Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Փառքի դահլիճում ընդգրկվեցին ռոք երաժշտության նոր անուններ

04.12.2014


Ամերիկյան «Nirvana», «Kiss» ռոք խմբերը, ինչպես նաև բրիտանացի երաժիշտ -կատարող Փիտեր Գեբրիելը ընդգրկվել են ԱՄՆ-ի ռոք-ն-ռոլի Փառքի դահլիճում: Այդ մասին հաղորդում է «РИА Новости»-ն՝ հղում անելով ամերիկյան ԶԼՄ-ներին:

Հանրահայտ ամերիկացի ռոք-երգիչ Բրյուս Սփրինգսթինի «E Street Band» երաժշտական կոլեկտիվը ընդգրկվել է առանձին պատվաբեր անվանակարգում՝ «Երաժշտական վարպետության համար»: Առաջին անգամ Փառքի դահլիճում են հայտնվել անգլիացի երգիչ Քեթ Սթիվենսը, 1970-ականների քանթրի –ռոքի աստղ Լինդա Ռոնսթադթը, «Hall & Oates» դուետը, ինչպես նաև «Beatles»-ի մենեջեր Բրայան Էփսթայնը և «Rolling Stones» խմբի մենեջեր Էնդրյու Լուգ Օլդեմը:

«Time» հանդեսի տվյալներով արարողության ժամանակ «Nirvana» խմբի նախկին անդամներ Դեյվ Գրոլը և Քրիսթ Նովոսելիչը, իրենց խմբի առաջնորդ Քուրթ Քոբեյնի մահից 20 տարի անց, հանդես են եկել միևնույն բեմահարթակում: Նրանք կատարել են չորս երգ, որոնցում որպես մեննակատարներ հանդես են եկել Ջոան Ջեթը, Լորդը, Քիմմ Գորդոնը և Էննի Քլարքը: Ինչպես հաղորդում է բրիտանական «Daily Mail» պարբերականը, արարողությանը ներկա էր նաև Քոբեյնի այրին՝ Քորթնի Լավը, սակայն առանց դստեր՝ Ֆրենսիս Բին Քոբեյնի, որի նկատմամբ իր ծնողական իրավունքներից նա զրկվել է դեռևս 2009թ.-ին:

«Kiss» խմբի անդամները արարողությանը ելույթ չեն ունեցել՝ կազմակերպիչների հետ ունեցած տարաձայնության պատճառով: Լինդա Ռոնսթադթը նույնպես ելույթ չի ունեցել, իսկ Էնդրյու Լուգ Օլդեմը ընդհանրապես չէր եկել այդ միջոցառմանը: «Ես այնտեղ չեմ գնա և կբացատրեմ, թե ինչու. դա հեռուստատեսային շոու է: 20 տարի առաջ դա անհավանական իրադարձություն էր… իսկ հետո դարձավ բիզնես»,- ասել է Օլդեմը:

Արարողությունը կայացել է Նյու-Յորքի «Barclays» կենտրոնում:

Ռոք-ն-ռոլի Փառքի դահլիճը ռոք երաժշտության ժամանակաշրջանի ոլորտում ազդեցիկ դեր խաղացած մարդկանց նվիրված թանգարան և կազմակերպություն է: Այստեղ ձևավորված կոմիտեն յուրաքանչյուր տարի սեփական գնահատականների արդյունքներով ընտրում է լավագույն արտիստներին, կոմպոզիտորներին, երաժիշտ կատարողներին և այն մարդկանց, ովքեր մեծ ներդրում ունեն երաժշտության ոլորտում: Թեկնածուները ընտրվում են երաժշտական աշխարհի փորձագիտական համայնքի քվեարկության միջոցով, որում ընդգրկված են մոտ հազար մարդ: 2014թ.-ին անցկացված այս միջոցառումը թվով 29-րդն էր:
    Դիտվել է 621 անգամ