Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ա մ ե ր ի կ յ ա ն խ ա ռ ն ա շ փ ո թ


Գուրգեն Միքայելյան

Ա մ ե ր ի կ յ ա ն խ ա ռ ն ա շ փ ո թ*

Կատակերգություն երկու գործողությամբ


*Ինչո՞ւ ամերիկյան: Ինչո՞ւ ոչ թե Կարեն, Գրիգոր, Շահեն, այլ Ջեկ, Ջոնի, Մարկ… Ասեմ միանգամից. ոչ թե ամերիկյան մակարդակ «ապահովելու» համար, այլ որովհետև սա հայկական միջավայրին բնորոշ, հայկական միջավայրում «կատարվող» կատակերգություն չէ: Այս ամենը եթե ներկայացվի որպես մեր կողքին կատարվող, կթվա շինծու, կանցնի թատերայնությանը բնորոշ «արհեստա¬կանության» սահմանը: Վերջին հաշվով, խոսքը այստեղ ոչ թե ամերի¬կա¬ցու, եվրոպացու կամ ասիացու մասին է, այլ, պարզապես, մարդու…



Գործող անձինք

Ջեկ Հարդի ─ բանկերի ընկերության նախագահ

Ջոնի Ջեքսոն ─ Ջեկ Հարդիի նմանակը

Քիմ Հարդի ─ Ջեկ Հարդիի կինը

Տոտի Հարդի─ Ջեկ Հարդիի որդին (5-6 տարեկան)

Քեթրին ─ Հարդիի տան սպասուհին

Մարի Հադսոն ─ Հարդիի սիրուհին

Էմմա Սմիթ ─ Հարդիի քարտուղարուհին, բավական տգեղ կին

Սառա Փիթ ─ ընկերության աշխատակցուհի

Էդի Մոմսեն

Սթիվ

Մարկ

Մայքլ


Գործողություն առաջին


Բանկերի ընկերության նախագահ Ջեկ Հարդիի աշխատասենյակը: Հարդին` միջին տարիքի սևամորթ տղամարդ, գրասեղանի մոտ նստած` աշխատում է: Ներս է մտնում Սառա Փիթը` ձեռքին թղթապանակ:


ՍԱՌԱ─ Օ՜, միստր Հարդի, որքա՜ն պայծառ տեսք ունեք այսօր, որքան լուսավո՜ր…

ՀԱՐԴԻ─ (Շողոքորթությունն անմիջապես զգալով) Նկատի ունես «լուսավոր» հաստի՞քը, Փիթ:

ՍԱՌԱ─ Ո՜չ, ո՜չ, միստր Հարդի: Ձեր տեսքն այսօր իսկապես շքեղ է, լուս… (զգալով ասածի անհեթեթությունը) եղ… եղ… ե՜ն…

ՀԱՐԴԻ─ (Սև ձեռքերին նայելով) Այո՜… Լուսեղեն… (Հեգնանքով) Ինչպես որ լուսնկա գիշերը…

ՍԱՌԱ─ (Հարդիին մոտենալով` փորձում է հնարավորինս գայթակղել): Ստորագրեք այստեղ, խնդրում եմ… Այստեղ… Այստեղ: (Բռնում է Հարդիի ձեռքը, նայում աչքերին և խոսում հուզված կնոջ տոնայնությամբ, բայց դերասանաբար): Դուք կատարյալ տղամարդ եք, միստր…

ՀԱՐԴԻ─ (Նույնպես կեղծ տոնայնությամբ) Իսկապե՞ս, Սառա… (Վերջինս, իբր ցանկությանը չդիմանալով, ընկնում է նրա գիրկը):

ՍԱՌԱ─ Օ՜, Հարդի…


Ներս է մտնում Էմմա Սմիթը և այնպես հանգիստ մոտենում Հարդիի աշխատասեղանին, կարծես սենյակում սովորական աշխատանքային մթնոլորտ է:


ԷՄՄԱ─ (Սեղանին թղթապանակ դնելով) Դիտարկման փաստաթղթերն են, միստր:

ՍԱՌԱ─ (Հարդիի գրկից հանգիստ բարձրանալով՝ թշնամանքով նայում է Էմմային): Դիտարկման փաստաթղթերը…

ԷՄՄԱ ─ Այո՜, Սառա, դիտարկմա՜ն:

ՍԱՌԱ ─ Լավ բան չէ, Էմմա՜, դիտարկում անցկացնել դռան հետևից:

ԷՄՄԱ ─ Առավել ևս` անմիջապես նետվել թափուր հաստիքի վրա…

ՀԱՐԴԻ─ Դե՜, դե՜…

ԷՄՄԱ─ Այսուհանդերձ, Սառա Փիթ, բնավ համոզիչ չէր… (Դուրս է գալիս):

ՍԱՌԱ─ (Նրա հետևից) Հրեղեն փերի, որ միշտ կպարծենա իր կուսությամբ… Դուք որտե՞ղ եք գտել այս գեղեցկուհուն, միստր:

ՀԱՐԴԻ─ Ես չեմ գտել: Գտել է կինս: Իմ քարտուղարուհիներին նա է ընտրում: Սա արդեն երրորդն է:

ՍԱՌԱ─ Որքա՜ն մոլեգին խանդ: Ասում են, որ այսպիսիներին եթե աշխատանքի չեն ընդունում, ուրեմն պատճառն արտաքինն է: Իսկ եթե ընդունել են, ուրեմն… կրկին արտաքինն է, որովհետև դրանով ցանկացել են ինչ-որ բան թաքցնել… Ի դեպ՝ միստր Հարդի, այսօր սենյակներում տարօրինակ լուրեր են շրջում: (Հարդին նայում է նրան): Ասում են, թե հերթապահն այս գիշեր տեսել է մի ուրվական:

ՀԱՐԴԻ─ Հնարավոր է. հալյուցինացիա…

ՍԱՌԱ─ Եվ պնդում է, որ նա եղել է ճիշտ ու ճիշտ… Ձեզ նման: «Տեսել եմ անձամբ,- ասում է,- դա ուրվականն էր միստր Հարդիի»:

ՀԱՐԴԻ─ Եվ նա կեսգիշերին, ինչպես հանգուցյալ հայրը Համլետի, դուրս է եկել գերեզմանից և ահազդու խորհրդավորությամբ քայլել:

ՍԱՌԱ─ Ո´չ: Դուրս է եկել զուգարանից ու արագ փախել… (Հարդին խեթ նայում է Սառային): Երդվում է:

ՀԱՐԴԻ─ Ա՜խ, ուրեմն նա արդեն մամուլի ասուլիս է տալիս:

ՍԱՌԱ─ Նման մի բան, բայց հոգեբույժների մոտ… Նա վախից ցնորվել է:

ՀԱՐԴԻ─ Պարզ է, պարզ է:

ՍԱՌԱ─ Այսպիսի բաներ, միստր: (Բերած փաստաթղթերը վերցնելով) Դե, ես գնացի: Ես հիմա ոչ մի րոպե ժամանակ չունեմ այդ թափուր հաստիքի պատճառով: Մտածեք, միստր… Եվ նկատի ունեցեք, որ ես արդեն միայնակ կին եմ: Այլ կերպ ասած` նույնպես թափուր հաստիք… (Գնում է):

ՀԱՐԴԻ─ (Աթոռի թիկնակին հոգնած հենվելով) Օ՜ֆ… Սառա´, Էմմա´, Մարի´…


Հետին դռնից գալիս են Էդին և Սթիվը` բերելով անվավոր մի արկղ:


ԷԴԻ─ Ձեզ համար մենք մեծ անակնկալ ունենք, միստր:

ՍԹԻՎ─ Նվե´ր:

ԷԴԻ─ Տեսնեք իսկ, չեք հավատա:

ՀԱՐԴԻ─ (Հետաքրքրությամբ) Եվ որտե՞ղ է այն:

ԷԴԻ─ (Արկղը ցույց տալով) Այստեղ, ահա:

ՍԹԻՎ─ Ձեր երազանքը… Գիշերն ենք բերել, գաղտնի: Թաքցրել էինք, որ ոչ ոք չտեսնի: (Սկսում են արկղը բացել):

ԷԴԻ─ Դուք հիմա պարզապես ապշելու եք:


Սթիվը կափարիչը դնում է մի կողմ, և բոլորն ուշադրությամբ նայում են արկղին… Մեկ-երկու վայրկյան անց գլուխը դանդաղ բարձրացնում ու զարմացած, հետաքրքրական հայացքով շուրջբոլորն է նայում մի տղամարդ, որը խիստ նման է Հարդիին: Մի պահ տիրում է լռություն:


ՍԹԻՎ─ Դուրս եկ, Ջոնի: Մի´ վախեցիր:

ՀԱՐԴԻ─ (Ապշած): Ախ, ուրեմն դա ճի՞շտ է… Ուրեմն դուք… բռնե՞լ եք նրան…

ԷԴԻ─ Գտել ենք, միստր: Բոլորովին պատահաբար:

ՍԹԻՎ─ Տեսանք թե չէ, անմիջապես մտածեցինք, որ Ձեզ համար կլինի լավ նվեր:

ԷԴԻ─ Ընդամենը մի քիչ վրան աշխատել ենք, մշակել:

ՀԱՐԴԻ─ (Ուշքի չեկած) Իսկ սա ի՞նչ է. խամաճի՞կ, ուրվակա՞ն…

ՍԹԻՎ─ Սա Ձեր… նմանակն է, միստր: (Ջեքսոնը արկղից դուրս է գալիս և անմիջապես դիմում Հարդիին: Խոսում է արագ-արագ):

ՋԵՔՍՈՆ─ Միստր, միստր, օգնեցե´ք ինձ: Սրանք գիժ են, ավազակ: Ինձ առևանգել են: Տեսեք, թե ինչ են հագցրել: (Տարօրինակ հայացքով նայում է Հարդիին, որն իրենից ոչնչով չի տարբերվում: Մատն ուղղում է նրա կողմը): Միստր…

ԷԴԻ─ Հարդի´:

ՋԵՔՍՈՆ─ (Կրկնում է): Միստր Հարդի…

ՍԹԻՎ─ (Մատնացույց է անում Ջեքսոնին) Միստր…

ՋԵՔՍՈՆ─ Ջեքսոն…

ԷԴԻ─ Ո´չ: Ասացինք` դու այլևս Ջեքսոնը չես:

ՍԹԻՎ─ Այսուհետև դու կոչվելու ես Հարդի:

ՋԵՔՍՈՆ─ (Հարդիին) Միստր… Միստր… Փրկեք ինձ: Սրանք գիժ են: Կատարյալ գիժ… Բոլորը գիտեն, որ ես Ջեքսոնն եմ, Ջոնին, իսկ սրանք ասում են Հարդի: Ես շրջմոլիկ եմ: Զանգեք ոստիկանություն, միստր…

ԷԴԻ─ Մենք քեզանից, Ջոնի, սարքելու ենք Հարդի, Միստր Հարդի…

ՋԵՔՍՈՆ─ (Վախեցած) Ի՞նչ… (Վազում, վերցնում է բազմաթիվ հեռախոսներից մեկի լսափողը, սեղմում կոճակները և արագ-արագ խոսում): Ալո´, ալո´, ոստիկանություն: Ինձ առևանգել են, ինձ սպառնում են: Ինձնից ուզում են Հարդի սարքել: Երդվում եմ. ես Ջոնին եմ: (Էդին և Սթիվը նայում են Հարդիին` սպասելով հրահանգի):

ՀԱՐԴԻ─ Այդ հեռախոսը չի աշխատում:

ՍԹԻՎ─ Մի´ անհանգստացիր, Ջոնի: Քեզ ոչ մի վտանգ չի սպառնում: Դու հիմա կապրես ավելի լավ, ավելի հետաքրքիր կյանքով:

ՋԵՔՍՈՆ─ Չի սպառնում վտա՞նգ: Իսկ ինչի՞ համար էր (արկղը ցույց տալով) Նոյյան տապանով այս ուղևորությունը: (Վազում է դռան կողմը և փորձում բախել): Հե՛յ, օգնեցե´ք… Հե՛յ…

ԷԴԻ─ (Սթիվի հետ փորձում են արգելել): Հանգստացիր, Ջոնի: Ոչ ոք այստեղ քեզ չի լսի:

ՋԵՔՍՈՆ─ Իսկ ինչո՞ւ չի լսի: Բոլորը խեղդվե՞լ են: Եվ որտե՞ղ է իմ տապանն իջել: Գուցե աղունի՞կ բաց թողնեմ:

ՍԹԻՎ─ Ջոնի´…


Սթիվը չի հասցնում խոսքն ավարտել, քանի որ Ջոնին ճարպիկ շարժումով նրա և Էդիի ոտքերից քաշում, գցում է հատակին և գլուխները խփում իրար: Մինչ նրանք ուշքի կգան, հարձակվում է նաև Հարդիի վրա, գցում է արկղը, կափարիչը ամրացնում ու մտնում նրա դերի մեջ:


ՋԵՔՍՈՆ─ (Էդիին և Սթիվին) Հաց չե՞ք կերել, ինչ է: (Հարդին պոկում է կափարիչը և դուրս գալիս): Հապա կապոտեք սրան…

ԷԴԻ─ (Ջեքսոնին) Ներեցեք, միստր Հարդի:

ՀԱՐԴԻ─ Տխմա´ր, ե´ս եմ Հարդին:

ՋԵՔՍՈՆ─ Ստում է: Հարդին ես եմ: (Էդին և Սթիվը նայում են իրար` չկարողանալով կողմնորոշվել):

ՀԱՐԴԻ─ Սա ապուշ ձևացող կատարյալ դերասան է, Էդի´:

ՋԵՔՍՈՆ─ (Նույն տոնայնությամբ կրկնում է): Սա ապուշ ձևացող կատարյալ դերասան է:

ԷԴԻ─ Հոգեբանական հատուկ մեթոդներով հնարավոր է մարդուն վերափոխել ամբողջովին, միստր: Ես խոստանում եմ…

Ջոնի, դու այսօրվանից կլինես ոչ թե Ջեքսոն, այլ հարդի: Միստր Հարդի:

ՍԹԻՎ─ Որպես երբեմնի ոստիկան` կարող եմ ասել, միստր, որ ձեզ սատանան իսկ չի տարբերի:

ԷԴԻ─ Հիշո՞ւմ եք, որքան էիք ցանկանում ունենալ նմանակ: Ահա´, գտնվեց վերջապես:

ՍԹԻՎ─ Տվյալները շատ հարմար են: Ճիշտ է, ուղեղը մի քիչ կաղում է, բայց §բուժել¦, թաքցնել հնարավոր է:

ԷԴԻ─ Մեծացել է մանկատանը: Տուն չի ունեցել: Չի ամուսնացել: Մի ժամանակ աշխատել է ինչ-որ ընկերությունում, սակայն հաստիքների կրճատման պատճառով ազատվել է ու մնացել փողոցում:

ՋԵՔՍՈՆ─ Մի գիշեր էլ՝ արկղում: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլիներ, եթե չկարողանայի կափարիչը բացել …

ԷԴԻ─ Ի՞նչ: Ուրեմն դու…

ՋԵՔՍՈՆ─ Այո: Ու քիչ մնաց, որ զուգարանում բռնեն: (Հարդիին): Բաց թողեք ինձ, միստր: Խնդրում եմ:

ՀԱՐԴԻ─ Ոչ, Ջոնի: Դա արդեն անհնարին է: Ես միշտ երազել եմ ունենալ քեզ նման մեկին: Դու այսուհետև Հարդի ես, միստր Հարդի…


Նոր պատկեր:

Էդին և Սթիվը Ջեքսոնին սովորեցնում են, թե ինչպես պետք է նմանակի Հարդիին:


ՍԹԻՎ─ Թե ի´նչ և ինչպես ես խոսելու Մարիի հետ, երևի արդեն պարզ է:

ՋԵՔՍՈՆ─ (Քունքը քորելով): Այո, սըր: Մի շաբաթ է` սերտում եմ:

ՍԹԻՎ─ Միստրը ժամացույցին հաճախ նայելու սովորություն ունի: Դա նկատի ունեցիր:

ԷԴԻ─ Նստած ժամանակ հաճախ ոտքը գցում է ոտքին և ճոճում: Փորձիր հապա: (Ջեքսոնը փորձում է): Շատ կոպիտ է ստացվում: Շարժիր մի քիչ դանդաղ, հանգիստ…

ՍԹԻՎ─ Լավ: Հետո էլի կփորձենք:

ԷԴԻ─ Միստրը սովորություն ունի նաև մատներով սեղանի վրա տկտկացնելու:

ՋԵՔՍՈՆ─ Բանից պարզվում է, որ ձեր միստրը մենակ մի ամբողջ գնդի ժեստեր է անում:

ՍԹԻՎ─ Նա հաճախ ասում է ապուշ, հիմար: Եվ դա երբեմն ոչ թե վիրավորելու համար, այլ պարզապես, որպես կոչական:

ԷԴԻ─ Որպես հոգեբան` քեզ ասեմ, Ջոնի, որ հիմա բոլորը կարծում են, թե, իրենցից բացի, բոլորն ապուշ են:

ՍԹԻՎ─ Մարիին նա հաճախ ասում է փիսիկս, վագրիկս…

ՋԵՔՍՈՆ─ Գրողը տանի, իսկ ո՞ւմ վրա ենք պարպելու դերասանական այս ամբողջ զինանոցը:

ԷԴԻ─ Միստրը, հասկանո՞ւմ ես, չի կարող միաժամանակ լինել երկու տեղ: Բայց արի ու տես, որ դրա անհրաժեշտությունը խիստ է զգացվում: Եվ, ահա, նա որոշել է, որ այնտեղ, որտեղ իր ներկայությունը շատ կարևոր չէ, երբեմն կարելի է փոխարինել:

ՋԵՔՍՈՆ─ (Դերի մեջ մտած` ոտքը գցում է ոտքին և սեղանին տկտկացնում): Եվ որտե՞ղ նրա ներկայությունը շատ կարևոր չէ:

ՍԹԻՎ─ Գիտե՞ս, Ջոնի, երբեմն լինում են պաշտոնական ոչ կարևոր գործեր: Բացի այս` միստրը ունի և´ կին, և´ սիրուհի ու չի կարող միաժամանակ երկուսի մոտ լինել: Ահա այստեղ է, որ դու նրան պիտի օգնես:

ՋԵՔՍՈՆ─ (Ապշահար) Ի՛նչ…

ԷԴԻ─ Այնպես որ, քո աշխատանքն այնքան էլ շատ չէ:

ՋԵՔՍՈՆ─ («Դերը» փորձելով) Ապո՛ւշ… Ուրեմն միստրը որոշել է, որ կնոջ ու սիրուհու մոտ իր ներկայությունը շատ էլ կարևոր չէ՞:

ՍԹԻՎ─ Այո´: Միստրը այդպես է որոշել:

ՋԵՔՍՈՆ─ Մի խոսքով` ես լինելու եմ նրա սիրուհու սիրեկանը և կնոջ ամուսինը:

ԷԴԻ─ Հիմնականում` այո, պահելով, սակայն, մի շարք սահմանափակումներ:

ՍԹԻՎ─ Նրա կնոջ հետ դու երբեք չպիտի´ քնես:

ԷԴԻ─ Չպիտի´ նայես այն ժամանակ, երբ կսկսի հանվել:

ՋԵՔՍՈՆ─ Իսկ երբ կսկսի հագնվե՞լ…

ՍԹԻՎ─ Եվ ա´յն ժամանակ, երբ կսկսի հագնվել:

ԷԴԻ─ Երբ նա ինքը կցանկանա սեր անել, պիտի որևէ պատրվակով հրաժարվես:

