Պատմության մեջ ամենահաջողակ յակուտական ֆիլմը զրկվել է վարձույթի վկայականից
10.18.2023
Ռուսաստանում կինովարձույթի վկայականից զրկել են «Այթա» յակուտական ֆիլմին։ Յակուտիայի կինոարտադրության պատմության մեջ ամենամեծ եկամտաբերությանը հասած և մի քանի մրցանակներ նվաճած այս ժապավենի մեջ «Ռոսկոմնադզոր» կազմակերպությունը նկատել է «ազգայնականության դրսևորումներ»։ Այդ մասին «Վեդեմոստի» պարբերականի տեղեկատվությունը փոխանցում է «Թագլուրը»՝ հղում անելով «rfi.fr»֊ին։
Ֆիլմի ռեժիսոր Ստեփան Բուռնաշևը տեղական (յակուտական․֊խմբ․) թերթին տված հայտարարության մեջ նշել է, որ «Այթա»֊ի գաղափարն այն է, որ համախմբի մարդկանց։ Նշենք, որ թերթը այդ հոդվածը վերնագրել է «Ռոսկոմպոզոր» («Ռոսկոմնադզոր»-ի ծաղրանմանակումն է֊խմբ․):
Ասենք որ Վարձույթի վկայականը ֆիլմի հեղինակներին անհրաժեշտ է, որպեսզի օրինական հնարավորություն ունենան այն ցուցադրել հասարակական վայրերում և առցանց։ Սակայն «Ռոսկոմնադզոր»֊ում կարծում են, որ «Այթա»֊ն պարունակում է «ապակառուցողական տեղեկատվություն, որը հակասում է Ռուսաստանի ժողովուրդների միասնությանը»։
Ֆիլմն անդրադառնում է մի պատմության, որը հաջորդում է մի դպրոցական յակուտուհու սպանությանը։ Ողբերգության մեջ գյուղացիները մեղադրում են ռուս ոստիկան Աֆոնիային։ Աղջկա սպանության վայրում գտնվել է «Աֆոնիա, ես քեզ ատում եմ» բովանդակությամբ երկտող։ Մահացած աշակերտուհու հարազատները և համագյուղացիները որոշում են ինքնադատաստան տեսնել, թեև պարզվում է, որ երկտողում բոլորովին այլ անձ է նկատի առնված։
«Այթա» կինոնկարը վարձույթի վկայական էր ստացել դեռ 2022թ․֊ի փետրվարին։ Ռուսական կինովարձույթի շուկա է դուրս բերվել մարտին։ Այն «Զիմնիյ» հեղինակային կինոյի փառատոնում արժանացել է երկու մրցանակի՝ «Լավագույն ռեժիսուրա» և «Տղամարդու լավագույն դեր» անվանակարգերում։
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։