Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Երևանում մեկնարկեց Թատրոնի միջազգային ինստիտուտի համաշխարհային կոնգրեսը

11.17.2014

Այսօր Երևանում «Նոր ձայներ, նոր հանդիսատես, ժամանակն է երկխոսության» կարգախոսով մեկնարկեց Թատրոնի միջազգային ինստիտուտի համաշխարհային կոնգրեսը: Հայաստանն առաջին անգամ է ընտրվել ոլորտում հեղինակություն վայելող միջազգային կառույցի երկու տարին մեկ անցկացվող միջոցառմանան վայր:

Թատրոնի միջազգային ինստիտուտը կատարողական արվեստների ոլորտում ամենամեծ միջազգային կառույցն է, որն իր մեջ է ներառում աշխարհի մոտ 100 կենտրոններ: Երևանյան ֆորումին մասնակցելու են եկել տարբեր երկրների թատերական մշակույթը ներկայացնող շուրջ 300 գործիչներ:

Նման համաժողովների միջոցով Թատրոնի միջազգային ինստիտուտը փորձում է խթանել միջազգային ոլորտում թատերական արվեստի փորձի փոխանակթյունը, նպաստել ազգերի միջև բարեկամության և խաղաղության ամրապնդմանը:

Կոնգրեսի աշխատանքների ծրագրով նախատեսված են բազմազան միջոցառումներ, որոնց ընթացքում հյուրերը իրենց ընտրությամբ կլինեն հայաստանյան թատրոններում, կհանդիպեն թատերական գործիչների հետ: Բացի այդ կկազմակերպվեն նաև վարպետաց դասեր, կլոր սեղաններ և այլն:

Գնահատելով Թատրոնի միջազգային ինստիտուտի երևանյան համաշխարհային կոնգրեսի նշանակությունը ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը այսօր կայացած մամլո ասուլիսում նշեց. «Այն որոշումները, այն առաջարկությունները, որոնք կհնչեն կոնգրեսի մասնակիցների կողմից, մեր համար կդառնան նաև որոշակի քաղաքականություն իրականացնելու բաղադրիչ»:

Ավելացնենք, որ համաշխարհային կոնգրեսի աշխատանքները կշարունակվեն մինչև ընթացիկ շաբաթվա վերջը:
    Դիտվել է 1047 անգամ