ՍԹԻՎ─ Պլյուս-մինուս մի քիչ այս կողմ, այն կողմը` ոչինչ:

ՋԵՔՍՈՆ─ (Դարձյալ ոտքը գցում է ոտքին և սեղանի վրա տկտկացնում): Բայց ինչո՞վ է միստրը համոզված, որ դա հնարավոր է:

ԷԴԻ─ Հասկանո՞ւմ ես, Ջոնի, միստրը ստիպված է…

ՍԹԻՎ─ Նկատի ունեցիր. դու նրան փոխարինելու ես միայն ծայրահեղ դեպքերում: Կսկսենք կարճ հանդիպումներով: Շրջմոլիկից դու միանգամից դառնում ես միլիոնատեր: Միստրը մեծ գումարներ է խոստանում:

ՋԵՔՍՈՆ─ Միլիոնատե՛ր…

ԷԴԻ─ Գուցե արդեն փորձե՞նք մի հատված: Նախնական…

ՍԹԻՎ─ Զանգիր Մարիին: Ասա, որ մի քանի օրից կարճ ժամանակով, ասենք` կես ժամով, կլինես իր մոտ:

ՋԵՔՍՈՆ─ Կես ժամո՞վ… Այսինքն` կես ժամ… (Սիրահետելու շարժումներ է անում):

ՍԹԻՎ─ Այո´, այո´: Դու ե՞րբ ես վերջին անգամ կին սիրել: (Ջեքսոնն առյուծի մռնչյուն է արձակում, բայց զգացվում է, որ չի համարձակվում զանգել):

ԷԴԻ─ Մի´ վախեցիր, դե… (Համար է հավաքում և հեռախոսը մեկնում Ջեքսոնին): Համարձակ խոսիր: Ինչպես միստրը:

ՍԹԻՎ─ (Հուշում է, թե ինչ պիտի ասի) Փիսիկս… վագրիկս… (Լսվում է Մարիի ձայնը):

ՄԱՐԻ─ Ալո… (Ջեքսոնը շփոթմունքից մնում է լուռ): Դե, խոսիր, շլդիկս…

ՋԵՔՍՈՆ─ (Էդիին և Սթիվին) Ասում է` շլդիկս…

ԷԴԻ─ Ասա` փիսիկս…

ՋԵՔՍՈՆ─ Դու… դու… դո՞ւ ես, փիսիկս:

ՄԱՐԻ─ Դե էլ ո՞վ պիտի լինի, նապաստակս: Իսկ դու, ինչ է, ի՞նձ չես զանգել:

ՋԵՔՍՈՆ─ Ես… Ես Մարիին եմ զանգել…

ՄԱՐԻ─ Է՛, Հարդի´, ճագարիկ, քո թեժ կրակից սև ծուխն է միայն մնացել…

ՋԵՔՍՈՆ─ Ի՞նչ:

ՄԱՐԻ─ Դու ոնց որ էլի նստել ես, հա՞, Ջեկ:

ՋԵՔՍՈՆ─ Ո՛չ: Ես կանգնած եմ:

ՄԱՐԻ─ Իսկ մինչ ա՞յդ… Ասեղի ծայրի՞ն…

ՋԵՔՍՈՆ─ Ես… (իրեն սկսում է տիրապետել) պարզապես զանգեցի, Մարի´, որ խոսեմ քեզ հետ…

ՄԱՐԻ─ Ընդամենը` խոսե՞լ: Իսկ ե՞րբ ես գալու:

ՋԵՔՍՈՆ─ Քո ձայնը լսելուց հետո ուզում եմ հենց հիմա վազել…

ԷԴԻ─ Հիմա, չէ: Հետո:

ՄԱՐԻ─ Օ՛, վերջապե՞ս, Ջեկ:

ՍԹԻՎ─ Ասա, որ հետո ես գնալու: Մի քանի օրից:

ՄԱՐԻ─ Դու, ինչ է, մենակ չե՞ս:

ՋԵՔՍՈՆ─ Չէ, փիսիկս, մենակ չեմ, և ինձ ասում են, որ հիմա քեզ մոտ գալ չեմ կարող: Մի քանի օրից:

ՄԱՐԻ─ Այդ ո՞վ է սկսել քեզ կարգադրություններ անել:

ԷԴԻ─ Ապուշ… Հիմար…

ՋԵՔՍՈՆ─ (Մեքենայաբար կրկնում է): Ապուշ… Հիմար… (Զգալով, որ սխալվեց) Թո´ւ… Ես դա հենց այնպես, Մարի, որպես կոչական ասացի: Այդպիսի սովորություն ունեմ:

ՍԹԻՎ─ Ասա, որ մի քանի օրից կգնաս, և վերջացրու:

ՄԱՐԻ─ Այդ ո՞վ է ցուցումներ տալիս, Ջեկ: Քեզ ի՞նչ է պատահել, որ մի տեսակ ես: Ինչո՞ւ մի քանի օրից և ոչ թե հիմա: (Էդին և Սթիվը փորձում են կրկին ինչ-որ բան հուշել, բայց Ջոնին հասկացնում է, որ չմիջամտեն, և զրույցի թելը վերցնում է իր ձեռքը):

ՋԵՔՍՈՆ─ Գիտե՞ս` բանն ինչ է, Մարի: Նրանք ինձ հետ պարապում են: Ասում են, որ ես դեռևս տարբերվում եմ իսկական Հարդիից: Ես փորձեր եմ անում, որ դառնամ իսկական Հարդին: Լսո՞ւմ ես…

ՄԱՐԻ─ Ի՞նչ… (Ծիծաղում է): Օ՛, իմ հանգած հրաբուխ: Ուրեմն դու նորից ուզում ես դառնալ իսկական Հարդի՞ն:

ՋԵՔՍՈՆ─ Հա´, գժի պես: (Կրկին մռնչում է):

ՄԱՐԻ─ (Ծիծաղելով) Ջե´կ, նապաստակս, դու այսօր հաբեր հո չե՞ս ընդունել:

ՋԵՔՍՈՆ─ Հաբե՞ր: Ո´չ: Ես ամեն օր արդեն դուշ եմ ընդունում ու վարժություններ անում:

ՄԱՐԻ─ Ի՞նչ վարժություններ, խենթո´ւկ:

ՍԹԻՎ─ Դասական գիժ…

ԷԴԻ─ Ապո´ւշ…

ՋԵՔՍՈՆ─ Դասական, գժական…

ՄԱՐԻ─ Եվ ի՞նչ… Ստացվո՞ւմ է: Դու երևի հատուկ սարքերի վրա ես պարապում, հա՞: Ոտնիվեր, գլխիվայր…

ՋԵՔՍՈՆ─ Չէ, դեռևս ինչ-որ բառեր եմ կրկնում, ոտքս գցում ոտքիս ու մատներով տկտկացնում: (Մարին ծիծաղում է): Ուրեմն դեռ պիտի սովորեմ նաև գլխիվայր շրջվե՞լ: (Սթիվին և Էդիին նայելով) Բանից պարզվում է, որ ես ոչ թե ֆինանսիստ եմ, այլ ծաղրածո՞ւ…

ՍԹԻՎ─ Այսօր բավական է: Ասա, որ հետո էլի կզանգես ու վերջացրու:

ՋԵՔՍՈՆ─ Այսօր բավական է: Հետո էլի կզանգեմ:

ԷԴԻ─ (Հուշում է): Գուդբայ:

ՋԵՔՍՈՆ─ Գուդբայ, վագրիկս:

ՄԱՐԻ─ Ցտեսություն, նապաստակ: Բայց այսօր դու մի տեսակ ավելի լավն էիր, Ջեկ… Համբուրում եմ:


Ջեքսոնը խոսակցությունն ավարտում է: Էդին և Սթիվը, լարվածությունից թուլանալով, ազատ շունչ են քաշում:


ՋԵՔՍՈՆ─ Ես միշտ ասել եմ, որ ճշմարտությունը հաճախ լինում է անհավատալի, իսկ սուտը` ավելի քան համոզիչ… (Անդրավարտիքի փողքը բարձրացնում է ու ոտքը քորում):

ՍԹԻՎ─ Որպես սկիզբ` տանելի էր:

ԷԴԻ─ Եթե նկատի ունենանք վերջնական արդյունքը, նույնիսկ լավ էր, բայց դու քեզ պիտի լուրջ պահես, Ջոնի: Միստրը նման կատակներ չի անում:

ՍԹԻՎ─ Վաղը կարճ ժամանակով քեզ ուզում ենք, այսպես ասած, ներկայացնել նրա ընտանիքին: Ի՞նչ կասես:

ՋԵՔՍՈՆ─ (Վախեցած) Ի՞նձ…

ԷԴԻ─ Մի´ վախեցիր, Ջոնի: Մենք լինելու ենք քեզ հետ: Մտնելու ենք տուն և դուրս գանք: Որպես փորձ, քննություն: Հիշիր, որ դու արդեն ոչ թե Ջեքսոնն ես, այլ Հարդին: Քեզ ամենուր պիտի պահես այնպես, ինչպես իրեն պահում է Հարդին:

ՍԹԻՎ─ Նկատի կունենաս, որ նրա կինը` Քիմ Հարդին, տնօրենն է օծանելիքի հայտնի ֆիրմայի:

ԷԴԻ─ Միշտ հիշիր, թե ինչպես է Հարդին շարժվում, ինչ ժեստեր է անում, ինչ բառեր գործածում: (Ջեքսոնը Հարդիի նման նայում է ժամացույցին…)


Նոր պատկեր

Ջեկ Հարդիի բնակարանը: Ներս է մտնում սպասուհին` Քեթրինը:


ՔԵԹՐԻՆ─ Տի-տո´… Տիտո´, որտե՞ղ ես… (Նայում է սենյակի չորս կողմը): Ա´յ թե չարաճճին ես դու: Ես արդեն քո հայրիկին կբողոքեմ:


Լսվում է դռան զանգի ձայն: Քեթրինը գնում է բացելու: Տիտոն` ավտոմատը ձեռքին, բազկաթոռի հետևից դուրս է գալիս, աթոռը շրջելով` նրա հետևում դիրք բռնում և փողն ուղղում դռան կողմը: Լսվում է Քեթրինի ձայնը:


ՔԵԹՐԻՆ─ Օ՛, միստր Էդի, միստր Սթիվ, համեցեք: (Հենց երևում են Էդին, Սթիվն ու Ջեքսոնը, Տիտոն ճայթռուկներ է նետում):

ԷԴԻ─ (Փորձելով կատակի տալ) Տիտո… Տիտո… Տե´ս, մենք արդեն զոհվեցինք: Հերիք է, Տիտո…

ՏԻՏՈ─ Չէ´, դուք դեռ չեք մեռել: (Կրակում է ավտոմատով, որի փողից «բոց» է դուրս գալիս: Ջեքսոնը սարսափահար ուզում է հետ դառնալ, բայց Սթիվը չի թողնում):

ՔԵԹՐԻՆ─ Ինչպե՞ս չես ամաչում, Տիտո: Չէ՞ որ արդեն մեծ տղա ես…

ՏԻՏՈ─ Պառկե´լ… (Նետում է «նռնակ»: Ջեքսոնն անմիջապես պառկում է):

ՍԹԻՎ─ Տեսնո՞ւմ ես, Տիտո, քո հայրիկն արդեն սպանված է:

ՏԻՏՈ─ Ձեռքներդ վե´ր:

ԷԴԻ─ Լավ, լավ, հանձնվում ենք: (Ջեքսոնին հասկացնում է, որ «դերի» մեջ մտնելու ժամանակն է: Ջեքսոնը ցույց է տալիս, որ չգիտի ինչ անել: Քեթրինը, Տիտոյի գլուխը շոյելով, փորձում է նրան համոզել, որ խաղը դադարեցնի):

ՔԵԹՐԻՆ─ Ինչ լավ տղա է, չէ՞, Տիտոն: (Ջեքսոնը գնում, նստում է աթոռին, ոտքը գցում ոտքին և սեղանի վրա տկտկացնում):

ՏԻՏՈ─ Ասում եմ` ձեռքներդ վե´ր:

ՋԵՔՍՈՆ─ Ապո´ւշ… Հիմա´ր… (Մի պահ բոլորը զարմացած նայում են իրար: Ջեքսոնը ձայնն ավելի է բարձրացնում): Հիմա´ր… (Ներս է մտնում Ջեկի կինը` Քիմ Հարդին):

ՔԻՄ─ Ի՞նչ է այստեղ կատարվում:

ՍԹԻՎ─ Տիկին Հարդի… Մենք պարզապես Տիտոյի հետ զվարճացանք: Բայց դու մեզ լավ վախեցրիր, չէ՞, Տիտո: (Ջեքսոնը դարձյալ չկողմնորոշվելով, թե ինչ պիտի անի, ավելի ցուցադրաբար է նայում ժամացույցին):

ՔԻՄ─ Ջե՞կ… Քեզ ի՞նչ է պատահել: Դու այսօր քեզ նման չես:

ՋԵՔՍՈՆ─ (Անակնկալի գալով) Ի՞նչ… (Էդիին ու Սթիվին) Ասում էի, չէ՞: (Քիմին) Այդ մասին դու ասա ոչ թե ինձ, այլ սրանց:

ԷԴԻ─ Տիկին Հարդի, պարզապես միստրն այսօր անտրամադիր է:

ՋԵՔՍՈՆ─ (Էդիին) Տեսա՞ք… Համոզվեցի՞ք… Ես ասում էի, իսկ դուք… (Նրանց նմանակելով) Փիսի՛կս, վագրի՛կս…

ՔԻՄ─ (Զարմացած) Չեմ հասկանում:

ՍԹԻՎ─ Տիկին Հարդի, միստրն այսօր մի քիչ ընկճված է:

ՏԻՏՈ─ (Մոտենալով Ջեքսոնին) Հայրի´կ, ինչո՞ւ ես ընկճված:

ՋԵՔՍՈՆ─ (Տիտոյի գլխին թեթևակի խփելով) Որովհետև դու տխմար ու խելառ լակոտ ես: (Տիտոն լացելով վազում է մոր մոտ):

ԷԴԻ─ Տիկին Հարդի, մենք միայն մի քանի րոպեով… Պարզապես… Արդեն գնալու ժամն է: Միստրն ուշանում է: (Ջեքսոնին) Երևի արդեն գնա՞նք, միստր Հարդի:

ՋԵՔՍՈՆ─ Միստր Հարդի՞… (Հասկանալով, որ վիճակն այնքան էլ անհուսալի չէ): Այո´, Էդի´, գնանք: (Կրկին նայում է ժամացույցին): Ես այսօր իրոք անտրամադիր եմ: Ինձ կներես, չէ՞, Տիտո:

ՔԻՄ─ Դու խմա՞ծ ես, Ջեկ:

ՋԵՔՍՈՆ─ Խմա՞ծ: Այո´, մի քիչ: Բայց դա ոչինչ: Կարևորն այն է, որ դու ինձ Ջեկ անվանեցիր: Կարևորն այն է, որ ես Ջեկն եմ, Ջեկ Հարդին: (Լսվում է հեռախոսազանգ: Ջեքսոնը, ինքնավստահություն ձեռք բերած, վերցնում է լսափողը): Ջեկ Հարդին լսում է: (Հանդիսատեսների համար լսելի է դառնում նաև զրուցակցի` Հարդիի ձայնը):

ՀԱՐԴԻ─ Ապո´ւշ, այդ ես եմ Ջեկ Հարդին:

ՋԵՔՍՈՆ─ (Ներկաներին) Լսո՞ւմ եք: Ասում է. «Ջեկ Հարդին ես եմ»: Եթե Ջեկ Հարդին դու ես, այդ դեպքում ո՞վ է օծանելիքների հանրահայտ ֆիրմայի տնօրեն Մարի Հարդիի ամուսինը:

ՀԱՐԴԻ─ Դու կատարյալ գիժ ես… Դու վաղուց այդտեղ չպիտի լինեիր: Ինչո՞ւ ես այդտեղ:

ՋԵՔՍՈՆ─ Որովհետև դուռն ականապատված է: Չեմ կարող դուրս գալ:

ՀԱՐԴԻ─ Ես քեզ հետ դեռ կխոսեմ, տխմա´ր: Հաղորդիր Էդիին և Սթիվին, որ գան ինձ մոտ:

ՋԵՔՍՈՆ─ Լսում եմ, միստր… (Անմիջապես զգալով, որ սխալվել է): Միստր… Հար… հիմա´ր… (Լսափողը դնում է):

ՍԹԻՎ─ (Դադարից անմիջապես օգտվելով) Դե ի՞նչ, գնա՞նք, Ջե… Ջե… Միստր Հարդի:

ՋԵՔՍՈՆ─ Գնանք, Սթիվ: (Հրամանատարի դեր ստանձնելով) Հառա՛ջ…

ՏԻՏՈ─ (Ավտոմատը վերցնելով` կրակում է): Հառա՛ջ…


Ջեքսոնը, Էդին, Սթիվը և Տիտոն գնում են:

Նոր պատկեր:

Հարդիի մոտ են Էդին և Սթիվը:


ՍԹԻՎ─ Չնայած որոշ անախորժություններին, որպես նախկին ոստիկան` կարող եմ ասել, որ փորձերն անցան հաջող:

ԷԴԻ─ Կարևորն այն է, որ այդ ապուշն ընդունվեց որպես միստր Հարդի… (Հարդին խեթ նայում է Էդիին, և վերջինս անմիջապես զգում է սխալը): Նկատի ունեմ, որ ֆիզիկապես դուք ընկալվեցիք որպես նույնը, միստր:

ՍԹԻՎ─ Եվ քանի որ նա` որպես մարմին, նյութ, ընդունվել է, ուստի այդ նյութի վրա աշխատանքը պետք է շարունակել:

ԷԴԻ─ Եվ, բացի այդ, միստր, գուցե իմ առաջարկը թվա անհեթեթ, այսուհանդերձ… (Նայում է Հարդիին): Այսուհանդերձ պիտի ասեմ, որ մենք մեր ուզած արդյունքին չենք հասնի, եթե չգնանք նաև հակառակ ուղղությամբ… Բանն այն է, որ որոշ հարցերում Ջոնիին անհնար է վերափոխել… Հասկանո՞ւմ եք, հարցն այն է, որ նա որոշ չափով… Դե, Դուք էլ գիտեք… Նա մի քիչ ապուշ է: Այլ կերպ ասած` նա իրեն երբեմն պահում է, այսպես ասած, ոչ խելացի…

ՀԱՐԴԻ─ Եվ ի՞նչ, Էդի:

ԷԴԻ─ Ասել կուզեմ, միստր, քանի որ անհնար է նրան դարձնել այնքան խելացի, այսինքն` այնպես չափած-ձևած, ուղիղ գծերով, ինչպիսին Դուք եք, ուստի ճիշտ կլինի, եթե… եթե մի փոքր էլ մենք աշխատենք Ձեզ վրա: Ասել կուզեմ, մի քիչ, մի փոքր ծռենք այդ գծերը… Չափ ու ձևը դարձնենք… դարձյալ չափ ու ձև, բայց մի քիչ խախտումով, աններդաշնակ: Մի խոսքով` միստր Հարդի, եթե մի փոքր էլ Դուք փորձեք դառնալ Ջեքսոն… Այսինքն… Ներեցեք, մի նոր միստր, նոր միստր Հարդի, ամեն բան կլինի կատարյալ:

ՍԹԻՎ─ Այո´, միստր: Որպես նախկին ոստիկան` ասեմ, որ Մարին ավելի շատ հավանեց այդ նոր միստր Հարդիին:

