՆԱԼԸՆ ԿԱՐՈ – Ծո, վայ, ի~… տուշըմ չալեք, ծո, ու՞մ կըսեմ:

ՂՈՒԹՈՒՂ - Դավջի Թաթոս, մեր Սալդաթ Աղասին իշտե կխոսի, մի քնի, այ օղուլ, տուշըմ չալե:

Լսվում է նվագի ձայնը: Սալդաթ Աղասին շարունակում է կիսատ թողած պարը` արժանանալով սեղանի շուրջ նստածների հորդորներին:

ԱՂԱՍԻ – (պարն ավարտելուց հետո): Ես իմըս պրծա: Հըմի ու՞մ հերթն է:

ՆԱԼԸՆ ԿԱՐՈ – Հըմի իրա շնորհքը բդի ցույց տա մեր Իզբիթով Արշալույսը: Ձորի մայլի ու Արփաչայի քեֆերի մեր ամենաիսկական ոըտող-խմող ախպերը: Արշալույս ջան, ջանիդ ղուրբան, մե հատըմ առաջ արի, նեժնի բոյդ մեջտեղ բեր, ախպորը ղուրբան:

ԻԶԲԻԹՈՎ – (օրորվելով առաջ է գալիս, ձեռքը դնում Աղասու ուսին): Իսիկ ես:

ԱՂԱՍԻ – Մեռնիմ քեզի: Ըսա` Աղասի, Գյումրին խալու պես փռե ոտացս տակը` փռեմ: Ըսա` գնա Արփաչայից խլվլան ձկներ բեր` կբերեմ:

ԻԶԲԻԹՈՎ – Քեզի ղուրբան: (Գրկախառնվում են: Աղասին վերադառնում է իր տեղը:) Վարպես Թաթոս, մե հատըմ` տոտիկ-տոտիկ:

ՂՈՒԹՈՒՂ – Վախ, սրտես ջուր առար, ախպեր: Ծափ: (Բոլորը ծափահարում են:) Հըմի` տոտիկ: (Հնչում է երաժշտություն: Արշալույսն սկսում է համաչափ օրորվել): Տոտիկ-տոտիկ, Շատ խորոտիկ, Ղասպի տոտիկ, Սրտիս մոտիկ, Տոտիկ-տոտիկ…(Միանում է պարող Արշալույսին, մի շրջան անում, ապա մոտենում սեղանին:) Ձիգ-ձիգ Կարո ջան, խմենք պարողների կենացը:

ՁԻԳ-ՁԻԳ ԿԱՐՈ – Խմենք: (Լցնում է բաժակները:) Պարողների ցավը տանիմ ես,:

ԱՂԱՍԻ - Ես էլ, ախպրտինք:

ՆԱԼԸՆ ԿԱՐՈ – Իսիկ գինի չէ, իսիկ մեռոն է: (Երգում է:) Տոտիկ-տոտիկ, ընձի մոտիկ, շատ խորոտիկ, շան փորոտիք, ծուռտիկ-մուռտիկ, տոտիկ-տոտիկ…

ԻՍԲԻԹՈՎ – Ծո, առանձ ինձի ինչը՞ղ բաժակ կբարձրացնեք:

ԱՂԱՍԻ – Մեռնիմ ախպորը, առանց քեզի մենք կրնա՞նք բանըմ խմե: Ծո, ախպորս բաժակն ու՞ր է:

ՆԱԼԸՆ ԿԱՐՈ - (պարզում է լիքը բաժակը): Առ, ախպեր ջան, քեզի պես բոյով ու երկար, քեզի պես նեժնի ու սիմպատիչնի բաժակդ:

ԻՍԲԻԹՈՎ - Ապրիս: Ծո, տուշ:

Հնչում է տուշ: Բոլորը խմում են:

ՆԱԼԸՆ ԿԱՐՈ – Իյա, իյա, իյա…

ԱՂԱՍԻ – Ի՞նչ եղավ քեզի, ղուրբան, որ պալիկենց աղջկա պես ձենդ գլուխդ առար:

ՆԱԼԸՆ ԿԱՐՈ - Գինին բկիս դեմ է առել, առաջ չի երթա:

ԻԶԲԻԹՈՎ – Թթու վերու, ղուրբան:

ՆԱԼԸՆ ԿԱՐՈ – Չէ, թթվով առաջ չի երթա:

ԱՂԱՍԻ – Ֆայտոնչիմ կանչենք` թող կնուտով առաջ հրե:

ՆԱԼԸՆ ԿԱՐՈ – Չէ, չեմ ուզե: Առանց մեր ազիզ ախպերների ներս չի երթա:

ԻԶԲԻԹՈՎ – Իյա~, մենք իստեղ չե՞նք, օղուլ:

ՆԱԼԸՆ ԿԱՐՈ - Դուք իստեղ եք, հըմը Ագենտ Վաղարշակն ու Սելավի Ակոն չկան:

ԱՂԱՍԻ – Օղուլ, կուգան, կուգան, դարդ մի էնե: Ինոնք Վաղոյի պադվալեն ուստա Թաթոսի ձենն որ լսեն, վազելով կուգան: Դու գինիդ խմե, գինիդ: Ափսոս է, կթթվի: Մեր Վաղո ախպերը Կախեթից էս գինին Բաբիենց Հայկի ֆայտոնով է բերել:

ՁԻԳ - ՁԻԳ ԿԱՐՈ – Հա, էլի, Կախեթի է, ես էլ կըսեմ` ինչի ջանըս էլե, ինձի կուտե:

ԻՍԲԻԹՈՎ – Մեր Վաղո ախպերը մեզի մենակ Կախեթի գինի կուտա:

ՁԻԳ-ՁԻԳ ԿԱՐՈ – Ձեռս բռնեք, որ լավ խմեմ:

ԱՂԱՍԻ – Ծո, բռնեք ձեռը:

ՆԱԼԸՆ ԿԱՐՈ – (բռնում է ՁԻԳ-ձիգ Կարոյի ձեռքը, վերջինս խմում է:) Անուշ եղա՞վ:

ՁԻԳ-ՁԻԳ ԿԱՐՈ – Ըբը չեղա՞վ:

ԻԶԲԻԹՈՎ - Էսօր ինչխոր թե մեր քեֆն առաջ չի երթա, հա՞:

ՆԱԼԸՆ ԿԱՐՈ – Մեր ամեն օրվա քեֆն է, ի՞նչ է եղել:

ԻԶԲԻԹՈՎ - Բան չի եղել: Հըմը որ մեր Վաղո ախպերը մեզի չի մոտենա, ինչխոր թե քեֆը քեֆի նման չեղնի:

ՁԻԳ-ՁԻԳ ԿԱՐՈ – Վաղոյին հանգիստ թող: Գիշերն է Ղարսից եկել, համ բերզած է, համ էլ քովը ղոնախ ունի: Ղարսից եկած վենձ մարդ է:

ԱՂԱՍԻ – Չեղնի թե Կավկազի նամեստնիկն է:

ՁԻԳ-ՁԻԳ ԿԱՐՈ – Քառսուն տարեկան դառար, էլի մարդ չդառար: Քեզի կըսենք` վենձ մարդ է, Վաղոյի ղոնախն է, դուն ձեռ կառնիս:

ԱՂԱՍԻ – Իյա, նամեստնիկը վենձ մարդ չէ՞:

ՁԻԳ-ՁԻԳ ԿԱՐՈ - Է~…Ես կզարմանամ, թե էդ խելքովդ քեզի ինչը՞ղ են էսքան տարի ցարի բանակի մեջը պահել:

ԻԶԲԻԹՈՎ - Էդ ցարի բանակին խելառըմ պետք չէ՞:

ԱՂԱՍԻ - Գյումրու խելառներն որ սկսեցին ուրիշներին ձեռ առնել` գլուխդ առ ու փախի:

ՆԱԼԸՆ ԿԱՐՈ – Տո, ու՞ր բդի փախնիս: Առանց Գյումրու մե օրըմ էլ չես ապրի, կխելըռիս, դարդից ու կարոտի ցավից կսատկիս:

ՁԻԳ-ՁԻԳ ԿԱՐՈ – Իյա,էլ խելըռելու տեղ ուրդի՞ց, որ ներից խելըռի:

ՆԱԼԸՆ ԿԱՐՈ - Գյումրին մուրազ է, տղերք, Գյումրին անապական հրաշք է:

Թրջված սրահ են մտնում Սելավի Ակոն ու Ագենտ Վաղարշակը: Տեսնելով նստածներին` մոտենում են:

ԱԳԵՆՏ – (Թափ տալով շորերը:) Անտերն ինչխոր տարիմ եկած չեղնիր:

ԱՂԱՍԻ - Ախպերս իստակ ջուր է դառել, ծո, հանե շորերդ:

ԱԿՈ– Խոմ չխելըռա՞ր: Հա, բարի իրիկուն:

ՆԱԼԸՆ ԿԱՐՈ - Գինիմ լցեք, ախպերներս տաքնան:

ԻԶԲԻԹՈՎ - Առեք, ես ձեր ցավը տանիմ: (Պարզում է բաժակները:)

ՂՈՒԹՈՒՂ – Չէ, մե հատըմ թող Սելավի Ակոն պարե, նոր խմե:

ԱԿՈ – Վրես-գլուխս թաց է, ղուրբան, սիրտ ու հավաս էլ չունիմ:

ՂՈՒԹՈՒՂ - Առանց քու պարիդ ինչխոր քեֆ-ուրախությունը սուտ էղնի: Ուստա Թաթոս, մե հատըմ Ծուռվզենց ղայդեն. Սելավի Ակոս ու Ագենտ Վաղարշակս բդի պարեն:

ԱԳԵՆՏ – Հավաս չկա, Ղութուղ ջան, ցավդ տանիմ, թարկ տուր:

ՆԱԼԸՆ ԿԱՐՈ – Հավասիդ ի՞նչ է եղել, յարան ջան:

ԱԳԵՆՏ – Սասունի կողմերեն էլի գեշ խաբարներ կուգան:

ԱՂԱՍԻ – Իյա, ըբը ինչի շուտ չէիր ըսե: Պադվալի Վաղոն դիտե՞:

ԱԿՈ - Բդի որ գիտենա: Ղարսեն նոր է եկել:

ԻԶԲԻԹՈՎ – Հայի աստվածն էլի խռովել է:

ՁԻԳ-ՁԻԳ ԿԱՐՈ – Ըսիր ու թողի՞ր: Սուլթան Համիդը կուզե հայի երկիրն ավերե, հայերին դատարկուն էնե: Աստված ղաբուլ է, Աստված ձեն չի հանե…

ԱՂԱՍԻ – Թուրքի աստվածը մեր աստծուց զորավո՞ր է:

ԱԿՈ – Թուրքն է զորավոր, որ անտեր-անտիրական ժողովուրդ է տեսել, կուզե բնաջինջ էնե:

ՆԱԼԸՆ ԿԱՐՈ – Ըբը ռուսաց թագավորը ինչի՞ ձեն չի հանե: մենք խոմ իրա հպատակներն ենք, իրա ժողովուրդն ենք:

ՂՈՒԹՈՒՂ – Հըմի ռսի թագավորն էլ սիլի-բիլի կենե թուրքի հետ, մե ձեռքով էնոր դեմը թվանք կպահե, մյուս ձեռքով ախպերության կենաց բաժակ կզարկե:

ԻԶԲԻԹՈՎ – Հեչ բան չեմ հասկընա, թե ինչ եղավ էս աշխրհքի բանը: Թե ինչի ամեն բան էսպես եղավ ու հայերի դեմ ելավ: Ծո, ամո՞թ է, որ քրիստոնյա ենք, որ մեր աստվածն ունինք ու ինոր պատգամին միշտ հավատարիմ կմնանք: Ուրիշները երկիր կավերեն, իրար դեմ զենքով կելնին, հըմը մենք ժամ ու վանք կսարքենք, մեր տղոց հըմար դպրոց կսարքենք:

ԱԳԵՆՏ – Ըշտը իդիկ ըսա: Թուրքը ղաբուլ չէ, որ պապենական հող ունինք, երկիր ունինք, իրա պես քոչվոր չենք ու աչքերս ուրիշների ունեցածների վրա չենք չըռել: Նոյ նահապետը ոտը էս հողին է դրել ու հայի տան դուռն է զարկել… Բայց ինչ կվերաբերե ռուսին, հացը ծնկի վրա է, հենց իրան պետք եկանք` բրատ կըսե, քովերս կուգա, հենց որ իրա շահերին դեմ եղանք` վռագ կըսե, ինքն էլ մե կողմից կզարկե:

ԱՂԱՍԻ – Ինչ կուզեք` ըսեք: Ես ռուսին կհավատամ: Ես ինոր հունարը գիտեմ:

ՁԻԳ-ՁԻԳ ԿԱՐՈ – Ծո, դուն ի՞նչ գիտես: Տարիմ կռվար, հետո դեզերտիր դարձար ու Պադվալի Վաղոյի դուքանից դուրս չես գա: Դուն ռուսին ի՞նչ գիտես:

ԻԶԲԻԹՈՎ – Իդպես մի ըսա: Սալդաթ Աղասին որ ըսավ` ուրեմն բանըմ գիտե:

ՆԱԼԸՆ ԿԱՐՈ – Մեկ էլ դուն գիտես: Քեզի թողնին` էրթաս Ռուսաստանից էժան բիազը բերես, քաղքի կնկտանց վրա հորդ գնով ծախես:

ԱԿՈ – Չեղավ, ախպրտինք, չեղավ: Ընչի՞ իրար թթու խոսք կըսեք:

ԱՂԱՍԻ – Սելավի Ակոն ճիշտ կըսե: Հըլբըթ ամեն ինչ կանցնի, վիճակը կլավնա: Խոմ մեր տղերքը չեն թողնի, որ թուրքն իդպես մեզի ջարդե ու քշե մեր հողերից: Վերև աստված կա, օղուլ:

ԻԶԲԻԹՈՎ – Հա, Աղասին ճիշտ կըսե: Վերև աստված կա: Ջիվանը կըսե…

ՆԱԼԸՆ ԿԱՐՈ – Ուստա Թաթոս, պարըմ չալե, թևերս պարապությունից թուլցան:

Լսվում է պարեղանակը: Նալըն Կարոն բարձրանում է տեղից, տարածում թևերը…


Մ Թ Ն Ե Ց Ո Ւ Մ

Ե Ր Կ Ր Ո Ր Դ Դ Ր Վ Ա Գ

Լուսավորվում է սրահի մյուս կողմը: Սեղանի մոտ նստած են Պադվալի Վաղոն և Հակոբ Չիլինգարյանը: Նրանց դիմաց գինու գավաթներ կան դրված: Երկուսն էլ մռայլադեմ են:

ՎԱՂՈ – Հըլը դուրս աշե, նորվա թափով անձրևն էլ չկա: Հըմի քիչ-քիչ կկաթկթա: Առաջվա ուժը կորավ, օդը ցնդավ:

ՀԱԿՈԲ - Հասկըցանք: Կհամեմատես ու սար ու ձոր կընկնիս: Միտքդ մեկեն պարզե, թե չէ ծիտիկի լեզու կխոսիս:

ՎԱՂՈ – Չէ, կարգին աղվես ես: Քեզնից բան պահել չի եղնի: Լավ, մեկեն գանք զենքերին: Կաթիլ-կաթիլ փոր չի կշտանա: Կաթիլ-կաթիլով բան չի եղնի: Լից բաժակդ:

ՀԱԿՈԲ - Հանգիստ մնա, բաժակս լիքն է:

ՎԱՂՈ – Մեկեն է պետք զինվել, Հակոբ, կըհասկընա՞ս: Մեկեն: Քանի՞ տարի է գաղտնի զենք կճարես: Տաս-քսան հատ հրացան, քանիմ հարյուր հատ փափուշտ: Էս չէ՞ երկիր ղրկածդ: Թուրքական կանոնավոր բանակի, քրդերի բաշիբոզուկների դեմ մեր կտոր-բրդուճ գործողություններով մինչև ե՞րբ դիմանանք: Կամ` օգուտն ի~նչ…

ՀԱԿՈԲ - Մենք երկու թշնամի ունինք, Վաղո: Թուրք և ռուս բռնակալությունները: Ընկել ենք էդ երկուսի արանքը: Որ կողմն որ դառնանք, մեկելը մեջքիդ կզարկե: Դու չես հավնի, որ կաթիլ-կաթիլ զենք կճարեմ: Հունարս էդ է, ախպեր: Ո՞վ մեզի ըստեղ վագոններով զենք կուտա: Ուշքի արի, Վաղո, զենք կա ու մենք երկրին կխնայե՞նք:

ՎԱՂՈ - Բան չունիմ ըսելու, Հակոբ: Դուն ամեն ինչ կենես: Կարսի մեջ քեզի կլսեն, կհարգեն, էրածներդ կգնահատեն: Դուն լավերից մենակ ես մնացել: Ո՞վ մնաց մեզնից: Ինչքան զենք սարքող ունեինք` զոհվան-գնացին: Վարդան Տոնոյանը չկա, Պողոս Պողոսյանը չկա, Հովհաննես Նահիկյանն ու ռոդոստեցի Սարգիսն էլ չկան: Գնացին երկիր ու ընկան քաջի մահով: Հըմի վո՞վ է մնացել. դուն ու Սերգեյը, Նիկոլ Աղբալյանն ու Ավետիք Իսահակյանը: Իսաջանին` կհիշե՞ս ինչ կըսեր. «Երբ անհավասար ուժի դեմ ես պայքարում, պետք չէ սովորական և հավասար զենքով պայքարես: Ընտրիր մի զենք, որ հակառակորդիդ հանկարծակիի բերես: Եվ եթե չունիս այդ զենքը, պետք է հնարես»: Հըմի հնարողներ էլ չունինք:

ՀԱԿՈԲ - Թող մենք մեռնեինք` Իսաջանը մնար: Է~, ինչ կորուստ ունեցանք: Նա որ ողջ լիներ, Կարսի և Սասունի վիճակն ուրիշ կեղներ: Հիմի բռունցք դառնալու ժամանակն է, Վաղո: Բռունցք պիտի դառնանք, որ դողան մեր առաջ: Ռուսն էլ հիմի թուրքի կիսատը կլրացնե, վանքեր կփակե, հավատի դեմ կելնի, կպղծե մեր հավատը, դպրոցներ կրակի կուտա: Տեղից ելնողը երկրի անունը կուտա ու երկիր կերթա: Ի՞նչ է, Կարսը երկիր չէ՞: Գյումրին երկիր չէ՞: Երկիր է: Կռի՞վ կուզես. իստեղ քու բաժին կռիվդ էրա: Դեղագործ Քեոսոյանը Կարսի բերդի վրայից գիշերով ռուսական բանակի դրոշը պոկեց, տեղը սգի սև դրոշակ կախեց: Վարդանի կարմունջի վրա սպանած շան գլխի վրա ռուս տերտերի կամիլավկա գլխարկ էին դրել, կհիշե՞ս: Չորս կողմը լրտեսներ են լցվել, ճիշտ է, իդոնց օրը ցերեկով վերջ կուտան, բայց էլի քիչ է մեր էրածը, Վաղո, քիչ: Կհասկընամ, թե ինչի ես խոժոռվել:

ՎԱՂՈ – Կըհասկընաս, գիտեմ, բայց հասկընալը քիչ է, Հակոբ, քիչ: Չորս կողմըդ աշե, Հակոբ, չորս կողմդ: Վանը, Սասունը, էրգրի քաղաքներն ու գյուղերը գազանի են նման, ցավից կմռնչան, գազանի նման կոռնան: Գիտե՞ս, թե իդիկ ինչ ոռնոց է: Երբ գազանին կզարկեն միամիտ տեղն ու դեմը կարմիր կտոր կպահեն, գազանը կդառնա անկառավարելի, գազանը կուզե թռնի տեղից … Սեբաստիան, Խարբերդը, Էրզրումը լուռ են, մեջքը կոտրած, հուսահատ, հոգեվարք ապրող… Թուրքը իրա արնոտ թաթը դրել է երկրի բկին, երկրի մեջքը ջարդել է: Վո՞վ բդի պահե երկիրը, վո՞վ բդի կայնի երկրի մեջքին: Էն տաքգլուխ ջահելնե՞րը, որ վառոդի հոտ չեն առել, ամեն մեկը հրացանըմ առած` անցել է սահմանը: Շատերի ձեռներին հրացան էլ չկա, Հակոբ, ու իդոր համար էլ հասած ցորենի պես գետնին կընկնին: Իդոնցից շատերը իրանց գիմնազիաների մեջ Մոսկովի, Պետերբուրգի, Ռոստովի օդը շնչած, իրանք իրանց ջահելի երդում են տվել ու եկել… Գամառ-Քաթիպա են կարդացել, «Հիմի էլ լռենք» են երգել ու եկել… Կաթնակերներ են, Հակոբ, կաթնակերներ, դեղնակտուցներ: Իդոնց կռիվն ի՞նչ բդի եղնի, իդոնց ձեռքի հունարն ի՞նչ բդի եղնի:

ՀԱԿՈԲ - Խռովելուդ պատճառն հիմի ավելի լավ կհասկնամ: Շաբաթից ավել է` կորել է Սվազցի Հարութը: Բիձան, գիտեմ, Բիձան հեշտ կորողներից չէ, տեսնիս էլի որ կողմերն է հոտվտում: Հեչ որ չլիներ, Կարմիր բերդի զինվորներին Արփաչայի թավուտներում, ուռիների տակ թունդ կխմցնե Կախեթի Մուկուչի գժվեցնող գինով ու դարտակ ձեռով ետ չի գա:

ՎԱՂՈ – Ինորից բերդի զինվորները համ կվախենան, համ կքաշվին: Գիտեմ, Սև ղուլեն ես ու Բիձան ընկերներ շատ ունինք: Մեննակ ախալքալակցի Սուրենն ու Գրիշը ինչ ըսես որ չարժեն: Բիձան ինոնց որ տեսնի` հնար կգտնվի: Ավոն էլ չեկավ, գոնե խաբար բերեր:

ՀԱԿՈԲ - Իսահակյան Ավոն Կարսից էսօր բդի գա: Խոստացել է հանդիպել էստեղի մի քանի խանութպանի հետ: Ավոյին կարող է հաջողվի իդոնց գրպանները հօգուտ ազգի բացել:

ՎԱՂՈ – Խոստացել է, խոստացել է… Բիթունն էլ կխոստանան, բայց գործն առաջ չի երթա: Փոքր խմբերի սահմանն անցնելը աննկատ չի մնա: Թուրքերը աչքերը չորս էրած կնայեն ու կտեսնին: Հինգ-տասը հոգով, Տաճկաստանի խորքերը… Կհասկընա՞ս: Թուրքերն իրանց ձեռքով բան չեն էնե: Քրդերը վրա կուտան, քրդերը կջարդեն տղոնցը: Անհավասար կռիվ կերթա: Այ, եթե երեսուն-քառասուն հոգի եղնեին` քրդերը սիրտ չէին էնե մոտիկ գալ, զենքերը ձեռներից առնել: Իդոնց տարած զենքն արդեն դարման կեղնի:

ՀԱԿՈԲ - Բայց մեծ խմբերի երթալն անվտանգ չէ: Քրդերը, թուրք չոբանները, ռուս սահմանապահները կհետևին, հակ տեսնելուն պես լուր կուտան թուրքերուն: Ի՞նչ կարող են անել մերոնք: Հրեշի համար մժղուկի խայթոցներ: Դու գիտես, որ ռուսական սահմանամերձ կայազորները կուժեղացվին, իսկ հակառակ կողմից թուրքական ուժերը Էրզրումից առաջ կքաշվին, Հասան Ղալայի, Քեոփրի Քյոյի շրջանների մեջ կկուտակվին:

ՎԱՂՈ – Չիդեմ, Հակոբ, չիդեմ, հնար է պետք, հնար բդի գտնինք: Տղոց աչքերն ինդեղ ճամփի է, տղեքն ինտեղ կմեռնին, Հակոբ: Երկիրը կմեռնի, Հակոբ, վիրավոր եղնիկի պես կվազե, կվազե, կուզե գյուլլից եկող ցավը տանի ու կզոհվի…

ՀԱԿՈԲ - Կհասկընամ, մի գոռա: Գոռալով բան դուրս չի գա: Ճիշտ ես, հազար անգամ ճիշտ ես, հնար բդի գտնինք: Ես գիտեմ, Բիձան կուգա ու ամեն ինչ իրա տեղը կընկնի: Կարսի ընկերների հույսը դուք եք, Կարսի ընկերները ձեզնով կապրին: Ուրեմն, բդի գտնինք ճամփան:

ՎԱՂՈ – Կարսի ընկերների գործը հեշտ է, Կարսի ընկերներն անընդհատ օգնություն կուզեն, բայց կհասկընա՞ն, որ կեփվինք իստեղ, պատեպատ կուգանք: Քաղաք էլ ծակ չմնաց, որ պահած տեղից զենք ու վառոդ չհանենք: Չէ, չեմ նեղսրտի, Կարսի ընկերները ամեն ինչ լավ կտեսնին, երկիրը կտեսնին, թե ինչըղ կամաց-կամաց Սասունը կվառվի, սարերը կրակից կխորովվին:

ՀԱԿՈԲ - Մի նեղենա, Վաղո: Մի Գյումրի է ու մի Պադվալի Վաղո: Դու ես մեր փրկությունը, դու ես մեր հույսը:

ՎԱՂՈ – Կհասկընամ, լավ կհասկընամ: (Կանչում է բարձր:) Ծո, գինիմ բերեք:

ՀԱԿՈԲ - Պետք չէ, հանգստացիր:

ՎԱՂՈ - Ես կուզեմ իմ տեղս էլ խմեմ, Բիձայի տեղն էլ, Ավո Իսահակյանի տեղն էլ:

Կիսամութի մեջ կանգնած է ԲԻՁԱՆ; Վաղոն հանկարծակի շրջվում է և նկատում նրան:

ՎԱՂՈ – (Ցատկում է նստած տեղից): Բիձա, ու՞ր էիր:

ԲԻՁԱ - (Գրկախառնվում է): Է~, Բիձային էլ կըսեն… Մի երկիր, մի Բիձա:

ՎԱՂՈ – Մի երկիր, մի Բիձա, բայց սրտերս պատռավ, անաստված: Հակոբն էլ աչքը ճամփին քեզի կաշեր:

ԲԻՁԱ - (նայելով Հակոբին): Դո՞ւն էլ հոս ես: (Մոտենում է և գրկում:) Կարսի տղեքն ըսին, որ Գյումրի ես եկել, ըսին նաև գալուդ նպատակը:

ՀԱԿՈԲ - Նպատակս պարզ ու հստակ է. իրագործելն է դժվար:

ԲԻՁԱ - (նստում է:) Հնար կգտնինք: Դժվար է, գիտեմ, շատ դժվար, քանի օր է` գլուխս պատեպատ կզարկեմ, կուզեմ քանիմ հատ հրացան ճարեմ` չկա, ինչղոր գետնի տակը անցրած եղնին, բայց դարդ մի էնե, Հակոբ, կգտնինք: Գետինը կքանդենք, ամեն տեղ ման կուգանք ու կգտնինք: (Դառնալով Վաղոյին:) Գինի կուզեմ, թունդ, լավ գինի:

ՎԱՂՈ – Հիմի ես կբերեմ: (Բարձրանում է և հեռանում:)

ԲԻՁԱ - (երկար ժամանակ լուռ նայում է Հակոբին:) Ռուսական բանակն իստեղ շատ զենք ունի, շատ զինամթերք: օրերից մեկ օր էդ բոլորը մեր` հայերիս դեմ բդի օգտագործեն, մեր դեմ բդի հանեն:

ՀԱԿՈԲ - Ռուսներն առայժմ բարեկամություն կխաղան, ցույց կուտան, որ հավատարիմ են հայերին, որ ամեն ինչով կայնած են մեր թիկունքին, բայց տեղն եկած ժամանակ, հանուն իրանց շահերի, սատանի հետ էլ ախպերություն կենեն` մեզի թնդանոթի միս դարձնելով: Ուրեմն, կասկածներդ ճիշտ են, բդի էդ զենքի օգտագործման ճիշտ ճամփեն գտնվի: Հույս էդ զենքն է՞:

ԲԻՁԱ - Վաղոն կըսե, որ ինչ որ դրած է` պիտի վերցնես, իր նպատակին ծառայեցնես:

ՀԱԿՈԲ - Այսի՞նքն…

ԲԻՁԱ - Չէ, թող ինքը, Վաղոն, ըսե: Իդիկ իրա գաղափարն է:

ՀԱԿՈԲ - Ու ի՞նչ գաղափար է: Թալանե՞լ բանակի զենքը:

ԲԻՁԱ - Չէ, թալանել չկա: Իրանք կուտան:

ՀԱԿՈԲ - Հույս չունենաս: Ռուսը մեզի զենք չի տա:

ԲԻՁԱ - Ռուսը չի տա, գիտեմ, բայց Սասունին զենք է պետք: Քանի օր առաջ կամավորներին կճամփեի: Կնայեի ինոնց ձեռքի զենքերուն ու լացս կուգար: Սիրտս կտոր-կտոր կեղնիր: Ինոնք կերթային` ես կնայեի ինոնց հետևից ու գլուխս թափ կուտայի: Ինչքան կհեռանային, էնքան սիրտս անհանգիստ կդառնար: Էդ քանիմ հատ զենքով ի՞նչ պիտի էնեն: Թուրքը, մինչև ատամները զինված, մեզի կաշե: Թուրքը դարանակալ գազան է, ինոր բդի ուժեղ զենքով զարկես, էն տեսակ զենքով, որ մենք չունինք, բայց էդ մեր չունեցածը մեր քթի տակն է, մեր աչքի առաջ:

ՀԱԿՈԲ - Ռուբեն Տեր-Մինասյանը հիացած է ձեզնով. մեզնով, Վաղոյով, մյուս տղերքով: Ինքն էլ կըսեր, որ դուք ամենազոր եք, հույսը ձեզի վրա է:

ԲԻՁԱ - Ռուբենն էն քիչ մարդկանցից է, որ հավատարիմ մնաց իր երդումին ու մեզի: Անհանգիստ հոգի է, ընկել է սար ու ձոր ու կուզե անպայման բոլորին հասած եղնի: Հըմը ինոր ձեռն էլ շատ բան չկա: Գոնե Թիֆլիս նստածները բանըմ էնեին, ինտեղից զենք ճարեին:

ՀԱԿՈԲ - Բոլորը չէ, որ ինտեղ միաբան են, միակամ: Ամեն մեկն իրա թելը կքաշե, ամեն մեկը կուզե իրա խելքը բոլորի համար միակը դարձնե, էնտի էլ շատ բանի չենք հասնի: Պոլսի ընկերներն էլ շատ բան չեն կրնա էնե, որովհետև ինտեղ էլ ուրիշ խնդիրներ կան, ինտեղ էլ միջկուսակցական կռիվներն են շատ, իրար դեմ կելնին, իրար կքննադատեն…

ՎԱՂՈ - (գալիս է` ձեռքին գինու մեծ գավն ու սկուտեղի վրա` մի քանի ափսե ուտեստներ, դասավորում սեղանին, նստում:) Արդեն քանի վախտ է, կըսեմ. իրար գլխի հավաքվինք, մեր Ավոյին էլ կանչենք, նստինք իրար հետ, մե հատըմ շախով Գյումրվա քեֆ էնենք: Չի էղնի, չի ստացվի: Ձեռ ու ոտներս կապված են: Քեֆի հավաս չկա, ուրիշ բանի մասին կմտածենք:

ՀԱԿՈԲ - Տո, քեֆ էլ կենենք, ուրախություն էլ կենենք, Ավոն էլ կերգի ու իրա գրածները կարտասանե: Կհիշե՞ս իրա գրած էն լավ ոտանավորը.

Վեհ ազատության սերը չէ մենակ,

Որ ինձ մղում է կըռվի հանդես,-

Հրեղեն ոխն է, վրեժն` անհատակ,

Որ սիրտս է այրում ժահր-թույների պես…

Ախ, թե լինեի կայծակ-հրաբուխ,

Մռայլ Տավրոսի ճակատից վիժած,

Պիտի փշրեի, շանթեր պիտի

Թշնամու կուրծքը չար, արյունամած…

Բայց հոգուս խորքում օձեր են զեռում,-

Վրեժի իժեր – սև, կծիկ-կծիկ,

Ու ռումբ է սիրտս, և պիտի պայթի,

Թշնամու գլխին նա պիտի պայթի…


ՎԱՂՈ - Ավոն ֆիդայու սիրտը սրտի աչքով գիտե, սրտի աչքով կնայե մեր պայքարին: Ավոյի ամեն մի տողը կռիվ է:

ԲԻՁԱ - Թոլոլ Ավոն որ չեղնի` մենք դարդից ու մենակությունից կխելըռինք:

ՀԱԿՈԲ - Երբ երկիրը վտանգի մեջ է, պատերազմ է, բանաստեղծն է հոգու ընկերը: Հիմի Ավոն, մեր կուսակցական ընկերը, դարձել է մեր սփոփողը: Կկարդանք բանաստեղծությունները, երգերը կերգենք ու կռվի կելնինք, հոգիներս կփառավորվի: Ավոն էսօր մեր Գամառ-Քաթիպան է դարձել, ֆիդայիների ու հայրենիքի մասին կգրե:

ՎԱՂՈ - Եկեեք Ավոյի կենացը խմենք: Հիմի նայես որ գյումրեցի սիրունի դուռն է կայնել ու մուրազով երգ կշինե: Ավոյի հետ էլ կարսի մեր ընկերների, Սիմոն Զավարյանի ու Ռուբենի կենացները: Ես ինոր շատ հավնա: Իսկական հայ է, ֆիդայու հոգով ու հավատով: Տղերք, վեր պահեք բաժակները: Թող ինոնց հետ էլ մեր հողի կենացը եղնի, երկրի կենացը: (Խմում են:) Մեր հողն էսօր մեզի կարոտ կաշե, մեր հողը վերքերի մեջ կորած` մեզի կաշե: Ինչքան ու ինչքան են եկել, ջարդել են, փշրել, ավիրել են, բայց չեն կրնացել մեզի կոտրել: Հիմի թուրքն իրա ատամներն է սրել, տղերքը էդ ատամների դեմ ելնելով, կընկնին: Ինտեղ, Սասուն, քանի-քանի հերոս ախպրտինք ունինք, Գևորգ Չաուշ ունինք, լեռներ դարձած հավատ ունինք: Մենք իստեղ նստել ենք, կուզենք քեֆ էնել, բաժակ կբանձրձնենք, բայց ինոնք էնտեղ թուրքին կզարկեն, մեր հողն անառիկ կպահեն: Հայոց երկնքի վրա ամպերը մեծ-մեծ կախվել, շատըցել են: Չէ, տղերք, երկինքը վկա, ամեն ինչ բդի էնենք, որ օգնենք:

ՀԱԿՈԲ - Բիձան կըսեր, որ ինչ-որ ծրագիր ունիս:

ՎԱՂՈ – Ունիմ, Հակոբ ջան, ունիմ: Լավ ծրագիր է, վենձ ծրագիր է: Ես իդիկ բդի իրականացնեմ:

ԲԻՁԱ - Հակոբին բդի մանրամասնորեն պատմենք մեր ծրագիրը, թող Կարսի ընկերներին տեղյակ պահե:

ՀԱԿՈԲ - Ուրեմն, ինձնից էսքան ժամանակ գաղտնիք եք պահել:

ՎԱՂՈ - Գաղտնիք չենք պահել, էս քանի օրն ենք մտածել մի կարևոր գործիմ մասին: Ամեն ինչ կպատմեմ, Բիձա ախպեր: Պադվալի Վաղոն իրա հավատի ընկերներից հըլը հեչ բան չի պահել: Եկեք մե հատըմ էլ խմենք: Թող իսիկ եղնի էն ջահելների կենացը, որ Ռոստովից ու Մոսկովից իստեղ կուգան, սահման կանցնին ու հողը պաշտպանելու կերթան: Ինոնք էլ կհասկընան, որ էլ բդի չլռենք, բդի ոտի կայնինք. թուրքը մեր հողին տեր բդի չկայնի:

Խմում է. ապա մեղմ սկսում. «Հիմի էլ լռենք» երգել: Հակոբն ու Բիձան միանում են նրան:

ՄԹՆԵՑՈՒՄ

Ե Ր Ր Ո Ր Դ Դ Ր Վ Ա Գ

Գինետունն է: Սրահի կենտրոնում ուս-ուսի տված պարի են կանգնած առաջին դրվագի նոլոր մասնակիցները: Կենտրոնում Ձիգ-ձիգ կարոն, շարքից դուրս եկած, մեծ թաշկինակը վերև պարզած` ղեկավարում է պարը:

ՁԻԳ-ՁԻԳ ԿԱՐՈ – (բարձր երգում է): Առավոտ է, վախտն է,

Սիրած յարիս վախտն է,

Խոսի, խորոզ ջան, խոսի,

Յարիս գալու վախտն է:

ԱՂԱՍԻ –Իզբիթով Արշալույս, ոտդ ուսուլով դիր, ղայդեն մի փչացնե:

ԻԶԲԻԹՈՎ - Ես էդ ղայդով չեմ կրնա, ես «Տնգոզ-տնգոզ» կուզեմ:

ԱԿՈ – Ֆրանցուզսկի լեզգինկա էլ չե՞ս ուզե:

ԱԳԵՆՏ - Ակոն Բեռլինի գիմնազիան սորված վախտը մենակ տնգոզ-տնգոզ կպարեր, ի՞նչ կուզեք:

ՆԱԼԸՆ ԿԱՐՈ - Ես էլ կըսեմ, թե ինչի նեմեցների թագավորը մենակ տնգոզ կպարեր: Չեղնի Իզբիթովն էր ինոր սորվըցրել:

ԻԶԲԻԹՈՎ – Հա, ես էի սորվըցրել, մամիդ էլ տարել էի, որ հետը նապառնիցա եղնիր:

ՆԱԼԸՆ ԿԱՐՈ – Մամըս ազապ ու համեստ օրիորդ էր, ուրիշի տղամարդու երես չէր աշե:

ԱՂԱՍԻ - Էնդի խեղճ պապըդ փանջարեքին իրեք ղատ զանավեսկա կքաշեր, որ մամըդ հանկարծ ուրիշի տղամարդու երես չտեսնի ու մեկն ու մեկին ներս չկանչե:

ՆԱԼԸՆ ԿԱՐՈ - Դու էդ բանը չպիտի ըսեիր, Սալդաթ Աղասի, ըբը տղամարդը ղաբուլ կեներ, որ իրա կընիկը դուրս աշե: Դու մեր պապական նամուսին կպար…

ԱԳԵՆՏ – Ձեններդ կտրեք, հերիք է, կնիկմարդու պես իրար միս կուտեք: Լաչակ կապեք գլխներիդ ու գնացեք քարիմ նստեք:

ԱՂԱՍԻ – Լավ, պարի լազաթը մի փչացրեք: Ուստա Թաթոս, մե հատըմ «Տնգոզ» չալե:

Լսվում է պարեղանակը: Խմբովի պարում են: Պարի հետ Նալըն Կարոն երգում է և չափ տալիս մյուսներին: Սրահի մյուս կողմից գալիս են Վաղոն, Հակոբը և Բիձան: Պարողները դադարեցնում են պարը, ետ-ետ քաշվում: Լռում է մեղեդին:

ՆԱԼԸՆ ԿԱՐՈ – Վախ, ես ձեր ցավը տանիմ: Դուք էլ մեզի միացաք, ախպրտինք:

ԲԻՁԱ - Հա, կուզենք ձեզի հետ քեֆ էնենք: Խոմ չե՞ք մերժե:

ԱՂԱՍԻ – Ձեզի հետ բաժակ բանձրցնելը մեզի համար մուրազ է:

ԱԳԵՆՏ – Մեզի համար վենձ պատիվ է, Բիձա ջան, քու հերոս կյանքիդ մեռնիմ ես:

ԱԿՈ - Եկեք, ձեր ցավը տանիմ, եկեք սեղանի քովը: Էս սեղանի վրա ինչ որ կա` ձեզի նվեր եղնի, մեր սիրտն ու հոգին էլ հետը:

Բոլորը մոտենում են սեղանին, նստում նրա շուրջ:

ՎԱՂՈ – Լցրեք, գյումրեցիք, լցրեք ձեր բաժակները: Էսօր իսկականից դուք իմ ղոնախս եք: Ես երկար ժամանակ է ձեզի հետ բաժակ չեմ զարկել, կենաց չեմ ըսե: Հիմի բդի ըսեմ:

ՆԱԼԸՆ ԿԱՐՈ – Ըսա, մեր ախպեր, ձենըդ անուշ:

ՎԱՂՈ - (բարձրացնում է բաժակը): Ես իսի բաժակով կուզեմ խմեմ գյումրեցոնց կենացը, որ հըմի իստեղ են ու իստեղ չեն:

ՁԻԳ-ՁԻԳ ԿԱՐՈ – Հա, Վաղո ջան, սաղ գյումրեցիք էլ արժանի են էս պատվին: Գյումրին պատվական քաղաք է, զորավոր, իրա Յոթվերքի պես զորավոր:

ՎԱՂՈ – Հա, ճիշտ կըսես, Ձիգ-ձիգ Կարո ջան: Գյումրին զորավոր քաղաք է, սուրբ Աստվածածնա քաղաքն է: Սլաբոդկից մինչև Բոշի մայլա, բոստընջոնց կանաչ-կանաչ բոստաններից մինչև Արփաչայի ափերը գյումրեցոնց սրտերը կվառվին ու լույս կուտան մարդոց: Ու ես էս բաժակով կուզեմ, որ խմենք զորության վենձընալու կենացը:

ԱՂԱՍԻ - Գյումրու ու գյումրեցոնց կենացը:

Բոլորը խմում են:

ԲԻՁԱ - Անուշ եղավ, ախպըրտինք:

ԻԶԲԻԹՈՎ - Անուշիդ տեսքով մնաս, Բիձա ջան:

ՎԱՂՈ – Հըմի ձեզնեն մե խնդրանքըմ ունիմ, գյումրեցիք, վենձ խնդրանք: Բդի օգնական եղնիք ինձի:

ԱՂԱՍԻ – Քու խոսքըդ օրենք է մեզի համար, Վաղո ախպեր:

ՂՈՒԹՈՒՂ – Խոսա, Վաղո ջան, ինչ էլ խնդրես` բդի հարգենք ու կատարենք: Դու մեր վենձ ախպերն ես ու վենձ խորհրդատուն:

ՎԱՂՈ - Երկիր կռիվ է, գյումրեցիք, իսկական կռիվ: Հավատի կռիվ: Հողի կռիվ: Մեր թշնամին էլի թուրքն է: Երեկվա անլվա ու անհայրենիք թուրքը, որ հըմի հայրենիք ունի ու կուզե մեր հաշվին իր հայրենիքը զորացնե: Մեր սրսուռ-սրսուռ հողերը, մեր լեռնաշեն սասունի, Իգդիրի, Էրզրումի հաշվին կուզե թազա ու վենձ հայրենիք շինե: Մեր ախպերներն ինտեղ ոտի են ելել, մեր ու մանուկ, ծեր ու հիվանդ ոտի են ելել, սարերի պես իրար թիկունք են տվել ու սուրբ հողը կպաշտպանեն: Սասմա Դավթի հողը, որ Մըսրա Մելիքն իրա Մելիք տեղով չկըրցավ գերի առնել, իրա թրի տակ պահել: Հըմի թուրքը Մելիք կուզե դառնա, կուզե Սասմա հողի վրա իրա վարն ու ցանքը էնե, իրա տունը սարքե` մեր արունով, մեր ախպերների ու քուրերի արունով ջրե էդ հողերը: Ես տուն սարքողի, հող վարողի ձեռը կպաչեմ, բայց ոչ էն տուն սարքողի ու հող վարողի, ով ուրիշի արունը կթափե, ուրիշի տունը կավիրե: Հազար տարի գել ու գազան դարձած թուրքը աչքը տնկել է մեր հողերին, մեզի: Չի կրնացել հաղթել: Հըմի կուզե հաղթե: Մենք միս-մենակ ենք, չորս կողմը դուշման ու դավաճան: Մեզի հեչ մեկը չի օգնե, բացի մեզնից ու մեր Աստծուց: Ըսիկ մեր կռիվն է, հին կռիվ է, արդար կռիվ է: Ու թե էս կռիվը տանուլ տվինք, մեր ճամփեն կկորցնենք, Սասունի տեղ ավերակ կգտնինք` շաքարի պես շան բերանը թողած:

ՆԱԼԸՆ ԿԱՐՈ – Կհասկընանք, Վաղո ջան, լավ կհասկընանք: Էդ ցավով մենք էլ կտապակվինք ու կխորովվինք: Շատերին կթվա, թե գյումրեցիք մինակ քեֆ կենեն, ուրախության մեջ են, բայց իդիկ էդպես չէ: Գյումրեցոնց սիրտն էլ կցավի:

ՎԱՂՈ - Գիտեմ, որ կհասկընաք: Բայց հասկընալը քիչ է: Օգնել է պետք:

ԻԶԲԻԹՈՎ - Դժվար բան կըսես, Վաղո ջան, մեր ունեցած զենքը սաղ կաբարդինսկի պոլկի աֆիցերները հավաքեղին, մեզի բան չթողեցին:

ԱՂԱՍԻ – Քու տնիցըդ մե բերդանկա են տարել, Իզբիթով, լաց մի էղնի, աղքատ Ղազարոսի նման մի խեղճըցի: Հոգիդ խորն է:

ԻԶԲԻԹՈՎ – Հոգիս, հա, խորն է, վենձ է, հըմը ձեռս հնար չկա:

ՁԻԳ-ՁԻԳ ԿԱՐՈ – Հավաքածդ ոսկեղենից ծախե ու գնա Թիֆլիսի բազարից առ:

ՆԱԼԸՆ ԿԱՐՈ – Իզբիթովը տալդա մտնող չէ, ընիկ ամեն ինչ կենե, որ մեր Վաղոյի խնդրանքը գետնին չզարկենք:

ԻԶԲԻԹՈՎ - Է, հա, էլի, օղուլ, չխեղճըցանք, բանըմ ըսինք… Ամեն ինչ կենեմ, Վաղո ջան, հարսխանումիս բիլազուկն էլ կծախեմ, էս քյամարս էլ բիրժա կտանիմ, ախպորը ղուրբան, ըբը ես տալդա մտնո՞ղ եմ…:

ԱԳԵՆՏ – Հինգ տղա ունիմ, հինգին էլ Սասուն կճամփեմ, Վաղո ախպեր:

ՎԱՂՈ – Հինգ տղուդ տեղը հինգ հատ հրացան ճամփե, Ագենտ Վաղարշակ: Կրնա՞ս:

ԱԳԵՆՏ – Կճարեմ, ախպեր ջան, գետնի տըկից էլ եղնի` կճարեմ:

ՆԱԼԸՆ ԿԱՐՈ - Բանըմ կենենք, Վաղո ջան, դարդ չենես: պատերազմը Գյումրի չէ, հըմը սաղ երկիրն էլ մերն է…Էգուց կկայնիմ բազարի մեջտեղն ու գյումրեցոնց կոր կենեմ մեզի օգնական եղնին, սասունցոնց, որ իսկական հայ են, օգնական եղնին:

ՂՈՒԹՈՒՂ – Կողքի գեղերը կերթամ, գեղացոնց հոգին խորն է, իրանք պահած կեղնին:

ԱՂԱՍԻ - Գյուղացին էլ վախեցած է, կարող է չտա:

ՂՈՒԹՈՒՂ - Ապրանք որ տանք` կուտան:

ՆԱԼԸՆ ԿԱՐՈ - Բայց գյուղացոնց զինաթափելը լավ չէ, իրանց էլ պաշտպանվել է պետք:

ՁԻԳ-ՁԻԳ ԿԱՐՈ – Թող Սասունի հարցը լուծվի, հետո մենք մեր ձեռքով զենք կառնինք ու գյուղացոնց կուտանք: Խոմ աշխարհ իսպես չի մնա, կփոխվի:

ՎԱՂՈ - Բդի ճարեք, ձեզի ղուրբան: Տեղերս նեղն է: Չճարենք` Սասունից ետև Գյումրին էլ կկորցնենք, մեր հարսն ու աղջիկ, մեր ազիզ երեխեքին էլ կկորցնենք: Ոտի կայնեք, Գյումրին ոտի տակ տվեք, պահած տեղերից հանեք ինչ-որ ունիք: Կարսը կարոտ աչքով մեզի կաշե, որ զենքը սահմանն անցնե, մեր ախպերներուն ղրկե: Գևորգ Չաուշը մեզի կաշե, գյումրեցիք: Գլուխը քարին դրած, սիրտը` Սասմա հարսների ու քուրերի աչքերի առաջ: Սասունը մեր անառիկ բերդն է, ախպրտիք, անառիկ էլ պահենք:

ՍԵԼԱՎԻ ԱԿՈ – Կպահենք: Ինչքան ուժ ունինք, ինչքան հունար` բդի պահենք:

ՎԱՂՈ – Որ իդպես է, գործի անցեք: Մեծ կռիվ բդի երթանք, հավատի կռիվ:

Սալդաթ Աղասին կանգնում է սրահի կենտրոնում, ձեռքերը բարձրացնում վերև:

ԱՂԱՍԻ – Վարպետ Թաթոս, ուժեղ չալե: Մեծ կռիվ բդի երթանք, մեր արդար կռիվը:

Մ Թ Ն Ե Ց Ո Ւ Մ

Չ Ո Ր Ր Ո Ր Դ Դ Ր Վ Ա Գ

Կիսամութի մեջ հազիվ առկայծում է մի աղոտ լույս: Լուռ է շուրջը: Հեռվից, շատ հեռվից, լսվում է «Գլգլալով ջուր է իջնում» երգը: Երգողը տղամարդ է: Քիչ անց բեմում հայտնվում են Բիձան, Մշեցի Սարոն, Արամայիսը:

ԱՐԱՄԱՅԻՍ – Լավ կերգես, ես ու իմ հոգին, Սարո, էնքան լավ, որ ինձի կթվա, թե Մշո դաշտի մեջ եմ, ինոր ջուր կխմեմ, ինոր սարերեն կանցնիմ…

ՄՇԵՑԻ ՍԱՐՈ - Է~, Արամայիս, սրտես խոսա, Մուշ օրի՞ կհիշիս, ես կերգեմ` Մուշ իմ սրտիս մրմուռն ի, իմ ցավն ի, դուն ի՞նչ գիտես, թե Մուշն ինչ ի:

ԱՐԱՄԱՅԻՍ - Ես էլ քու սրտիցդ կխոսամ, քու սրտիդ երգին ականջ կդնեմ: Մուշը ես էլ գիտեմ, Մշո դաշտի մեջ ես էլ կարոտ ունիմ անթեղած: Կարոտ` թոնրի տակ պահած կրակի պես:

ԲԻՁԱ - Նորից երգե, Սարո, էլի երգե: Հըմի մեզի մենակ երգն է մնացել, որ մեկ-մեկ ցավից չխելըռինք: Սիրտս պատռող ցավից:

ՄՇԵՑԻ ՍԱՐՈ – (նայում է ընկերներին` կարծես գոտեպնդվել է ուզում, հետո միանգամից ու հանկարծ, շատ բարձր սկսում է երգել).

Գըլգըլալով ջուրն է իջնում

Մշո մշուշ սարերեն,

Ծիծեռները ծիվ-ծիվ եկան

Գարնան գալը երգելեն:


ԲԻՁԱ - Հոգիս կրակ գցեցիր, Մշեցի Սարո, էլ հերիք է:

ԱՐԱՄԱՅԻՍ – Վաղոն ուշացավ:

ՄՇԵՑԻ ՍԱՐՈ – Վաղոն մկա ուշացո՞ղ ի:

ԱՐԱՄԱՅԻՍ - Բան-ման եղած չեղնի՞:

ԲԻՁԱ - Չէ, ես անոր ֆինդերը գիտեմ: Անիկա մինչև տեղը լավ չնայե, չուսումնասիրե` չի գա:

ՄՇԵՑԻ ՍԱՐՈ - Է, լավ ի, որ կուշանա: Ամեն մեծ գործ մեծ ուշադրություն կպահանջե:

ԲԻՁԱ - Հա, դուն ճիշտ կըսես, Սարո, բազի-բազի միտք կենեմ, թե եթե դուն մեզի հետ չեղնեիր, մենք ի՞նչ պիտի էնեինք: Դու մեր փիլիսոփան ես, մեր վարժապետը:

ՄՇԵՑԻ ՍԱՐՈ – Հա, մեր Մինաս վարժապետի փոխնակը: Կոիզեի վարժապետ դառնամ, հըմը զինվոր եղանք:

ԱՐԱՄԱՅԻՍ – Տո, ըսա` ազգի զինվոր: Մի ամչնա: Մենք ազգի համար կկռվինք, մենք ազգի համար ամեն օր գյուլլի բերան կերթանք:

ԲԻՁԱ - Լավ, լավ, չըսինք` սազն առնիք ու իրար գովեք: Մենք ի՞նչ ազգի զինվոր: Ազգի զինվորը Գևորգ Չաուշն է, ազգի զինվորը Աղբյուր Սերոբն է, ազգի զինվորը Օզանյան Անդրանիկն է, ազգի զինվորը սասունցիք են, որ վախ ու սարսափ չունին, որ երկիր կպահեն:

ԱՐԱՄԱՅԻՍ – Ինչղոր թե` Վաղոն ու Հակոբը կերևան:

ԲԻՁԱ - Հա, իրանք են, վառեք լույսերը:

Լուսավորվում է: Նորից Վաղոյի գինետան մեծ սրահն է:

Գալիս են Վաղոն ու Հակոբը:


ՎԱՂՈ - Էս էլ մենք, բարի իրիկուն:

ԱՐԱՄԱՅԻՍ – Շատ ուշացաք: Ի՞նչ էր եղել:

ՀԱԿՈԲ - Վաղոն ռազվեդկի էր ելել: Մինչև ամեն ինչ իրա աչքով չտեսավ, չչափեց` չեկանք:

ԲԻՁԱ - Էդպես էլ գիտեինք: Դե լավ, թեզ էրեք, նստեք` խոսինք:

ՀԱԿՈԲ - (նստում է:) Վաղո ջան, սկսիր:

ՎԱՂՈ – (նույնպես նստում է:) Երկաթուղու վարչության հետ ամեն ինչ պայմանավորվել ենք: Ինոնք մեզի մանրամասն նկարագրեցին, ըսին, թե պոեզդները երբ կուգան:

ԱՐԱՄԱՅԻՍ – Տուլա՞յի պոեզդները:

ՎԱՂՈ – Հա, Տուլայի: Զինվորական սաստավը բդի կայնի ոչ թե Գյումրու կայարանը, այլ ըսածդ մոտիկ կայարաններից մեկը: Տեսնինք, թե որն է հարմար: Հենց իդտեղ էլ բեռները կիջեցնենք: Ժամի մասին էլ լրիվ պայմանավորվանք: Հակոբ, մենակ բդի ճշտես, թե ինչքան կրնաս պարտակես:

ՄՇԵՑԻ ՍԱՐՈ – Պարտակելն ի՞նչ կապ ունի:

ՎԱՂՈ – Ունի: Մենք կրնանք շատ զենք բերե, մենակ թե պահել բդի կրնանանք: Թե չէ իդպես որ բերինք ու լցրինք` ի՞նչ օգուտ: Բերածներս կրնանք կորցնե:

ՀԱԿՈԲ - Կըսես, Վաղո, բայց էլի հավատս չի գա: Էսքան տարվա մեջ ամեն անգամ հինգ-տասը միավոր հազիվ ձեռք ենք գցել: Հիմի դու կըսես, թե կրնանք բերե էնքան, ինչքան կրնաս պահե: Չե՞ղնի թե ինձի կանչել բերել եք Կարսից, որ վրես խնդաք: Բայց իսպես-իսպես կմտածեմ ու մեկ էլ կըսեմ, թե գործի մեջ Վաղոն է, Բիձան: Ըբը կրնա՞ն վրես խնդա:

ՎԱՂՈ – Վաղոն երեխա չէ, Հակոբ, Վաղոն վրեդ չի խնդա: Ես քեզի ճամփեն էլ ըսի, որ գործը հաստատ է:

ԲԻՁԱ - Հակոբ, դու կասկածելու իրավունք չունիս:

ՀԱԿՈԲ - Չունիմ, գիտեմ: Մշեցի Սարո կա իստեղ, Արամայիս կա, Բիձա կա, Վաղո կա: Ինչքա՞ն ապրանք կրնաք տա ու քանի՞ անգամից:

ՎԱՂՈ – Կուզես` օրը մեկ վագոն, կուզես` կես, կուզես` չորս ֆուրղուն:

ՀԱԿՈԲ - Շաբաթը չորս վագոն լավ է, չէ՞: Բիձա, ավելին դժվար կեղնի: Գինն ինչքա՞ն է:

ՎԱՂՈ - Ախպորս համար` համարյա ձրի: Այ, որ կարողանանք քսան հազար նվիրել… Դու տասը հազարը կուտաս, մնացածը մենք կճարենք: Եթե ամեն ինչ բարեհաջող ստացվավ, կըսենք Կենտրոնական կոմիտեին ու գումարը հետ կգանձենք:

ԱՐԱՄԱՅԻՍ – Չկասկածես, Հակոբ:

ՀԱԿՈԲ - Չեմ կասկածե, տղերք, ճակատագրական քայլ եք ձեռնարկել: Շատ վտանգավոր: Բիձայի խնդրում հանգիստ եմ: Անհույս ժամանակներն էլ գիտեմ, իրան կրակի բերան տված` գործը հաջողակ է դարձրել: Ու՞ր էր, թե Բիձայի պես մե քսան քաջ ունենայինք:

ԲԻՁԱ - Լավ, լավ, խնդիրը Բիձան չէ, մարդու տալու աղջիկ չեմ, որ կգովեք: Այ, Վաղոն, մեր Պադվալի Վաղոն է քաջը: Չի եղել դեպք, որ հանձնարարությունը տապալած եղնի:

ՀԱԿՈԲ - (վճռական:) Կերթամ էս գործին, տղերք: Հաջողվի թե չհաջողվի` համաձայն եմ: Մել էլ էսպիսի պատահար չի եղնի: Խոմ ծուղակի մեջ չե՞ք:

ՄՇԵՑԻ ՍԱՐՈ – Մշեցի սարոն կթողնի՞, որ ծուղակ եղնի:

ՀԱԿՈԲ - Ան հազար մանեթը, Վաղո ջան, մնացածը հետո:

ՎԱՂՈ – Իսիկ արդեն գործ է: Արմո ջան, գնա ներսից գինի բեր,ցավդ տանիմ:

ԲԻՁԱ - Հա, հիմի գինին կվայելեր:

ԱՐԱՄԱՅԻՍ - Էս րոպեին: Հիմի կբերեմ: (Գնում է:)

ԲԻՁԱ - Վաղո, քու էս գինետունդ իրա զովությամբ մուրազ է: Իստեղ որ կուգամ, սրտիս փոթորիկը կանցնի: Մե տեսակըմ կհովնամ:

ՄՇԵՑԻ ՍԱՐՈ – Իմ սիրտ լե կուզի հովնա, հըմը էրգրի ցավ չի թողնի: Էրգիր կրակի մեջ կուլա, իր սիրտ կպատռի, էրգրի հարսներ մըզի կաշեն, փրկություն կուզեն: (Մեղմ դնդնում է «Գըլգըլալեն…» երգը:)

ՀԱԿՈԲ - Կովկասի փոխարքայի արձակած հրամանները մեծ դժգոհություն են առաջ բերել հայ զինվորների մեջ: Տղերքը կթողնին ու դեզերտիր դառած հետ կուգան, կմտնին կամավորական ջոկատների մեջ: Կուզեն երկիր երթան, ինդեղ իրանց բիլակի ուժը ցույց տան: Էն մնացածներն էլ կազմ ու պատրաստ հրամանի կսպասեն: Երկրի վզին փաթըտված օղակը կամաց-կամաց կսեղմվի, կըսես, թե կրակե օղակ եղնի: Հողը շիկացել, կայրվին գեղերն ու քաղաքները, թուրքն իրա կեղտոտ ձեռներով կպղծե մեր սրբությունները, մեր եկեղեցու ու խաչի վրա ձեռք կբարձրացնե, հայ կնկան ու անմեղ նորահարսին կգերեվարե, տղամարդկանց կառնի իրանց տներից, հրացանի բաժին կենե… Հողը վիրավոր է, տղերք…

ԲԻՁԱ - Խուտուտ կուգա հողի կուրծքը` խոփի տեղ սրով կվարեն, ու վարող չկա, ցանող չկա, շինական չկա, որ հասկընա հողի լեզուն: Կռվող կա, հըմը զենք չկա… Բայց զենք կեղնի, անպայման կեղնի: Խոմ չենք թողնի երկիր անզենք մնա:

ԱՐԱՄԱՅԻՍ – (բերում է գինու գավն ու բաժակները և տեղավորում սեղանին:) Մոտ եկեք, ախպրտիք, մոտ եկեք:

ՎԱՂՈ – (լցնում է բաժակները, պարզում ընկերներին:) Խմեք, անուշ եղնի:

ՀԱԿՈԲ - (վերցնում է բաժակը:) Աստված, էս մե անգամը գործն հաջողես, քեզնեն ուրիշ խնդրանք չունիմ:

ՎԱՂՈ – Ի՞նչ կուզեն մեզնեն, ախպեր, ի՞նչ են տվել, որ չեն կրնա առնի: Թուրքն իրա թրքությունը կենե, ռուսը կեղծ բարեկամի դիմակ է քաշել իրա երեսին ու ջիգյարով կրակի վրա յուղ կլցնե: Թուրքի թվանքից փրկված տղերքը ռըսի թվանքին զոհ կերթան: Երկու կրակի բերանն ենք, ի՞նչ կուզեն մեզնեն:

ՀԱԿՈԲ - Հասկըցեք, տղերք, որ ձեռքերս ծալած նստինք, տեղեն վեր ելնողը կուգա ու իրա բաժինը կուզե: Բդի չտաս: Տղամարդ եղնիս` ու չտաս: Ըսես` թե կրնաս` տար: Թե չէ` ի՞նչ թշնամի, ի՞նչ բարեկամ: Տո, տեսե՞լ եք, որ ուժեղը բարեկամ չունենա, մնա մեն մինակ: Չէ, ջանըմ: Ուժեղը ուժեղներով կշրջապատե իրան ու հարգված կեղնի: Ուժեղի սխալը չեն տեսնի, կամ կտեսնին, հըմը չտեսնելու կուտան: Ուժեղից ոխ հանելու համար էլ մեկ-մեկ թույլին կծեծեն: Հեչ լացող տղամարդ տեսե՞լ եք, տեսել ու հարգե՞լ եք: Կնիկը բդի լաց եղնի ու հանգստանա: Տղամարդը բդի ներսից ոռնա, դոշը դեմ տա ու քշե: Չթողնի կռնակին զարկեն ու վերջին սոլուղը մինչև` ինքը բդի զարկե: Փոքր ենք, քիչ ենք, օգնող չունինք: Ախր, վո՞վ չիդե, որ աղքատին օրհնանքը չի փրկե, հաղ տվողն էլ քիչ է: Գրոշներ կուտան ու կանցնին, խոմ ամեն օր կուշտուկուռ չեն կերցընե: Բռունցք բդի եղնինք, տղերք, ուժեղ բռունցք: Ես իսպես կմտածեմ, գլուխ կջարդեմ ու ուրիշ ճար ու ճամփա չեմ գտնի:

ՎԱՂՈ - Կլսեմ քեզի, Հակոբ, ու չեմ հասկընա, թե մեջս ի՞նչ կկատարվի: Չիդեմ, անարգվածի ընդվզում է, հուսահատի գոռոց է, ստորացած մարդու թասիբ զարթնելու պես բանը՞մ է: Չիդեմ ու չեմ էլ ուզե իմանա; Կըսեմ ինքս ինձի, թե ի՞նչ կարևոր է, թե մարդիկ ներսիս մեջ եղածին ինչ անուն կուտան: Ես շատ իստակ ու պարզ մե բանըմ գիտեմ, որ մարդուն բդի չհասցնես հուսահատության դուռը, որովհետև ըդիկ արդեն վերջին սահմանն է, այ, ինդեղ իրար կհանդիպին զոհն ու հրեշը: Եվ վո՞վ կրնա պնդել, թե հաղթողը հրեշը բդի չեղնի: Այ, հըմի ամենաթույլ մարդն էլ կրնա շատ վենձ ոճրագործության երթա, որովհետև հոգու վրա նստած արյուն կոխած հրեշը դեռ չի կշտացել: Ու թե ինչ կրնա էնե մարդ արարածը, հըլը հեչ մեկը մինչև վերջ չի կրցե ըսել: Այ. ժողովուրդներն էլ իդպես են: Ու՞մ ինչ է էրել հայը: Բուռըմ լեռների վրա կծիկ-կծիկ դառած, փեշն իրան քաշած կաշխատի, կքրտնի ու կաշխատի, կքրտնի ու կաշխատի… Կապրի: Ու՞մ բկին է չոքել, ու՞մ բերնից է պատառ փախցրել: Հենց իրա սեփական պատառն են արնի մեջ թաթախել, չոքել են բկին ու կուզեն խեղդել: Բայց չեն կրնա: Հըլը հեչ մեկին չի հաջողվել հային խեղդել: Մենք իդպես ենք, մեր բնույթն է իդպես: Էնդի էլ հիմի այ սաղըս ոտի ենք ելել, երեխա չենք, լավ կհասկընանք, թե ինչ ռիսկի կերթանք: Բայց հետ դառնալ չկա ու չի էլ եղնի: Խոմ գիշեր ու զօր բդի չնստինք, լաց ու կոծ էնենք, կնկա նման դոշներիս զարկենք, թե կուզենք ազատ ապրել: Հիմարություն կեղնի: Մեկը վերջապես բդի էղնի՞, որ գոռա էս անտեր խուլ ու քոռ աշխրհքի երեսին, թե հերիք է, վերջ տվեք, էլ տեղ չկա, ծո, ինչ հերոս տղերք կզոհվին երկրի մեջը, երկիր չհասած: Մեկը մեկելից ընտիր, մեկը մեկելից ուժեղ: Տո, մենք ումի՞ց ենք լավ կամ ումի՞ց պակաս: Ինչղոր որոշել ենք, վերջ, զենքը բդի ճարենք` թեկուզ կյանքի գնով եղնի: Այ, էն վախտը կտեսնինք, թե վով ում մերը կլացացնե:

