Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Երկու ավանգարդային ռեժիսորների բեմադրությունները կենթարկվեն փորձաքննության

03.18.2015


Ռուսաստանի Դմիտրի Լիխաչյովի անվան մշակութային և բնական ժառանգության գիտահետազոտական ինստիտուտը փորձաքննում է ռեժիսորներ Կոնստանտին Բոգոմոլովի և Կիրիլ Սերեբրեննիկովի բեմադրությունները՝ պարզելու համար, թե արդյոք աղավաղվել են այն գրական ստեղծագործությունները, որոնց հիման վրա նրանք իրականացրել են այդ ներկայացումները: Այդ մասին «izvestia.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Խոսքը «Գոգոլ-կենտրոնում» բեմադրված «Մեռյալ հոգիներ» (ռեժ.՝ Կիրիլ Սերեբրեննիկով) և Չեխովի անվան գեղարվեստական (МХТ) և «Լենկոմ» թատրոներում բեմադրված «Կարամազովները» և «Բորիս Գոդունով» (ռեժ.՝ Կոնստանտին Բոգոմոլով) ներկայացումների մասին է:

Այս հարցը պարզաբանելու նախաձեռնությամբ հանդես է եկել Թատրոնի և կինոյի անկախ արհմիությունը: Այս կառույցը Ռուսաստանի Դմիտրի Լիխաչյովի անվան մշակութային և բնական ժառանգության գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի անունով նամակ է գրել, որում անհանգստություն է արտահայտվում ռուսական թատերական աշխարհում ստեղծված իրավիճակի կապակցությամբ, որտեղ «ռեժիսոր-բեմադրիչները իրենց թատերական մեկնաբանություններում համակարգված օգտագործում են ռուս մեծ գրողների ստեղծագործությունները և անունները»:

«Փորձագետները պետք է ուշադրություն դարձնեն գրական հիմքի վրա: Հասկանալով, որ ամեն ինչ կարելի է մեկնաբանել, նրանք պետք է գնահատեն մեկնաբանությունների սահմանները: Փորձագետների խնդիրները պետք է լինեն նաև մեկնաբանի արժեբանական մոդելի համապատասխանությունը աշխարհի հեղինակային պատկերին, գեղարվեստական կերպարների հենարանային համակարգի, ստեղծագործության հիմնական գաղափարների և հեղինակային մտահղացումը բացահայտող կոմպոզիցիոն հանգույցների հնարքների, հեղինակի ու հերոսների արժեքային կենտրոնների հարաբերակցության պահպանության հարցերը»,- ասել է ինստիտուտի մամլո ծառայության քարտուղար Յուլիա Դյակոնովան:

«Այդ թատերական բեմադրությունները չեն համապատասխանում հեղինակային տեքստերին և սկզբնաղբյուրի գեղարվեստական ձևին՝ ոչ ուղղակի և ոչ էլ անուղղակի: Բոլոր այդ գործողությունները խարխլում են Ռուսաստանի գրական պատմամշակութային ժառանգությունը, մոլորեցնում են քաղաքացիներին և վիրավորում են ռուս մեծ գրողների պատիվը և արժանապատվությունը, ովքեր կյանքից հեռացած լինելու պատճառով չեն կարող պաշտպանել իրենց իրավունքները և անունը«,- նշված է արհմիության նամակում:

«Հիմնախնդիրն այն է, որ սեփական երևակայությունը վերագրելով դասականների անուններին, արդյունքում ռեժիսորները շփոթության մեջ են գցում հանդիսատեսին, ով գալիս է դիտելու հենց դասական ստեղծագործություն: Պատկերացնենք, որ այդպիսի ներկայացումը դիտելու է գալիս դպրոցականը, ով չի կարդացել «Մեռյալ հոգիները» և բեմադրությունը դիտելուց հետո նա պետք է համարի, որ Գոգոլը գրել է հենց այդպես»,- նշել է արհմիության նախագահ Դենիս Կիրիսը:

Արհմիությունը մտադիր է նման դեպքերում պարտավորեցնել ռեժիսորներին նշելու ներկայացումների հեղինակային երկակիությունը, այսինքն՝ ոչ թե Ն. Գոգոլ՝ «Մեռյալ հոգիներ», այլ՝ Ն. Գոգոլ-Կ. Սերեբրեննիկով՝ «Մեռյալ հոգիներ»,- նշել է Յուլիա Դյակոնովան:

«Երբ հետազոտությունը կկայանա, փորձագետները հաճելիորեն կզարմանան. իմ «Մեռյալ հոգիներ»-ում տեքստը ամբողջությամբ պահպանված է, բոլոր բառերը պահպանված են, ոչինչ չի աղճատված: Շատ ծիծաղելի է լինելու: Բայց մարդկանց անելիք չունեն, ինչ-որ խավարամիտների մոտ սրացում կա: Հիմա այդպիսի պահպանողական թեքումը մասսայականություն է վայելում»,- այս ամենին իր մեկնաբանությունն է տվել Կիրիլ Սերեբրեննիկովը:

«Ես ապուշների գործողությունները մեկնաբանել չեմ ցանկանում: Չարժե նրանց վրա ժամանակ ծախսել»,- հայտարարել է փորձագիտական քննության մյուս օբյեկտը՝ Կոնստանտին Բոգոմոլովը:

Ավելացնենք, որ փորձագետները, որոնք անձամբ են դիտել այդ ներկայացումները, մեկ ամիս հետո կհրապարակեն իրենց կարծիքները:
    Դիտվել է 921 անգամ