Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Լուսանկարները հաճախ կարող են ֆիլմերից կամ գրքերից ավելի արտահայտիչ լինել

04.29.2014

Օրերս Ամստերդամում տեղի ունեցավ հեղինակավոր «World Press Photo» լուսանկարչական աշխատանքների մրցույթի ամփոփիչ արարողությունը, որին մասնակցեց և հաղթողներին անձամբ մրցանակներ հանձնեց նիդերլանդների արքայազն Կոնստանտինը: Այդ մասին հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը:

Մրցույթի խորհրդանիշ արձանիկներ ստացան 25 երկրների 53 լուսանկարիչներ:

Գլխավոր մրցանակը այս տարի բաժին հասավ ամերիկացի Ջոն Սթենմեյերին: «National Geographic » հանդեսի համար արված լուսանկարում նա Ջիբութիի ափին, լուսնի լույսի տակ ներկայացրել էր աֆրիկացի միգրանտների: Նրանք ձեռքերին բռնել են բջջային հեռախոսներ և փորձում են որսալ թույլ ազդանշան հարևան Սոմալիից, որպեսզի կապ հաստատեն հարազատների հետ:

Մրցութային հանձնաժողովի անդամ Սյուզան Լենֆիլդի կարծիքով «այդ լուսանկարը ցուցադրում է ավելին, քան դա կարող են փոխանցել ֆիլմը կամ գիրքը, և ստիպում են մտածել շատ բաների մասին»:

«Լուսանկարը բարձրացնում է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են տեխնոլոգիաները, գլոբալիզացիան, միգրացիան, աղքատությունը, հուսահատությունը, միայնակությունը, մարդկայնությունը: Լուսանկարում նկարիչը հստակ որսացել է այն պահը, որն առաջին հայացքից թվում է շատ ռոմանտիկական, սակայն, իրականում, արտացոլում է այսօրվա աշխարհի դժվարությունները և հիմնախնդիրները»,- նշել է հանձնաժողովի մի այլ անդամ՝ Ջիլիան Էդելշտեյնը:

«Այս աշխատանքները ցույց են տալիս, թե որքան մեծ ուժ կարող են իրենց մեջ պարունակել լուսանկարները»,- իր հերթին ավելացրել է արքայազն Կոնստանտինը:

Տարվա ընթացքում «World Press Photo»-ի վարկածով լավագույնը ճանաչված լուսանկարները կցուցադրվեն աշխարհի 45 երկրների 100 քաղաքներում:

Աշխարհում մեծ հեղինակություն ունեցող «World Press Photo» մրցույթի նպատակն է օժանդակել լուսանկարչական ժուռնալիստիկայի և փաստավավերագրության բարձր ստանդարտները և դրանց զարգացումը:

Մրցանակները շնորհվում են սկսած 1955թ.-ից:
    Դիտվել է 652 անգամ