ԷԴԻ─ Հավատացեք, միստր, որ ձեր շրջապատը նույնպես կցանկանա տեսնել նոր Հարդի: Նույն անձից, հատկապես ուղիղ գծածից, չափած-ձևածից մարդիկ հոգնում են, ձանձրանում, և ձեզ նույնպես, հավատացեք, նոր կերպար է պետք: Այսպես ասած` վերափոխում, վերածնունդ:

ՀԱՐԴԻ─ Լավ: Եվ ի՞նչ պիտի անեմ ես:

ՍԹԻՎ─ Նմանվեք նրան, միստր Ջեքսոնին…

ՀԱՐԴԻ─ Ապո´ւշ: Հիմա´ր: (Տեղից վեր է կենում և սկսում քայլել):

ԷԴԻ─ Մի´ստր… Դուք այդ բառերը ճիշտ նրա տոնայնությամբ ասացիք:

ՍԹԻՎ─ Գիտե՞ք, Ջոնին սովորություն ունի նաև երբեմն-երբեմն քունքը և ոտքը քորելու…

ՀԱՐԴԻ─ Դուք գժվե´լ եք, Սթի´վ: (Նստում է, ոտքը գցում ոտքին և սեղանին տկտկացնում: Լարվածության պատճառով դա անում է սովորականից ուժեղ: Այնպես, ինչպես Ջեքսոնը):

ՍԹԻՎ─ (Զարմացած) Միստր Հարդի… Ինձ թվում է, որ դուք իրար նմանվում եք արդեն ինքնըստինքյան:


Ներս է մտնում Սառա Փիթը` ձեռքին սպիտակ ծաղիկներ:


ՍԱՌԱ─ Միստր Հարդի, շնորհավորում եմ… (Ծաղիկները նրան մեկնելով) Տեսեք, թե Ձեր արտաքինին որքա՛ն ներդաշնակ են:

ՀԱՐԴԻ─ (Ծաղիկները վերցնելով) Այո´, միսիս Փիթ… Ինչպես սև երկնքում` սպիտակ ասուպ… (Քոնքը ցուցադրաբար քորելով) Բայց ես չեմ կարողանում կռահել, թե շնորհավորելու ի՞նչ առիթ ունեմ:

ՍԱՌԱ─ Ա՛խ, միստր Հարդի: Ինչպե՞ս եք մոռացել, որ ուղիղ հինգ տարի առաջ` այս օրը, երբ դեռևս թափուր էր այս հաստիքը, Դուք ստացաք այդ թափուր հաստիքին Ձեզ նշանակելու հրամանը:


Ներս է մտնում քարտուղարուհին` Էմմա Սմիթը, դարձյալ բերելով փաստաթղթերի տրցակ:


ԷՄՄԱ─ Շտապ փաստաթղթեր են, միստր Հարդի, շատ շտապ… (Փաստաթղթերը դնում է Հարդիի առաջ):

ՍԱՌԱ─ (Խայթող տոնով) Դիտարկման փաստաթղթերը, միստր: Ներքի´ն… դիտարկմա´ն…

ՀԱՐԴԻ─ Ի՞նչ ես կարծում, Էդի, ի՞նչ կաներ Ջոնին այսպիսի դեպքերում:

ԷԴԻ─ Նա հաստատ կաներ մի բան, ինչին ոչ ոք չէր սպասում: Հարկավոր է փորձել, շարունակել աշխատանքը:

ՀԱՐԴԻ─ (Ստորագրելով) Դե… ուրեմն… շարունակեք… Էդի…


Մթնում է և լուսավորվում բավական ուշ, որ նշանակում է, թե անցել է որոշ ժամանակ:

Էդի, Սթիվ և Ջոնի:


ՍԹԻՎ─ Երեք շաբաթ է` պարապում ենք: Դու պիտի իմանաս նրա կյանքի ողջ պատմությունը:

ՋԵՔՍՈՆ─ Ուզում ես ասել` պատմության այն մասը, որը գիտեն նաև ուրիշնե՞րը:

ՍԹԻՎ─ Թեկուզ և` այդպես…

ԷԴԻ─ Այդ ամենը գիտեն միայն չորս հոգի. նա, մենք (ցույց է տալիս իրեն և Սթիվին) և դու: Եթե իմանա նաև հինգերորդը, ուրեմն մեզանից մեկը կպակասի, և կմնանք դարձյալ չորսով…

ՍԹԻՎ─ Երեքով, Էդի, քանի որ այդ դեպքում չի մնա նաև հինգերորդը…

ՋԵՔՍՈՆ─ Բայց սա ավելի շատ ինտրիգային գրքի նյութ է, քան կենսագրություն:

ԷԴԻ─ Գրող դու այլևս չես դառնա, Ջոնի: Ուրեմն ավելի լավ է սերտես, թե ինչպե´ս է պաշտոն ստացել միստր Հարդին: Ո´վ է նրա համար Մարին: Ինչո´ւ է ամուսնացել Քիմի հետ: Քանի´ աշխատող կա ընկերությունում և այլն, և այլն: Պա՞րզ է:

ՋԵՔՍՈՆ─ Էդի´… Էդի Մոմսեն, բայց ես չեմ կարող դառնալ ուրիշի կյանքի հանրագիտարան:

ՍԹԻՎ─ Դու չունես այլ ելք, Ջոնի:

ԷԴԻ─ Ի դեպ` դու այսօր ունենալու ես սիրային հանդիպում Մարիի հետ… Նախանձելի՛ հանդիպում:

ՋԵՔՍՈՆ─ (Ժամացույցին ցուցադրաբար նայելով) Գրողը տանի, բայց սա նաև հետաքրքիր է: Շա՛տ հետաքրքիր…


Նոր պատկեր:

Սառա Փիթը և Ջեկ Հարդին` վերջինիս աշխատասենյակում: Հարդին փաստաթղթեր է նայում, Սառան կանգնած է նրա մոտ:


ՍԱՌԱ─ Հիշո՞ւմ ես, Ջեկ, երկու տարի առաջ մենք ի՛նչ անմոռաց ժամանակ անցկացրինք Լաս Վեգասում: Հրաշալի շաբաթ էր, չէ՞… (Լսվում է Տիտոյի ավտոմատի ձայնը):

ՏԻՏՈ─ Ես ձեզ սպանելու եմ: Բոլորիդ սպանելու եմ… (Նորից է կրակում): Ձեռքերդ վե´ր: Ասում եմ` ներս գնա: (Ձեռքերը վեր պարզած, գերու դեր խաղալով` ներս է մտնում Էմման, հետևից` Տիտոն):

ԷՄՄԱ─ Ո՛չ, ո՛չ… Ինձ մի´ սպանիր, ես մեղք եմ:

ՏԻՏՈ─ Դու մեղք չես: Դու իմ գերին ես: Բոլորիդ խփելու եմ:

ԷՄՄԱ─ Չէ´, չէ´, Տիտո, ինձ մի´ խփիր:

ՍԱՌԱ─ Օ՛, այս ինչ լավ բալիկ է:

ՏԻՏՈ─ Ես բալիկ չեմ: Ես գեներալ եմ: Բոլորիդ սպանելու եմ:

ՍԱՌԱ─ (Նույնպես` խաղալով) Օ՛, իմ գեներալ, ինձ խփիր: (Զգացվում է, որ և´ Սառան, և´ Էմման այդ դերը խաղում են Հարդիին հաճոյանալու համար):

ՏԻՏՈ─ Ես քեզ չեմ խփելու: Քեզ կախելու եմ:

ԷՄՄԱ─ Ինձ կախիր, Տիտո´, ինձ:

ՍԱՌԱ─ Չէ´, ավելի լավ է` ինձ կախես:

ԷՄՄԱ─ Դու մեջ մի´ ընկիր: Տիտոն գիտի, թե ում կկախի: Չէ՞, Տիտո:

ՏԻՏՈ─ Ես բոլորի´դ եմ կախելու:

ՍԱՌԱ─ Առաջինն ուրեմն ինձ կախիր, գեներալ Հարդի:

ԷՄՄԱ─ Ո´չ: Գեներալ Հարդին որոշել է առաջինն ինձ կախել:

ՏԻՏՈ─ Բոլորիդ հերթով եմ կախելու: Ձեռքներդ վե´ր: (Սառան և Էմման ձեռքներն անմիջապես պարզում են վեր` նայելով Հարդիին): Իրար հետևից` դեպի դուրս: Մեկ-երկու, մեկ-երկու…

ԷՄՄԱ─ (Փորձելով կրկին գրավել Հարդիի ուշադրությունը) Մնաս բարով, միստր Հարդի: Մնաս բարով…

ՍԱՌԱ─ (Հրաժեշտ է տալիս ձեռքով): Ջե՛կ…


Հարդին մնում է մենակ: Լսվում է հեռախոսազանգ: Վերցնում է լսափողը: Մի կողմում` լուսարձակի տակ, երևում է Մարին` բազկաթոռին նստած, մյուս կողմում` Հարդին:


ՀԱՐԴԻ─ Ալո´, փիսիկս:

ՄԱՐԻ─ Ինչպե՞ս ես, ցլիկ: Դեռ կարողանո՞ւմ ես:

ՀԱՐԴԻ─ Ի՞նչը, սիրելիս:

ՄԱՐԻ─ Դե, էլ ո՞րն է քո գործը. ստորագրե՛լ, հաշվե՛լ… Ես քեզ չափից շատ ուժասպառ հո չե՞մ արել:

ՀԱՐԴԻ─ Ի՞նչ ես ասում, աղունիկս:

ՄԱՐԻ─ Օ՛, Ջե´կ, դու վաղուց այսպիսին չէիր եղել: Կարծես դա դու չլինեիր…

ՀԱՐԴԻ─ Ի՞նչ ես ասում:

ՄԱՐԻ─ Դու վերջապես արդարացրիր քեզ: Այսօր ոնց որ առյուծ լինեիր: Գլխիվայր… Ոտնիվեր… Պատկերացրու, որ գնացիր թե չէ, իսկույն կարոտեցի, ուզեցի կրկին հետդ խոսել: Կարծես ես մի նոր Ջեկ գտա ու նորից սիրահարվեցի:

ՀԱՐԴԻ─ Ի՞նչ… Մի նոր Ջե՞կ… Դա Էր պակաս… Ես արդեն սկսեցի խանդել… այդ նոր Ջեկին:

ՄԱՐԻ─ (Ծիծաղում է): Օ՛, իմ գիժ… Դու որքան լավն ես, երբ գիժ ես: Այսօրվա նման…

ՀԱՐԴԻ─ Ու ես որքան սկսեցի հասկանալ, մարդիկ հիմա գժությունն ավելի են սիրում:

ՄԱՐԻ─ Վերջապես սկսեցիր հասկանալ, Ջեկ, Ջեկ Հարդի… Ե՞րբ ես նորից գալու, հա՞, սիրելիս: Միայն թե այս անգամ մի ամբողջ գիշեր: Ու ես այդ գիշերվա մթնում քեզ համար կդառնամ լույս…

ՀԱՐԴԻ─ (Կտրուկ) Վա´ղը: Հենց վաղը գիշեր:

ՄԱՐԻ─ Ուրեմն` մինչ վաղը, իմ գիժ… Ընդունիր համբույրս: (Համբուրում է լսափողը):


Լույսերը մարում են:

Նոր պատկեր: Ջեկ Հարդիի բնակարանը: Տիտոն վազելով միջանցքից մտնում է սենյակ:


ՏԻՏՈ─ Մայրի´կ, մայրի´կ, հայրիկը եկավ: Էլի խմած է: (Ներս է մտնում Ջեքսոնը և ատրճանակի փողն ուղղում Տիտոյի կողմը):

ՋԵՔՍՈՆ─ Ձեռքերդ վե´ր:

ՏԻՏՈ─ (Ուրախացած, որ դարձյալ կռիվ-կռիվ է խաղալու) Ես չեմ հանձնվի, հայրիկ: (Վազում, վերցնում է ավտոմատը և Ջեքսոնի վրա կրակում): Տեսա՞ր, ես քեզ ավելի շուտ խփեցի:

ՋԵՔՍՈՆ─ Այո´, շան լակոտ: Այսօր դու իմ գեղեցկուհիներին կախեցիր, քիչ էր, հիմա էլ ինձ սպանեցիր:

ՏԻՏՈ─ (Դարձյալ` կրակելով) Դե ընկիր, հայրի´կ, դու սպանված ես:

ՋԵՔՍՈՆ─ Լավ-լավ: Ես հանձնվում եմ: (Ատրճանակը տալով Տիտոյին) Վերցրու, սա´ էլ քեզ: Հարստացրու զինանոցդ: Առաջիկայում մեզ մեծ կռիվներ են սպասում, Տիտո:

ՏԻՏՈ─ (Ուրախացած) Իսկապե՞ս, հայրիկ:


Ներս է մտնում Քեթրինը:


ՔԵԹՐԻՆ─ Օ՛, միստր Հարդի… (Նկատելով, որ խմած է. զարմացած) Միստր Հարդի՞…

ՋԵՔՍՈՆ─ Այո´, գեղեցկուհիս…

ՏԻՏՈ─ (Դռներից մեկի կողմը նայելով) Մայրի´կ, մայրի´կ, հայրիկը Քեթրինին ասաց «գեղեցկուհիս»:

ՋԵՔՍՈՆ─ Ձա´յնդ, շան լակոտ:

ՔԵԹՐԻՆ─ (Հաճոյախոսությունից շոյված) Միստր Հարդի, Դուք այսօր Ձեզ ամենևին նման չեք:

ՋԵՔՍՈՆ─ Ընդամենը մի փոքր ճշտում. ճիշտ կլիներ, եթե ասեիր, թե ես միստր Հարդին չեմ: Քեզ խորհուրդ, Քեթրին: Եթե ուզում ես` ասածդ իրողությանը չհավատան, բոլոր «խելոքներին» դիր ապուշի տեղ և ասա ճշմարտությունը:

ՔԵԹՐԻՆ─ (Ծիծաղելով) Բայց Դուք այսպես ավելի հետաքրքիր եք, միստր: Խմածությունը Ձեզ սազում է:

ՋԵՔՍՈՆ─ Եվ ճիշտ է անում… Տիտո´, կոնյակ բեր: Դու ես մեզ այսօր սպասարկելու: (Քեթրինին) Իսկ դու նստիր, անուշիկս…

ՏԻՏՈ─ Մայրի´կ, մայրի´կ, հայրիկը Քեթրինին ասաց «անուշիկս»:

ՋԵՔՍՈՆ─ Դու կոնյակ բեր, շան լակոտ:

ՔԵԹՐԻՆ─ Միստր Հարդի… Ես չեմ խմում:

ՋԵՔՍՈՆ─ (Քեթրինի աչքերին նայելով) Քեթրի´ն… (Տիտոյին, որը կոնյակ է բերում) Լակո´տ, ես ի՞նչ պիտի ասեի Քեթրինին…

ՏԻՏՈ─ Գեղեցկուհիս, անուշիկս…

ՋԵՔՍՈՆ─ Հա´, ճիշտ է: Իսկ այն տխմարներն ստիպում են, որ ես ամեն հինգերորդ րոպեին «ապուշ» ու «հիմար» բղավեմ:

ՔԵԹՐԻՆ─ (Դարձյալ ծիծաղելով) Միստր Հարդի, Դուք այսօր որքա՛ն լավն եք:

ՋԵՔՍՈՆ─ Սրանից հետո այսպես հաճախ է պատահելու: (Իրենից ակախ) Ապո´ւշ… Թո´ւ…

ՔԵԹՐԻՆ─ Ի՞նչ:

ՋԵՔՍՈՆ─ Դա ես հենց այնպես ասացի, սիրելի´ս, որպես կոչական:

ՏԻՏՈ─ (Դռներից մեկը բախելով) Մայրի´կ, մայրի´կ…

ՋԵՔՍՈՆ─ Տիտո´, շան լակոտ, օգնիր, որ ոտքս ոտքիս գցեմ… (Ժամացույցին նայելով) Ոնց որ արդեն ժամն է:

ՔԵԹՐԻՆ─ Ինչի՞ ժամը, միստր:

ՋԵՔՍՈՆ─ Դե, ասում են, թե ես այդպիսի սովորություն ունեմ. ոտքս ոտքիս գցած` սեղանի վրա պիտի տկտկացնեմ… (Տիտոյի օգնությամբ ոտքը գցում է ոտքին և սեղանին տկտկացնում):

ՔԵԹՐԻՆ─ (Ծիծաղելով) Ասում եմ, չէ՞, Դուք այսօր շա՛տ հետաքրքիր եք, միստր:

ՋԵՔՍՈՆ─ Տիտո´, լցրո´ւ բաժակները: Մենք այսօր… խմելո´ւ ենք:

ՏԻՏՈ─ (Բաժակները լցնելով) Մայրի՛կ, մենք այսօր հարբելո՛ւ ենք…

ՔԵԹՐԻՆ─ Ես չեմ խմում, միստր: (Ցույց տալով գլուխը) Իսկույն խփում է:

ՋԵՔՍՈՆ─ Տիտո´, քո կարծիքով` հիմա ես ի՞նչ պիտի ասեմ միսիս Քեթրինին:

ՏԻՏՈ─ (Անմիջապես վրա է տալիս) Գեղեցկուհի´ս, անուշի´կս, սիրելի´ս…

ՔԵԹՐԻՆ─ Օ՛… (Սիրալիր հայացքով Ջեքսոնին նայելով) Ձեր կենացը, միստր: (Խմում է):

ՋԵՔՍՈՆ─ Ջե´կ… Այսուհետև քեզ համար ես Ջեկ եմ: Այլևս` ոչ մի «միստր»:

ՔԵԹՐԻՆ─ Լսում եմ… Ջե´կ…

ՋԵՔՍՈՆ─ Տիտո´…

ՔԵԹՐԻՆ─ Շա´ն լակոտ…

ՋԵՔՍՈՆ─ Բաժակնե´րը… (Ձեռքը գցում է Քեթրինի ուսին):

ՏԻՏՈ─ Մայրի՛կ…

ՋԵՔՍՈՆ─ Լռի´ր…

ՔԵԹՐԻՆ─ Շան լակոտ:

ՋԵՔՍՈՆ─ (Գլուխը ցույց տալով) Խփե՞ց…

ՔԵԹՐԻՆ─ Տասին… Դու այսօր ինչ լավն ես, Ջե´կ…

ՋԵՔՍՈՆ─ (Տիտոյի բերանը փակում է և բղավում նրա փոխարեն) Մայրի՛կ…

ՔԵԹՐԻՆ─ Տիտո´… (Ցույց է տալիս, որ բաժակները լցնի):

ՋԵՔՍՈՆ─ Փիսիկս… Վագրիկս…

ՔԵԹՐԻՆ─ Ի՞նչ… (Եվս մի բաժակ խմելուց հետո) Ի՞նչ… Գիտե՞ս` այդպես ինձ նաև նա´ էր ասում:

ՋԵՔՍՈՆ─ Նա՞, որ… (ցույց է տալիս` պառկեցրեց) իսկ ինքը թռավ…

ՔԵԹՐԻՆ─ (Հուզված) Այո´, Ջեկ… Ես դարձա մայր, իսկ նա թռավ` հայր չդարձած… Եվ ինձ ոչ ոք այլևս նրա պես խենթաբար չցանկացավ…

ՋԵՔՍՈՆ─ Ապո´ւշ… Հիմա´ր… (Հուշերով տարված` Քեթրինը մի պահ հուզվում է: Զգացվում է, որ Ջեքսոնի մեջ ծնվում է կարեկցանք): Տիտո´…

ՏԻՏՈ─ (Հուշում է): Գեղեցկուհի՛ս, անուշի՛կս… (Ջեքսոնը նայում է Քեթրինի աչքերին):