ԲԻՁԱ - Պրծեք, տղերք, գնդապետը մեզի կաշե, բդի երթանք:

ԱՐԱՄԱՅԻՍ – Ճիշտ կըսես: Վաղո, դուն մեզի հե՞տ բդի գաս:

ՎԱՂՈ – Չէ, տղերք, դուք գնացեք Չերքեզի ձորի բերանը, բինա պահեք, ես մե հատըմ տեղ ունիմ, երթամ ու գամ:

ԲԻՁԱ - (մեղմիկ ծիծաղում է:) Մանուշին ես կարոտցել:

ՎԱՂՈ – Չէ, ի՞նչ կըսես, բայց… ըսենք, հեչ…լավ…

ՄՇԵՑԻ ՍԱՐՈ – Հորի՞ կըխլշկոտիս, Վաղո, կհասկընամ, սեր ու սավդա Աստված մարդու համար է ստեղծե: Համ կռիվ տի էնենք, համ սեր տի գցենք: Առանց սիրո աշխարհ կխելըռի, դարտակ կմնա:

ՀԱԿՈԲ - Մեր Վաղոն էն գլխեն ամըչկոտ է, ինչի՞ իդպես կխոսիք:

ԱՐԱՄԱՅԻՍ – Քելեք, քելեք, լավ կռվող լավ էլ սիրել բդի կրնանա: Իդպես չէ՞, ախպեր Վաղո:

ՎԱՂՈ – (ամաչկոտ:) Իդպես է:

ԲԻՁԱ - Դե, մենք գնացինք: Ժամիցըմ ետե եղնիս գնդապետի տան քովը, շատ չուշանաս: Անհանգիստ կեղնինք:

ՎԱՂՈ – Չեմ ուշանա:

Բոլորը դուրս են գնում: Սրահում մեն-մենակ մնում է Վաղոն, մի պահ կանգնած է, ապա մոտենում է սեղանին, սկսում հավաքել բաժակները: Հանկարծ թողնում է գործը, ուշադիր և սևեռուն նայում մի կետի: Անսպասելի ու բարձր երգել է սկսում. «Գըլգըլալեն ջուրն է գալիս…»:

Երգը կիսատ թողած, թափ է տալիս ձեռքն ու արագ դուրս վազում:

Մ Թ Ն Ե Ց Ո Ւ Մ

ՀԻՆԳԵՐՈՐԴ ԴՐՎԱԳ

Երեկո է: Փողոց: Ոչ ոք չկա փողոցում: Կանգնած են իրար հանդիման ՄԱՆՈՒՇՆ ու ՎԱՂՈՆ:

ՄԱՆՈՒՇ – Չես խոսա, Վաղո:

ՎԱՂՈ – (մտազբաղ:) Ե՞ս… Եսի՞մ… Գիտե՞ս, Մանուշ, ես էլ մեկ-մեկ կզարմանամ, թե ինչը՞ղ կեղնի, որ չեմ կրնա խոսի: Մինչև քեզի հանդիպելը մտքիս մեջ հազար բան կուտամ ու կառնիմ, հազար բան կուզեմ ըսեմ, բայց որ կհանդիպինք, լեզուս կապ կընկնի: Գիտե՞ս ինչից է:

ՄԱՆՈՒՇ - Եսի՞մ: Այ, վար կաշեմ, վարի փողոցին, աչքըս ինչքան կկտրե` փողոց ու տներ են, մե հարկանի տներ, երկու հարկանի: Հա, մեկ-մեկ էլ երեք հարկանի: Ամենաբարձրը մեր օրիորդաց գիմնազիայի շենքն է: Կտեսնի՞ս, Վաղո:

ՎԱՂՈ – Հա, կտեսնիմ: Բայց դու ինձի չես ուզե լսե:

ՄԱՆՈՒՇ – Չէ, չէ, կուզեմ լսե: Այ, էն հարկուկեսնոց տունը մերն է, մեր տունն է: Մե քանիմ տուն ներքև էլ մեր տան կարմիր երդիքն է, կարմիր-կարմիր տաքդեղի պես: Արմենակ հայրիկը նոր է ներկել: Մեկ-մեկ արևի տակ ընպես կփայլե…

ՎԱՂՈ – (ձեռքը տանում է դեպի Մանուշի գլուխը, ափի մեջ առնում մազերը:) Ես որ իսպես կկայնիմ ու չեմ կրնա քեզի հետ խոսա, իդիկ էնորից է, որ…

ՄԱՆՈՒՇ – Հա, այ, կտեսնիս, մեր երդիկից ծուխ կելնի, Արմենակ հայրիկը երևի փեչքն է վառել: Ախր, եղանակներն անձրևային են, ինքն էլ վենձ մարդ է, շուտ կմրսի:

ՎԱՂՈ – (հանկարծակի ու անսպասելի համբուրում է Մանուշին:) Մանուշ, գիտե՞ս, որ քեզի շատ կսիրեմ: Ու իդոր համար էլ քեզի տեսնելուս լեզուս կապ կընկնի, կուզեմ բանըմ ըսեմ ու չեմ կրնա… Հըմի արդեն ըսի…

ՄԱՆՈՒՇ – (դեռ շփոթված:) Սերը պզտիկ երեխու պես է, որ ճչալով աշխարհ կուգա: Ես էլ շատ վաղուց կզգայի, որ քեզի կսիրեմ, որ քեզի տեսնելուս սիրտս ուրիշ բան կըսեր, լեզուս` ուրիշ:

ՎԱՂՈ – Կսիրե՞ս, ուրեմն:

ՄԱՆՈՒՇ – Հա… շատ… բայց իստեղ արի կայնած չմնանք, Վաղո, մայլի քյորփեքը կտեսնին, իդոնք սաղ օրը կանաչների մեջ կխաղան: Ասել-խոսելիք կդառնա մայլի մեջը: Կերթան, կպատմեն, կընկնի պառվներու ականջը: Քեզի ի՞նչ: Դու տղամարդ ես:

ՎԱՂՈ – (ժպտում է ու գրկում Մանուշին:) Մի վախենա, Մանուշ ջան: Մայլի քյորփեքը` հեջ: Երբ որ պզտիկ էինք, մենք էլ տղերքի հետ պահ կմտնեինք թփերի տակն ու ականջ կդնեինք սիրահար զույգերին: Մեկ-մեկ մեզի կքշեին, քարով կզարկեին: Ախր, էդ խեղճերն ու՞ր երթային: Մե Գյումրիմ է, մե սադըմ: Ով ում կուզեր հանդիպեր` սադ բդի գար: Սերն էլ էր իստեղ, թասիբի կռիվն էլ: Օր չեղնիր, որ տուրուդմբոց չեղնիր: Չէ, ճվախենաս, Մանուշ ջան: Թող հիմի մեկըմ փորձե հավիդ քշա ըսե, աչքը չոր տուն չի հասնի: Չվախենաս, ցավդ տանիմ: Քանի Վաղոն կա, քու խաթրիդ կպնող չի եղնի:

ՄԱՆՈՒՇ - Ես երթամ, Վաղո, ուշ է:

ՎԱՂՈ – Լաց կեղնիս, Մանուշ:

ՄԱՆՈՒՇ – Չէ, Վաղո ջան, լաց չեմ եղնի: Բայց ինչղոր թե սիրտս լցվի:

ՎԱՂՈ - Կայնի, հըլը չերթաս, քեզի շատ կարևոր բան բդի ըսեմ:

ՄԱՆՈՒՇ – Ի՞նչ բդի ըսես, Վաղո:

ՎԱՂՈ - (երկար դադարից հետո:) Հնարավոր է, որ մե կամ մի քանի օր քաղքից դուրս գամ:

ՄԱՆՈՒՇ – ՈՒ՞ր, Վաղո:

ՎԱՂՈ – Հեչ, գործ կա: Կարևոր գործ: Կուզեմ ըսեմ` չանհանգստանաս ու դիլխոր չընկնիս: Եղա՞վ, էլ հեչ բան մի հարցնե:

ՄԱՆՈՒՇ – Հա… Ցուրտ է, Վաղո ջան, տուն երթանք: Հա, քեզի բանըմ էլ ես կուզեմ ըսեմ: Նունեն Բիձային կսիրե, ամեն օր լաց կեղնի, մեղք է:

ՎԱՂՈ – Ինոր հարցն ուրիշ է, Մանուշ, ինիկ մատղըցու է, սիրելու իրավունք չունի:

ՄԱՆՈՒՇ – Սերն է՞լ է իրավունքով: Օրեցօր հալումաշ կեղնի, ես կվախենամ:

ՎԱՂՈ – Մի վախենա, Մանուշ ջան, մի վախենա:

Մանուշ – Քու քովդ միշտ Կարսից մարդիկ կուգան ու կերթան, դու կերթաս տնից, Վաղո: Ու՞ր կերթաս ամեն անգամ:

ՎԱՂՈ – Քու գիտնալիք բանը չէ, Մանուշ: Չըսի, որ ընձի հարց չտաս: Բիձայի ու Նունեի համար էլ մի անհանգստանա: Նունեն օրըմ կհասկընա, որ ամեն ինչ ուրիշ ճամփով բդի երթա: Ուրիշ ճամփով, կհասկընա՞ս:

Հանկարծակի մթնեցում: Լույսի շեղբը լուսավորում է Վաղոյին:

ՎԱՂՈ – Ի՞նչ ըսեմ, քեզի, Մանուշ, ի՞նչ ըսեմ: Ինչի՞ պղտորեմ անտեղյակ հոգիդ: Ես ըսի, որ Բիձան մատղըցու է: Բայց ինչը՞ղ քեզի ըսեմ, որ ես մատղըցու եմ, որ էս ճամփեն ընտրողները իրավունք չունին ուրիշի մեղք ու արունքի տակ մտնելու… Կարող է մե օրըմ էլ գա, որ արցունքներն աչքիդ դու ինձի ճամփու դնռդ: Էնքան բան կա ըսելու, բայց արժե՞ հոգիդ պղտորեմ, Մանուշ: Օրերն առանց էն էլ հանգիստ չեն, դու քեզի համար խաղաղ ու անգիտակ ապրի, ցավդ տանի Վաղոն: Ախր ես քեզի շատ կսիրեմ ու չեմ կրնա սրտիս հասկըցնե, որ ես սիրելու իրավունք չունիմ, որ ես իմս չեմ ու իմ կյանքս մատաղ է: Մատաղ է երկրին, ժողովրդին:

ՄԱՆՈՒՇ - (կանգնած է լույսի շեղբի մեջ): Դու չիդես, Վաղո, թե ինչքան կուզեի քեզնից լսեի էդ բառերը: Տաք, քնքուշ, արևով խանձված էդ բառերը` ես քեզի կսիրեմ, Մանուշ… Աշխարհի բոլոր աղջիկների համար երջանկությունն էդ բառերից կսկսվի: Սերը գուրգուրանքով կաճի, օր-օրի հասակ կառնի: Իմ սերս էս բարդու նման է, չխանգարեն` հասակ կառնի, իրա երկար ճյուղերը կտարածե, գլուխն ամպերին տված աղջկա նման նազանքով կօրորվի, տերևները զեփյուռին տված, էս բարդու նման երգեր կերգե… Գնա, Վաղո ջան, կհասկընամ քեզի, գնա…

Լուսավորվում է:

ՄԱՆՈՒՇ – Սլաբոտկայով որ անցնինք` կողքիցս չգաս, Վաղո, մայլի տղերքը կտեսնին:

ՎԱՂՈ - Ախր, էրածներս ի՞նչ է, որ կվախենանք, Մանուշ ջան: Ինչի՞ բդի էս աշխարհն իսպես եղնիր, որ մենք ամընչեինք մեր չերածի համար: Շատ զարմանալի քաղաք է էս Գյումրին, սիրելն էլ ամոթ է, աղջիկ-տղու ընկերությունն էլ ամոթ է: Ըբը իսպես բան կեղնի՞:

ՄԱՆՈՒՇ - Ամեն անգամ որ մեր պատուհանների կողքով կանցնիս, սիրտս տակնուվրա կեղնի: Քեզի կաշեմ ու կամընչեմ: Ինձի կթվա, թե սաղ ինձի կաշեն: Կուզեմ ամոթից փախնիմ ու պահ մտնիմ:

ՎԱՂՈ – Փխրուն սիրտ ես, Մանուշ: Աղջկա նուրբ ու փխրուն սիրտ ունիս: Լավ, քելե երթանք: Ուշ է, տղերքն ինձի կաշեն, հիմի կանհանգստանան: Հասկըցա, Սլաբոդկեն ձեռդ բաց կթողնիմ, դու մենակ կերթաս մինչև ձեր տուն: Ուրեմն, ընդամենը մեկ-երկու օր քաղքից դուրս կերթամ, Մանուշ ջան: Չտխրիս, որ ուշացա:

ՄԱՆՈՒՇ – Չեմ տխրի: Լաց չեմ եղնի: Կսպասեմ ճամփիդ, կկայնիմ պատուհանի քովն ու կսպասեմ: Դու մենակ թե շուտ արի, էդ ըսածդ երկու օրը շատ է, երկար է…

Դանդաղ գալիս են դեպի բեմառաջք: Հեռվում լուսավորվում են կրակի մոտ նստած Հայրն ու Մայրը:

ՄԱՅՐ – Կտեսնի՞ս, հալիվոր, մեր տղուն: Մեռնիմ իրա բոյին: Աշե, աշե, ինչըղ է կայնել Մանուշի կողքին: Ձեր թագ ու պսակին մեռնիմ, բալեքս, ձեզի մեռնիմ: Լուս աչքով ձեզի պսակեմ, թագ ու պսակ դնեմ ձեր գլխին, բալեքս: Յոթվերք կերթամ էգուց առավոտ, Աստվածածնա պատկերի առաջ յոթը մոմ կվառեմ, որ երջանիկ եղնիք, որ բախտավոր ճամփով երթաք, բալեքս, օխտը որդով սեղան նստիք: Աշե, աշե, հալիվոր: Մեր ջուխտ բալին աշե:

ՀԱՅՐ – Կնայեմ, կնիկ, կնայեմ: Սիրտս կփառավորվի: Դու կնիկ ես, թռչունի պես կբլբլաս: Ես սրտիս հետ խորաթա կենեմ, սրտիս կըսեմ ուրախությունս, կնիկ: Կրակին ցախ դիր, կնիկ, որ բալեքս չմրսին, ցուրտ չեղնի:

ՄԱՅՐ – Կրակն ուժեղ է, հալիվոր, շատ ուժեղ: Ինոնց սրտի կրակն է ուժեղ, հալիվոր: Հըմը սիրտս անհանգիստ է, չիդեմ` ինչի: Վաղոս մե տեսակըմ դիլխոր կխոսիր Մանուշիս հետ:

ՀԱՅՐ – Վաղոյիս անհանգիստ հոգին չիդե՞ս. Խասուն սկսված կռվի մասին կմտածե, զենք ճարելու մասին կմտածե, ընկերների մասին կմտածե: Քանիմ օր է իրա դաշնակցական ընկերները կուգան, խռով հոգով կնստին, կմտածեն, կմտածեն… Մեր տղեն, կնիկ, մենակ իրա համար չի ապրի. աշխարհի ցավն ու անհանգստությունն է առել վրեն, իրա կուսակցության անհանգստությունն է առել վրեն…

ՄԱՅՐ – Քանի՞ ըսի իրան. Վաղո ջան, թող էդ կուսակցությունը, քու պադվալիդ գործերն էրա, հըմը չլսեց: Իրան ետևից ուրիշներին էլ տարավ, էն ղազարապատցոնց թոռ Ավոյին տարավ, ու էն էլ իրա սերն ու սավդեն թողած` ֆիդայի կգովե…

ՀԱՅՐ – Ֆիդային ազգի զավակն է, կնիկ, ֆիդային ազգի փրկությունը բերողն է: Դու իդիկ չե՞ս հասկընա:

ՄԱՅՐ - Ամեն ինչ էլ կհասկընամ, հալիվոր: Կհասկընամ, ու էնդի անհանգիստ կեղնիմ: Մերիկ եմ, սիրտ ու հոգի ունիմ… Դու ամեն ինչի հանգիստ կաշես, տղամարդու քար սիրտ ունիս, չես ուզե մե անգամ էլ հետը խոսիս…

ՀԱՅՐ - Է, սեպենք թե` խոսեցի, օգուտն ի՞նչ… Էնիկ իրա ճամփով կերթա, իրա խղճի ճամփով կերթա, մեզի չի լսե… Դու ցախ դիր կրակին: Գյումրվա ցրտերն որ զոռեցին` դժվար կեղնի, Սասուն տանող ճամփեն կփակվի, հույսի դռները կփակվին:

ՄԱՅՐ – Քանի տղես էդ ճամփեքին է` իդոնք չեն փակվի, հալիվոր…

Վ Ա Ր Ա Գ Ո Ւ Յ Ր

Ե Ր Կ Ր Ո Ր Դ Մ Ա Ս

ՎԵՑԵՐՈՐԴ ԴՐՎԱԳ

Գնդապետի բնակարանն է: Երեկո է: Գնդապետը նստած է դաշնամուրի մոտ և նվագում է: Մերթ ընդ մերթ նա բարձրացնում է գլուխը, նայում պատից կախված ժամացույցին: Մի պահ ընդհատում է նվագը, մոտենում պատուհանին, դուրս նայում, ապա նորից նստում դաշնամուրի դիմաց: Դուռը կամաց բախում են: Նա բարձրանում է տեղից, մոտենում դռանը, բացում այն: Դռների մոտ կանգնած է Վաղոն:

ԳՆԴԱՊԵՏ – Դե, վերջապես: Բարով եկար: Առաջ արի:

ՎԱՂՈ - Բարի իրիկուն: Շուտ էի եկել, հըմը դռների քովը կսպասեի, մինչև զորանոցը դարտըկվիր:

ԳՆԴԱՊԵՏ - Ապրես, շատ ապրես: Կոնսպիրացիայի օրենքները լավ գիտես: Սեղանին մոտեցիր ու նստիր:

ՎԱՂՈ – (Մոտենում է սեղանին, աթոռն առաջ բերում ու նստում:) Տունը մարդ չկա՞:

ԳՆԴԱՊԵՏ – Չէ, մենակ եմ: Շուրոչկան Վերայի հետ երեկ Թիֆլիս մեկնեց: Վաղը փոխարքայի ծննդյան օրվա առթիվ մեծ պարահանդես է հրավիրված: Ուզում են անպայման մասնակից լինել: Մի բաժակ օղի չխմե՞նք:

ՎԱՂՈ - Էդքան ժամանակ չկա, գնդապետ ջան, տղերքը ձորի բերանը կայնած կաշեն ընձի:

ԳՆԴԱՊԵՏ - Դե, այդ մեկը չեղավ: Դու ինձ միշտ քո անմահական գինուց ես հյուրասիրում: Ես ուզում եմ գոնե մեկ անգամ քեզ հյուրասիրել իմ պատրաստած օղիով:

ՎԱՂՈ – Քու՞սարքածովդ:

ԳՆԴԱՊԵՏ - Այո, իմ սարքածով: Հրաշալի հաց ունի Շիրակ աշխարհը, շատ հյութալի: Ամենալավ օղին նման հացից է ստացվում: Արձակուրդին ինձ հետ Ցարիցին էի տարել իմ օղուց, բոլորը խմում ու հիանում էին հայերի հացից քաշած օղիով:

ՎԱՂՈ – Հա, մեր հացը շատ սրսուռ է, հըմը կան մարդիկ, որ կուտեն ու շուտ կմոռնան: Հայի հացի վրա աղ չկա:

ԳՆԴԱՊԵՏ - Դե դու իզուր ես այդպես ասում, Վաղո, ես հայերին ու Հայաստանը շատ եմ սիրում, շատ եմ սիրում ձեր երաժշտությունը: Ձեր բանաստեղծներին էլ եմ շատ սիրում: Գամառ-Քաթիպային անգիր գիտեմ:

ՎԱՂՈ – Շատ հետաքրքիր է. ռուս պալկովնիկ ու Գամառ-Քաթիպային կսիրե, անգիր էլ գիտե ինոր գործերը, չէ՞: Մեր Ավոն էլ ինոր շատ կսիրե:

ԳՆԴԱՊԵՏ – Մի զարմանա, Վաղո, կան ռուս օֆիցերներ, որոնք ուրիշի հայրենիքը պաշտպանում են սիրելով, այնպես, ինչպես սիրում են սեփական հայրենիքը: Դե լավ, մի կում իմ օղուց:

ՎԱՂՈ – Խաթրըդ չեմ ուզե կոտրե, գնդապետ ջան, բեր:

ԳՆԴԱՊԵՏ – (պահարանից հանում և սեղանին է գնում օղիով լի սկահակը, երկու բաժակ:) Ես իսկապես սիրում եմ հայերին ու Հայաստանը: Դու հասկանու՞մ ես, Վաղո, ես դեմոկրատ մարդ եմ, հայերի հետ աղ ու հաց եմ կիսել: (Լցնում է բաժակները:) Ալեքսանդրապոլն ինձ համար հարազատ քաղաք է դարձել: Խմենք, Վաղո, մեր հաջողության կենացը, խմենք:

ՎԱՂՈ – Թող քու ըսածդ եղնի: Ես քեզի շատ կհարգեմ ու քու խոսքիդ մեջ միշտ անկեղծություն կզգամ: Էնդի էլ դու իմ աչքիս ուրիշ ես, գնդապետ ջան:

Խմում են:

ԳՆԴԱՊԵՏ - Ես այնքան եմ գյումրեցիների հետ բաժակ-բաժակի խփել, որ քիչ-քիչ նմանվել եմ նրանց: Կրտսեր աղջիկս էլ` Օլգան, այստեղ է ծնվել, հայերեն է բլբլացնում: Ալեքսանդրապոլի ուրախությունն իմն է, ցավը` դարձյալ իմը: Հասկացիր, Վաղո, ես էլ մարդ եմ, ռուս մարդ, տեսնում եմ աշխարհի անցուդարձը, թույլ արդարն ու ուժեղ անիրավը տարբերում եմ իրարից:

ՎԱՂՈ – Լավ ըսիր, Անդրեյ Ստեփանիչ ջան, սիրուն ըսիր` թույլ արդար ու ուժեղ անիրավ: Հիմի մենք ուժեղ չենք, թույլ արդար ենք ու աշխարհը մեր ցավը չի հասկընա, մեզի չի հասկընա: Աշխարհը էն սուրբ մարդուն` Խրիմյան Հայրիկին էլ չհասկըցավ: Էնոր շիտակ ու արդար, առանց ծռմռվելու խոսքը չհասկըցավ: Աշխարհը քոռ ու խուլ եղավ, չտեսավ, չլսեց ու չհասկըցավ: Թույլ արդար… Ինչըղ սիրուն ըսիր…

ԳՆԴԱՊԵՏ - Ես զինվորական եմ, Վաղո, ես ուղարկված եմ այստեղ ծառայելու: Ինձ ու իմ ընկերներին, հարյուրավոր ռուս օֆիցերների ու զինվորների ստիպում են կատարել ինքնամոռաց հայատյացությամբ հայտնի փոխարքա իշխան Գոլիցինի հրամանները: Մենք միայն սրտով կարող ենք ըմբոստանալ: Այստեղ, Հայաստանում, տարվում է բացահայտ հայահալած քաղաքականություն: Ամենուրեք փակում են հայկական դպրոցները, թերթերը, զավթում են եկեղեցու ունեցվածքը: Նորից գլուխ է բարձրացրել դարերով դևի նման իր ճիրանները աճեցրած վելիկոռուսական շովինիզմը, որը բերանը բաց հրեշի նման չոքել է փոքր ազգերի շեմին և ուր որ է կուլ է տալու բոլորին: Զոհը հոգևարքի մեջ է, մի աչքը հառած շարունակվող կյանքին, մյուսն արնակալած` վերջին ճիգերն է անում:

ՎԱՂՈ – Բայց ախր ցարը փոքր ժողովուրդներին խոստում էր տվել իրանց պաշտպանը դառնալ: Ցարն էլ ուրիշների պես իրա խոստումը չպահեց, մեզի բեդամաղ էրավ… Բայց հըլը հիշե, թե ինչեր կըսեր` Հայաստանը բդի ծաղկեցնենք, բդի մտահոգվինք հայ ժողովրդի ապահովության մասին, Տաճկահայաստանի հայերի համար երաշխավոր բդի եղնինք…

ԳՆԴԱՊԵՏ - Դրանք, սիրելի Վաղո, սին խոսքեր էին: Փոքր ժողովուրդների ազատարարի ամպագոռգոռ խոսքերը հօդս ցնդեցին:

ՎԱՂՈ – Բայց ցարն իրավունք չունի հայերի հետ էնպես վարվի, ինչղոր կվարվի մյուս փոքր ժողովուրդների հետ: Հայերը հավատարիմ են միշտ ինոր: Կարսի բերդն ամուր թիկունք է ցարի համար, հայերն իրանց չեն խնայե, ամեն ինչ կենեն ռուսական պետությունը զորացնելու: Բայց հըմի հայերն էլ մեկ-մեկ կելնին ցարի դեմ: Ի՞նչ ենեն, խոստումները իրականություն չդառան, գործ չդառան:

ԳՆԴԱՊԵՏ - Այո, այո, ըմբոստության դեպքերի հիմնական մեղավորն իմ կառավարությունն է: Հայն իր լեզուն, դպրոցը, սովորությունները դարերով արյամբ է պահել, կռվով ու եկեղեցով է պահել, մայրական քաղցր օրորոցով է պահել: Հիմա հային, իր հողում ապրող հային, ստիպում են ուրիշ լեզվով խոսել, ուրիշ լեզվով երգել, աղոթել օտար բարբառով: Եվ ապշելու բան է, պարզապես ցնդելու բան, երբ տեսնում ես, թե ինչպես են զայրանում, երբ հայը ձեռքը զենքին է պարզում:

ՎԱՂՈ – Ձեռքերն որ զենքին չգցեն` ի՞նչ էնեն: Կարսի մեջը տիրապետողը ռուսական զենքն է, սահմանից էն կողմ` թուրք սուլթանինը:

ԳՆԴԱՊԵՏ - Ես հասարակ մուժիկ եմ, Վաղո, իմ ընտանիքի հացը դժվարությամբ եմ վաստակում: Ու վաստակելով, ես հարգում եմ աշխատավոր հայ մարդուն: Ալեքսանդրապոլում դեռ ինձ ոչ ոք խոժոռ չի նայել, մի թթու խոսք չի ասել: Ես հասկանում ու հարգում եմ հայ մարդուն: Իմ ձեռքին իշխանություն լիներ` ես ռուսական բանակը կհանեի սուլթանի դեմ, խարույկների վրա, առանց ձեռքերս դողալու, կայրեի նրանց, ովքեր հիմա Սասունն են այրում, սասունցիների երջանկությունն են այրում: Հայը տաղանդավոր ու արդար է: Ինչպե՞ս այս հասարակ ճշմարտությունը ցարը չի հասկանում: Երբ արդար ու խաղաղ մարդուն վիրավորում են, համբերությունից հանում` նա ստիպված է լինում իր տխուր ու մեղմ երգերի փոխարեն ուրիշ երգեր հորինել: Լսիր, օրերս եմ կարդացել քո ընկերոջ` Ավետիք Իսահակյանի բանաստեղծությունը.

Եվ մարգարեի հուրն է իմ կրծքում,

Սուրը իմ ձեռքում, բարբառըս` ազատ,

Եվ ինձ հավիտյան անմահ եմ զգում,

Եվ երկրի վրա քայլերս ազատ:


ՎԱՂՈ – Մեր Ավոն մարդկանց սրտից ջուր կխմե: Լավ է գրել:

ԳՆԴԱՊԵՏ – Թող ցարն իմանա հայի հոգին: Հասկանա: Բայց… Լավ, ներիր, ես էլ մի գլուխ ուրիշ բաներից եմ խոսում: Մի հատ էլ չխմե՞նք:

ՎԱՂՈ – Չէ, արի, գնդապես ջան, գործից խոսանք, տղերքն հիմի ճամփես աշելով` մեռան:

ԳՆԴԱՊԵՏ – Համաձայն եմ քեզ հետ: Վատ է, երբ սպասում են: Ուրեմն այսպես: Գնացքները ժամանում են այսօր գիշերը: Տուլայի գործարանից ութ վագոն է դուրս եկել: Բոլորում էլ հրացաններ կան: Փամփուշտներ նույնպես: Բեռնաթափումը կանենք և զենքը կտեղափոխենք զինապահեստները:

ՎԱՂՈ – Արևիդ մեռնիմ, պահեստներից տանելը դժվար կեղնի:

ԳՆԴԱՊԵՏ – Վաղոն խոսում է դժվարությունի՞ց: Քեզ նման չէ դա:

ՎԱՂՈ – Ախր պահեստներից շատ դժվար կեղնի: Ընդեղ հազար աչք ու հսկող կա: ԳՆԴԱՊԵՏ – Ուրիշ ճանապարհ չկա, հասկացիր: Դա միակ լուծումն է: Եթե չեա ուզում… Գուցե ե՞տ կանգնենք:

ՎԱՂՈ – Չէ, ետ չենք կայնի, հըմը տղերքը ուրիշ բան էին որոշել, ուրիշ ծրագիր էին կազմել… (գրպանից հանում և սեղանին է դնում փողը): Դժվար խնդիր դրիր մեր առաջ, Անդրեյ Ստեփանիչ: Շատ դժվար… Էս էլ մեր պայմանավորված հինգ հազարը:

ԳՆԴԱՊԵՏ – (վերցնում ու կիտելի գրպանն է արագորեն դնում փողը:) Ընդամենը հինգ հազա՞ր:

ՎԱՂՈ – Քիչ է, գիտեմ, բայց իսիկ, Անդրեյ Ստեփանիչ, կանխավճարն է, մնացածը հետո կուտանք:

ԳՆԴԱՊԵՏ – Գուցե վիրավորվեցի՞ր, որ առաջարկեցի պահեստներից տանել զենքը: Հասկացիր, ես այլ ելք չունեմ: Կայարանից տանելը մեծ ռիսկի հետ է կապված: Մինչև ատամները զինցած պահակազորն է հսկում զենքի բեռնաթափումը…Ամեն մի զինվորի գլխին մի օֆիցեր ու մի լրտես է կարգված…

ՎԱՂՈ – Չէ, չէ, գնդապետ ջան, չեմ նեղեցել, տղերքը հենց Կարսից եկան` փողի մեկել մասը կբերեմ: Դու ինձի լավ գիտես, որ խոսքիս տերն եմ:

ԳՆԴԱՊԵՏ – Դե ինչ, աղավնյակս, հարցը կարգավորված է: Ես վստահում եմ քեզ, իսկ փողի համար չանհանգստանաս, գիտեմ, որ Կարսի ձեր ընկերները միշտ էլ բարեխիղճ վճարողներ են եղել: Առաջին անգամը չէ: Մնում է արդեն անցնես գործի ու հասնես նպատակիդ:

ՎԱՂՈ – Ապրիս, Անդրեյ Ստեփանիչ ջան, վախտ կուգա, որ քեզի մեր ժողովուրդը չի մոռնա, կհիշե: Քու լավությանդ տակից դուրս կուգա:

Դրսից աղմուկի ձայն է լսվում: Սուլոցներ: Գնդապետն ու Վաղոն անհանգստացած մոտենում են պատուհանին, նայում վարագույրի հետևից:

ԳՆԴԱՊԵՏ – Հերթափոխը դեպի կայարան է գնում: Իսկ ինչ վերաբերում է ասածիդ, ապա, սիրել Վաղո, հո ամեն չի արվում լավության համար: Ես ռուս օֆիցեր եմ, շարքային մի ռուս, որը դեմ է արյանն ու պատերազմին, դեմ է այն զարհուրելի ու երկդիմի քաղաքականությանը, որն իմ երկիրը, իմ կառավարությունը վարում է իր ամենանվիրված հպատակների` հայերի հանդեպ: Ես ցավում եմ, որ ռուսաց թագավորը չի կռահում մի հասարակ ճշմարտություն: Ռուսաստանը հարավից շրջապատված է այլ դավանանքի հարևաններով, որոնք միշտ էլ անհաշը են եղել իր հետ: Ու եթե այսօր թուրքական կառավարությունն ինչ որ դրացիական քայլեր է անում հանդեպ Ռուսաստանը, ապա դա միայն ու միայն իր շահերից ելնելով, իր համար: Հարավային այս շրջանում Ռուսաստանի ապավենը Հայաստանը պիտի լինի, հայ մարդը, որին չի կարելի կասկածել անազնվության մեջ: Ռուսաց թագավորը սա պիտի հասկանա:

ՎԱՂՈ – Իսկ ինչի՞ չի հասկընա:

ԳՆԴԱՊԵՏ – Դժվար է ասել: Ռուսական դիվանագիտությունը նորերից չէ, հարյուրամյակների փորձ ու հմտություն ունի, սակայն այսօր ստացվել է այնպես, կարծես Ռուսաստանը նոր-նոր քաղաքականություն ու դիվանագիտություն է սովորում: Էհ, Վաղո, անհասկանալի ու բարդ խաղ է ընթանում: Մեծ խաղ, ուր, ինչպես ցույց է տալիս փորձը, հայ ժողովրդի բախտն ու ճակատագիրը ոչ մեկի չի հետաքրքրում: Այն լինելիության նժարին է դրված: Հավանաբար ճիշտ է ասված, որ երբ մեծ տերությունների միջև ինչ-որ խաղեր են ընթանում, ապա տուժողը միշտ փոքր ժողովուրդներն են դառնում: Նրանք կամ պիտի ոչնչանան, եթե պայքարելու ուժ ու հմտություն չունեն, կամ պիտի մինչև վերջ կռվեն` իրենց գոյությունը ճշտելու ու հաստատելու համար:

ՎԱՂՈ – Քու ամեն մի խոսքդ լավ վարժապետի խոսք է, երանի թե մեր վարժապետներն էլ մեր տղոցը իդպես սորվցնեն, իդպես բացատրեն… Իստեղի վարժապետները վախեցած են, խեղճ են… Դե լավ, Ստեփանիչ ջան, ես երթամ, էսքանի համար շատ շնորհակալ եմ, տղերքն ախր անհամբերությունից մեռան:

ԳՆԴԱՊԵՏ – Դու ամեն ինչ չափել-ձևե՞լ ես:

ՎԱՂՈ - Դե, նոր հանգամանքներ եղան, դու նոր բաներ ըսիր, որոնց մասին մենք հըլը չէինք մտածել, բայց բդի ամեն ինչ էնեմ, որ չափված-ձևված եղնի: Ուրեմն, նի պուխա, նի պեռա, գնդապետ ջան: Ուրեմն, ես կմտնիմ պահեստ, հետո դուն դուռը վրայիցս կփակես, կկողպես ու կպեչատես: Կեղնի՞:

ԳՆԴԱՊԵՏ – Հասկանում եմ, որ վտանգավոր խաղ ենք սկսում: Բայց…

ՎԱՂՈ - Դարդ չենես, քեզի բան չի եղնի: փորձանք էլ որ պատահի` պահեստ մտնողը անճանաչելի դիակս կգտնի:

ԳՆԴԱՊԵՏ – Ինչ լինելու է` թող լինի: Չէի ասի, թե հերոս եմ, անվախ եմ, թե մահից չեմ վախենում, ես ախր երեք դուստր ունեմ, որոնց պիտի մեծացնեմ, Ցարիցինում ծեր ծնողներ ունեմ, որոնք սնանկացած ազնվականներ են, նրանք իմ օգնությանն են սպասում, բայց…

ՎԱՂՈ – Դու էս գործի հետ կապ չունիս, մենք քեզի չենք ճանչե, դուն մեզի չես օգնել… Մեր տղերքը քեզի չեն մատնե, Ստեփանիչ ջան, չվախենաս… Թե բան կեղնի, ըսա, որ դու խաբար չեք, որ ֆիդայիները ավազակի պես մտել ու թալնել են, իսկ թե վտանգն ավելի մեծ կեղնի, մեր տղերքին խաբար էրա, էնոնք քեզի ու ընտանիքիդ տեր կկանգնին, պետք եղավ` կտանին ու սահմանը կանցնեն` ուր ուզես…

ԳՆԴԱՊԵՏ – Ես իմ արածի համար չեմ վախենում, ընտանիքս էլ փրկելու կարիք չի լինի… Սահմանը չեմ անցնի, որովհետև իմ հայրենիքը սա է…

ՎԱՂՈ – Ժամը տասներկուսին եղնիս պահեստի քովը: Բարի գիշեր:

Դուրս է գնում:

ԳՆԴԱՊԵՏ – (ուղեկցում է և վերադառնում): Զարմանալի մարդիկ են, իրենց կյանքը մատնած վտանգին, իրենց հոգին տված կռիվներին… Արածս դավաճանություն է իմ բանակի առջև, իմ պետության առջև, բայց, կարծում եմ, կներվի իմ դավաճանությունը, որովհետև ես ես զենք եմ տալիս ոչ թե կոտորելու, այլ` փրկության համար…Ինձ կհասկանան, կարծում եմ…

Նստում է դաշնամուրի մոտ, փորձում ինչ-որ բան նվագել, սկզբում չի ստացվում, կարծես մատներն իրեն չեն ենթարկվում: Հետո արագ-արագ ուժգին ակորդներ է խփում դաշնամուրի վրա: Դրսից սուլոցներ են լսվում… Կտրուկ մոտենում է դռանը, ականջ դնում, գրպանից հանում է ատրճանակն ու դիրքավորվում դռների մոտ…

Մ Թ Ն Ե Ց Ո Ւ Մ

ՅՈԹԵՐՈՐԴ ԴՐՎԱԳ

Զորամասն է: Կենտրոնում պահեստն է: Լռություն է: Կիսախավարն է իշխում: Միայն պահակի ոտնաձայններն են հիշեցնում կենդանության մասին: Բեմում Բաշգեղցի Սաքոն է, որը քայլում է, ապա կանգ առնում, ուղղում ուսից կախված հրացանը:

ՍԱՔՈ - Էս անտեր գիշերն էլ հեչ չի ուզում, որ կիսվի, լուսնյակի խաղն արևի տակ ձեն տա, իրար հետ բայաթի կանչելով առավոտը գլորեն, բերեն դնեն Սաքոյի առաջն ու ասեն. «Սաքո ախպեր, քո ծառայության համար քեզանից շատ շնորհակալ ենք, հրացանն ուսիցդ վեր կալ, գնա պառկի ճերմակ յորղանի միջումն ու մուշ-մուշ քուն մտիր»: Սաքոն էլ հո վայրենի չի, էդ խոսքերի վրա մի հատ զիլ ձենովը «Բոժե ցարյա խրանի» կերգի, բլագոդարստվույու կասի ու կգնա: Է, էս անտեր երկնքի թագավորն ու թագուհին` արևն ու լուսնյակը, իսկի չեն ուզում մեր դրության մեջ մտնեն: Գրիշը ճիշտ ա ասում, որ դրանք էլ են թուրքի կողմից կաշառվել: Տո, էս ի՞նչ դառավ էդ անտեր ու անլվա թուրքը, որ սաղիս հոգին իր բռումն ա հավաքել, սաղիս ըսենց զարզանդած ա պահում: Էրևում ա` դրա թիկունքումը մի շատ զորավոր ու զրբանց մեկն ա կանգնած, ում համար հայի արյունն ու հողը շատ թանկ արժեն: Երանի իմանամ, թե ո՞ր շունշանորդուն ենք էդպես բեդամաղ արել, որ էսպես թուրքին կատաղեցրել են մեր դեմ, մեր հոգու ու հավատի դեմ հանել: Վայ, ես դրանց անլվա ծնողը… (ծխախոտ է փաթաթում:) Էս պոլկովնիկն ու Պադվալի Վաղոն ի՞նչ եղան: Թե պիտի գան` թող վռազեն, թե չէ հազար շուն ու գել կարա գա ու խառնվի անմեղ սուրունին: Էն ժամանակ մեր ծրագիրն էլ կորավ, մեր զենքն ու հույսն էլ: (Աղմուկ է լսվում:) Էս իրա՞նք են: (Ականջ է դնում:) Չէ, պորուչիկ Լեբեզյակի լակոտներն են, շան որդիք գիշերվա կեսին էլ դադար չեն մնում:

Լսվում են սուլոցներ: Սաքոն արձագանքում է սուլոցով, արագ մոտենում պահեստի դռանը:

ՍԱՔՈ - Էս արդեն իրանք են:

Գալիս են Բիձան, Գրիշը, Մշեցի Սարոն:

ԲԻՁԱ - Բարին տեսանք, մեծ ախպեր:

ՍԱՔՈ – Հազար բարով, Բիձա: Աչքս ջուր դառավ ձեր ճամփին նայելով:

ԲԻՁԱ - Ձորի մայլի քովը պոչ էր կպել, մինչև սադ հետներս եկավ:

ԳՐԻՇ - Անտերը շատ երկար պոչ էր: Մինչև չխուզեցինք` չվերացավ:

ՍԱՔՈ – Թա՞ց գործ էր:

ՄՇԵՑԻ – Չէ, Բիձան կոխեց փոսիմ մեջ, վրեն ցախ լցրեց: Մինչև խելքի գա` մեզնից հեչ մեկին էլ չի ճանչե:

ԳՐԻՇ – Նագանի պոչով հենց գլխին տվինք` «Հայր մերը» մոռցավ:

ՍԱՔՈ – Բա պալկովնիկն ու Սաքոն ու՞ր են:

ԳՐԻՇ – Ինոնք գնացին գորկա քիչըմ ման գան, զով առնին, հետև կուգան: Քաղքի խելառներից մեկը թազա ոտանավոր է գրել, մթի մեջ կայնել է գորկայի մեջտեղն ու կկարդա` «Կապույտ երկնքում ամպերն են լողում, Որոտ ու կայծակ գլխիս են թափվում…»: Հըմի ոտանավոր կլսեն Վաղոն ու պալկովնիկը:

ՍԱՔՈ - Էդ ինձ ձե՞ռ եք առնում:

ԳՐԻՇ – Պոլոզ Մուկուչ հորոխպորս արևը վկա` ճիշտը կսեմ: Իդպես ոտանավոր է գրել:

ՍԱՔՈ – Չէ, էդ չեմ ասում: Գիշերվա կեսին ի՞նչ ոտանավոր լսելու ժամանակն է:

ՄՇԵՑԻ - Դուն ինոր չե՞ս ճանչընա: Մենք առաջ-առաջ եկանք, իրանք մեր հետևից կուգան որ կասկածներ չեղնին:

Նորից սուլոցի ձայն է լսվում:

ԲԻՁԱ - Իրանք են:

Պատասխանում է սուլոցով:

ԳՐԻՇ – Սարո, աչքերդ չորս էրա, մարդ-մուրդ չերևա իստեղ:

ՄՇԵՑԻ – Հավքն իր թևով, ղուշն իր պորտով…

ԲԻՁԱ - Հասկըցանք:

Գալիս են Վաղոն ու Գնդապետը:

ԳՆԴԱՊԵՏ - Բարի իրիկուն, տղաներ:

ՍԱՔՈ – (պատիվ է առնում:) Բարին ընդ ձեզ, պարոն գնդապետ:

ԳՆԴԱՊԵՏ - Ամեն ինչ կարգի՞ն է:

ԲԻՁԱ - Ամեն ինչ քու ուզածիդ պես:

ԳՆԴԱՊԵՏ - Դե, դուք ազատ եք:

ՎԱՂՈ - Գնացեք, տղերք: Բաշգեղցի Սաքոն ձեզի ամեն ինչ կհայտնե իմ դրությանս մասին:

ԲԻՁԱ - (մոտենում և գրկախառնվում է Վաղոյի հետ): Քեզի լավ աշե, մանչ, իմ ախպեր Վաղո: Հաշվե, որ կողքդ եմ, քեզի հետ եմ:

ՎԱՂՈ – Իդպես էլ գիտեմ, Բիձա ջան:

Հանկարծակի մթնեցում: Լուսավորվում են Վաղոն ու Բիձան:

ԲԻՁԱ - Մենք իդպես էլ խոսելու վախտ չունեցանք, Վաղո, չկրցանք իրար ըսել էն, ինչ կմտածեինք էսքան վախտ: Գիտեմ, փորձանք բդի չպատահի, գիտեմ, որ Վաղոն հազար կրակի միջից էլ կանցնի ու անփորձանք կելնի: Հըմը ինչըղ է ստացվել, որ մեր ամեն օրն ինչղոր վերջին օրն եղնի: Ինչղոր մեծ ճամփա կերթաս ու դեմը անդունդ է, քեզի կթվա, թե` կերթաս-կերթաս ու անդունդն իրա երախը կբացե առաջդ: Չես վախենա, աչքերդ բաց կերթաս: Դու քու բախտիդ տերն ես: Դու հըմի կայնած ես էդ անդունդի առաջ: Չիդես` բդի կրնանաս թռնի-անցնի վրայով: Բայց կերթաս: Քեզի լավ աշե: Վաղո ջան, մեզի մարդ կաշե, մեզի հազարավոր մարդիկ կաշեն` աչքերը մեր ճամփեն, մեր հույսով: Դու հըմի կերթաս զենք բերելու: Էդ զենքով Սասունը բդի շունչ քաշե, Մուշն ու Էրզրումը բդի շունչ քաշեն: Ախպորը մեռնիմ, շառից ու փորձանքից հեռու մնա, ձեռդ չդողա, ախպեր ջան: ՎԱՂՈ - Ես արդեն ճամփի վրա եմ, Բիձա ջան, դժվարությունն էլ մոռցեր եմ:

ԲԻՁԱ - Հեռվից ամեն ինչ հեշտ կերևա, հըմը որ գործի մեջ մտար, կարող է չկրնանաս, բանըմ եղնի, որ քեզի ետ պահե քու մտքիցդ: Լավ մտածե, Վաղո ջան: Քու կյանքդ թանկ է ինձի համար, ընկերների համար, քու Մանուշիդ համար:

ՎԱՂՈ – Որոշումս կայացրել եմ: Հանգիստ մնա, Բիձա ջան: Կյանքս էլ կուտամ, բայց էս գործը բդի գլուխ գա: Գիտեմ, անփորձանք չէ, բայց բդի կրնանամ:

ԲԻՁԱ - Դուն էլ կհասկընաս, որ անփորձանք չէ: Ուրեմն, քանի ուշ չէ` ետ կայնի ճամփիցդ: Մտածենք ուրիշ տեղից զենք ճարելու մասին:

ՎԱՂՈ - Դու ինչղ կրնաս իդպես հանգիստ ըսել, թե ուրիշ տեղից կճարենք: Ուրտի՞ց կճարենք: Ռըսները Գյումրի զենք չթողեցին, մտան մարդկանց տներն ու հավաքեցին: Կարս էլ զենք չկա: Թիֆլիսու ճամփեքն անփորձանք չեն: Ուրտի՞ց բդի ճարենք, որ չենք ճարե, ի՞նչ ճամփա ունինք, որ իդորով չենք էրթա: Հասկըցի, ախպերս, մեր միակ ճամփեն իսիգ է:

ԲԻՁԱ - Քեզի սպասող Մանուշ կա, արի քու տեղդ ես երթամ: Ինձի սպասող ու կարոտող չկա, ես ինձնից հետո լացող աչքեր չեմ թողնի, հեչ մեկի ձեռը դոշին չեմ թողնի… Կաղաչեմ, Վաղո, ախպորը ղուրբան, թող ես երթամ:

ՎԱՂՈ – Բիձա, դուն էլ, ես էլ մատղըցու ենք… Ուրեմն, ի՞նչ տարբերություն. էսօր կերթանք, թե` էգուց… Հա, Մանուշն ինձի կսպասե, բայց քեզի էլ սպասող կա, քեզի էլ թաքուն կաշեն քաղքի աղջիկները, ախ կքաշեն… Էլ չխոսինք, ամեն ինչ որոշված է…Տես, պահեստն է դեմըս, ախպեր ջան: Իսիկ պահեստ չէ, մեր փրկության դուռն է, մեր փրկության ճամփեն է: Ինձի համար հանգիստ մնա: Ու թե բան է, Աստված երես թեքեց ինձնից, դու կուգաս իստեղ, Սարոն կուգա, Գրիշը կուգա, ուրիշները կուգան: Եթե մենք էս զենքը չտանինք` ռուսական կառավարությունը օրըմ իդիկ մեր վրա կհանե, էս զենքով թուրքերին միացած` մեր ախպերների դեմ կելնի: Մանուշը բան չիդե, Բիձա ջան, Մանուշը չիդե, որ ամեն օր ես ու դու, մեր ախպերները մահվան դեմ կելնին: Մանուշը չպիտի իմանա: Թող ինոր անմեղ հոգու վրա ամպ չիջնի:

Լուսավորվում է:

ԳՐԻՇ - (ողջագուրվում է;) Վաղո ջան, ախպեր ջան, Աստված օգնական ու պահապան եղնի:

ՄՇԵՑԻ - (ձեռքը պարզում է Վաղոյին:) Մշո Սուրբ տան Սուրբ Կարապետ քեզի եղնի պահապան: Անփորձանք դուրս գաս` էրգիր պիտի երթանք, Մուրադ գետից խլվլան ձուկ տի հանենք, հենց գետի ափին խորովենք, ղուրբան:

ԳՆԴԱՊԵՏ - Դե, տղաներ, ուշ է արդեն: Րոպեն անգամ վճռական կարող է լինել:

ՄՇԵՑԻ - Կլսենք, պալկովնիկ ջան: Դե, մենք գնացինք:

Գնում են:

ԳՆԴԱՊԵՏ – Վաղո, կփակվես ներսում ու կաշխատես անաղմուկ վերջացնել գործը: Ի սեր Աստծո, զգույշ կլինես:

ՎԱՂՈ – Հանգիստ մնա, Ստեփանիչ ջան, մեր գործն արդար է, մեզի գյուլլա չի դիպնի:

ԳՆԴԱՊԵՏ - Աստված պահապան:

Խաչակնքում է, ապա բացում պահեստի դուռը: Նա ներս է թողնում Վաղոյին:

ԳՆԴԱՊԵՏ - Այդտեղ հանգիստ տեղավորվիր:

ՎԱՂՈ – Արդեն տեղավորվա: Դու հանգիստ գնա, գնդապետ ջան:

ԳՆԴԱՊԵՏ – (փակում է դուռը, ուշադիր զննում շրջակայքը, շտապով մի ծխախոտ փորձում փաթաթել, սակայն ձեռքերը դողում են:) Թյու, բան չի ստացվում:

Հանում է ժամացույցը, նայում, ապա արագաքայլ հեռանում: Քիչ նորից է վերադառնում, մոտենում դռանը, նորից ստուգում կողպեքը, ականջ դնում ու գնում: Երկար ժամանակ լռություն է տիրում: Գալիս է Բաշգեղցի Սաքոն, զննում կողպեքը, ապա ականջը մոտեցնում դռանը:

ԲԱՇԳԵՂՑԻ – Վաղո ջան, ո՞նց ա տեղդ:

ՎԱՂՈ - (ներսից): Դու գործիդ նայե, ամեն ինչ լավ է:

ԲԱՇԳԵՂՑԻ – Ցավդ տանեմ, ախպեր ջան, հինգ րոպե մնաց իմ փոխվելուն, գործդ հանգիստ վերջացրու: Երեք օրից նորից կգամ:

ՎԱՂՈ - Դու հանգիստ մնա, սատանեն էլ գա` տեղս չի իմանա:

ԲԱՇԳԵՂՑԻ - (հեռանում է դռան մոտից): Վայ ես սատանի տիրու մերը… Մենակ թե բան չպատահի, մենակ թե Վաղոյի ձենը լսող չլինի: Չէ, ախպերս մեզ չի մատնի, հանգիստ կմնա… (դեպի դուրս): Ո՞վ է գալիս:

ՁԱՅՆ - (դրսից): Պահակախումբն է գալիս:

ԲԳԵՂՑԻ - Եկան… Ես պրծա… ընդամենը երեք օր… (խաչակնքում է:) Աստված ջան, թե կաս ու հայի պահապանն ես, էս երեք օրն էնպես անես, որ Վաղոն անփորձանք լինի, որ մեր գործը հաջողվի:

Լսվում են զինվորական քայլի ձայներ: Հետո շատ բարձր հրահանգ` «Պահակազոր, կանգնիր»: Բաշգեղցի Սաքոն իջեցնում է հրացանը, մոտենում պահեստին ու զգաստ կանգնում:

Մ Թ Ն Ե Ց Ո Ւ Մ

Ո Ւ Թ Ե Ր Ո Ր Դ Դ Ր Վ Ա Գ

Պադվալի Վաղոյի տան մեծ ճաշասրահը: Նստած է ՀԱՅՐԸ: Լուռ ծխում է` ծխամորճից առատ ծուխ արձակելով: Դռների մոտ կանգնած է ՄԱՆՈՒՇԸ:

ՄԱՆՈՒՇ - Ես եկա:

ՀԱՅՐ – (դանդաղ շրջվում է, նայում Մանուշին:) Առաջ արի, աղջկան ղուրբան:

ՄԱՆՈՒՇ - Ես իստեղ կկայնիմ:

ՀԱՅՐ - Դռների մոտ մի կայնի, աղջիկ ջան, լավ նշան չէ:

ՄԱՆՈՒՇ – Կամընչեի գալ, բայց եկա, որ հարցնեմ, թե Ծաղիկովենց սարքած հանդեսին երբ բդի երթաք, որ մերս ու հերս էլ գան:

ՀԱՅՐ – Հա, լավ ես էրել, աղջիկ ջան: Առաջ արի, նստի: Ազատ նստի: Մեր պառավը կուխնին ճաշ կեփե, որ Վաղոս գա` տունը տաք ճաշ եղնի: Մուրաբով չայ կուզե՞ս: Վաղոս շատ կսիրե: Մանդր խնձորներով մուրաբա:

ՄԱՆՈՒՇ – Մերս ու հերս թազա շորեր են առել իրանց համար, կոշիկ էլ են կարել տվել, որ երթան Ծաղիկովենց հանդեսին: Կըսեն` շատ մարդ բդի եղնի, Թիֆլիսից ու Կարսից էլ բդի գան:

ՀԱՅՐ – Հա, Մանուշ ջան, Վաղոս որ գա` մենք էլ կերթանք, դու էլ բդի ինտեղ եղնիս: Վաղոս իդպես բաներ չի սիրե, բայց անպայման կուգա: ծաղիկովենք պատվարժան մարդիկ են: Էսօր-էգուց է, Վաղոս անպայման կուգա: Գործով է գնացել:

ՄԱՆՈՒՇ – Մեր մայլի հարուստներն արդեն Բաբիենց Հայկի, Կռունկի ու Ֆայտոն Ալեքի կառքերը զանիտ են էրել…

ՀԱՅՐ – Վաղոս Իսահակյան Ավետիքի ու դերասան Զարիֆի հետ… Զարիֆին կճանչե՞ս, Օնիկ Զարիֆյանին, Ավոյի մորքուրի տղեն է, հըմի Թիֆլիս է, բդի անպայման մասնակցեն…Մեր պառավն ի՞նչ եղավ: Ինիկ չիդե, որ եկել ես: Կանչե՞մ իրան:

ՄԱՆՈՒՇ – Չէ, ես մե րոպեով, մերս ղրկեց…

ՀԱՅՐ – Լավ է էրել, Մանուշ ջան: Վաղոս այ կողքի սենյակը կքնի, լուսավոր սենյակ է, ձմեռն էլ տաք է, ամառը փանջիրեքն որ կբացենք` զով կեղնի: Վաղոս կսիրե բաց փանջարեքով քնի:

ՄԱՆՈՒՇ - Դե, լավ, ես երթամ, մերոնց ըսեմ, որ դուք բդի գաք:

ՀԱՅՐ – Ու՞ր կերթաս, Մանուշ ջան, հըմի մեր պառավը ներս կուգա: Կուզե՞ս Վաղոյիս սենյակը տեսնիս:

ՄԱՆՈՒՇ – Մեր մայլի աղջիկներն անհամբերությունից արդեն չիդեն ինչ էնեն, էդ օրվան կսպասեն: Ես էլ ամեն օր կկայնիմ պատուհանի քովն ու անցնող-դարձողին կաշեմ… Մերս կըսե` ամոթ է, ազապ աղջիկն էդքան պատուհանից դուրս չի նայե… Ի՞նչ էնեմ, ես էլ եմ անհանգիստ, ես էլ էդ օրվան կսպասաեմ…

ՀԱՅՐ – Մենք էլ կսպասենք, Մանուշ ջան, մենք էլ ենք անհանգիստ: Ճիշտ է, Վաղոս շուտ-շուտ քաղքից դուրս կուգա, հըմը…

ՄԱՆՈՒՇ – Հա, քաղաքը մեծ տոնի կպատրաստվի…

Արագ-արագ, ձեռքին մի մեծ կաթսա, գալիս է մայրը, մկատում է Մանուշին:

ՄԱՅՐ – Վա~յ, Մանուշ ջան, եկե՞լ ես, ինչի ե՞ս կայնել:

ՄԱՆՈՒՇ - Ես մե րոպեով, մերս է ղրկել, որ…

ՄԱՅՐ – Մերդ լավ է էրել, աղջիկ ջան: Ես էս բանը դնեմ իստեղ, որ սառի: Դու նստի:

ՀԱՅՐ - Ես էլ էդ կըսեմ: Մեր Մանուշին մուրաբով չայ բեր, Վաղոյիս սիրած մուրաբով:

ՄԱՆՈՒՇ – Չէ, չէ, ես շուտ բդի էրթամ, մերըս կըսե, որ ազապ աղջիկը շատ դուրս ու ներս չբդի էնե, ամոթ է:

ՄԱՅՐ – Մերըդ ճիշտ կըսե, հըմը դու մեր տուն ես եկել, քու տունդ ես եկել, Մանուշ ջան, Վաղոս տունն եղնիր, քեզի կտանիր, կճամփեր: Էսօր-էգուց է` կուգա, խոմ երկար չի մնա, անպայման կուգա: Օրերը քիչըմ որ ձմեռոտան, ձեր տուն կուգանք, քեզի նշան կդնենք, Վաղոս ու դու անմուրազ չեք մնա…Դու նստի, հանգիստ նստի: Հալիվոր, գնա քիլարից միրգ բեր:

ՀԱՅՐ - Ես հըմի:

Դուրս է գնում: Մանուշը նստում է և նայում է դեպի այն սենյակը, որը վույց էր տվել Հայրը:

ՄԱՅՐ – Հա, Վաղոս իդտեղ կքնի: Ճերմակ-ճերմակ բարձեր եմ թափել, փոփուկ յորղան ու դոշակ, ամեն մեկից երկու հատ, մե հատըմ էլ պզտի կռավատ ենք առել` մեր առաջնեկ թոռի համար: Շատ կուզեմ, որ Վաղոյիս առաջնեկը աղջիկ եղնի, ես աղջիկ շատ կսիրեմ: Շողիկ, Ծովիկ, Ցողիկ… Էդ անուններից մեկն անպայման կուզեմ դնեմ թոռիս վրա: Քեզի ո՞ր անունը դուր կուգա:

ՄԱՆՈՒՇ – (ամաչկոտ): Ես Հասմիկը կսիրեմ, նուրբ է, ծաղկի անուն է…

ՄԱՅՐ – Հասմի՞կ… Հա, լավ է, հըմը Ծովիկն էլ լավ է, սիրուն անուն է… Դու որ Հասմիկը կուզես` թող Հասմիկ եղնի: Վաղոս Սոսեն շատ կսիրե, Աղբյուր Սերոբի օղլուշաղի անունն է…

Հայրը հալիս է` բերելով թասի մեջ լցրած մրգեր: Դնում է սեղանին, նստում իր տեղը:

ՀԱՅՐ - Բերեցի: Սրսուռ խնձոր է ու տանձ: Կեր, աղջիկ ջան:

ՄԱՅՐ – Մանուշ ջան, դու ո՞ր խնձորը կսիրես:

ՄԱՆՈՒՇ - Ես անտոնովկա կսիրեմ, հերս միշտ իդորից կառնի:

ՀԱՅՐ – Հերդ ճիշտ կենե, մալականների բերած անտոնովկեն լավն է:

ՄԱՅՐ – (ընտրում է մի մեծ խնձոր ու տալիս Մանուշին:) Առ, Մանուշ ջան, իսիկ լավն է, խրթխրթան է…Ես իսիկ շատ կսիրեմ, հըմը չեմ կրնա ծամե:

ՄԱՆՈՒՇ – (վերցնում է խնձորը, ոտքի կանգնում): Դե, իմ երթալուս վախտն է: Շնորհակալ եմ:

Դռների մեջտեղում հայտնվել է Սաթենիկը:

ՍԱԹԵՆԻԿ - Բարև ձեզի, հազար բարև, ոտքս խերով եղնի ձեր տունը, ինչղ եք, ինչ կենեք: Էս ի՞նչ լավ ղոնաղ ունիք: Հա, Մանուշն է, բարև աղջիկ ջան, ապրիս որ եկել ես:

ՀԱՅՐ – (դժկամությամբ): Սաթենիկ, լավ վախտ չես եկել, հըմի մենք ղոնաղ ունինք: Գնա, ետև արի:

ՍԱԹԵՆԻԿ – Իյա~… Ըբը իդիկ ըսելու բա՞ն էր, որ դու ինձի ըսիր: Սաղ Գյումրին իմ առաջս փակ դուռ չկա: Ուր էլ կերթամ` ճիշտ ժամին կերթամ: Ամեն տեղ կըսեն` բարով եկար, արի կարոտներս առնինք…

Գալիս է առաջ, նստում սեղանի մոտ:

Շնորհակալություն: Քիչըմ նստիմ, դինջանամ: Առավոտից սաղ քաղաքը ոտով չափել եմ: Սլաբոդկից հասա մինչև Ձորի մայլա, ինդեղից գնացի Սևերսկի ու հետ եկա:

ՄԱՅՐ – Սևերսկի՞ ինչի էիր հասել:

ՍԱԹԵՆԻԿ – Օֆիցերների կնկտանց հետ քիչըմ գործ ունեի: Իդոնք լավ չիքիլացու կտորներ ունին: Կուզեի առնեի:

ՀԱՅՐ – Լավ ես էրել, հիմի գնա, իրիկունը կուգաս, իրար հետ չայ խմենք:

ՍԱԹԵՆԻԿ – Հիմի էլ որ բաժակըմ տայիք` չէի հրաժարվի: Է. ձեր տու՞նն ինչ նորություն կա:

ՄԱՅՐ – Հեչ մե նորությունն էլ չկա:

ՍԱԹԵՆԻԿ – _Իյա~… Քա իդպես ինչը՞ղ կեղնի. տուն ու` նորություն չկա … Մանուշ ջան, էս ինչղո՞ր եկել ես:

ՀԱՅՐ - Եկել էր իմանա, թե Ծաղիկովենք տան հանդեսին բդի երթանք թե չէ:

ՍԱԹԵՆԻԿ – Հա՞… Հըմ… Ծաղիկովենց տան հանդես… Լավ մահանա է… Ես էլ ուրիշ բան մտածեցի… Ձեր մայլե՞ն ինչ կա, Մանուշ ջան, կըսեն թե Չպլաղենք կուզեն իրանց տունը ծախեն, Թիֆլիս երթան, իսկ Յուզբաշովներն էլ ձեր մայլի մեջը թազա խանութ բդի բացեն, Դրամբյանենց միջնեկ աղջիկն էլ ձեր մայլի Ծուռվզենց Արշոյի ախպոր տղուն թաքուն նամակ է գրել, ըսել, թե արի գորկու սադի ծառերի տակը… Անամոթ, բեաբուռ աղջիկ… Էս էլ հարստության խերը…

ՄԱՅՐ – Մանուշն իդպես բաներով չի հետաքրքրվի: Մանուշիս ուրիշների կյանքը չի հետաքրքրե:

ՍԱԹԵՆԻԿ – Գիտեմ, Մանուշն ինպես խիստ հեր ունի, որ… Սաղ քաղաքն էն մասին կխոսա, որ…

ՄԱՅՐ – Ինչի՞ մասին կխոսա, Սաթենիկ:

ՍԱԹԵՆԻԿ – Հեչ, կըսեն, որ… կըսեն, որ…

ՀԱՅՐ – Սաղ քաղաքն իրա համար, Սաթենիկ: Փակե բերանդ ու գնա: Հըմի մենք քեզի հետ գլուխ դնելու հավաս չունինք:

ՍԱԹԵՆԻԿ – Էդ էսօր ինձի հետ շատ կոպիտ կխոսիք, ի՞նչ է եղել:

ՄԱՅՐ - Բան չի եղել, Սաթենիկ: Բան չի եղել: Արի երթանք հայաթ, քեզի բան բդի ցույց տամ:

ՍԱԹԵՆԻԿ – Հա… Մանուշ ջան, էս եկել էիր, որ Վաղոյից խաբա՞ր առնիս…

ՄԱՆՈՒՇ – Չէ, ես ուրիշ բանի համար էի եկել: Վաղոն ինձի ի՞նչ:

ՍԱԹԵՆԻԿ – Քա վա~յ… Իդիկ դու՞ կըսես: Ինչղ թե քեզի ինչ… Սաղ Գյումրին գիտե, որ իրար կսիրեք, որ թաքուն կհանդիպիք…

ՀԱՅՐ – Հա, ինքը կըսե, Սաթենիկ, ես կըսեմ: Վաղոն Մանուշին ի՞նչ… Իսկ թե քաղաքն ինչ կխոսա, մեզի չի հետաքրքրե… Քաղաքը թող իրա դարդերը լա… Մանուշս հեչ մե վատ բանըմ չի էնե… Ինիկ ու Վաղոս սովորական ընկերներ են, լավ ընկերներ, ինչղոր` մնացածները…Փակե բերանդ ու քիչըմ սոլուղ քաշե: Խնձոր վերու, համով խնձոր է, լավ խնձոր է, մալականի խնձոր է:

ՍԱԹԵՆԻԿ – Մալականի խնձորը լավ խնձոր է, համով խնձոր է… Հըմը սաղ կըսեն, թե Վաղոն էլի սահմանը…

ՄԱՅՐ – Վաղոս Կախեթ է գնացել, գինի բդի բերե, որ նոր տարուն գյումրեցոնց սեղանին լավ գինի եղնի: Հասկըցա՞ր:

ՄԱՆՈՒՇ – Ի՞նչ սահման է անցել, Սաթենիկ մորքուր:

ՍԱԹԵՆԻԿ –Սիրտըդ խաղա՞ց… Կըսեի, չէ… Չէ, բան էր` ըսի… Ընբես, ուրիշները կըսեին, ես էլ անկաջս կախեցի… Ընչի, դու չիդե՞ս, որ Վաղոն, էն ի՞նչ կըսեն, հա, ֆիդայի է, թուրքի դեմ կկռվի…

ՀԱՅՐ – Սաթենիկ, համբերությունս չհանես, էնպես չենես, որ գլխիս ղափաղկը թռնի ու քեզի դուրս էնեմ: Եկել ես` նստի, չայ խմե, չարազ էրա, խնձոր կեր…Իմ Վաղոս ֆիդայի չէ, միկիտանչի է, իրա գինին կծախե, իրա պադվալի մեջը քեֆ կենե, իրան ինչ, թե վով կկռվի, վով ինչ կենե… Դու չարազ էրա, Սաթենիկ, չարազ…

ՍԱԹԵՆԻԿ – Հա, ճիշտ կըսես, երեկ Մազմանովենց հայաթն էի, լավ կաղին-կակալ էին բերել, կըսեն` Կարսից են բերել… Կարս շատ անհանգիստ է, Սասունից գաղթականներ են եկել ու լցվել քաղաք, Սասուն կռիվ է, ֆիդայիք թուրքերի դեմ կկռվին… Հա, ըսին, որ ձեր Վաղոյի ընկերներից էլ կան ինտեղ…

ՄԱՆՈՒՇ - (ձեռքից գցում է խնձորը, շփոթված նայում): Վա~յ…

ՀԱՅՐ – Ի՞նչ եղավ, Մանուշ ջան:

ՍԱԹԵՆԻԿ - Աղջկա ձեռից խնձորն ընկավ…

ՄԱՆՈՒՇ - Ես երթամ, ուշ է:

ՀԱՅՐ – Հա, Մանուշ ջան, գնա, արդեն ուշ է: Զգույշ կերթաս…

ՄԱՅՐ - Ես քեզի կճամփեմ:

ՄԱՆՈՒՇ - Բարով մնաք:

Մանուշն ու Մայրը դուրս են գնում: Հայրն անհանգիստ ելնում է տեղից, մոտենում Սաթենիկին:

ՀԱՅՐ – Լեզվիդ կրնա՞ս չվան դնե:

ՍԱԹԵՆԻԿ – Ի՞նչ ըսի, որ…

ՀԱՅՐ - Բան չըսիր, ավել-պակաս դուրս տվիր: Ի՞նչ կապ ունի Վաղոս Սասունի հետ:

ՍԱԹԵՆԻԿ – Եսի՞մ… Կըսեն, կառավարությունը հրաման է տվել ֆիդայիներին բռնեն… Արդեն Կարսից քանիմ հոգու բերել են բերդն ու փակել… Կըսեն, որ բդի գնդակահարեն…Եկա ըսելու, որ թե Վաղոն գնացել է երկիր, խաբար էրեք, որ զգույշ գա…

ՄԱՅՐ – (կանգնած է դռների մոտ): Դու ի՞նչ կուզես մեզնից, Սաթենիկ, խոմ չար ոգի չես, այ կնիկ, վո՞վ է քեզի ղրկել մեր տուն:

ՍԱԹԵՆԻԿ – Քա, ինչի՞ կնեղենաս, ինչի՞ կջաղայնանաս: Հեչ մարդ էլ չի ղրկել, ինձի վո՞վ կրնա ղրկե, հարևան ենք, դրկից ենք, հըբը ես չանհանգստանա՞մ, որ ձեր Վաղոն տունը չէ, որ երկու օր է` չի երևա: Ըհը, Մանուշն էլ էր եկել ինոր մասին խաբար առնելու: Սաղ քաղաք կխոսին, որ Վաղոն չկա, որ գնացել է: Հըբը չիմանա՞մ, թե ուր է գնացե, ինչի է գնացե: Ամոթ չէ՞, որ ինձնից բան կպահեք: Ես բերանս փակ, խելոք կնիկ եմ, իստեղ լսածս վռազ կմոռնամ…

ՀԱՅՐ – Մենք հեչ բան չիդենք, Սաթենիկ, հեչ բան: Գործով է գնացե, կարևոր գործով է գնացե: Որ եկավ` սաղ կիմանան, որ եկել է: Հասկըցա՞ր: Հիմի հանգիստ գնա ու պրիստավին ըսա, որ Վաղոն իրա գործերով է, միկիտանի գործերով է, որ Վաղոն կռվողների հետ գործ չունի:

ՍԱԹԵՆԻԿ – Լավ, լավ, էլ իդպես մի ջղայնանա, ես պրիստավին հեչ բան էլ չեմ ըսե… Ես խոմ խաբարտանող-բերող չեմ: Մենակ էն կուզեի ըսել, որ զգուշ մնաք, Վաղոյին էլ զգուշացնեք: Քաղաք բռնել-բռնոցի է, էրկրի հետ կապ ունեցողներին կբռնեն, կտանին…Վաղոյին որ տարան` ի՞նչ բդի էնեք, կմնաք անտեր, առանց զավակ…

ՄԱՅՐ – (ձեռքը տանում է դեպի սիրտը:) Իմ Վաղոս անմեղ է, ինիկ հեչ մե բանիմ չի խառնվի, ինիկ էրկրի հետ կապ չունի… Եկար, էն խեղճ երեխու սիրտն էլ ահ գցեցիր… Դու խոմ Սադայելը չե՞ս, այ կնիկ: Ի՞նչ կուզես դու էս քաղքեն: Ե՞րբ բդի ելնիս երթաս իստեղից:

ՍԱԹԵՆԻԿ – Ես որ երթամ, քաղաքը բիջիմից կընկնի: Տղես Թիֆլիսից նամակ էր ղրկել, որ երթամ իրա քովը, ինքը ինտեղի դեպոն կաշխատի: Բայց ու՞ր երթամ, իստեղ դեպո չկա՞… Քաղաքն առանց Սաթենիկ ի՞նչ բդի էնե…Դե, լավ, երթամ, հըլը էնքա~ն գործ ունիմ, հըլը քանիմ տուն էլ բդի մտնիմ: Կըսեն` Ղայֆեջոնց տղեն Մասկվայից եկել է, հըմը էլի կուզե երթա, կըսեն, թե ինտեղ ռուս կնիկ-երեխա ունի…

ՄԱՅՐ – (ուղեկցում է:) Գնա, Սաթենիկ, գնա, մեզի շառին ու փորձանքին չխառնես…

Սաթենիկը դուրս է գնում: Մայրը մնում է դռների մոտ կանգնած: Խաչակնքում է դեմքը: Անհանգիստ է: Հայրը ծխամորճն է լցնում: Ձեռքերը դողում են:

ՄԱՅՐ – Հիմի ի՞նչ էնենք, հալիվոր:

ՀԱՅՐ – Ի՞նչ բդի էնենք: Ինիգ մեզի չըսավ, թե ուր կերթա: Հաստատ գիտեմ, որ էրկիր չի գնացել: Իդպես դարտակ ձեռով չէր երթա, առանց մեզի զգուշացնելու չէր երթա: Ուրեմն, մոտիկ տեղ է, հեռու չէ, ուրեմն շուտ կուգա:

ՄԱՅՐ – Մանուշս համարյա լաց եղնելով գնաց: Կըսեր` էդ Սաթենիկը մունդառ բերան ունի, հիմի ամեն տեղ կխոսի, որ իրան մեր տունն է տեսել:

ՀԱՅՐ – Լավ է երել` տեսել է: Իմ տղուս ընտրածն է, իմ հարսս է, իմ աղջիկս է` եկել էր, լավ էր էրել… Ելի, կնիկ, ելի, ժամ գնա, մոմ վառե Վաղոյիս անփորձանք տուն գալու ու ձագերիս երջանկության համար: Ինձի չի հետաքրքրե, թե Սաթենիկն ու իդոր պեսները ինչ կխոսին, ինչի կխոսին:

ՄԱՅՐ – Ըբը որ գնաց պրիստավին ըսավ, որ Վաղոն տունը չէր: Ըբը որ ամեն ինչ խառնեց իրար:

ՀԱՅՐ – Ում քովը կուզե` թող երթա: Իմ տղես բռնավոր չէ, ազատ մարդ է, կրնա էսօր իստեղ մնա, էգուց` ինտեղ: Հեչ մարդ չի կրնա ինոր ձեռները կապե: Ազատ թռչունքի պես է, ուրտեղ ուզենա` ինտեղ էլ կթռնի: (Մոտենում է դռանն ու բարձր կանչում:) Իմ տղես ազատ է իրա ընտրությունով: Ինիկ վենձ գործի է, լավ գործի է, թող սաղ իմանան: Կուզեն` թող պրիստավին էլ խաբար տան…

Մ Թ Ն Ե Ց Ո Ւ Մ

Ի Ն Ն Ե Ր Ո Ր Դ Դ Ր Վ Ա Գ

Պահեստն է:Վաղոն կանգնած է ճաղաշարի մոտ, զգուշությամբ տաշում է: Մերթ ընդ մերթ ականջ է դնում դրսից եկող ձայներին:

ՎԱՂՈ – Տո շան տղա, կտորըմ կամաց քելե, էլի: Կուշտ կերած, ոտներն ուժեղ կերթա ու կուգա: Հանգիստ չունի անիծվածը: Էս անտեր ծարավն ի՞նչ կուզե ինձնից: (Նստում է գետին, պայուսակից հանում գարեջրի շիշը:) Չէ, ջուր չէ, պիվա է: Իսոր միջի եղածը քրտնած մարդը մե խմելով կվերջացնե: Ի՞նչ էնեմ, ու՞մ մտքով կանցնիր, որ որ մե օրվա գործը երեք օր բդի ձգվի: Լավ, թող մնա, կխմեմ ու էլի ծարավ կմնամ: Էլ իսոր օգուտն ի՞նչ… Մկնահոտ կուգա էս անտեր պահեստից: Խոնավությունն էլ ջանս է մտել ու դուրս չի գա: Հըլը յաշիկները հաշվեմ: (Հաշվում է:) Էս երկարները հրացաններ են: Ուրեմն, իսիկ տասը յաշիկ, իսիկ տասնհինգ, տասնվեց, տասնյոթ: Հա, էս քառակուսիների մեջն էլ ատրճանակներ են: Չէ, լավ է, էսքանով մե ղայդին պոլկըմ կրնանք զինե: Այ թե գործ կեղնի: Կեղնի, հըմը էսօրվա պես մեր հաշիվները սխալ դուրս չգան: Ես էի մեղավոր, կրիայի պես կտաշեի, ինչղոր թե վախենայի, տո, ուրիշ վախտ վենձ-վենձ կխոսիս, թևերիդ մեջ ուժ չկա՞ր, չէի՞ր կրնա կտորըմ չափուկ-չափուկ շարժվի: (Նայում է ճաղաշարին): Յոթ հատ: Հա, լավ է, մնացել է վերջինը, կես ժամվա գործ: Դե արի Վաղո ջան ու երեք օր հանգստացի, քանի Սաքոյի հերթը չի եկել: Տղերքը յարաբ հիմի ի՞նչ կենեն: Բիձան ու Հակոբը ի՞նչ կենեն: Ինոնք ի՞նչ կմտածեն: Լավ է, որ Հակոբը չիդե զորանոցի պահեստի մասին, գիտե, թե կայարան եմ գնացել: Բայց Բիձան գիտե… Հանկարծ չելնի՞ ու հետևիցս գա…

Վեր է կենում, զգույշ քայլում: Նորից ուժեղ ոտնաձայն է լսվում: Վաղոն կանգ է առնում, ուշադիր լսում: Հանգստանում է, երբ ոտնաձայնները դադարում են: Շոշափում է կիտելի գրպանում պահված ատրճանակը:

Հա, ազիզ ջան, ախպեր ջան, դուն իստեղ ես, ընձի հետ ես: Քեզի ղուրբան, եթե ինձի հանկարծ հայտնաբերեն, հանձնվողներից չեմ, մինչև վերջ կռիվ կուտամ, մինչև նախավերջին գնդակը կպայքարեմ: Վերջինն ինձի համար կպահեմ: Լավ էր, կենտրոնում հասկըցան ինձի, ընդառաջեցին: Էս անտեր պահեստը թալանելու առաջարկը իմս է, կոմիտեի տղերքը հավատով լցվան, ըսին, որ կհավատան ինձի, կհավատան առաջարկիս: Հիմի քեզի տեսնիմ, Վաղո, էրկիր քեզի կսպասեն, ինտեղ զենքն օդ ու ջրի պես է հարկավոր: Քեզի տեսնիմ, Վաղո: Ինտեղ առանց զենքի Աստված կկանչեն, իստեղ մինչև պատալոկ զենք է, հազարավոր հրացան, ատրճանակ, Տուլայի գործարանից ղրկած զենք, որ փրկություն բդի դառնա: Ախր, ու՞մ դեմ ենք ելել դարտակ ձեռքերով: Խաչ ու բուրվառի պաշտամունք ունինք ու խունկ կծխենք: Իդորով բան կեղնի՞: Չէ, չէ, Վաղո ջան, կյանքիդ մեռնիմ, դու չբդի քնիս: Դու բդի մնաս ոտի վրա, որ ամուր մնաս, որ քեզի մոտեցող չեղնի: Ավոն իստեղ էղնիր, իրար փաթթվեինք: Ինքն իրա ոտանավորները ըսեր, ես լսեի ու քունս չտանիր…

Հանկարծակի մթնեցում: Լուսարձակի տակ հայտնվում են Հայրն ու Մայրը:

ՄԱՅՐ - Անհանգիստ ես, հալիվոր: Ինչի՞ չես քնի:

ՀԱՅՐ – Կնիկ, դու Սասունցի Դավիթը կհիշե՞ս:

ՄԱՅՐ - Է~, հալիվոր, մտեհան եմ էրե: Ամեն ինչ մտեհան եմ էրե:

ՀԱՅՐ – Ուրեմն, լսե, կնիկ: Դավիթը կռիվ կերթա Մսրա Մելիքի դեմ, որ հաղթե, ոչնչացնե մեր հողին նստած անօրենին: Մելիքը շատ հունար կբանցընե, կտեսնի, որ չի կրնա հաղթե Դավթին, ինոր գլխին խաղ կխաղա: Ինոր հորոխպերը` Ձենով Օհանը, գիշերվա կեսին երազ կտեսնի, կտեսնի, որ իրա Դավիթի ձին անտեր-անտիրական ման կուգա: Ձեն կուտա իրա կնկան քնեն, հավար կկանչե:

ՄԱՅՐ – Խոմ չխելըռա՞ր, մարդ: Գիշերվա կեսին ինչի՞ Սասունցի Դավիթին հիշեցիր:

ՀԱՅՐ – Ինձի կթվա, թե մեր տղու ձին էլ հիմի անտեր-անտիրական ման կուգա, կնիկ: Գիշեր է, գիտեմ, սաղ աշխարհ քնած է, Վաղոս տուն չի եկել, ամեն քարի հետև թշնամի կա պահված, կնիկ: Մեր տղեն նեղության մեջ է, կնիկ:

ՄԱՅՐ – Իմ սիրտս էլ անհանգիստ է, ճնճուղի պես կթփրտա, բայց խոմ առաջին անգամը չէ, հալիվոր:

ՀԱՅՐ – Չէ, էս անգամը շատ կվախենամ, կնիկ: Երազի պես կտեսնիմ, թե ինչղ մեր տղեն վանդակի մեջ է, ձեռ ու ոտը կապված: Ել, կնիկ, հագի շորերդ, ընկնինք սար ու ձոր, մեր տղին օգնության հասնինք: Ել, կնիկ:

ՄԱՅՐ – Չէ, հալիվոր, էսօր Յոթվերք եմ գնացել, յոթը մոմ եմ վառել Վաղոյիս հաջողության համար: Աստված բարեգութ է, հալիվոր, Աստված օգնական է, ինիկ չի թողնի, որ իմ սարի պես տղես նեղության մեջ ընկնի:

ՀԱՅՐ – Կնիկ, քեզի կըսեմ, խավար է մեր փողոցը, լույս չի վառի, ձիանքը անտեր-անտիրական կվրնջան, սմբակները գետին կզարկեն…

ՄԱՅՐ –Կարմիր են ձիանքը, հալիվոր, կարմիր: Քամու պես առաջ կվազեն, քամու պես առաջ կերթան: Կարմիր ձիանքը կարմիր քամու պես կերթան-կերթան… Բաշերը կխաղան, հալիղոր, բաշերը կծփան, կծփան, փոթորիկ կհանեն: Ձեզի մեռնիմ, ձեր վազելուն մեռնիմ, կարմիր ձիանք, ձեր ոտած տակը մեռնիմ: Առեք տղուս ձեր թիկունքին ու տարեք: Ինիկ երազ ունի: Ինիկ մուրազ ունի, ինոր ճամփի վերջը կայնած Մանուշս կսպասե:

ՀԱՅՐ – Հա, կնիկ, քշե ձիանքը, թող չկայնին, թող դադար չառնին, թող մութի միջից առնեն մեր Վաղոյին ու տանին: Ցուրտ է, գիշեր է, քամի կուգա, թող տղուս չթողնին մութ անդունդի մեջ… Հայր մեր, օգնական ու պահապան եղիր…

Լուսավորվում է: Վաղոն պահեստում է:

ՎԱՂՈ – Խնկահոտն էնպես է մտել մեր քթերի մեջ, որ ուրիշ աշխարհք չենք կրնա պատկերացնե: Հրացանի պաշտամունք բդի ունենայինք, ոչ թե խաչի: Փամփուշտի ու վառոդի պաշտամունք: Վառոդի հոտ բդի առնիր ամեն մի նորածին հայ երեխա: Ամեն հայ օջախի մեջ սրբի նկարի տեղը հրացան բդի կախեինք: Թուրքն, ախր, մեր աչքերի առաջ, մեր քթի տակը հենց իդպես է էրել: Նայել ենք ու բանի տեղ չենք դրել: Նայել ենք ու անցել ենք: Խնդացել ենք: Ըսել ենք` վախկոտ են, թույլ են, կռվել չիդեն:Սաղին խելք ենք խրատ տվել, ըսել ենք, որ ամենախելոքը մենք ենք: Մեզի՞ վով բդի խելք սորվըցներ, խելք խրատ տար: Էս մե բուռ Գյումրին հարյուր բանաստեղծ, հազար երաժիշտ ու գիտնական, նկարիչ ունի: Թուրքը քթներիս տակ զինվել է, մենք քեֆ ենք էրել, ոտանավոր ենք գրել: Հա, ոտանավորը պետք է, երգը պետք է, գիտնականն էլ է պետք, բայց մենք մեր հույսը դրել ենք ռսի վրա ու անզեն ման եկել, քեֆ էրել: Ուրտի՞ց մեզի էս անսասան հավատը ռուս քեռու նկատմամբ: Ռուսը չէ՞, որ թուրքի հետ սեղան կնստի հայի հողը բաժնելու վախտը ու երրորդ աթոռը դարտակ կթողնի: Հայի աթոռը դարտակ կթողնի: Ռուսին ինչ, թե իդիկ հայի հողն է, թե մեր արյունով ու մեր Ավարայրով օծված հողն է: Պետք եղավ` զորքը հետ կքաշե, Կարսը կուտա, Հայաստանի դռները կբացե: Դարդը կտրե՞լ է մեզի պաշտպանե: Կըսե` տղամարդ եք, կռվեք, տեսնիմ ինչո՞վ կկռվիք: Էս պահե՞ստն է մեր մխիթարանքը: Պահեստ թողնելով էլ ժողովուրդ զինել կեղնի: Ծո, էդ ինչը՞ղ կեղնի, որ գինի կսարքենք, կանյակ կասրքենք, հըմը զենքի գործարան չունինք, զենք չենք սարքե: Ազգի խելոք գլուխներն էլ գնացել նստել են Թիֆլիսի մեջն ու ինտեղից ճառ ըսելով` կուզեն մեզի խելք խրատ տան…

Դրսից աղմուկ է լսվում: Դռան ուժեղ բախոց: Վաղոն լուռ է: Բախոցը կրկնվում է: Վաղոն ընդհուպ մոտենում է դռանը և հպվում: Գրպանից հանում է ատրճանակը:

ԲԱՇԳԵՂՑԻ - (դրսից, կամաց:) Վաղո, Վաղո:

ՎԱՂՈ - (անհամբեր և ուրախ: ) Հա, ախպեր ջան,ես եմ: Դե բաց, թեզ էրա:

ԲԱՇԳԵՂՑԻ – (բացում է դուռը, մտնում ներս, նետվում դեպի Վաղոն): Երեք օր ու գիշեր քուն ու դադար չունեի, ախպեր ջան, ցավդ տանեմ: Ո՞նց դիմացար:

ՎԱՂՈ – Ինչղոր փոսի մեջ դրած սաղ-սաղ մեռելը:

ԲԱՇԳԵՂՑԻ - Ամեն ինչ արեցի՞ր, վերջացրի՞ր:

ՎԱՂՈ – Հա, Էդ ճաղերը սղոցեցի, բացեցի պատուհանն ու զենքը պատուհանից իջեցրի ձորը: Դուն հանգիստ մնա: Տղերքը կամաց-կամաց կկրեն-կտանին:

ԲԱՇԳԵՂՑԻ - Բա պալկովնիկին ի՞նչ պիտի ասես: Նա ասել էր, որ պատուհանից բան չհանես: Որ տեսնեն, նրա համար էլ լավ չի լինի:

ՎԱՂՈ – Կըսեմ, որ դուրս գալս մարդ չի տեսել, որ ես եմ կեղծ բալնիքով բացե, հետև փակե ու կեղծ կնիքով էլ կնքել: Դե լավ, կներես, խոսելու վախտը չէ, ես երթամ, հըմի Հակոբ Չիլինգարյանը սաղ Գյումրին իրար է խառնե: Էքվան քեզի հետ սեղան բդի նստինք: Կսպասեմ: Անպայման կուգաս:

ԲԱՇԳԵՂՑԻ - Անպայման կգամ: Վաղո ջան, բարի գիշեր:

ՎԱՂՈ - Ես թռա:

Գնում է արագ քայլերով: Սուլոցի ձայներ: Բաշգեղցի Սաքոն հանում է իր սուլիչը, պատասխան սուլոց արձակում: Հետո մոտենում է պահեստի դռանը, կողպեքը ձեռքը վերցնում, դուրս գալիս և իր հետևից փակում պահեստի դուռը: Հեռվից երևում է Գնդապետը, ձեռքով նշան անում Բաշգեղցուն: Վերջինս դրականաբար շարժում է գլուխը:

Մ Թ Ն Ե Ց Ո Ւ Մ

Տ Ա Ս Ն Ե Ր Ո Ր Դ Դ Ր Վ Ա Գ

Գինետունն է: Նորից նստած են սեղանի շուրջ Սալդաթ Աղասին, Նալըն Կարոն, Իզբիթով Արշալույսը, Ձիգ-Ձիգ Կարոն, Ագենտ Վաղարշակը, Սելավի Ակոն, Ղութուղ Արամը; Արամայիսն անհանգիստ ներս ու դուրս է անում:

ԱՂԱՍԻ - Այ, էսօր մեր քեֆը` քեֆի նման բդի եղնի: Համարյա բիթունս էլ իստեղ ենք, բիթունս էլ հավաքված մեր ախպեր Վաղոյի պադվալի մեջը, իրա պատվական սեղանի քովը:

ՍԵԼԱՎԻ - Ապրիս, ախպեր, ծո խոմ չի խոսա, ծո, մարգրիտներ կշարե, ինչղոր ոտանավոր ըսե: Ամեն գյումրեցու մեջ մե բանաստեղծ է նստած: Իդոր համար էլ վով ոտանավոր կգրե, տաղանդավոր կեղնի:

ԱԳԵՆՏ – Ծո, դու հեչ աբուռ ունի՞ս: Ծո, Սակդաթ Աղասին կխոսա: Ինչի՞ կխանգարես ինոր:

ԱՂԱՍԻ – Ինիկ չի խանգարե, ինիկ կլրացնե իմ միտքս, խոսքիս լազաթը կշատըցնե:

Ապրիս, Սելավի Ակո, շատ ապրիս: Հըմի թողեք բաժակս մինչև իրա տակը խմեմ, հովնամ, հովցնեմ Էն գյումրեցոնց սրտերը, որ իսպես կենացների կարոտ են, միշտ արժանի են գովասանքի:

ԱՐԱՄ – Կայնի, չխմես, ես բդի ծաղկեցնեմ քու պատվական բաժակդ:

ԻԶԲԻԹՈՎ – Մե հատըմ մեր ազիզ ախպոր` Սալդաթ Աղասու սիրած ղայդեն երգե: Ընպես երգե, որ Ալաջա սարից ղուշերը գան, հայիլ-մայիլ մնան:

ԱՐԱՄ - (գալիս է բեմառաջք, ուղղում արխալուղը:) Ուստա Թաթոս, չչալես, մենակ դամ կպահես: (Երգում է:) Որսկան ախպեր, սարեն կուգաս…

ՆԱԼԸՆ ԿԱՐՈ – Ծո, ինչի՞ էդ տխուր երգը երգեցիր մեր ախպոր պատվին:

ԱՐԱՄ – Չիդեմ, ախպրտիք, իդիկ ես չէի, սիրտս էր, որ ինձի հրաման տվավ էդ երգը երգեմ:

ԱՂԱՍԻ - Բան չկա, ես ղարիվ շատ եմ եղել, շատ եմ բախտս քամուն ու սարին տվել: Իմ մերիկս էլ մեկ-մեկ էդ երգն է երգել, մեր Ավոյի երգը:

ՁԻԳ-ՁԻԳ ԿԱՐՈ - (նետվում է մեջտեղ): Տո, տո, հերիք է, մեռելտուն չենք եկել: Ըբը գյումրեցուն վայե՞լ է լաչակն անցնի գլուխն ու դարդ էնե: Ուստա Թաթոս, մե հատըմ «Կալոսի պռկեն»:

Հնչում է պարեղանակը : Ձիգ-Ձիգ կարոն պարում է` նազանքով օրոր-շորոր գալով: Երբ ավարտում է` զարմացած կանգ է առնում:

ՁԻԳ-ՁԻԳ ԿԱՐՈ – Իյա, ծո, իսպե՞ս էլ բան կեղնի: Էսօր ինչ կերգենք ու ինչ կչալենք, տխուր բան դուրս կուգա: Չէ, էսօրվա մեր քեֆին Աստված ղաբուլ չէ:

ՆԱԼԸՆ ԿԱՐՈ – Իդպես մի ըսա, Նալըն Կարոն մեռնի ոտացդ տակը: Ամեն անգամվա մեր քեֆն է, մեր ուրախությունն է, մեր պադվալն է: Հա, մինակ Պոլոզ Մուկուչը չկա, գնացել է Բաքվա կողմերը բուրդ բերե, որ Ձիթողցոնց տան հետևը թազա մաղազա բացե:

ԻԶԲԻԹՈՎ - Էդ օր տխուր է մեր քեֆը` ինորից չէ, որ չենք կրնա քեֆ էնե, հայի քեֆ է, քիչըմ տխուր, քիչըմ թաց, քիչըմ ուրախ: Ուստա Թաթոս, ընպես էրա, որ մեր ախպրտոնց սիրտը ծափ տա:

Հնչում է ուրախ պարեղանակ: Բոլորը նետվում են հրապարակ և մոլուցքով պարում: Նրանք չեն էլ նկատում, թե ինչպես գինետանը հայտնվել է Մանուշը:

ՆԱԼԸՆ ԿԱՐՈ – Իյա, արևուդ մեռնիմ, Մանուշ ջան, ի՞նչ է եղել:

ԱՂԱՍԻ – Վո՞վ է տեսել կնիկարմատը պադվալ մտնի:

ՆԱԼԸՆ ԿԱՐՈ – Մի ամընչե, գառ ջան, առաջ արի: Սալդաթ Աղասի, մեր Մանուշն որ իստեղ է եկել, ուրեմն, շատ կարևոր գործ ունի: Ըսա, գառ ջան իստեղ բիթունը քու հորոխօրտինքն են:

ՄԱՆՈՒՇ – (քաշվելով, տագնապած:) Վաղոն երեկ առավոտ դուրս է եկել քաղքից, Կարս է գնացել, կըսեն` Կարսից Թուրքիա անցնող սահմանի վրա երկու հոգու են զարկել…

ԱՂԱՍԻ – Չէ, չէ, չէ, արևուդ մեռնիմ, չէ, մեր Վաղոն զարկվողներից չէ: Կյանքիդ ղուրբան, դուն հանգիստ մնա:

ՄԱՆՈՒՇ - Բազարնիկենց Սմբատը տեսել է, որ կրակողները Վաղոյի հետևից են ընկել, ռուս սալդաթներն են զարկել:

ՆԱԼԸՆ ԿԱՐՈ – Չեղնելու բան է, Վաղոյին իստեղ ամեն շուն կճանչե, ռուս սալդաթը չիդե՞, որ անցնողը Վաղոն է, մեր պադվալի Վաղոն, մեր ֆիդայի ախպերը:

ՄԱՆՈՒՇ – Մերս էլ վատ երազ է տեսել, տեսել է, որ Վաղոյենց տան գլխին սև ղառղառ է թառել, ինչքան քշել են, չի գնացել…

ՁԻԳ-ՁԻԳ ԿԱՐՈ – Չեղավ, չեղավ, ախպոր աղջիկ, էդ սիրուն աչքերդ արցունքով մի լից, չեղավ: Ձեր պսակը ես բդի էնեմ, ես բդի քավոր կայնիմ: (Գրկում է Մանուշի ուսերը:) Գնա, գնա տուն, թառլան ջան, այ, կտեսնիս, որ Վաղոն սաղ-սալամաթ տուն կուգա:

ԱՂԱՍԻ - (նույնպես մոտենում և գրկում է Մանուշին:) Ազիզ ջան, Սալդաթ Աղասին քեզի, քու էդ սիրուն աչքերիդ ու սրտիդ ղուրբան եղնի, մեր Վաղոյին գյուլլա չի դիպնի: Գնա, գնա տուն: (Ուղեկցում է դեպի դուռը, վերադառնում ու կանգնում սրահի կենտրոնում:) Ծո, ըբը իսպես բան կեղնի՞, մարդ էլ տնից ելնի դուրս ու տունը մնացածների սիրտը ահ ընկնի, ամեն զարկվողի մեւ իրա սիրածին ու հարազատին տեսնի: Ինչի՞ ամեն բան իսպես խառնըվավ: Վո՞վ էրավ էս սոդոմ-գոմորը:

ԻԶԲԻԹՈՎ - (կոտրված ու ճնշված): Թուրքն էրավ, Աղասի, թուրքը; Մեր հավերժական թշնամի թուրքը: Ինիկ է մեր ցավի ու դարդի, մեր կորուստների պատճառը: Ես իդոնց մերը…

Ներս է մտնում Արամայիսը: Բոլորը սպասումով լի հայացքներով նրան են նայում:

ԱԳԵՆՏ - Դե բան խոսի, տղա, սիրտըս պատռավ: Բայղուշի պես կերթաս ու կուգաս: Բերանդ ջուր ես առել: Ի՞նչ է եղել:

ԱՐԱՄԱՅԻՍ – Չիդեմ, հեչ բան չիդեմ: Բազարնիկենց տղերքն ինձի էլ են ըսել, բայց չեմ հավատա, չեմ ուզե հավատա: Հակոբ Չիլինգարյանին կսպասեմ: Ինիկ որ եկավ` ամեն բան կըսե, կիմանանք:

ՍԵԼԱՎԻ - Ավոյենց տուն մարդ ղրկենք, ինիկ կիմանա իրա ընկերոջ մասին:

ԱՐԱՄԱՅԻՍ - Ավո Իսահակյանը տունը չէ, Թիֆլիս է գնացել: հեչ մարդ ճիշտ բանըմ չիդե:

ՁԻԳ-ՁԻԳ ԿԱՐՈ – Ըսի է, ըսի, որ էսօրվա մեր քեֆը չի ստացվի: Գիտեի, որ բանըմ կար: Իմ հոգիս սուրբ է:

ԱԳԵՆՏ – Սուս կեցի, փակե բայղուշ բերանդ: Հեչ բան չկա, հեչ բան, կհասկընա՞ք: Մեր Վաղոն երկըթից է, ինիկ հրեշտակի խաչ ունի ճակտին: Ինոր բան չի եղնի: Ուստա Թաթոս, ձենդ զլե, ինպես չալե, որ օճորքը դողա, գետինը ժաժ գա, թուրք ու տաճիկ իմանան, որ հեշտ չէ հային սպանելը, որ Վաղոյի պես տղերքը, մեր ֆիդայիքը, անխոցելի են: Զլե ձենդ, ուստա Թաթոս:

Հնչում է խրոխտ պարեղանակ: Հավաքվածները շրջան են կազմում: Նրանց կենտրոնում ԱգենտՎաղարշակն է: Պարում է ու պարին համընթաց խոսում:

ԱԳԵՆՏ - Այ, իսպես, իսպես ուժեղ ու համարձակ: Ապրիս, ուստա Թաթոս, ապրիս, ախպեր: Զլեք զուռնեն, թող ձենն էրթա ու հասնի անօրենի ականջին, թող իրանց սար ու ձորն ընկնի մեր ձենը, մեր զուռնի ձենը: Հասկընան, ու ահն ընկնի սրտերը, հասկընան ու զարզանդին: Իսիկ մենք ենք, հայերն ենք, գյումրեցինք ենք: Վո՞վ կըսե, թե կռվել չիդենք, զարկել չիդենք, մենակ ոտանավոր գրել, երգ ըսել գիտենք: Զարկել էլ գիտենք, սպանել էլ գիտենք: Ընպես կռվել գիտենք, որ սար ու ձոր կդղրդացնենք մեր ոտքերի տակ: Զլե զուռնեն, ուստա Թաթոս…

Ավարտում է պարը, կանգնում: Երկար ժամանակ բոլորը լուռ են, հանկարծ դղրդում են ծափերը: ՄԹՆԵՑՈՒՄ: Մթնեցումից հետո լուսավորվում են ՀԱՅՐՆ ու ՄԱՅՐԸ:

ՄԱՅՐ – Ուխտ էի էրել, հալիվոր, որ տղա ծնվեր` բդի մատաղ էնեի Աստվածածնա տոնին: Կհիշե՞ս, գառըմ առանք, առավոտ կանուխ տարանք ժամի հայաթը, յոթ անգամ պտուտ տվինք ժամի չորս բոլորը: Էշմանուկենց Բեթխեմը կարմիր նարոտն աղոթել տվավ, բերեց կապես Վաղոյիս բարուրին: Էս տղեն քաջ հերոս բդի դառնա, հայրենիքի զինվոր բդի դառնա` ըսավ տերտերը: Գառը մորթեցինք, մատաղը յոթը տուն բախնինք: Հարևան Զուլոյենց Արմենակը թաբաղն առավ ձեռը, երկար նայեց, ըսավ. «Թող հայրենյաց պաշտպանի մատաղ էղնի, ընդունելի մատաղ էղնի»: Կհիշե՞ս, հալիվոր:

ՀԱՅՐ – Կհիշեմ, ամեն բան կհիշեմ, կնիկ: Մատըմ երեխա էր Վաղոս, փետից հրացան կսարքեր, երկար թելով կկապեր ու կգցեր վիզը: Կըսեր` որ վենձընամ, բդի երթամ Ասլան-Բալասի Աղասու գերեզմանին մոմ վառեմ, երդում տամ, որ ինոր զինվորը բդի դառնամ:

ՄԱՅՐ – Ու դարձավ: Զինվոր դարձավ մեր տղեն, հալիվոր: Հակոբ Չիլինգարյանը կըսե, որ քաջ զինվոր է, համարձակ զինվոր է, ֆիդայի է: Ես քու ֆիդայի կյանքիդ մեռնիմ, Վաղինակ, իմ արև ու կյանք:

ՀԱՅՐ – Մեզի համար ինիկ հըլը պզտի տղա է, չար ու անհանգիստ, իրա ընկերների համար` զինվոր, ֆիդայի, Սասունի ու Մուշի պաշտպան: Գիշերներն որ տուն չէր գա, մեզի կթվար, թե տղերքի հետ քեֆ կենե պադվալները, գինի կխմե ու անհոգ կնայե աշխարհին: Բայց մեր տղու ամեն մե օրը կռիվ է եղել, պայքար է եղել: Ես ինոր զինվոր կյանքին ղուրբան, ինոր ֆիդայու բոյին մեռնիմ: Էլի է գնացել մեր տղեն, կնիկ, էրկիր է գնացել, զենք է տարել ինտեղի մեր ախպերներին, Սասնո լեռներու փրկիչներին: Լույսն ուժեղ վառե, կնիկ, որ հեռվից մեր տղեն մեր տան լույսը տեսնի, սիրտը թունդ ելնի, անվախ անցնի սահմանը…

ՄԱՅՐ – (մոմ է վառում:) Հույսի մոմ կվառեմ, հալիվոր, հավատի մոմ: Իսոր լույսն ավելի ուժեղ է, վենձ է: Իսոր լույսը մեր տղու սրտի մեջ էլ կվառի ու ուժ կուտա ինոր:

ՀԱՅՐ – Մանուշիս համար էլ մոմ վառե, կնիկ: Աշունն եկավ` բդի կարգեմ ինոնց: Յոթվերքի մեջը վենձ պատարագ բդի էնեմ ինոնց համար: մեռնիմ ինոնց կանաչ պսակին, ինոնց թագ ու պսակին:

Լսվում են կրակոցներ:

ՄԱՅՐ – Վո՞վ էր, հալիվոր, վո՞վ կրակեց:

ՀԱՅՐ - (ցատկում է տեղից:) Չիդեմ, կնիկ, բայց անհանգիստ դառավ սիրտս: Ուրդի՞ց եկավ կրակոցի ձենը:

ՄԱՅՐ – Թուրքի սահմանի բերանից, հալիվոր: Կարսի քովից, հալիվոր:

ՀԱՅՐ – Չեղնի՞ թե մեր տղուն կրակեցին, կնիկ: Ինիկ հիմի Կարս է, Սասուն բդի երթա:

ՄԱՅՐ – Մոմերս մարան, հալիվոր: Իմ Վաղոյիս համար վառած մոմերս մարան, հալիվոր: Ինիգ է, իմ ազիզ բալես է, իմ Վաղոս է:

ՀԱՅՐ – Կտեսնիմ, կնիկ, կտեսնիմ: Իմ Վաղոս է, իմ ֆիդայիս է: Ռուսը զարկեց, թիկունքից զարկեց: Ձեռի զենքը վար ընկավ, ուսին տոպրակ կա` մեջը լիքը զենք է: Էդ տոպրակն էլ վար ընկավ, կնիկ: Պառկած է գետնին, մեջքից արուն կուգա, աչքերը բաց են:

ՄԱՅՐ - Ել, հալիվոր, երթանք մեր տղու աչքերը փակենք, ծաղիկ դնենք վիրավոր տեղը: Ել, հալիվոր:

ՀԱՅՐ - Երթանք, կնիկ: Երթանք մեր բալին տեր կայնինք: Բայց վո՞վ բդի տեր կայնի էն ֆիդայի քաջ տղոցն, որ զարկված կընկնին Սասնո դաշտի մեջ, կընկնին` հույս ու հավատ իրանց հոգիների մեջ պահած: Վո՞վ բդի տեր կայնի էն հարս ու աղջկան, որ զարկված կընկնին իրանց տների առաջ, իրանց շեմերի վրա:

ՄԱՅՐ – Ինչի՞ է իսպես, հալիվոր, ինչի՞: Վո՞վ է անիծել էս մեր անբախտ ժողովրդին, որ միշտ կռվի մեջ եղնինք, որ մեր տղոցը հողին պահ տանք: Վո՞վ է ըսել, որ հայը միշտ զինվոր բդի եղնի, զենքը ձեռը միշտ բդի եղնի: Ախր, ես մեր եմ, բալա ունիմ, կուզեմ ինոր սուրբ պսակին ձեռներս վերև հանեմ, պար նռնեմ, թոռ գրկեմ, ուրախանամ: Ինչի՞ բդի հայ մերիկը արցունք թափե, ֆիդայի բալի վրա սուգ էնե: Վո՞վ է գրել էս անօրեն օրենքը, վո՞վ…

Վեր է կենում, զգույշ վառում մոմը, որը հանգել էր. դանդաղ «Որսկան ախպեր» երգելով` գալիս է առաջ: Լուսավորվում է: Կանգնած են սրահում հավաքված բոլորը: Նրանք կիսաշրջան կազմած` առաջ են գալիս:Նրանց մեջտեղում Մայրն է: Բեմառաջքում բոլորը կանգ են առնում: Լուսավորվում է հետնաբեմը, ուր բարձունքի վրա կանգնած են սպիտակ վերնաշապիկներ հագած Վաղոն և Բիձան:

ՎԱՂՈ – Չէ, դարդ չենեք, ինոնք մեզի զարկեցին, մենք ընկանք, մեր արյունով մեր հողն էլի ուժ առավ, բայց մեր ընկերները կուգան, կկռվին: Խոմ մե ամբողջ ժողովրդի չե՞ն կրնա սպանել: Հեշտ չէ մեզի սպանելը: Մենք ծատ ենք, բյուր ենք: Մեր շարքերի մեջ Անդրանիկ կա, Գևորգ Չաուշ կա, Աղբյուր Սերոբ կա, Քեռի կա, Մախլուտո կա, Սոսե կա, էլի ուրիշները կան: Մի ողջ ժողովուրդ կա, որ իր հայացքը երկրին է հառել, իր Սասնո ու Մշո դաշտերին է հառել: Բդի կռվի, բդի ոտի կայնի:

Այժմ խրոխտ ու հպարտ հնչում է «Որսկան ախպերը»…

Վ ա ր ա գ ո ւ յ ր






123456789101112131415
    Դիտվել է 949 անգամ
    12