Գրողի դատը կընթանա հեռակա կարգով
03.02.2023
Մոսկվայի Բասմանյան շրջանի դատարանում գրանցվել է քրեական գործ՝ հարուցված ընդդեմ ռուսաստանցի ժամանակակից գրող Դմիտրի Գլուխովսկու։ Նա այդ երկրում հայտարարվել է ԶԼՄ֊օտարերկրյա գործակալ։ Նրան մեղադրում են ռուսական բանակի մասին սուտ լուրեր տարածելու մեջ։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։
Քննության վարկածով, գրողը 2022թ․֊ի մարտի 10-ից մայիսի 10֊ը իր սոցիալական ցանցի էջերում տեղադրել է «գրառումների և տեսահոլովակների տեսքով հրապարակումներ» որոնցում ներկայացրել է «ՌԴ զինուժի ծառայողների կողմից Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ժամանակ բնակելի տների, դպրոցների և հիվանդանոցների դիտավորյալ հրետակոծության և ռմբահարման իրականացման» մասին նյութեր։
Քանի որ Գլուխովսկին հիմա Ռուսաստանում չէ, դատը կայանալու է հեռակա կարգով; Մեղադրող կողմը առաջարկում է նրան ազատազրկել մինչև 10 տարի ժամկետով։
Դմիտրի Գլուխովսկին հայտնի է իր «Մետրո֊2033», «Մետրո֊2034», «Տեքստ», «Մթնշաղ» և այլ ստեղծագործություններով։
Նա Ռուսաստանից արտագաղթել է Ուկրաինայում սկսված պատերազմական գործողությունների առաջին օրերին։ Գլուխովսկու դեմ քրեական հետապնդումն սկսվել է ռուսական բանակի մասին կեղծ լուրեր տարածելու հիմքով։ Այդ գործի շրջանակներում նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։