Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վեց «Օսկար» նվաճած ֆիլմի հեղինակային իրավունքը՝ դատական վարույթի շեմին

05.01.2014

Չինական ծագումով ամերիկացի գրող Թեսս Հերիտսենը բազմամիլիոնանոց հայց է ներկայացրել «Warner Bros» կինոստուդիայի դեմ՝ պնդելով, որ ինքը 1999թ.-ին գրել է «Գրավիտացիա» («Ձգողականություն») վերնագրով վեպ, որից հետո հեղինակային իրավունքները վաճառել է «New Line» ընկերությանը: Այդ մասին տեղեկացնում է «filmpro.ru» կայքը:

Այն ժամանակ գործարքի գումարը կազմել է 1 մլն դոլար: Այժմ Հերիտսենը պահանջում է 10 մլն դոլար փոխհատուցում՝ բարոյական վնասի դիմաց, ինչպես նաև իր անվան ավելացումը կինոնկարի տիտրերում:

Ռեժիսոր Ալֆոնսո Քուարոնի գիտաֆանտաստիկական «Ձգողականություն» կինոնկարը «Օսկար-2014» մրցանակաբաշխության հաղթարշավորդ ֆիլմն է: Երկրամերձ ուղեծրում տեղի ունեցած տիեզերական աղետի մասին պատմող դրաման, որտեղ հանդես են գալիս հոլիվուդյան գերաստղեր Սանդրա Բուլոքն ու Ջորջ Քլունին, ամերիկյան կինոակադեմիայի մրցանակաբաշխությունում 6 անվանակարգերում արժանացավ լավագույնի կոչման (լավագույն ռեժիսուրայի, օպերատորական աշխատանքի, երաժշտության, ձայնային և տեսաշարային էֆեկտների ևմոնտաժի համար):

Քուարոնը խոստովանել է, որ այդ նախագիծը բարդ է եղել բոլորի, ներառյալ դերասանների համար:

Կինոնկարի սցենարը Քուարոնը գրել է իր որդու հետ համատեղ՝ 2002թ.-ին, իսկ նույն թվի գարնանը «Warner Bros» ընկերությունը ֆիլմը իջեցրել է արտադրություն: Ավելի վաղ այդ կինոստուդիան իրեն է միացրել այն նույն «New Line» ընկերությունը, որին պատկանում էր Հերիտսենի վեպի հեղինակային իրավունքները:

Հետաքրքիր է, որ գրողը կինոնկարի թողարկումից հետո հայտարարել է, որ ինքը որևէ հավակնություն չունի Քուարոնի տեքստի նկատմամբ: Ավելին, իր գրքի սյուժեի համաձայն Միջազգային տիեզերական կայանը կործանվում է ինչ-որ բացիլի պատճառով՝ ի տարբերություն Քուարոնի պատմության:

Թե ինչն է բեսթսելլերի հեղինակին թելադրել ներկայացնել դատական հայց, նրա փաստաբանները չեն ճշտում: «Warner Bros» ընկերությունը նույնպես որևէ մեկնաբանություն չի տալիս:

Այս աղմուկ ենթադրող պատմության մեջ հաջորդ քայլը կկատարի դատարանը, երբ վճիռ կարձակի սկսե՞լ վարույթ, թե՞ ոչ:
    Դիտվել է 550 անգամ
    12345678910111213141516171819202122232425262728293031323334353637383940414243444546474849505152535455565758596061626364656667686970717273