ՔԵԹՐԻՆ─ (Իրեն վերագտնելով) Քո աչքերը, Ջե´կ, ավելի ուժեղ կրակ են ժայթքում, քան այս շան լակոտի ավտոմատը… Ես վախենում եմ… (Ջեքսոնից ցուցադրաբար փախչում է):

ՋԵՔՍՈՆ─ (Հետապնդելով) Կանգնի´ր… Կանգնի´ր… Միևնույնն է, քեզ վրա ես մի ամբողջ կրակահերթ եմ տեղալու: (Քեթրինը «փախչում է», Ջեքսոնը` «հետապնդում»):

ՔԵԹՐԻՆ─ Օգնությո՛ւն… Օգնությո՛ւն… (Տիտոն սկսում է ճայթռուկներ պայթեցնել):


Կիսահագնված, թաց մազերով ներս է մտնում Քիմ Հարդին և զարմացած նայում Ջեքսոնին ու Քեթրինին, որոնք, իրենց խաղով տարված, նրա ներկայությանը նշանակություն չեն տալիս:


ՋԵՔՍՈՆ─ Տիտո´: Առջևը փակիր, Տիտո… (Քիմ Հարդին կանգնում է մեջտեղում, իսկ մյուսները նրա շուրջը պտտվում են):

ՏԻՏՈ─ Մայրի՛կ… Մեծ կռիվը սկսվե՛ց… (Կրակում է):

ՔԵԹՐԻՆ─ Միսիս Հարդի… Միսիս Հարդի… փրկեք ինձ… (Ապաստանում է նրա թիկունքում):

ՋԵՔՍՈՆ─ Միևնույնն է, քեզ վրա ես մի ամբողջ կրակահերթ… (Հայացքը հանդիպում է Քիմ Հարդիի հայացքին) հերթ… կրակ… Տի-տո… մենք… ըն-կանք… ծու-ղա-կը… Տի-տո… (Գրպանից սպիտակավուն թաշկինակ հանելով` գլխավերևում ծածանում է…)


Նոր պատկեր:

Ջեկ Հարդիի աշխատասենյակը: Այստեղ են Ջեքսոնը և Հարդին: Վերջինս խոսում է` վրդովված քայլելով:


ՀԱՐԴԻ─ Իսկական անգլուխ… Քո հայրը պատահաբար Մայն Ռիդը հո չէ՞: (Նստում է աթոռին և ոտքը գցում ոտքին): Ես քեզ վճարում եմ: Ընդ որում` շատ բարձր, իսկ դու սկանդալներ ես սարքում:

ՋԵՔՍՈՆ─ Միստր Հարդի, ես…

ՀԱՐԴԻ─ Ոչ մի` ես: Քեզ համար «ես» այլևս չկա: Քո այդ ես-ը (ցույց է տալիս իրեն) ես եմ, և դու միայն պիտի անես այն, ինչ ի շահ է (կրկին իրեն ցույց տալով) այս ես-ին: Քեզ ասել էինք` կձևանաս հիվանդ, քնաբեր կընդունես ու կքնես: Իսկ դու… հարբած…

ՋԵՔՍՈՆ─ Միստր Հարդի, ախր ես… Չէ´, ներեցեք, Դուք… Չէ, ես… (Չի իմանում ինչ ասել) Այսինքն (մե´կ Հարդիին ցույց տալով, մե´կ իրեն) Դուք-ես-ը հարբած չի եղել:

ՀԱՐԴԻ─ Ինչպե՞ս չի եղել, եթե բոլորն ասում են, որ եղել է:

ՋԵՔՍՈՆ─ Բոլորը չեն իմացել: Իմացել եմ միայն ես… Դուք, այսինքն… Չէ… Գրողը տանի, մի խոսքով՝ միայն դուք-ես-ն է իմացել:

ՀԱՐԴԻ─ Ի՞նչն ես դու իմացել: (Նայում է ժամացույցին):

ՋԵՔՍՈՆ─ (Քունքը քորելով) Միայն ես եմ իմացել, որ խմած, հարբած չեմ… Ես ձևացրել եմ, միստր, որ ես, այսինքն` Դուք, մի խոսքով` մենք, կասկածելի չթվանք… Խմած Հարդին կարող էր տարբերվել չխմած Հարդիից, և ես, լինելով այդ խմած Հարդիի դերում, կարող էի այլևս կասկածելի չլինել… Մի խոսքով, միստր… (Ոտքը քորում է):

ՀԱՐԴԻ─ Ես հենց առաջին պահից զգացի, որ դու տաղանդավոր սրիկա ես, Ջոնի: Հիմա լսիր: Դու այստեղ մեկ ժամով, ընդամենը մեկ ժամով պիտի փոխարինես ինձ: Ոչ մեկին չես ընդունում, ոչինչ չես ստորագրում և հեռախոսներն անջատում ես: Ինձ այստեղ պետք է միայն քո ներկայությունը: Պա՞րզ է:

ՋԵՔՍՈՆ─ Պարզ է, միստր:

ՀԱՐԴԻ─ Կշփվես միայն քարտուղարուհու հետ` Էմմա Սմիթի: Հասկացա՞ր (Պատրաստվում է, որ դուրս գա սենյակի հետին դռնով):

ՋԵՔՍՈՆ─ Հասկացա, միստր:

ՀԱՐԴԻ─ Մեկ ժամ, Ջեքսո´ն:

ՋԵՔՍՈՆ─ Մեկ ժամ, մի´ստր:


Հարդին գնում է: Ջեքսոնն անմիջապես նստում է նրա աթոռին: Լսվում է հեռախոսազանգ: Ջեքսոնը մի պահ մտածում է, ապա հեռախոսները գծերից անջատում:

Ներս է մտնում Էմման:


ԷՄՄԱ─ Միստր Հարդի…

ՋԵՔՍՈՆ─ (Անմիջապես ընդհատելով) Օ՛, սիրունիկս:

ԷՄՄԱ─ (Անակնկալի գալով) Ի՞նչ:

ՋԵՔՍՈՆ─ Դե… Ասում եմ… Իսկ, ինչ է, ընդունված չէ՞ր:

ԷՄՄԱ─ Ի՞նչը, միստր:

ՋԵՔՍՈՆ─ (Մի քիչ շփոթված) Դե… Ասում եմ, ինչ է, դա ընդունված չէ՞ր…

ԷՄՄԱ─ (Սեթևեթելով) Միստր… Ձեզ չեմ հասկանում… Ես նույնիսկ մոռացա, թե ինչու ներս մտա… Գիտե՞ք, ինձ վաղուց… Ավելի ճիշտ` երբեք… այդ բառով, այդպես… Ես Ձեզ իսկապե՞ս, միստր…

ՋԵՔՍՈՆ─ Ինչպե՞ս թե` վաղուց… Քեզ, ինչ է, միստր Հարդին մինչև հիմա… Թո´ւ, ուզում էի ասել…

ԷՄՄԱ─ Մի´ ասեք… Այլևս ոչինչ մի´ ասեք…

ՋԵՔՍՈՆ─ (Ժամացույցին ցուցադրաբար նայելով) Ես միստր Հարդի ասելով` նկատի ունեի…

ԷՄՄԱ─ (Կրկին` ընդհատելով) Գիտեմ, միստր… Նկատի ունեիք այն մյուս Հարդիին…

ՋԵՔՍՈՆ─ (Ապշած) Ի՞նչ…

ԷՄՄԱ─ Դուք որքա՛ն տարբեր եք իրարից…

ՋԵՔՍՈՆ─ (Անակնկալի գալով) Ուրեմն… դու… զգացե՞լ ես…

ԷՄՄԱ─ Ինչպե՞ս կարող էի չզգալ: Կույր պետք է լինել` չզգալու համար:

ՋԵՔՍՈՆ─ Եվ վաղո՞ւց գիտեիր դա:

ԷՄՄԱ─ Շատ վաղուց: Ձեզ մոտ աշխատելու օրվանից: Շուրջ երկու տարի:

ՋԵՔՍՈՆ─ (Թեթևություն զգալով, կրկին` ինքն իրեն) Հիմար…

ԷՄՄԱ─ Այդպես մի´ ասեք, միստր: Հավատացեք, ես նույնիսկ ուրախ եմ, որ Դուք… երկուսն եք:

ՋԵՔՍՈՆ─ (Կրկին` շփոթված) Ի՞նչ:

ԷՄՄԱ─ Գիտե՞ք, այդպես ավելի հետաքրքիր է… Միօրինակ չէ…

ՋԵՔՍՈՆ─ Իսկապե՞ս:

ԷՄՄԱ─ Այո´: Պատկերացրեք, որ ես Ձեր մեջ` որպես նախագահի, տեսնում եմ մի մարդու, իսկ այդ պաշտոնից դուրս, ինչպիսին հիմա եք, տեսնում եմ մի ուրիշի, մի ուրիշ Հարդիի…

ՋԵՔՍՈՆ─ (Ուրախացած) Էմմա´… Փիսիկս, վագրիկս…

ԷՄՄԱ─ Ջե´կ… (Նետվում է Ջեքսոնի գիրկը): Խոստանո՞ւմ ես, չէ, սիրելի´ս… (Համբույրների տարափ տեղալով) Տեղակալի հաստիքը…


Ներս է մտնում Սառան և սեղանին տկտկացնում այնպես, ինչպես կթակեր դուռը: Էմման համբույրների տարափն ընդհատում է, բայց մնում Ջեքսոնի ոտքերին նստած: Խոսում է հանգիստ:


ԷՄՄԱ─ Եկա՞ր, Սառա:

ՍԱՌԱ─ Ո´չ, միսիս: Սա իմ ուրվականն է: Նմանակը:

ՋԵՔՍՈՆ─ Ի՞նչ: (Էմմային հրում է, որը ոտքի է կանգնում): Ուրեմն` և դո՞ւ…

ՍԱՌԱ─ Այո´ միստր: Եվ ոչ միայն ես…

ՋԵՔՍՈՆ─ (Ապշած, ցույց տալով Էմմային) Եվ… դո՞ւ…

ՍԱՌԱ─ Այո´, և´ դա… Կարծում եմ` ժամանակն է ասելու, որ այստեղ բոլորն են երկու դեր խաղում: Ավելի ճիշտ` ամեն անվան տակ այստեղ երկու անձ է թաքնված:

ՋԵՔՍՈՆ─ Տեր Աստվա՛ծ… Այս ո՞ւր եմ ընկե՛լ…

ՍԱՌԱ─ Այնպես որ, միստր Հարդի, ինձ թվում է` ճիշտ կլինի, եթե տեղակալի հաստիքը նույնպես երկուսը լինի: (Էմմային, հեգնանքով) Այդպես, չէ՞, միսի´ս… (Էմման, խեթ նայելով, ֆշշացնում է: Լսվում է Ջեքսոնի բջջային հեռախոսի ձայնը):

ՋԵՔՍՈՆ─ Ալո´… Ո՞վ… Սթի՞վը… Սթի՞վը, թե նրա նմանակը: (Հանդիսատեսների համար լսելի է դառնում նաև Սթիվի ձայնը):

ՍԹԻՎ─ Ի՞նչ նմանակ, ապո´ւշ:

ՋԵՔՍՈՆ─ Հենց նոր ես պարզեցի, որ ընկերությունում բոլորն ունեն իրենց նմանակը: Մի խոսքով` այստեղ կատարյալ շիլաշփոթ է:

ՍԹԻՎ─ Ինչե՛ր ես դուրս տալիս:

ՋԵՔՍՈՆ─ Դուրս չեմ տալիս, Սթիվ: Այդ մասին շտապ պետք է ասել նաև միստր Հարդիին… (Նայելով Էմմային և Սառային) Թո´ւ… Ուզում էի ոչ թե Հարդի ասել, այլ… այլ… Մի խոսքով` հասկացար, Սթիվ:

ՍԹԻՎ─ (Ծաղրական տոնով) Հա, իսկույն հասկացա… Հիմա լսիր` ինչ եմ ասում: Հարդիին պիտի փոխարինես երկար ժամանակով: Լսո՞ւմ ես: Անորոշ ժամանակով:

ՋԵՔՍՈՆ─ (Մի պահ լռելուց հետո) Միայնա՞կ, սըր:

ՍԹԻՎ─ Այո´, միայնակ:

ՋԵՔՍՈՆ─ Ես դեմ եմ, սըր: Այս շիլաշփոթից դուրս գալու համար ինձ նույնպես նմանակ է պետք: Ես կխոսեմ միստր Հարդիի… Թո´ւ… Ուզում էի ասել… Մի խոսքով` հասկացար, Սթիվ:

ՍԹԻՎ─ (Կրկին` ծաղրական հնչերանգով) Անմիջապե´ս հասկացա, Ջոնի, բայց միստր Հարդիի հետ հիմա չի կարող խոսել նույնիսկ սատանան… Միստր Հարդիին առևանգել են…

ՋԵՔՍՈՆ─ (Անսպասելիությունից ապշած) Ի՞նչ…

ՍԹԻՎ─ Այո´, Ջոնի: Անհավատալի փաստ: Եվ դա պիտի մնա գաղտնի: Լսո՞ւմ ես: Այլապես մեծ աղմուկ կբարձրանա, ընկերությունը կդառնա ոչ վստահելի և կկրի ֆինանսական վնասներ: Այնպես որ, Ջեքսոն, դու չունես այլընտրանք, իսկ այլ կերպ ասած` ունես անհավատալի բախտ…



Գործողություն երկրորդ


Նոր պատկեր:

Էդի և Սթիվ:


ՍԹԻՎ─ Ահա´, թե ինչու էր Հարդին միշտ ուզում ունենալ իր նմանակը:

ԷԴԻ─ Զոհողություններ ֆինանսական, բարոյական, որ փրկես մորթիդ, սակայն ի վերջո…

ՍԹԻՎ─ Դու մտադիր չե՞ս գումարը վճարել, Էդի´:

ԷԴԻ─ Գիտե՞ս, Սթիվ, բախտը ամեն օր մարդուն չի փորձում: Մեզ հարստանալու, միլիոնների տեր դառնալու բացառիկ հնարավորություն է տրված:

ՍԹԻՎ─ Այդ ինչպե՞ս: Որպես նախկին ոստիկան` քեզ ասեմ, Էդի, որ եթե փրկագինը չտանք, Հարդիին կսպանեն:

ԷԴԻ─ (Ջեկ Հարդիին նմանակելով` ոտքը գցում է ոտքին և խոսում մեղմ, հանգիստ տոնով): Սթիվ, բարեկամս… Որպես նախկին ոստիկան` մի՞թե չես տեսնում, որ մենք արդեն ունենք մեր Հարդին: Ընկերության նախագահ Ջեքսոն-Ջեկ Հարդին… Դու չե՞ս ձանձրացել գործակալ լինելուց: Չէի՞ր ուզի ընկերությունում լինել երկրորդ դեմք:

ՍԹԻՎ─ Համար մեկ դեմք` Ջեքսոն-Ջեկ Հարդի… Դեմք երկրորդ` Սթիվ Կրուզ: Դեմք երրորդ…

ԷԴԻ─ Ո՛չ… Համար մեկ դեմք` Էդի Մոմսեն… Դեմք երկրորդ` Սթիվ Կռուզ…

ՍԹԻՎ─ Իսկ Ջոնի՞ն… Նրան նույնպե՞ս… (Ցույց է տալիս` պետք է գնդակահարել):

ԷԴԻ─ Դե ո´չ: Նա կլինի դեմք առաջին «Ա»: Որպես սիմվոլիկ դեմք… Որպես Անգլիայի թագուհի…

ՍԹԻՎ─ Փաստորեն մենք նրան հիմա էլ դարձնելու ենք թագուհի՞…

ԷԴԻ─ Ստիպված ենք: Եվ այդ դեպքում նրա միլիոնները, ընկերության միլիոնները կլինեն մերը… Զրկվել այդ միլիոններից հանուն մի ինչ-որ Հարդիի՞…

ՍԹԻՎ─ (Մտածելով) Ուրեմն առաջարկում ես զոհաբերել նրան:

ԷԴԻ─ Որպես հոգեբան` քեզ ասեմ, Սթիվ, որ… ստիպված ենք:

ՍԹԻՎ─ Բայց ես չէի ուզի, որ մեր միլիոններին արյուն խառնվի:

ԷԴԻ─ Իսկ ո՞վ ասաց, թե արյուն կլինի… (Հեգնանքով) Նրանք ասացին, որ ամեն բան լինելու է քաղաքակիրթ ձևով. միստր Հարդիին… Հիմա արդեն այսպե´ս ասած միստր Հարդիին նրանք պատրաստվում են նստեցնել էլեկտրական աթոռի… Եվ ես արդեն զզվել եմ այդ Հարդիից, Սթիվ: Որքա՞ն ենք տանելու նրա նվաստացումները: (Նկատելով, որ հիմա էլ Սթիվն է մատներով տկտկացնում) Վերջապես ես չեմ կարող տանել այդ տկտկոցը…(Լսվում է հեռախոսազանգ: Էդին և Սթիվը նայում են հեռախոսին` զգալով, որ զանգահարում են Հարդիին առևանգողները):

ՍԹԻՎ─ Դե ի՞նչ, Էդի:

ԷԴԻ─ (Լսափողը վերցնելով) Ես ասացի, որ այլևս չեմ կարող տանել այդ տկտկոցը…


Նոր պատկեր:

Ջեկ Հարդի, Մայքլ և Մարկ:


ՄԱՐԿ─ (Խոսում է հեռախոսով): Ուրեմն այդպես… Դա ձեր վարջնակա՞ն որոշումն է: (Մի պահ լռում է): Այսուհանդերձ, մենք դեռ կսպասենք… Գործը դեռևս բաց է: (Հեռախոսն անջատում է և դառնում Հարդիի կողմը): Դե, ի՞նչ կասես, միստր Հարդի:

ՀԱՐԴԻ─ (Անհանգստացած) Ինչո՞ւ է բաց:

ՄԱՅՔԼ─ Բանն այն է (հեգնանքով), հարազատս, որ գործում ի հայտ են եկել չնախատեսված, բնա´վ չնախատեսված հանգամանքներ:

ՀԱՐԴԻ─ Այսի՞նքն:

ՄԱՐԿ─ Ո՞վ կմտածեր, Հարդի´, որ քո հարյուրավոր միլիոններից քո բարեկամները քո կյանքի փրկության համար չեն հատկացնի նույնիսկ մի քանի տասնյակը:

ՀԱՐԴԻ─ Ինչպե՞ս թե` չեն հատկացնի:

ՄԱՐԿ─ Հենց այդպես: Չեն հատկացնում ու վերջ:

ՄԱՅՔԼ─ Եվ ինչպես երևում է, դու չես խուսափելու աթոռից:

ՀԱՐԴԻ─ Չեմ հասկանում… Էդին չի վճարում փրկագի՞ն:

ՄԱՐԿ─ Տեսնո՞ւմ ես, թե նույնիսկ այսքան ծայրահեղ իրավիճակում որքան հստակ է գործում քո միտքը:

ՀԱՐԴԻ─ Չեմ հավատում… Բայց նա իր գումարը չէ, որ վճարում է, այլ` իմ:

ՄԱՅՔԼ─ Որքա՛ն առողջ տրամաբանություն…

ՀԱՐԴԻ─ Եվ ի՞նչ. ուզում է` ինձ նստեցնեք էլեկտրական աթոռի՞:

ՄԱՐԿ─ Կարծում եմ` դեմ չի լինի նաև, եթե կախենք կամ (ատրճանակով կրակելու շարժում ցույց տալով) այսպես մի քանի անգամ…

