Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Չի բացառվում, որ ամենախորհրդավոր ժպիտի տիրուհին ֆլորենտացի մի սովորական կին է

05.02.2014

Իտալացի գիտնականները շարունակում են փնտրել Լեոնարդո դա Վինչիի ամենահայտնի կտավի գաղտնիքի բանալիները: Այդ մասին հաղորդում է «tvkultura.ru»-ն:

Այն, թե ով է Ջոկոնդայի դիմակի տակ թաքնվում, քիչ կարծիքներ չեն հրապարակվել: Կա նաև տեսակետ, որ այդ կտավը հենց իր՝ Լեոնարդո դա Վինչիի ինքնադիմանկարն է՝ կնոջ կերպարով:

Սակայն, արվեստաբանների մեծ մասը այն տեսակետի կողմնակիցներն են, որի համաձայն նկարիչը պատկերել է իրական կնոջ՝ Լիզա Գերարդինիին, ֆլորենտացի մետաքսի վաճառական Ֆրանչեսկո դել Ջոկոնդայի երկրորդ կնոջը: Հենց այս վարկածով էլ, արդեն երկու տարի, հետազոտողներն աշխատանքներ են իրականացնում:

Այժմ հնագետները նմուշներ են հավաքում Ֆրանչեսկո դել Ջոկոնդայի ընտանեկան հանգստավայրից, որը գտնվում է Ֆլորենցիայի Սանտիսսիմա-Աննունցիատա եկեղեցում: Գենետիկական նյութի քննությունների արդյունքները կհամեմատվեն Սուրբ Ուրսուլայի մենաստանում թաղված երեք կանանց ԴՆԹ փորձաքննության արդյունքների հետ: Հենց այդ մենաստանում է կյանքի վերջին տարիներն ամուսնու մահից հետո անցկացրել և 63 տարեկան հասակում, 1542 թ.-ին իր մահկանացուն կնքել Լիզա Գերարդինին :

Դե ինչ, տվյալները համընկնելու դեպքում կարելի է շատ մեծ հավանականությամբ հաստատել, որ աշխարհի ամենախորհրդավոր ժպիտն ունեցողը վեց երեխաների մայր, ֆլորենտացի մի սովորական կին է:
    Դիտվել է 744 անգամ