Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Պիես՝ Եղիսաբեթ 2-րդ թագուհու երկխոսությունների հիման վրա

02.21.2015


Բրիտանացի դրամատուրգ Փիթեր Մորգանը կստեղծի հայտնի «Պաշտոնական ընդունելություն» պիեսի ռուսական տարբերակը, որը կվերաշարադրվի հատուկ հայտնի ռուս դերասանուհի Իննա Չուրիկովայի համար: Այդ մասին «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Հաղորդագրությունը նշում է, որ Փիթեր Մորգանը համաձայնվել է ստեղծել իր ստեղծագործության բացառիկ տարբերակը՝ որտեղ կանդրադառնա վերջին քաղաքական իրադարձություններին և մասնավորապես պիեսում ավելացնելով Ուկրաինայի դեպքերին նվիրված նոր գլուխներ:

«Պաշտոնական ընդունելություն»-ը ներկայացնում է Եղիսաբեթ 2-րդ թագուհու երկխոսությունները Մեծ Բրիտանիայի բոլոր վարչապետերի հետ՝ վերջին 60 տարվա ընթացքում: Թագուհու զրուցակիցների ցանկը սկսվում է Ուինսթոն Չերչիլով, իսկ ավարտվում է Բրիտանիայի նախարարների խորհրդի կաբինետի այսօրվա ղեկավարով՝ Դևիդ Քեմերոնով:

«Պաշտոնական ընդունելություն» պիեսը, որում թագուհի Եղիսաբեթ 2-րդի դերակատարմամբ հանդես էր գալիս անգլիացի դերասանուհի Հելեն Միրրենը, Լոնդոնում առաջին անգամ ցուցադրվել է 2012 թ.-ին: Ներկայացումն ունեցել է հսկայական հաջողություն և արժանացել է միջազգային ճանաչման: Ընթացիկ թատերաշրջանում այդ ներկայացման մեջ թագուհու կերպարը լոնդոնյան բեմում կմարմնավորի մեկ այլ բրիտանացի աստղ, որի անունը դեռ չի հրապարակվում:

Ռուսաստանում Իննա Չուրիկովայի համար հատուկ գրված «Պաշտոնական ընդունելություն»-ը կբեմադրի նրա ամուսինը՝ ռեժիսոր Գլեբ Պամֆիլովը: Այս ներկայացումը կիրականացվի Մոսկվայի «Լենկոմ» թատրոնի և այս թատրոնի ամերիկացի գործընկերների համատեղ ուժերով: Ենթադրվում է, որ պրեմիերան կկայանա եկող թատերաշրջանի սկզբին:
    Դիտվել է 777 անգամ