ՀԱՐԴԻ─ (Մտորելով) Ա՛խ… Ես արդեն հասկանում եմ, թե ինչ է կատարվում:

ՄԱՐԿ─ Հարդի՛… Ինձ թվում է, դու արդեն չե´ս հասկանում, թե ինչ է կատարվում:

ՀԱՐԴԻ─ Գիտե՞ք` ինչն է բանը: Թյուրիմացության մեջ է նույնիսկ Էդին: Նույնիսկ նա արդեն չի տարբերում: (Մարկը և Մայքլը հարցական հայացքով նայում են իրար):

ՄԱՅՔԼ─ Իսկ ինձ թվում է, որ նա շա՛տ լավ է տարբերում: (Լսվում է Մարկի բջջային հեռախոսի ձայնը):

ՄԱՐԿ─ (Խոսում է զգաստացած, վախեցած): Լսում եմ, սըր:

ԽՈՍԱԿԻՑ─ Ի՞նչ եղավ գործը: Ո՞ւր է գումարը:

ՄԱՐԿ─ Սըր, գործում ի հայտ են եկել անսպասելի հանգամանքներ:

ԽՈՍԱԿԻՑ─ Ի՞նչ է նշանակում անսպասելի հանգամանքը, Մարկ:

ՄԱՐԿ─ Դե, սըր… Գումարը չեն տալիս:

ԽՈՍԱԿԻՑ─ Ինչպե՞ս թե չեն տալիս:

ՄԱՐԿ─ Նրանց համար միևնույնն է, թե ինչպես կվարվենք:

ԽՈՍԱԿԻՑ─ Այդպե՞ս ուրեմն: Այդ դեպքում գործեք ըստ երկրորդ պլանի… Ազատվեք այդ «ականից»: Եվ որքան շուտ, այնքան լավ: Լսո՞ւմ ես: Ազատվեք, քանի դեռ չի պայթել…

ՄԱՐԿ─ Լսում եմ, սըր: (Հարդիին) Կարծում եմ` դու նաև մեր զրույցը հասկացար: Այնպես չէ՞, միստր:

ՀԱՐԴԻ─ (Վախեցած) Այստեղ թյուրիմացություն կա: Կապվեք նորից Էդիի հետ և անհրաժեշտ գումարը կստանաք:

ՄԱՅՔԼ─ Նրանք դոլարներն ավելի են գնահատում, քան քո կյանքը, Ջե´կ:

ՀԱՐԴԻ─ (Վճռականորեն) Կապվե´ք Էդի Մոմսենի հետ:

ՄԱՐԿ─ Խնդրեմ: (Համար հավաքելով` հեռախոսը տալիս է Հարդիին: Լսվում է Էդիի ձայնը):

ԷԴԻ─ Կարծեմ` բավական պարզ ասացի…

ՀԱՐԴԻ─ Էդի´, խոսում է Հարդին: Հարցը բավական լուրջ է: Հարկավոր է վճարել գումարը:

ԷԴԻ─ (Անակնկալի գալով և չիմանալով ինչ ասել) Խոսում է Հարդի՞ն:

ՀԱՐԴԻ─ Այո´, այս ես եմ… Ինչո՞ւ ես լռում,… Ես իսկական Հարդին եմ, հասկանո՞ւմ ես:

ԷԴԻ─ Իսկական Հարդի՞ն:

ՀԱՐԴԻ─ Այո´: Իսկական: (Մարկը և Մայքլը նայում են իրար):

ԷԴԻ─ (Անելիքը արդեն հասկանալով) Ո´չ, դու իսկական Հարդին չես: Դու կեղծ, սարքովի Հարդին ես: Մենք քեզ, շրջմոլի´կ, նախապատրաստում էինք այսպիսի օրվա համար: Այնպես որ, քեզ վրա տասնյակ միլիոններ ծախսելու ցանկություն չունենք: Մեր խոսակցությունն էլ ավարտվեց: Վե´րջ.. (Հեռախոսն անջատում է: Հարդին մնում է շվարած):

ՄԱՅՔԼ─ (Հարդիին) Կեղծ Հարդի՞… Շրջմոլի՞կ…

ՄԱՐԿ─ Ի՞նչ էր դա նշանակում, մի´ստր:

ՀԱՐԴԻ─ Գիտե՞ս` հարցն ինչն է, սըր: Ես չէի ցանկանում ասել նույնիսկ հիմա` այսպիսի ծայրահեղ պահի, սակայն աթոռն ստիպում է խոսել: Բանն այն է, որ դուք նրա´ն չեք առևանգել, ում ցանկացել եք:

ՄԱՅՔԼ─ Ես կարծում եմ, որ քո բանականությունը դեռևս սթափ է, Հարդի: Եվ ասեմ, որ մենք կատակելու ցանկություն չունենք:

ՀԱՐԴԻ─ Հարցն էլ այն է, որ ես… Հարդին չեմ: (Մարկը և Մայքլը կրկին նայում են իրար… Հարդին ցույց է տալիս հեռախոսը): Զանգեք ընկերություն, խնդրեմ, հարցրեք, թե որտե՞ղ է միստր Հարդին:

ՄԱՐԿ─ (Հարդիի շուրջը պտտվելով ու նրան ուշադրությամբ նայելով) Հարդին չե՞ս:

ՀԱՐԴԻ─ Ո´չ:

ՄԱՅՔԼ─ Ո՞վ ես հապա:

ՄԱՐԿ─ Հենց նոր դու ասացիր, որ Հարդին ես: Այն էլ… իսկակա՛ն:

ՀԱՐԴԻ─ Ես դա ասացի էդիին շփոթեցնելու համար: Իսկ ես Ջոնի Ջեքսոնն եմ: Շրջմոլիկ, որին ստիպեցին դառնալ Ջեկ Հարդի: Այսինքն` նրա նմանակը: (Այս պահից սկսում է խաղալ շրջմոլիկի դեր` փորձելով ընդօրինակել Ջեքսոնին):

ՄԱՐԿ─ Փչում ես: Սա ֆիլմ չէ, Հարդի: Հեքիաթներիդ հավատացող չկա:

ՀԱՐԴԻ─ (Հաստատակամորեն) Ես Ջոնի Ջեքսոնն եմ: (Քունքը քորում է):

ՄԱՅՔԼ─ Վերջացրո´ւ, Ջե´կ:

ՀԱՐԴԻ─ Իսկ դուք զանգեք: Ընդամենը զանգեք ընկերություն և խնդրեք միստր Հարդիին: (Իբր ինչպես սովորություն, ինչպես շրջմոլիկը կաներ, մոխրամանից վերցնում է ծխախոտի մնացուկ և դնում շուրթերին): Միայն թե չտաք «Ջեքսոն» անունը, որովհետև այնտեղ ճանաչում են միայն մեկ անձի` Միստր Հարդիին: (Շրջմոլիկի նման գրպաններում փնտրում է լուցկի, բայց հանում է կրակվառիչ):

ՄԱՐԿ─ Եվ ինչպե՞ս է, որ դուք իրար այդպես նման եք:

ՀԱՐԴԻ─ Այդ մասին արդեն նրան հարցրեք` Արարչին:

ՄԱՅՔԼ─ Փչում է, Մարկ: Ուզում է կաշին փրկել:

ՀԱՐԴԻ─ (Անդրավարտիքի փողքը բարձրացնելով` ոտքը քորում է): Լավ, սպանեք ինձ, բայց համոզված եղեք, որ շուտով դարձյալ կհանդիպենք… Բոլոր դեպքերում խորհուրդ եմ տալիս նախ խոսել միստր Հարդիի հետ…

ՄԱՐԿ─ (Մտածելով) Տո´ւր հեռախոսը, Մայքլ… (Վերջինս հեռախոսը տալիս է նրան):


Նոր պատկեր:

Ջեքսոնը Հարդիի աշխատասենյակում` նրա աթոռին բազմած, հեռախոսով համար է հավաքում:


ՋԵՔՍՈՆ─ Էդի՞:

ԷԴԻ─ (Այնպես, ինչպես կխոսեր Հարդիի հետ) Այո´, միստր:

ՋԵՔՍՈՆ─ Լսիր, Էդի… Ապո´ւշ… Սա հենց այնպես, որպես կոչական…

ԷԴԻ─ Պարզ է, միստր:

ՋԵՔՍՈՆ─ Գիտե՞ս, Էդի, ես սովորում եմ միստր Հարդիի… Թո´ւ… Ուզում եմ ասել` իմ կյանքի պատմությունը ու հասել եմ մի հանգուցային կետի:

ԷԴԻ─ Լսում եմ, միստր:

ՋԵՔՍՈՆ─ Շատ մութ ու հանելուկային է այդ հանգույցը: Ինչպե՞ս է եղել, որ միստր Հարդին… Թո´ւ… մի խոսքով` ես, ընկերությունում համեստ դիրք ունեցող աշխատողից հասել եմ… Մի խոսքով` հասկացար… Եվ ինչպե՞ս է եղել, որ այդ թռիչքը զուգադիպել է իմ ամուսնության և Մարի Հադսոնին ծանոթանալու հետ… Ի՞նչ կասես, Էդի:

ԷԴԻ─ Մի´ստր, որպես հոգեբան` խորհուրդ կտամ այդ հանգույցի մեջ շատ չխորանալ:

ՋԵՔՍՈՆ─ (Փռշտում է): Սա որպես շեշտ այդ հանգույցի վրա: Իսկ դու բոլոր դեպքերում, որպես հոգեբան` մտածիր, Մոմսեն: (Լսափողը դնում է):


Գալիս է Սառա Փիթը` ինչպես միշտ` ձեռքին փաստաթղթեր:


ՍԱՌԱ─ Միստր Հարդի… Որքա՛ն սազում է Ձեզ այդ փողկապը… (Ջեքսոնը, մտքերով տարված, մի պահ ուշադրություն չի դարձնում): Միստր Հար-դի՛… (Թղթերը դնում է սեղանին): Կարելի՞ է նստել:

ՋԵՔՍՈՆ─ Նստե՞լ…

ՍԱՌԱ─ Այո, նստե´լ:

ՋԵՔՍՈՆ─ Իսկ սովորաբար դու ի՞նչ էիր անում:

ՍԱՌԱ─ Ե՞րբ:

ՋԵՔՍՈՆ─ Դե… երբ բերում էիր այդ… զիբիլները:

ՍԱՌԱ─ (Ծիծաղելով) Օ՛… Միստր… Ձեզ որքան սազում է կատակը… Դուք այսօր իսկական միստր Հարդին եք և ոչ թե նա…

ՋԵՔՍՈՆ─ (Զարմանքով) Ո՞վ:

ՍԱՌԱ─ Դե, Ձեր այն մյուս տեսակը… Պաշտոնականը: Իսկ ես Ձեզ հենց այսպիսին եմ սիրում: Այսպես Դուք ճիշտ Ձեզ նման եք…

ՋԵՔՍՈՆ─ Իրո՞ք:

ՍԱՌԱ─ Այո´: Եվ այս դեպքերում ես սովորաբար… (Ջեքսոնի աչքերին նայելով) Նստե՞մ…

ՋԵՔՍՈՆ─ Իսկ սովորաբար…

ՍԱՌԱ─ (Ջեքսոնի գիրկը նետվելով) Միստր… Սիրելիս… (Սկսում է համբուրել): Քո շուրթերը… Ոնց որ բոց լինեն… (Հեռախոսը զանգում է)… Գիշերվա խավարում… Քո այտերը ոնց որ… (Զանգի ձայնից վրդովված) Թո´ւ… գիշեր լինեն… (Դժկամությամբ վերցնում է լսափողը): Ալո… Միստր Հարդիի՞ն… Ո´չ, միստր Հարդին տեղում չէ: (Լսափողը դնում է): Սովորականի պես, միստր…


Ներս է մտնում Էմման: Սառան վերջին բառերը կրկնում է այլ տոնայնությամբ:


ՍԱՌԱ─ Սովորականի´… պե´ս… մի´ստր…

ԷՄՄԱ─ Հրամանները պատրաստ են: Վաղվանից քաղաքի բոլոր շրջմոլիկները կարող են ստանալ տասնհազարական դոլար:

ՍԱՌԱ─ (Զարմացած) Ի՞նչ…

ԷՄՄԱ─ Ընկերության բոլոր աշխատողները կպարգևատրվեն հարյուրհազարական դոլարով:

ՍԱՌԱ─ (Ուրախացած) Ի՛նչ…

ԷՄՄԱ─ Իսկ ես և… (Սառային նայելով) մի խոսքով` նշանակված ենք տեղակալ:

ՍԱՌԱ─ (Կրկին համբույրներ տեղալով Հարդիի դեմքին) Միստր Հարդի… Միստր Հարդի… Այսուհետև դու իմն ես և ուրիշ ոչ մեկինը:

ԷՄՄԱ─ (Նույնպես հարձակվելով Հարդիի վրա) Ո´չ, միստր Հարդին իմն է… (Սկսում են նրան գրեթե քաշքշել):

ՀԱՐԴԻ─ Ես… (Համբույրների տարափից չի կարողանում խոսել):

ՍԱՌԱ─ Իմն է…

ԷՄՄԱ─ Ո´չ… Իմն է…

ՀԱՐԴԻ─ Ես… (Հեռախոսը կրկին զանգում է):

ԷՄՄԱ─ (Լսափողը վերցնում է և խոսում միանգամից): Միստր Հարդին չի վերադարձել…


Ներս է մտնում Մարի Հադսոնը:


ՄԱՐԻ─ Միստր Հար-դի՛…

ՍԱՌԱ─ Իմն է…

ԷՄՄԱ─ Ո´չ, իմն է…

ՄԱՐԻ─ (Մի պահ լուռ նայելուց հետո) Ա´յ թե կնամոլն ես դու, միստր… Ո՛չ… Արդեն իմն է… (Առյուծի մռնչյուն արձակելով` նետվում է Հարդիի վրա):

Լսվում են խառը ձայներ.

─ Փիսիկս….

─ Վագրիկս…

─ Շլդիկս…

ՄԱՐԻ─ Ես քեզ կխեղդեմ հիմա… (Իբր խեղդում է… Հեռախոսը նորից է զանգում: Մարին վերցնում է լսափողը): Ոչ… Միստր Հարդին… այլևս... չկա…


Նոր պատկեր:

Մարկ, Մայքլ և Հարդի:


ՄԱՐԿ─ (Լսափողը դնելով) Ասաց, որ միստր Հարդին այլևս չկա:

ՀԱՐԴԻ─ Ինչպե՞ս թե չկա:

ՄԱՅՔԼ─ Երրորդ անգամ ասում են, որ այնտեղ Հարդի չկա, իսկ դու պատմում ես նույն հեքիաթը:

ՀԱՐԴԻ─ (Նյարդայնացած) Ի´նձ տուր հեռախոսը: (Հարդիի հաստատակամությունից տարակուսանքի մեջ ընկած` Մայքլը համար է հավաքում և լսափողը մեկնում նրան: Հեռախոսից լսվում են կանանց ճիչեր, բղավոցներ… Բոլորը ապշած նայում են իրար: Խոսել սկսում է Հարդին): Ջե՞կ… Լսո՞ւմ ես, Հարդի… Ի՞նչ է կատարվում այդտեղ, մի´ստր… (Լսվում է Ջեքսոնի ձայնը` տարօրինակ հնչերանգով):

ՋԵՔՍՈՆ─ Ջեկ Հարդին… Ջեկ Հարդին լսում է…

ՀԱՐԴԻ─ (Ուրախությունից ցնծալով) Ջեկ Հարդին է… Ջեկ Հարդին լսում է… Այնտեղ է Ջեկ Հարդին… (Մայքլը և Մարկը մնում են շփոթահար): Ինչպե՞ս եք, միստր Հարդի… (Մարկին և Մայքլին) Զվարճանում է միստր Հարդին… Ես մի քիչ ուշանում եմ, միստր, բայց կգամ: Շուտով կվերադառնամ: Առայժմ, միստր: (Լսափողը դնում է): Ասում էի, չէ՞, որ ես Ջեքսոնն եմ, Ջոնի Ջեքսոնը: (Դարձյալ անդրավարտիքի փողքը բարձրացնում է, ոտքը քորում և մոխրամանից վերցնում ծխախոտի ևս մի մնացուկ):

ՄԱՐԿ─ Հիմա ի՞նչ ենք անելու, Մայքլ: (Լսվում է Մարկի բջջային հեռախոսի ձայնը: Նա պատասխանում է բավական երկյուղած): Լսում եմ:

ԽՈՍԱԿԻՑ─ Ի՞նչ արեցիք, Մարկ: Ավարտեցի՞ք:

ՄԱՐԿ─ Ո… ո՛չ… սըր:

ԽՈՍԱԿԻՑ─ Ո՞չ: Ի՞նչ է նշանակում` ոչ:

ՄԱՐԿ─ Գիտե՞ք` բանն ինչ է, միստր… Գործում ի հայտ են եկել անսպասելի, չնախատեսված նոր հանգամանքներ:

ԽՈՍԱԿԻՑ─ Ի՞նչ բան է «անսպասելի հանգամանք»-ը: Չլինի՞ նա փախել է:

ՄԱՐԿ─ Ո´չ, Հարդին այստեղ է… Ավելի ճիշտ` այստեղ է ոչ թե Հարդին, այլ… Ինչպե՞ս ասեմ… Եղել է թյուրիմացություն: Մենք Հարդիի´ն չենք առևանգել:

ԽՈՍԱԿԻՑ─ Ի՞նչ… Գլխի՞դ է խելքդ: Ի՞նչ է նշանակում` մենք Հարդիին չենք առևանգել:

ՄԱՐԿ─ (Իրեն կորցրած) Այո´, միստր: Այդպես է: Եղել է շփոթմունք:

ԽՈՍԱԿԻՑ─ Իսկ ո՞ւմ եք առևանգել. ՄԱԿ-ի քարտուղարի՞ն, թե Հռոմի պապին:

ՄԱՐԿ─ Ինչ-որ… Ինչ-որ շրջմոլիկի…

ԽՈՍԱԿԻՑ─ Մարկ, դուք արդեն գժանոցո՞ւմ եք, թե նոր եք պատրաստվում գնալ: Միլիոնատեր բանկիրին չեք տարբերում շրջմոլիկի՞ց:

ՄԱՐԿ─ Գիտե՞ք` բանն ինչ է, միստր… Բանն այն է, որ այս ապուշը… այս շրջմոլիկը… նույն Հարդին է: Ուզում եմ ասել… Նրա նմանակն է: Սատանան էլ սրանց տարբերել չի կարող: Հագնվում են նույն ձևով, խոսում նույն ձայնով…

ԽՈՍԱԿԻՑ─ Ի՞նչ:

ՄԱՐԿ─ Այոոո… Փաստորեն նա… ունեցել է նմանակ… (Մի պահ լռում են): Ի՞նչ անենք հիմա, միստր:

ԽՈՍԱԿԻՑ─ Հագցրեք Հռոմի պապի հագուստները և ուղարկեք աղոթելու:

ՄԱՐԿ─ Այսինքն, սըր:

ԽՈՍԱԿԻՑ─ Բաց թողեք, գնա: Մեզ փող է հարկավոր, ոչ թե սկանդալ:

ՄԱՐԿ─ Լսում եմ, միստր:

ԽՈՍԱԿԻՑ─ Լավ կլինի, որ դու նաև տեսնե´ս, ապո´ւշ: (Հեռախոսն անջատում է):

ՄԱՐԿ─ (Հարդիին) Եվ այս ամենը, տխմա´ր, քո մռութի պատճառով…


Նոր պատկեր: Ջեկ Հարդիի աշխատասենյակը:

