Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռ. Գաբրիաձե. «Իմ վերջին ցանկությունն է՝ մի արգելեք մեզ անել հիմարություններ»

01.30.2015


Այսօր «Մարշալ դ՝ Ֆանտեի ադամանդը» ներկայացման ցուցադրմամբ Ռուսաստանում իրականացվող մեծ հյուրախաղերի շրջանակներում Մոսկվայի «Ստրաստնու վրա» թատերական կենտրոնում 15 օրյա ելույթներն է սկսում Ռեզո Գաբրիաձեի հայտնի մարիոնետների թատրոնը:

«Մարշալ դե Ֆանտեի ադամանդը» ներկայացման ցուցադրությունն, ինչ-որ տեղ, ունի պրեմիերայի նշանակություն, քանի որ այս հիանալի կատակերգությունը մոսկվացիներին է ներկայացվելու բեմադրական նոր տարբերակով:

«Իմ վերջին ցանկությունն է՝ մի արգելեք մեզ անել հիմարություններ: Թե չէ՝ ամեն ինչ միայն փիլիսոփաներին, քաղաքական գործիչներին, պրոֆեսորներին... Իսկ մեզ, ի՞նչ է, ոչի՞նչ: Չէ՞ որ հիմարությունների մեջ են կյանքի բոլոր քաղցրությունները և իմաստը»,- Գաբրիաձեի այս խոսքերը վերաբերում են իր ներկայացմանը:

Իսկ ներկայացման սյուժեն այսպիսին է. վրացի իշխան Վանո Պանտիաշվիլին հանկարծ հեռագիր է ստանում այն մասին, որ Փարիզում մահացել է նրա բարեկամը՝ ֆրանսիացի մարշալ դ՝ Ֆանտեն, ով իրեն ժառանգել է 8 հազար կարատանոց ադամանդ:

Որպեսզի ստանա իր ժառանգությունն, իշխանը մի քանի համաքաղաքացիների հետ Թբիլիսիից ուղևորվում է Փարիզ: Եվ հենց այդ պահից էլ սկսվում են իշխանի անսովոր արկածները և հենց այդտեղ էլ նրա սիրտն է թափանցում կյանքում առաջին և մեծ սերը...

Այս պատմությունն ասես լինի նախկին հայտնի բեմադրության՝ «Խանումայի» շարունակությունը՝ նախկին հերոսներն են, սակայն նոր արկածներով: Հանդիսատեսները կրկին կլսեն արդեն կյանքից հեռացած վրաց հիանալի արտիստների՝ Վերիկո Անջափարիձեի, Էրոս Մանջգալաձեի, Ռամազ Չխիկվաձեի ձայները:

Այս ներկայացումը բեմադրվել է շատ տարիներ առաջ, սակայն Գաբրիաձեն, այս ներկայացմանը վերադառնալով, այն լրացրել է նոր տեսարաններով, տիկնիկներով, դեկորացիաներով:

Ներկայացման մեջ հնչում է 20-րդ դարի սկզբներին ստեղծագործած կոմպոզիտոր Վիկտոր Դոլիձեի երաժշտությունը, հնչում են նաև վրացական ժողովրդական երգեր:

Ռեզո Գաբրիաձեի թատրոնը ստեղծվել է 1981 թ.-ին, երբ նա արդեն շատ հայտնի նկարիչ ու սցենարիստ էր (35 ֆիլմի սցենարի հեղինակ է): Նա հայտնի է նաև որպես գրող, քանդակագործ, թատերական ռեժիսոր, ում Փիտեր Բրուքը անվանել է «Մեծ գյուտարար»: Նրա մարիոնեթների թատրոնը համարվում է համաշխարհային եզակի երևույթ: Նա կրում է Ֆրանսիական հանրապետության մշակույթի և գրականության կոմանդորի կոչում, ԽՍՀՄ պետական մրցանակի և Շոթա Ռուսթավելու անվան պետական մրցանակի դափնեկիր է:

Նշենք, որ հյուրախաղերի ծրագրում վրաց արտիստները ընդգրկել են նաև երեք այլ ՝ «Մեր գարնան աշունը», «Ստալինգրադ» և «Ռամոնա» ներկայացումները:
    Դիտվել է 901 անգամ