Ջեքսոն և Էդի:


ՋԵՔՍՈՆ─ Դու ճիշտ ես, Էդի: Հիմա բոլորը կարծում են, թե իրենցից բացի` բոլորն ապուշ են, ու կարելի է նրանց հիմարացնել:

ԷԴԻ─ Որպես հոգեբան` միստր Հարդի, խորհուրդ եմ տալիս կատարվածը մոռանալ արագ: Դրա համար կան հատուկ մեթոդներ:

ՋԵՔՍՈՆ─ Ինձ թվում է` ժամանակն է, Էդի, որ հոգեբանական քո մեթոդները սկսես կիրառել քեզ վրա: Եվ գուցե շատ արագ մոռանաս ընկերությունում անցկացրած քո անհոգ կյանքը:

ԷԴԻ─ Այսինքն, միստր:

ՋԵՔՍՈՆ─ Ես քեզ ազատում եմ, ապո´ւշ: Դու այլևս իմ գործակալը չես:

ԷԴԻ─ Այդ դեպքում, ներեցեք, միստր, ես կբողոքեմ, քանի որ եթե Ձեր գործակալը չեմ, ուրեմն իրավունք չունեք ինձ անվանելու ապուշ:

ՋԵՔՍՈՆ─ Հրաման ես դեռ չեմ տվել, Էդի…

ԷԴԻ─ Բայց ինչի՞ համար, միստր:

ՋԵՔՍՈՆ─ Նրա´ համար, մեծն հոգեբան, հատուկ մեթոդիստ, որովհետև ապուշին չես կարողանում տարբերել ինձանից:

ԷԴԻ─ Մի´ստր, ախր այնքա՛ն նման են ձեր ձայները: Այդ ապուշն էլ արդեն այնպես է ձեզ նմանակում, որ տարբերելու համար հատուկ մեթոդ… միջոցներ են պետք:

ՋԵՔՍՈՆ─ Իսկ այդ սխալի համար քիչ էր մնում, որ ես հատուցեմ կյանքով:

ԷԴԻ─ Փառք Աստծո, ամեն բան ավարտվեց բարեհաջող:

ՋԵՔՍՈՆ─ Եվ այսուհանդերձ դու ինչո՞ւ չէիր վճարում, Էդի, և ինչո՞ւ այդ մասին չէիր խորհրդակցում ինձ հետ: (Սովորականի պես ոտքը գցում է ոտքին և սեղանին տկտկացնում):

ԷԴԻ─ Բանն այն է, միստր, որ ձեր համարը չէր պատասխանում, իսկ այդ շրջմոլիկի համար վճարելը կնշանակեր տասնյակ միլիոնները տալ քամուն:

ՋԵՔՍՈՆ─ Ուրեմն դու այն կարծիքին ես, որ Ջոնիի համար… Ի դեպ` այսուհետև նա քեզ համար ոչ թե Ջոնի է, այլ միստր Հարդի: Պա՞րզ է, Էդի:

ԷԴԻ─ Պարզ է, միստր:

ՋԵՔՍՈՆ─ Մի խոսքով` այդ հիմարի համար…

ԷԴԻ─ Նկատի ունեք միստր Հարդիի՞ն, սըր:

ՋԵՔՍՈՆ─ Նկատի ունեմ, Էդի… Մի խոսքով` դու այն կարծիքին ես, որ նրա համար չէր կարելի ինչ-որ թղթի կտորներ տալ քամո՞ւն:

ԷԴԻ─ Նայած, թե այդ թղթի կտորները ոսկու համարժեքով ինչ գին ունեն: Թուղթ կա, որ թանկ է ոսկուց, և կա ոսկի, որ թանկ է կյանքից: Սա հենց այդ դեպքն էր, միստր:

ՋԵՔՍՈՆ─ Միստր Հարդի´:

ԷԴԻ─ (Ուշադիր նայելով) Այո´, միստր Հարդ… Միստր Հարդ… Գրողը տանի, Ջեքսո´ն…

ՋԵՔՍՈՆ─ Մի´ստր Ջեքսոն, Էդի´:

ԷԴԻ─ (Ապշանքից կարկամած) Ճիշտ է… Միստր… Ջեքսոն…. (Դողդողացող ձեռքերով գրպանից դեղ է հանում): Ջուր… Միստր Հար… Ջեք… Ջեքսոն… (Ձեռքը մեկնում է):

ՋԵՔՍՈՆ─ Դա ծաղկաման է, ապո´ւշ: Իսկ ջուրն այնտեղ է: (Ցույց է տալիս դռան կողմը):


Էդին դողդողալով դուրս է գալիս: Հետին դռնից ներս է մտնում Հարդին:


ՀԱՐԴԻ─ Ա´յ քեզ ցնդածներ… Պատկերացնո՞ւմ ես, Ջոնի´, նրանց համոզեցի, որ ես ոչ թե ես եմ, այլ դու:

ՋԵՔՍՈՆ─ Իսկ ես, միստր, ոչ մի կերպ չեմ կարողանում համոզել, որ ես ոչ թե դու եմ, այլ ես… (Տեղը զիջում է Հարդիին):

ՀԱՐԴԻ─ Այսօր քեզ ազատություն եմ տալիս, Ջոնի´: Գնա, ուր կուզես:

ՋԵՔՍՈՆ─ Ես հոգնել եմ, միստր: Կուզեի պառկել մի նստարանի, պայուսակը դնել գլխիս տակ ու վայելել անմեղ քուն… (Դուրս գալով) Գուդբայ, միստր:


Էդին վերադառնում է և նստում նույն տեղը:


ԷԴԻ─ Բայց դու իզուր ես վիրավորվել, Ջեքսոն: (Հարդին զարմացած նայում է նրան): Ես ունեի մի գաղափար, որ եթե իրականանար, առաջին հերթին շահող կլինեիր դու:

ՀԱՐԴԻ─ Եվ ի՞նչ գաղափար էր դա:

ԷԴԻ─ Չես պատկերացնում, թե ինչ կլիներ, եթե նրանք սպանեին Հարդիին:

ՀԱՐԴԻ─ Դե, ինչ պիտի լիներ: Բանկը կգլխատվեր: Բոլորը կմնային առանց հայրիկի:

ԷԴԻ─ Ու քեզ թվում է, թե նա այստեղի հայրի՞կն է: Լավ հայրիկ է, ինչ խոսք: Ահա քեզ ինչ կասեմ, Ջեքսոն… (Մի պահ լռում է): Լավ, թողնենք դա: Ես մտածել էի, որ նրան սպանելու դեպքում ընկերության նախագահը դառնաս դու:

ՀԱՐԴԻ─ (Ապշած) Ե՞ս…

ԷԴԻ─ Այո´, միստր Ջեքսոն: Միանձնյա: Փոփոխությունը ոչ ոք չէր զգա, և մենք միանգամից կդառնայինք հարյուրավոր միլիոնների տեր: Այնպես, ինչպես ժամանակին ինքը դարձավ` Հարդին:

ՀԱՐԴԻ─ Հետաքրքիր է… Իսկ ինչպե՞ս նա դարձավ:

ԷԴԻ─ Ուզում ես` հանգո՞ւյցը բացեմ: Հարդին, այո´, ընկերությունում ուներ համեստ դիրք, և առաջընթաց ունեցավ այն պահից, երբ սկսեց սիրահետել ապագա կնոջը` ընկերությունում վարչության պետ Քիմ Հոլին: Եվ կարծում ես` սիրելո՞վ նրան: Ո´չ, Ջոնի: Այն պատճառով միայն, որ նա ընկերության նախագահի դուստրն էր: Միակ դուստրը: Իսկ հետո Հարդիի համար դեպքերը զարգացան գլխապտույտ հաջողությամբ:

ՀԱՐԴԻ─ Հետաքրքիր է… (Վեր կենալով` սկսում է քայլել): Ապա՞, Էդի:

ԷԴԻ─ Իմանալով, որ ինքը շուտով վախճանվելու է, Քիմի հայրը` Ալեքս Հոլը, ապահովեց Հարդիի առաջընթացը` նրան հանձնելով նախագահի պաշտոնը:

ՀԱՐԴԻ─ (Զայրույթը զսպելով) Այո՛…

ԷԴԻ─ Ասում ես` ինչպե՞ս է եղել, որ դա համընկել է Մարի Հադսոնի հետ նրա ծանոթանալո՞ւն: Այստեղ նույնպես շան գլուխ է թաղված: Եվ այդ գլուխ թաղողը դարձյալ հայր է: Այս անգամ` Մարիի հայրը: Նա բանկում ուներ և այժմ էլ ունի խոշոր բաժնեմաս: Առանց նրա` գործը գլուխ չէր գա, և Հարդին գտավ տարբերակ, այսպես ասած` միջնորդ, որն է` Մարի Հադսոնը:

ՀԱՐԴԻ─ Մարի Հադսո՞նը:

ԷԴԻ─ Այո´, Ջոնի: Բավական է, որ նրա հետ Հարդին կապերը խզի, և վերջ…

ՀԱՐԴԻ─ Իսկապե՞ս…

ԷԴԻ─ Մի գաղտնիք էլ բացեմ: Հարդին հիմա որպես տղամարդ էլ մի բան չէ: Որքան զգում եմ, դարձել է անկարող:

ՀԱՐԴԻ─ Ի՞նչ ես ասում:

ԷԴԻ─ Ու քեզ պահում է նաև նրա համար, որ կարողանա փրկել իր տղամարդկային պատիվը:

ՀԱՐԴԻ─ Ահա թե ինչ, Էդի:

ԷԴԻ─ Եվ կնոջն էլ ամենևին չի խանդում, նրա համար միևնույնն է, թե դու ինչպես կվարվես հետը, որովհետև չի սիրում: Իսկ որտեղ չկա սեր, չկա նաև խանդ: Միլիո´ն, փո´ղ. ահա, թե ինչն է նրա պատիվը:

ՀԱՐԴԻ─ Ու փաստորեն մեզ ձեռք էր տալիս նման սրիկայի մա՞հը:

ԷԴԻ─ Այո´, Ջոնի:

ՀԱՐԴԻ─ Այո, մի´ստր:

ԷԴԻ─ Այո´, միստր:

ՀԱՐԴԻ─ Միստր Ջեքսո´ն:

ԷԴԻ─ (Ուշադիր նայելով) Միստր Ջեք… միստր Ջեք… Ջեք… Հարդի՞… Սա ի՞նչ բան է, գրողը տանի… (Ձեռքը կրկին մեկնում է): Ջու… Ջու… Ջուր… (Ուշագնա լինելով, ընկնում է սեղանին):


Գալիս է Էմման: Էդիին ընդհանրապես ուշադրություն չի դարձնում:


ԷՄՄԱ─ Միստր Հարդի, եթե իմանաք, թե Ձեզ ինչպես են սկսում սիրել ընկերությունում… (Սեղանին թղթեր դնելով) Գումարներն արդեն բաժանված են, փոխանցված: Ահա ստացականները: Բոլորը Ձեր խոսքերից մեջբերումներ են անում, Ձեզ ընդօրինակում: Որքա՛ն իմաստնացել եք Դուք, միստր, որքան բարի եք դարձել:

ՀԱՐԴԻ─ (Հեգնանքով) Ճիշտ է, շատ եմ իմաստնացել, իսկ (Էդիին նայելով) օձը, ասում են իմաստնության խորհրդանիշն է: Նա միշտ դեպի իմաստնությունն է ձգտում:

ԷՄՄԱ─ Ահա և` հավաստիքը խոսքերիս: (Դուրս գնալով) Ասում եմ, չէ՞, Դուք վերջերս ուրիշ եք դարձել, միստր:

ՀԱՐԴԻ─ (Բերած փաստաթղթերը կարդալով) Ինչ-ի՛նչ… Տասը միլիոն… Քսան միլիոն… (Աստիճանաբար ավելի ու ավելի զայրանալով) Հարյուր միլիոն… Պարգևատրություն… Նվեր… Աշխատակազմին… Էմմային, Քեթրինին… Շրջմոլիկներին… (Ձեռք սեղանին խփելով) Էդի´…

ԷԴԻ─ (Անմիջապես վեր թռչելով) Մի´ստր…

ՀԱՐԴԻ─ (Վեր է կենում և սկսում քայլել) Կորա´վ, Էդի…

ԷԴԻ─ Ներողություն, մի´ստր:

ՀԱՐԴԻ─ Ձախողվեցինք: Վե´րջ: Ահա քո հոգեբանական հնարքները, հատուկ մեթոդները: Մեկ օրում քամուն տրվեցին միլիոնները, հարյուրավոր միլիոնները…

ԷԴԻ─ Միստր Հարդի…

ՀԱՐԴԻ─ Վե´րջ: Փորձը ավարտվեց սարսափելի ձախողմամբ: Հօդս ցնդեցին միլիոնները: (Թղթերը շպրտում է): Վերցրու քո Ջեքսոնին, և չքվեք միասին գրողի ծոցը… Մեկընդմի´շտ:

ԷԴԻ─ Մի´ մոռացեք, միստր, որ փորձի շնորհիվ փրկվեց Ձեր կյանքը:

ՀԱՐԴԻ─ Այս միլիոնների առաջ (կրկին փաստաթղթեր շպրտելով) գին չունի նույնիսկ իմ կյանքը…


Էդին գնում է: Հարդին, գլուխը բռնած, նստում է: Քիչ անց ներս է մտնում Քիմ Հարդին:


ՀԱՐԴԻ─ (Անակնկալի գալով) Քի՞մ:

ՔԻՄ─ Ինչպես տեսնում եմ, դու այստեղ մի ճակատամարտ արդեն ավարտել ես: Վե´րջ, ես պահանջում եմ ապահարզան:

ՀԱՐԴԻ─ Քեզ սխալ տեղեկություններ են հասել, Քիմ: Դա թյուրիմացություն է: Դա ես չեմ եղել…

ՔԻՄ─ Անպատկա´ռ, լպի´րշ, կնամո´լ:

ՀԱՐԴԻ─ Դա ես չեմ եղել: Ցոփություն անել հենց աշխատասենյակում: Այն էլ` միանգամից երեքի հետ…

ՔԻՄ─ Ի՞նչ, ի՞նչ…

ՀԱՐԴԻ─ Դու հավատո՞ւմ ես դրան:

ՔԻՄ─ Ա՛խ, ուրեմն դու նաև…

ՀԱՐԴԻ─ Դե, ո´չ, ասում եմ: Դա ես չեմ եղել: Հիմա քեզ կասեմ…

ՔԻՄ─ Հարկավոր չէ ոչինչ ասել, ցինի´կ: Նախ` տանը, իմ աչքի առաջ, որը, պարզվում է, սրբագործություն է այն ամենի համեմատ, ինչ կատարվում է այստեղ: Այս մասին էլ նոր եմ իմանում:

ՀԱՐԴԻ─ Նո՞ր ես իմանում… Թո´ւ… (Ինքն իրեն) Հիմա´ր: Ուզում էի ասել` սխալ ես իմանում…

ՔԻՄ─ Հետաքրքիր է, շատ հետաքրքիր… Գնալով նորանոր դեպքեր են բացահայտվում:

ՀԱՐԴԻ─ Չես թողնում խոսել: Ասում եմ` դա ես չեմ եղել:

ՔԻՄ─ Ա՛խ, պարզվում է` դու նաև դու չես լինում: Ինչե՛ր եմ լսում: Եվ վաղո՞ւց է, որ փոխակերպվում ես նման ցինիկի:

ՀԱՐԴԻ─ Ո´չ, այնքան էլ վաղուց չէ: Չես թողնում խոսել:

ՔԻՄ─ Ու ո՞նց ես թաքցրել, հը՞:

ՀԱՐԴԻ─ Ստիպված էի: Այդ մասին գիտեն ընդամենը երկու հոգի:

ՔԻՄ─ Ա՛խ, ընդամենը երկու հոգի: Եվ դա ամեն անգամ այդ երկուսի առա՞ջ ես անում:

ՀԱՐԴԻ─ Ի՞նչը:

ՔԻՄ─ Իսկ ի՞նչ են անում երեք լրբերը, որոնց գումարվում է մի կնամոլ:

ՀԱՐԴԻ─ Ախր, ես այդ մասին չեմ… Ես խոսում եմ իմ նման…

ՔԻՄ─ Գիտեմ, գիտեմ, դու դա լավ թաքցրել ես: Իսկ ես հիմարաբար կարծում էի, թե միայն մեկն է: Ես ապահարզան էի պահանջում մեկի համար, բայց պարզվում է, որ այստեղ կան նաև երեքը:

ՀԱՐԴԻ─ Դե ո´չ: Երեքը չեն: Նույնիսկ մեկին չէինք կարողանում գտնել, ո՞ւր մնաց` երեքին: Ընդամենը մեկն է:

ՔԻՄ─ Խոստովանեցիր, ուրեմն: Վերջապե´ս:

ՀԱՐԴԻ─ Իսկ քեզ ո՞վ է ասել այդ մասին:

ՔԻՄ─ Այդ մասին վաղուց բոլորը գիտեն:

ՀԱՐԴԻ─ (Զարմացած) Չի կարող պատահել:

ՔԻՄ─ Ինչո՞ւ: Այդպես վարպետորե՞ն էիր քողարկում:

ՀԱՐԴԻ─ Փորձում էինք:

ՔԻՄ─ Տակա´նք: Տարիներ շարունակ պահել սիրուհի և սուրբ ձևանալ:

ՀԱՐԴԻ─ Ի՞նչ…

ՔԻՄ─ Մարի Հադսո´ն. ահա թե ինչ: Ահա քեզ փիսի´կ, շնի´կ, վագրի´կ…

ՀԱՐԴԻ─ Ի՞նչ է կատարվում, գրողը տանի: Ախր ես այդ մասին չեմ …

ՔԻՄ─ Վե´րջ: Ավարտված է:

ՀԱՐԴԻ─ Չես թողնում խոսել…


Ներս են մտնում Էմման, Քեթրինը և Տիտոն:


ՏԻՏՈ─ (Ձեռքը բարձրացնում է` որ «նռնակ» նետի) Պառկե՛լ…

ՔԻՄ─ Դու ուշացել ես, տղաս: Այստեղի պառկողները արդեն պառկել, վեր են կացել: (Տիտոն, սովորության համաձայն, սկսում է կրակել: Պահից օգտվելով` Հարդին զանգում է):

ՀԱՐԴԻ─ Էդի… Էդի… Ո´չ, մի´ ուրախացիր. ինձ վրա չեն կրակում: Դա Տիտոն է: Վերադարձիր շտապ… Լսո՞ւմ ես… Այստեղ ուղարկիր Ջեքսոնին: Ասում եմ` անմիջապես իմ սենյակ ուղարկիր Ջեքսոնին:

ՔԵԹՐԻՆ─ Ամեն անգամ այս կողմով անցնելիս հնարավոր չի լինում Տիտոյին զսպել, որ ներս չմտնի: Նա իրեն այստեղ գեներալի պես է զգում:

ԷՄՄԱ─ (Թափված թղթերը հավաքելով) Պատուհանը երևի բացել եք, հա՞, միստր: Ամեն ինչ էլի քամուն եք տվել:

ՀԱՐԴԻ─ Այո´, այստեղից հենց մի պահ բացակայես, ամեն ինչ քամին տանում է…

ՏԻՏՈ─ Այսօր ո՞ւմ եմ գնդակահարելու, հայրիկ:

ՀԱՐԴԻ─ Ցուցակները արդեն պատրաստ են, տղաս: (Էմմայի հավաքած փաստաթղթերը նրան տալով) Ահա´, կարող ես բոլորին մեկ-մեկ կանգնեցնել պատի տակ:

ՏԻՏՈ─ (Թռչկոտելով) Ուռա՛…

ՀԱՐԴԻ─ (Էմմային) Ինչո՞ւ ներքին տեսացանցը չի աշխատում: Գոնե իմ սենյակ մտնողներին ես պիտի տեսնե՞մ, թե չէ…

ԷՄՄԱ─ Մոնիտորն է փչացել: Շուտով կսարքեն:

ՀԱՐԴԻ─ Իսկ դո՞ւ ինչով ես զբաղված: Ով երբ ուզում, ներս է մտնում:

ՔԻՄ─ Բացի ինձանից, Ջեկ, որովհետև ես ամեն անգամ սպասում եմ:

ՀԱՐԴԻ─ Մի՞թե:

ՔԻՄ─ Իհարկե: Ես ինձ հո թույլ չե՞մ տա քեզ շփոթեցնել… Չէ՞ որ ժամանակ է պետք, որ հասցնեք փոխվե՛լ… Մտնել աշխատանքային ռիթմի մե՛ջ:

ՏԻՏՈ─ (Էմմային) Դե, առաջ ընկիր: Ես սկսելու եմ քեզնից: (Դռան մոտ երևում է Սառան):

ՍԱՌԱ─ Ինձնի´ց սկսիր, Տիտո: Մի´ խանգարիր խորհրդակցությունը… Ներեցեք, միստր Հարդի, ես հետո կգամ:

ԷՄՄԱ─ Ո´չ, ինձնից է սկսելու Տիտոն… Դե, գնացինք: Մեկ-երկու, մեկ-երկու… (Սառան, Էմման և Տիտոն դուրս են գալիս: Լսվում է Տիտոյի ձայնը):

ՏԻՏՈ─ Ձեռքներդ վե´ր, ապուշներ…

ՔԵԹՐԻՆ─ Չարաճճի տղա է Տիտոն:


Հետևի դռնից ներս է մտնում Ջեքսոնը և խոսում` առանց աշխատասեղանի կողմը նայելու:


ՋԵՔՍՈՆ─ Օ՛, դուք այստեղ եք… (Քիմը և Քեթրինը մնում են ապշած): Ես էլ մտածում եմ, թե ինչու են ինձ շտապ կանչել… Ուրախ եմ, որ Դուք այստեղ եք, միսիս Քեթրին: (Քիմին) Ինչ լավ է, որ դու էլ ես այստեղ, սիրելի´ս: (Լսվում է Տիտոյի ավտոմատի ձայնը): Եվ տղաս է այստեղ… (Քիմի և Քեթրինի ապշած վիճակից սկսում է շփոթվել): Կրակում է… Էլի կրակում է… (Հետ է նայում և տեսնում Հարդիին): Ա՛խ, Դուք էլ… եք… այստեղ, միս… միս… միստր…

ՀԱՐԴԻ─ Այո´, ես էլ եմ այստեղ, Ջոնի: Դու ճիշտ ժամանակին եկար, եղբայր իմ:

ՔԵԹՐԻՆ─ Եղբա՞յր:

ՔԻՄ─ Ի՞նչ է սա նշանակում, Ջե´կ:

ՀԱՐԴԻ─ Սա այն է նշանակում, որ Ջոնին իմ եղբայրն է: Հարազատ եղբայրը: Մենք զույգ ենք…

ՔԻՄ─ Ուրեմն…

ՀԱՐԴԻ¬─ Այո´:

ՔԻՄ─ Բայց դու ինչո՞ւ ինձ մինչև հիմա չես ասել:

ՀԱՐԴԻ─ Որովհետև ես նույնպես չեմ իմացել:

ՋԵՔՍՈՆ─ Այո´, մենք միայն վերջերս… Բոլորովին վերջերս… (Իբր հուզվում է):

ՔԻՄ─ Ուրեմն նույն մորի՞ց:

ՀԱՐԴԻ─ Այո´:

ՔԵԹՐԻՆ─ Եվ` զույգ:

ՀԱՐԴԻ─ Այո´:

ՔԻՄ─ Եվ ինչպե՞ս է եղել, որ… միայն վերջերս…

ՋԵՔՍՈՆ─ Գիտե՞ս` բանն ինչ է, սիրելիս… Թո´ւ… Ներեցեք… Ներեցեք, միսիս: Բանն այն է, որ ես ծնվել ու մեծացել եմ Վաշինգտոնում, իսկ միստր Հարդին… Թո´ւ… Հարդին… Այսինքն` Ջեկը, Նյու Յորքում…

ՔԻՄ─ Նույն մորից… Զույգ… Վաշինգտոնում… Նյու Յորքում…

ՋԵՔՍՈՆ─ Այո´, միսիս… Նույն մորից, զույգ… Վաշինգ… (Սխալն զգալով) Վաշինգ… Յորքում…

ՀԱՐԴԻ─ Գիտե՞ս, սիրելիս, պատահում է այդպես…

ՔԵԹՐԻՆ─ Տեր Աստվա՛ծ, ինչ ասես, որ աշխարհում չի պատահում…

ՀԱՐԴԻ─ Այո´, հետաքրքիր է, չէ՞: Եվ գիտե՞ք` դա ոնց է եղել: Երբ մայրս նստել է ինքնաթիռ, սկսել են ցավերը: Այդպես Վաշինգտոնի երկնքում` հենց ինքնաթիռի մեջ, ծնվել եմ ես, իսկ երբ ինքնաթիռն անցել է Նյու Յորքի երկնքով… Արդեն պարզ է, լույս աշխարհ է եկել Ջոնին:

ՔԻՄ─ Եվ հետո՞: Դու մեծացել ես Վաշինգտոնի երկնքում, Ջոնին` Նյու Յորքի՞:

ՋԵՔՍՈՆ─ Դե իհարկե` ոչ: Այնպես է եղել, որ ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Վաշինգտոնում…

ՔԻՄ─ Եվ քեզ թողնելով այնտեղ` Ջեկը իր մայրիկի հետ թռել է Նյու Յորք:

ՔԵԹՐԻՆ─ Այո՛, ինչ ասես աշխարհում չի լինում…

ՀԱՐԴԻ─ Պատկերացնո՞ւմ եք, Վաշինգտոնում կարծել են, թե ես մահացած եմ, և չեն իմացել, որ մայրս ունենալու է նաև երկրորդը: Քանի որ նրա ֆիզիկական վիճակն էլ վատ չի եղել, կրկին նստել է ինքնաթիռ և թռել:

ՔԻՄ─ Ապա պարզվել է, որ դու ողջ ես:

ՀԱՐԴԻ─ Այո´:

ՔԻՄ─ Բայց մայրիկիդ այլևս չեն գտել:

ՋԵՔՍՈՆ─ Իսկ հետո մեկ այլ պատմություն է սկսվել: Իմանալով, որ ծննդատանը կա նման երեխա, բժիշկներին մեծ գումար են առաջարկել վաճառելու համար:

ՔԻՄ─ Եվ բժիշկները համաձայնել են:

ՋԵՔՍՈՆ─ Այո´:

ՔԵԹՐԻՆ─ Տեր Աստվա՛ծ, ինչ ասես…

ՔԻՄ─ Ապա վթարի են ենթարկվել նրանք, ովքեր գնել են Ջեկին:

ՋԵՔՍՈՆ─ Ճիշտ է:

ՔԻՄ─ Եվ փրկվել է միայն Ջեկը:

ՀԱՐԴԻ─ Այո´: Իսկ մնացածը արդեն գիտեք:

ՔԵԹՐԻՆ─ Տեր Աստվա՛ծ…

ՔԻՄ─ Եվ ի՞նչ ենք անելու հիմա:

ՀԱՐԴԻ─ Գիտե՞ս, սիրելիս, ես չեմ ուզում, որ այս մասին ուրիշներն իմանան: Այնքան անհավանական է այս ամենը, որ ուրիշները պարզապես չեն հավատա:

ՔԻՄ─ Ինչի՞ն չեն հավատա:

ՋԵՔՍՈՆ─ Չեն հավատա, որ… այսպես նման ենք…


Ներս են մտնում Էմման, Սառան և Տիտոն: Էմման և Սառան խոսում են` իրար հերթ չտալով:


ԷՄՄԱ¬─ Միստր Հարդի…

ՍԱՌԱ─ Միստր Հարդի… (Միանգամից քարանում են):

ՏԻՏՈ─ Հայրի՛կ… (Մե´կ նայում է Հարդիին, մե´կ Ջեքսոնին): Մայրիկ ես… բի՞ճ եմ…


Լույսերը մարում են…

Քիչ անց աջ և ձախ կողմերում վառվում է երկու լուսարձակ: Մի կողմում նստած է Հարդին, մյուսում` Մարին, որոնք իրար հետ կրկին խոսում են հեռախոսով:


ՄԱՐԻ─ Երեկ ի՛նչ հրաշալի օր էր, չէ՞, Ջեկ: Ի՛նչ խելահեղ օր:

ՀԱՐԴԻ─ Այո´, երեկվա օրը ավելի քան խելահեղ էր…

ՄԱՐԻ─ Իսկ հիմա որտե՞ղ ես, վագրիկս: Դեռ չե՞ս հասնում:

ՀԱՐԴԻ─ (Ժամացույցին նայելով, ներքին բարկությամբ, որը զսպում է): Ես հասած պիտի լինեի վաղո´ւց, սիրելիս:

ՄԱՐԻ─ Բա որտե՞ղ ես, շլդիկս: Ես արդեն ուզում եմ պատառոտել քեզ:

ՀԱՐԴԻ─ Աստված գիտի, թե որտեղ եմ մնացել` խցանման մեջ, թե մի այլ գրողի ծոցում:

ՄԱՐԻ─ Օ՛, ինչպե՛ս սիրում եմ քո հումորը:

ՀԱՐԴԻ─ Ո՞վ կմտածեր, թե ամեն ինչ կդառնա հումոր:

ՄԱՐԻ─ Դե´, դե´, շլդո´, դու բողոքելու տեղ չունես: Շտապի´ր, ես սպասում եմ…

ՀԱՐԴԻ─ Շտապելը շտապում եմ, որովհետև այսօր պիտի հասցնեմ թռչել նաև Անգլիա: Ի դեպ` ես արդեն պիտի այնտեղ լինեի… Չգիտեմ, թե այս աշխարհում մարդ իր նման քանիսը պիտի ունենա, որ հասցնի ամեն տեղ լինել:

ՄԱՐԻ─ Ջեկ, մի՞թե քեզ նման երկրորդը կարող է լինել: Տեսնեմ էլ, չեմ հավատա… Կկարծեմ, թե պատրանք է:

ՀԱՐԴԻ─ Իսկ դու երբեք չե՞ս տեսնում պատրանքներ: Գիտե՞ս, ասում են` ինչ-որ համաճարակ է սկսվել: Ոմանք այդպիսի պատրանքներ են տեսնում: Մեկը նույնիսկ ցնորվել է… (Լսվում է մյուս հեռախոսի զանգի ձայնը):

ՄԱՐԻ─ Դե, շուտ արա, ցլիկ: Շտապիր, քանի ես էլ պատրանքների մեջ չեմ ընկել: Սպասում եմ, սևո´ւկս… (Հեռախոսն անջատում է):

ՀԱՐԴԻ─ Գրողը տանի, ո՞ւր կորավ այդ անիծյալ շրջմոլիկը: (Վերցնում է մյուս հեռախոսը): Հարդին լսում է: (Մյուս լուսարձակի տակ այժմ երևում է Սթիվը):

ՍԹԻՎ─ Միստր Հարդի… Միստր Հարդի, Ջեքսոնի համար փրկագին են ուզում:

ՀԱՐԴԻ─ (Անակնկալի եկած) Ի՞նչ… Ի՞նչ փրկագին:

ՍԹԻՎ─ Մի՞թե Ձեզ դեռ չեն ասել: Նրան առևանգել են: Հենց նոր զանգեցին ինձ և առաջարկեցին փրկագին: Հիսուն միլիոն:

ՀԱՐԴԻ─ (Բարկացած) Եվ ո´չ մի սենթ: Այդ խելառի համար մի սենթ էլ ես չեմ վճարի:

ՍԹԻՎ─ Կսպանեն նրան, մի´ստր:

ՀԱՐԴԻ─ Ու լավ էլ… Դա արդեն իմ գործը չէ: Վե´րջ: Ոչ մի սենթ: (Հեռախոսն անջատում է): Փրկագի´ն… Հիսուն միլիո´ն… (Կրկին լսվում է հեռախոսազանգ: Հարդին չի իմանում ինչ անել: Ի վերջո` հեռախոսը վերցնում է և փորձում խոսել հանգիստ): Այո´, փիսիկս: (Մյուս լուսարձակի տակ երևում է Քիմը):

ՔԻՄ─ Վայրէջքը հաջո՞ղ էր, սիրելիս:

ՀԱՐԴԻ─ Պատկերացրու, որ նույնիսկ չեմ զգացել, թե ինչպես եմ երկնքում ճախրել ու իջել: Կարծես ողջ ընթացքում նստած եմ եղել իմ սեղանի մոտ:

ՔԻՄ─ Եվ հիմա վայելում ես Ալբիոնի թարմ օդը:

ՀԱՐԴԻ─ Վայելում եմ, սիրելիս: Այնպե՛ս հանգիստ է այստեղ:

ՔԻՄ─ Դե, գուդբայ, Ջեկ: Վերադարձիր շուտ: Ես արդեն կարոտում եմ քեզ:

ՀԱՐԴԻ─ Գուդբայ, գուդբայ, սիրելի´ս… (Հեռախոսն անջատելուց հետո) Բայց ես հիմա ստիպված եմ իմ երկվորյակի փոխարեն գնալ ժամադրության…


Նոր պատկեր:

Ջեքսոն, Մայքլ և Մարկ:


ՋԵՔՍՈՆ─ Ես Հարդին չեմ:

ՄԱՅՔԼ─ Իսկ ո՞վ ես: ՄԱԿ-ի քարտուղա՞րը, թե Հռոմի պապը:

ՋԵՔՍՈՆ─ Ես Ջոնի Ջեքսոնն եմ: Նախկին շրջմոլիկ: (Անդրավարտիքի փողքը բարձրացնում է և ոտքը քորում է):

ՄԱՐԿ─ Վե´րջ տուր հիմարություններիդ, Ջեկ: Հիսուն միլիոն և ոչ մի սենթ պակաս:

ՋԵՔՍՈՆ─ Հավատա, սըր, երբեք մտքովս չի անցել, թե իմ կյանքը կարող է գնահատվել այդպես թանկ: (Լսվում է Մայքլի բջջային հեռախոսի ձայնը):

ՄԱՅՔԼ─ Լսում եմ, միստր:

ԽՈՍԱԿԻՑ─ Ի՞նչ ընթացքում է գործը, Մայքլ:

ՄԱՅՔԼ─ Չի խոստովանում, սըր:

ԽՈՍԱԿԻՑ─ Դու, ինչ է, խոստովանահա՞յր ես, ապո´ւշ: Գումարը վճարո՞ւմ են, թե չէ:

ՄԱՅՔԼ─ Չեն վճարում: Իսկ այս ապուշը չի խոստովանում, որ ինքը Հարդին է: Ես մտավախություն ունեմ, որ գործում դարձյալ կարող են ի հայտ գալ չնախատեսված հանգամանքներ:

ԽՈՍԱԿԻՑ─ Վերջացրո´ւ, Մայքլ: Այս անգամ արդեն դո´ւք կնստեք աթոռին: Եթե դա անգամ Հարդին չէ, ուրեմն դարձրեք Հարդի, ինչպես կուզեք: Վե´րջ: (Հեռախոսն անջատում է):

ՄԱՅՔԼ─ Հասկացա՞ր, Ջեկ: Եթե դու անգամ Հարդին չես, մենք ստիպված ենք քեզ դարձնել Հարդի:

ՋԵՔՍՈՆ─ Գրո´ղը տանի, բոլորն ուզում են ինձ դարձնել Հարդի, բայց ես Ջեքսոնն եմ, Ջոնի Ջեքսոնը:

ՄԱՐԿ─ Մտածիր, ուրեմն, Ջոնի: Խոստովանելու համար տալիս ենք քեզ ժա-մա-նակ…


Նոր պատկեր:

Ջեկ Հարդիի բնակարանը: Քիմ, Քեթրին և Ջեկ, որն ստիպված է խաղալ Ջոնիի «դերը»:


ՔԻՄ─ Պատկերացնո՞ւմ ես` ինչ թյուրիմացություն էր, Քեթրին: Կարծելով, թե Մարիի հետ սիրային կապի մեջ է Ջեկը, ես ներխուժեցի նրա սենյակ և պահանջեցի ապահարզան:

ՔԵԹՐԻՆ─ Բայց պարզվեց, որ դա եղել է ոչ թե Ջեկը, այլ Ջոնին: (Հարդիին) Այդպես չէ՞, Ջոնի: (Հարդին, բավական շփոթված, գլխով հավանություն է տալիս):

ՀԱՐԴԻ─ Այո´, միսիս:

ՔԻՄ─ Դե ո՛չ: Դա հետո պարզվեց:

ՔԵԹՐԻՆ─ (Կեղծ հետաքրքրությամբ) Իսկ ինչ պարզվեց սկզբո՞ւմ:

ՔԻՄ─ Սկզբում պարզվեց, որ Ջեկի սենյակում եղել է գինարբուք, որի մասին ես չեմ իմացել: Ճիշտ եմ հիշում, չէ՞, Ջոնի:

ՀԱՐԴԻ─ Այո´, միսիս:

ՔԻՄ─ Եվ Ջոնին երեք կանանց հետ մի լավ զվարճացել է:

ՔԵԹՐԻՆ─ Երեքի հե՞տ: Միաժամանա՞կ:

ՔԻՄ─ Դե, Քեթրին, Ջոնիի համար ի՞նչ մեծ թիվ է երեքը… Բայց դու մի աչքով մի նայիր նաև Ջեկին: Նրա հետ մենք այնպիսի՛ օրեր էինք անցկացնում… Ես հարձակվում էի նրա վրա… (Սկսում է ցույց տալ): Այսպես բռնում էի և…

ՀԱՐԴԻ─ (Շփոթմունքից կարկամած) Ի՞նչ:

ՔԻՄ─ Քաշում էի…

ՀԱՐԴԻ─ Ննջարա՞ն…

ՔԻՄ─ Դե ոչ, Ջոնի´… Նախ տանում էի լոգարան… Դուշի տակ… ապա… վաննայի մեջ…

ՀԱՐԴԻ─ (Կարկամած) Ապա՞...

ՔԻՄ─ Ապա հատակի վրա… Բազմոցի…

ՀԱՐԴԻ─ Ապա՞...

ՔԻՄ─ (Վերև ցույց տալով) Այնտեղ` առաստաղի…

ՀԱՐԴԻ─ (Այլևս չկարողանալով իրեն զսպել` սկսում է քայլել): Ի՛նչ ես ասում…

ՔԻՄ─ (Ժպտալով) Իսկ դու, Քեթրին, հիշո՞ւմ ես, որ մի անգամ էլ…

ՀԱՐԴԻ─ (Անհամբերությունից) Ի՞նչ..

ՔԻՄ─ (Քեթրինին) Մեզ հետ նաև քեզ…

ՔԵԹՐԻՆ─ Օ՛, միսիս…

ՀԱՐԴԻ─ Ի՞նչ… Ի՞նչ…

ՔԵԹՐԻՆ─ Եվ միստրն այդ օրը հազիվ փրկվեց կաթվածից: (Հարդին կատաղությամբ վերցնում է հեռախոսը և համար հավաքում):

ՀԱՐԴԻ─ Ալո… Սթիվ, հենց նրանք զանգեն, միացրու ինձ հետ… Լսո՞ւմ ես… Անմիջապե´ս: Ասա, որ համաձայն եմ վճարելու գումարը:


Իբր թե ավտոմեքենա վարելով` ներս է մտնում Տիտոն և մոտենում Քիմին:


ՏԻՏՈ─ Մայրիկ, ինչի՞ց է, որ ուրիշները մի հայրիկ էլ չունեն, իսկ ես երկուսն ունեմ:

ՔԻՄ─ Այդպես երբեմն լինում է, տղաս: Նույնիսկ լինում է, որ նախ ունենում են երկուսը, իսկ հետո` ոչ մեկը… (Տիտոն մոտենում է Հարդիին):

ՏԻՏՈ─ Հայրիկ, եթե ես ծնվել եմ երկու հայրիկից, ուրեմն դու էլ ծնվել ես երկու մայրիկի՞ց…

ՀԱՐԴԻ─ Չէ´, տղաս, երկու բիճ ծնելու համար մի մայրիկն էլ հերիք է…


Նոր պատկեր:

Ջեքսոն, Մայքլ և Մարկ:


ՋԵՔՍՈՆ─ Լավ: Խոստովանում եմ: Ես Ջեկ Հարդին եմ:

ՄԱՐԿ─ Վերջապե՛ս, Հարդի´: Իսկ դու մեզ ուզում էիր դնել ապուշի տեղ:

ՄԱՅՔԼ─ (Անմիջապես զանգահարում է): Խոստովանեց, միստր: Մեր ձեռքում իսկապես Ջեկ Հարդին է:

ԽՈՍԱԿԻՑ─ Իսկ գումա՞րը:

ՄԱՅՔԼ─ Այդ մասին դեռ չենք խոսել:

ԽՈՍԱԿԻՑ─ Տխմա´ր… Նախ պետք էր այդ մասին խոսել:

ՄԱՅՔԼ─ Արդեն սկսում ենք, սըր:

ԽՈՍԱԿԻՑ─ Արագացրեք, Մայքլ, արագացրեք: (Հեռախոսն անջատում է):

ՄԱՐԿ─ Դե ինչ, Հարդի: Ընդամենը հիսուն միլիոն:

ՋԵՔՍՈՆ─ (Գրպաններն ստուգելով) Բայց ինձ մոտ այդքան չկա:

ՄԱՐԿ─ Հարդի´, մենք ուզում ենք, որ ամեն բան լինի խաղաղ, բարեկամաբար… (Նրան հեռախոս տալով) Չէ՞ որ քո ընդամենը մի զանգն արժի հիսուն միլիոն:

ՋԵՔՍՈՆ─ Մի՞թե:

ՄԱՅՔԼ─ Այո´, այո´: Բավական է, որ դու ընդամենը զանգես:

ՋԵՔՍՈՆ─ Իսկ ո՞ւր զանգեմ, որ իմ ձայնը գնահատեն այդքան թանկ:

ՄԱՐԿ─ Հերի´ք է բութ ձևանաս, Հարդի´:

ՄԱՅՔԼ─ Այդ դեպքում կզանգեմ ես: (Զանգում է): Սթի՞վ:

ՍԹԻՎ─ Այո´, սըր:

ՄԱՅՔԼ─ Իզուր են Ձեր խաղերը. նա խոստովանեց:

ՍԹԻՎ─ Խոստովանե՞ց…

ՄԱՅՔԼ─ Այո´: Մեր ձեռքում Հարդին է: Իսկական Հարդին:

ՍԹԻՎ─ (Զարմացած) Մի՞թե:

ՄԱՅՔԼ─ Եվ նա արժի հիսուն միլիոն:

ՍԹԻՎ─ Սըր, ձեզ հետ այդ մասին ուզում է խոսել անձամբ ինքը` Ջեկ Հարդին:

ՄԱՅՔԼ─ Ի՞նչ…

ՍԹԻՎ─ Այո: Ես հիմա կմիացնեմ: (Մի պահ տիրում է լռություն, ապա լսվում է Հարդիի ձայնը):

ՀԱՐԴԻ─ Ալո… Խոսում է Հարդին…

ՄԱՅՔԼ─ (Ապշած) Լսում եմ, միստր:

ՍԹԻՎ─ Ես համաձայն եմ վճարել գումարը:

ՄԱՅՔԼ─ Այդ դեպքում մենք անմիջապես ազատ կարձակենք միստր… միստր… Հարդիին:

ՀԱՐԴԻ─ Մի պայմանով միայն:

ՄԱՅՔԼ─ Լսում եմ:

ՀԱՐԴԻ─ Որ մինչև առավոտ նա այլևս չլինի:

ՄԱՅՔԼ─ (Զարմացած) Չլինի՞:

ՀԱՐԴԻ─ Պարզ չե՞մ ասում, սըր:

ՋԵՔՍՈՆ─ Ինչպե՞ս թե` չլինի: Դու ո՞ւմ հետ ես խոսում: Տո´ւր ինձ հեռախոսը: (Հեռախոսը վերցնում է): Ո՞ւմ հետ պատիվ ունեմ, միստր…

ՀԱՐԴԻ─ Խոսում է Հարդին, ապո´ւշ:

ՋԵՔՍՈՆ─ Ջեկ Հարդին, այնպես չէ՞: (Լսվում է Մարկի հեռախոսի ձայնը, և մի պահ զուգահեռ խոսում է նաև նա):

ՄԱՐԿ─ Գործում դարձյալ ի հայտ եկան անսպասելի հանգամանքներ, սըր: Մեր ձեռքում է հիմա երկու Հարդի:

ԽՈՍԱԿԻՑ─ Իսկ գումա՞րը:

ՄԱՐԿ─ Նրանք իրար հետ հիմա այդ մասին են խոսում…

ՀԱՐԴԻ─ Ես տալիս եմ, այո´, հիսուն միլիոն:

ՋԵՔՍՈՆ─ (Մայքլին և Մարկին) Փչում է: Ձեզ փորձում է գցել ծուղակը: Իրականում իսկական Հարդին ո´չ ես եմ, ո´չ նա: Իսկական Հարդին թռել է Անգլիա…

ՄԱՐԿ─ Ի՛նչ…

ՋԵՔՍՈՆ─ (Կրկին` հեռախոսով) Լսո՞ւմ ես, Հար… Հար… Մի խոսքով` եթե դու Հարդին ես, իսկ ո՞վ է Անգլիայում:

ՀԱՐԴԻ─ Ես քեզ հետ այդ մասին դեռ կխոսեմ, Ջոնի, հանճարեղ սրիկա… (Հեռախոսն անջատում է):

ՋԵՔՍՈՆ─ Ահա´, լսեցի՞ք, որ ես Ջոնին եմ, Ջոնի Ջեքսոնը: Իսկ դուք զանգահարեք ընկերություն, խնդրեմ, հարցրեք, թե որտեղ է Ջեկ Հարդին:

ՄԱՅՔԼ─ (Զանգահարում է): Ես ուզում եմ խոսել միստր Ջեկ Հարդիի հետ, միսիս:

ԽՈՍԱԿԻՑ─ Ջեկ Հարդին, միստր, մեկնել է Անգլիա:

ՋԵՔՍՈՆ─ Ահա´, ասում էի, չէ՞: (Լսվում է Մարկի հեռախոսի ձայնը):

ՄԱՐԿ─ Ալո, միստր:

ԽՈՍԱԿԻՑ─ Ինչո՞ւ անջատեցիր հեռախոսը: Ի՞նչ որոշեցին ձեր հարդիները:

ՄԱՐԿ─ Գործը կրկին ունեցավ անակնկալ շրջադարձ, սըր… Պարզվեց, որ իսկական Հարդին մեկնել է Անգլիա…


Նոր պատկեր:

Ջեկ Հարդիի աշխատասենյակը: Էմման, Հարդիի սեղանին փաստաթղթեր դնելով, ուզում է դուրս գալ և այդ պահին բարկացած ներս է մտնում Հարդին:


ԷՄՄԱ─ (Անակնկալի գալով) Ա՛…

ՀԱՐԴԻ─ (Խոսքը հեռակա կարգով ուղղելով Ջեքսոնին) Ապո´ւշ… Ես հիմա քեզ ցույց կտամ Հարդի:

ԷՄՄԱ─ Միստր… Դուք ո՞վ եք: Միստր…

ՀԱՐԴԻ─ Ինչպե՞ս թե` ով եմ… Չե՞ս տեսնում, որ ես Հարդին եմ: Ջեկ Հարդին:

ԷՄՄԱ─ (Ձեռքը աչքերի առաջ շարժում է այնպես, կարծես ուզում է պատրանքը ցրել): Ջեկ Հարդին, միստր, մեկնել է Անգլիա… (Հետին դռնից այնպես, ինչպես Հարդին, ներս է մտնում Ջեքսոնը):

ՋԵՔՍՈՆ─ (Էմմայի և Հարդիի կողմը չնայելով) Հիմա´ր… Ես քեզ ցույց կտամ, թե ինչ է նշանակում ներկայանալ որպես Հարդի…

ԷՄՄԱ─ (Գրեթե ճչալով) Ա՛… (Կրկին պատրանքը ցրելու շարժում է անում: Ջեքսոնը, իբր զարմացած, այնպես է նայում Հարդիին, կարծես առաջին անգամ է տեսնում):

ՋԵՔՍՈՆ─ Դու ո՞վ ես, միստր:

ՀԱՐԴԻ─ Վե´րջ, Ջոնի, խաղը ավարտվեց:

ՋԵՔՍՈՆ─ Ջոնի՞… Ես Հարդին եմ: Ջեկ Հարդին…

ԷՄՄԱ─ (Մեքենաբար նույնը կրկնում է): Ջեկ Հարդին, միստր, մեկնել է Անգլիա… (Ներս է գալիս Սառան: Ձայնը լսվում է դեռևս դռան հետևից):

ՍԱՌԱ─ Էմմա´… Էմմա´… (Նկատում է Ջեքսոնին ու Հարդիին և զարմանքից ճչում): Ա՛… (Հարդիին) Դուք ուրեմն վերադարձե՞լ եք, միստր Հարդի… (Ջեքսոնին) Եվ Դո՞ւք եք վերադարձել… միստր… նույնպես… Հարդի…

ՀԱՐԴԻ─ Վե´րջ տուր կատակիդ, Ջոնի´: Խոստովանիր, որ դու Ջեքսոնն ես:

ՋԵՔՍՈՆ─ Դա լինելիք բան չէ, որովհետև ես դեռ երեկ եմ խոստովանել, որ Հարդին եմ: Եթե այսպես գնա, ստիպված կլինեմ խոստովանելու, որ միաժամանակ նաև Հռոմի պապն եմ: (Բաց դռնից լսվում է Մարիի ձայնը):

ՄԱՐԻ─ Աու՛… Փիսի՛կս… (Ներս մտնելով` ճչում է): Ա՛… (Հարդիին, ապշած մարդու տոնայնությամբ) Շլդի´կս… (Ջեքսոնին) Վագրի´կս… (Լսվում է հեռախոսազանգ, Էմման վերցնում է լսափողը):

ԷՄՄԱ─ Ալո… Այո´… Այո´, միսիս… Ի՛նչ-ի՛նչ… Ջեկ Հարդի՞ն… Օ՛, Տեր Աստված… (Լսափողը դնում է: Բոլորը լարված նայում են նրան): Ջեկ Հարդին քիչ առաջ իր ողջ ունեցվածքն ու խնայողությունը նվիրել է ինչ-որ Ջեքսոնի ու եղել ինքնասպան…

ԲՈԼՈՐԸ` ՄԻԱՍԻՆ─ Ա՛…

ՋԵՔՍՈՆ─ (Անմիջապես) Խոստովանում եմ, ես Ջեքսոնն եմ… (Հարդին զայրույթից ու շփոթմունքից չի իմանում ինչ անել):

ՀԱՐԴԻ─ Ասում է` ես Ջեքսոնն եմ: Իսկ ո՞վ եմ այդ դեպքում ես:

ՋԵՔՍՈՆ─ Ջեկ Հարդին, միստր: Դու Ջեկ Հարդին ես:

ՀԱՐԴԻ─ Դու, ի՞նչ է, չլսեցիր, որ Ջեկ Հարդին մեկնել է Անգլիա…

ՄԱՐԻ─ Ու եղել ինքնասպան:

ՋԵՔՍՈՆ─ Իսկապե՛ս… Ո՞վ ես այդ դեպքում դու:

ՍԱՌԱ─ Ես հասկացա: (Բոլորը նայում են նրան): Այս միստրը պարզապես Հարդիի ուրվականն է…

ՀԱՐԴԻ─ Դե ո´չ: (Իրենից անկախ) Ես հենց Հարդին եմ…

ՋԵՔՍՈՆ─ Ի՞նչ… Բռնվեցի՞ր, Հարդի´:

ԷՄՄԱ─ (Դեռևս ուշքի չգալով) Հարդին մեկնել է Անգլիա…

ՄԱՐԻ─ Եվ ինքնասպան եղել…

ՋԵՔՍՈՆ─ Այդ դեպքում ո՞վ է այս միստրը:

ՍԱՌԱ─ (Նույն ձևով) Ես կարծես կռահում եմ: Այս միստրը պարզապես (ցույց է տալիս Ջեքսոնին) այս միստրի նմանակն է:

ՋԵՔՍՈՆ─ Ի՞մ նմանակը… (Իրենից անկախ) Բայց մինչև հիմա ասում էին, թե ես եմ նրա նման… նման…

ՀԱՐԴԻ─ Ա՛… Բռնվեցի՞ր:

ՄԱՐԻ─ Այս ի՞նչ շիլաշփոթ է, Աստված իմ: (Հեռախոսը կրկին զանգում է: Էմման վերցնում է լսափողը):

ԷՄՄԱ─ Այո… Այո… Ի՞նչ… Սխալմո՞ւնք է… Դա եղել է ուրի՞շ Հարդի… (Լսափողը դնում է): Պարզվում է, որ եղել է նաև չորրորդը…

ՋԵՔՍՈՆ─ Գրողը տանի, այս քանի՞ նմանակ եմ ունեցել ես:


Ներս են մտնում Քիմ Հարդին և Քեթրինը:


ՔԻՄ─ (Մոտենալով Ջեքսոնին) Դու արդեն վերադարձե՞լ ես, Ջեկ: Հաջո՞ղ էր վայրէջքը:

ՀԱՐԴԻ─ (Էմմայի նման պատրանքը ցրելու շարժում է անում): Քի՞մ… Այս ի՞նչ է կատարվում… Ջեկը ես եմ:

ՔԵԹՐԻՆ─ Դո՞ւ… Դե ո´չ, դու Ջոնին ես:

ՔԻՄ─ Պարզապես նա այնքա՛ն է քեզ նման, որ շփոթում ես… (Հարդին կրկին ցնորվածի պես պատրանքը ցրելու շարժում է անում):

ՔԵԹՐԻՆ─ Դու Ջոնին ես, իսկ նա` քո եղբայր Ջեկը: Դու Ջեքսոնն ես, իսկ նա` Հարդին, բանկերի ընկերության նախագահը:

ԷՄՄԱ─ Աստվա՛ծ իմ, այս որքա՛ն նման են:

ՔԻՄ─ Դե իհարկե պիտի լինեն նման: Չէ՞ որ զույգ են:

ՄԱՐԻ─ Ուրեմն ծնվել են նույն մորի՞ց:

ՔԵԹՐԻՆ─ Ոչ միայն նույն մորից, այլև նույն օրը, միասին: Մեկը` Վաշինգտոնում, մեկը` Նյու Յորքում… Դա այնքա՛ն հետաքրքիր պատմություն է:

ՔԻՄ─ Երբ Ջեկի մայրը նստում է ինքնաթիռ, հենց երկնքում` ինքնաթիռի մեջ, սկսվում են ցավերը…

ՀԱՐԴԻ─ Վերջացրե՛ք…

ՍԱՌԱ─ (Հարդիին) Միստր Ջեքսոն, Ձեզ վա՞տ եք զգում:

ԷՄՄԱ─ Ձեզ բա՞ն պատահեց…

ՀԱՐԴԻ─ Ես Հարդին եմ…

ՄԱՐԻ─ (Հարդիին նայելով) Ա՛…

ՔԻՄ─ Ի՞նչ…

ՄԱՐԻ─ Այո, պատահեց… (Կեղծ խորհրդավորությամբ) Միստր Ջեքսոնը խելագարվե՛ց…

ՀԱՐԴԻ─ Ի՞նչ…

ՔԵԹՐԻՆ─ Ոչինչ, միստր Ջեքսոն, ոչինչ, այդպես լինում է: Դա բուժելի է: Հիմա բժիշկ կկանչենք… (Ջեքսոնը զանգում է):

ՋԵՔՍՈՆ─ Խոսում է Հարդին: Բանկերի ընկերության նախագահ Ջեկ Հարդին:

ՀԱՐԴԻ─ Վերջացրե՛ք…

ՋԵՔՍՈՆ─ Մենք հիվանդ ունենք, միստր: Հարկավոր է տեղափոխել Ձեզ մոտ` հոգեբուժարան… Խիստ տարօրինակ… Նա կարծում է, թե ինքը ես եմ… Ուզում է, որ իրենից Հարդի սարքենք… Սպասում ենք, միստր…

ՔԻՄ─ Ի՞նչ… Ուրեմն քեզ տանելո՞ւ են, Ջոնի:

ՄԱՐԻ─ Ո՛չ… Եթե նրան տանեն, ես… Կխելագարվեմ: Ախր ես արդեն այնպե՛ս էի սովոր ունենալ երկու Հարդի…

ԲՈԼՈՐԸ` ՄԻԱՍԻՆ─ Ի՞նչ…

ՔԵԹՐԻՆ─ Ուրեմն դու… իմացե՞լ ես այդ մասին:

ՀԱՐԴԻ─ Դադարեցրե՛ք…

ՄԱՐԻ─ (Հանցանքում բռնվածի մեղավորությամբ) Դե… Այն օրը, երբ Սառան ասաց, որ Հարդին այստեղ իր հետ…

ՔԻՄ─ Ուրեմն` նաև Սառա՞ն…

ՍԱՌԱ─ Գիտե՞ք, ես չէի ուզում ինքս բացել գաղտնիքը… Իսկ միստր Ջեքսոնն այնպես հաճելի…

ԷՄՄԱ─ Ի՛նչ… Ուրեմն Ջեքսոնը ոչ միան ինձ… (Բոլորը նայում են Էմմային, որը շփոթվում է): Դե… Երբ իմացա, որ Քեթրինը… Նա… տանը…

ՄԱՐԻ─ (Քեթրինին նայելով) Քեթրի՞ն…

ՔԵԹՐԻՆ─ Ես… Միսիս Հարդին… միասին… նույն օրը: Իսկ նա` Ջեքսոնը, այնպե՛ս տարբերվում էր հարդիից..

ՋԵՔՍՈՆ─ Ի՞նչ… Ուրեմն դուք բոլորդ… (Նույնպես ցնորվածի պես) Ա՛… (Կրկին զանգում է): Միստր… Շտապեք, միստր: Այստեղ ամեն վայրկյան մեկը կարող է խելագարվել…


Ինչպես միշտ, ավտոմատը ձեռքին ներս է մտնում Տիտոն ու միանգամից բղավում:


ՏԻՏՈ─ Ձեռքներդ վե´ր…


Տիրում է լռություն: Բոլորը ձեռքները դանդաղ բարձրացնում են…


14.04-04.05.2013




12345678910111213141516171819202122
    Դիտվել է 786 անգամ
    12